Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,– սկսեց նա: –Այնտեղ, որտեղ նա դուրս է գալիս կիրճի ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում՝ կանաչ մարգագետնում, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ Դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է, երևի ռոհանցիները դեռ քնած են:
–Ամրոցն անվանվում է Էդորաս,– ասաց Գենդալֆը,– իսկ ոսկե ապարանքը Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը, Թենգելի որդին, ռոհանցիների թագավորը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է բայց այնուամենայնիվ զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում, և ինչ էլ որ մեզ հեռվից թվա՝ Ռոհիրրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք, հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ: Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և ճանապարհը հատելով գնում էր դեպի արևելք՝ միանալու Էնտվեյին, որի ափերը ծածկված էին եղեգներով: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռենիներով: Այս հարավային երկրում նրանց ճյուղերի ծայրերը արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին գետը անցնում էին ծանծաղուտով, դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը մտավ քարերով պատնեշված բլրի ստորոտը, և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով: Նրանց արևմտյան լանջերը ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով: –Տեսեք ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,– ասաց Գենդալֆը ձեռքով ծաղիկները ցույց տալով: –Նրանց Հավերժահուշ են ասում, կամ այստեղի լեզվով Սիմբելմինե: Այդ ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները: –Յոթ գերեզմանաթումբ ձախից և իննը աջից,– հաշվեց Արագորնը: –Այն ժամանակվանից, ինչ կառուցվել է Ոսկե ապարանքը, շատ սերունդներ են հեռացել աշխարհից: -Մեզ մոտ՝ Սև անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ ծառերից թափվել են կարմիր տերևները,– ասաց Լեգոլասը,– Բայց մեզ համար դա մեծ ժամկետ չէ: –Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,– առարկեց Արագորնը: –Այն ժամանակներից, երբ կառուցում էին այս ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող նրանց ազգակիցների համար: –Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ որ երգ երգել՝ Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց երաժշտությունը նրանց դուր եկավ: –Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,– ասաց Լեգոլասը: –Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ՝ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց նրա մեջ ինչ որ թախիծ կա՝ միայն մահկանացուներին բնորոշ... –Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,– ասաց Արագորնը,– բայց չգիտեմ կստացվի՞ արդյոք: