Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Ավելացվել է 18 902 բայտ, 15:03, 3 Մարտի 2015
/* 6 */
Ու այդպես էլ մնացի հատակին նստած այնքան ժամանակ, մինչև որ ապուշ Ստրեյդլեյթերը գնաց։ Լսեցի, թե ինչպես էր միջանցքով գնում դեպի լվացարանը։ Այդ ժամանակ վեր կացա։ Ու ոչ մի կերպ չէի կարողանում գտնել երիցս անիծյալ գլխարկս։ Հետո, այնուամենայնիվ, գտա։ Ընկել էր մահճակալի տակ։ Դրի գլխիս, հովարը դեպի ետ (ինձ այդպես ավելի էր դուր գալիս) ու հայելու մեջ նայեցի հիմար կերպարանքիս։ Կայնքումս երբեք այդքան արյուն չեմ տեսել։ Ամբողջ բերանս, ծնոտս կորել էր արյան մեջ, նույնիսկ պիժամաս և խալաթս։ Ե՛վ սարսափելի էր, և՛ հետաքրքրիր։ Մի տեսակ խանձվածքի տեսք ունեի այդ արյան պատճառով։ Ամբողջ կյանքիս մեջ ընդամենը երկու անգամ էի կռվել, երկու անգամն էլ պարտվել էի։ Ես վատ կռվող եմ։ Եվ ընդհանրապես պացիֆիստ եմ, եթե ճիշտն ասենք։
Ինձ թվաց, որ Էկլին քնած չէ և բոլորը լսում է։ Ցնցուղարանով գնացի նրա սենյակը, տեսնեմ ինչ է անում այնտեղ։ Ընդհանրապես ես հազվադեպ էի այցելում նրան։ Նրա սենյակից ինչ֊որ գարշելի հոտ էր փչում, շատ փնթի էր նա։   ==7==  Վարագույրի միջով լույսը թեթևակի թափանցում էր մեր սենյակը, ու ես տեսա, որ նա պառկած է անկողնում։ Բայց հաստատ գիտեի, որ քնած չէ։ ― Էկլի, ― ասում եմ, ― քնած չե՞ս։ ― Ոչ։ Մութ էր, ոտքիս տակ ինչ֊որ կոշիկ ընկավ ու քիչ մնաց փռվեի։ Էկլին քիչ բարձրացավ տեղից, հենվեց արմունկներին։ Նրա ամբողջ դեմքին ինչ֊որ սպիտակ քսուկ կար պզուկների դեմ։ Մթության մեջ ուրվականի տեսք էր ստացել։ ― Այդ ի՞նչ ես անում, ― հարցնում եմ։ ― Այսինքն, ինչպե՞ս թե ինչ եմ անում։ Ուզում էի քնել, իսկ դուք այնպիսի աղմուկ եք բարձրացրել, որ, գրողը տանի։ Այդ ինչի՞ համար էիք կռվում։ ― Որտե՞ղ է լույսը։ ― Ես ոչ մի կերպ չէի կարողանում գտնել անջատիչը։ Ձեռքերով շոշափում էի դատարկ պատը։ ― Իսկ ինչի՞դ է պետք լույսը․․․ Ձեռքդ հենց անջատիչի վրա է։ Ես գտա անջատիչը և միացրի լույսը։ Էկլին ափով ծածկեց աչքերը, որպեսզի լույսից պաշտպանվի։ ― Օ՜, սատանա, ― ասաց նա։ ― Այդ ի՞նչ է պատահել, ― նա տեսավ դեմքիս արյունը։ ― Մի քիչ գզվրտվել ենք, ― ասացի։ Հետո նստեցի հատակին։ Նրանց սենյակում երբեք աթոռ չէր լինում։ Չգիտեմ ինչ էին անում նրանք աթոռները։ ― Լսիր, ուզո՞ւմ ես մի օյին կանաստա խաղանք։ ― Գժվե՞լ ես՝ կանաստա՜։ Գիտե՞ս ժամը քանիսն է։ ― Դեռ ուշ չէ։ Տասնմեկն է, տասնմեկանց կես։ ― Եվ դա քո կարծիքով ուշ չէ՞, ― ասում է Էկլին։ ― Լսիր, վաղը շուտ պետք է վեր կենամ, եկեղեցի եմ գնալու, գրողը տանի։ Իսկ դուք սատանայի պես, գիշերվա կեսին կռիվ֊ղալմաղալ եք գցել։ Գոնե ասա, թե ինչի համար էիք կռվում։ ― Երկար պատմություն է։ Կձանձրանաս լսես, Էկլի։ Տեսնո՞ւմ ես, ինչպես եմ մտածում քո մասին։ ― Նրա հետ ես երբեք անձնական գործերիս մասին չէի խոսում։ Նախ նա Ստրեյդլեյթերից էլ հիմար էր։ Ստրեյդլեյթերը նրա համեմատույթամբ հանճար էր։ ― Գիտես ինչ, ― ասում եմ, ― կարելի՞ է, այս գիշեր ես Էկի մահճակալին գնեմ։ Նա մինչև վաղը երեկոյան չի վերադառնալու։ ― Գիտեի, որ Էլը չի վերադառնալու։ Նա ամեն շաբաթ օր տուն էր գնում։ ― Աստված գիտե, թե երբ կվերադառնա, ― ասում է Էկլին։ Թո՛ւհ, զզվացրեց ուղղակի։ ― Ինչպե՞ս թե, ― ասում եմ։ ― Դու գիտես չէ՞, որ նա մինչև կիրակի երեկո չի վերադառնում։ ― Գիտեմ, բայց ինչպես կարող եմ ասել՝ քնիր, խնդրեմ, նրա մահճակալին։ Մի՞թե կարելի է այդպիսի բան անել։ ― Սպանեց թողեց։ Ես մեկնեցի ձեռքս, դեռևս հատակին նստած, ու թփթփացրի այդ հիմարի ուսին։ ― Դու արքայազն ես, Էկլի, բալիկս, ― ասում եմ։ ― Դու գիտե՞ս այդ բանը, թե ոչ։ ― Չէ, իսկապես, ինչպե՞ս կարող եմ ասել՝ քնիր ուրիշի մահճակալին։ ― Դու իսկակա՜ն արքահյազն ես։ Դու ջենտլմեն ես ու գիտնական, բալիկս, ― ասացի ես։ Իսկ գուցեև նա իսկական գիտնական էր։ ― Պատահմամբ սիգարետ չունե՞ս։ Որ չունենաս՝ կմեռնեմ։ ―Ոչինչ չունեմ։ Լսիր, ինչի՞ց սկսվեց կռիվը։ ― Բայց ես նրան չպատասխանեցի։ Միայն վեր կացա ու մոտեցա պատուհանին։ Այնպես տխրեցի հանկարծ։ Կուզեի այդ րոպեին մեռնել, ազնիվ խոսք։ ― Ինչի՞ համար սկսեցիք կռվել, ― արդեն որերորդ անգամ հարցնում էր Էկլին։ Նա կարող է մարդու հոգի հանել։ ― Քո պատճառով, ― ասում եմ։ ― Ի՞նչ ես դուրս տալիս։ Ինձ հետ ի՞նչ գործ ունեք։ ― Այո, ես պաշտպանում էի քո պատիվը։ Ստրեյդլեյթերը ասաց, որ դու զզվելի ես։ Ինչպես կարող էի թույլ տալ նման հանդգնություն։ ― Նա ուղղակի վեր թռավ տեղից։ ― Չէ, իսկապես։ Ճի՞շտ ես ասում։ Այդպես էլ ասա՞ց։ Բայց ես բացատրեցի, որ կատակ եմ անում, իսկ հետո պառկեցի էլի մահճակալին։ Օ՜հ, ինչքան վատ էի զգում։ Տրամադրությունս ուղղակի անտանելի էր։ ― Ձեր սենյակից շատ վատ հոտ է գալիս, ― ասում եմ։ ― Այստեղից զգացվում է գուլպաներիդ հոտը։ Լվանալ չե՞ս տալիս, ի՛նչ է։ ― Դուր չի՞ գալիս, գնա գիտես որտեղ, ― ասաց Էկլին։ ― Ա՜յ քեզ խելքի տոպրակ։ Գուցե կհանգցնե՞ս լույսը, գրողը տանի։ Բայց ես անմիջապես չհանգցրի։ Պառկել էի ուրիշի մահճակալին ու մտածում էի Ջեյնի մասին, և այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Ուղղակի գժվում էի, երբ պատկերացնում էի նրան Ստրեյդլեյթերի հետ, այդ հաստաքամակ Էդ Բենկիի մեքենայի մեջ։ Հենց որ մտածում եմ այդ մասին, ուզում եմ լուսամուտից ցած նետվել։ Դուք ախր չեք ճանաչում այդ Ստրեյդլեյթերին, ձեր բանը հեշտ է, իսկ ես ճանաչում եմ։ Փենսիի բոլոր տղաները միայն պարծենում էին, թե կապված են աղջիկների հետ, ինչպես Էկլին, օրինակ, իսկ այդ Ստրեյդլեյթերն իսկապես կապված էր։ Ես ինքս ծանոթ էի երկու աղջիկների, որոնց հետ նա քարշ էր գալիս։ Ճիշտ եմ ասում։ ― Պատմիր քո կենսագրությունը, Էկլի, բալիկս, հավանաբար դա շատ հետաքրքիր է, ― ասում եմ։ ― Դե հանգցրու այդ անտեր լույսը։ Առավոտյան շուտ եկեղեցի եմ գնալու, հասկանո՞ւմ ես։ Վեր կացա, մարեցի լույսը, քանի որ նա այդպես էր ցանկանում, հետո նորից պառկեցի Էլի մահճակալին։ ― Դու, ինչ է, մտադիր ես այստե՞ղ քնել, ― հարցրեց Էկլին։ Խոսք չկա, շա՜տ բարեհամբյուր տան տեր է։ Չգիտեմ։ Գուցե։ Մի՛ հուզվիր։ ― Դե ես չեմ հուզվում։ Միայն թե շատ անհարմար կլինի, եթե Էլը հանկարծ վերադառնա, տեսնի իր մահճակալին մարդ է քնած․․․ ― Հանգստացիր։ Այստեղ չեմ քնելու։ Մի՛ վախենա, չեմ չարաշահի քո հյուրասիրությունը։ Երկու րոպե անց նա արդեն խռմփացնում էր անզուսպ։ Իսկ ես պառկել էի մթության մեջ ու ջանում էի չմտածել Ջեյնի ու Ստրեյդլեյթերի մասին՝ այդ անիծյալ Էդ Բենկիի ավտոմեքենայում։ Բայց չէի կարողանում չմտածել։ Վատն այն էր, որ ես գիտեի այդ անիծված Ստրեյդլեյթերի մոտեցումը։ Դրանից ավելի վատ էի դառնում։ Մի անգամ մենք երկուսով աղջիկների հետ նստել էինք այդ Բենկիի ավտոմեքենան։ Ստրեյդլեյթերն իր աղջկա հետ նստել էր ետևում, իսկ ես՝ առջևում։ Օ՛հ, այ թե մոտեցում ուներ այդ գրողի տարածը։ Նա սկսեց այն բանից, որ պտտեցրեց իր աղջկա գլուխը մեղմ ու քնքուշ, սոսկալի անկեղծ ձայնով, կարծես ոչ միայն գեղեցիկ, այլև լավ, շիտակ մարդ է ինքը։ Սիրտս քիչ մնաց խառներ, երբ լսեցի, թե ինչպես է խոսում աղջկա հետ։ Աղջիկն անընդհատ ասում էր․ «Չէ՛, չէ՛, պետք չէ․․․ Խնդրում եմ, չէ՛։ Պետք չէ․․․» Բայց Ստրեյդլեյթերը անվերջ համոզում էր նրան։ Նրա ձայնը ասես պրեզիդենտ Լինքոլնի ձայնը լիներ, շատ անկեղծ ու ազնիվ էր հնչում, ու մեկ էլ սոսկալի լռություն տիրեց։ Սարսափելի անհարմար վիճակ էր։ Չգիտեմ, այդ անգամ նրան հաջողվեց, թե չէ։ Բայց ամեն ինչ այդ ուղղությամբ էր արվում։ Անկասկած։ Պառկել ու ջանում էի չմտածել, մեկ էլ լսեցի, որ այդ տխմար Ստրեյդլեյթերը լվացվելուց վերադարձել է մեր սենյակը։ Զգացվում էր, որ նա իր անիծյալ օճառամանն ու ատամների խոզանակմ է տեղավորում, ու բացեց պատուհանը։ Թարմ օդը պաշտում էր։ Հետո հանգցրեց լույսը։ Նույնիսկ չնայեց՝ այնտեղ եմ թե չէ։ Պատուհանից դուրս նույնպես թախծալի էր։ Ոչ մեքենա էր երևում, ոչ մի բան։ Այնպես տխուր ու միայնակ զգացի ինձ, որ որոշեցի արթնացնել Էկլիին։ ― Էյ, Է՛կլի, ― ասացի շշուկով, որպեսզի Ստրեյդլեյթերը չլսի։ Բայց Էկլին չլսեց։ ― Էյ, Է՛կլի։ ― Նա դարձյալ չլսեց։ Քնած էր մեռածի պես։ ― Էյ, Է՛կլի։ Վերջապես լսեց այս անգամ։ ― Հը, ի՞նչ պատահեց։ Հազիվ էր աչքս կպել։ ― Լսիր, ինչպե՞ս են վանք գնում, ― հարցնում եմ։ Հանկարծ մտքովս անցավ մենաստան գնալ։ ― Պետք է կաթոլի՞կ լինես, թե ոչ։ ― Իհարկե, պետք է։ Խոզի մեկն ես։ Մի՞թե դրա համար կարթնացնեն մարդուն։ ― Դե լավ, քնիր։ Միևնույն է, վանք չեմ գնա։ Ես գիտեմ ինձ, բախտս չի բերի և օրինավոր հոգևորականի չեմ հանդիպի։ Հավանաբար այնտեղ հենց միայն կրետիններ են։ Կամ պարզապես տականքներ։ Հենց որ այդ ասացի, Էկլին վեր թռավ տեղից, ասես գլխին եռացրած ջուր էին լցրել։ ― Գիտես ի՜նչ, ― ասում է, ― իմ ներկայությամբ ամեն ինչ կարող ես դուրս տալ, բայց որ փորձել ես ձեռ առնել իմ հավատը, գրողը տանի․․․ ― Հանգստացիր, ― ասում եմ, ― ոչ ոք քո հավատին ձեռք չի տալիս, գրողը տանի։ Վեր կացա ուրիշի մահճակալից, գնացի դեպի դուռը։ Այլևս չէի ցանկանում մնալ այդ հեղձուցիչ օդում։ Բայց կես ճամփին կանգ առա, բռնեցի Էկլիի ձեռքը և դիտմամբ հանդիսավոր կերպով սեղմեցի։ Նա ձեռքը խլեց։ ― Սա ի՞նչ բան է։ ― Ոչինչ։ Պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել, որ դու իսկական արքայզն ես, ուրիշ ոչինչ, ― ասացի ես, ու ձայնս այնպես անկեղծ ու ազնիվ էր։ ― Կեցցես դու, Էկլի, բալիկս, ― ասացի, ― գիտե՞ս ի՜նչ տղա ես դու։ ― Խելքիդ զոռ տուր, զոռ տուր։ Եբևէ կջարդեն գլուխդ․․․ Բայց ես բանի տեղ չդրի։ Դուռը շրխկացրի ու դուրս եկա միջանցք։ Բոլորը քնել էին, ոմանք էլ կիրակի օրով տուն էին գնցել, և միջանցքում լուռ ու թախծալի էր։ Լեգիփ ու Հոֆման դռան մոտ «Կոլինոս» ատամնամածուկի մի դատարկ տութ էր ընկած, ու դեպի սանդուղքը գնալիս ես խփում էի դրան կոշիկիս քթով, հագիս տնային մորթե մաշիկներ էին։ Սկզբում մտածեցի գնամ ցած, տեսնեմ ինչպես է ապրում իմ ծերուկը՝ Մել Բրոսարը։ Բայց մեկ էլ միտքս փոխեցի։ Հանկարծ որոշեցի ինչ պետք է անեմ։ Հենց այս րոպեին պետք է գլուխս առնեմ ու գնամ Փենսիից։ Չսպասեմ մինչև չորեքշաբթի, և վերջ։ Սոսկալի չէի ուզում մնալ այստեղ տնկված։ Շատ էի տխուր և միայնակ զգում ինձ։ Ու որոշեցի ահա թե ինչ անել․ համար վերցնել Նյու֊Յորքի որևէ հյուրանոցում, իհարկե, ոչ թանկարժեք հյուրանոցում, ու հանգիստ ապրել այնտեղ մինչև չորեքշաբթի։ Իսկ չորեքշաբթի օրը վերադառնալ տուն․ մինչև չորեքշաբթի կարգին կհանգստանամ, տրամադրությունս էլ կբարձրանա։ Հաշվում էի, որ ծնողներս իմ հեռացման մասին ծերունի Թերմերի նամակը կստանան ոչ շուտ, քան երեքշաբթի կամ չորեքշաբթի։ Չէի ցանկանում տուն վերադառնալ, մինչև նամակն ստանալն ու դրա հետ հաշտվելը։ Չէի ուզում ականատես լինել այդ ամենն առաջին անգամ կարդալուն։ Մայրս անմիջապես հիստերիկայի մեջ էր ընկնելու։ Իսկ հետո, երբ մի քիչ հնանա, արդեն ոչինչ։ Իսկ ինձ հարկավոր էր հանգստանալ։ Նյարդերս սոսկալի լարված էին։ Ազնիվ խոսք, սոսկալի։ Մի խոսքով, այդպես էլ որոշեցի։ Վերադարձա սենյակ, վառեցի լույսը, սկսեցի հավաքել իրերս։ Համարյա ամեն ինչ տեղավորել էի։ Իսկ այդ Ստրեյդլեյթերը իսկի չարթնացավ էլ։ Ծխեցի, հագնվեցի, երկու ճամպրուկներս դասավորեցի։ Երկու րոպեում դասավորեցի։ Ես շատ արագ եմ դասավորում։ Մի բան միայն տրամադրությունս գցեց։ Տեղավորեցի նաև նոր չմուշկներս, որ մայրս նախօրյակին էր ուղարկել։ Տրամադրությունս ընկավ, որովհետև պատկերացրի, թե մայրիկս ինչպես է գնացել սպորտխանութ, վաճառողին միլիոն տարօրինակ հարցեր տվել, իսկ այստեղ ինձ կրկին վտարել են դպրոցից։ Մի տեսակ տխուր էր։ Չմուշկներն էլ այն չի գնել, որն ինձ հարկավոր է, ինձ վազքային է հարկավոր, իսկ նա գնել է հոկեյի, բայց միևնույն է, տրամադրությունս ընկավ։ Միշտ այդպես է ստավում՝ ինձ նվեր են տալիս, իսկ տրամադրությունս դրանից ընկնում է։ Ամեն ինչ տեղավորեցի, նորից հաշվեցի փողս։ Չեմ հիշում կոնկրետ որքան էր, բայց բավական շատ էր։ Հենց անցյալ շաբաթ էր տատիկս փող փոխանցել ինձ։ Մի տատիկ ունեմ, որ փողը չի խնայում։ Ճիշտ է, խելքն այնքան էլ տեղը չէ․ հարյուր տարեկան է նա և տարին մի չորս անգամ ծննդյանս կապակցությամբ փող է ուղարկում ինձ։ Ու թեև բավականին փող ունեի, այնուամենայնիվ, մտածեցի, որ մի ավելորդ դոլարը փոր չի ծակի։ Գնացի միջանցքի ծայրը, արթնացրի Ֆրեդերիկ Ուդրոֆին, այն տղային, որին փոխարինաբար տվել էի գրամեքենաս։ Հարցրի, թե որքան կտա գրամեքենայիս դիմաց։ Նա հարուստներից էր։ Ասաց՝ չգիտեմ։ Ասաց՝ մտադիր չէ գնել։ Բայց, այնուամենայնիվ, գնեց։ Գրամեքենան արժեր մոտ իննսուն դոլար, իսկ նա գնեց քսանով։ Դեռ բարկացավ էլ, որ արթնացրի իրեն։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, վերցրի ճամպրուկներս և ինչ֊որ հարկավոր էր, կանգ առա սանդուղքի մոտ ու հրաժեշտի համար նայեցի մեր միջանցքին։ Կարծեմ՝ լաց եղա։ Ինքս էլ չգիտեմ ինչու։ Հետո որսորդական գլխարկս դրեցի իմ սիրած ձևով՝ հովարը դեպի ետ, ու կոկորդովս մեկ գոռացի․ ― Բարի գիշեր, կրետիննե՜ր։ Գրազ կգամ, որ արթնացրի բոլոր այդ պնակալեզներին։ Հետո ցած վազեցի աստիճաններով։ Տխմարի մեկը մի ինչ֊որ ընկույզի կեղև էր գցել ոտքի տակ, ու ես քիչ մնաց կոտրեի վիզս և գրողի ծոցը գնայի։
Ադմին, Վստահելի
1876
edits