Changes
/* Գլուխ II */
Պանդոկի դարպասի առջև սեղան դրեցին, որ զով լինի և պանդոկապանը դոն Կիխոտի համար բերեց մեկ բաժին վատ թրջած և զզվելի խաշած ձուկ և մի կտոր հաց, նույնքան սև ու մգլած, որքան նրա զենքն ու զրահը։ Դժվար էր չծիծաղել, տեսնելով, թե նա ինչպես էր ուտում, որովհետև նրա գլխին սաղավարտ կար, երեսակալը բարձրացրած էր, և նա իր ձեռքերով ոչ մի կտոր չէր կարող բերանը դնել և պետք էր, որ աղջիկներից մեկն ու մեկը նրան այդ ծառայությունը մատուցեր։ Տիկիններից մեկը այդ բանը իր վրա վերցրեց։ Իսկ նրան խմացնելը ուղղակի անկարելի կլիներ, եթե պանդոկապանը եղեգի մեջը չմաքրեր և մեկ ծայրը չդներ նրա բերանը, իսկ մյուսը՝ գինու մեջ։ Դոն Կիխոտն այդ ամենը տանում էր մեծ համբերությամբ, միայն թե սաղավարտի կապը չարձակեր։ Այդ միջոցին պատահմամբ պանդոկը մտավ մի գյուղացի, որի զբաղմունքը խոզ կռտելն էր և ներս մտնելով նա չորս թե հինգ անգամ շվացրեց իր եղեգնի շվիով։ Այստեղ դոն Կիխոտը վերջնականապես համոզվեց, որ մի հռչակավոր դղյակ է ընկել, որ խրախճանքի պահին երաժշտություն է նվագում, որ ձուկը կարմրախայտ է, մոխրագույն հացը՝ ճերմակ, թրև եկող կանայք՝ ազնվազարմ տիկիններ, իսկ պանդոկապետը՝ դղյակի տերը։ Այդ պատճառով նա հիացած էր թե՛ իր մտահղացումից, թե՛ իր առաջին արշավից։ Մի բան էր միայն նրան վշտացնում, այն, որ ինքը ասպետ չի կարգված։ Նա համարում էր, որ իրավունք չունի արկածներ որոնելու, քանի որ չի պատկանում ասպետական դասին։
==Գլուխ III==
Ուր պատմվում է, թե ինչ ծիծաղաշարժ կերպով դոն Կիխոտը ասպետ կարգվեց
Մաշվելով այդ մտքերից՝ դոն Կիխոտը փութաց ավարտելու իր սուղ պանդոկային ընթրիքը, վեր կացավ, կանչեց պանդոկապետին և, տանելով նրան գոմն ու փակելով դուռը, չոքեց նրա առջև և ասաց․
― Ով արի՜ ասպետ, ես այս տեղից վեր չեմ կենա, մինչև որ ձեր սիրալիրությունը չհաճի շնորհելու մի պարգև, որ ես մտարիր եմ ձեզնից խնդրելու, և որը կնպաստի ձեր փառքին և մարդկային ցեղի բարօրությանը։
Տենելով որ հյուրը ծնկաչոք է և լսելով նման խոսքեր՝ պանդոկապանը շփոթվեց և նայում էր նրան, առանց իմանալու, թե ինչ ասի և ինչ անի․ ապա նա սկսեց թախանձել, որ վեր կենա, սակայն իզուր, որովհետև դոն Կիխոտը չէր ուզում վեր կենալ, մինչև որ պանդոկապետը չխոստանա, որ կշնորհի իր ուզած պարգևը։
― Ես հավատացած էի, սինյոր, որ ըստ ձեր անսահման ազնվության դուք ինձ չեք մերժի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Արդ, ձեզնից խնդրածս շնորհը, որ դուք, ըստ ձեր առատաձեռնության խոստացաք ինձ, այն է, որ վաղը արևածագին, դուք ինձ ասպետ կարգեք։ Այսօրվա ողջ գիշերը ես հսկում կկատարեմ ձեր դղյակի մատուռում՝ զենքի առջև, իսկ վաղը, ինչպես ես արդեն ասացի, վերջապես կկատարվի իմ վառ ցանկությունը, և ես ի վիճակի կլինեմ օրինավոր կերպով աշխարհիս չորս կողմերը թափառել, արկածներ որոնել՝ զրկվածներին և թշվառներին օգնելու համար, որովհետև թափառական ասպետների օրենքն ու բոլոր ինձ նման ասպետների նպատակը այդ է՝ ձգտել կատարելու հիշածս սխրագործությունները։
Մենք արդեն ասացինք, որ պանդոկապետը խելքը գլխին մարդ էր և մի քիչ կռահում էր, որ իր հյուրը խելագար է․ լսելով այսքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում և գիշերը զվարճացած լինելու համար վճռեց թև տալ նրա խելագարությանը։ Ուստի նա պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե, դատելով նրա հպարտ արտաքինից և շարժուձևերից, նա, ըստ երևույթին, ազնիվ ասպետ է, թե նման մտադրությունը միանգամայն բնական է և արժանի նրա կոչմանը, թե ինքն էլ, երիտասարդ հասակում, զբաղվել է այդ պատվաբեր գործով և թափառել է աշխարհիս զանազան կողմերում արկածներ որոնելով, չզլանալով հաճախել Մալահայի Պերչելեսը, Ռիարանի կղզիները, Սեվիլիայի Կոմպասը, Սեգովինիայի Ասոգեխոն, Վալենսիայի Օլիվերան, Գրենադայի Ռոնդիլյան, Սանլո՛ւկարի ծովափը, Կորդովայի Պոտրոն, Տոլեդոյի պանդոկները և շատ ուրիշ վայրեր, որտեղ նա վարժվել է ոտների արագաշարժության և ձեռների հմտության մեջ և շատ օյիններ է խաղացել՝ վիրավորել է որբևայրի կանանց, նեղել է աղջիկներին, խաբել է մանկահասակներին, մի խոսքով՝ անուն է հանել Իսպանիայի բոլոր դատարաններում և բանտերում։ Սակայն իր օրերի մայրամուտին նա բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ իր հաշվով, այլև ուրիշների հաշվին, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման և կարողության տեր էլ լինեն նրանք, դրդված միմիայն դեպի նրանց իր ունեցած մեծ սիրուց, իհարկե պայմանով, որ, ի հատուցումն իր լավ վերաբերմունքի, նրանք իրեն բաժին հանեն իրենց ունեցածից։ Ապա նա ավելացրեց, որ դղյակում մատուռ չկա, որտեղ կարելի լիներ գիշերը հսկում կատարել զենքի առջև, որովհետև ինքը հինը քանդել է տվել, կամենալով կառուցել նորը, սակայն նրան հայտնի է, որ անհրաժեշտության դեպքում կարգվելու նախընթաց գիշերը կարելի է անցկացնել որտեղ էլ լինի, որ դոն Կիխոտը կարող է անցկացնել դղյակի բակում, իսկ վաղը, եթե հաճելի լինի Աստծուն, նա բոլոր պարտադիր արարողություններով կարգված կլինի ասպետ, այն էլ այնպիսի ասպետ, որ ավելի լավը գոյություն չի ունենում։ Վերջապես նա հարցրեց՝ դոն Կիխոտը ունի՞ արդյոք փող։ Սա էլ պատասխանեց, թե գրոշ չունի, որովհետռ ոչ մի վեպում նրան չի պատահել կարդալ, թե թափառական ասպետները հետները փող են ունենում․ պանդոկապանը դրան պատասխանեց, թե նա սխալվում է, թե, ճիշտ է, վեպերում այդ մասին չի գրվում, որովհետև հեղինակները անհրաժեշտ չեն համարում հիշատակելու այդքան պարզ ու անհրաժեշտ իրերի մասին, ինչպես օրինակ փողը կամ մաքուր շապիկները, սակայն դրանից բնավ չի բխում, թե ասպետները չեն ունենում ո՛չ այս, ո՛չ այն․ ընդհակառակը՝ նա ստույգ ու հաստատ գիտե, որ բոլոր թափառական ասպետները, որոնց սխրագործություններով լեփ լեցուն են այնքան վեպեր, միշտ ունենալիս են եղել հետները լիքը֊լիքը քսակներ, ինչպես և շապիկներ և մի սրվակ դեղ, որով բուժելիս էին լինում իրենց վերքերը՝ դաշտ ու անապատներում, որտեղ նրանք մարտնչում և ընկնում էին վիրավոր, հո միշտ հնարավոր չե՛ր լինում բժիշկ կանչել։ Իհարկե, նրանցից ոմանք բարեկամություն էին ունենում որևէ իմաստուն կախարդի հետ, այն ժամանակ վերջինս ուղղակի օդի միջով ամպի վրա ուղարկելիս է եղել որևէ աղջիկ կամ թզուկ՝ մի սրվակ անմահական ջուր հետը․ հենց որ ասպետը խմելիս էր լինում մի քանի կաթիլ, իսկույն նրա վերքերն ու խոցերը անհետանում էին, ասես չէին էլ եղել, բայց երբ որ նրանք նման հովանավորող չէին ունենում, հինավուրց ասպետները համարում էին միանգամայն տեղին, որ իրենց զինակիրները հետները ունենան փող և այլ անհրաժեշտ իրեր, ինչպես օրինակ վիրավորվելու դեպքի համար, իսկ եթե պատահում էր, որ նրանց զինակիրները չէին ունենում (ասենք՝ դա շատ քիչ էր պատահում), նրանք իրենք էին հետները վերցնում փոքրիկ խուրջինների մեջ, որ խմամքով թաքցնում էին ձիու ետևին՝ իբրև այլ առաջնակարգ անհրաժեշտության առարկա, որովհետև, բացառությամբ նման դեպքերի, թափառական ասպետները սովորություն չունեին հետները խուրջին ման ածել։ Այսպիսով, պանդոկապետը դոն Կիխոտին խորհուրդ տվեց (թեև նա կարող էր նրան անգամ հրամայել, որպես կրտսեր եղբորը, որովհետև շուտով նա պետք է այդպիսին դառնար) այլևս ճամփա չընկնել առանց փողի և անհրաժեշտ իրերի՝ նա ինքը կտեսնի, այդ բաները իրեն հարկավոր կգան այն ժամանակ, երբ ամենքից քիչը նրանց վրա դրած լինի իր հույսը։
Դոն Կիխոտը խոստացավ կետ առ կետ հետևել նրա խորհուրդներին և իսկույն պատրաստվեց հսկելու զենքի առջև՝ պանդոկին կից մեծ բակում։ Նա հավաքեց իր զենքը ու զրահը, դրեց ջրհորի մոտի կոճղի վրա և բռնելով նիզակն ու վահանը սկսեց մեծ արժանապատվությամբ ետ ու առաջ անցնել կոճղի առջև։ Գիշերն արդեն վրա էր հասնում, երբ նա սկսեց այդ զբոսանքը։
Պանդոկապանը պատմեց ամենքին, ովքեր իջևանել էին պանդոկում, դոն Կիխոտի խելագարության մասին, նրա հսկումը զենքի առջև և սպասումը, որ վաղը ասպետ է կարգվելու։ Խելագարության այդ տարօրինակ տեսակից զարմացած՝ նրանք բոլորն էլ գնացին, որ տեսնեն նրան և հեռվից տեսան, որ մեր ասպետը մերթ խաղաղ ու ծանր զբոսնում է, մերթ հենված նիզակի վրա, աչքը հառում է իր զենք ու զրահին և նայում անընդհատ, երկար ժամանակ։ Այնինչ գիշերը վրա էր հասել և լուսինն այնպես պայծառ էր փայլում, որ շուրջը ցերեկվա պես լուսավոր էր, և հանդիսատեսներին երևում էր ամենը, ինչ որ անում էր միաբանության մեջ մտնող մեր ասպետը։ Այդ միջոցին պանդոկում գիշերող ջորեպաններից մեկի խելքին փչեց ջրի գնալ, որ իր ջորիներին ջրի, իսկ դրա համար պետք էր զենք ու զրահը ջրհորի կոճղից ետ քաշեր։ Դոն Կիխոտը, լսելով սրա ոտնաձայնը, բարձր խոսեց․
― Ով որ էլ դու լինես, հանդուգն ասպետ, որ մեկնում ես ձեռքդ, երբևէ սրով գոտեպնդված թափառական ասպետներից ամենաարի զենք ու զրահին, խորհի՛ր նախապես, թե ի՜նչ ես անում և չհամարձակվես ձեռք տալ, թե չէ հանդգնությանդ համար կվճարես քո կյանքը։
Ջորեպանը այդ խոսքերի վրա անգամ գլուխը շուռ չտվեց (և իզուր, որովհետև այդ դեպքում նրա գլուխը ողջ կմնար)։ Ընդհակառակը, նա բռնեց զենք ու զրահի փոկերից և շպրտեց հեռու մի կողմ։ Տեսնելով այդ, դոն Կիխոտը աչքերը հառեց երկնքին և ըստ երևույթին մտքով դիմելով իր տիկնոջը՝ Դուլսինեային, ասաց․
― Օգնեցեք ինձ, իմ տիկին, այս առաջին վիրավորանքի պահին, որ հասցնում են ձեր ստրկացրած արի սրտին․ մի՛ զրկեք ինձ այս առաջին փորձության ժամին ձեր ողորմածությունից և օգնությունից։
Արտասանելով այս խոսքերը և այլ սրանց նմանները՝ նա մի կողմ գցեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը և այնպիսի ուժով հարվածեց ջորեպանի գլխին, որ վերջինս փռվեց գետնին ամենաողբալի վիճակում․ եթե դոն Կիխոտը մի հարված էլ հասցնելու լիներ, ապա նրա հակառակորդը բժշկի դիմելու կարիք չէր ունենա։ Իր գործը կատարելուց հետո դոն Կիխոտը հավաքեց իր զենքն ու զրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց ետ ու առաջ գնալը՝ նույնքան հանգիստ, ինչպես առաջ։ Մի պահ անց, եղելությունից բոլորովին անտեղյակ (որովհետև առաջին ջորեպանը դեռ ընկած էր՝ շշմած հարվածից) դուրս եկավ երկրորդ ջորեպանը, որ նույնպես ուզում էր ջրել իր ջորիներին և երբ որ կոճղը ազատելու համար նա սկսեց վրայի զենք ու զրահը վերցնել, դոն Կիխոտը, առանց մի բառ արտասանելու և ոչ ոքի օգնությունը չհայցելով, երկրորդ անգամ մի կողմ դրեց վահանը, երկրորդ անգամ բարձրացրեց նիզակն ու վեր բերեց երկրորդ ջորեպանի գլխին՝ այնքան հաջող, որ նիզակը չեղավ երեք կտոր, այլ գանգը՝ չորս։ Աղմուկի վրա վազեվազ հավաքվեցին պանդոկի իջևանողները, որոնց թվում էր նաև պանդակապանը։ Տեսնելով նրանց՝ դոն Կիխոտը բռնեց վահանը, սուրը և բացականչեց․
Օ՛հ, արքայական գեղեցկություն, ամրություն և ուժ իմ խոշտանգված սրտի։ Հասել է ժամը, երբ դու պետք է քո մենության հայացքը դարձնես քեզնով գերված և այսպիսի վտանգավոր մարտի մեջ մտնող ասպետի վրա։
Եվ թվում էր նրան, թե այս խոսքերը նրա մեջ այնպիսի արիություն են զարթնեցրել, որ եթե նրա վրա աշխարհիս բոլոր ջորեպաններն էլ հարձակվելու լինեին, նա դարձյալ ոչ մի քայլ չէր նահանջի։ Վիրավորված ջորեպանների ընկերները, տեսնելով իրայիններին գետնին փռված, հեռվից սկսեցին քարկոծել դոն Կիխոտին, որը կարյաց չափ պաշտպանվում էր նրանցից վահանով, բայց կոճղից չէր հեռանում, չկամենալով լքել իր զենք ու զրահը։ Իսկ պանդոկապանը գոռում էր, որ նրանք դադարեն՝ չէ՞ որ նա նախազգուշացրել է նրանց արդեն, որ այս մարդը խելագար է, ամենքին էլ կկոտորի և որպես խելագար անպատիժ կմնա։ Սակայն դոն Կիխոտը ավելի բարձր էր ճչում, ամենքին էլ անպիտան և դավաճան անվանելով, իսկ դղյակի տիրոջը՝ չար ու նենգամիտ, որ թույլ է տալիս թափառական ասպետներին իր իսկ դղյակում այսպիսի վիրավորանքներ հասցնել։ Եվ ավելացնում էր, թե եթե նա արդեն կարգված ասպետ լիներ, նա իսկույն կխրատեր նման դավաճանության համար։
Իսկ դուք, ստորաքարշ ճորտեր, ձեզ ես պարզապես արհամարհում եմ․ քար շպրտեցեք, մոտեցեք, հարձակվեցեք, ինչքան կամենաք, դուք իսկույն ևեթ կպարգևատրվեք ձեր հանդգնության և անմտության համար։
Այս ամենը նա ասում էր այնքան սրտոտ ու վճռական, որ հարձակվողներին մեծ երկյուղ պատեց։ Այդ երկյուղի ազդեցության ներքո, այլև պանդոկապանի հորդորի հետևանքով նրանք վերջ ի վերջո դադարեցին քար գցելուց, ապա թե դոն Կիխոտը թույլ տվեց, որ հավաքեն վիրավորներին և վերսկսեց իր հսկումը զենք ու զրահի առջև այնպիսի պաղարյունությամբ, ասես թե ոչինչ չէր պատահել։
Այս կատակները պանդոկապանին դուր չեկան և գործին վերջ տալու համար նա վճռեց հյուրին անհապաղ մտցնել սատանի այդ ասպետական միաբանության մեջ, քանի դեռ նոր աղետ չի պատահել։ Ուստի նա մոտեցավ դոն Կիխոտին և ներողություն խնդրեց ստոր ճորտերի լկտի վարմունքի համար, որ առանց իր գիտության է եղել, թեև նրանց հանդգնությունը լավ պատժի ենթարկվեց։ Ապա մեկ էլ ասաց, որ դղյակում մատուռ չկա, ասենք իսկի հարկավոր էլ չի, որովհետև արդեն ամեն ինչ գրեթե արված է, որքան որ ինքը տեղյակ է ասպետական ծիսակատարության, ասպետ կարգելու ամբողջ գաղտնիքը ծոծրակին՝ ձեռքով, ուսին՝ սրով հարված հասցնելու մեջ է, իսկ չէ՞ որ այդ կարելի է անգամ բաց դաշտում անել։ Գալով զենքի առջև հսկում կատարելուն, ապա այդ ավարտված է, քանի որ սովորաբար դա տևում է ընդամենը երկու ժամ, իսկ դոն Կիխոտը չորս ժամից ավել է արդեն կանգնել։ Դոն Կիխոտն այս ամենին հավատաց և պատասխանեց, որ պատրաստ է հնազանդելու և խնդրում է ծեսը ըստ կարելվույն շուտ կատարել։ Որովհետև, երբ որ նա կարգված կլինի և մեկն ու մեկի խելքին կփչի դարձյալ հարձակվել նրա վրա, նա դղյակում կենդանի շունչ չի թողնի, խնայելով, դղյակի տիրոջ հարգանքից դրդված, միմիայն նրանց, որոնց համար նա բարեխոս կլինի։
Այս խոսքերից վախեցած պանդոկապանը, որ խելքը գլխին մարդ էր, իսկույն բերեց տետրը, որի մեջ նա գրի էր առնում, թե ինչքան գարի ու դարման է բաց թողնված ջորեպաններին։ Ապա ուղեկցությամբ մոմի կտոր բռնած մի տղայի և երկու արդեն հիշատակված աղջիկների, նա մոտեցավ դոն Կիխոտին, հրամայեց, որ չոքի և ինչ֊որ ջեռմեռանդ աղոթք կարդալու ձև անելով, ընթերցանության միջոցին բարձրացրեց ձեռքը և ամբողջ թափով խփեց նրա ծոծրակին, ապա նրա իսկ թրով զարկեց նրա ուսին, շարունակելով քթի տակին աղոթքի պես բան մրթմրթալ։ Այդ անելուց հետո նա հրամայեց, որ տիկիններից մեկը գոտեպնդի նրան սրով, մի բան, որ տիկինը կատարեց վարժ և զուսպ կերպով։ Հասկանալի է, թե ինչու նա պիտի ինքն իրեն զսպեր․ այս ծիսակատարության միջոցին նա յուրաքանչյուր վայրկյան քիչ էր մնում ծիծաղից պայթեր։ Այնուամենայնիվ, ասպետի սխրագործությունները, որ նա, նախապատրաստվելով իր կարգվելուն, կատարել էր նրա աչքի առջև՝ բակում, հարկադրում էին ծիծաղը զսպելու։ Գոտեպնդելով նրան թրով՝ բարի տիկինն ասաց․
― Աստված պարգևի ձեր ողորմությանը բախտ ասպետական գործերում և աջողություն մարտերում։
Դոն Կիխոտը հարցրեց նրա անունը, որովհետև նա ապագայի համար կամենում էր գիտենալ՝ ինչ տիկնոջ է պարտական այսպիսի մեծ ողորմածության համար, որպեսզի ժամանակ անց նրա հետ կիսի պատիվները, որոնց նա հույս ուներ հասնելու իր բազկի զորությամբ։ Տիկինը խորին խոնարհությամբ պատասխանեց, որ իր անունը Լա Տոլոսա է, որ ծնվել է Տոլեդոյում, հայրը կոշկակար է, որ ապրում է Սանչո Բրենայի շուկայում և որ որտեղ էլ ինքը լինի, միշտ պատրաստ կլինի ծառայելու և համարելու դոն Կիխոտին իր տերը։ Դոն Կիխոտը խնդրեց նրան, եթե սիրում է իրեն, ողորմածություն շնորհի իրեն՝ այսուհետև իր անվանը ավելացնի դոն և կոչվի դոն Տոլոստա։ Աղջիկը համաձայնեց։ Ապա մյուս տիկինը կապեց խթանը, սրա հետ էլ նույն խոսակցությունը տեղի ունեցավ, ինչպես և առաջինի հետ, որ նրան գոտեպնդեց թրով։ Դոն Կիխոտը հարցրեց, թե ինչ է նրա անունը և նա պատասխանեց, որ իր անունը Լա Մոլիներա է և ինքը Անտեկերզի ազնիվ ջրաղացպանի աղջիկն է։ Սրանից էլ դոն Կիխոտը խնդրեց, ավելացնել իր անվանը դոն և կոչվել դոն Մոլիներա։ Միաժամանակ նա շատ և շատ շնորհակալ եղավ և առաջարկեց իր ծառայությունը։ Երբ որ այս չտեսնված ծեսերը կատարված էին այսպիսի արագությամբ, դոն Կիխոտը աճապարեց ձի հեծնելու՝ այնքան անհամբեր էր նա արկածախնդրությանը։ Նա թամքեց Ռոսինանտին, թռավ վրան և, գրկելով պանդոկապետին, շնորհակալություն հայտնեց կարգելու համար այնպիսի արտասովոր խոսքերով, որ ամենևին հնար չկա վերարտադրելու։ Իսկ պանդոկապանը, ուրախացած, որ նա գնում է, պատասխանեց նրա խոսքերին ավելի կարճ, բայց ոչ պակաս հռետորական ֆրազներով, օթևանի համար բան չվերցրեց և բաց թողեց, որ գնա բարով։