Changes

Դևեր, Մասն առաջին

Ավելացվել է 24 924 բայտ, 10:57, 15 Փետրվարի 2015
Առանձնահատուկ ժամանակներ էին. մի նոր բան էր երևան եկել, ինչ ամենևին նման չէր նախկին անդորրին, չափից ավելի տարօրինակ, բայցև ամենուրեք, անգամ Սկվորեշնիկիում զգացվող ինչ-որ բան։ Զանազան լուրեր էին պտտվում։ Փաստեր ընդհանրապես հայտնի էին ավելի կամ պակաս չափով, բայց ակնհայտ էր, որ փաստերից բացի, երևան եկան դրանց ուղեկցող ինչ-ինչ գաղափարներ, գլխավորը՝ շատ մեծ քանակությամբ։ Եվ հենց դա էլ շփոթեցնում էր. ոչ մի կերպ հնարավոր չէր հարմարվել ու ստուգապես գիտենալ, թե հատկապես ի՞նչ են նշանակում այդ գաղափարները։ Վարվառա Պետրովնան, իր կանացի բնավորության բերումով, անպայման ցանկանում էր դրանց մեջ գաղտնիք ենթադրել։ Նա ձեռնարկեց անձամբ կարդալ թերթերն ու ամսագրերը, արտասահմանյան արգելված հրապարակումները և նույնիսկ այն ժամանակ նոր-նոր ի հայտ եկած թռուցիկները (այդ ամենը նրան հասցնում էին), բայց դրանից միայն գլուխն էր պտտվում։ Անցավ նամակներ գրելուն, նրան քիչ էին պատասխանում՝ գնալով ավելի ու ավելի անհասկանալի։ Ստեպան Տրոֆիմովիչը հանդիսավորապես հրավիրվեց՝ նրան բացատրելու «բոլոր այդ գաղափարները» մեկընդմիշտ, սակայն նրա բացատրություններից Վարվառա Պետրովնան հաստատ դժգոհ մնաց։ Համընդհանուր շարժման մասին Ստեպան Տրոֆիմովիչը խիստ բարձրամիտ հայացք ուներ, ամեն ինչ հանգեցնում էր նրան, որ ինքը մոռացված է և ոչ մեկին պետք չէ։ Վերջապես, նրան էլ հիշեցին, սկզբում արտասահմանյան հրապարակումներում, որպես աքսորված տառապյալի, հետո էլ անմիջապես Պետերբուրգում, որպես նախկին աստղի՝ հայտնի համաստեղության մեջ, նույնիսկ, չգիտես ինչու, համեմատելով Ռադիշչևի հետ։ Հետո ինչ-որ մեկը տպագրեց, թե նա արդեն մահացել է և մահախոսական խոստացավ։ Ստեպան Տրոֆիմովիչն ակնթարթորեն հարություն առավ և խիստ պատկառելի կեցվածք ընդունեց։ Ժամանակակիցների մասին նրա հայացքի համակ բարձրամտությունը մեկեն չքվեց, և նրա ներսում երազանք բռնկվեց, հարել շարժմանը և ցույց տալ իր ուժերը։ Վարվառա Պետրովնան անմիջապես վերստին ու ամեն ինչում հավատաց նրան և խիստ իրարանցման մեջ ընկավ։ Վճռվեց Պետերբուրգ գնալ, առանց նվազագույն իսկ հետաձգման, ամեն ինչ իմանալ իրականում, անձամբ խորամուխ լինել և, եթե հնարավոր է, նոր գործունեության մեջ մտնել գլխովին և անմնացորդ։ Իմիջիայլոց, Վարվառա Պետրովնան հայտարարեց, որ պատրաստ է հիմնել իր ամսագիրը և հետայսու դրան նվիրել իր ամբողջ կյանքը։ Տեսնելով, որ բանը նույնիսկ դրան է հասել, Ստեպան Տրոֆիմովիչն ավելի բարձրամիտ դարձավ, իսկ ճանապարհին սկսեց Վարվառա Պետրովնային վերաբերվել համարյա թե հովանավորաբար, ինչև վերջինս իսկույն պահեց սրտում։ Ի դեպ, մեկ ուրիշ, հույժ կարևոր պատճառ էլ ուներ նա մեկնելու, այն է՝ բարձրագույն կապերը վերականգնելը։ Հարկ էր ըստ հնարավորին հիշեցնել իր մասին հասարակությանը, ծայրահեղ դեպքում՝ փորձել։ Իսկ ուղևորության հրապարակային առիթը տեսակցությունն էր միակ որդու հետ, որն այն ժամանակ գիտելիքների դասընթաց էր անցել լիցեյում։
 
