Changes
/* Է․ գլուխ */
Տատս մի խոր հառաչանք հանեց ու զգեստի ծալքերը կոկեց։
― Այսպես, սիրելիս, ― ասաց տատս։ ―Այժմ ամեն բան գիտես․ սկիզբը, մեջն ու վերջը։ Էլ դրա մասին չխոսենք։ Սա է, Տրոտ, իմ պատմությունը, և թող դա մեր մեջ մնա։ ==Ը․ գլուխ== Տան գործեր Ժիր ջանքով աշխատում էի գրքիս վրա, առանց սակայն թերանալու իմ լրագրական պարտականություններից, և երբ որ նա լույս տեսավ, հաջողությունը շատ մեծ եղավ։ Ես շփոթվեցի ականջիս հնչող գովասանքներից, թեև դրանք ինձ հաճելի էին, և ես ինքս երկիս մասին ավելի մեծ կարծիք ունեի, քան որևէ ուրիշ մարդ։ Մարդկային բնությունն ուսումնասիրելով միշտ նկատել եմ, որ ինքն իրեն վստահանալու հիմք ունեցող անհատը երբեք չի պարծենա՝ իր վարկն ուրիշների առջև բարձրացնելու համար։ Այս էր պատճառը, որ ես ինքս, ինձ հարգելով հանդերձ, համեստ էի մնում, քանի շատ էին գովում ինձ, այնքան ավելի էի աշխատում արժանավոր լինել։ Սակայն ես մտադիր չեմ այս գրքի մեջ բոլոր վեպերիս պատմությունը հիշել, թեև սա իր էական մասերով իմ կյանքի ճիշտ պատկերն է։ Թող գրավոր երկերս իրենց մասին իրենք խոսեն, և թող այդ պաշտոնը նրանց մնա։ Այս րոպեիս ես միայն այն պատճառով եմ հարևանցի հիշում, որովհետև նրանք իմ առաջադիմության մի մասն են։ Փոքր֊ինչ հիմք ունենալով այդ միջոցին կարծելու, թե բնությունն ու հանգամանքները հեղինակ են դարձրել ինձ, վստահաբար նվիրվեցի կոչմանս։ Եթե այս վստահությունը չլիներ, հարկավ գրականական զբաղմունքս կթողնեի և ջանքս մի ուրիշ ասպարեզի կնվիրեի։ Համենայն դեպս, կաշխատեի իմանալ, թե բնությունն ու կյանքիս բերմունքը ի՞նչ բանի համար են պատրաստել ինձ և կփութայի միայն դրան, և ոչ թե ուրիշ բանի ծառայել։ Զանազան հանդեսներին ու լրագրերին աշխատակցելը այնքան ձեռնտու էր, որ մի նոր հաջողություն գտնելուցս հետ լավ համարեցի Պառլամենտի տաղտուկ պայքարներից միանգամայն հրաժարվել։ Հետևաբար մի երջանիկ երեկո վերջին անգամ գրի առա Պառլամենտի պարկապզուկների նվագը, որ այնուհետև ոչ մի անգամ չեմ լսել, թեպետ այսօր էլ երկարատև նստաշրջանի միջոցին լրագրեր կարդալիս միևնույն երգն ականջիս մեջ տզզում է՝ առանց մի էական փոփոխության, միայն թե ավելի թմրեցուցիչ եղանակով։ Ամուսնանալս տարի ու կես կլիներ։ Ես ու կինս մի քանի զուր փորձերից հետո տնտեսության հոգսերից, իբրև ավելորդ բաներից, բոլորովին ձեռք էինք վերցրել։ Տունը ինքն իրեն էր կառավարվում, և մենք ունեինք մի մանկլավիկ, որի գլխավոր զբաղմունքն անդադատ խոհարարուհու հետ կռվելն էր։ Այս առմամբ նա մի իսկական Ուիտտինգտըն էր, միայն թե ոչ դրա կատուն ուներ, ոչ էլ մի օր լորդ֊մեյր դառնալու հույս։ Կարելի է ասել, որ նա կաթսաների տարափի տակ էր կյանք վարում։ Նրա ամբողջ կյանքը մի կռիվ էր։ Նա պատրաստ էր ամենից անժամանակ, օրինակի համար, երբ ճաշին մեզ մոտ հյուրեր էին լինում, «օգնեցեք» կանչել և խոհանոցից լեղապատառ ներս ընկնել, իր վրա նետված պղնձե սաներից փախչելով։ Շատ էինք ուզում ազատվել նրանից, բայց նա սաստիկ մեզ կպած էր ու չէր կամենում հեռանալ։ Վերջին աստիճանի լացկան տղա էր, և հենց որ մեր ծանոթությունը կտրելու մասին ակնարկ էր լինում, նա սկսում էր այնպես ճվալ, որ ակամա մեր տանն էինք թողնում նրան։ Ոչ հայր ուներ, ոչ մայր, ոչ էլ մի ուրիշ ազգական, բացի մի քրոջից, որ հենց նրա՝ մեզ մոտ մտնելու օրը Ամերիկա էր փախել։ Եվ այսպես նա մնացել էր մեզ մոտ, իբրև մի ընկեցիկ երեխա։ Այդ չարաճճին իմ դժբախտ վիճակը շատ էր զգում․ աչքերը իր ժակետի թևքերով էր սրբում կամ քիթը մաքրելիս իր փոքրիկ թաշկինակի ամենադրսի անկյունի վրա կռանում, որովհետև սովոր չէր երբեք թաշկինակը լիովին հանել գրպանից, խնայողության ու զգուշության համար։ Այս թշվառ մանկլավիկը, որին չար ժամին վարձել էինք տարեկան վեց ստեռլինգ ու տասը շիլինգ ռոճիկով, ինձ համար անվերջ տագնապների աղբյուր էր դարձել։ Ես դիտում էի նրա աճումը ― աճում էր իսպանական լոբու արագությամբ ― և սոսկալով մտածում այն ժամանակի մասին, երբ ալևոր կամ թե ճաղատ կդառնար։ Ամենևին հույս չունեի երբևէ ազատվելու նրանից, և ապագան գուշակելով մտածում էի, թե ինչ բեռ կլինի մեզ համար, երբ լիովին ծերանա։ Մտքովս անգամ չէր անցել այն աղետալի դիպվածը, որ պիտի ազատեր մեզ այս դժվար դրությունից։ Տղան Դորայի ժամացույցը գողացավ, որ մեր տան մյուս բոլոր իրերի նման ոչ մի որոշ տեղ չուներ։ Ժամացույցի վաճառումից շահած փողը հիմարը վատնեց՝ դիլիժանսի կտրին նստած Լոնդոնից Ըքսրբիջ գնալ֊գալու համար։ Նրան բռնեցին Բաու Ստրիտում, կարծեմ իր տասնհինգերորդ ճամբորդությունը կատարելու միջոցին, և մոտը գտան միայն չորս շիլինգ ու վեց պենս, մի հատ էլ սրինգ, որ հնչեցնել անգամ չգիտեր։ Այդ անակնկալ գյուտն ու դրա հետևանքն այնքան անախորժ չէին լինի ինձ, եթե պատանին զղջման չգար։ Բայց նա սաստիկ զղջում էր, և իրոք տարօրինակ եղանակով ― ոչ թե միանգամից, այլ մաս֊մաս։ Օրինակի համար, այն դեպքից մի օր հետո, երբ ես ստիպված էի նրա դեմ վկայել, նա հարկ համարեց ցուցմունք անել մառանում գտնվող մի կողովի մասին, որ կարծում էին, թե գինով լինքն է, այնինչ մեջը միայն դատարկ շշեր ու խցաններ էին մնացել։ Հավատացինք, թե տղան արդեն իր սիրտը թեթևացրեց և էլ ոչ մի ասելիք չունի խոհարարուհու դեմ, բայց երկու օրից հետո դարձյալ խղճի խայթ զգաց ու հայտնեց, թե խոհարարուհին մի փոքրիկ աղջիկ ունի, որ ամեն առավոտ գալիս տանում է մեր հացը, և թե ինքն էլ, այսինքն՝ տղան, կաշառված է ամեն օր ածուխ տալու կաթնավաճառին։ Դարձյալ մի երկու օրից հետո ոստիկանության սպասավորից իմացա, որ մեր տղայի ցուցմունքով՝ սուկիի ահագին կտորներ են գտնվել խոհանոցի մի ծածուկ տեղում և սավաններ՝ հին լաթերի տոպրակում․ փոքր֊ինչ հետո էլ՝ մեր տղայի ցուցմունքները բոլորովին մի նոր ուղղություն ստացան․ նա խոստովանեց, թե մոտակա պանդոկի աշկերտը ավազակային դիտավորություն ունի մեր գույքերի նկատմամբ, և աշկերտին հենց նույն օրը բռնեցին։ Ես այնքան ամաչում էի այդ բոլոր չարիքների զոհը լինելուց, որ պատրաստ էի որքան ասես, փող վճարել սպասավորիս՝ նրա լեզուն զսպելու համար, և կամ նույնիսկ ոստիկանին կաշառք ուտեցնել, միայն թե թույլ տային, որ նա փախչի արգելանոցից։ Դժվար դրությունս սաստկանում էր և այն պատճառով, որ սպասավորս ինձ հասցրած նեղության մասին ամենևին գաղափար չուներ և ընդհակառակը՝ կարծում էր, թե իր ամեն մի ցուցմունքով ինձ անչափ լավություն է անում, էլ չասենք՝ վրաս երախտագիտության պարտքեր դիզում։ Վերջ ի վերջո, երբ տեսնում էի, որ ոստիկանը գալիս է մի նոր զեկուցում բերելով, ես ինքս տանից փախչում էի և սկսում թափառական կյանք վարել․ այսպես տևեց, մինչև որ սպասավորիս դատը վերջացավ և վճռեցին աքսորել նրան։ Դատավճռից հետո անգամ նա չէր ուզում հանգիստ մնալ, այլ անդադար մեզ նամակներ էր գրում, մեկնելուց առաջ Դորային տեսնելու այնպիսի փափագ հայտնելով, որ Դորան նրա մոտ գնաց, բայց վանդակապատի մյուս կողմն անցնելուն պես ուշաթափ եղավ։ Կարճ ասած, ես հոգեկան հանգիստ չունեի, մինչև որ չտարագրեցին այդ տղային և, ինչպես հետո իմացա, խաշնարած չարին «ծովի այն կողմը», բայց թե հատկապես որտեղ, չգիտեմ։ Այդ բաներն ինձ խորը մտածելու առիթ տվին ու մեր տնտեսական սխալների վրա մի նոր լույս սփռեցին։ Այնպես, որ չնայելով քնքուշ սիրուս դեպի Դորան, մի երեկո ես ստիպվեցի նրան հայտնել իմ մտքերն այդ մասին։ ― Հոգյակ իմ, ― ասացի ես, ― ինձ շատ ծանր է տեսնել, որ մեր անկարգ տնտեսության պատճառով ոչ թե միայն ինքներս ենք վնասվում (այդ բանին արդեն սովոր ենք), այլև ուրիշները։ ― Վաղուց, Դոդի, հանգիստ էիր․ այժմ նորի՞ց ես ուզում կռիվ սարքել, ― ասաց Դորան։ ― Չէ՛, հոգիս, հավատա, չէ, թույլ տուր ասելիքս պարզեմ։ ― Չեմ ուզում իմանալ ասելիքդ։ ― Բայց հարկավոր է, որ իմանաս, սիրելիս։ Վայր դի՛ր Ջիպին։ Դորան շնիկի դունչը քթիս մոտեցրեց ու «բոհ» ասաց։ Ուզում էր ծանր մտքերս փարատել, բայց տեսնելով, որ փորձը զուր անցավ, հրամայեց Ջիպին մեհյանը մտնել, իսկ ինքը ձեռքերը ծալած առջևս նստեց, վրաս ուշադիր նայելով։ ― Բանն այս է, աչքիս լույս, ― ասացի ես, ― որ ցավը մեր մեջն է և արդեն սկսել ենք ուրիշներին էլ վարակել։ Մտադիր էի այսպիսի այլասացիկ ոճերով ասելիքս շարունակել, եթե Դորայի սարսափած դեմքից չիմանայի, որ նա ինձնից պատրաստի մի նոր եղանակ է սպասում մեր ցավի դեմ և կամ թե բժշկության մի նոր դարման։ Ուստի ինքս ինձ պահեցի ու պարզ կերպով ասացի․ ― Սիրելիս, մեր անհոգությունը ո՛չ միայն դրամի կորուստ, նյութական վնաս ու հոգեկան ցավ է պատճառում մեզ, այլև ծանր բարոյական պատասխանատվության ենթարկում, որովհետև մեր սպասավորներին և մեզ հետ որևէ գործ ունեցողներին փչացնում ենք։ Սարսափելով տեսնում եմ, որ հանցավորը միայն մի կողմը չէ․ այդ մարդիկ նրա համար են փչանում, որ մենք ինքներս մեզ ուղղելու անփույթ ենք։ ― Օ՜հ, ինչ ահռելի մեղադրանք, ― գոչեց Դորան ապշելով։ ― Ուրեմն ժամացույցը ե՞ս եմ գողացել։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ։ ― Հոգի ջան, այդպիսի անմիտ, անտեղի բաներ մի ասի, ― նկատեցի ես։ ― Ո՞վ է ժամացույցի մասին գեթ մի թեթև ակնարկ անում։ ― Ով, եթե ոչ դու, ― պատասխանեց Դորան։ ― Ինքդ էլ գիտես, որ արիր։ Մի՞թե չասեցիր, թե ես ինքս ինձ ուղղելու անփույթ եմ և սպասավորի հետ չհամեմատեցի՞ր ինձ։ ― Ո՞ւմ հետ։ ― Մանկլավիկի հետ, ― ասաց Դորան հեկեկալով։ ― Որքան անգութ ես, որ մի աքսորված մանկլավիկի հետ ես համեմատում քեզ սիրող կնոջդ։ Ինչո՞ւ դու մեր պսակից առաջ ինձ չհայտնեցիր, թե ի՞նչ ես մտածում իմ մասին։ Ինչո՞ւ առաջուց չասացիր, ով դու քարասիրտ, թե ես մի աքսորական մանկլավիկից էլ վատթար եմ։ Օ՜հ, այս ինչ սոսկալի կարծիք ես ունեցել իմ մասին։ Աստված իմ, աստված իմ։ ― Բավական է, Դորա ջան, ― ասացի ես, աշխատելով նրա թաշկինակը ետ քաշել, որ դրել էր աչքերին։ ― Ասածներդ ոչ միայն ծիծաղելի, այլև անարդար բաներ են։ Նախ և առաջ՝ այդ բոլորը սուտ է։ ― Ինչպե՜ս թե սուտ, ― գոչեց Դորան հեծելով։ ― Դու միշտ նրան ստախոս էիր անվանում։ Այժմ ի՞նձ էլ ստախոս ես դուրս բերում։ Օ՜հ, ի՞նչ անեմ ես, ի՞նչ անեմ։ ― Առանց հանաքի աղաչում եմ քեզ, հրեշտակ իմ, ― նկատեցի ես, ― խոհեմ եղիր, ասելիքս ականջ դիր։ Սիրելի Դորա, մինչև մենք ինքներս չսովորենք մեր պարտքը սպասավորների նկատմամբ կատարել, նրանք էլ իրենց պարտքը մեր վերաբերմամբ չեն սովորի կատարել։ Արդյոք մենք ինքներս նրանց չե՞նք տալիս վատություն գործելու առիթ, որ չպիտի տայինք։ Նույնիսկ եթե հոժար կամքով այսպես անհոգ լինեինք մեր տնային գործերում (որ սակայն ուղիղ չէ), անգամ եթե սիրեինք անհոգ լինել և այդ բանից ախորժեինք, (որ նմանապես ուղիղ չէ), ― դարձյալ մեզ աններելի կլիներ այս ճանապարհով առաջ գնալ։ Մենք ուղղակի փչացնում ենք մեր մարդկանց։ Մեր պարտքն է լավ մտածել այս մասին, և ես, Դորա, չեմ կարող չմտածել։ Այս խնդիրը հալածում է ինձ, երբեմն սաստիկ տանջում։ Սա էր բոլոր ասելիքս, հոգյակ իմ։ Դե, հերիք է, հանգստացիր։ Բայց Դորան երկար ժամանակ թույլ չէր տալիս, որ թաշկինակը ետ քաշեմ։ Նա դեմքը թաքցնում էր ու լալով ասում, որ եթե ես տանջվում եմ, ուրեմն ինչո՞ւ ամուսնացա։ Ինչո՞ւ հենց մեր պսակի օրը, դեռ եկեղեցի չգնացած, իրեն չասացի թե ես պիտի չարչարվեմ, և պսակվելուց չհրաժարվեցի։ Եթե չեմ կարող կնոջս համբերել, ուրեմն ինչո՞ւ նրա հորաքույրերի մոտ՝ Պուտնի չեմ վերադարձնում, և կամ Ջուլիա Միլսի մոտ՝ Հնդկաստան։ Ջուլիան կուրախանար նրան տեսնելով ու նրան մանկլավիկ չէր անվանի։ Այդպիսի փիս անուններ չէր տա նրան։ Մի խոսքով՝ Դորան այնպես տրտմած էր, ինձ էլ այնպես տրտմեցրեց, որ ավելորդ տեսա ջանքերս շարունակել, նույնիսկ շատ մեղմ եղանակով, ու մտածեցի մի ուրիշ հնար բանեցնել։ Բայց ի՞նչ հնար։ «Զարգացնել կնոջս»։ Ահա մի սովորական, հուսադրական, լավ հնչող խոսք, և ես վճռեցի Դորայի միտքը զարգացնել, կրթել, մշակել։ Անմիջապես ձեռք զարկի գործին։ Հենց որ Դորան սկսում էր երեխայի պես խաղալ, ես շտապում էի, թեև ինքս էլ անչափ կցանկանայի նրա հետ միասին զվարճանալ, ծանր ու զգոն երևալ․․․ և թե՛ նրա քեֆը, թե՛ իմը փչացնում։ Խոսում էի նրա հետ ինձ զբաղեցնող նյութերի մասին, կարդում էի Շեքսպիրի երկերից․․․ և չարաչար հոգնեցնում նրան։ Փորձում էի իբր թե պատահմամբ, հաղորդել նրան մի քանի օգտակար գիտելիք, մի քանի առողջ գաղափար․․․ և սկսելուս պես նա փախչում էր, ասես թե դրանք վառոդալից ճայթյուններ լինեին։ Որքան զգույշ լինեի փոքրիկ կնոջ խելքն ու միտքը զարգացնելու փորձերի մեջ, նա իսկույն նպատակս զգում էր ու սարսափի զոհ դառնում։ Ակներև էր մանավանդ, որ Շեքսպիրը նրա համար մի սոսկալի հրեշ է։ Զարգացումը շատ դանդաղ էր առաջ գնում։ Տրեդլսին էլ առաջ քաշեցի այս գործին աջակցելու, բայց առանց իր գիտության։ Հենց որ գալիս էր մեզ մոտ, ականներս նրա գլխին էի պայթեցնում, որպեսզի Դորայի միտքը ճոխացնեմ։ Այս կերպ Տրեդլսի վրա տեղացած գործնական իմաստության գանձերիս պաշարն անհուն էր և ընտիր․ սակայն Դորայի վրա այդ պաշարը վհատությունից զատ ուրիշ ազդեցություն չէր անում, նա սարսափով սպասում էր, թե հերթն իրեն էլ կհասնի։ Տեսա, որ ես Դորայի համար մի դպրոցական խալիֆա եմ, մի թակարդ, մի ծուղակ եմ, սարդի պես մի բան, որ անդադար դուրս նետվելով իմ բնից, չարչարում է խեղճ զոհին։ Բայց և այնպես միշտ հուսալով, թե մի օր կգա, երբ Դորայի և իմ միջև մի կատարյալ համակրություն կհաստատվի և ուրախություն կունենամ վերջ ի վերջո տեսնելու, թե Դորայիս միտքը զարգացել է, ջանքերս ամբողջ ամիսներ շարունակեցի, համբերությամբ այնպես զինված, ինչպես որ ոզնին կամ թե խոզուկը՝ փշերով։ Սակայն դարձյալ ոչ մի արդյունք չունեցա և ինքս ինձ ասացի, թե Դորայի զարգացումը երևի արդեն լրացած է, վերջացած։ Ավելի երկար մտածելուց հետո այդ ենթադրությունն այնքան ինձ հավանական թվաց, որ զարգացման ծրագիրս բոլորովին դեն ձգեցի․ դա իր տեսական կողմերով ավելի հրապուրիչ էր, քան իրական արդյունքով։ Այնուհետև որոշեցի կնոջս մանկական, զվարթ ու պարզ բնավորությամբ գոհանալ և նրան փոխելու փորձեր չանել։ Ես ինքս արդեն հոգնել էի խորիմաստ փիլիսոփա ձևանալուց, և նազելի կնոջս տանջելուց։ Այս պատճառով մի օր գնացի Դորայի համար մի զույգ սիրուն օղ գնեցի, մի հատ էլ վզնոց Ջիպի համար, և տուն եկա Դորայիս հետ հաշտվելու։ Այդ չնչին ընծաներս ընդունելիս Դորան հիացավ և ինձ սրտանց համբուրեց․ այնուամենայնիվ, մեր միջև դեռ ստվերի նման մի բան կար, որ չէի ուզում որ լինի։ Եթե անհրաժեշտ էր, որ մի այդպիսի ստվեր մնա, թող իմ սրտի մեջ մնար։ Ես կնոջս կողքին բազմոցի վրա նստեցի և իմ ձեռքով հագցրի նրան օղերը․ հետո ասացի, թե մի քանի ժամանակից ի վեր իրար հետ այնքան մտերիմ չէինք, որքան առաջ, և թե ես եմ հանցավորը այդ բանում։ Ես այդ անկեղծ զգում էի, և իրոք էլ այդպես էր։ ― Բանն այս է, Դորա, որ ուզում էի իմաստուն դառնալ, ― ասացի ես։ ― Եվ ինձ էլ իմաստուն դարձնել, ― ասաց Դորան երկչոտ ձայնով։ ― Այդպես չէ՞, Դոդի։ Ես գլխով հաստատելու նշան արի, իբրև պատասխան այդ սիրուն հարցին, ու նրա կիսաբաց շրթունքը համբուրեցի։ ― Դա մեզ համար ավելորդ բան է, ― ասաց Դորան, գլուխը թոթվելով ու օղերը շարժելով։ ― Ինքդ գիտես, թե ես որքան երեխա եմ և, իհարկե, չես մոռացել այն անունը, որ հենց սկզբից խնդրել էի, որ տաս ինձ։ Եթե չես կարող այդ անունով անվանել ինձ, ուրեմն դու ինձ երբեք չես սիրել։ Արդյոք վստա՞հ ես, որ երբեմն չես մտածել, թե գուցե ավելի լավ կլիներ, եթե․․․ ― Եթե ի՞նչ, հոգյակ, ― հարցրի ես, որովհետև նա կանգ առավ։ ― Ոչինչ, ― ասաց Դորան։ ― Ոչի՞նչ, ― կրկնեցի ես։ Նա վզովս փարվեց, ծիծաղեց, սագի ձագուկ անվանեց իրեն և գլուխը ուսիս վրա թաքցրեց, և նրա թավ գանգուրները այնպես առատությամբ փռվեցին, որ հազիվ կարողացա բաժանել նրանց՝ իր սիրուն դեմքին նայելու համար։ ― Իրավ, մտածել եմ, որ ավելի լավ կլիներ, եթե ամենևին չփորձեի մանուկ կնոջս զարգացնել, ― ասացի ես, ինքս իմ վրա ծիծաղելով։ ― Այդ էիր ուզում հարցնել, չէ՞։ Համոզված եմ, որ այդ կլիներ։ ― Ա՞յդ էր փորձերիդ նպատակը, այ չար տղա, ― գոչեց Դորան։ ― Էլ ոչ մի անգամ չեմ փորձի, ― ասացի ես։ ― Ես նրան ճիշտ այդպես եմ սիրում, ինչպես որ կա։ ― Իրա՞վ ես ասում, ― հարցրեց Դորան, ավելի պինդ սեղմվելով ինձ։ ― Ի՞նչ հարկ կա փոխելու այն, ինչ որ այնքան ժամանակ ինձ սիրելի էր, ― ասացի ես։ ― Դու հրաշալի ես, սիրելի Դորա, քո բնական իսկությամբ։ Ցնորական փորձերը թողնենք։ Եկ առաջվա պես ապրենք և այդպես լինենք երջանիկ։ ― Այո, երջանիկ, ― կրկնեց Դորան։ ― Միշտ երջանիկ։ Եվ դու երբեք չե՞ս բարկանա, եթե մեր գործերը երբեմն թարս գնան։ ― Երբե՛կ, երբե՛կ, ― ասացի ես։ ― Եվ երբեք չե՞ս ասի, թե փչացնում ենք ուրիշներին, ― ասաց Դորան փաղաքշելով։ ― Չե՞ս ասի։ Հո ինքդ էլ գիտես, թե ինչ սարսափելի բան է դա։ ― Երբե՛ ք, երբե՛ք, ― կրկնեցի ես։ ― Լավ է ես հիմար լինեմ, քան թե տխուր, չէ՞, Դոդի, ― հարցրեց Դորան։ ― Լավ է լինես ինչ որ ես․ պարզ եղիր, Դորա, քան աշխարհի թագուհին։ ― Աշխարհի։ Ա՜հ, Դոդի, աշխարհ ասածդ մեծ տեղ է։ Դորան գլուխը շարժեց, զվարթ աչքերով երեսիս նայեց, համբուրեց ինձ, քրքջաց ու փախավ Ջիպի վզնողը փորձելու համար։ Այսպես վերջացավ վերջին