Changes
/* Գլուխ I */
Լամանչի մի գյուղում, որի անունը չեմ ուզում հիշատակած լինել, շատ ժամանակ չի անցել, ինչ ապրում էր մի հիդալգո, այն հիդալգոներից, որ ունենում են տոհմական նիզակ, հնադարյան վահան, քնձռոտ ձի և վազկան շուն։ Ճաշին՝ օլյա,<ref>Իսպանական ազգային կերակուր՝ մի տեսակ տաք վինեգրետ</ref> որի մեջ շատ ավելի տավարի միս է լինում, քան ոչխարի, ընթրիքին՝ գրեթե միշտ վինեգրետ, շաբաթ օրերը՝ ճարպի հետ պատրաստած ձվածեղ, ուրբաթ օրերը՝ ոսպ, կիրակիները, որպես հավելյալ տեսակ՝ աղավնի, ― և այս ամենը կլանում էր նրա եկամուտի երեք քառորդը։ Մնացածը ծախսվում էր տոն օրերի համար լավ մահուդից կապա, թավշյա վարտիք և նույն կտորից հողաթափ ձեռք բերելու համար։ Շաբաթվա մնացյալ օրերին նա տնայնագործ նուրբ մահուդից զգեստ էր հագնում։ Նրա տանը տնտեսուհի էր կենում, որ քառասունն անց էր, քրոջ աղջիկը, որ քսանին մոտ էր և մի ծառա՝ առտնին ու դաշտային աշխատանքի համար, որի պաշտոնի մեջ մտնում էր՝ թամքել հալիծ ընկած ձին և պարտեզում մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն մոտ հիսուն տարեկան կլիներ, ամուր կազմվածքով, վտիտ մարմնով և նիհար դեմքով՝ նա մոլի որսորդ էր և սիրում էր վաղ վեր կենալ։ Հավատացնում են, թե նրա մականունը Կիխադա կամ Կեսադա է եղել (այս խնդրում նրա մասին գրող հեղինակների միջև որոշ տարաձայնություն կա), սակայն ամենահավանական դատողությունների հիման վրա կարելի ենթադրել, որ նա կոչվելիս է եղել Կեխանա։ Ասենք, մեր վեպի համար դա մեծ նշանակություն չունի․ բավական է, որ մենք մեր պատմությունն անելիս մազաչափ չշեղվենք ճշմարտությունից։
Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։ Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։ Կարդալով այսպիսի նախադասություններ և ճգնելով բաց անել ու հասկանալ նրանց իմաստը՝ մեր խեղճ կաբալյերոն բոլորովին կորցնում էր բանականությունը և անքուն գիշերներ էր անց կացնում, մինչդեռ եթե անգամ ինքը Արիստոտելը դիտմամբ դրա համար հարություն առնելու լիներ, նա էլ բան չէր բաց անի և բան չէր հասկանա։ Դյուրին չէր նրա համար հավատ ընծայել, որ դոն Բելյանիսը բյուրավոր վերքեր է հասցրել ու առել, որովհետև նրան թվում էր, թե ինչքան էլ նրան բուժող բժիշկները ճարտար լինեին, դարձյալ այդ ասպետի դեմքն էլ, մարմինն էլ պետք է ծածկված լինեին սպիներով։ Այնուհանդերձ նա մեծապես գովաբանում էր հեղինակին նրա համար, որ նա գիրքը ավարտում է խոստումով շարունակելու այն անվերջ պատմությունը և հաճախ նրա մեջ ցանկություն էր ծագում վերցնելու գրիչն ու ավարտելու մինչև վերջին բառը, ինչպես խոստացված էր և նա, անշուշտ, կաներ էլ, հաջողությամբ էլ կաներ, եթե նրան չխանգարեին ուրիշ, առավել կարևոր և համառ մտահղացումներ։ Հաճախակի մեր կաբալյերոն վեճ էր ունենում տեղական քահանայի հետ (ուսումնական մի մարդու հետ, որ Սիգուենցայում արժանացել էր աստիճանի) <ref>Սիգուենցայի համալսարանը (հիմնվել է 1472 թվին) Սերվանտեսի ժամանակ ամենից հետ ընկած համալասարաններից մեկն էր։</ref> այն մասին, թե ո՞վ է եղել ավելի լավ ասպետ՝ Պալմերին Անգլիացի՞ն, թե Ամադիս Գաղղիացին, սակայն գյուղի դալլաքը՝ վարպետ Նիկոլասը, պնդում էր, որ նրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել ասպետ Ֆեբոսի հետ և թե մեկն ու մեկին կարելի լիներ նրա կողքին դնել, ապա սոսկ դոն Գալաորին, Ամադիս Գաղղիացու եղբորը, որովհետև նա կարող էր ամեն ինչ տանել և այնքան էլ փափկասուն ու լալկան չէր, ինչպես իր եղբայրը, իսկ քաջությամբ նրանից պակաս չէր։
Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։