 
=== VI ===
 
Նրանք մեկնեցին և համարյա ամբողջ ձմեռ ապրեցին Պետերբուրգում։ Սակայն մեծ պասի մատույցներին ամեն ինչ պայթեց, օճառի գույնզգույն պղպջակի պես։ Երազանքները ցրիվ եկան, իսկ խառնաշփոթը ոչ միայն չպարզվեց, այլ էլ ավելի նողկալի դարձավ։ Նախ, բարձրագույն կապերը համարյա չհաջողվեցին, գուցե թե ամենաաննշմար և նվաստացուցիչ քաշքշուկներով։ Վիրավորված Վարվառա Պետրովնան փորձեց գլխովին նետվել «նոր գաղափարների» գիրկը և երեկույթներ սկսեց իր տանը։ Նա կանչեց գրողների, և նրանց մեծ քանակություն բերեցին տիկնոջ մոտ։ Հետո արդեն իրենք էին գալիս, առանց հրավերի, մեկը բերում էր մյուսին։ Վարվառա Պետրովնան դեռ երբեք նման գրողների չէր տեսել։ Նրանք սնափառ էին անասելի, բայց միանգամայն բացահայտ, կարծես դրանով պարտականություն էին կատարում։ Ոմանք (թեև ամենևին ոչ բոլորը) ներկայանում էին անգամ հարբած, բայց ասես դրա մեջ մի հատուկ, հենց երեկ հայտնաբերած գեղեցկություն գիտակցելով։ Բոլորն էլ պարծենում էին ինչ-որ բանով՝ տարօրինակության աստիճան։ Բոլորի դեմքերին գրված էր, թե նոր հենց մի արտակարգ կարևոր գաղտնիք են բացահայտել։ Նրանք զազրախոսում էին՝ դա պատիվ համարելով։ Բավական դժվար էր իմանալ, թե հատկապես ինչ են գրել նրանք, բայց այդտեղ կային քննադատներ, վիպասաններ, թատերագիրներ, երգիծաբաններ, մերկացնողներ։ Ստեպան Տրոֆիմովիչը թափանցեց նրանց նույնիսկ ամենավերին շրջանը, այնտեղ, որտեղից ղեկավարում էին շարժումը։ Մինչև կառավարողները անհավանականության չափ բարձր էր, սակայն նրան գրկաբաց ընդունեցին, թեև, իհարկե, և ոչ ոք ոչինչ չգիտեր ու չէր լսել նրա մասին, բացի նրանից, որ նա «գաղափարն է ներկայացնում»։ Այնքան մանևրեց նրանց շուրջ, որ մի երկու անգամ նրանց էլ կանչեց Վարվառա Պետրովնայի սալոն, չնայած նրանց համակ օլիմպիականությանը։ Սրանք շատ էին լուրջ և շատ բարեկիրթ, իրենց լավ էին պահում, մնացյալը, ըստ երևույթին, վախենում էին նրանցից, բայց ակնհայտ էր, որ ժամանակ չունեն։ Հայտնվեցին նաև երկու-երեք նախկին գրական հռչակավորներ, որոնք այն ժամանակ Պետերբուրգում էին և որոնց հետ Վարվառա Պետրովնան վաղուց արդեն ամենանուրբ հարաբերությունների մեջ էր։ Սակայն, ի զարմանս նրա, այդ իսկական ու այլևս անկասկած հռչակավորները սուսուփուս էին, ոմանք էլ պարզապես փարվում էին այդ ամբողջ նոր խաժամուժին և խայտառակ կերպով հաճոյանում նրանց։ Սկզբում Ստեպան Տրոֆիմովիչի բախտը բերեց, նրանից կառչեցին և սկսեցին ներկայացնել գրական հրապարակային հավաքներին։ Երբ նա առաջին անգամ բեմ ելավ գրական հրապարակային մի ընթերցման՝ ի թիվս այլոց, մոլեգին ծափահարություններ թնդացին, որոնք հինգ րոպե չէին դադարում։ Նա արցունքներով էր մտաբերում դա ինը տարի անց, ի դեպ, ավելի շատ իր բնավորության գեղարվեստականության, քան երախտագիտության հետևանքով։ «Իսկ ձեզ երդվում եմ ու գրազ եմ գալիս,― ասում էր նա ինձ (բայց միայն ինձ, գաղտնի),― որ այդ ամբողջ հասարակությունից և ոչ մեկն իմ մասին բացարձակապես ոչինչ չգիտեր»։ Հոյակա՜պ խոստովանություն է. ուրեմն, սուր միտք ուներ, եթե այն ժամանակ դեռ բեմի վրա կարող էր այդչափ հստակ հասկանալ իր վիճակը, չնայած իր համակ զմայլանքին և, ուրեմն, չուներ այդ սուր միտքը, եթե նույնիսկ ինը տարի անց չէր կարող հիշել դա՝ առանց դառնություն զգալու։ Նրան ստիպեցին ստորագրել երկու թե երեք խմբական բողոքագիր (թե ինչի դեմ՝ ինքն էլ չգիտեր), ստորագրեց։ Վարվառա Պետրովնային էլ ստիպեցին ստորագրել ինչ-որ «այլանդակ արարքի» դեմ, նա ևս ստորագրեց։ Ի դեպ, այդ նոր մարդկանց մեծ մասը թեև այցելում էր Վարվառա Պետրովնային, սակայն չգիտես ինչու, պարտք էին համարում նրան նայել արհամարհաբար և անսքող ծաղրանքով։ Ստեպան Տրոֆիմովիչն ինձ ակնարկում էր հետո, դառնության պահերին, որ Վարվառա Պետրովնան այդ ժամանակից էլ նախանձեց իրեն։ Հարկավ, նա հասկանում էր, որ իրեն չի կարելի շփվել այդ մարդկանց հետ, բայց և այնպես ընդունում էր նրանց անհագաբար, կանացի ամբողջ հիստերիկ անհամբերությամբ և գլխավորը՝ շարունակ ինչ-որ բանի էր սպասում։ Երեկույթներին նա քիչ էր խոսում, թեև խոսել կարող էր, բայց ավելի շատ ունկնդրում էր։ Խոսում էին գրաքննության և ъ տառը ոչնչացնելու, ռուսական տառերը լատինականներով փոխարինելու մասին, այսինչ այնինչի երեկվա աքսորման մասին, Պասսաժում տեղի ունեցած ինչ-որ սկանդալի մասին, դաշնակցային ազատ կապերով ըստ ազգությունների Ռուսաստանը մասնատելու օգտակարության մասին, բանակի և նավատորմի ոչնչացման մասին, Լեհաստանը մինչև Դնեպր վերականգնելու մասին, գյուղացիական ռեֆորմի և թռուցիկների մասին, ժառանգության, ընտանիքի, զավակների և հոգևորականության վերացման մասին, կանանց իրավունքների մասին, Կռաևսկու տան մասին, որ ոչ ոք և երբեք չէր կարող ներել պարոն Կռաևսկուն և այլն, և այլն։ Հստակ էր, որ նոր մարդկանց այդ խաժամուժի մեջ շատ էին ստահակները, սակայն անկասկած էր, որ շատ են նաև ազնիվ, բավականին նույնիսկ գրավիչ անձինք, չնայած, այդուհանդերձ, զարմանալի որոշ երանգների։ Ազնիվները շատ ավելի անհասկանալի էին անազնիվներից ու բռիներից, բայցև հայտնի չէր, թե ով է ում ձեռքին։ Երբ Վարվառա Պետրովնան հայտարարեց ամսագիր հրատարակելու իր միտքը, ապա շատ ավելի մարդիկ խռնվեցին նրա շուրջը, բայցև անմիջապես մեղադրանքներ տեղացին երեսին, թե նա կապիտալիստուհի է և շահագործում է աշխատանքը։ Մեղադրանքների անպատկառությունը հավասար էր սոսկ դրանց անսպասելիությանը։ Զառամյալ գեներալ Իվան Իվանովիչ Դրոզդովը՝ հանգուցյալ գեներալ Ստավրոգինի նախկին բարեկամը և պաշտոնակիցը, արժանավորագույն մի մարդ (բայց իր տեսակի մեջ), որին բոլորս այստեղ ճանաչում ենք, ծայրաստիճան կամակոր և դյուրաբորբոք, ահավոր շատակեր և աթեիզմից սարսափելի վախեցող, Վարվառա Պետրովնայի երեկույթներից մեկին վեճի բռնվեց մի նշանավոր պատանու հետ։ Վերջինս՝ առաջին իսկ խոսքով. «Դուք, ուրեմն, գեներալ եք, եթե այդպես եք ասում», այսինքն այն իմաստով ասաց, որ գեներալից ավելի վատ հայհոյանք արդեն գտնել չէր կարող։ Իվան Իվանովիչն անասելի բորբոքվեց. «Այո, պարոն, ես գեներալ եմ, և գեներալ-լեյտենանտ, ու ծառայել եմ իմ թագավորին, իսկ դու, պարոն, երեխա ես ու անաստված»։ Անթույլատրելի սկանդալ տեղի ունեցավ։ Հաջորդ օրը դեպքը մերկացվեց մամուլում, և սկսեցին խմբական ստորագրություններ հավաքել Վարվառա Պետրովնայի «այլանդակ արարմունքի» դեմ, որը չէր կամեցել տեղնուտեղը վռնդել գեներալին։ Պատկերազարդ ամսագրում մի ծաղրանկար երևաց, ուր թունալի արտանկարված էին Վարվառա Պետրովնան, գեներալը և Ստեպան Տրոֆիմովիչը՝ համատեղ, որպես երեք հետադեմ բարեկամներ, ծաղրանկարին կից ոտանավոր էլ կար՝ ժողովրդական բանաստեղծի հորինածը միայն այդ դեպքի համար։ Իմ կողմից նշեմ, որ իրոք, գեներալական աստիճան ունեցող շատ անձինք սովորություն ունեն ծիծաղելի շեշտով ասել. «Ես ծառայել եմ իմ թագավորին․․․», այսինքն, կարծես նրանցը նույն թագավորը չէ, ինչև մերը՝ հասարակ հպատակներինս, այլ առանձնահատուկ է, իրենցը։
 
Շարունակել Պետերբուրգում մնալ, անշուշտ, անհնար դարձավ, առավել ևս, որ Ստեպան Տրոֆիմովիչը վերջնական fiasco կրեց։ Նա չդիմացավ ու սկսեց հայտարարել արվեստի իրավունքների մասին, իսկ նրա վրա ավելի բարձր ծիծաղեցին։ Իր վերջին ընթերցմանը նա մտադրվեց ներազդել քաղաքացիական պերճախոսությամբ՝ երևակայելով սրտեր շարժել, ակնկալելով հարգանք իր «արտաքսման» կապակցությամբ։ Նա անառարկելիորեն համաձայնեց «հայրենիք» բառի անօգտակարությանը և զավեշտականությանը, համաձայնեց նաև կրոնի վնասակարության մտքին, սակայն բարձրաձայն ու կայուն հայտարարեց, որ սապոգներն ավելի ցածր են Պուշկինից, նույնիսկ շատ ավելի։ Նրան անողոքաբար սուլեցին, այնպես որ հենց տեղում, բեմից չիջնելով, նա արտասվեց։ Վարվառա Պետրովնան նրան տուն հասցրեց կիսամեռ վիճակում։ «On m’a traité comme un vieux bonnet de coton!»,― անիմաստ մրմնջում էր նա։ Վարվառա Պետրովնան ամբողջ գիշեր խնամում էր նրան, դափնեկեռասի կաթիլներ տալիս ու մինչև լուսաբաց կրկնում. «Դուք դեռևս օգտակար եք, դուք դեռ ի հայտ կգաք, ձեզ կգնահատեն․․․ մեկ ուրիշ տեղ»։
 
Իսկ հաջորդ օրը, վաղ առավոտյան, Վարվառա Պետրովնայի մոտ եկան հինգ գրող, որոնցից երեքն ամենևին անծանոթ, ում երբեք չէր տեսել նա։ Խիստ տեսքով նրանք հայտնեցին տիկնոջը, որ քննել են նրա ամսագրի մասին գործը և բերել են որոշումը՝ այդ գործով։ Վարվառա Պետրովնան կտրականապես երբեք և ոչ մեկին չէր հանձնարարել որևէ բան քննել ու որոշել իր ամսագրի վերաբերյալ։ Որոշումն այն էր, որ հիմնելով ամսագիրը, նա իսկույն ևեթ իրենց հանձնի դա, կապիտալների հետ միասին, ազատ ընկերակցության իրավունքներով, իսկ ինքը մեկնի Սկվորեշնիկի՝ չմոռանալով հետը տանել Ստեպան Տրոֆիմովիչին, «որը հնացել է»։ Նրբավարությունից ելնելով, նրանք համաձայնել էին ճանաչել նրա սեփականության իրավունքը և ամեն տարի ուղարկել նրան մաքուր եկամուտի մեկ վեցերորդ մասը։ Ամենահուզիչն այն էր, որ այդ հինգ հոգուց չորսը, հավանորեն, դրա մեջ ոչ մի ընչաքաղց նպատակ չուներ, այլ հոգում էին սոսկ հանուն «ընդհանուր գործի»։
 
«Ճանապարհ ընկանք ցնորվածի պես»,― պատմում էր Ստեպան Տրոֆիմովիչը,― ես ոչինչ չէի կարողանում հասկանալ և, հիշում եմ, շարունակ մրմնջում էի վագոնի թխկթխկոցի տակ.
 
<poem>
::::Դար և Դար ու Լև Կամբար,
::::Լև Կամբար և Դար ու Դար․․․
</poem>
 
և սատանան գիտե, թե էլ ինչ, ընդհուպ մինչև Մոսկվա հասնելը։ Միայն Մոսկվայում խելքս գլուխս եկավ, կարծես իրականում որևէ այլ բան կարո՞ղ էի այնտեղ գտնել։ Օ՜, բարեկամներս,― երբեմն բացականչում էր ոգեշնչված պահին,― դուք պատկերացնել չեք կարող, թե ինչ թախիծ և չարություն է պարուրում մեր հոգին, երբ ձեր վաղուց արդեն և սրբությամբ հարգված մեծ գաղափարն ընկնում է անհմուտ ձեռքերի մեջ, որոնք դա քարշ են տալիս իրենց պես տխմարների մոտ՝ փողոց, ու դուք հանկարծ հանդիպում եք արդեն հնոտիքի շուկայում, անճանաչելի, ցեխերի մեջ, դրված անհեթեթ, կողքանց, անհամաչափ, աններդաշնակ, որպես խաղալիք անխելք երեխաների համար։ Ո՜չ։ Մեր ժամանակ այդպես չէր ու մենք դրան չէինք ձգտում։ Ես չեմ ճանաչում ոչինչ... Մեր ժամանակը կգա նորից և նորից կայուն ճանապարհի կուղղի հիմիկվա սասանվող ամեն ինչը։ Այլապես, ի՞նչ է լինելու․․․»։
 