փորձերս որևէ փոփոխություն առաջ բերելու Դորայի մեջ։ Բոլոր ջանքերս զուր անցան․ անտանելի էր ինձ՝ մեկի հետ միայնակ մտքերս չբաժանել, և ես տանջվում էի, որովհետև չէի կարող հաշտեցնել դրանց Դորայի նախկին ցանկության հետ, այսինքն՝ մի երեխա֊կին համարել նրան։ Ես վճռեցի հանդարտ կերպով և ըստ կարելվույն մենակ ուղղել մեր գործերը․ բայց առաջուց տեսնում էի, որ ինչ էլ անեմ, գրեթե ոչինչ դուրս չի գա, և ես դարձյալ մի դարանակալ սարդի պաշտոն վարած կլինեմ։ Իսկ ի՞նչ եղավ այն ստվերը, որ այլևս իջնելու չէր մեր միջև ու միայն իմ սեփական սրտում պիտի մնար։ Իմ առաջվա տաժանելի զգացումը ամբողջ կյանքս վարակեց։ Նա ավելի արմատացավ սրտիս մեջ, սակայն առաջվա պես անորոշ մնալով, իբրև մի տխուր նվագ, որ հազիվ է լսվում գիշերվա ժամին։ Ես ի սրտե սիրում էի կնոջս, բախտավոր էի, բայց դա այն բախտավորությունը չէր, որ մի ժամանակ երազել էի, ― և ինձ մի բան պակասում էր։ Հավատարիմ մնալով նպատակիս՝ ճշտությամբ պատկերացնել իմ կյանքը, դարձյալ մի անգամ ուզում եմ ինքս ինձ քննել, որ սրտիս մեջ ոչ մի գաղտնիք չմնա։ Ինչ որ ինձ պակասում էր, ես համարում էի ― և միշտ էլ համարել եմ ― մի պատանեկան ցնորք, մի երազ, որ երբեք չպիտի իրագործվի․ և, բնականաբար, նույն ցավն էի զգում, ինչ որ ամեն մարդ զգում է այդպիսի գյուտ անելիս։ Այնուամենայնիվ չէի կարենում չխոստովանել, որ ավելի լավ կլիներ, եթե կինս փոքր֊ինչ ավելի ինձ օգներ և մասնակցեր այն բազմաթիվ մտքերիս, որոնց համար ես ընկեր չունեի․ և որ դա մի կարելի բան էր, ― չէի կասկածում ամենևին։ Ես երկու անհաշտելի եզրակացությունների միջև տատանվում էի, առանց պարզ որոշելու նրանց փոխադարձ հակադրությունը, ― մեկ՝ որ իմ կրածը մի ընդհանուր, անխուսափելի բան է, երկրորդ, որ իմ վիճակը մի մասնավոր բան է, որ կարող էր և ուրիշ լինել։ Պատանեկությանս երազները հիշելով, որոնք օդային պիտի մնային, հիշում էի և այրական տարիներին նախորդող ավելի լավ հասակը, որ ինձ համար կորել էր, ― և այն ժամանակ աչքիս առջև մեռելային ստվերների պես կանգնում էին՝ Ագնեսի տանը նրա հետ միասին վայելած երջանկության օրերս, որոնք գուցե կարող են կրկնվել, մյուս աշխարհում, բայց երկրիս վրա երբեք չպիտի նորոգվեն։ Երբեմն էլ մտքովս անցնում էր, թե ի՞նչ կլիներ, եթե Դորան ու ես բնավ իրար հետ ծանոթացած չլինեինք։ Բայց դա գոյությանս հետ այնքան սերտ կապված էր, որ այդ միտքն ինձ մի ցնորական բան էր թվում և աշնանային տերևի պես թռչում կորչում օդի մեջ։ Ես միշտ սիրում էի Դորային։ Ինչ որ այժմ նկարագրում եմ, որ քնած էր սրտիս ծածուկ հատակում, ― միայն երբեմն էր վայրիվերո արթնանում՝ իսկույն նորից քնելու համար։ Այս մտքերն ու զգացումները շոշափելի պատկերով չէին երևում, և չեմ կարծում, որ խոսքերիս կամ գործերիս վրա որքան էլ լիներ՝ ազդեին։ Բոլոր մանր հոգսերի ու սեփական դիտումների ծանրությունը ես մենակ էի կրում․ Դորան գրիչներս բռնում էր, և երկուսս էլ զգում էինք, որ այն ենք անում, ինչ որ ամեն մեկիս վիճակված է։ Նա սրտանց սիրում էր ինձ և իր ամուսնով պարծենում․ և երբ երբեմն Ագնեսը լրջորեն նրան գրում էր, թե իմ աճող համբավի համար բարեկամներս ուրախանում են և գիրքս կարդալիս իբրև թե իմ ձայնը լսում, Դորան ցնծության արտասուքով այդ տողերն ինձ կրկնում էր և իր սիրելի, իր փառավոր, իր խելոք տղան անվանում ինձ։ «Անփորձ սրտի առաջին սխալ շարժում»։ Մրս․ Ստրոնգի