Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6978 բայտ, 01:09, 25 Մարտի 2015
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Կիրճ */
Ռոհանցիները դեռ չէին հասել կիրճի մուտքին, երբ ինչ որ ճչոցներ լսվեցին, որոնց հաջորդեց եղջերափողի ձայնը: Հետախույզները տագնապ էին բարձրացրել: Մթության մեջ լսվեց նետերի սուլոցը: Հետախուզներից մեկը հասնելով զորքին կանգնեցրեց ձիուն և զեկուցեց թագավորին, որ տափաստանում թափառում են գայլերին հեծնած օրքերը, իսկ օրքերի և վայրի լեռնեցիների հսկայական զորքը անցել է գետանցումը և ըստ երևույթին շարժվում է դեպի Հելմյան Կիրճ:
–Նահանջի ժամանակ մեր ռազմիկներից շատերն են այնտեղ զոհվել,– ասաց նա: –Մենք տեսանք նրանց դիակները: Եվ բացի այդ հարթավայրում ցրված բազմաթիվ ջոկատներ կան, որոնց ոչ ոք չի ղեկավարումառաջնորդում: Էրքենբրանդից դեռևս նորություն չկա: Ամենայն հավանականությամբ նա սպանվել է, իսկ եթե ոչ, ապա Հորնբուրգի դարպասներին էլ դժվար հասնի:
–Իսկ Գենդալֆին չե՞ք տեսել,– հարցրեց Թեոդենը:
–Տեսել ենք տիրակալ: Շատերն են տեսել վիթխարի նժույգին հեծած մրրիկի պես այս ու այն կողմ սլացող ալեհեր ծերունուն: Ոմանք նրան Սարումանի տեղն են դրել: Նա սլացել է դեպի Իզենգարդ: Ասում են դրանից մեկ օր առաջ Օձի Լեզվին էլ են տեսել տեսել՝ օրքերի ուղեկցությամբ հյուսիս արշավելուց:
–Օձի Լեզվի բախտը չի բերի, եթե Գենդալֆը հասնի նրան,– քմծիծաղեց Թեոդենը: –Եվ այսպես, իմ երկու խորհրդատուներն էլ ինձ լքեցին, և հինը, և նորը: Բայց մեր հետագա անելիքը պարզ է. անկախ նրանից վերադարձել է Էրքենբրանդը թե ոչ, պետք է գնալ Հելմյան ամրոց, ինչպես խորհուրդ էր տալիս Գենդալֆը: Թշնամու ուժերի քանակը հայտնի՞ է:
 
–Այո, անթիվ անհամար են,– հոգոց հանեց հետախույզը: –Իհարկե երբ նահանջում ես, աչքիդ թշնամու մեկ զինվորը երկուսն է թվում, բայց ես խոսել եմ քաջարի ու անվախ մարդկանց հետ, և նրանք ասում են, որ թշնամու ուժերը մի քանի անգամ գերազանցում են մերոնց:
 
–Դե ուրեմն շտապենք,— ասաց Էոմերը: –Եթե մեր և Հորնբուրգի միջև թշնամական հորդաներ կան, ապա հարկավոր է արագ ճեղքել անցնել նրանց միջով: Կիրճում քարանձավներ կան, որտեղ կարող են հազարավոր ռազմիկներ թաքնվել, իսկ այդ քարանձավներից կարելի է գաղտնի անցումներով նահանջել լեռներ:
 
–Գաղտնի անցումներին չի կարելի վստահել,– առարկեց թագավորը,– Սարումանը վաղուցվանից է հետևում այս հողերին: Բայց բերդում երկար դիմանալ հնարավոր է: Առա՛ջ:
 
Այժմ Արագորնը, Լեգոլասը և Էոմերը գնում էին զորքի առջևից: Ճանապարհը մթության միջով տանում էր դեպի վեր, և որքան խավարը թանձրանում էր, այնքան դանդաղ էր ընթանում զորքը: Ճանապարհին օրքերի մանր ջոկատներ էին հանդիպում, բայց ռոհանցիներին տեսնելով անմիջապես փախուստի էին դիմում՝ խուսափելով կռվի մեջ մտնել:
 
–Վախենում եմ լուրը, որ թագավորն ինքն է առաջնորդում զորքին, շուտով կհասնի Սարումանին, կամ նրան, ով առաջնորդում է այդ հորդան,– նկատեց Էոմերը:
 
Թիկունքում որոտը աստիճանաբար բարձրանում էր: Քամին հեռվից ինչ որ անհասկանալի երգի ձայներ էր բերում: Կիրճով բավականին վեր բարձրանալով հեծյալները կանգ առան և շրջվեցին դեպի հետ: Ներքևում երևում էին անթիվ անհամար ջահերի մանր կրակները: Ջահերի մի մասը անկանոն ցրված էին հարթավայրով մեկ, ասես հարթավայրը հանկարծակի պատված լիներ կարմիր ծաղիկներով, մյուս մասը ոլորապտույտ գալարներով սողում էին դեպի վեր: Երբեմն ինչ որ բան էր բռնկվում մշուշում:
 
–Մեզ մեծ զորք է կրնկակոխ հետևում,– ասաց Արագորնը:
 
–Նրանք կրակ ունեն և այրում են այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին,– գոչեց Թեոդենը,– խոտի դեզերը, խրճիթները, ծառերը... Հարուստ հովիտ էր, և շատ մարդիկ էին ապրում այստեղ: Ավա՜ղ իմ ժողովրդին:
 
–Ա՜խ եթե հիմա ցերեկ լիներ,– բացականչեց Արագորնը,– մենք լեռներից հեղեղի պես կգահավի-եինք նրանց վրա: Ինձ վշտացնում է այն փաստը, որ մենք փախչում ենք:
 
–Քիչ է մնացել փախչելուն,– նկատեց Էոմերը,– Հելմյան հողապատնեշը արդեն մոտ է: Այնտեղ հին խրամուղի կա և մեծ պատնեշ, որը տարածվում է կիրճով մեկ: Իսկ այնտեղից մինչև Հորնբուրգի դարպասները Մեկ լիգից ավելի չի լինի: Հասնենք հողապատնեշին՝ կշրջվենք և մարտի մեջ կմտնենք:
 
–Ոչ,– ասաց Թեոդենը: –Մենք չենք կարող պաշտպանել հողապատնեշը, զորքը փոքր է: Այն ձգվում է ամբողջ կիրճով մեկ, իսկ անցումը բավականին լայն է:
 
–Դե, եթե գործերն այդքան վատ են, այնտեղ միայն վերջապահ զորք կթողնենք,– առաջարկեց Էոմերը:
 
Երբ վերջապես զորքը հասավ հողապատնեշին, երկնքում ոչ աստղեր կային, ոչ էլ լուսինն էր փայլում: Լայն անցումով դեպի հովիտ էր հոսում գետակը, իսկ նրա երկայնքով ձգվում էր Հորնբուրգ տանող ճանապարհը: Հողապտնեշի հսկայական սև ստվերի մյուս կողմից լսվեց ժամապահի կանչը:
 
–Դիմավորե՛ք Թագավոր Թեոդենին և նրա զորքին,– պատասխանեց Էոմերը: –Ձեզ հետ խոսում է Էոմերը, Էոմունդի որդին:
 
–Հիանա՜լի նորություն է,– ուրախացավ ժամապահը,– մենք նման բան նույնիսկ հուսալ չէինք համարձակվում: Շտապե՛ք, թշնամին մոտենում է:
 
Զորքը անցավ հողապատնեշը և կանգ առավ գետակի կողքին՝ հարթ լանջի վրա: Ի ուրախություն բոլորի, պարզվեց, որ Էրքենբրանդը դարպասները պաշտպանելու համար բավականաչափ ռազմիկներ է թողել կիրճում, և բացի այդ հարթավայրում ցրված հեծյալներից շատերը հասցրել են նահաջել դեպի բերդը:
 
–Հորնբուրգում թերևս հազարից ավելի զենքին տիրապետող հետյոտն ռազմիկներ կհավաքվեն,– զեկուցեց հողապատնեշը պահպանող ջոկատի հրամանատար ծեր Գամլինգը: –Բայց մեծամասնությունը՝ ինչպես ես, արդեն շատ ձմեռներ են տեսել, իսկ մյուսների՝ ինչպես օրինակ իմ թոռան, շրթունքների վրայի կաթը դեռ չի չորացել: Ի՞նչ է պատահել Էրքենբրանդին: Երեկ մեզ լուրեր հասան, որ նա Վեսթֆոլդի լավագույն հեծյալների ջոկատի հետ նահանջում է Հելմյան կիրճ, բայց նա այդպես էլ չհայտնվեց:
 
–Վախենում եմ նա այլևս չի հայտնվի,– գլուխն օրօրեց Էոմերը: –Հետախույզները նրան չեն տեսել, իսկ թշնամու զորքը լցրել է ամբողջ հովիտը:
 
–Այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ Էրքենբրանդին կհաջողվի փրկվել,– ասաց Թեոդենը:
Վստահելի
1342
edits