 
=== VII ===
 
Պետերբուրգից վերադառնալուց անմիջապես հետո Վարվառա Պետրովնան իր բարեկամին ուղարկեց արտասահման՝ «հանգստանալու»։ Ու պետք էր նրանց բաժանվել ժամանակավորապես, կինը դա զգում էր։ Ստեպան Տրոֆիմովիչը գնաց ցնծությամբ։ «Այնտեղ ես հարությո՜ւն կառնեմ,― բացականչում էր նա։― Այնտեղ վերջապես ձեռք կզարկեմ գիտությանը»։ Բայց Բեռլինից ուղարկած առաջին իսկ նամակներում իր մշտական երգը ձգեց։ «Սիրտս կոտրված է,― գրում էր նա Վարվառա Պետրովնային,― ոչինչ չեմ կարողանում մոռանալ։ Այստեղ՝ Բեռլինում, ամեն ինչ ինձ հիշեցրեց իմ հինը, անցյալը, առաջին հրճվանքները և առաջին տանջանքները։ Ո՞ւր է նա։ Ո՞ւր են հիմա նրանք՝ երկուսով։ Ո՞ւր եք դուք, երկու հրեշտակներ, որոնց երբեք արժանի չեմ եղել։ Ո՞ւր է իմ որդին, սիրեցյալ որդին իմ։ Ո՞ւր եմ վերջապես ես, ես ինքս, նախկինս, պողպատյա ուժով և ժայռի պես անհողդողդ, երբ հիմա մի որևէ Andrejeff, un ուղղափառ խեղկատակ, peut briser mon existence en deux» և այլն, և այլն։ Ինչ վերաբերում է Ստեպան Տրոֆիմովիչի որդուն, ապա հայրը նրան տեսել էր միայն ընդամենը երկու անգամ կյանքում, առաջին անգամ ծնվելիս, երկրորդ անգամ՝ վերջերս, Պետերբուրգում, ուր երիտասարդը պատրաստվում էր համալսարան ընդունվել։ Ինչպես արդեն ասվել է, իր ամբողջ կյանքում տղան դաստիարակվում էր հորաքույրերի մոտ, Օ․ Նահանգում (Վարվառա Պետրովնայի միջոցներով), Սկվորեշնիկիից յոթը հարյուր վերստ հեռու։ Իսկ Գալով Andrejeff-ին, այն է՝ Անդրեևին, ապա նա այստեղի մեր վաճառականներից էր, խանութպան, մի մեծ խենթ, ինքնուս-հնագետ, ռուսական հնությունների մոլեռանդ հավաքող, որը երբեմն լեգվակռվի էր բռնվում Ստեպան Տրոֆիմովիչի հետ իր գիտելիքներով, գլխավորը՝ ուղղությամբ։ Ալեհեր մորուքով և արծաթյա ակնոցով այդ հարգարժան վաճառականը Ստեպան Տրոֆիմովիչին չորս հարյուր ռուբլի տալիք էր մնացել, նրա փոքրիկ կալվածքից (Սկվորեշնիկիի կողքին) հատելու համար մի քանի դեսյատին անտառ գնելիս։ Թեև Վարվառա Պետրովնան շռայլորեն միջոցներ էր տրամադրել իր բարեկամին, Բեռլին ուղարկելով, սակայն մեկնելուց առաջ Ստեպան Տրոֆիմովիչն այդ չորս հարյուր ռուբլին ստանալու առանձին հույսեր ուներ, հավանաբար իր գաղտնի ծախսերի համար, և քիչ մնաց լաց լիներ, երբ Andrejeff-ը խնդրեց մեկ ամիս սպասել, ի դեպ, նման հետաձգման իրավունքն ունենալով, քանզի առանձին մուծումները բոլորն արել էր նախապես, համարյա կես տարի շուտ, Ստեպան Տրոֆիմովիչի այն ժամանակվա առանձնահատուկ կարիքի պատճառով։ Վարվառա Պետրովնան անհագորեն կարդաց այդ առաջին նամակը, և մատիտով ընդգծելով «Ո՞ւր եք դուք, երկուսդ» բացականչությունը, նշեց ամսաթիվը և պահեց արկղիկում։ Նա, անշուշտ, հիշել էր երկու հանգուցյալ կանանց։ Բեռլինից ստացված երկրորդ նամակում երգը ելևէջվել էր. «Աշխատում եմ օրական տասներկու ժամ («գոնե տասնմեկ»՝ մրթմրթաց Վարվառա Պետրովնան), քրքրում եմ գրադարանները, համեմատում եմ, դուրս գրում, վազվզում։ Եղել եմ պրոֆեսորների մոտ։ Վերականգնել եմ ծանոթությունս Դունդասովների սքանչելի ընտանիքի հետ։ Ի՜նչ հմայիչ է Նադեժդա Նիկոլաևնան նույնիսկ մինչև հիմա։ Ողջույն է հղում քեզ։ Նրա երիտասարդ ամուսինը և բոլոր երեք զարմիկները Բեռլինում են։ Երեկոները երիտասարդների հետ զրուցում ենք մինչև լուսաբաց, և համարյա թե աթենական երեկոներ ունենք, բայց սոսկ նրբավարությամբ և գեղեցկությամբ։ Ամեն ինչ ազնվական, շատ երաժշտություն, իսպանական մոտիվներ, համամարդկային նորացման երազանքներ, հավերժական գեղեցկության գաղափար, Սիքստինյան Տիրամայր, լույս՝ խավարի շերտերով, բայց արևի վրա էլ բծեր կան։ Օ՜ իմ բարեկամ, ազնիվ, հավատարիմ ընկեր։ Ես սրտով ձեզ հետ եմ ու ձերն եմ, միշտ մեկի հետ, en tout pays, և թեկուզ նույնիսկ dans le pays de Makar et de ses veaux, ինչի մասին, հիշում եք, այնքան հաճախ, հուզախռով խոսում էինք Պետերբուրգում, մեկնելուց առաջ։ Վերհիշում եմ ժպտալով։ Անցնելով սահմանը՝ ինձ անվտանգ զգացի, տարօրինակ, նոր զգացում էր, առաջին անգամ այնքան երկար տարիներից հետո...» և այլն, և այլն։
 
«Էհ, դատարկ բան էր այս ամենը,― վճռեց Վարվառա Պետրովնան՝ ծալելով այդ նամակը ևս,― եթե մինչև լուսաբաց՝ աթենական երեկոներ, ուրեմն, հո տասներկու ժամ գրքերի վրա չի նստում։ Հարբա՞ծ է գրել, ինչ է։ Այդ Դունդասովան ինչպե՞ս է համարձակվում ինձ ողջույններ ուղարկել։ Ասենք, թող քեֆ քաշի իր համար․․․»։
 
«Dans le pays de Makar et de seveaux» դարձվածքը նշանակում էր՝ «ուր Մակարն իր հորթերին չի քշում»։ Ստեպան Տրոֆիմովիչը երբեմն դիտավորյալ հիմարագույն եղանակով էր թարգմանում ռուսական առակներն ու արմատական ասացվածքները ֆրանսերենի՝ կարողանալով թե՛ հասկանալ, թե՛ ավելի լավ թարգմանել, սակայն նա անում էր դա առանձնահատուկ մի շուքով և գտնում դա սրամիտ։
 
Բայց շատ չզբոսնեց նա, չորս ամիս չդիմացավ և ետ սլացավ Սկվորեշնիկի։ Նրա վերջին նամակները կազմված էին բացակայող ընկերոջ հանդեպ ամենազգայուն սիրո զեղումներից սոսկ և տառացիորեն թրջված բաժանումի արցունքներով։ Բնավորություններ կան, որոնք չափից ավելի են ընտելանում տանը, ճիշտ ինչպես սենյակային շնիկներ։ Բարեկամների հանդիպումը ցնծագին էր։ Երկու օր անց ամեն ինչ ընթացավ հնի պես և նույնիսկ հնից ավելի ձանձրալի։ «Բարեկամս,― որպես մեծագույն գաղտնիք ասում էր Ստեպան Տրոֆիմովիչն ինձ երկու շաբաթ անց,― բարեկամս, ես ինձ համար բացահայտել եմ մի սարսափելի․․․ նորություն, je suis un սովորական ձրիակյաց, et rien de plus! Mais r-r-rien de plus!»
Վստահելի
1318
edits