արտասանած այդ խոսքերը շարունակ ականջիս հնչում էին, մտքիցս չէին դուրս գալիս։ Կես գիշերին էլ որ զարթնեի, հիշում էի նրանց․ մի գիշեր երազումս տեսա, որ նրանք մինչև անգամ պատերի վրա գրված են։ Այժմ գիտեի, որ իմ սիրտն էլ անփորձ էր, անհրահանգ, երբ առաջին անգամ Դորային սիրեց։ Գիտեի, որ եթե հրահանգված լիներ, երբեք մեր ամուսնանալուց հետո այն չէր զգա, ինչ որ զգում էր գաղտնի փորձով։ «Թշվառ է այն ամուսնությունը, ուր գաղափարների ու ձգտումների միություն չկա»։ Այս խոսքերն էլ չէի մոռացել։ Փորձեցի Դորայի բնությունը իմին հարմարեցնել․ հաջուղություն չունեցա։ Այժմ կմնար, որ ես ինքս նրա բնությանը հարմարվեմ, նրա հետ միասին կիսեմ, ինչ որ միայն կարելի է, և գոհ լինեմ․ ես ինքս կրեմ ուսերիս վրա, ինչ որ միայն տանելի է, և դարձյալ գոհ մնամ։ Սա էր այն կրթությունը, որի մեջ աշխատում էի սիրտս հանգստացնել այն ժամից ի վեր, երբ սկսել էի մտածել։ Դրա շնորհիվ ամուսնությանս երկրորդ տարին շատ ավելի երջանիկ էր, քան առաջինը, և որ ավելի էական է Դորայի կյանքն արփիական լուսնի նման զվարթ էր։ Սակայն այդ տարվա վերջերը Դորան սկսեց տկարանալ։ Հույս ունեի, թե իմից ավելի քնքուշ ձեռքեր կարող կլինեն նրա բնավորությունը վերակազմել, և թե մանկան ժպիտը մի իսկական կին կդարձնի երեխա֊կնոջս։ Զուր հույս։ Աշխարհ գալու ոգին միայն մի վայրկյան իր փոքրիկ բանտի շեմքի վրա խաղաց և իր գոյությունը չիմանալով՝ դեպի երկինք սլացավ։ ― Հենց որ ինձ կարելի լինի նորից վազվզել, տատի, ― ասաց Դորան, ― Ջիպին կստիպեմ, որ թռչկոտի։ Տեսնում եմ, շատ է ծուլացել։ ― Երանի թե միայն ծուլացած լիներ, հոգյակ իմ, ― ասաց տատս, որ հանգիստ նստած էր կնոջս մոտ, մի ինչ֊որ բան գործելով։ ― Նա ծերացել է, Դորա ջան։ ― Ծերացե՞լ, ― հարցրեց Դորան զարմանքով։ ― Մի՞թե Ջիպը կարող է ծերանալ։ ― Ծերությունը մի այնպիսի ցավ է, որին բոլորս էլ ապրելով ենթարկվում ենք, սիրելիս, ― ասաց տատս զվարթությամբ։ ― Ես էլ զգում եմ, որ այժմ դրանից այնքան ազատ չեմ, ինչքան որ առաջ էի, հավատա։ ― Բայց Ջիպը, ― ասաց Դորան, կարեկցաբար նայելով շնիկին, ― մի՞թե Ջիպն էլ, այս իմ խեղճուկ ընկերն էլ։ ― Դա դեռ անշուշտ երկար կապրի, Ծաղիկ իմ, ― ասաց տատս, Դորայի այտը շփելով, երբ Դորան բազմոցից կռացավ Ջիպին նայելու, որ այդ ուշադրության փոխարեն հետևի թաթերի վրա կանգնեց ու հեևալով փորձեց դեպի տիրուհին բարձրանալ։ ― Այս ձմեռ պետք կլինի ֆլանել փռել դրա տնակում և վստահ եմ, որ գարունը գալուն պես ծաղիկների նման կթարմանա ու կբացվի։ Այ, չարաճճի արարած, ― գոչեց տատս։ ― Կարծեմ, եթե հարյուր կատվի կյանք էլ ունենա և բոլորը միասին կորցնելու լինի՝ չի դադարի իր վերջին շնչով վրաս հաչելուց։ Դորան իսկույն Ջիպին օգնեց բազմոցի վրա բարձրանալ։ Այնտեղից շնիկը շարունակեց տատիս դեմ այնպես կատաղել, որ էլ չէր կարենում ուղիղ կանգնել ու կծկվում էր հաչելիս։ Եվ որքան ավելի էր նայում նրան, այնքան էլ շնիկի զայրույթն աճում էր, որովհետև վերջին ժամանակներս տատս սկսել էր ակնոց հագնել, իսկ Ջիպը անձնական թշնամի էր համարում ակնոցը, ― չգիտեմ թե ի՞նչ անքննելի պատճառով։ Վերջապես Դորան իր կողքին պառկեցրեց նրան և շնիկի ձայնը կտրելուց հետո սկսեց նրա երկար ականջներից մեկը շփել, տխուր կրկնելով․ «Օ՜հ, մի՞թե Ջիպն էլ, այս իմ խեղճուկ ընկերն էլ»։ ― Ջիպի թոքերն առողջ են, ― ասաց տատս զվարթ ձայնով, ― դեռ շատ համարձակ է արտահայտում իր զզվանքը։ Միամիտ կաց, դեռ երկար կապրի։ Բայց եթե դրա հետ վազվզել ես ուզում, դա շատ փափուկ կյանք վարելուց ծուլացել է, չի վազի, ես քեզ մի ուրիշ շնիկ կընծայեմ, հոգյակ իմ։ ― Շնորհակալ եմ, տատի, ― ասաց Դորան թույլ ձայնով։ ― Հարկավոր չէ։ ― Չէ՞, ― հարցրեց տատս, ակնոցը հանելով։ ― Չեմ ուզում մի ուրիշ շնիկ՝ Ջիպից բացի, ― ասաց Դորան։ ― Չեմ ուզում Ջիպին վշտացնել։ Ես չեմ կարող մի ուրիշ շան հետ այնպես լավ մտերիմ լինել, ինչպես որ Ջիպի հետ եմ։ Ոչ մի ուրիշ շուն չի ճանաչել ինձ ամուսնությունիցս առաջ և Դոդիի վրա չի հաչել, երբ Դոդին մեր տուն եկավ առաջին անգամ։ Կարծում եմ, տատիկ, թե ես ոչ մի ուրիշ շուն այնպես չեմ սիրի, ինչպես Ջիպին։ ― Օ՜, հարկավ, ― ասաց տատս ու նորից շոյեց Դորայի թշիկը։ ― Իրավ ես ասում։ ― Եվ դուք ինձնից չե՞ք նեղաում, ― հարցրեց Դորան։ ― Չե՞ք նեղանում, որ մի ուրիշ շնիկ չեմ ուզում։ ― Ա՜հ, որքան զգայուն ես, փոքրիկս, ― կարեկցաբար գոչեց տատս, Դորայի վրա հակվելով։ ― Ինչպե՞ս մտքովդ անցավ, թե կարող եմ քեզնից նեղանալ։ ― Ո՛չ, ո՛չ, այդպիսի բան չեմ մտածել, ― ասաց Դորան, ― միայն թե փոքր֊ինչ թուլացել եմ և կարծես թե հիմարացել․․․ գիտեք, որ միշտ խենթուլիկ եմ․․․ Ջիպի մասին խոսելիս՝ է՛լ ավելի խենթացա։ Ջիպն ինձ ճանաչել է կյանքիս բոոլոր հանգամանքներում, չէ՞, Ջիպ։ Եվ ես չեմ կարող նրան դեն ձգել միայն փոքր֊ինչ փոխվելու համար․․․ այնպես չէ՞, Ջիպ։ Ավելի քսմսվելով տիրուհուն, Ջիպն սկսեց նրա աջը ծույլ֊ծույլ լիզել։ ― Դու հո դեռ այնքան ծույլ չե՞ս, որ ուզենաս թողնել ինձ, ― ասաց Դորան։ ― Մենք դեռ երկար ընկեր կլինենք իրար հետ։ Հոգյա՜կ Դորաս։ Երբ մի շաբաթ անցնելուց հետո մի կիրակի օր նա ներքև իջավ ճաշելու և մեր հին բարեկամ Տրեդլսին տեսնելով ուրախացավ (Տրեդլսն ամեն կիրակի մեզ մոտ էր գալիս), բոլորս էլ կարծեցինք, թե մի քանի օրից հետո առաջվա պես կսկսի սենյակից սենյակ վազվզել։ Բայց մեզ ասացին, թե պետք կլինի դարձյալ սպասել մի քանի օր․ հետո դարձյալ մի քանի օր․ սակայն Դորան ոչ վազվզում էր, ոչ ման գալիս։ Նա շատ զվարթ էր, շատ սիրուն, բայց իր ոտիկները, որոնք առաջ այնպես թեթև ցատկոտում էին Ջիպի շուրջը, այժմ անշարժ ու տկար էին։ Ես սկսեցի ամեն առավոտ ձեռքերիս վրա սանդուղքից ներքև իջեցնել նրան և երեկոները վերև տանել։ Նա փարվում էր վզիս ու ծիծաղում, հենց իմանաս խաղալու համար եմ այդպես անում։ Ջիպը հաչելով ոստոստում էր մեր շուրջը, առաջ ընկնում ու հևալով ետ նայում։ Տատս, որ աշխարհիս ամենալավ, ամենազվարթ հիվանդապահն էր, անթիվ բարձեր ու շալեր էր բերում մեր հետևից։ Մր․ Դիկը ոչ ոքի չէր զիջում մոմը ձեռքին մեր ճանապարհը լուսավորելու պաշտոնը։ Տրեդլսը հաճախ սպասում էր մեզ սանդուղքի ներքևում և Դորայից ուրախ լուրեր ընդունում՝ իր աննման նշանածին հասցնելու։ Մենք մի զվարթ թափոր էինք կազմում, և ամենից զվարթը իմ երեխա֊կինն էր։ Բայց երբեմն, երբ նրան գրկելիս տեսնում էի, որ բեռս թեթևացել է, մի զարհուրելի բան էի զգում․ ասես թե մի սառցային, դեռ չտեսնված աշխարհի էի մոտենում, ուր ամեն կյանք դադարում է։ Դեռ չէի վստահանում այդ զգացման անունը տալ, խորշում էի նրան ճանաչելուց։ Բայց մի գիշեր այդ զգացումը սկսեց սաստիկ ճնշել ինձ, և երբ տատս «Բարի գիշեր, Փոքրիկ Ծաղիկ» գոչելով կնոջս, հեռացավ, ես սեղանիս առջև նստեցի ու լաց եղա։ Օ՜հ, օրհասական ահեղ անուն։ Մի՞թե ինձ վիճակված է Փոքրիկ Ծաղկիս իր ոստի վրա թառամելը տեսնել։