Changes
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
-Վերջապե՛ս,- գոչեց հետքագետը, գետնից բարձրացնելով ճմրթված, կիսաչորացած, մեծ շագանակա-ոսգեգույն տերևը: -Սա լորիենյան մալլորնի տերևն է, վրան փշրանքներ կան, տեսնու՞մ եք: Խոտերի մեջ էլ փշրանքներ կան: Իսկ սա ի՞նչ է: Տեսե՛ք, կտրտված պարաններ:
-Եվ դանակ, որով կտրատել են պարանները,- Ավելացրեց Ջիմլինդուրս քաշելով մինչև կոթը հողի մեջ խրված ատամնավոր դանակը: Գտնվեց նաև պատյանը: -Օրքի դանակ է,- որոշեց նա,- զզվանքով բռնելով կոթից, որն ուներ այլանդակ, ծուռ աչքերով, հեգնալից քմծիծաղը բերանին գլխի տեսք: -Ախր սա հանելուկների հանելուկն է,- բացականչեց Լեգոլասը: -Եվ այսպես, ոտ ու ձեռը կապկպված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում բոլորի աչքի առաջ և օրքի դանակով ազատվում կապանքներից: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապկպված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: իսկ եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ եթե նա ընդհանրապես կապկպված չի եղել, այդ դեպքում այս պարանները ինչի՞ համար են: Լավ, ենթադրենք նա այս ամենը արել է, բա հետո՞: Աղավնյակը իրենից գոհ նստում է խոտին ու առանց շտեպելու լեմբաս ծամում: Անմիջապես զգացվում է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Առանց լորիենյան տերևի էլ ամեն ինչ պարզ է: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն պետք է թռչել սովորել: -Կախարդանք է,- եզրափակեց Ջիմլին: -Այն ծերունին հենց այնպես չէր այստեղ թափառում: Ի՞նչ կասես Արագո՛րն, գուցե ինչ որ մի բան ավելացնե՞ս: -Այո, կփորձեմ,- ժպտաց հետքագետը: -Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, բայց դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել և նրա ձեռքերը, կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Մի քիչ այն կողմ արյուն է թափված՝ օրքի արյուն: Եվ բացի այդ հեծյալները ինչ որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականը զգեստավորված է էլֆական թիկնոցով: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել, և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեբեռ չի ունեցել, ըստ երևույթին Լեմբասը գրպանում է եղել, հմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան... -Բայց ինչպե՞ս է նա կարողացել ձեռքերն ազատել,- հարցրեց Ջիմլին: -Ինչը չգիտեմ չեմ կարող ասել,- պատասխանեց Արագորնը: -Չգիտեմ նաև այն, թե ինչու է օրքը նրան քարշ տվել այստեղ, հաստատ ոչ փրկելու նպատակով: Այնուամենայնիվ ամեն ինչ քիչ-քիչ բացահայտվում է: Ես վաղուց եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչու օրքերը Բորոմիրին սպանելուց հետո Մերիին ու փինին ձեռք չեն տվել: Եվ հետո նրանք հանգիստ կարող էին հարձակվել մեր ճամբարի վրա, բայց նախնտրել են արագ հեռանալ: Գուցե նրանք որոշել են, որ գերեվարել են մատանու պահապանին և նրա ծառայի՞ն: Չնայած դժվար... դժվար թե տերերը այդպիսի կարևոր գաղտնիքը վստահեին նրանց: Օրքերը հուսալի արարածներ չեն: Կարծում եմ նրանց ուղղակի հրամայված է եղել ամեն գնով գերեվարել հոբիթներին և հասցնել տեղ կենդանի վիճակում: Դե, իսկ օրքերից մեկը որոշել է մարտից առաջ ծլկել թանկարժեք ավարի հետ միասին: Դավաճանության հոտ է գալիս, բայց դա նրանց արյան մեջ է, զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար ինչ որ մի հանդուգն օրք որոշել է միայնակ տիրել խոստացված պարգևներին, կամ գուցե այլ պլաններ է ունեցել...