Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,– ասաց Թեոդենը,– թեկուզ կարճ ժամանակով:
Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին, ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով, նրա հետ թեքվելով սկզբում արևելք՝ հետո հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: Ջոկատը կանգ առավ գիշերելու. թագավորը հոգնել էր: Նրանք բավականին մոտ էին Մառախլապատ Լեռների ստորոտին, և Նան Կուրունիրը շրջապատող լեռնալանջերն արդեն ձգվում էին նրանց ընդառաջ: Հովիտն ընկղմված էր թանձր խավարի մեջ: Լուսինը թեքվել էր արևմուտք և կորել լեռների հետևում, բայց նրա վերջին շողերը դեռ լուսավորում էին երկինքը: Խավարի մեջ թաղված հովտից դեպի երկինք էր բարձրանում հսկայական ծխի սյունը, և լուսնի շողերից լուսավորվելով քուլա-քուլա տարածվում աստղազարդ երկնքում:
–Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,– հարցրեց Արագորնը: –Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:
Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց, և ասես ի պատասխան հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևաց, բայց վերջ ի վերջո խավարը ցրվեց, սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ դեպի հյուսիս և կորավ լեռներում:
Իսկ հարավում՝ Հելմյան Իջվածքում, կեսգիշերից հետո ուժգին աղմուկ բարձրացավ, ասես կիրճով փոթորիկ անցավ: Հողը դղրդաց: Բոլորին պատեց սարսափը և մինչև լուսաբաց ոչ ոք չհամարձակվեց ամրոցից դուրս գալ: Առավոտյան մի քանի համարձակներ դուրս եկան ամրոցից և ապշած քարացան. սպանված օրքերը չքացել էին: Չքացել էին նաև ծառերը: Կիրճի ներքևամասում խոտն այնպես էր տրորված, ասես ինչ որ հսկաներ ամբողջ գիշեր այդտեղով քշել էին իրենց նախիրները: Իսկ հողապատնեշից մեկ մղոն ներքև սևին էր տալիս թարմ հողով ծածկված մի վիթխարի փոս, որի վրա քարերի թումբ էր վեր խոյանում: Մարդիկ որոշեցին, որ այդ փոսում թաղված են սպանված օրքերը: Բայց թե ուր կորան անտառ փախած անհամար հրոսակները, ոչ ոք այդպես էլ չիմացավ: Հետագայում քարերի թմբին երբևէ ոչ մի մարդու ոտք չդիպավ, և այնտեղ այլևս խոտ չէր աճում: Այդ վայրն անվանեցին Մեռյալ Գերեզմանաթումբ: Իսկ տարօրինակ ծառերը ինչպես հայտնվել էին, այնպես էլ հեռացան, կրկին վերադարձան Ֆենգորնի մթին թավուտները և նրանց այլևս երբեք կիրճում չտեսան: Այդպես նրանք վրեժ լուծեցին օրքերից:
Այդ գիշեր ոչ թագավորը, ոչ էլ մյուսները այլևս չքնեցին, բայց գիշերն անցավ խաղաղ, և միայն առավոտյան կողմ Իզենը հանկարծակի կենդանացավ: Ջուրը ողողեց դատարկ հունը և գետը սկսեց առաջվա պես աղմկել՝ փրփրելով ու եռ գալով: Լուսադեմին ջոկատը կրկին շարժվեց առաջ: Սկսվեց գունատ, գորշ օրը: Մշուշը պատել էր երկինքը, որտեղ, արևելքում ինչ որ տեղ, ծագում էր անտեսանելի արևը: Մառախուղից ծանրացած խոնավ օդը հագեցած էր գարշահոտությամբ: Ընթանում էին դանդաղ, այժմ արդեն լայն, չոր և խնամված ճանապարհով: Ձախ կողմում մշուշի միջից աղոտ երևում էր երկար լեռնաշղթան: Վերջապես ջոկատը մտավ Նան Կուրունիր՝ Կախարդական հովիտ, որի միակ մուտքը հարավից էր: Մի ժամանակ դա կանաչապատ, գեղեցիկ հովիտ էր, որի միջով, սնուցվելով աղբյուրների, անձրևաջրերի և լեռնային հոսքերի ջրերից, հոսում էր հորդառատ Իզենը, և ամբողջ հովիտը ծաղկունք էր ապրում:
Սակայն դա վաղուց էր: Իզենգարդի պատերի տակ մինչև հիմա էլ Սարումանի ստրուկների կողմից մշակվող փոքրիկ հողակտորներ էին պահպանվում, բայց հովտի մեծ մասը վեր էր ածվել ամայի անապատի՝ ծածկված տատասկներով ու փշերով: Լանջերին տարածվել էին մոշի թփուտները, որոնց խիտ ծածկույթի տակ բնակություն էին հաստատել փոքրիկ գազանիկները: Ծառեր չկային, բայց փտող խոտի մեջ այստեղ-այնտեղ երևում էին այրված կոճղեր՝ առաջվա թավուտների մնացորդները: Տխուր լռությունը խախտում էր միայն քարքարոտ հունի մեջ շառաչող Իզենը: Հողի վրայով լողում էին գոլորշու մռայլ ամպերը և գնում, հավաքվում շրջակա ձորերում: Ջոկատը լուռ առաջ էր ընթանում: Շատերի սիրտը կրծում էր կասկածը. ինչի՞ համար նրանք այստեղ եկան, և ի՞նչ է նրանց սպասվում ճանապարհի վերջում:
Մի քանի մղոն գնալով ճաանապարհը վերածվեց լայն, սալարկված ուղու: Մեծ, հարթ քարերը այնպես սերտորեն էին միմյանց կողքի շարված, որ նրանց միջև ընկած ճեղքերում չեր աճում ոչ մի ցողուն: Ուղու երկու կողմերով ձգվում էին խորը ջրատարները՝ մինչև պռունկները լցված կարկաչող ջրով: Վերջապես առջևում, մառախուղի միջից, անսպասելի մի հսկայական սյուն հայտնվեց, որի սև պատվանդանին, սպիտակ ներկված, մեծ քարե ձեռք էր տեղադրված: Ձեռքի ցուցամատը ցույց էր տալիս դեպի հյուսիս: Պարզ դարձավ, որ Իզենգարդի դարպասն արդեն մոտ է: Թեև մշուշի միջից ոչինչ չէր երևում, բայց հեծյալների սրտերը լցվեց ճնշող ծանրությամբ: