Changes
/* Գլուխ VI։ Մի նոր գիտություն */
== Գլուխ VI։ Մի նոր գիտություն ==
Տեսնելով մոտեցող Ուիդոն Սքոթին՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց. հասկացրեց, որ չի հանդուրժի իր դատաստանը տեսնեն։ Այն պահից, ինչ նա կծեց Սքոթի ձեռքը, որը հիմա վիրակապված էր ու վզից կախ, անցել էր մի օր։ Սպիտակ Ժանիքը հիշում էր, որ աստվածները երբեմն հետաձգում են պատիժը, և հիմա սպասում էր իր զանցանքի հատուցմանը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Սրբապղծություն էր կատարել նա՝ ատամներր կոխել էր աստծու, այն էլ սպիտակամորթ աստծու սրբազան մարմնի մեջ։ Ըստ փորձի, որ մնացել էր նրա մեջ աստվածների հետ շփվելուց, Սպիտակ Ժանիքը գիտեր, թե ինչպիսի խիստ պատիժ է սպառնում իրեն։
Աստվածը նստել էր նրանից մի քանի քայլ հեռու։ Դրա մեջ դեռ ոչ մի սարսափելի բան չկար. նրանք սովորաբար կանգնած են պատժում։ Բացի դրանից, այս աստվածը ո՛չ մահակ ուներ, ո՛չ մտրակ, ո՛չ էլ հրացան, և հենց ինքը՝ Սպիտակ Ժանիքն էլ կապված չէր։ Ոչ մի բան չէր կաշկանդում նրան՝ ո՛չ շղթան, ո՛չ էլ փայտին ամրացված փոկը. այնպես որ ինքը կարող է փախչել ազատվել ավելի շուտ, քան աստվածը վեր կենալու ժամանակ կունենա։ Իսկ հիմա պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի հետո։
Աստվածը նստել էր բոլորովին հանգիստ՝ տեղից վեր կենալու փորձ չանելով, և Սպիտակ Ժանիքի չարամիտ մռնչոցը աստիճանաբար վերածվեց խուլ գռմռոցի, հետո Էլ գռմռոցը դադարեց։ Աստվածն սկսեց խոսել և նրա ձայնի առաջին իսկ հնչյուններից Սպիտակ Ժանիքի վզակոթը փշաքաղվեց և կոկորդից դարձյալ քլթքլթոց լսվեց։ Բայց աստվածը շարունակում Էր խոսել նույն անխռովությամբ առանց որևէ խիստ շարժում կատարելու։ Սպիտակ Ժանիքը մռնչում էր նրա ձայնին համահնչյուն, այնպես որ բառերի ու մռնչոցի միջև համաչափ ռիթմ ստեղծվեց։ Սակայն մարդու խոսքը հորդում էր անվերջ։ Նա այնպես էր խոսում, ինչպես երբեք ոչ ոք չէր խոսել Սպիտակ Ժանիքի հետ։ Մեղմ, հանգստացնող բառերից քնքշանք էր լսվում, և այդ քնքշանքը ինչ-որ արձագանք էր առաջացնում Սպիտակ ժանիքի մեջ։ Ակամա, հակառակ բնազդի բոլոր նախազգուշացումներին՝ նա վստահություն զգաց իր նոր աստծու հանդեպ։ Նրա մեջ սկիզբ առավ սեփական անվտանգության հավատը, մի բան, որից քանի անգամ ստիպված էր եղել տարհամոզվել մարդկանց հետ շփվելիս։
Աստվածը խոսեց երկար, հետո էլ վեր կացավ ու գնաց։ Իսկ երբ նորից երևաց տնակի շեմքին, Սպիտակ Ժանիքը կասկածամտորեն զննեց նրան։ Նրա ձեռքին ո՛չ մտրակ կար, ո՛չ փայտ, ո՛չ էլ զենք։ Եվ նրա առողջ ձեռքը հետևը չէր։ Նա նստեց նույն տեղը՝ Սպիտակ Ժանիքից մի քանի քայլ հեռու և միս պարզեց նրան։ Սպիտակ Ժանիքը ականջները տնկեց, անվստահ նայեց մսին՝ միաժամանակ և՛ դրան, և՛ աստծուն նայելու հնարը գտնելով, և պատրաստվեց մի կողմ նետվել վտանգի առաջին իսկ նշույլը նկատելիս։
Սակայն պատիժը դեռևս հետաձգվում էր։ Աստվածը ուտելիք էր պարզում նրան, և ուրիշ ոչինչ։ Միսը միս էր և ոչ մի սարսափելի բան չէր պարունակում։ Բայց Սպիտակ ժանիքը դեռ տարակուսում էր ու պարզված միսը չվերցրեց, թեև Սքոթի ձեռքը ավելի ու ավելի էր մոտենում նրա քթին։ Աստվածներն իմաստուն են. ի՞նչ իմանաս, թե ինչ նենգություն կա արտաքուստ անվտանգ այդ մսի տակ։ Իր նախկին փորձով, մանավանդ երբ հարկ էր եղել գործ ունենալ կանանց հետ, Սպիտակ Ժանիքը գիտեր, որ միսն ու պատիժը ամենուրեք սերտ ու անախորժ կապ ունեին իրար հետ։
Վերջ ի վերջո աստվածը միսը գցեց ձյան վրա, Սպիտակ Ժանիքի ոտքերի մոտ։ Սա մանրակրկիտ հոտոտեց մսի կտորը առանց նայելու դրան, որովհետև աչքերը հառել էր աստծուն։ Ոչ մի վատ բան տեղի չունեցավ։ Այնժամ նա միսն առավ բերանն ու կուլ տվեց։ Բայց այս դեպքում էլ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ Աստվածը մի այլ կտոր առաջարկեց։ Եվ երկրորդ անգամ էլ Սպիտակ Ժանիքը հրաժարվեց նրա ձեռքից ընդունել դա, և կրկին աստվածը միսը նետեց ձյան վրա։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ Բայց եկավ այն պահը, երբ աստվածը հրաժարվեց նետել միսը։ Նա պահում էր դա ձեռքում և համառորեն առաջարկում Սպիտակ Ժանիքին միսը իր ձեռքից վերցնել։
Համեղ էր միսը, իսկ Սպիտակ Ժանիքը քաղցած էր։ Քիչ֊քիչ, մեծագույն զգուշությամբ նա մոտ եկավ և վերջապես սիրտ արեց ընդունել դա մարդու ձեռքից։ Առանց աչքը աստծուց կտրելու Սպիտակ Ժանիքը պարզեց վիզը, իջեցրեց ականջները, վզակոթի մազերը փշաքաղվեցին, կոկորդից լսվեց խուլ մռնչյուն, որպես մի տեսակ նախազգուշացում մարդուն, թե հիմա կատակներն անտեղի են։ Սպիտակ Ժանիքը կերավ միսը, ու ոչինչ չպատահեց իրեն։ Եվ այդպես քիչ֊քիչ Նա կերավ ամբողջ միսը, և այնուամենայնիվ ոչինչ չպատահեց իրեն։ Ուրեմն պատիժը հետաձգվում էր։
Սպիտակ Ժանիքը լիզեց շրթունքները և սպասեց իմանալու, թե ինչ կլինի հետո։ Աստվածը շարունակում էր խոսել։ Նրա ձայնի մեջ փաղաքշանք կար, մի բան, որի մասին Սպիտակ Ժանիքը մինչև հիմա ամենևին պատկերացում չուներ։ Եվ այդ փաղաքշանքը նրա մեջ հարուցում էր մինչև հիմա անծանոթ զգացողություններ։ Տարօրինակ անդորր զգաց նա, կարծես ինչ֊որ պահանջ էր բավարարվում, ինչ֊որ դատարկություն էր լցվում նրա էության մեջ։ Հետո կրկին զարթնեց բնազդը, և նախորդ փորձը դարձյալ նախազգուշացում ուղարկեց նրան։ Աստվածները խորամանկ են. դժվար է գուշակել, թե ինչ միջոց կընտրեն իրենց նպատակներին հասնելու համար։
Հենց ա՜յդ է, որ կա։ Նենգ ձեռքը ավելի ու ավելի առաջ է մղվում ու իջնում իր գլխի վերևում։ Բայց աստվածը շարունակում է խոսել։ Նրա ձայնը հնչում է մեղմ ու հանգստացևող։ Չնայած այն սպառնալիքին, որ ձեռքից է սպասվում, ձայնը վստահություն է ներշնչում։ Ու չնայած ձայնի մեղմությանը, ձեռքը վախ է ներշնչում։ Սպիտակ Ժանիքի մեջ պայքարում էին հակադիր զգացումներ և զգացողություններ։ Թվում էր, թե նա անշունչ կփռվի գետնին պատառ-պատառ լինելով թշնամու ուժերից, որոնցից ոչ մեկը գերազանցություն չէր ստացել այդ պայքարում միայն այն պատճառով, որ ինքը անհավատալի ճիգ էր թափել դրանք զսպելու համար։
Եվ Սպիտակ Ժանիքը գործարք կնքեց իր հետ. մռնչում էր՝ ականջները գլխին սեղմած, բայց չէր փորձում ո՛չ կծել Սքոթին, ո՛չ էլ փախչել նրանից։ Ձեռքն իջնում էր. նրա ու Սպիտակ Ժանիքի գլխի միջև եղած տարածությունը հետզհետե պակասում էր։ Ահա նա դիպավ փշաքաղված մազերին։ Սպիտակ Ժանիքը սեղմվեց գետնին։ Ձեռքն էլ հետևեց նրան՝ ավելի ու ավելի սեղմվելով։ Կծկված, համարյա թե դողահար, նա դեռ զսպում էր իրեն։ Նա տանջվում էր իր բնազդները բռնադատող այդ ձեռքի հպումից։ Չէր կարող մեկ օրվա մեջ մոռանալ այն ամբողջ չարիքը, որ պատճառել էին նրան մարդկային ձեռքերը։ Բայց այդպես էր աստծու կամքը, և ամեն ինչ արեց նա, որպեսզի ստիպի իրեն ենթարկվելու այդ կամքին։
Ձեռքը բարձրացավ ու նորից իջավ՝ փաղաքշելով ու շոյելով նրան։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ, սակայն բավական էր, որ ձեռքը բարձրանա, որպեսզի բարձրանան նաև Սպիտակ Ժանիքի մեջքի մազերը։ Եվ ամեն անգամ, երբ իջնում էր ձեռքը, նրա ականջները սեղմվում էին գլխին, և կոկորդում սկսում էր քլթքլթալ մռնչյունը։ Սպիտակ ժանիքը մռնչում էր՝ նախազգուշացնելով աստծուն, թե պատրաստ է վրեժ լուծել իրեն հասցված ցավի համար։ Ի՜նչ իմանաս, թե երբ երևան կգան աստծու իսկական մտադրությունները։ Ուզած րոպեին նրա մեղմ, այդպիսի վստահություն ներշնչոդ ձայնը կարող է վերածվել ցասումնալից ճիչի, իսկ այղ քնքուշ, շոյող մատները կսեղմվեն աքցանի նման և Սպիտակ ժանիքին կզրկեն պատժին դիմադրելու ամեն մի հնարավորությունից։
Սակայն աստծու խոսքերը առաջվա պես փաղաքշական էին, իսկ նրա ձեռքը նույն ձևով բարձրանում ու նորից էր ղիպչում Սպիտակ Ժանիքին, և այդ հպումների մեջ ոչ մի թշնամական բան չկար։ Սպիտակ ժանիքը երկու տեսակ բան էր զգում։ Բնազդը ըմբոստանում էր այդպիսի վերաբերմունքի դեմ, նեղում էր նրան, խոտոր էր նրա աղատ լինելու ձգտումին։ Եվ այնուամենայնիվ ֆիզիկական ցավ չէր զգում, ընդհակառակը, այդ հպումները նույնիսկ հաճելի էին։ Քիչ-քիչ աստծու ձեռքը մոտեցավ նրա ականջներին և սկսեց զգուշությամբ քորել դրանք, կարծես թե հաճելի զգացողությունը նույնիսկ սաստկացավ։ Բայց Սպիտակ ժանիքը դեռ վախենում էր. առաջվա պես աչալուրջ էր, սպասում էր մի որևէ վատ բան և մերթ տառապանք էր զգում, մերթ հաճույք, նայած, թե այդ երկու զգացումներից որ մեկն էր գերիշխում։
— Պա՜հ, գրո՛ղը տանի։
Այս խոսքը պոռթկաց Մեթի բերանից։ Նա թևերը քշտած՝ դուրս էր գալիս խրճիթից, բռնած կեղտաջրի կոնքը և ուզում էր շրմփացնել ձյան վրա, երբ մեկ էլ տեսավ, որ Ուիդոն Սքոթը շոյում է Սպիտակ Ժանիքին։
Նրա, ձայնի առաջին իսկ հնչյունները լսելով, Սպիտակ ժանիքը ետ նետվեց ու սկսեց վայրագ մռնչալ։
Մեթը նայեց իր տիրոջը, գլուխն օրորեց հավանություն չտալով և սրտամորմոք ձևով։
— Ներեցեք խնդրեմ, մի՛ստր Սքոթ, բայց, աստվա՜ծ վկա, ձեր մեջ առնվազն տասնյոթ հիմար կա, և ամեն մեկը գործում է իր ձևով։
Ուիդոն Սքոթը ժպտաց գերազանցություն ունեցողի ձևով, վեր կացավ ու կռացավ Սպիտակ Ժանիքի վրա։ Քաղցրությամբ խոսեց նրա հետ, հետո դանդաղ պարզեց ձեռքը ու դարձյալ սկսեց շոյել գլուխը։ Սպիտակ ժանիքը համբերությամբ տանում էր այդ շոյանքը, բայց նայում էր, նայում ակնասևեռ, ոչ թե նրան, ով շոյում էր իրեն, այլ խրճիթի դռանը կանգնած Մեթին։
— Գուցե և դուք դառնաք առաջնակարգ ինժեներ, մի՛ստր Սքոթ,— ճամարտակում էր սահնակավարը,— բայց ես կարծում եմ, թե շատ բան եք դուք կորցրել կյանքում. մանկություն տարիներին պետք է փախչեիք տնից ու ընդունվեիք կրկես։
Լսելով Մեթի ձայնը՝ Սպիտակ Ժանիքը մռնչաց, բայց այս անգամ արդեն չփախավ իր գլուխն ու վիզը քնքշագին շոյող ձեռքից։
Եվ սա նախկին կյանքի վերջանալու սկիզբն էր, առաջվա ատելության թագավորության վերջանալու սկիզբը։ Սպիտակ Ժանիքի համար սկսվեց մի նոր, անըմբռնելի գեղեցիկ կյանք։ Այս գործում Ուիդոն Սքոթից պահանջվում էր մեծ համբերություն ու խելք։ Իսկ Սպիտակ Ժանիքը պետք է հաղթահարեր բնազդի թելադրանքները, սեփական փորձին հակառակ ընթանար, հրաժարվեր այն ամենից, ինչ կյանքն էր սովորեցրել նրան։
Անցյալը ոչ միայն չէր պարփակում այն նորը, ինչ հարկ եղավ իմանալ հիմա, այլև բացասում էր այդ նորը։ Կարճ ասած՝ Սպիտակ Ժանիքից պահանջվում էր շրջապատի իրադրությունն ըմբռնելու անհամեմատավելի մեծ հմտություն, քան այն, որով եկել էր հեռավոր Հյուսիսից և հոժարակամ ենթարկվել Գորշ Ջրշունի իշխանությանը։ Այն ժամանակ նա ոչ այլ ինչ էր, եթե ոչ լակոտ, որ դեռ չէր կազմավորվել ու պատրաստ էր ուզած ձևն ընդունել կյանքի ձեռքերի տակ։ Բայց հիմա ամեն ինչ այլ կերպ էր ընթանում։ Նախկին կյանքը շատ եռանդագին էր մշակել Սպիտակ Ժանիքին, դաժանացրել էր նրան, վերածել մի վայրագ, անզուսպ մարտական գայլի, որը երբեք չէր սիրել և ոչ էլ ուրիշի սերն էր վայելել։ Նրա համար վերածնվելը նշանակում էր անցնել ներքին կատարյալ հեղաշրջման միջով, դեն նետել նախկին բոլոր սովորույթները, և սա պահանջվում էր նրանից հիմա, երբ երիտասարդությունն անցել էր, երբ ճկունությունը կորսված էր և փափուկ հյուսվածքը անխորտակելի ամրություն էր ստացել, դարձել էր կոշտ ու երկաթի պես չհարմարվող, իսկ բնազդը մի անգամ ընդմիշտ սահմանել էր վարքի օրենքներն ու պահանջները։
