Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ` խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն, ինչ փնտրում էր:
–Նշանակում է, ճիշտ ճանապարհի վրա եմ,– ասաց նա բարձրաձայն,– Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, նա այնտեղ ի՞նչ է տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, նույն ճանապարհով պիտի վերադառնար, այլ ճանապարհ չկա:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը չկար, բայց նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց Միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը: