Changes

Դևեր, Մասն առաջին

Ավելացվել է 114 565 բայտ, 18:01, 18 Փետրվարի 2015
/* Գլուխ չորրորդ. Կաղլիկը */
== Գլուխ չորրորդ. Կաղլիկը ==
 
=== I ===
 
Շատովը չհակառակվեց, ըստ իմ երկտողի, կեսօրին հայտնվեց Լիզավետա Նիկոլաևնայի մոտ։ Մենք ներս մտանք համարյա միաժամանակ, ես նույնպես եկել էի՝ իմ այցելությունն անելու։ Նրանք բոլորը, այն է՝ Լիզան, մայրը և Մավրիկիյ Նիկոլաևիչը, մեծ սրահում նստած՝ վիճում էին։ Մաման պահանջում էր, որ Լիզան դաշնամուրով ինչ-որ վալս նվագի, իսկ երբ Լիզան սկսեց պահանջվող վալսը, մայրը սկսեց հավատացնել, որ դա այն վալսը չէ։ Մավրիկիյ Նիկոլաևիչը, իր պարզսրտությամբ, պաշտպանեց Լիզային ու հավատացնում էր, որ հենց այդ վալսն է։ Պառավը չարացածությունից արտասվեց։ Նա հիվանդ էր և դժվարությամբ էր քայլում նույնիսկ։ Ոտքերն ուռել էին, և ահա արդեն քանի օր միակ անելիքը կամակորությունն էր և բոլորից կպչելը, թեև Լիզայից միշտ վախենում էր։ Մեր գալստյամբ ուրախացան։ Լիզան շառագունեց բավարարությունից և ինձ ասելով merci, հարկավ, Շատովի համար, մնաց նրա մոտ՝ հետաքրքրությամբ զննելով հյուրին։
 
Շատովն անհարմար կանգ առավ դռան մեջ։ Շնորհակալություն հայտնելով գալու համար, Լիզան մոտեցրեց նրան մամային։
 
― Սա պարոն Շատովն է, ում մասին ձեզ ասել եմ, իսկ ահա և պարոն Գ.-վը՝ իմ և Ստեպան Տրոֆիմովիչի մեծ բարեկամը։ Մավրիկիյ Նիկոլաևիչը երեկ նույնպես ծանոթացել է։
 
― Իսկ ո՞րն է պրոֆեսորը։
 
― Իսկ պրոֆեսոր չկա ամենևին, մամա։
 
― Չէ, կա, ինքդ ես ասել, որ պրոֆեսոր լինելու է, հաստատ, սա է,― նա խորշանքով ցույց տվեց Շատովին։
 
― Ամենևին երբեք ձեզ չեմ ասել, որ պրոֆեսոր է լինելու։ Պարոն Գ.-վը ծառայում է, իսկ պարոն Շատովը նախկին ուսանող է։
 
― Ուսանող, պրոֆեսոր՝ միևնույն է, համալսարանից են։ Քեզ թողնեն, միայն վիճես։ Իսկ շվեյցարականը բեղավոր էր ու մորուքավոր։
 
― Մաման Ստեպան Տրոֆիմովիչի տղային է շարունակ պրոֆեսոր անվանում,― ասաց Լիզան և Շատովին տարավ սրահի մյուս ծայրը, նստեցրեց բազմոցին։
 
― Երբ նրա ոտքերն ուռչում են, միշտ այսպիսին է, հասկանում եք, հիվանդ է,― շշնջաց նա Շատովին՝ շարունակելով զննել նույն արտակարգ հետաքրքրությամբ և հատկապես գլխի մազափունջը։
 
― Դուք զինվորակա՞ն եք,― դիմեց ինձ պառավը, ում հետ ինձ այնքան անողոքոբար մենակ էր թողել Լիզան։
 
― Ոչ, ես ծառայում եմ...
 
― Պարոն Գ.-վը Ստեպան Տրոֆիմովիչի մեծ բարեկամն է,― իսկույն արձագանքեց Լիզան։
 
― Ծառայում եք Ստեպան Տրոֆիմովիչի մո՞տ։ Չէ՞ որ նա էլ է պրոֆեսոր։
 
― Ահ, մամա, հաստատ գիշերը երազում էլ եք պրոֆեսոր տեսնում,― բարկացած բղավեց Լիզան։
 
― Շատ հաճախ և արթմնի։ Իսկ դու մշտապես պիտի հակաճառես մորդ։ Դուք այստե՞ղ եք եղել չորս տարի առաջ, երբ եկել էր Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
Պատասխանեցի, որ եղել եմ։
 
― Իսկ մի անգլիացի էլ եղե՞լ է ձեզ հետ։
 
― Ոչ, չի եղել։
 
Լիզան սկսեց ծիծաղել։
 
― Ա՜, տեսնում ես, բոլորովին էլ չի եղել անգլիացի, նշանակում է՝ ստեր են։ Թե Վարվառա Պետրովնան, թե Ստեպան Տրոֆիմովիչը ստում են երկուսով։ Բոլորն են ստում։
 
― Այդ հորաքույրն ու Ստեպան Տրոֆիմովիչն են նմանություն գտել Նիկոլայ Վսեվոլոդովիչի և արքայազն Հարրիի միջև, Շեքսպիրի «Հենրիխ IV»-ից, և մաման այդ առիթով է ասում, որ չի եղել անգլիացի,― բացատրեց մեզ Լիզան։
 
― Թե որ Հարրի չի եղել, ուրեմն անգլիացի էլ չի եղել։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն է մենակ չարություններ արել։
 
― Հավատացնում եմ, որ մաման դիտմամբ է անում,― հարկ համարեց Շատովին բացատրել Լիզան,― նա շատ լավ գիտե Շեքսպիրի մասին։ Ես ինքս եմ նրան կարդացել «Օթելլոյի» առաջին գործողությունը, բայց հիմա նա շատ է տառապում։ Մամա՛, լսեցի՞ք, տասներկուսը զարկեց, ձեր դեղ խմելու ժամանակն է։
 
― Բժիշկն է եկել,― դռան մեջ երևաց աղախինը։
 
Պառավն ելավ տեղից ու սկսեց կանչել շնիկին. «Զեմիրկա, գոնե դու արի ինձ հետ»։
 
Զեմիրկա անունով գարշելի, ծեր, փոքրիկ շնիկը չլսեց ու մտավ բազմոցի տակ, որին նստած էր Լիզան։
 
― Չե՞ս ուզում։ Ուրեմն, ես էլ քեզ չեմ ուզում։ Մնաք բարով, հարգելիս, ձեր անուն-հայրանունը չգիտեմ,― դիմեց նա ինձ։
 
― Անտոն Լավրենտյևիչ...
 
― Էհ, միևնույն է, մի ականջից մտավ, մյուսից դուրս ելավ։ Ինձ մի ուղեկցեք, Մավրիկիյ Նիկոլաևիչ, միայն Զեմիրկային էի կանչում։ Փառք Աստծո, դեռ ինքս եմ քայլում, իսկ վաղը զբոսնելու եմ գնալու։
 
― Անտոն Լավրենտյևիչ, այս ընթացքում զրուցեք Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ, հավատացնում եմ, երկուսդ էլ կշահեք, եթե մոտիկից ծանոթանաք,― ասաց Լիզան, մտերմաբար ժպտաց Մավրիկիյ Նիկոլաևիչին, որն ամբողջովին փայլատակեց նրա հայացքից։ Ուրիշ գործ չկար՝ մնացի զրուցելու Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ։
 
=== II ===
 
Լիզավետա Նիկոլաևնայի գործը Շատովի հետ, ի զարմանս, իսկապես միմիայն գրական էր։ Չգիտեմ ինչու, շարունակ մտածում էի, որ Լիզան կանչել է նրան մեկ ուրիշ բանի համար։ Մենք, այն է՝ ես և Մավրիկիյ Նիկոլաևիչը, տեսնելով, որ մեզնից չեն քաշվում ու խոսում են շատ բարձրաձայն, սկսեցինք ականջ դնել, հետո մեզ էլ հրավիրեցին խորհրդի։ Ամեն ինչ հանգում էր նրան, որ Լիզավետա Նիկոլաևնան վաղուց արդեն մտադրվել էր, իր կարծիքով, օգտակար մի գիրք հրատարակել, սակայն կատարյալ անփորձության պատճառով աշխատակցի կարիքն ուներ։ Լրջությունը, որով սկսեց նա բացատրել Շատովին իր ծրագիրը, նույնիսկ ինձ զարմացրեց։ «Պետք է որ նորերից լինի,― մտածեցի ես,― զուր չի եղել Շվեյցարիայում»։ Շատովը լսում էր ուշադրությամբ, աչքերը ցած հառած և առանց նվազագույն իսկ զարմանքի, որ աշխարհիկ մտացիր օրիորդը ձեռնարկում է այդպիսի, թվում է, թե իրեն անհամապատասխան գործեր։
 
Գրական ձեռնարկումն այսպիսին էր։ Ռուսաստանում հրատարակվում է մայրաքաղաքային և գավառական թերթերի և այլ ամսագրերի մեծ քանակություն, ու դրանց մեջ ամեն օր հայտնվում է բազմաթիվ դեպքերի մասին։ Տարին անցնում է, թերթերն ամենուրեք դարսվում են պահարանների մեջ կամ դառնում աղբ, պատռտվում են, օգտագործվում փաթեթելու, գլխարկներ սարքելու համար։ Հրապարակված շատ փաստեր տպավորություն են գործում և մնում հասարակության հիշողության մեջ, բայց հետո, տարիների հետ, մոռացվում։ Շատերը կկամենային հետագայում տեղեկանալ, բայց ի՞նչ աշխատանք կլինի թերթերի այդ ծովի մեջ փնտրտելը՝ հաճախ չիմանալով կատարված դեպքի ոչ օրը, ոչ վայրը, ոչ անգամ թվականը։ Այնինչ, եթե ամբողջ տարվա այդ փաստերն ի մի բերվեն մի գրքի մեջ, որոշակի պլանով և որոշակի մտքով, վերնագրերով, նշումներով, բաժանված ըստ ամիսների ու ամսաթվերի, ապա մի ամբողջության բերած նման միակցումը կարող էր ներկայացնել ռուսական կյանքի համակ բնութագրումը՝ մեկ տարվա ընթացքում, չնայած նույնիսկ, որ փաստերի սոսկ նվազ մասն է հրատարակվում, կատարված ամեն ինչի համեմատությամբ։
 
― Անհամար թերթերի փոխարեն լույս կտեսնեն մի քանի հաստ գիրք, ուրիշ ոչինչ,― նշեց Շատովը։
 
Լիզավետա Նիկոլաևնան ջերմեռանդորեն պաշտպանում էր իր հղացումը, չնայած արտահայտվելու դժվարությանն ու անհմտությանը։ Գիրքը պիտի լինի մեկ հատ, նույնիսկ ոչ շատ հաստ՝ հավատացնում էր նա։ Բայց ընդունենք, թեև հաստ, բայց հստակ, որովհետև գլխավորը փաստերի ներկայացման ծրագիրն է և բնույթը։ Իհարկե, ոչ ամեն ինչ հավաքել ու վերատպել։ Հրամանագրեր, կառավարության գործողություններ, տեղական կարգադրություններ, օրենքներ՝ այդ ամենը թեկուզև խիստ կարևոր փաստեր են, բայց ենթադրվող հրատարակման մեջ նմանօրինակ փաստերը կարելի է լիովին դուրս թողնել։ Կարելի է շատ բան դուրս թողնել և սահմանափակվել սոսկ այն դեպքերի ընտրությամբ, որոնք այս կամ այն չափով արտահայտում են ժողովրդի բարոյական անձնական կյանքը, ռուս ժողովրդի անհատականությունը՝ տվյալ պահին։ Հարկավ, ամեն ինչ կարող է տեղ գտնել, անհեթեթություններ, հրդեհներ, նվիրատվություններ, ամեն կարգի բարի ու գեշ գործեր, ամեն կարգի խոսքեր ու ճառեր, թերևս նույնիսկ լուրեր վարարած գետերի մասին, թերևս նույնիսկ կառավարության որոշ հրամանագրեր, սակայն ամեն ինչից ընտրել միայն այն, ինչ նկարագրում է դարաշրջանը։ Ամեն ինչ տեղ կգտնի որոշակի հայեցակետով, նշումով, մտադրությամբ և մտքով, որ լուսաբանում է ամբողջը, համակ միակցությունը։ Եվ ի վերջո, գիրքը պիտի հետաքրքիր լինի անգամ թեթև ընթերցանության համար, արդեն չասած, որ անհրաժեշտ կլինի տեղեկությունների համար։ Դա կլինի մեկ ամբողջ տարվա ռուսական հոգեկան, բարոյական, ներքին կյանքի, այսպես կոչված պատկերը։ «Հարկ է, որ բոլորը գնեն, հարկ է, որ դառնա սեղանի գիրք,― պնդում էր Լիզան,― ես հասկանում եմ, որ ամբողջ խնդիրը ծրագրման մեջ է, այդ պատճառով էլ ձեզ եմ դիմում»,― եզրակացրեց Լիզան։ Նա շատ էր տաքացած, ու թեև բացատրում էր մշուշոտ և թերի, Շատովն սկսեց հասկանալ։
 
― Ուրեմն, կստացվի ուղղություն ունեցող ինչ-որ բան, որոշակի ուղղությամբ փաստերի հավաքածու,― մրմնջաց նա՝ դեռևս չբարձրացնելով գլուխը։
 
― Ամենևին ոչ, պետք չէ ընտրել ուղղությամբ, ոչ մի ուղղություն հարկավոր չէ։ Սոսկ անկողմնակալություն՝ ահա ուղղությունը։
 
― Ուղղվածությունն էլ փորձանք չէ,― տեղում շարժվեց Շատովը,― ու չի կարելի դրանից խուսափել, հենց միայն ի հայտ գա ջոկելու որևիցե նյութ։ Փաստերի ընտրության մեջ էլ կլինի ցուցումը, թե ինչպես դրանք հասկանալ։ Ձեր գաղափարը վատը չէ։
 
― Ուրեմն, նշանակում է, հնարավո՞ր է այդպիսի գիրք,― ուրախացավ Լիզան։
 
― Պետք է նայել ու մտմտալ։ Վիթխարի գործ է։ Միանգամից ոչինչ հորինել չի լինի։ Փորձառություն է պետք։ Եվ երբ գիրքը հրատարակենք, հազիվ թե սովորենք, ինչպես է պետք հրատարակել։ Գուցեև շատ փորձերից հետո, բայց միտքը գծագրվում է։ Օգտակար միտք է։
 
Ի վերջո, նա բարձրացրեց հայացքը, և աչքերը նույնիսկ փայլեցին հաճույքից, այնքան էր հետաքրքրված։
 
― Դա ինքնե՞րդ եք հորինել,― քնքշորեն ու մի տեսակ ամոթխած հարցրեց նա Լիզայից։
 
― Բայց չէ որ հորինելը չէ խնդիրը, պլանն է խնդիրը,― ժպտաց Լիզան,― ես քիչ եմ հասկանում և շատ խելոք չեմ, և հետամուտ եմ սոսկ նրան, ինչ ինձ է հստակ...
 
― Հետամո՞ւտ։
 
― Հավանաբար, բա՞ռն այն չէր,― փութով հարցրեց Լիզան։
 
― Կարելի է և այդ բառը, ես բան չասացի։
 
― Դեռևս արտասահմանում թվաց, որ ինձ նույնպես կարելի է որևէ բանով օգտակար լինել։ Ես իմ փողն ունեմ, որը հենց այնպես դրված է, իսկ ինչո՞ւ չաշխատեմ ընդհանուր գործի համար։ Բացի դրանից, միտքը մի տեսակ ինքնըստինքյան երևան եկավ հանկարծ, ես ամենևին չեմ հորինել դա և շատ ուրախացա դրանով։ Բայց հիմա տեսա, որ առանց աշխատակցի չի կարելի, որովհետև ինքս ոչինչ չեմ կարողանում։ Աշխատակիցը, հարկավ, կդառնա նաև գրքի համահրատարակիչը։ Մենք կկիսենք, ձեր պլանը և աշխատանքը, իմ նախասկզբնական միտքը և միջոցները։ Գիրքն իր ծախսը կհանի, չէ՞։
 
― Եթե ճիշտ պլանը գտանք, գիրքը կվաճառվի։
 
― Ձեզ նախազգուշացնում եմ, որ եկամուտի համար չեմ մտածում, բայց շատ եմ ցանկանում, որ գիրքը սպառվի և հպարտ կլինեմ եկամուտի համար։
 
― Լավ, իսկ ե՞ս ինչ կապ ունեմ։
 
― Բայց չէ որ ինքս եմ ձեզ հրավիրում աշխատակցելու... կիսով։ Դուք պլանը կհորինեք։
 
― Իսկ ի՞նչ գիտեք, որ ես ի վիճակի եմ պլան հորինել։
 
― Ձեր մասին ինձ ասել են, և այստեղ ես լսել եմ... Գիտեմ, որ դուք շատ խելացի եք և... զբաղվում եք գործով և... մտածում եք շատ. ձեր մասին ինձ Պյոտր Ստեպանովիչ Վերխովենսկին է պատմել Շվեյցարիայում,― փութով ավելացրեց նա։― Շատ խելացի մարդ է նա, չէ՞։
 
Շատովն ակնթարթային, շատ թռուցիկ հայացքով նայեց նրան, բայց իսկույն ևեթ ցած հառեց աչքերը։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչը նույնպես շատ է ասել ինձ ձեր մասին...
 
Շատովը հանկարծ կարմրատակեց։
 
― Ի դեպ, ահա թղթերը,― Լիզան շտապով աթոռից վերցրեց նախապատրաստած թերթերի խուրձը,― ես արդեն փորձել եմ ընտրովի նշել փաստերը, ընտրություն անել ու համարներ եմ դրել... դուք կտեսնեք։
 
Շատովը վերցրեց կապուկը։
 
― Տարեք տուն, կնայեք, դուք ապրում եք...
 
― Բոգոյավլենսկայա փողոցում, Ֆիլիպպովի տանը։
 
― Գիտեմ։ Այնտեղ, ասում են, կարծեմ ինչ-որ կապիտա՞ն էլ է ապրում ձեր կողքին, պարոն Լեբյադկի՞նը,― առաջվա պես շարունակ շտապում էր Լիզան։
 
Կապուկը ձեռքին, Շատովը, վերցնելու շարժումով էլ հենց նստեց ու մնաց այդպես, չպատասխանելով, ցած նայելով։
 
― Այս գործերի համար դուք մեկ ուրիշին վերցնեիք, իսկ ես ձեզ բոլորովին պետքական չեմ լինի,― խոսեց նա վերջապես՝ մի տեսակ ահավոր տարօրինակ իջեցնելով ձայնը, համարյա շշունջով։
 
Լիզան պոռթկաց։
 
― Ի՞նչ գործերի մասին եք խոսում։ Մավրիկիյ Նիկոլաևիչ,― բղավեց նա,― խնդրում եմ, բերեք այստեղ երեկվա նամակը։
 
Ես նույնպես մոտեցա սեղանին, Մավրիկիյ Նիկոլաևիչից հետո։
 
― Նայեք սա,― հանկարծ ինձ դիմեց Լիզան, մեծ հուզմունքով բացելով նամակը։― Երբևէ նման որևէ բան տեսե՞լ եք։ Խնդրում եմ, բարձրաձայն կարդացեք։ Ես ուզում եմ, որ պարոն Շատովն էլ լսի։
 
Ոչ պակաս զարմանքով ես բարձրաձայն կարդացի հետևյալ ուղերձը.
 
«''Օրիորդ Տուշինւսյի կատարելությանը.''
 
<poem>
:::::Ողորմած տիրուհի,
:::::Ելիզավետա Նիկոլաևնա.
::::O՜, ինչ քնքույշ է նա՝
::::Ելիզավետան Տուշինան,
::::Ազգականի հետ երբ կանացի թամբին
::::Նստում է ու սուրում,
::::Եվ խոպոպիկներն իր քամու հետ են պարում,
::::Կամ երբ եկեղեցում, մոր հետ ծնկի իջնում,
::::Ու նրանց դեմքերին երանավետ շառագույնն է աճում.
::::Այդժամ ամուսնական, օրինական վայելք եմ անրջում,
::::Ու ետևից նրա ու ետևից իր մոր արցունքներս եմ հղում ու ինձ տանջում։
 
:::::''Կազմեց անուսը՝ վեճի առիթով''։
</poem>
 
Ողորմած տիրուհի,
 
Ամենից ավելի ափսոսում եմ, որ Սևաստոպոլում չզրկվեցի ձեռքիցս՝ փառքի համար, ամենևին էլ չլինելով այնտեղ, այլ ամբողջ արշավանքը ծառայեցի նսեմ մթերքի բաժանման վրա, համարելով ստորություն։ Դուք հին օրերի աստվածուհի եք, իսկ ես՝ ոչինչ, ու կռահել եմ անեզրության մասին։ Նայեք, ինչպես բանաստեղծության, բայց ոչ ավելին, քանզի բանաստեղծությունը, այնուամենայնիվ, ցնդաբանություն է և արդարացնում է այն, ինչ արձակում կհամարվի հանդգնություն։ Կարո՞ղ է արդյոք, արեգակը բարկանալ ինֆուզորիայի վրա, եթե սա ձոն հորինի ջրի կաթիլից, ուր շատ կան ինֆուզորիաներ, եթե մանրադիտակով նայես։ Նույնիսկ Պետերբուրգի բարձրաշխարհիկ հասարակությանը կից մարդասիրության այդ ակումբը հենց խոշոր անասունների նկատմամբ, իրավամբ կարեկցելով շանը կամ ձիուն, արհամարհում է կարճլիկ ինֆուզորիային, չհիշատակելով բոլորովին, որովհետև դա չի աճել։ Չեմ աճել-մեծացել նաև ես։ Ամուսնության մասին միտքը կթվար չափազանց ծիծաղելի, բայց շուտով կունենամ նախկին երկու հարյուր շունչը՝ մարդատյացի միջոցով, ում արհամարհում եք։ Կարող եմ շատ բան հայտնել և կանչվում եմ փաստաթղթերով նույնիսկ Սիբիր։ Մի արհամարհեք առաջարկությունը։ Ինֆուզորիայից նամակը հասկանալ բանաստեղծության մեջ։
 
Կապիտան Լեբյադկին, ամենախոնարհ բարեկամ և ունի ժամանց»։
 
― Սա գրել է մարդը՝ հարբած վիճակում և սրիկան,― բղավեցի զայրացած։― Ես նրան ճանաչում եմ։
 
― Այս նամակը ես ստացել եմ երեկ,― կարմրելով ու շտապելով սկսեց բացատրել Լիզան,― իսկույն ինքս էլ հասկացա, որ տխմարի մեկն է գրել և մինչև հիմա դեռ ցույց չեմ տվել maman-ին, որ ավելի շատ չհուզեմ նրան։ Բայց եթե նա նորից շարունակեց, չգիտեմ ինչպես վարվել։ Մավրիկիյ Նիկոլաևիչն ուզում է գնալ և արգելել նրան։ Քանի որ ես ձեզ դիտում էի որպես աշխատակցի,― դարձավ նա Շատովին,― և քանի որ այնտեղ եք ապրում, ապա ուզում էի հարցուփորձ անել ձեզ, դատելու համար, թե է՞լ ինչ կարելի է նրանից սպասել։
 
― Հարբեցող է և սրիկա,― կարծես չուզենալով, մրթմրթաց Շատովը։
 
― Ի՞նչ, նա մի՞շտ է այսպես հիմար։
 
― Եվ ոչ, նա հիմար չէ ամենևին, երբ հարբած չէ։
 
― Ես մի գեներալի գիտեի, որը ճիշտ և ճիշտ այսպիսի ոտանավորներ էր գրում,― նշեցի ես, ծիծաղելով։
 
― Նույնիսկ այս ամենից էլ երևում է, որ խելքը տեղն է,― անսպասելի միջամտեց լռակյաց Մավրիկիյ Նիկոլաևիչը։
 
― Ասում են, նա ինչ-որ քո՞ւյր ունի,― հարցրեց Լիզան։
 
― Այո, քույրը հետն է։
 
― Ասում են, տանջում-չարչարում է քրոջը, ճի՞շտ է։
 
Շատովը նորից նայեց Լիզային, խոժոռվեց և քթի տակ մրթմրթալով «իմ ի՞նչ գործն է», շարժվեց դեպի դուռը։
 
― Ահ, սպասեք,― տագնապած ձայն տվեց Լիզան,― այդ ո՞ւր եք գնում։ Դեռ այնքան բան կա պայմանավորվելու...
 
― Իսկ ինչի՞ մասին։ Ես վաղն իմաց կտամ...
 
― Ամենագլխավորի, տպարանի մասին։ Հավատացեք դե, որ կատակ չեմ անում, այլ լրջորեն գործ եմ ուզում անել,― հավատացնում էր Լիզան՝ ավելի ու ավելի տագնապած։― Եթե որոշեցինք հրատարակել, ապա որտե՞ղ ենք տպագրելու։ Չէ որ դա ամենակարևոր հարցն է, որովհետև դրա համար Մոսկվա չենք գնա, իսկ այստեղի տպարանում հնարավոր չէ այդպիսի հրատարակություն։ Ես վաղուց եմ վճռել իմ տպարանն ունենալ, ձեր անունով թեկուզ, և գիտեմ, որ մաման էլ թույլ կտա, եթե միայն ձեր անունով լինի...
 
― Իսկ ինչի՞ց գիտեք, որ ես կարող եմ տպագրիչ լինել,― մռայլված հարցրեց Շատովը։
 
― Պյոտր Ստեպանովիչը դեռևս Շվեյցարիայում է հենց ձեզ մատնացույց արել ինձ, որ կարող եք վարել տպարանը և ծանոթ եք գործին։ Նույնիսկ երկտող էր ուզում ձեզ տալ իր կողմից, բայց ես մոռացա։
 
Շատովը, ինչպես վերհիշում եմ հիմա, այլայլվեց։ Նա մի քանի վայրկյան էլ կանգնեց ու հանկարծ ելավ սենյակից։
 
Լիզան բարկացել էր։
 
― Նա մի՞շտ է այսպես դուրս գալիս,― դարձավ նա ինձ։
 
Ես ուսերս պիտի թոթվեի, բայց Շատովը հանկարծ ետ եկավ, մոտեցավ ուղիղ սեղանին և վերցրած թերթերի կապուկը դրեց սեղանին։
 
― Ես աշխատակից չեմ լինի, ժամանակ չունեմ...
 
― Իսկ ինչո՞ւ, իսկ ինչո՞ւ։ Կարծես թե դուք զայրացա՞ք,― դառնացած և աղերսող ձայնով հարցրեց Լիզան։
 
Նրա ձայնի հնչերանգը կարծես ապշեցրեց Շատովին, մի քանի վայրկյան անկապիշ Լիզային էր զննում, կարծես ցանկանալով թափանցել հոգու խորքը։
 
― Միևնույն է,― մրմնջաց նա ցածրաձայն,― ես չեմ ուզում...
 
Եվ գնաց անվերադարձ։ Լիզան կատարելապես ապշած էր, նույնիսկ մի տեսակ չափից ավելի՝ ինչպես ինձ թվաց։
 
― Զարմանալի տարօրինակ մարդ է,― բարձրաձայն նշեց Մավրիկիյ Նիկոլաևիչը։
 
=== III ===
 
Հարկավ, «տարօրինակ», սակայն այդ ամենի մեջ չափից ավելի անհստակ բան կար։ Ինչ-որ բան ենթադրվում էր։ Ես կտրականապես չէի հավատում այդ հրատարակությանը, հետո էլ՝ այդ տխմար նամակը, որի մեջ սակայն չափազանց հստակ առաջարկվում էր ինչ-որ մատնություն՝ «փաստաթղթերով» և որի մասին նրանք բոլորն էլ լռեցին, իսկ խոսեցին միանգամայն ուրիշ բաներից։ Ի վերջո, այդ տպարանը և Շատովի հանկարծակի գնալը հենց այն պատճառով, որ խոսք բացվեց տպարանի մասին։ Այդ ամենն ինձ մի մտքի հանգեցրեց, որ այստեղ դեռևս ինձնից առաջ ինչ-որ բան կատարվել է, ինչ ես չգիտեմ։ Որ, ուրեմն, ես ավելորդ եմ, նաև, որ այդ ամենն իմ գործը չէ։ Եվ գնալու ժամանակն էլ էր, առաջին այցելության համար բավական էր։ Մոտեցա հրաժեշտ տալու Լիզավետա Նիկոլաևնային։
 
Նա կարծես մոռացել էր, որ ես սենյակում եմ, ու կանգնած էր միևնույն տեղում, սեղանի մոտ, շատ մտազբաղ, գլուխը հակած և անշարժ նայելով գորգի վրա ընտրած մի կետի։
 
― Ահ, դուք էլ եք գնում, ցտեսություն,― մրմնջաց նա սովորական-փաղաքուշ տոնով։― Իմ ողջույնը հաղորդեք Ստեպան Տրոֆիմովիչին և համոզեք նրան ինձ մոտ գալ հնարավորին չափ շուտ։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, Անտոն Լավրենտյևիչը գնում է։ Ներեցեք, մաման չի կարող դուրս գալ՝ ձեզ հրաժեշտ տալու...
 
Ես դուրս եկա և նույնիսկ արդեն իջել էի աստիճաններից, երբ ծառան հանկարծ ինձ հասավ առմուտքի մոտ.
 
― Տիրուհին շատ խնդրեցին վերադառնալ...
 
― Տիրուհի՞ն, թե՝ Ելիզավետա Նիկոլաևնան։
 
― Է, նրանք։
 
Լիզային տեսա ոչ այն մեծ սրահում, ուր նստած էինք, այլ կողքի հյուրասենյակում։ Սրահի դուռը, ուր մենակ էր մնացել Սավրիկիյ Նիկոլաևիչը, պինդ կողպված էր։
 
Լիզան ժպտաց ինձ, բայց գունատ էր։ Նա կանգնած էր սենյակի մեջտեղում, նկատելի անվճռականությամբ, նկատելի ներքին պայքարի մեջ, բայց հանկարծ բռնեց ձեռքս և լուռ, արագ մոտեցրեց պատուհանին։
 
― Ես անհապաղ ուզում եմ նրան տեսնել,― շշնջաց նա՝ վրաս հառելով այրվող, ուժեղ, անհամբեր հայացքը՝ հակառակվելու ստվեր իսկ չկար,― ես պետք է նրան տեսնեմ սեփական աչքերով և խնդրում եմ ձեր օգնությունը։
 
Նա կատարյալ մոլեգնության մեջ էր, և՝ հուսալքության։
 
― Ո՞ւմ եք կամենում տեսնել, Լիզավետա Նիկոլաևնա,― հարցրի ես վախեցած։
 
― Այդ Լեբյադկինային, այդ կաղին... ճի՞շտ է, որ նա կաղ է։
 
Ես ցնցված էի։
 
― Ես երբեք չեմ տեսել նրան, բայց լսել եմ, որ կաղ է, երեկ էլ եմ լսել,― մրմնջացի ես հապշտապ պարաստակամությամբ և էլի շշնջաձայն։
 
― Ես պետք է նրան տեսնեմ անպայման։ Կկարողանայի՞ք դասավորել դա հենց այսօր։
 
Անասելի խղճացի նրան։
 
― Դա անհնարին է, բացի դրանից, ամենևին չեմ հասկանում դա ինչպես անել,― սկսեցի համոզել,― ես կգնամ Շատովի մոտ...
 
― Եթե մինչև վաղը չդասավորեք, ինքս կգնամ նրա մոտ, մենակ, որովհետև Մավրիկիյ Նիկոլաևիչը հրաժարվեց։ Միայն ձեզ վրա է իմ հույսը, և ուրիշ ոչ ոք չունեմ։ Շատովի հետ ես անխելք խոսեցի... Ես վստահ եմ, որ դուք կատարելապես ազնիվ, գուցեև ինձ նվիրված մարդ եք, միայն թե դասավորեք։
 
Բուռն ցանկություն առաջացավ իմ մեջ՝ օգնել նրան ամեն ինչում։
 
― Ահա թե ինչ կանեմ,― շատ քիչ մտածեցի ես,― ինքս կգնամ և այսօր հավանաբար, կտեսնեմ նրան։ Ես այնպես կանեմ, որ տեսնեմ, ազնիվ խոսք եմ տալիս, բայց միայն թույլ տվեք վստահել Շատովին։
 
― Ասացեք նրան, որ այդպիսի ցանկություն ունեմ և որ այլևս սպասել չեմ կարող, բայց որ նրան հիմա ես չէի խաբում։ Նա գուցեև հեռացավ, որովհետև շատ ազնիվ է և նրան դուր չեկավ, որ ես կարծես թե խաբում եմ։ Ես չեմ խաբել, ես իսկապես ուզում եմ հրատարակել և տպարան հիմնել...
 
― Նա ազնիվ է, ազնիվ,― հաստատեցի ես կրքով։
 
― Ի դեպ, եթե մինչև վաղը չդասավորվեց, ապա ինքս կգնամ, ինչ ուզում է, թող լինի ու թեկուզ բոլորն իմանան։
 
― Վաղը, ժամը երեքից շուտ չեմ կարող ձեզ մոտ լինել,― նշեցի ես փոքր-ինչ ուշքի գալով։
 
― Ուրեմն, ժամը երեքին։ Ուրեմն, երեկ ճի՞շտ եմ ենթադրել Ստեպան Տրոֆիմովիչի մոտ, որ դուք մի քիչ նվիրված մարդ եք ինձ,― ժպտաց նա, շտապ սեղմելով ձեռքս՝ հրաժեշտ տալով ու շտապելով մենակ թողած Մավրիկիյ Նիկոլաևիչի մոտ։
 
Ես դուրս եկա՝ ճնշված իմ խոստմամբ, ու չէի հասկանում, թե այդ ինչ կատարվեց։ Ես տեսա կնոջը՝ իսկապես հուսալքված, որը չվախեցավ վարկաբեկել իրեն՝ համարյա անծանոթ մարդուն վստահելով։ Նրա կանացի ժպիտը՝ իր համար այդպիսի դժվար պահի և ակնարկումը, որ արդեն նկատել է երեկ իմ զգացումները, ասես խոցեցին սիրտս։ Բայց ես խղճում, խղճում էի՝ և վերջ։ Նրա գաղտնիքներն ինձ համար հանկարծ դարձան մի տեսակ սրբազան, և եթե նույնիսկ սկսեին հիմա ինձ բացահայտել դրանք, ապա թվում է, կխցեի ականջներս ու չէի կամենա ոչինչ լսել այլևս։ Սոսկ ինչ-որ բան էի կանխազգում... Եվ սակայն բոլորովին չէի հասկանում, թե ինչ եղանակով պիտի մի բան դասավորեմ։ Ավելին, այնուամենայնիվ, հիմա էլ չգիտեի, թե հատկապես ի՞նչ է պետք դասավորել, տեսակցություն, բայց ի՞նչ տեսակցություն։ Եվ ինչպե՞ս հանդիպեցնել նրանց։ Ամբողջ հույսս Շատովն էր, թեև կարող էի նախապես գիտենալ, որ ոչ մի խնդրում չի օգնելու։ Բայց, այդուհանդերձ, ինձ գցեցի նրա մոտ։
 
=== IV ===
 
Միայն երեկոյան, արդեն ժամը ութին, տանը գտա նրան։ Ի զարմանս, նրա մոտ հյուրեր կային՝ Մավրիկիյ Նիկոլաևիչը և ինձ կիսածանոթ մի պարոն, ոմն Շիգալյով, Վիրգինսկու կնոջ հարազատ եղբայրը։
 
Այդ Շիգալյովը, պետք է որ, արդեն երկու ամիս հյուրընկալվում էր մեր քաղաքում։ Չգիտեմ, որտեղից էր եկել։ Նրա մասին լսել էի միայն, որ պետերբուրգյան առաջադեմ մի ամսագրում ինչ-որ հոդված է տպագրել։ Վիրգինսկին ինձ նրա հետ ծանոթացրեց պատահաբար, փողոցում։ Կյանքումս չէի տեսել մարդուս դեմքին այդպիսի մռայլություն, խոժոռություն և մթագնածություն։ հայացքն այնպիսին էր, կարծես սպասում էր աշխարհի կործանմանը, այն էլ ոչ թե ինչ-որ մի ժամանակ, ըստ մարգարեությունների, որոնք կարող էին ևչկատարվել, այլ միանգամայն որոշակի, էսպես-էսպես, վաղը չէ մյուս օրն առավոտյան, ճիշտ ժամը տասն անց քսանհինգ։ Իմիջիայլոց, այն ժամանակ մենք համարյա բառ չփոխանակեցինք և միմյանց ձեռք սեղմեցինք լոկ, երկու դավադիրների տեսքով։ Ամենից շատ ինձ զարմացրին անբնական մեծության նրա ականջները, երկարուկ, լայն ու հաստ, մի տեսակ առանձնահատուկ տնկված այս ու այն կողմ։ Շարժումներն անդյուրաթեք էին, դանդաղկոտ։ Եթե Լիպուտինը երազում էլ էր, որ երբևէ Ֆալաստերան կարող է իրականանալ մեր նահանգում, ապա սա հաստատ գիտեր օրն ու ժամը, երբ դա պիտի կատարվեր։ Չարագույժ տպավորություն գործեց նա, իսկ հիմա, հանդիպելով նրան Շատովի մոտ, զարմացա, առավել ևս, որ Շատովն ընդհանրապես հյուրերի հետ գլուխ չուներ։
 
Դեռևս սանդուղքի վրայից լսվում էր, որ նրանք խոսում են շատ բարձր, երեքն էլ միանգամից և որ վիճում են, բայց իմ երևալուն պես բոլորը լռեցին։ Նրանք վիճում էին կանգնած, իսկ հիմա հանկարծ բոլորը նստեցին, այնպես որ ես ևս պիտի նստեի։ Անմիտ լռությունը չխախտվեց լրիվ երեք րոպե։ Շիգալյովը, թեև ճանաչեց ինձ, ձևացրեց, թե չի ճանաչում և հաստատ՝ ոչ թշնամանքից, այլ այնպես։ Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ թեթև գլուխխոնարհումներ փոխանակեցինք, սակայն լուռ և, չգիտես ինչու, միմյանց ձեռք չսեղմեցինք։ Շիգալյովը վերջապես սկսեց ինձ նայել խստորեն ու խոժոռված, ամենապարզունակ վստահությամբ, թե ես հանկարծ վեր կկենամ ու կգնամ։ Ի վերջո, Շատովն ելավ աթոռից, և մյուսները նույնպես հանկարծ վեր թռան։ Նրանք դուրս եկան առանց հրաժեշտ տալու, միայն Շիգալյովն արդեն դռան մեջ ասաց ուղեկցող Շատովին.
 
― Հիշեցեք, որ դուք պարտավոր եք հաշվետվությամբ։
 
― Թքած ձեր հաշվետվությունների վրա, ոչ մի սատանայի էլ ես պարտավոր չեմ,― ուղեկցեց նրան Շատովը և դուռը փակեց կեռիկով։
 
― Կտցարնե՛ր,― ասաց նա՝ ինձ նայելով ու մի տեսակ ծուռ քմծիծաղով։
 
Նրա դեմքը բարկացած էր ու ինձ համար տարօրինակ էր, որ ինքը սկսեց խոսել։ Նախկինում միշտ լինում էր, երբ մտնում էի նրա մոտ (ի դեպ, շատ հազվադեպ), խոժոռված նստում էր մի անկյունում, ջղայնացած պատասխանում և սոսկ երկար ժամանակ անց, միանգամայն աշխուժանում և սկսում էր խոսել հաճույքով։ Փոխարենը, հրաժեշտ տալիս, ամեն անգամ, անպայման խոժոռվում էր նորից և դուրս թողնում, ասես տնից դուրս էր անում անձնական հակառակորդին։
 
― Այդ Մավրիկիյ Նիկոլաևիչի տանը երեկ թեյ եմ խմել,― նշեցի ես,― կարծես թե նա ցնորված լինի աթեիզմով։
 
― Ռուսական աթեիզմը երբեք բառախաղից այն կողմ չի անցել,― փնթփնթաց Շատովը՝ նոր մոմ դնելով նախկին այրուկի տեղը։
 
― Չէ, ինձ թվաց՝ այս մեկը բառախաղ անող չէ։ Կարծեմ թե նա պարզ խոսել իսկ չգիտե, ի՜նչ բառախաղ։
 
― Թղթից սարքած մարդիկ են, ծառայամտությունից են բոլոր այդ մտքերը,― հանգիստ նշեց Շատովը՝ նստելով անկյունում, աթոռին և զույգ ափերը հենելով ծնկներին։
 
― Ատելություն էլ կա այստեղ,― մի րոպեի չափ լռելուց հետո, ասաց նա,― նրանք առաջինն ահավոր դժբախտ կլինեին, եթե Ռուսաստանը հանկարծ մի կերպ վերակառուցվեր, թեկուզև նույնիսկ նրանց եղանակով և մի կերպ հանկարծ դառնար անչափ հարուստ ու երջանիկ։ Այդ ժամանակ ոչ մեկը չէր լինի, որ ատեն, ոչ մեկի վրա թքել չէր լինի, ծաղրելու ոչինչ չէր լինի։ Այստեղ միմիայն կենդանական, անսահման ատելությունն է Ռուսաստանի հանդեպ՝ օրգանիզմի մեջ ներծծված... Եվ աշխարհին անտեսանելի ոչ մի արցունք էլ չկա այստեղ տեսանելի ծիծաղի տակից։ Դեռևս Ռուսիայում չի ասվել ավելի կեղծ խոսք, քան այդ անտեսանելի արցունքներն են,― ճչաց նա՝ համարյա կատաղած։
 
― Է՜, այդ մեկն արդեն Աստված գիտե, թե ինչ ասացիք,― ծիծաղեցի ես։
 
― Իսկ դուք «չափավոր լիբերալ եք»,― քթի տակ ծիծաղեց նաև Շատովը։― Գիտեք,― հանկարծ շարունակեց նա,― գուցեև ես անհեթեթ բան ասի «մտքի ծառայականության» մասին։ Դուք, հաստատ, տեղնուտեղն ինձ կասեք. «Այդ դու ես ծնվել ծառայից, իսկ ես ծառա չէմ»։
 
― Ամենևին չէի ուզում ասել... ի՜նչ եք ասում։
 
― Ներողություն մի խնդրեք, ես ձեզնից չեմ վախենում։ Այն ժամանակ եմ միայն ծառայից ծնվել, իսկ հիմա ինքս եմ ծառա դարձել, այնպիսին, ինչպիսին դուք եք։ Ռուսական լիբերալն ամենից առաջ ծառա է և շուրջն է նայում, թե ում սապոգները մաքրի։
 
― Ի՞նչ սապոգ։ Դա ի՞նչ այլաբանություն էր։
 
― Ի՜նչ այլաբանություն, ի՜նչ բան։ Տեսնում եմ, դուք ծիծաղում եք... Ստեպան Տրոֆիմովիչը ճիշտ ասաց, որ ես քարի տակ եմ պառկած, ճզմված եմ, բայց ոչ ջնջխված, և միայն ջղաձգվում եմ, նա լավ համեմատություն արեց։
 
― Ստեպան Տրոֆիմովիչը հավատացնում է, որ դուք խանգարվել եք գերմանացիների վրա,― ծիծաղեցի ես,― մենք գերմանացիներից, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ գրպանել ենք։
 
― Քսանկոպեկանոցը վերցրել, իսկ մեր հարյուր ռուբլին էլ տվել ենք։
 
Մի րոպեի չափ լուռ էինք։
 
― Իսկ դա Ամերիկայում է նա իր համար ձեռք գցել։
 
― Ո՞վ։ Ի՞նչ է ձեռք գցել։
 
― Կիրիլլովի մասին եմ ասում։ Նրա հետ միասին այնտեղ չորս ամիս խրճիթի հատակին պառկել ենք։
 
― Բայց մի՞թե դուք Ամերիկա եք գնացել,― զարմացա ես։
 
― Երբեք չեք ասել։
 
― Ինչ կա պատմելու։ Երեք տարի առաջ, երեք հոգով, ճամփա ընկանք տարագրական շոգենավով Ամերիկյան Նահանգներ, մեր վերջին չնչին փողերով, «որպեսզի մեզ վրա փորձենք ամերիկյան բանվորի կյանքը և այդպիսով անձնական փորձով ստուգենք մեզ վրա մարդու վիճակը նրա ամենածանր հասարակական վիճակում»։ Ահա թե ինչ նպատակով էինք գնացել։
 
― Տեր Աստված,― ծիծաղեցի ես։― Ավելի լավ կլիներ դրա համար մեր գավառները գնայիք հնձի ժամանակ՝ «անձնական փորձով ստուգելու համար», թե չէ՝ քշել Ամերիկա...
 
― Այնտեղ վարձվեցինք մի շահագործողի մոտ։ Վեցը հոգի ռուսներ էինք հավաքվել՝ ուսանողներ, նույնիսկ կալվածատերեր իրենց կալվածքներից, նույնիսկ սպաներ կային, և բոլորը՝ նույն վսեմ նպատակով։ Դե, աշխատում էինք, թրջվում, չարչարվում, հոգնում, ի վերջո, ես ու Կիրիլլովը հեռացանք՝ հիվանդացել էինք, չդիմացանք։ Շահագործող-տերը հաշիվները մաքրելիս մեզ խաբեց, պայմանավորված երեսուն դոլարի փոխարեն ինձ վճարեց ութը, իսկ նրան՝ տասնհինգ, նաև ծեծում էին մեզ հաճախ այնտեղ։ Հենց այդ ժամանակ էլ, առանց աշխատանքի, Կիրիլլովի հետ մի փոքր քաղաքում չորս ամիս պառկած էինք չոր հատակին՝ կողք-կողքի։ Նա մի բանի մասին էր մտածում, ես՝ ուրիշ։
 
― Մի՞թե գործատերը ձեզ ծեծում էր, այն էլ Ամերիկայո՞ւմ։ Ինչպես թե, երևի հայհոյել եք նրան։
 
― Բոլորովին։ Ընդհակառակն, ես ու Կիրիլլովն անմիջապես որոշեցինք, որ «մենք՝ ռուսներս, ամերիկացիների առաջ փոքր երեխաներ ենք և պետք է ծնվել Ամերիկայում, կամ ծայրահեղ դեպքում, երկար տարիներ ապրել ամերիկացիների հետ՝ նրանց հավասարվելու համար»։ Ինչ ասեմ, երբ մեզնից կոպեկանոց ապրանքի դիմաց դոլար էին ուզում, վճարում էինք ոչ միայն հաճույքով, այլև նույնիսկ խանդավառությամբ։ Մենք գովում էինք ամեն ինչ. սպիրիտիզմ, Լինչի օրենք, ատրճանակներ, թափառաշրջիկներին։ Մի անգամ գնացքով գնում էինք, մարդու մեկը մտավ գրպանս, հանեց իմ մազերի խոզանակը և սկսեց սանրվել, ես ու Կիրիլլովը միայն հայացքներ փոխանակեցինք ու գտանք, որ դա լավ է և մեզ շատ դուր է գալիս...
 
― Տարօրինակ է, որ դա մեզանում ոչ միայն գլուխն է մտնում, այլև կատարվում է,― նշեցի ես։
 
― Թղթից սարքված մարդիկ են,― կրկնեց Շատովը։
 
― Բայց և այնպես, կտրել-անցնել օվկիանոսը, տարագրական շոգենավով, անհայտ մի երկիր, թեկուզև «անձնական փորձով ուսումնասիրելու» նպատակով և այլն՝ սրա մեջ, Աստված վկա, կարծես թե ինչ-որ մեծահոգի հաստատակամություն կա... Իսկ ինչպե՞ս դուրս պրծաք այնտեղից։
 
― Ես նամակ գրեցի Եվրոպա, մի մարդու, և նա հարյուր ռուբլի ուղարկեց ինձ։
 
Շատովը, խոսելով, իր սովորության համաձայն, ամբողջ ժամանակ հատակին էր նայում, նույնիսկ, երբ տաքանում էր։ Իսկ այստեղ հանկարծ բարձրացրեց գլուխը.
 
― Իսկ ուզո՞ւմ եք այդ մարդու անունն իմանալ։
 
― Իսկ ո՞վ է։
 
― Նիկոլայ Ստավրոգինը։
 
Նա հանկարծ վեր կացավ, մոտեցավ լորենու փայտից պատրաստված գրասեղանին և սկսեց ինչ-որ բան որոնել։ Մեզանում տարտամ, սակայն հավաստի լուր էր պտտվում, որ նրա կինը որոշ ժամանակ կապի մեջ է եղել Նիկոլայ Ստավրոգինի հետ Փարիզում և հենց երկու տարի առաջ, ուրեմն, երբ Շատովն Ամերիկայում էր՝ ճիշտ է, շատ հետո այն բանից, երբ թողել էր ամուսնուն ժնևում։ «Եթե այդպես է, ապա ի՞նչը դրդեց նրան՝ անունը տալ և թաթախվել»,― մտածեցի ես։
 
― Մինչև հիմա դեռ չեմ վերադարձրել նրան,― հանկարծ նորից դարձավ ինձ և ակնդետ նայելով՝ նստեց նախկին տեղը՝ անկյունում և ընդհատ-ընդհատ հարցրեց միանգամայն ուրիշ ձայնով.
 
― Դուք, իհարկե, ինչ-որ բանի համար եք եկել, ձեզ ի՞նչ է պետք։
 
Ես իսկույն պատմեցի ամեն ինչ, եղելության ստույգ կարգով և ավելացրի, որ թեև հիմա հասցրել եմ ուշքի գալ քիչ առաջվա տենդից, բայց ավելի եմ խճճվել, հասկացել եմ, որ այստեղ մի շատ կարևոր բան կա Լիզավետա Նիկոլաևնայի համար, կկամենայի շատ հաստատ օգնել նրան, բայց ամբողջ ցավն այն է, որ ոչ միայն չգետեմ՝ ինչպես կատարել տված խոստումս, այլ նույնիսկ չեմ հասկանում հիմա, թե հատկապես ինչ եմ խոստացել նրան։ Ապա ազդու հաստատեցի մեկ անգամ էլ, որ նա չէր ուզում և մտքով չէր անցնում խաբել Շատովին, որ թյուրիմացություն եղավ, և որ նա շատ է դառնացած Շատովի անսովոր հեռանալուց։
 
Շատովը շատ ուշադիր լսեց։
 
― Գուցեև, իմ սովորության համաձայն, իրոք, հիմարություն արեցի նոր... Էհ, եթե ինքը չի հասկացել, թե ինչու այդպես հեռացա, ուրեմն... ավելի լավ իր համար։
 
Նա վեր կացավ, մոտեցավ դռանը, կիսով բացեց ու ականջ դրեց սանդուղքի կողմը։
 
― Դուք կցանկանա՞ք այդ կնոջն անձամբ տեսնել։
 
― Հենց դա էլ պետք է, բայց ինչպե՞ս անել,― վեր թռա ուրախացած։
 
― Պարզապես կգնանք, քանի մենակ նստած է։ Եղբայրը եկավ, ուրեմն, կծեծի նրան, թե իմացավ, որ մենք գնացել ենք մոտը։ Ես հաճախ եմ գնում ծածուկ։ Օրերս հասցրի նրան, երբ նորից սկսեց ծեծել քրոջը։
 
― Ի՞նչ եք ասում։
 
― Հենց այդպես, մազերից բռնած՝ պոկեցի նրանից։ Ուզում էր դրա համար ինձ ծեծել, բայց ես վախեցրի, դրանով էլ վերջացավ։ Վախենամ, հարբած գա տուն, կհիշի, շատ ուժեղ ծեծ կտա նրան։
 
Մենք իսկույն իջանք։
 
=== V ===
 
Լեբյադկինների դուռը միայն վրա դրած էր և ոչ թե կողպած, ու մենք ազատ ներս մտանք։ Նրանց ամբողջ բնակարանը բաղկացած էր երկու փոքր աղտոտ սենյակից, ծխահարված պատերով, որոնց վրա տառացիորեն կախկխված էին պատառ-պատառ կեղտոտ պաստառներ։ Այստեղ ժամանակին, մի քանի տարի հասարակ ճաշարան էր եղել, քանի դեռ տերը՝ Ֆիլիպպովը, դա չէր տեղափոխել նոր շենք։ Մյուս, ճաշարան հանդիսացող սենյակները հիմա փակ էին, այս երկուսն էին բաժին հասել Լեբյադկինին։ Կահույքը կազմված էր հասարակ նստարաններից և տախտակե սեղաններից, բացի մեն մի հատիկ՝ հին, անբռնակ բազկաթոռը։ Երկրորդ սենյակի անկյունում չթե վերմակով մահճակալ կար, որը mademoiselle Լեբյադկինայինն էր, իսկ ինքը՝ կապիտանը, ամեն անգամ պառկում էր քնելու հատակին, հաճախ հագն եղածով։ Ամենուր մանր-մունր բաներ էին թափթփված, կեղտոտ էր, թրջված։ Մի խոշոր, հաստ, լրիվ թաց լաթ էր ընկած առաջին սենյակում՝ հատակին, և հենց այդտեղ, ջրի մեջ՝ մաշված մի ոտնաման։ Երևում էր, որ այստեղ ոչ ոք ոչնչով չի զբաղվում՝ վառարաններ չեն վառվում, կերակուր չի պատրաստվում, ինքնաեռ անգամ չունեին, ինչպես ավելի մանրամասն պատմեց Շատովը։ Կապիտանը քրոջ հետ եկել էր՝ կատարելապես չքավոր, և ինչպես ասում էր Լիպուտինը, իրոք, սկզբում տնետուն ընկած՝ մուրում էր, սակայն անսպասելիորեն փող ստանալով, անմիջապես սկսեց խմել ու բոլորովին ցնդեց խմիչքից, այնպես որ արդեն տնտեսության հետ գլուխ չուներ։
 
Mademoiselle Լեբյադկինան, ում այնպես ցանկանում էի տեսնել, հանգիստ ու անձայն նստած էր երկրորդ սենյակում, անկյունում, խոհանոցի տախտակյա սեղանի մոտ, նստարանին։ Նա մեզ ձայն չտվեց, երբ դուռն էինք բացում, նույնիսկ տեղից չշարժվեց։ Շատովն ասում էր, թե նրանց դուռը չի էլ փակվում, իսկ մի անգամ գիշերով կրնկի վրա բաց էր մնացել։ Երկաթյա մոմակալին դրված բարալիկ մոմի աղոտ լույսի տակ տեսա գուցեև երեսուն տարեկան, հիվանդագին-նիհար, մուգ ու հնամաշ չթե հագուստով մի կնոջ՝ ոչնչով չծածկված երկար վզով և ցանցառ մուգ մազերով, գնդված ծոծրակին՝ երկամյա մանկան փոքր բռնցքի չափ։ Նա մեզ նայեց բավականին ուրախ, մոմակալից բացի, սեղանին, նրա առաջ գյուղական փոքր հայելի կար, խաղաթղթերի հին կապուկ, ինչ-որ քրքրված երգարան և գերմանական փոքր, սպիտակ բուլկի՝ մեկ թե երկու անգամ կծած։ Նկատելի էր, որ mademoiselle Լեբյադկինան սպիտակ և կարմիր շպար է օգտագործում և շուրթերն էլ ներկում է ինչ-որ բանով։ Սևացնում է նաև առանց այդ էլ երկար, բարակ ու մուգ հոնքերը։ Նեղ և բարձր ճակատը, չնայած շպարին, շատ խորն ակոսված էր երեք երկար կնճիռներով։ Ես արդեն գիտեի, որ նա կաղ է, բայց այս անգամ մեր ներկայությամբ նա վեր չելավ ու չքայլեց։ Երբևէ, վաղ ջահելության օրերին, այդ նիհարիկ դեմքը կարող էր և սիրունիկ լինել, սակայն նրա մեղմ, փաղաքուշ, մոխրագույն աչքերը հիմա նույնպես հոյակապ էին, մի երազուն ու անկեղծ բան էր ցոլցլում նրա խաղաղ, համարյա բերկրալի հայացքում։ Այդ հանդարտ, անդորրաբեր բերկրանքը՝ արտահայտված նրա ժպիտով, զարմացրեց ինձ այն ամենից հետո, ինչ լսել էի եղբոր կազակական մտրակի և բոլոր վայրագությունների մասին։ Տարօրինակ է, որ ծանր և նույնիսկ երկյուղալի խորշանքի փոխարեն, որ սովորաբար զգում ես այդպիսի, Աստծուց պատժված բոլոր էակների ներկայությամբ, ինձ համարյա թե հաճելի դարձավ նրան նայելն առաջին իսկ պահից, և գուցե թե խղճահարություն, ամենևին էլ ոչ խորշանք պատեց ինձ հետո։
 
― Ահա այսպես էլ նստում է, տառացիորեն օրն ի բուն մեն-մենակ ու չի շարժվում, բախտ է բացում կամ հայելուն նայում,― շեմից ինձ ցույց տվեց Շատովը,― եղբայրը նրան չի էլ կերակրում։ Կողաշենքի պառավը մեկ-մեկ ինչ-որ բան է բերում, ի սեր Քրիստոսի, այ, այսպես, մոմի հետ մենակ են թողնում նրան։
 
Ի զարմանս, Շատովը բարձրաձայն էր խոսում, ասես սենյակում չէր նա։
 
― Բարև, Շատուշկա,― սիրալիր ասաց mademoiselle Լեբյադկինան։
 
― Մարյա Տիմոֆեևնա, քեզ հյուր եմ բերել,― ասաց Շատովը։
 
― Է, պատիվ հարգանք հյուրին։ Չգիտեմ, ում ես բերել, կարծես թե չեմ հիշում,― ակնդետ ինձ նայեց մոմի ետևից ու իսկույն Շատովին դարձավ նորից (իսկ ինձնով այլևս բոլորովին չզբաղվեց ամբողջ խոսակցության ընթացքում, կարծես իր կողքին չլինեի)։
 
― Չլինի՞ ձանձրացել ես էս աշխարհում մենակ ման գալուց,― ծիծաղեց նա՝ ի հայտ բերելով սքանչելի ատամների երկու շարքը։
 
― Ձանձրացել էլ եմ, քեզ մոտ գալ էլ ուզեցի։
 
Շատովը սեղանին մոտեցրեց նստարանը, նստեց, ինձ էլ կողքին նստեցրեց։
 
― Միշտ ուրախ եմ խոսք ու զրույցի համար, բայց դե, ծիծաղս էլ գալիս է, Շատուշկա, ոնց որ տերտեր լինես։ Վերջին անգամ ե՞րբ ես սանրվել։ Արի, մազերդ սանրեմ,― գրպանից սանր հանեց,― վայ թե իմ վերջին սանրածից հետո ձե՞ռք էլ չես տվել։
 
― Ախր, ես սանր էլ չունեմ,― ծիծաղեց Շատովը։
 
― Ճի՞շտ։ Ուրեմն, իմը քեզ կնվիրեմ, սա չէ, ուրիշը, մենակ թե հիշեցրու։
 
Ամենալուրջ տեսքով նա սկսեց սանրել Շատովի մազերը, նույնիսկ կողքից վարսաբաժան արեց, մի քիչ ետ ընկավ, նայեց՝ լա՞վ է արդյոք, ու սանրը նորից գրպանը դրեց։
 
― Գիտես ինչ, Շատուշկա,― օրորեց նա գլուխը,― ինչ ասեմ, խելքը գլխին մարդ ես, բայց սրտնեղվում ես։ Ինձ համար տարօրինակ է ձեզ բոլորիդ նայելը, չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ սրտնեղվում։ Թախիծը սրտնեղություն չէ։ Ես ուրախ եմ։
 
― Եղբորդ հե՞տ էլ է ուրախ։
 
― Լեբյադկինի մասի՞ն ես ասում։ Նա իմ ծառան է։ Ու ինձ համար լրիվ մեկ է՝ էստեղ է նա, թե չէ։ Ես ձեն կտամ. «Լեբյադկին, ջուր բեր, Լեբյադկին, կոշիկներս տուր», նա էլ կվազի բերելու։ Մեկ-մեկ մեղք եմ անում հոգուս՝ դառնում է ծիծաղելի։
 
― Ու դա ճիշտ և ճիշտ այդպես է,― դարձյալ բարձրաձայն ու անսքող ինձ դիմեց Շատովը,― նա եղբորը բանի տեղ չի դնում, ծառայի պես։ Ինքս եմ լսել, ինչպես է բղավել՝ «Լեբյադկին, ջուր բեր», իմիջիայլոց, քրքջալով։ Այն տարբերությամբ, որ Լեբյադկինը չի վազում՝ ջուրը բերելու, այլ ծեծում է դրա համար։ Բայց նա ամենևին չի վախենում եղբորից։ Ինչ-որ նյարդային նոպաներ ունի, համարյա թե ամեն օր, որոնք ազդում են հիշողության վրա այնպես, որ դրանցից հետո ամեն բան մոռանում է, ինչ եղել է հիմա ու միշտ խառնում ժամանակը։ Կարծում եք, նա հիշում է, թե ինչպես ներս մտանք, գուցեև հիշում է, բայց արդեն հաստատ ինքն իր համար ամեն ինչ փոխել է ու հիմա մեզ ինչ-որ ուրիշ մարդկանց տեղ է դնում, թեև հիշում է, որ ես Շատուշկան եմ։ Ոչինչ, որ բարձր եմ խոսում, նրանց, ովքեր իր հետ չեն խոսում, նա իսկույն դադարում է լսել և իսկույն նետվում՝ ինքն իրեն անրջելու։ Հենց այդպես՝ նետվում է։ Արտակարգ անրջող է. ութը ժամով, ամբողջ օրով կնստի տեղում։ Ահա, բուլկի է դրված, գուցեև առավոտից մի անգամ է կծել, կուտի-կվերջացնի վաղը։ Ահա, հիմա էլ սկսեց բախտ բացել...
 
― Բացում եմ, Շատուշկա, բացում, ու բան չի ստացվում,― հանկարծ միացավ Մարյա Տիմոֆեևնան՝ լսելով վերջին բառերը (հավանաբար, նույնպես լսելով դրա մասին)։ Ի վերջո, վերցրեց բուլկին, բայց որոշ ժամանակ ձախ ձեռքում պահելով ու նորից տարվելով խոսքով՝ առանց նայելու նորից դրեց սեղանին՝ ոչ մի անգամ չկծելով։
 
― Միշտ նույն բանն է դուրս գալիս, ճանապարհ, չար մարդ, ինչ-որ մեկի նենգություն, մահվան մահիճ, նամակ ինչ-որ տեղից, անսպասելի լուր՝ սուտ բաներ են սրանք, Շատուշկա, ի՞նչ ես կարծում։ Թե որ մարդիկ սուտ ասեն, թղթե՞րն ինչի պիտի չասեն,― հանկարծ խառնեց խաղաթղթերը։― Մի անգամ էս նույն բանը մայր Պրասկովյային ասացի, պատվով-փառքով կին էր, միշտ գալիս էր իմ խուցը՝ բախտ բացելու, մայրապետից ծածուկ։ Ու մենակ նա չէր գալիս։ Ախուվախ էին անում, գլուխներն օրորում, առնում-տալիս, իսկ ես ծիծաղում էի՝ «Ախր, ի՞նչ նամակ պիտի ստանաք, մայր Պրասկովյա, թե որ տասներկու տարի չեք ստանում»։ Աղջկանն ամուսինը տարել էր Թուրքիա, ինչ-որ տեղ, ու տասներկու տարի՝ ոչ ձեն, ոչ ծպտուն։ Բայց դե, հաջորդ օրը, երեկոյան, նստած էի թեյելու մայրապետի մոտ (իշխանական տոհմից էր նա), մոտը մի ուրիշ տիկին էլ կար նստած, եկվոր էր, չտեսնված երազող ու մի օտարական-ճգնավոր կար, աֆոնցի, բավական ծիծաղելի մարդ էր, իմ կարծիքով։ Ու ինչ ես կարծում, Շատուշկա, էդ ճգնավորն էլ հենց նույն առավոտ մայր Պրասկովյային նամակ էր բերել աղջկանից, Թուրքիայից՝ էս էլ քեզ ագուռի տղան ― անսպասելի լուրը։ Թեյ էինք խմում, ու էդ աֆոնցի ճգնավորն ասում էր մայրապետին. «Օրհնյալ մայրապետ, տեր Աստված ամենից շատ օրհնել է ձեր կուսանոցը նրանով, որ այդպիսի թանկարժեք գանձ եք պահում, ասեց, նրա պատերից ներս»։ «Այդ ի՞նչ գանձ է»,― հարցրեց մայրապետը։ «Մայր Լիզավետան, երանելին»։ Իսկ այդ խև Լիզավետան մեր պարսպի պատի մեջ էր ապրում, մի սաժեն երկարությամբ, երկու արշին բարձրությամբ վանդակի մեջ, երկաթյա ցանկապատից այն կողմ, նստած էր տասնյոթ տարի, ձմեռ թե ամառ կանեփի կտավից մեկտակ շապկով շարունակ կամ ծղոտով կամ ճյուղի մի կտորով ասես շապկի կտավն է փորփրում, ու ոչինչ չի ասում, չի սանրվում, չի լողանում տասնյոթը տարի։ Ձմռանը մի փոքր քուրք էին խցկում ներս, ամեն օր էլ՝ մի կտոր հաց, մի աման ջուր։ Ուխտավորները նայում էին, ախուվախ անում, փող էին դնում։ «Լավ էլ գանձ եք գտել,― պատասխանեց մայրապետը բարկացած (անչափ չէր սիրում Լիզավետային),― Լիզավետան մենակ իր չարությունից է նստել, մենակ իր համառությունից, ու ամեն ինչ հորինովի է»։ Դա ինձ դուր չեկավ, այն ժամանակ ինքս էլ էի ուզում ճգնել. «Իսկ իմ կարծիքով, ասի, Աստված ու բնությունը նույն բանն են»։ Բոլորը միաբերան՝ ինձ, թե «Այ քեզ բա՜ն»։ Մայրապետը ծիծաղեց, ինչ-որ բաներ փսփսաց տիկնոջ հետ, ինձ մոտ կանչեց, շոյեց գլուխս, իսկ տիկինն ինձ վարդագույն ժապավեն նվիրեց, կուզե՞ս, ցույց տամ։ Իսկ ճգնավորը սկսեց տեղնուտեղը քարոզ կարդալ ինձ, ու այնքան սիրով ու խոնարհ էր խոսում, ու պետք է որ խելոք-խելոք բաներ ասեր, նստած լսում էի։ «Հասկացա՞ր, թե՝ չէ»,― հարց տվեց։ «Չէ, ասի, ոչինչ չհասկացա ու ինձ էլ հանգիստ թողեք, ասի»։ Այդ ժամանակից էլ նրանք ինձ լրիվ մենակ հանգիստ են թողել, Շատուշկա։ Այդ օրերին էր, մեր պառավներից մեկը, մարգարեություն անելու համար մեզ մոտ ապաշխարհում էր, եկեղեցուց դուրս գալիս, ականջիս փսփսաց. «Աստվածամայրն ի՞նչ է, ո՞նց ես կարծում»։ «Ամենամեծ մայրն է, պատասխան տվի, մարդկային ցեղի ապավենը»։ «Ուրեմն, ասեց, Աստվածամայր-ամենամեծ մայրը խոնավ հողն է որ կա, ու դրա մեջ մարդուս համար մեծ ուրախություն կա ամփոփված։ Ու ամեն երկրային տխրություն ու ամեն երկրային արցունք՝ ուրախություն է մեզ, ու հենց արցունքներովդ թրջեցիր կես արշին խորությամբ հողը քո տակ, տեղնուտեղն ամեն ինչով կուրախանաս։ Ու ոչ մի, ոչ մի ցավ էլ չես ունենա, ասեց, սա է մարգարեությունը, ասեց»։ Այն ժամանակ սիրտս մտան այդ խոսքերը։ Սկսեցի դրանից հետո աղոթելիս, գետնահաս խոնարհում անելիս ամեն անգամ հողը համբուրել, համբուրել ու լաց լինել։ Ու ահա թե քեզ ինչ կասեմ, Շատուշկա, այդ արցունքների մեջ ոչ մի վատ բան չկա, ու թեկուզ ոչ մի ցավ էլ չունենաս, մեկ է, արցունքներդ մենակ ուրախությունից կթափվեն։ Արցունքն ինքն է թափվում՝ դա ճիշտ է։ Մեկ-մեկ կգնայի լճի ափը. մի կողմից մեր մենաստանն է, մյուսից՝ մեր Սուր սարը, անունը հենց Սուր սար է։ Կբարձրանայի սարը, երեսս կդարձնեի արևելք, կընկնեի հողին, կլայի, կլայի՜, ու չէի հիշի այն ժամանակ ու չէի իմանա այն ժամանակ ոչինչ։ Հետո վեր կկենայի, ետ կշրջվեի, իսկ արևը մայր կմտներ, էնքան մեծ, էնքան շքեղ, էնքան փառավոր, սիրո՞ւմ ես արևին նայել, Շատուշկա։ Լավ է, բայց տխուր։ Նորից կդառնայի արևելք, իսկ սարի ստվերը լճի վրայով նետի պես հեռուները կվազեր, նեղ, երկար-երկար ու մի վերստ էլ դենը, մինչև լճի վրայի կղզին, ու էդ քարե կղզին ճիշտ կարծես կես կկտրեր ստվերը, ու հենց կիսեր, արևը մայր կմտներ, ու ամեն ինչ հանկարծ կհանգչեր։ Էդտեղ էլ կսկսեի լրիվ տխրել, հանկարծ հուշեր կգային, մթնից վախենում եմ, Շատուշկա։ Ու ամենից շատ բալիկիս համար կլացեի...
 
― Իսկ մի՞թե եղել է,― արմունկով ինձ հրեց Շատովը, որն ամբողջ ժամանակ ջանադիր լսում էր։
 
― Հապա ի՜նչ, պստլիկ, վարդագույն, էսքան փոքր-փոքր եղունգներով, ու ամբողջ տխրությունս էլ էն է, որ չեմ հիշում, տղա էր, թե՝ աղջիկ։ Մեկ տղա է միտս գալիս, մեկ՝ աղջիկ։ Ու հենց որ ծնեցի նրան, բատիստ ու ժանյակի մեջ փաթաթեցի, վարդագույն ժապավեններով կապեցի, ծաղիկներ լցրի վրան, հագցրի, աղոթքն արեցի վրան, չմկրտված էլ տարա, ու տանում էի նրան անտառի միջով, ու վախենում էի անտառից, ու սարսափելի էր, ու ամենից շատ լալիս էի, որ ծնել եմ երեխա, բայց ամուսնուս չգիտեմ։
 
― Իսկ գուցե եղե՞լ է,― զգուշորեն հարցրեց Շատովը։
 
― Ծիծաղելու բաներ ես ասում ինձ, Շատուշկա։ Լինելը վայ թե եղել է, հետո՞ ինչ, որ եղել է, եթե միևնույնն է, որ չի եղել։ Սա էլ քեզ՝ մի հեշտ հանելուկ, պատասխանը տուր,― քթի տակ ծիծաղեց նա։
 
― Իսկ ո՞ւր տարար բալիկին։
 
― Լիճը տարա,― տնքաց նա։
 
Շուտով նորից ինձ բոթեց արմունկով։
 
― Իսկ ի՞նչ, եթե երեխա էլ չես ունեցել ամենևին ու այդ ամենը զառանցանք է մենակ, հը՞։
 
― Ինձ դժվար հարց ես տալիս, Շատուշկա,― մտազբաղ և նման հարցից բոլորովին չզարմացած, պատասխանեց նա,― այդ հաշվով ես քեզ ոչինչ չեմ ասի, վայ թե չի էլ եղել։ Իմ կարծիքով, մենակ քո հետաքրքրասիրությունն է, մեկ է, ես նրա համար չեմ դադարի արցունք թափել, հո երազի՞ս չեմ տեսել։― Եվ խոշորակաթիլ արցունքներ փայլեցին աչքերում։― Շատուշկա, Շատուշկա, իսկ ճի՞շտ է, որ կինդ քեզնից փախել է,― նա հանկարծ երկու ձեռքը դրեց Շատովի ուսերին և խղճահարությամբ նրան նայեց։― Բայց դու մի բարկանա, չէ որ ինձ համար էլ է անտանելի։ Գիտես, Շատուշկա, ինչ երազ տեսա, նորից եկել էր մոտս, կանչում էր, ձայն տալիս. «Փիսիկս, ասում էր, փիսիկս, արի ինձ մոտ»։ Ես էլ ամենից շատ «փիսիկից» ուրախացա՝ սիրում է, մտածեցի։
 
― Գուցե արթմնի էլ գա,― կիսաձայն մրթմրթաց Շատովը։
 
― Չէ, Շատուշկա, եղածն երազ է... Նա եկողը չէ։ Երգը գիտե՞ս.
 
<poem>
::::Պետք չէ ինձ նոր ու բարձր վերնատուն,
::::Կմնամ այստեղ, խցիկում այս նույն,
::::Ապրել կսկսեմ ու հոգիս փրկել
::::Ու քեզ համար էլ Աստծուն աղոթել։
</poem>
 
Օ՜խ, Շատուշկա, Շատուշկա, ինչի՞ համար երբեք ոչինչ չես հարցնում ինձնից։
 
― Ախր, բան էլ չես ասի, դրա համար էլ չեմ հարցնում։
 
― Չեմ ասի, չեմ ասի, թեկուզ մորթես, չեմ ասի,― փութով վրա բերեց նա,― վառես էլ, չեմ ասի։ Ինչի էլ դիմանամ, ոչինչ չեմ ասի, մարդիկ չեն իմանա։
 
֊ Ըհը, տեսնում ես, ուրեմն, ամենքին՝ իրենը,― ավելի մեղմաձայն ասաց Շատովը՝ ավելի ու ավելի կախելով գլուխը։
 
― Իսկ որ խնդրես, գուցեև ասեմ, կարող է՝ կասեմ,―ոգևորված կրկնեց նա։― Ինչի՞ չխնդրես։ Խնդրիր, մի լավ խնդրիր ինձ, Շատուշկա՝ վայ թե քեզ ասեմ։ Աղաչիր Շատուշկա, էնպես, որ ինքս համաձայնեմ... Շատուշկա՜, Շատուշկա՜։
 
Բայց Շատուշկան լուռ էր, մի րոպե ընդհանուր լռություն տիրեց։ Արցունքները հոսում էին կնոջ ճերմակեցրած այտերն ի վար, նա նստած էր, մոռացած, որ ձեռքերը Շատովի ուսերին են, բայց արդեն չէր նայում նրան։
 
― Է, ինչ գործ ունեմ ես քեզ հետ, ու մեղք էլ է դա,― հանկարծակի վեր կացավ Շատովը։― Վեր կացեք, հապա,― նստարանը տակիցս քաշեց բարկացած ու դրեց նախկին տեղը։
 
― Որպեսզի գալուց գլխի չընկնի, իսկ մեր գնալու ժամանակն է։
 
― Ահ, էլի իմ ծառայի մասին ես ասում,― հանկարծ ծիծաղեց Մարյա Տիմոֆեևնան։ Վախենում ես։ Դե, գնաք բարով, բարի հյուրեր, բայց մի րոպե լսիր՝ ինչ եմ ասում։ Երեկ այստեղ էր եկել այդ Նիլըյչը Ֆիլիպպովի՝ տանտիրոջ հետ, շեկ մորուքավորը, եղբայրիկս էլ այդ ժամանակ հարձակվեց վրաս։ Տանտերը հո չբռնեց նրան, հո քարշ չտվեց սենյակով, իսկ նա բղավում էր. «Ես մեղք չունե՜մ, ուրիշի մեղքի համար եմ դիմանո՜ւմ»։ Կհավատաս, բոլորս էլ ծիծաղից փորներս էինք բռնել...
 
― Է՜հ, Տիմոֆեևնա, ախր ես եմ եղել շեկ մորուքի փոխարեն, ախր երեկ ես մազերից բռնած ետ քաշեցի նրան քեզնից, իսկ տանտերը երեք օր առաջ էր եկել ձեզ հետ կռիվ անելու, դու էլ խառնել ես։
 
― Սպասիր, վայ թե իսկականից խառնեցի, դու էիր։ Է, ի՞նչ վիճենք դատարկ բաների համար, մեկ չի՞ նրան, թե ով իրեն կքաշի-կպոկի,― ծիծաղեց նա։
 
― Գնացինք,― հանկարծ ցնցեց Շատովն ինձ,― դարպասը ճռռաց, մեզ որ տեսավ, կծեծի նրան։
 
Ու դեռ չէինք հասցրել վեր վազել սանդուղքով, դարպասի մոտից մի հարբած գոռոց լսվեց ու հայհոյանք տեղաց։ Շատովն, իր սենյակը մտցնելով ինձ՝ դուռը փակով կողպեց։
 
― Մի քիչ պիտի նստեք, եթե պատմություն չեք ուզում։ Տես է, խոճկորի պես ղժժում է, պետք է որ նորից շեմին սայթաքած լինի, ամեն անգամ փռվում է։
 
Սակայն առանց պատմության չեղավ։
 
=== VI ===
 
Իր փակ դռան մոտ կանգնած, Շատովն ականջ էր դրել սանդուղքից եկող ձայներին։ Հանկարծ ետ ցատկեց։
 
― Այստեղ է գալիս, այդպես էլ գիտեի,― կատաղած շշնջաց նա։― Հիմա հաստատ մինչև կեսգիշեր ձեռ չի քաշի։
 
Բռունցքի մի քանի ուժեղ հարված թնդաց դռան վրա։
 
― Շատով, Շատով, բաց արա,― ոռնաց կապիտանը։― Շատով, բարեկամս...
 
<poem>
::::Ես եկել եմ, քեզ ողջույն տալու,
::::Պ-պատմե-ելու, որ արևն ելել է,
::::Որ իր տ-տաք ու վ-վառռ լույսով
::::Անտառներն... արդեն... լըցցրել է։
::::Ք-քեզ պատմելու, որ արթնացել եմ, գրողը տանի,
::::Լը-ըրիվ արթնացել եմ... ճյուղերի ներքո...
</poem>
 
Ճիշտ ոնց որ ճիպոտների տակ, հա-հա-հա։
 
<poem>
::::Ամեն մի թռչնակ... խմել է ուզում։
::::Քեզ կպատմեմ, որ ես էլ կխմեմ,
::::Կխմեմ... բայց ինչ՝ չգիտեմ։
</poem>
 
Ասենք, գրողի ծոցը՝ տխմար հետաքրքրասիրությունը։ Շատով, հասկանո՞ւմ ես, արդյոք, թե ինչքան լավ է ապրելը երկրիս երեսին։
 
― Մի պատասխանեք,― նորից շշնջաց Շատովը։
 
― Դե բաց արա։ Հասկանո՞ւմ ես, արդյոք, որ ավելի բարձր բան կա, քան կռիվը... մարդկության մեջ, կան ազնվա-ա-ագույն դեմքի րոպեներ... Շատով, ես բարի եմ, ես քեզ կներեմ... Շատով, գրողի ծոցը թռուցիկները, հը՞։
 
Լռություն։
 
― Հասկանո՞ւմ ես, արդյոք, ավանակ, որ սիրահարված եմ, ես ֆրակ եմ առել, տես, սիրո ֆրակ, տասնհինգ լրիվ ռուբլի։ Կապիտանի սերը աշխարհիկ պատշաճություն է պահանջում... Բաց արա,― վայրենաձայն բղավեց նա հանկարծ ու մոլեգնած հարվածեց դռանը բռունցքներով։
 
― Կորիր գրողի ծոցը,― գոռաց հանկարծ նաև Շատովը։
 
― Ստր-րրո՜ւկ։ Ճորտ ու ստրուկ, քույրդ էլ է ստրուկ ու ճորտուհի... գող-ղի մեկն է։
 
― Իսկ դու քո քրոջն ես վաճառել։
 
― Սո՜ւտ ես ասում։ Զրպարտությունը հանդուրժում եմ, երբ կարող եմ մի հատիկ բացատրությամբ... հասկանո՞ւմ ես, արդյոք, թե ով է նա։
 
― Ո՞վ է,― հանկարծ հետաքրքրասիրությամբ դռանը մոտեցավ Շատովը։
 
― Կհասկանա՞ս որ։
 
― Մի կերպ կհասկանամ, որ ասես, ո՞վ է։
 
― Ես կարող եմ ասել։ Ես միշտ կարող եմ ասել հասարակությանը...
 
― Է՜, հազիվ թե կարողանաս,― ծաղրաբար գրգռեց Շատովը և գլխով նշան արեց ինձ, որ լսեմ։
 
― Չե՞մ կարող։
 
― Կարծում եմ՝ չես կարող։
 
― Չե՞մ կարող։
 
― Է, ասա, եթե տիրոջ ճիպոտներից չես վախենում... Չէ որ դու վախկոտ ես, անունդ էլ՝ կապիտա՜ն։
 
― Ես... ես... նա... նա...― մրմնջաց կապիտանը դողդոջ, հուզված ձայնով։
 
― Դե՞,― ականջը դեմ արեց Շատովը։
 
Լռություն էր, համենայն դեպս, մի կես րոպե։
 
― Սըր-րրիկաաա՜,― վերջապես լսվեց դռնից այն կողմ, և կապիտանն արագ-արագ իջավ ցած՝ ինքնաեռի պես թնչաց-նելով, ամեն աստիճանի վրա աղմուկով գայթելով։
 
― Չէ, նա խորամանկ է, հարբած էլ չի թռցնի բերանից,― դռնից ետ քաշվեց Շատովը։
 
― Իսկ ի՞նչ բան է դա,― հարցրի ես։
 
Շատովը թափ տվեց ձեռքը, բացեց դուռը և կրկին ականջ դրեց։ Երկար լսում էր, նույնիսկ մի քանի աստիճան իջավ կամացուկ։ Ի վերջո, ետ եկավ։
 
― Ոչինչ չի լսվում։ Կռիվ չարեց, ուրեմն, ուղղակի վեր է ընկել մրափելու։ Ձեր գնալու ժամանակն է։
 
― Լսեք, Շատով, ի՞նչ եզրակացնեմ հիմա այս ամենից։
 
― Է, ինչ ուզում եք, եզրակացրեք,― պատասխանեց նա հոգնած և խորշանքով ու նստեց իր գրասեղանի մոտ։
 
Ես հեռացա։ Մի անհավանական միտք ավելի ու ավելի էր կայունանում իմ պատկերացման մեջ։ Թախծագին էի մտածում վաղվա օրվա մասին։
 
=== VII ===
 
Այդ «վաղվա օրը», այսինքն՝ հենց այն կիրակին, որը պիտի արդեն անվերադարձ վճռեր Ստեպան Տրոֆիմովիչի ճակատագիրը, ամենանշանավոր օրն է իմ ժամանակագրության մեջ։ Դա անակնկալների օր էր, նախկին հանգույցների լուծման և նորերի ստեղծման օր, կտրուկ բացատրությունների և ավելի մեծ խառնաշփոթի օր։ Առավոտյան, ինչպես արդեն հայտնի է ընթերցողին, ես պարտավոր էի ուղեկցել իմ բարեկամին Վարվառա Պետրովնայի մոտ՝ վերջինիս իսկ ցանկությամբ, իսկ կեսօրվա երեքին արդեն պիտի լինեի Լիզավետա Նիկոլաևնայի մոտ, որ պատմեմ նրան՝ ինքս չգիտեմ ինչի մասին և աջակցեմ նրան՝ ինքս չգիտեմ ինչում։ Այնինչ, ամեն ինչ վճռվեց այնպես, ինչպես ոչ ոք չէր ենթադրի։ Մի խոսքով, դա զարմանալիորեն համադրված պատահականությունների օր էր։
 
Սկսվեց նրանից, որ Ստեպան Տրոֆիմովիչի հետ ներկայանալով Վարվառա Պետրովնային ճիշտ ժամը տասներկուսին, ինչպես ինքն էր նշանակել, տանը չգտանք նրան, ժամերգությունից դեռ չէր վերադարձել։ Իմ խեղճ բարեկամն այնպես էր տրամադիր, կամ ավելի լավ է ասել, այնպես էր անտրամադիր, որ այդ հանգամանքն իսկույն ևեթ տապալեց նրան, համարյա անուժ ընկավ բազկաթոռին՝ հյուրասենյակում։ Սի բաժակ ջուր առաջարկեցի, սակայն, չնայած դեմքի գունատությանը և ձեռքերի դողին, արժանապատվությամբ հրաժարվեց։ Իմիջիայլոց, այս անգամ նրա զգեստն աչքի էր ընկնում անսովոր նրբագեղությամբ. համարյա պարահանդեսային, բատիստե ասեղնագործ սպիտակեղեն, ճերմակ փողկապ, ձեռքին՝ նոր շլյապա, նոր, ծղոտագույն ձեռնոցներ և նույնիսկ օծանելիք։ Նստեցինք թե չէ, ներս մտավ Շատովը՝ սենեկապանի առաջնորդությամբ, պարզ բան է, նույնպես պաշտոնապես հրավիրված։ Ստեպան Տրոֆիմովիչը փոքր-ինչ բարձրացավ տեղից՝ ձեռքը պարզելու նրան, բայց Շատովը, ուշադիր նայելով երկուսիս, շրջվեց դեպի անկյունը, նստեց այնտեղ ու նույնիսկ գլխով չարեց մեզ։ Ստեպան Տրոֆիմովիչը կրկին վախեցած ինձ նայեց։
 
Այդպես մի քանի րոպե էլ նստեցինք կատարյալ լռության մեջ։ Ստեպան Տրոֆիմովիչն ուզեց հանկարծ ինչ-որ բան շշնջալ ինձ արագ-արագ, բայց ես չլսեցի, ինքը նույնպես հուզմունքից չվերջացրեց ու դադարեց։ Սի անգամ էլ ներս մտավ սենեկապանը՝ ինչ-որ բան ուղղելու սեղանի վրա, ավելի ճիշտ՝ մեզ աչքի անցկացնելու։ Շատովը հանկարծ նրան դիմեց բարցրա-ձայն հարցով.
 
― Ալեքսեյ Եգորըյչ, չգիտե՞ք, Դարյա Պավլովնան նրա հե՞տ է գնացել։
 
― Վարվառա Պետրովնան բարեհաճեցին տաճար գնալ մենակ, իսկ Դարյա Պավլովնան բարեհաճեցին մնալ իրենց մոտ, վերևում, և այնքան էլ առողջ չեն,― խրատական ու բարեպաշտ զեկուցեց Ալեքսեյ Եգորըյչը։
 
Իմ խեղճ բարեկամը կրկին թռուցիկ ու տագնապած հայացք նետեց վրաս, այնպես որ, ի վերջո, սկսեցի դեմքս դարձնել նրանից։ Հանկարծ շքամուտքի մոտ դղրդաց կառքը, և տան մեջ հեռավոր մի շարժում ազդարարեց մեզ, որ տանտիրուհին վերադարձավ։ Բոլորս վեր թռանք բազկաթոռներից, բայց նորից՝ անակնկալ, լսվեցին բազմաթիվ ոտնաձայներ, նշանակում է, տանտիրուհին վերադարձել էր ոչ մենակ, իսկ դա արդեն, իրոք, մի քիչ տարօրինակ էր, քանի որ ինքն էր այդ ժամը նշանակել մեզ։ Լսվեց վերջապես, որ տարօրինակ կերպով շուտ, ճիշտ ասես վազելով տեղ հասավ ինչ-որ մեկը, իսկ այդպես չէր կարող ներս մտնել Վարվառա Պետրովնան։ Ու հանկարծ նա համարյա ներս ընկավ սենյակ՝ հևասպառ ու չափազանց հուզված։ Նրա ետևից, փոքր ինչ ետ ընկած ու ավելի անաղմուկ, մտավ Լիզավետա Նիկոլաևնան, իսկ Լիզավետա Նիկոլաևնայի հետ ձեռքձեռքի՝ Մարյա Տիմոֆեևնա Լեբյադկինան։ Եթե սա երազում տեսնեի, այդ ժամանակ էլ չէի հավատա։
 
Այս կատարյալ անակնկալը բացատրելու համար անհրաժեշտ է մեկ ժամով հետ գնալ ու հանգամանորեն պատմել Վարվառա Պետրովնայի հետ տաճարում պատահած անսովոր դեպքի մասին։
 
Նախ և առաջ, ժամերգությանը հավաքվել էր համարյա ամբողջ քաղաքը, այսինքն, պետք է հասկանալ՝ մեր հասարակության բարձրագույն խավը։ Գիտեին, որ շնորհ է անելու նահանգապետուհին՝ առաջին անգամ մեզ մոտ գալուց հետո։ Նշեմ, որ մեզ մոտ արդեն լուրեր էին տարածվել այն մասին, որ նա ազատամիտ կին է և «նոր կանոնների կողմնակից»։ Բոլոր տիկնանց հայտնի էր նաև, որ հագնված է լինելու հոյակապ, անսովոր նրբագեղությամբ, ուստիև մեր տիկնանց զգեստներն այս անգամ աչքի էին ընկնում նրբաճաշակությամբ և ճոխությամբ։ Մենակ Վարվառա Պետրովնան էր հագնված համեստ ու մշտականի պես՝ ոտից գլուխ սև. անփոփոխ այդպես էր հագնվում վերջին չորս տարում։ Տաճար մտնելով, նա գնաց իր սովորական տեղը, ձախից առաջին շարքում, և լիվրեյ հագած սպասավորը նրա առաջ դրեց թավշե բարձը՝ ծնրադրման համար, մի խոսքով ամեն ինչ՝ սովորականի պես։ Սակայն նկատեցին նաև, որ այս անգամ, ամբողջ ժամերգության ընթացքում, նա մի ուրիշ տեսակ ջանադրաբար է աղոթում, հետագայում հավատացնում էին նույնիսկ, երբ ամեն ինչ վերհիշում էին, որ անգամ արցունք կար նրա աչքերում։ Վերջապես ավարտվեց ժամերգությունը, և մեր ավագերեցը՝ հայր Պավելն ելավ հանդիսավոր քարոզն անելու։ Մեզանում սիրում էին նրա քարոզները և բարձր գնահատում դրանք, համոզում էին նույնիսկ տպագրել, բայց նա շարունակ չէր համաձայնում։ Այս անգամ քարոզը մի տեսակ առանձնապես երկարաշունչ էր։
 
Եվ ահա, քարոզի ժամանակ արդեն տաճարին մոտեցավ մի կին, նախկին տեսակի թեթև քառանիվ կառքով, այսինքն, որոնք կանայք կարող էին նստել միայն կողքից՝ կառապանի գոտուց բռնած ու ճոճվելով կառքի ցնցումներից, ինչպես դաշտի ցողունը քամուց։ Այդ կառապանները մինչև հիմա դեռ երթևեկում են մեր քաղաքում։ Կանգ առնելով տաճարի անկյան տակ, քանզի դարպասի մոտ շատ կառքեր կային կանգնած և անգամ ժանդարմներ, կինը ցած թռավ կառքից ու կառապանին չորս արծաթ կոպեկ տվեց։
 
― Է, ի՞նչ, վայ թե քիչ է, հը՞, Վանյա,― բղավեց նա՝ տեսնելով ծռմռված դեմքը։― Ինչ ունեի, սա էր,― ավելացրեց նա աղիողորմ։
 
― Դե, լավ, Աստված քեզ հետ, առանց խոսալու նստացրի,― ձեռքը թափ տվեց կառապանը և նրան նայեց, կարծես մտածելով. «Մեղք էլ կլինի քեզ նեղացնելը», հետո, ծոցը խոթելով կաշվե քսակը, ձին քշեց ու գնաց՝ մոտերքում կանգնած կառապանների ծաղրանքներով ուղեկցված։ Ծաղրանք և նույնիսկ զարմանք էր ուղեկցում կնոջն ամբողջ ժամանակ, մինչ նա կհասներ տաճարի մուտքին՝ կառքերի և տերերի շուտափույթ հայտնվելուն սպասող ծառաների արանքներով։ Եվ իսկապես, բոլորի համար անսովոր ու անսպասելի մի բան կար հայտնի չէ որտեղից, փողոցում հանկարծ, ժողովրդի մեջ նման անձնավորության հայտնվելու մեջ։ Նա հիվանդագին նիհար էր և կաղին էր տալիս, կարմիր ու սպիտակ էր շպարված առատորեն՝ լրիվ մերկացած երկար վզով, առանց ծածկոցի և թեթև վերարկուի, միայն հնամաշ մուգ զգեստով, չնայած ցուրտ ու քամոտ, թեև սեպտեմբերյան պարզկա օր էր, լրիվ գլխաբաց, մազերը պստլիկ հանգույց արած ծոծրակին, կողքին մեջը խրած արհեստական մի վարդ, որոնցով զարդարում են ծաղկազարդի քերովբեներին։ Թղթյա վարդերով եզերված այդպիսի մի քերովբե էի նկատել հենց երեկ երեկոյան, անկյունում, սրբապատկերների տակ, երբ նստած էի Մարյա Տիմոֆեևնայի մոտ։ Ի լրումն ամեն ինչի, կինը թեև քայլում էր, համեստորեն ցած հառած աչքերը, բայց միևնույն ժամանակ ժպտում էր ուրախ և խորամանկ։ Եթե մի փոքր էլ հապաղեր, ապա գուցեև չթողնեին նրան տաճար մտնել... Բայց նա հասցրեց ներս խցկվել, իսկ մտնելուց հետո՝ աննկատելիորեն առաջ շարժվել։
 
Թեև քարոզի կեսն էր և տաճարը լցրած համակ բազմությունն ունկնդրում էր կատարյալ և անշշուկ ուշադրությամբ, բայց և այնպես մի քանի աչք հետաքրքրությամբ և տարակուսանքով խեթեցին ներս եկածին։ Նա ընկավ եկեղեցու հատակին, իր ճերմակած դեմքը հակած, պառկած էր երկար և, ըստ երևույթին, լալիս էր։ Բայց նորից բարձրացնելով գլուխը և ծնկներից ելնելով, շատ շուտով իրեն կարգի բերեց ու զբաղվեց իր գործերով։ Ուրախ, ակնհայտ արտակարգ բավականությամբ աչքերը սահեցնել սկսեց դեմքերի, տաճարի պատերի վրայով։ Առանձնահատուկ հետաքրքրությամբ հայացքը հառում էր որոշ տիկնանց վրա, դրա համար նույնիսկ ոտնաթաթերին բարձրանալով, ու նույնիսկ երկու անգամ ծիծաղեց, ընդ որում մի տեսակ տարօրինակ կչկչոցով։ Սակայն քարոզն ավարտվեց, դուրս բերին խաչը։ Նահանգապետուհին դեպի խաչը գնաց առաջինը, բայց երկու քայլ չարած կանգ առավ, ըստ երևույթին, ցանկանալով ճանապարհը զիջել Վարվառա Պետրովնային, որն իր կողմից էր մոտենում՝ չափից ավելի շեշտակի և մի տեսակ չնկատելով ոչ ոքի՝ իրենից առաջ։ Նահանգապետուհու անսովոր բարեկրթությունը, անկասկած, իր մեջ ուներ նաև հստակ ու սրամիտ յուրօրինակ խայթոց։ Այդպես հասկացան բոլորը, պետք է որ այդպես հասկանար նաև Վարվառա Պետրովնան։ Սակայն առաջվա պես ոչ ոքի չնկատելով և արժանապատվության ամենաանհողդողդ տեսքով նա համբուրեց խաչը և իսկույն շարժվեց դեպի ելքը։ Լիվրեյ հագած սպասավորը բացում էր ճանապարհը նրա առաջ, թեև առանց դրա էլ բոլորը ետ էին քաշվում։ Բայց հենց մուտքի մոտ, զավթում, խռնված մարդկանց մի խումբ մի պահ փակեց նրա ճանապարհը։ Վարվառա Պետրովնան կանգ առավ, և հանկարծ տարօրինակ, անսովոր արարածը՝ թղթե վարդը գլխին կինը, մարդկանց արանքներով խցկվելով՝ ծունկ չոքեց նրա առաջ։ Վարվառա Պետրովնան, ում դժվար էր որևէ բանով շփոթեցնել, հատկապես հասարակության մեջ, նայեց ծանրումեծ և խստահայաց։
 
Շտապեմ այստեղ նշել՝ հնարավորին չափ հակիրճ, որ Վարվառա Պետրովնան թեև վերջին տարիներս, ինչպես ասում էին, ավելորդ հաշվենկատ և նույնիսկ մի քիչ էլ ժլատ էր դարձել, բայց երբեմն փող չէր խնայում բարեգործության համար։ Բարեգործական մի ընկերության անդամ էր մայրաքաղաքում։ Վերջերս, սովի տարուն, Պետերբուրգ, սովածներին նպաստներ բաժանող գլխավոր կոմիտեին նա հինգ հարյուր ռուբլի ուղարկեց, և այդ մասին մեզ մոտ խոսում էին։ Ի վերջո, ամենավերջին ժամանակներս, նախքան նոր նահանգապետի նշանակումը, այն է, արդեն համարյա թե հիմնելու էր տեղական կանանց կոմիտե՝ նպաստներ տալու ամենաչքավոր ծննդկան կանանց քաղաքում և նահանգում։ Մեզ մոտ շատ էին կշտամբում նրան՝ պատվասիրության համար, սակայն Վարվառա Պետրովնայի բնավորության հայտնի նպատակաուղղվածությունը, միևնույն ժամանակ համառությունը քիչ էր մնացել հաղթահարեին արգելքները։ Ընկերությունը համարյա արդեն կազմավորվել էր, իսկ նախասկզբնական միտքն ավելի ու ավելի էր ընդլայնվում հիմնադրուհու սքանչացած ուղեղում, նա արդեն երազում էր Մոսկվայում նման կոմիտե ստեղծելու, գործունեությունը բոլոր նահանգներում աստիճանաբար տարածելու մասին։ Եվ ահա, նահանգապետի հանկարծակի փոփոխությամբ, ամեն ինչ կասեցվեց, իսկ նոր նահանգապետուհին, ասում են, արդեն հասցրել էր հասարակության մեջ արտահայտել իր մի քանի խայթող, գլխավորը՝ դիպուկ և գործուն առարկություններն այդպիսի կոմիտեի հիմնական գաղափարի իբր անգործնականության վերաբերյալ, ինչ, անշուշտ, գունազարդումներով հասցրել էին Վարվառա Պետրովնային։ Միայն Աստված գիտե հոգիների խորքը, բայց ենթադրում եմ, որ Վարվառա Պետրովնան նույնիսկ որոշ բավարարությամբ կանգ առավ հիմա հենց տաճարի մուտքի մոտ, գիտնալով, որ հենց հիմա կողքով պիտի անցնի նահանգապետուհին, ապաև բոլորը և «թող ինքը տեսնի, ինչպես միևնույնն է ինձ համար, թե ինչե՜ր է մտածել նա և ինչե՜ր սրամտել դեռ իմ բարեգործության սնափառության վերաբերյալ։ Առ հա՜, ձեզ բոլորիդ»։
 
― Ի՞նչ է եղել, սիրելիս, ի՞նչ եք խնդրում,― Վարվառա Պետրովնան ավելի ուշադիր զննեց իր առաջ ծնկաչոք հայցվորուհուն։ Վերջինս նրան էր նայում անասելի շփոթված, ամաչող, բայց համարյա երկրպագող հայացքով ու հանկարծ քթի տակ ծիծաղեց նույն կչկչոցով։
 
― Ի՞նչ է նա։ Ո՞վ է նա,― Վարվառա Պետրովնան հրամայական և հարցական հայացքը տարավ չորսբոլորը ներկա գտնվողների վրա։ Բոլորը լուռ էին։
 
― Դո՞ւք դժբախտ եք։ Դուք կարիք ունեք օգնությա՞ն։
 
― Ես կարիք ունեմ... ես եկել եմ...― մրմնջաց «դժբախտը» հուզմունքից բեկվող ձայնով։― Ես եկել եմ միայն, որ ձեր ձեռքը համբուրեմ...― ու նորից կչկչաց։ Ամենամանկական հայացքով, որով երեխաները փաղաքշում են՝ ինչ-որ բան խնդրելիս, նա ձգվեց՝ բռնելու Վարվառա Պետրովնայի ձեռքը, բայց կարծես թե վախեցած, հանկարծ ետ քաշեց իր ձեռքերը։
 
― Միայն դրա համա՞ր եք եկել,― հարցրեց Վարվառա Պետրովնան՝ կարեկցաբար, բայց իսկույն էլ գրպանից հանեց իր սադափե քսակը, դրա միջից էլ տասը ռուբլիանոց թղթադրամ և տվեց անծանոթ կնոջը։ Նա վերցրեց։ Վարվառա Պետրովնան շատ էր հետաքրքրված և, ըստ երևույթին, անծանոթ այդ կնոջը մի որևէ հասարակ խնդրարկու չէր համարում։
 
― Տես է՜, տասը ռուբլի տվեց,― ինչ-որ մեկն ասաց բազմության մեջ։
 
― Ձեր ձեռքը շնորհ արեք,― մրմնջում էր «դժբախտը» ձախ ձեռքի մատներով պինդ բռնած տասը ռուբլիանոց թղթադրամի անկյունից, որը տարուբերվում էր քամուց։ Վարվառա Պետրովնան, չգիտես ինչու, թեթևակի խոժոռվեց և լուրջ, համարյա խիստ տեսքով պարզեց ձեռքը։ Կինը երկյուղածությամբ համբուրեց։ Նրա երախտապարտ հայացքը շողաց նույնիսկ մի տեսակ զմայլանքով։ Հենց այդ ժամանակ էլ մոտեցավ նահանգապետուհին և հորդաց մեր տիկնանց ու ավագ բարձրաստիճան անձանց բազմությունը․ նահանգապետուհին ակամա պիտի մի րոպե կանգ առներ նեղվածքի մեջ, շատերն էին կանգ առել։
 
― Դուք դողո՞ւմ եք, մրսո՞ւմ եք,― հանկարծ հարցրեց Վարվառա Պետրովնան և վրայից գցելով իր թեթև վերակուն, որն օդում բռնեց սպասավորը, ուսերից ցած բերեց իր սև (շատ թանկարժեք) շալը և սեփական ձեռքերով ծածկեց դեռևս ծնկաչոք մնացած խնդրարկուի մերկ վիզը։
 
― Դուք վեր կացեք, վեր կացեք, խնդրում եմ։― Կինը ոտքի ելավ։
 
― Որտե՞ղ եք ապրում։ Մի՞թե վերջապես ոչ ոք չի իմանում, թե որտեղ է նա ապրում,― դարձյալ անհամբերությամբ չորսբոլորը նայեց Վարվառա Պետրովնան։ Բայց նախկին խռնվածությունը չկար արդեն։ Երևում էին բոլորը ծանոթ, աշխարհիկ դեմքեր, որոնք դիտում էին տեսարանը, ոմանք խստահայաց զարմանքով, մյուսները՝ խորամանկ հետաքրքրասիրությամբ և միաժամանակ փոքր սկանդալի անմեղ ծարավով, մի քանիսն էլ սկսել էին անգամ խնդմնդալ։
 
― Կարծեմ թե Լեբյադկիններից է,― վերջապես Վարվառա Պետրովնայի հարցին պատասխանող մի բարի մարդ գտնվեց, մեր պատվարժան և շատերից հարգված վաճառական Անդրեևը՝ ակնոցով, ճերմակ մորուքով, ռուսական զգեստով և կլոր, ցիլինդրի պես գլխարկով, որ հիմա ձեռքում էր բռնել,― նրանք Ֆիլիպպովների տանն են ապրում, Բոգոյավլենսկայա փողոցում։
 
― Լեբյադկի՞ն։ Ֆիլիպպովի տուն։ Ինչ-որ բան լսել եմ... շնորհակալ եմ ձեզնից, Նիկոն Սեմյոնըյչ, բայց ո՞վ է այդ Լեբյադկինը։
 
― Իրեն կապիտան է կոչում, պետք է ասել, անզգույշ մարդ է։ Իսկ նա էլ, արդեն, հաստատ, քույրն է։ Պետք է ենթադրել՝ հիմա հսկողության տակից է ելել,― ձայնն իջեցնելով ասաց Նիկոն Սեմյոնըյչը և նշանակալի նայեց Վարվառա Պետրովնային։
 
― Ձեզ հասկացա, շնորհակալ եմ, Նիկոն Սեմյոնըյչ։ Սիրելիս, դուք տիկին Լեբյադկինա՞ն եք։
 
― Չէ, ես Լեբյադկինան չեմ։
 
― Ուրեմն, գուցե ձեր եղբա՞յրն է Լեբյադկինը։
 
― Իմ եղբայրը Լեբյադկինն է։
 
― Ահա, թե ինչ կանեմ, հիմա, սիրելիս, ձեզ կտանեմ ինձ հետ, իսկ իմ մոտից արդեն ձեզ կտանեն ձեր ընտանիքի մոտ, կուզե՞ք ինձ հետ գալ։
 
― Ա՜խ, ուզում եմ,― ափերն իրար զարկեց տիկին Լեբյադկինան։
 
― Հորաքո՜ւյր, հորաքո՜ւյր։ Ինձ էլ տարեք ձեզ հետ,― լսվեց Լիզավետա Նիկոլաևնայի ձայնը։ Նշեմ, որ Լիզավետա Նիկոլաևնան ժամերգության էր եկել նահանգապետուհու հետ, իսկ Պրասկովյա Իվանովնան, բժշկի հանձնարարությամբ, այդ ընթացքում գնացել էր կառքով զբոսնելու, զբաղվելու համար իր հետ տարել նաև Սավրիկիյ Նիկոլաևիչին։ Լիզան հանկարծ թողեց նահանգապետուհուն ու մոտ վազեց Վարվառա Պետրովնային։
 
― Սիրելիս, դու գիտես, միշտ ուրախ եմ քեզ տեսնել, բայց ի՞նչ կասի մայրիկդ,― ծանրումեծ սկսեց Վարվառա Պետրովնան, թեև հանկարծ շփոթվեց՝ նկատելով Լիզայի անսովոր հուզմունքը։
 
― Հորաքույր, հորաքույր, հիմա անպայման կգամ ձեզ հետ,― աղաչում էր Լիզան՝ համբուրելով Վարվառա Պետրովնային։
 
― Mais qu’avez-vous done, Lise<ref>Ձեզ ի՞նչ պատահեց, Լիզա (ֆրանս.)։</ref>,― արտահայտիչ զարմանքով արտաբերեց նահանգապետուհին։
 
― Ահ, ներեցեք, սիրելի shèr cousine<ref>թանկագին զարմուհի (ֆրանս.)։</ref>, ես գնում եմ հորաքրոջս մոտ,― թափով շրջվեց Լիզան տհաճորեն զարմացած իր shèr cousine-ից և համբուրեց երկու անգամ։
 
― Եվ maman-ին նույնպես ասեք, որ հենց հիմա գա իմ ետևից, հորաքրոջ մոտ։ Maman անպայման, անպայման ուզում էր գալ, երեկ ինքն էր ասում, մոռացա ձեզ զգուշացնել,― վրա բերեց Լիզան,― մեղավոր եմ, մի բարկացեք, Julie... shèr cousine... հորաքույր, պատրաստ եմ։
 
― Եթե ինձ չտանեք, ապա կվազեմ ձեր կառքի ետևից ու կգոռամ,― արագ ու հուսաբեկ շշնջաց նա Վարվառա Պետրովնայի ուղիղ ականջին, լավ է դեռ, ոչ ոք չլսեց։ Վարվառա Պետրովնան նույնիսկ մի քայլ ընկրկեց և թափանցող նայեց ցնորված աղջկան։ Այդ հայացքն ամեն ինչ վճռեց, նա որոշեց անպայման իր հետ վերցնել Լիզային։
 
― Հարկավոր է վերջ դնել սրան,― թռավ նրա բերանից։― Լավ, ես հաճույքով տանում եմ քեզ, Լիզա,― և տեղնուտեղը բարձրաձայն ավելացրեց.― անշուշտ, եթե Յուլիա Միխայլովնան համաձայնի թողնել քեզ,― անսքող տեսքով և ուղղամիտ արժանապատվությամբ դարձավ նա ուղղակի նահանգապետուհուն։
 
― Օ՜, անկասկած, ես չեմ ուզենա նրան զրկել այդ հաճույքից, առավել ևս, որ ինքս էլ...― զարմանալի սիրալիրությամբ հանկարծ բլբլացրեց Յուլիա Միխայլովնան,― ինքս էլ... լավ գիտեմ, թե ինչ ֆանտաստիկ ամենիշխան գլուխ կա ձեր ուսերին (Յուլիա Միխայլովնան հմայիչ ժպտաց)...
 
― Շնորհակալ եմ ձեզ չափազանց,― բարեկիրթ և ծանրումեծ խոնարհումով երախտագիտությունը հայտնեց Վարվառա Պետրովնան։
 
― Ինձ համար առավել ևս հաճելի է,― արդեն համարյա հիացմունքով շարունակեց բլբլոցը Յուլիա Միխայլովնան՝ նույնիսկ ամբողջովին շառագունած հաճելի հուզմունքից,― որ բացի ձեզ մոտ լինելու հաճույքից, Լիզային հիմա հրապուրում է այնքան գեղեցիկ, այնքան, կարող եմ ասել, վսեմ զգացում... կարեկցանք... (նա նայեց «դժբախտին») և... տաճարի հենց զավթում...
 
― Նման տեսակետը ձեզ պատիվ է բերում,― հոյակապ կերպով հավանություն տվեց Վարվառա Պետրովնան։ Յուլիա Միխայլովնան թափով պարզեց ձեռքը, և Վարվառա Պետրովնան, կատարյալ պատրաստակամությամբ, մատներով հպվեց նրա ձեռքին։ Համընդհանուր տպավորությունը սքանչելի էր, որոշ ներկաների դեմքերը փայլեցին հաճույքից, երևացին մի քանի քաղցրածոր և շողոմ ժպիտներ։
 
Մի խոսքով, ամբողջ քաղաքին հանկարծ հստակ հայտնի դարձավ, որ ոչ թե Յուլիա Միխայլովնան է մինչև հիմա քամահրել Վարվառա Պետրովնային ու չի այցելել նրան, այլ հակառակը, Վարվառա Պետրովնան ինքն է «Յուլիա Միխայլովնային պահել սահմանների մեջ, այն դեպքում, երբ վերջինս գուցեև ոտքով վազեր նրան այցելության, եթե միայն վստահ լիներ, որ Վարվառա Պետրովնան իրեն չի վռնդի»։ Վարվառա Պետրովնայի հեղինակությունն արտակարգ բարձրացավ։
 
― Դե, նստեք, սիրելիս,― Վարվառա Պետրովնան mademoiselle Լեբյադկինային ցույց տվեց մոտեցող կառքը, «դժբախտն» ուրախացած վազեց դեպի դռնակը, որի մոտ նրան օգնեց սպասավորը։
 
― Ինչպե՜ս։ Դուք կաղո՜ւմ եք,― բղավեց Վարվառա Պետրովնան, կատարելապես կարծես վախեցած ու գունատվեց։ (Այն ժամանակ բոլորն էին դա նկատել, բայց չէին հասկացել...)։
 
Կառքը շարժվեց։ Վարվառա Պետրովնայի տունը շատ մոտ էր տաճարին։ Լիզան հետո ինձ ասում էր, որ այդ երեք րոպեի ընթացքում Լեբյադկինան անընդմեջ հիստերիկ ծիծաղում էր, իսկ Վարվառա Պետրովնան նստած էր «կարծես ինչ-որ մագնետիկ քնի մեջ»՝ Լիզայի իսկ արտահայտությունն է։
== Գլուխ հինգերորդ. Իմաստուն օձը ==
Վստահելի
1318
edits