Եվ այնուամենայնիվ նոր իրադրությունը, ուր ընկավ Սպիտակ Ժանիքը, նորից ձեռնամուխ եղավ նրա մշակմանը. դա մեղմացնում էր նրա դաժանությունը, կերտում էր նրանից մի այլ, ավելի կատարյալ ձև։ Ըստ էության ամեն ինչ կախված էր Ուիդոն Սքոթից. նա հասավ Սպիտակ Ժանիքի խառնվածքի խորքերը և փաղաքշանքով կենդանացրեց այն բոլոր զգացմունքները, որ նիրհում էին և արդեն կիսով չափ խլացել էին նրա մեջ։ Այսպես Սպիտակ Ժանիքն իմացավ, թե ինչ բան է սերը: Սերը գրավեց _հակման_՝ աստվածների հետ շփվելու դեպքում իրենց մատչելի ամենսւջերմ զգացմունքի տեղը։
Բայց սերը չի կարող գալ մեկ օրվա մեջ։ Սկիզբ առնելով հակումից՝ նա զարգանում էր խիստ դանդաղ։ Սպիտակ Ժանիքը հավանում էր իր նոր ձեռք բերած աստծուն ու չէր փախչում նրանից, թեև ամբողջ ժամանակ ազատ էր։ Նոր աստծու մոտ ապրելը անհամեմատ ավելի լավ էր, քան թե Սիրուն Սմիթի վանդակում, բացի դրանից, Սպիտակ Ժանիքը չէր կարող ապրել առանց աստվածության։ Նրա համար անհրաժեշտություն էր դարձել իր վրա մարդու իշխանությունն զգալը։ Մարդուց կախված լինելու կնիքը մնացել էր Սպիտակ Ժանիքի վրա այն հեռավոր օրերից, երբ նա լքեց հեռավոր Հյուսիսը և սողաց Գորշ Ջրշունի ոտքերի մոտ՝ հլու֊հնազանդ սպասելով ծեծի։ Այս անջինջ կնիքը դարձյալ դրվեց նրա վրա, երբ երկրորդ անգամ վերադարձավ հյուսիսից՝ սովից հետո և ձկան հոտ առավ Գորշ Ջրշունի ավանում։
Եվ Սպիտակ Ժանիքը մնաց իր նոր տիրոջ մոտ, որովհետև չէր կարող ապրել առանց աստվածության և որովհետև Ուիդոն Սքոթը Սիրուն Սմիթից լավ էր։ Ի նշան երախտագիտության՝ նա ստանձնեց պահապանի պարտականությունը տիրոջ ունեցվածքի նկատմամբ։ Ման էր գալիս խրճիթի շուրջը, երբ լծկան շներն արդեն քնել էին, և Սքոթի առաջին իսկ ուշացած հյուրը ստիպված էր պաշտպանվել նրանից այնքան ժամանակ, մինչև օգնության հասներ տերն ինքը։ Բայց շուտով Սպիտակ ժանիքն սկսեց գողերին տարբերել ազնիվ մարդկանցից, հասկացավ, թե որքան մեծ նշանակություն ունի վարքն ու քայլվածքը։ Այն մարդուն, որը հաստատաքայլ զալիս էր ուղիղ դեպի դուռը, նա ձեռք չէր տալիս, թեև չէր դադարում ակնասևեռ նրան հետևելուց, մինչև որ դուռը բացվեր և այցելուի բարեհուսությունը հաստատեր տան տերը։ Բայց այն, որ մոտենում էր գաղտագողի, կողմնային ուղիներով, ջանալով, որ իրեն չտեսնեն, Սպիտակ Ժանիքից չէր ազատվի, ուստի և անմիջապես դիմում էր հապճեպ ու խայտառակ փախուստի։
Ուիդոն Սքոթը որոշեց վարձատրել Սպիտակ Ժանիքին այն ամենի համար, ինչ սա ստիպված էր եղել կրել, ավելի ճիշտը քավել այն մեղքերը, որոնց համար մարդը հանցավոր էր նրա առաջ։ Դա սկզբունքի, խղճի հարց դարձավ Սքոթի համար։ Նա զգում էր, որ մարդիկ պարտք ունեն Սպիտակ ժանիքին, և պետք է վճարել այդ պարտքը, ուստի և ջանում էր ըստ հնարավորին ավելի շատ քնքշանք ցուցաբերել Սպիտակ Ժանիքի հանդեպ։ Եվ իր համար կանոն դարձրեցհ ամեն օր երկար ժամանակ շոյել ու գուրգուրել նրան։
Սկզբնական շրջանում այդ փաղաքշանքը միայն կասկած ու թշնամանք էր առաջացնում Սպիտակ ժանիքի մեջ, բայց քիչ֊քիչ նա սկսեց հաճույք զգալ դրանից։ Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը իր մի սովորույթից չկարողացավ ոչ մի կերպ հրաժարվել. հենց որ մարդու ձեռքը դիպչում էր նրան, սկսում էր մռնչալ ու ձայնը չէր կտրում, մինչև Սքոթը չհեռանար։ Բայց այդ մռնչյունի մեջ երևան եկան նոր շեշտեր։ Կողմնակի մարդը չէր զգա դրանք, նրա համար Սպիտակ ժանիքի մռնչոցը առաջվա պես մնացել էր սկզբնական վայրենության արտահայտությունը, որից մարդու արյունը ւառչում է երակներում։ Այն հեռավոր օրերից, երբ Սպիտակ ժանիքը մոր հետ ապրում էր անձավում և ցասման աոաջին նոպաները համակում էին նրան, նրա կոկորդը մռնչալուց կոպտացել էր, և նա արդեն չէր կարող այլ կերպ արտահայտել իր զգացմունքները։ Այնուամենայնիվ Սքոթի նուրբ լսողությունը այդ վայրագ մռնչյունի մեջ տարբերում էր նոր շեշտեր, որոնք միայն նրան հազիվ լսելի ասում էին, թե շունը հաճույք է զգում։
Ժամանակն անցնում էր, և _հակումից_ սկիզբ առած սերը հետզհետե ավելի էր ամրանում։ Սպիտակ Ժանիքն ինքը սկսեց զգալ դա, թեկուզ և անգիտակցաբար։ Սերն իրեն զգալ էր տալիս այն դատարկության զգացողությամբ, որը համառորեն պահանջում էր լցնել։ Սերն իր հետ բերեց ցավ ու տագնապ, որոնք հանդարտվում էին միայն նոր աստծու ձեռքի հպումից։ Այդ րոպեներին սերը դառնում էր Սպիտակ Ժանիքի ամբողջ էությունը համակող ուրախություն։ Սակայն բավական էր, որ աստվածը հեռանար, որպեսզի վերադառնային ցավն ու տագնապը, և կրկին Սպիտակ Ժանիքին համակում էր դատարկության զգացողություն, տիրաբար հագեցում պահանջող քաղցի զգացողությունը։
Սպիտակ Ժանիքն աստիճանաբար գտնում էր իրեն։ Չնայած նրա հասուն տարիքին, չնայած ձևի խստությանը, որով ձուլել էր նրան կյանքը, նրա բնավորության մեջ առաջանում էին նորանոր գծեր։ Նրա մեջ ծնունդ էին առնում անսովոր զգացմունքներ ու մղումներ։ Հիմա Սպիտակ Ժանիքը բոլորովին այլ կերպ էր պահում իրեն։ Առաջ նա ատում էր անհարմարություններն ու ցավը և ամեն կերպ ջանում էր խուսափել դրանցից։ Հիմա ամեն ինչ փոխվել էր, ի սեր նոր աստծու Սպիտակ Ժանիքը հաճախ հանդուրժում էր անհարմարություններն ու ցավը։ Օրինակ՝ առավոտները փոխանակ թափառելու և սնունդ ճարելու կամ թե մի մեկուսի տեղ պառկելու, ժամեր շարունակ անց էր կացնում սառը անդաստակի վրա և սպասում Սքոթի երևալուն։ Ուշ երեկոյան, երբ սա վերադառնում էր տուն, Սպիտակ Ժանիքը դուրս էր գալիս ձնակույտի մեջ փորված տաքուկ բնից, որպեսզի զգա բարեկամական ձեռքի հպումը, լսի քաղցր խոսքեր։ Նա մոռանում էր ուտելիքը, նույնի՜սկ ուտելիքը, միայն թե մի քիչ մնա աստծու հետ, նրանից փաղաքշանք ստանա և կամ թե նրա հետ գնա քաղաք։
Եվ ահա հակումը տեղը զիջեց սիրույն։ Սերը նրա մեջ շարժեց այնպիսի խորություններ, ուր հակումը երբեք չէր թափանցել։ Սիրո համար Սպիտակ ժանիքը վճարում էր սիրով։ Նա ձեռք էր բերել աստվածություն, լուսաշող մի աստվածություն, որի ներկայությամբ փթթում էր, ինչպես բույսը արևի ճառագայթների տակ։ Սպիտակ ժանիքը չէր կարողանում արտահայտել իր զգացումները. այլևս երիտասարդ չէր և դրա համար շատ էր խստաբարո։ Մշտական մենակությունը զսպվածություն էր մշակել նրա մեջ։ Նրա մռայլ բնավորությունը երկարամյա փորձի հետևանք էր։ Նա չէր կարողանում հաչել և արդեն չէր կարող սովորել հաչելով ողջունել իր աստծուն։ Նա երբեք չէր տնկվում նրա աչքի աոաջ, իրար չէր անցնում, ոչ էլ թռվոում իր սերն ապացուցելու համար. երբեք չէր վազում ընդառաջ, այլ սպասում էր մի կողմ քաշված, բայց միշտ էլ սպասում էր։ Այդ սերը հասնում էր համր, լռիկ պաշտամունքի աստիճանի։ Տիրոջ ամեն մի շարժուձևին հետևող աչքերն էին միայն, որ մատնում էին Սպիտակ ժանիքի զգացումները։ Իսկ երբ տերն էր նայում նրան ու խոսում հետը, նա շփոթվում էր ու չէր իմանում ինչպես արտահայտի իր ամբողջ էությունը համակած սերը։
Սպիտակ ժանիքն սկսում էր հարմարվել նոր կյանքին։ Այդպես նա հասկացավ, որ տիրոջ շներին դիպչել չի կարելի։ Սակայն նրա ազդեցիկ բնավորությունը ցույց էր տալիս իրեն, և շները ստիպված եղան գործնականում համոզվել, թե որքան գերազանց է իրենց նոր առաջընթացիկը։ Ընդունելով նրա իշխանությունն իրենց վրա՝ շներն այլևս գլխացավանք չէին պատճառում նրան։ Բավական էր՝ Սպիտակ Ժանիքը երևա ոհմակի մեջ, որ շները ճամփա տան նրան ու ենթարկվեն նրա կամքին։
Ճիշտ այդպես էլ նա վարժվեց Մեթին, որպես տիրոջ սեփականությանը։ Ուիդոն Սքոթը խիստ հազվադեպ էր անձամբ կերակրում Սպիտակ Ժանիքին, այդ պարտականությունը դրված էր Մեթի վրա, և Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ իր կերած միսը պատկանում է տիրոջը, և տերն էլ Մեթին պատվիրել է հոգ տանել իրեն։ Նույն Մեթը մի անգամ փորձեց մյուս շների հետ նրան էլ լծել սահնակին։ Բայց այդ փորձը հաջողություն չունեցավ, և Սպիտակ Ժանիքը հնազանդվեց միայն այն ժամանակ, երբ Ուիդոն Սքոթն ինքը փոկերը հագցրեց նրան ու նստեց սահնակը։ Նա հասկացավ, որ տերն ուզում է, որ Մեթը կառավարի իրեն այնպես, ինչպես մյուս շներին։
Քլոնդայկի սահնակները, ի տարբերություն այն մյուսների, որոնցով Մաքենզի են գնում, կեռաձողեր ունեն։ Այստեղ լծելու ձևը նույնպես բոլորովին այլ է։ Շները վազում են իրար հետևից, կրկնակի ձգափոկերով լծված, և ոչ թե հովհարաձև։ Եվ այստեղ Քլոնդայքում, առաջընթացիկն իսկապես պարագլուխ է։ Առաջին տեղը դնում են ամենահասկացող և ուժեղ շանը, որից վախենում և որին հնազանդվում է ամբողջ ոհմակը։ Ինչպես և պետք էր սպասել, շուտով Սպիտակ Ժանիքը գրավեց այդ տեղը։ Երկար գլխացավանքներից հետո Մեթը հասկացավ, որ Սպիտակ Ժանիքը դրանից պակասին չի համաձայնի, որ նա ինքը ընտրեց իր տեղը, և Մեթը արտահայտությունների նեղություն չքաշելով՝ հաստատեց, հենց առաջին փորձից հետո, որ ճիշտ էր այդ ընտրությունը։ Ամբողջ օրը սահնակը քաշելուց հետո Սպիտակ ժանիքը չէր մոռանում, որ գիշերը պետք է պահպանել տիրոջ ունեցվածքը։ Այսպիսով նա մեծագույն բարեխղճությամբ էր ծառայում Սքոթին, որն ամբողջ լծվածքի մեջ ավելի արժեքավոր շուն չուներ, քան Սպիտակ Ժանիքը։
— Եթե, իհարկե, թույլ տաք արտահայտեմ իմ կարծիքը,— մի անգամ ասաց Մեթը,— ապա կասեմ ձեզ, որ դուք շատ խելացի բան արիք՝ հարյուր հիսուն դոլլար տալով այս շան համար։ Լավ խաբեցիք Սիրուն Սմիթին՝ չխոսելով արդեն այն մասին, որ ռեխին էլ հասցրիք։
Ուիդոն Սքոթի գորշ աչքերը նորից զայրույթից բոցավառվեցին, և նա բարկացած մրթմրթաց, «Սրիկա՜»։
Ուշ աշնանը մեծ վիշտ պատահեց Սպիտակ ժանիքին. տերը հանկարծակի, առանց նախազգուշացման, անհետացավ։ Ճիշտն ասած՝ նախազգուշացում եղավ, բայց Սպիտակ Ժանիքը այդպիսի գործերի փորձ չուներ և չգիտեր, թե ինչ է պետք սպասել մի մարդուց, որը ճամպրուկների մեջ է դասավորում իր իրերը։ Հետագայում նա հիշեց, որ իրերը տեղավորելը տիրոջ մեկնելուն էր նախորդել, բայց այն ժամանակ նվազագույն կասկած չառաջացավ նրա մեջ։ Երեկոյան Սպիտակ ժանիքը սպասում էր նրա գալուն, ինչպես միշտ։ Կես գիշերին քամի բարձրացավ. նա ցրտից քաշվեց խրճիթի հետևն ու պառկեց՝ մրափի միջից ունկնդրելով, թե ծանոթ քայլեր չե՞ն լսվի արդյոք։ Սակայն գիշերվա ժամը երկուսին անհանգստությունը քշեց նրան խրճիթի հետևից, նա գունդուկծիկ դարձավ սառն անդաստակի վրա և շարունակեց սպասել։
Տերը չէր գալիս։ Առավոտյան դուռը բացվեց, և անդաստակ դուրս եկավ Մեթը։ Սպիտակ Ժանիքը կարոտաբաղձ նայեց սահնակավարին. այլ միջոց չուներ հարցնելու այն մասին, ինչ այնքան ուղում էր իմանալ։ Օրերն իրար էին հաջորդում, իսկ տերը չէր վերադառնում։ Սպիտակ Ժանիքը, որ մինչև հիմա չէր իմանում, թե ինչ բան է հիվանդությունը, հիվանդացավ։ Վատացավ նրա վիճակը, այնքան վատացավ, որ Մեթն ստիպված եղավ տանել խրճիթ։ Բացի դրանից, Սքոթին ուղարկած իր նամակում Մեթը մի քանի տող էլ դրեց Սպիտակ Ժանիքի մասին։
Սյորքլում ստանալով այդ նամակը՝ Ուիդոն Սքոթը կարդաց հետևյալը․
«Անիծած գայլը հրաժարվում է աշխատել։ Ոչինչ չի ուտում, բոլորովին հուսահատվել է։ Շները հանգիստ չեն թողնում նրան։ Ուզում է իմ անալ, թե ուր եք կորել դուք, ես էլ չեմ կարող հասկացնել նրան։ Վախենում եմ սատկի»։
Մեթը ճիշտ էր գրել․ Սպիտակ ժանիքը կարոտամաշ եղավ, դադարեց բան ուտել, չէր պաշտպանվում իր վրա գրոհող շներից։ Պառկում էր սենյակում, վառարանի մոտ՝ ոչ մի հետաքրքրություն չցուցաբերելով ուտելիքի, Մեթի, աշխարհի ոչ մի բանի նկատմամբ։ Մեթը փորձում էր քաղցրությամբ խոսել հետը, փորձում գոռալ. ոչ մի բան չէր օգնում։ Սպիտակ Ժանիքը հառում էր նրան աղոտացած աչքերը, ապա կրկին իջեցնում գլուխը առջևի թաթերի վրա։
Բայց մի երեկո էլ, երբ Մեթը սեղանի առաջ նստած կարդում էր՝ կամացուկ մրթմրթալով բառերն ու շարժելով շըրթունքները, նրա ուշադրությունը գրավեց Սպիտակ Ժանիքի ցածրաձայն մզզոցը։ Սպիտակ Ժանիքը վեր կացավ տեղից, տնկեց ականջները՝ հայացքը հառած դռանը, և ուշադիր ունկնդրեց։ Մի րոպե անց Մեթը ոտնաձայն լսեց։ Դուռը բացվեց, և ներս մտավ Ուիդոն Սքոթը։ Նրանք բարևեցին իրար։ Հետո Սքոթը նայեց շուրջը։
— Իսկ որտե՞ղ է գայլը,— հարցրեց նա ու տեսավ նրան։
Սպիտակ Ժանիքը կանգնել էր վառարանի մոտ։ Նա առաջ չվազեց, ինչպես կաներ ամեն մի այլ շուն, և կանգնել ու նայում էր իր տիրոջը։
— Գրո՜ղը տանի,— գոչեց Մեթը,— տես է՜, պո՜չ է խաղացնում։
Ուիդոն Սքոթը եկավ սենյակի մեջտեղը և Սպիտակ ժանիքին կանչեց իր մոտ։ Սպիտակ ժանիքը չցատկեց նրան ընդառաջ, բայց անմիջապես մոտեցավ, հենց որ կանչը լսեց։ Նրա շարժումները կաշկանդված էին ամոթխածությունից, սակայն աչքերի մեջ երևաց մի նոր, անսովոր արտահայտություն, խոր սիրո զգացմունք էր շողշողում դրանց մեջ։
— Դե իհա՜րկե ինձ երբեք այսպես չի նայել, քանի դուք այստեղ չէիք,— ասաց Մեթը։
Բայց Ուիդոն Սքոթը ոչինչ չէր լսում։ Սպիտակ ժանիքի առաջ պպզած նա փայփայում էր նրան՝ քորում էր նրա ականջների հետևը, շոյում էր վիզը և ուսերը, քնքշագին թփթփացնում մեջքին։ Իսկ Սպիտակ ժանիքը կամացուկ մռլտում էր դրանց ի պատասխան, և նրա մռլտոցի մեջ կային մեղմ շեշտեր, առաջվանից ավելի հստակ։
Սակայն բանը դրանով չէր վերջանում։ Ուրախությունն ինչպե՞ս օգնեց ելք գտնել դուրս ժայթքող ուժեղ զգացմունքին։ Սպիտակ Ժանիքը հանկարծ պարզեց վիզը և գլուխը մտցրեց տիրոջ թևատակը, ապա այնպես թաքնվեց, որ միայն ականջներն էին երևում և այլևս չէր մռլտում ու ավելի սերտ էր սեղմվում տիրոջը։
Տղամարդիկ իրար նայեցին։ Սքոթի աչքերը փայլում էին։
— Տե՜ս է, — գոչեց ապշած Մեթը, ապա ավելացրեց.— Ես միշտ ասում էի, թե սա գայլ չէ, շուն է։ Նայեք ու հիացեք խնդրեմ։
Սիրել սովորեցրած տիրոջ վերադառնալուց հետո Սպիտակ Ժանիքը արագ կազդուրվեց։ Խրճիթում մնաց նա ևս երկու գիշեր ու մի ցերեկ, իսկ հետո դուրս եկավ անդաստակ։ Շներն արդեն ժամանակ էին ունեցել մոռանալու նրա քաջասրտությունը, նրանց հիշողության մեջ մնացել էր այն, որ Սպիտակ Ժանիքը վերջերս թույլ էր ու հիվանդ, և հենց որ նա երևաց անդաստակին, ամեն կողմից հարձակվեցին նրա վրա։
— Ի՜նչ տուրուդմբոց կլինի,— գոհունակությամբ մրթմրթաց Մեթը, որ խրճիթի շեմքից հետևում էր այդ տեսարանին։— Դրանց հետ նազուտուզ մի անի, գա՛յլ, հախներից եկ. դե՛, էլի՛, էլի՛։
Սպիտակ Ժանիքը խրախույսի կարիք չէր զգում։ Սիրեցյալ տիրոջ վերադարձը միանգամայն բավական էր, նրա երակներում դարձյալ բաբախեց զմայլելի վարարուն կյանքը։ Նա կռվում էր՝ կռվի մեջ գտնելով իր ուրախության միակ ելքը։ Միայն մի վախճան կարող էր լինել. շները պարտվելով, փախան դեսուդեն և վերադարձան մութն ընկնելուց հետո միայն՝ նվաստացած ու խոնարհ հայտարարելով Սպիտակ ժանիքին որ հնազանդվում են։
Սովորելով գլուխը սեղմել տիրոջը՝ Սպիտակ Ժանիքը հաճախ էր օգտագործում իր զգացմունքներն արտահայտելու այս նոր ձևը։ Դա այն սահմանն էր, որից այն կողմ նա չէր կարող անցնել։ Գլուխն ամենից ավելի էր պահպանում ու չէր հանդուրժում, երբ ձեռք էին տալիս նրան։ Այդպես էր հրամայում նրան խուլ Հյուսիսը․ վախեցիր թակարդից, վախեցիր այն ամենից, ինչ կարող է ցավ պատճառել։ Բնազդը պահանջում էր, որ գլուխն ազատ մնա։ Իսկ հիմա սեղմվելով տիրոջը՝ Սպիտակ Ժանիքը կամովին դնում էր իրեն բոլորովին անօգնական վիճակի մեջ։ Դրանով նա արտահայտում էր անսահման հավատ և անձնուրաց հնազանդություն տիրոջը ու կարծես ասում էր նրան. «Ես ինձ հանձնում եմ քեզ։ Վարվիր ինձ հետ ինչպես կուզես»։
Մի անգամ, երեկոյան, իր վերադարձից քիչ անց, Սքոթը քնելուց առաջ քրիբեջ էր խաղում Մեթի հետ։
— Հիսուներկու և երկու, տասնհինգ ու չորս, ու դարձյալ երկու․․․— հաշվում էր Մեթը, երբ հանկարծ դրսից լսվեցին աղաղակներ ու մռնչոց։
Նրանք իրար նայեցին, ապա վեր թռան սեղանից։
— Գայլը գզգզում է ինչ֊որ մեկին,— գոչեց Մեթը։
Հուսակտուր մի վայնասուն մղեց նրանց նետվելու դեպի դուռը։
— Լո՛ւյս արա ինձ,— գոռաց Սքոթը՝ նետվելով անդաստակը։
Մեթը հետևեց նրան լամպը ձեռքին, և դրա լույսի տակ նրանք տեսան մեջքի վրա, ձյունին պառկած մի մարդու։ Նա ձեռքերով ծածկել էր դեմքն ու վիզը՝ ճգնելով պաշտպանվել Սպիտակ Ժանիքի ատամներից: Եվ ավելորդ չէր այդ նախազգուշությունը․ զայրույթից խելակորույս Սպիտակ Ժանիքը աշխատում էր ինչ գնով լինի ատամները հասցնել անծանոթի կոկորդին. նրա բաճկոնակի թևքերից, կապույտ ֆլանելե բլուզից ու տակի շապկից ծվեններ էին միայն մնացել, իսկ կծոտված ձեռքերը արնաթաթախ էին։
Սքոթն ու սահնակավարը այդ ամենը տեսան մի վայրկյանում։ Սքոթը բռնեց Սպիտակ Ժանիքի վզից ու ետ քաշեց։ Սպիտակ Ժանիքը մռնչալով առաջ էր նետվում, բայց չէր կծում տիրոջը և նրա խիստ գոչյունից հետո արագ հանդարտվեց։
Մեթն օգնեց այդ մարդուն ոտքի ելնելու։ Սա վեր կենալով՝ ձեռքերը իջեցրեց երեսից, և սահնակավարը տեսնելով Սիրուն Սմիթի գազանային դեմքը՝ ընկրկեց, ինչպես եթե եռացրած ջուր թափեին վրան։ Աչքերը լույսից կկոցելով՝ Սիրուն Սմիթը նայեց շուրջը։ Նրա դեմքը սարսափից ծռմռվեց, երբ նայեց Սպիտակ Ժանիքին։
Սույն րոպեին սահնակավարը տեսավ, որ ձյան վրա ընկած է մի բան։ Նա լամպը մոտեցրեց դրան ու կոշիկի ծայրով հրեց պողպատե մի շղթա ու մի հաստ մահակ։
Ուիդոն Սքոթը հասկացավ ու գլխով արեց։ Ոչ մի խոսք չասացին նրանք։ Մեթը բռնեց Սիրուն Սմիթի ուսը և շրջեց նրան երեսը դեպի ելքը։ Ամեն ինչ հասկանալի էր։ Սիրուն Սմիթը պուկ եկավ ու փախավ։
Իսկ Սքոթը շոյում էր Սպիտակ ժանիքին ու ասում․
— Ուզում էր քեզ տանել, հա՞։ Իսկ դու չթողի՞ր։ Դե լա՜վ, ուրեմն սխալվե՜ց այդ ղոչին։
— Բայց նա երևի կարծեց, թե ամբողջ տարտարոսը հարձակվեց իր վրա,— քմծիծաղեց Մեթը։
Իսկ Սպիտակ ժանիքը շարունակում էր մռնչալ. բայց քիչ֊քիչ մազերն ուղղվեցին, և մեղմ շեշտը, որ քիչ էր մնացել բոլորովին սուզվեր այդ զայրագնած մռնչոցի մեջ, ավելի ու ավելի էր լսելի դառնում։
= ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ =