Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
-Հըմ հում, ահա և ես,- ասաց նա: -Երևի հոգնել եք հա՞, անհամբեր եք: Վախենում եմ, որ մի քիչ էլ պետք է համբերեք, ավելի ճիշտ ևս մի այսքան, կամ նույնիսկ ավելի շատ: Կան էնտեր, որոնք Իզենգարդից շատ հեռու են ապրում: Պետք է նրանց հետ ևս քննարկել գործը և առհասարակ ես առավոտյան ոչ բոլորին եմ հասցրել տեսնել ու զգուշացնել: Երբ բոլորը տեղյակ կլինեն, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք: Չնայած ժամանակը ավելի շատ պետք է խոսալու, բացատրելու համար, որոշումը մենք արագ ենք կայացնում: Այնպես որ պատրաստ եղեք, այսօր էնտմութը չի վերջանալու: Ըստ երևույթին մենք դեռ մի երկու օր էլ կզրուցենք: Որպեսզի չձանձրանաք, ես ձեզ համար ընկեր եմ բերել: Նա մոտակայքում է ապրում: Նրա էլֆերեն անունը Բրեգալադ է: Նա ասում է, որ արդեն որոշում է կայացրել և քննարկելու էլ ոչինչ չունի: Հըմ, հմ: Նա երևի ամենաշտապողական էնտն է անտառում: Համոզված եմ, որ կընկերանաք նրա հետ: դե՛հ, ցտեսություն: -Եվ Ծառմորուսը հեռացավ:
Բրեգալադը հանդիսավոր ու լրջորեն զննում էր հոբիթներին, որոնք էլ իրենց հերթին նայում էին էնտին, մտածելով, թե երբ նա կարտահայտի իր «շտապօղականությունը»: Հոբիթների նոր ընկերը բարձրահասակ էր, և ըստ երևույթին ավելի երիտասարդ սերնդի էնտերից էր: Նրա ձեռքերի կեղևը հարթ էր ու փայլուն, շրթունքները ալ կարմիր էին, մազերը մոխրա-կանաչ: Նա կարողանում էր առանց դժվարության ճկվել յուրաքանչյուր ուղղությամբ, ինչպես բարակ ծառն է քամուց ճկվում: Վերջապես էնտը խոսեց: Նրա ձայնը զրգուն էր ինչպես Ծառմորուսինը, միայն թե ավելի բարակ ու ավելի բարձր: -Հա, հըմ, բարեկամներս, եկեք գնանք զբոսնենք,- առաջարկեց նա: -Ես Բրեգալադն եմ, կամ ձեր լեզվով Արագամիտ: Դա իհարկե մականուն է, ոչ թե անուն: Ինձ այդպես են անվանում այն օրվանից, երբ պատասխանեցի «այո՛» մեր ծերերից մեկին, չհասցնելով մինչև վերջ լսել նրա հարցը: Բայց ես նաև մնացածներից արագ եմ խմում: Պատահում է, որ մինչ նրանք կհասցնեն թրջել մորուքները, ես արդեն շրթունքներս եմ մաքրում: Մի խոսքով, եկե՛ք ինձ հետ: Նա կռացավ և երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտը ուրախ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր ու ջուր ցայտեցնում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր՝ լսելով թավուտից եկող հոբիթներին անհասկանալի շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել: Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո խիտ կանաչի մեջ պառկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը(էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի):