Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 41 374 բայտ, 12:37, 6 Ապրիլի 2015
/* Գլուխ IX */
― Հավատալով ձեր խոսքին, ― ասաց դոն Կիխոտը, ― ես այլևս նրան վնաս չեմ տա, թեև նա շատ֊շատ արժանի է դրան։
 
 
==Գլուխ X==
 
Դոն Կիխոտի և նրա զինակիր Սանչո Պանսայի միջև եղած սրամիտ զրույցի մասին
 
 
Այդ միջոցին Սանչո Պանսան, որ վարդապետների ծառաներից լավ ծեծ էր կերել, արդեն վեր էր կացել և ուշի֊ուշով հետևում էր իր տիրոջ՝ դոն Կիխոտի մենամարտությանը, իր սրտում աղաչելով, որ Աստված հաճի նրան հաղթանակ շնորհել և որ հաղթանակը տանելուց հետո նա որևէ կղզի նվաճի և Սանչոյին, համաձայն խոստմանը կարողանա նահանգապետ կարգել։ Վերջապես տեսնելով, որ մարտն ավարտված է և որ իր տերը կամենում է հեծնել Ռոսինանտին՝ նա վազ տվեց, որ ասպանդակը բռնի, բայց նախքան նրա ձի հեծելը չոքեց նրա առջև և, բռնելով նրա ձեռքը համբուրեց ու ասաց․
 
― Թող հաճելի լինի ձերդ ողորմածությանը, տեր իմ դոն Կիխոտ, շնորհել ինձ նահանգապետություն կղզում, որ դուք նվաճեցիկ այս դաժան մարտում։ Ինչքան էլ նա մեծ լինի, զգում եմ ես, որ կկարողանամ կառավարել նույնքան լավ, որքան աշխարհի բոլոր մյուս կղզիների նահանգապետները։
 
Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
 
― Նկատի առ, եղբայր Սանչո, որ այս արկածը, ինչպես և սրա նման մյուսները, կղզի շահելու արկածներ չեն։ Ճամփաբաժաններում կարող են քո գլուխը ջարդել կամ ականջդ կտրել, բայց դու մեջտեղը ուրիշ բան չես շահի։ Համբերի՛ր մի քիչ, մենք այնպիսի արկածներ էլ կունենանք, որ թույլ կտան ինձ ոչ միայն նահանգապետ կարգել, այլև ավելի բարձր բան անելու։
 
Սանչոն ջերմագին շնորհակալություն հայտնեց, մի անգամ էլ համբուրեց նրա ձեռքն ու նրա ռազմական կապայի փեշը և օգնեց որ հեծնի Ռոսինանտին, իսկ ինքը թռավ իր էշի վրա և գնաց իր տիրոջ ետևից։ Կառքում նստած տիկիններին այլևս ոչ մի խոսք չասելով, անգամ հրաժեշտ չտալով դոն Կիխոտը արագ քայլերով մտավ անտառը, որ հեռու չէր։ Սանչոն լխկլխկում էր իր ողջ արագությամբ վազող էշի վրա՝ հետևելով տիրոջը։ Սակայն Ռոսինանտն այնքան արագ էր վազում, որ Սանչոն շուտով ետ մնաց և ստիպված էր ձայն տալ տիրոջը, որ սպասի իրեն։ Նրա ձայնն առենոլվ դոն Կիխոտը Ռոսինանտի սանձը քաշեց, մինչև որ հասավ իր հոգնած զինակիրն ու ասաց․
 
― Թվում է ինձ, տեր, որ մենք խելացի վարված կլինեինք, եթե պատսպարվեինք որևէ եկեղեցում։ Չէ՞որ այն մարդը, որի դեմ դուք նոր մարտնչեցիք, այնքան ցավալի վիճակի մեջ մնաց, որ զարմանալի չի լինի, եթե այդ անցքի լուրը Սանտա Հերմանդադ<ref>Santa Hermandat ― (բառացի՝ «սուրբ եղբայրություն»), այդպես էր կոչվում պահնորդական այն հատուկ կորպուսը, որը հիմնված էր Հյուսիսային Իսպանիայում XV դարում՝ գլխավորպես անկարգություններ անող ֆեոդալների, իսկ այնուհետև ավազակների և հանցագործենրտի դեմ պայքարելու համար։</ref> հասցեն և այն ժամանակ մեզ կկալանավորեն, իսկ բանտ որ նստացրին, Աստված վկա, շատ քրտինք պիտի թափենք, մինչև որ այնտեղից դուրս գանք։
 
― Լռի՛ր, ― ասաց դոն Կիխոտը։ ― Այդ որտե՞ղ ես դու լսել կամ կարդացել, որ թափառական ասպետներին մարդասպանության համար դատի ենթարկեն։
 
― Մարդասպանության մասին ես բան չգիտեմ, ― պատասխանեց Սանչոն, ― և ես երբեք այդ գործով չեմ զբաղվել․ գալով բացօթյա մուշտակռվին՝ ես գիտեմ, որ Սանտա Հերմանդադը նրանցով շատ հետաքրքրվում է, մնացյալի մասին չեմ խոսում։
 
― Մի՛ վշտանար, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես քեզ ոչ միայն Հերմանդադի, այլև անգամ քաղղեացիների<ref>Ակնարկում է Աստվածաշնչի մի դարձվածքը․ «Ահա ես կհանձնեմ այս քաղաքը քաղղեացիներին և բաբելացոց արքային» (Երեմիա, ԼԲ)։</ref> ձեռքից կազատեմ։ Բայց խղճի մտոք ասա ինձ՝ տեսե՞լ ես դու երբևիցե աշխարհիս երեսին ինձնից ավելի խիզախ ասպետ։ Կարդացե՞լ ես դու վեպերում, որ որևէ ասպետ ավելի խիզախություն հայտնաբերած լինի հարձակման պահին, ավելի համառություն պաշտպանության պահին, ավելի մահացու լինի՝ հարվածելիս և ավելի ճկուն՝ թամքից ցած գլորելուց։
 
― Ճիշտն ասած, ― պատասխանեց Սանչոն, ― կյանքումս ոչ մի վեպ չեմ կարդացել, որովհետև ես գրել֊կարդալ չգիտեմ։ Բայց գրազ կգամ, որ ավելի խիզախ տիրոջ, քան ձեր ողորմածությունն է, ես կյանքումս չեմ ծառայել, և տա Աստված, որ այդ արիության համար մենք ասածս տեղը չընկնենք։ Սակայն խնդրում եմ, ձերդ ողորմածություն, հոգացե՛ք ձեր մասին՝ ախր ձեր ականջից սաստիկ արյուն է գալիս․ բարեբախտաբար, իմ պայուսակում ծվատ ու սպիտակ սպեղանի կա։
 
― Այդ ամենը ավելորդ կլիներ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե ես մոռացած չլինեի մի սրվակ Ֆյերաբրասի բալասան պատրաստելու՝ մի կաթիլը բավական կլիներ, և մենք կտնտեսեինք և՛ ժամանակը, և՛ դեղորայքը։
 
― Ի՞նչ սրվակ և ի՞նչ բալասան է դա, ― հարցրեց Սանչո Պանսան։
 
― Այդ բալասանի բաղադրությունը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մտքումս պահել եմ։ Որ ունեցար՝ կարող ես ո՛չ մահից վախենալ, ո՛չ էլ վերքից մեռնելու երկյուղ ունենալ։ Ես կպատրաստեմ և կտամ քեզ, իսկ դու, որ տեսնես, թե կռվի միջոցին ինձ կտրել երկու կես են արել (մի բան, որ մեր գործերում հաճախ լինում է), զգուշությամբ կբարձրացնես այն կեսը, որ վայր է ընկել գետին և առաջ, քան արյունը լերդանա, կդնես այն կեսի վրա, որ մնացել է թամքի վրա՝ աշխատելով, որ երկու կեսերը խնամքով և ճիշտ իրար բերես։ Ապա թե ասածս բալասանից երկու կաթիլ կտաս, որ խմեմ, և կտեսնես, որ ես կլինեմ ողջ և առողջ, կարմիր խնձորի պես։
 
― Քանի որ այդպես է, ― ասաց Աանչոն, ― ես իսկույն ևեթ հրաժարվում եմ ինձ խոստացված կղզու վրա նահանգապետությունից և իմ մեծ ու հավատարիմ ծառայության համար ձեզնից մեկ բան եմ խնդրում՝ տվեք ինձ, ձերդ ողորմածություն, այդ զարմանահրաշ հեղուկի բաղադրատոմսը։ Ես հաստատ հավատացած եմ, որ աշխարհիս երեսին ամենուրեք նրա մեկ ունցիան երկու ռեալից ավելի թանկ կծախվի, իսկ ինձ ավելին պետք չէ՝ կյանքիս մնացորդն ազնիվ ու հանգիստ ապրելու համար։ Ասենք, նախապես պետք է պարզել, թե ինչ կնստի նրա պատրաստելը։
 
― Երեք ռեալով կարելի երեք ասումբրա<ref>Հեղուկների մի չափ, որը երկու լիտրից մի քիչ ավելի է։</ref> պատրաստել, ― պատասխանեց դոն Կիխոտը։
 
― Վա՜յ ինձ, մեղավորիս, ― բացականչեց Սանչոն։ ― Ապա ինչի է սպասում ձերդ ողորմածությունը, ինչո՞ւ ինքներդ չեք պատրաստում և ինձ չեք սովորեցնում։
 
― Լռի՛ր, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դա ի՜նչ է որ, դեռ ավելի մեծ գաղտնիքներ կբանամ քեզ և ավելի շատ բարիքներ կթափեմ քեզ վրա։ Իսկ հիմա զբաղվենք իմ ականջով՝ նա ավելի է ցավում, քան թե ես կուզենայի։
 
Սանչոն պայուսակից հանեց ծվատն ու սպեղանին։ Բայց երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչ դրության է հասել իր սաղավարտը, նա քիչ մնաց ուշաթափվեր։ Ձեռքը թրի վրա դնելով և աչքերը հառելով երկնքին՝ նա ասաց․
 
― Երդվում եմ աշխարհիս արարչով և չորս սուրբ ավետարաններով, ասես նրանք առջևս դրած լինեին,<ref>Երդման ավանդական մի ձև, գործ էր ածվում այն դեպքում, երբ ձեռքի տակ ավետարան չէր լինում։</ref> որ այսուհետև այնպիսի կյանք եմ վարելու, ինչպես մեծ մարկիզ Մանտուանացին, երբ նա երդվեց իր մորաքրոջ որդի Բալդովինի մահվան վրեժը լուծել, այսինքն՝ սուփրից հաց չճաշակել, չզվարճանալ կնոջ հետ և այլն (իսկ թե ինչ, ես մոռացել եմ, միայն թե այդ ամենը դնում եմ երդմանս մեջ), մինչև որ վրիժառու չլինեմ նրանից, ով ինձ նման վիրավորանք հասցրեց։
 
Լսելով այս խոսքերը՝ Սանչոն ասաց․
 
― Ձերդ ողորմածություն, սինյոր դոն Կիխոտ, միտք արեք ապա, չէ՞ որ եթե այն ասպետը կատարել է ձեր հրամանն ու գնացել է ներկայանալու իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն, ապա ուրեմն նա իր պարտքը կատարել է և արժանի չէ նոր պատժի, քանի որ նոր հանցանք չի գործել։
 
― Դու այդ ճիշտ նկատեցիր և ասացիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի ես ետ եմ վերցնում իմ երդման այն մասը, որ վերաբերում է այդ ասպետից վրեժ առնելուն։ Սակայն ես դարձյալ երդվում եմ և հաստատում երդումս այնպիսի կյանք վարելու, որ ասում էի, մինչև որ ուժով որևէ ասպետից սաղավարտ չխլեմ, որ իր որակով իմիս հավասար լինի։ Եվ մի մտածիր, Աանչո, որ իմ խոսքերը, որպես դարմանի ծուխ, քամին կտանի, քանի որ իմ առջև մեծ նմուշներ են կանգնած։ Չէ՞ որ նույնը, բառացի նույնը պատահեց Մամբրինոյի սաղավարտին, որ այնքան թանկ նստեց Սակրիպանտեին։
 
― Տեր իմ, ձերդ ողորմածություն, գրողը տանի այդ տեսակ երդումները, ― վրա բերեց Սանչոն։ ― Նրանք առողջության համար վնասակար են և ձեռնտու չեն խղճին։ Թե չէ, ասացեք ապա՝ ի՞նչ կլինի, եթե դիցուք բազմաթիվ օրերի ընթացքում մեզ ոչ մի սաղավարտավոր մարդ չհանդիպի, ի՞նչ պիտի անենք մենք։ Մի՞թե դուք կատարելու եք ձեր երդումը, հակառակ բոլոր անհարմարություններին և անախորժություններին, այն է՝ շորերը հագներիդ քնեք, գյուղերում չգիշերեք և ձեզ հազար ու մի ուրիշ փորձությունների ենթարկեք, որ հիշատակել է այդ խելքը կորցրած մարկիզ Մանտուանացին, ինչ է թե ձերդ ողորմածությունը կամենում է, նրա երդումը վերակենդանացնել։ Լավ մտածեցեք, ձերդ ողորմածություն, չէ՞ որ բոլոր այս ճամփաներով երթևեկում են լոկ զինված ջորեպաններ, ձիապաններ և կառապաններ, որոնք ոչ միայն սաղավարտ չեն կրում, այլև գուցե իրենց օրում չեն էլ լսել նրա մասին։
 
― Ախալվում ես, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երկու ժամ չի քաշի, և մենք այս խաչաձևվող ուղիներում ավելի զինված մարդ կհանդիպենք, քան Ալբրական՝ Անջելիկա գեղեցկուհուն նվաճելու միջոցին։
 
― Էհ, լավ, թող ձեր ասածը լինի, ― ասաց Սանչոն։ ― Տա Աստված, որ մեր բախտը բերի և շուտով հասնի ժամը նվաճելու կղզին, որ ինձ վրա այսքան թանկ է նստում, իսկ այնուհետև ես հանգիստ կմեռնեմ։
 
― Ես արդեն ասել եմ քեզ, Սանչո, որ կարիք չունես դրա համար անհանգիստ լինելու։ Կղզի չեղավ՝ Դանիայի կամ Սոբրադիսայի նման որևէ մի թագավորություն կգտնվի և քո չափսին կգա, ոնց որ մատանին՝ մատիդ։ Համ էլ քեզ համար ավելի լավ կլինի, չէ՞ որ այդ թագավորությունները հաստատ հողի վրա են։ Սակայն այդ թողնենք, մենք ժամանակ կունենանք դրա մասին խոսելու, իսկ հիմա տեսնենք, թե քո պայուսակում ուտելու պաշար կա՞։ Կազդուրվենք և իսկույն գնանք որևէ դղյակ որոնելու, որտեղ կգիշերենք և ես կպատրաստեմ բալասանը, որի մասին քեզ պատմեցի, որովհետև, երդվում եմ Աստուծով, ականջս սաստիկ ցավում է։
 
― Մոտս կա ընդամենը մի գլուխ սոխ, մի կտոր պանիր և մի քանի կտոր քարթու հաց, ― ասաց Սանչոն։ ― Այս ամենը ձեր ողորմածության պես արի ասպետի համար անվայել ուտելիք է։
 
― Դու բնավ բան չես հասկանում, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Իմացած եղիր, Սանչո, թափառական ասպետի առաքինությունն այն է, որ ամիսներով բան չուտի, իսկ եթե ուտելու էլ լինի, ապա առաջին ձեռքն ընկած բանը։ Դու կասկած չէիր ունենա, եթե այնքան վեպեր կարդացած լինեիր, որքան ես, և թեև ես շատ եմ կարդացել, բայց չեմ հիշում, որ ասպետը երբևէ այլ կերպ ուտելիս լինի, քան բոլորովին պատահմամբ, և միմիայն ճոխ խնջույքներում, որ սարքված են լինում նրանց պատվին։ Մնացած օրերը նրանք ծաղիկների բույրով են սնվում։ Իհարկե, պետք է ենթադրել, որ նրանք այնուամենայնիվ մի բան ուտում էին և բավարարում էին մնացյալ բնական պահանջները, քանի որ վերջ ի վերջո նույն տեսակ մարդիկ են եղել, ինչ որ մենք։ Իսկ որովհետև նրանք իրենց կյանքի մեծ մասը անտառներում և անապատներում են անցկացնելիս եղել, ապա խոհարարներ չէին ունենում, և պետք է ենթադրել, որ նրանց սովորական սնունդը գյուղական հասարակ ուտելիքն է եղել, հիմա ինձ առաջարկածիդ պես մի բան։ Ուստի, Սանչո, բարեկամս, թող քեզ չվշտացնի այն, ինչ ուրախացնում է ինձ, մի աշխատիր ստեղծել նոր աշխարհ և թափառական ասպետներին ճամփից հանել։
 
― Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― բայց որովհետև ես ո՛չ գրել գիտեմ, ո՛չ կարդալ, ինչպես մի անգամ էլ ասել եմ ձեզ արդեն, ապա ասպետական պաշտոնի կանոններն էլ ես երբեք չեմ կարդացել։ Այսուհետև ես հետս կվերցնեմ մի պայուսակ՝ լիքը ամեն տեսակ չոր պտուղներով, որովհետև ձերդ ողորմածությունն ասպետ է, իսկ ինձ համար ― որովհետև ես ասպետ չեմ, ― զանազան թռչուններ և ընդհանրապես ավելի էական բաներ։
 
― Իմ ասածը բոլորովին այն չէր, Սանչո, ― առարկեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետները պարտավոր են միայն չոր միրգ ուտելու, ես միայն նկատեցի, որ որ նրանք սովորաբար դրանով են սնվել, մեկ էլ մի քանի տեսակ դաշտային բանջարեղենով, որ նրանք գիտեին գտնել դաշտերում, ինչպես ես էլ լավ գիտեմ։
 
― Օգտակար բան է ճանաչել այդ բանջարեղենը, ― ասաց Սանչոն, ― որովհետև ինչպես ինձ թվում է, այդ գիտությունը երբևիցե մեզ պետք կգա։
 
Այստեղ նրանք պայուսակից հանեցին իրենց պաշարը և երկուսով, խաղաղ ընկերակցությամբ սկսեցին ուտել։ Սակայն գիշերվա օթևան գտնելու ցանկությունից դրդված՝ նրանք կարճեցին իրենց չոր ու ցամաք ճաշը, իսկույն նստեցին մեկն իր երիվարը, մյուսն՝ իր էշը և քշեցին՝ հուսով, որ մինչև մութը կոխի, հասնեն բնակելի մի վայր։ Սակայն արևը մայր մտավ, և նրա հետ չքացավ ցանկացածին հասնելու հույսը, իսկ որովհետև նրանք այծարածների վրանների մոտ էին, որոշեցին հենց այստեղ էլ կանգ առնել։ Որքան Սանչոն վշտանում էր, որ նրանք այդպես էլ գյուղ չհասան, նույնքան էլ դոն Կիխոտը, ընդհակառակը, ուրախ էր բաց երկնքի տակ գիշերն անց կացնելու մտքից, որովհետև ամեն անգամ, երբ այդպիսի բան էր պատահում, նա հաջողության նշան էր համարում, որ հաստատում էր նրա իրավունքները ասպետական կոչման մեջ։
 
 
==Գլուխ XI==
 
Թե ինչ պատահեց դոն Կիխոտի և այծարածների միջև
 
 
Այծարածները նրանց սիրալիր ընդունեցին, և Սանչոն, որքան կարելի է, լավ հոգ տանելով Ռոսինանտի և իր էշի մասին, այն կողմը դիմեց, որտեղից այծի մսի հոտ էր գալիս, որ կաթսայի մեջ եփվում էր կրակի վրա։ Եվ, թեև նրան քաշում էր անհապաղ համը տեսնելու, պիտանի՞ է արդյոք մսի կաթսայից անմիջապես ստամոքսն ուղևորելու, այնուհանդերձ նա իրեն պահեց, որովհետև այդ իսկ վայրկյանին հովիվները կաթսան կրակից վերցրին և, գետնին ոչխարի մորթիներ փռելով, արագ֊արագ պատրաստեցին իրենց գեղջկական սուփրան, ապա մեծ սիրալիրությամբ առաջարկեցին մեր ճամբորդներին բաժանել նրանց հետ իրենց ունեցածից։ Բոլոր վեց հովիվները, որ ապրում էին վրանում, բոլորաձև նստոտեցին ոչխարի մորթիների վրա, նախապես անշնորհք քաղաքավարությամբ խնդրելով դոն Կիխոտից, որ շուռ տված տաշտի վրա տեղ գրավի։ Դոն Կիխոտը նստեց, իսկ Սանչոն ոտի վրա մնաց, որ նրան սպասարկի և մատուցի եղջյուրից շինած գավաթը։ Սակայն մեր ասպետը տեսնելով, որ նա չի նստում, ասաց նրան․
 
― Որպեսզի դու տեսած լինես, Սանչո, թե ինչ բարիք է պարփակվում թափառական ասպետության մեջ և թե ինչ արագությամբ մարդիկ, որ այնպես ծառայում են նրան, հասնում են աշխարհում հարգանքի և պատիվների, ես կամենում եմ, որ դու նստես իմ կողքին այս բարի մարդկանց շրջանում և ինձ հավասար լինես՝ քո տիրոջը և բնական սինյորին, որ դու իմ ափսեից ուտես և նույն թասից խմես, որից խմում եմ ես, որովհետև թափառական ասպետության մասին կարելի է ասել նույնը, ինչ որ սովորաբար սիրո մասին է ասվում՝ բոլորին հավասարեցնում է։
 
― Խորին շնորհակալություն, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ահա՛ թե ինչ կասեմ ես ձերդ ողորմածությանը՝ թող ուտելու բան ունենամ, իսկ կանգնած և մենակ ուտելը, թերևս, ինձ համար ավելի հարմար լինի, քան կայսեր կողքին նստած։ Եվ, եթե շիտակն ասել թույլ տաք, ապա իմ սեփական անկյունում սոխով հաց ուտելը, առանց ծեսերի և ծռմռվելու շատ ավելի դուրեկան է, քան ուրիշի սեղանից հնդկահավ ուտել և հարկարդված լինել դանդաղ ծամելու, սակավ խմելու, ամեն վայրկյան բերան սրբելու, չհազալու, չփռշտալու, երբ հազդ ու փռշոցդ գալիս է և չանել շատ ուրիշ բաներ, որ թույլատրվում է մարդուս ազատ և մենակ միջոցին։ Ուստի, տեր իմ, պատիվների փոխարեն, որ ձերդ ողորմածությունն ուզում է ինձ արած լինել, որպես ծառայի և թափառական ասպետի աշխատակցի, քանի որ ես ձեր ողորմածության զինակիրն եմ, շնորհեցեք ինձ ավելի շահավետ և օգտավետ մի բան։ Իսկ այս պատիվը ես ընդունում եմ և շնորհակալությամբ, բայց հրաժարվում եմ նրանից այժմ և հավիտյան։
 
― Չնայած դրան, դու դարձյալ նստիր, որովհետև նրան, ով որ խոնարհեցնում է իրեն, Աստված բարձրացնում է։
 
Եվ, քաշելով նրա թևից, դոն Կիխոտը ստիպեց, որ նստի իր կողքին։
 
Հովիվները, որ զինակիրների ու թափառական ասպետների բարբառից բան չէին հասկանում, զոռ էին տալիս ուտելուն, լռելյայն նայում էին հյուրերին, որոնք մեծ ախորժակով խժռում էին բռունցքի մեծությմբ կտորներ։ Երբ որ մսեղենը պրծավ, հովիվները ահագին քանակությամբ կաղին թափեցին մորթիների վրա, հետն էլ կես գլուխ պանիր դրին, որ այնքան պինդ էր, ասես կրից լիներ շինած։ Իսկ եղջյուրե թասը անգործ չէր մնում, մեկ լիքը, մեկ՝ դատարկ, ինչպես ջուր քաշող դույլ, նա այնպիսի արագությամբ շրջան էր գործում, որ երկու առկա տկերից մեկը, այն էլ առանց առանձին դժվարության, դատարկված էր։ Երբ որ դոն Կիխոտը իր փորը մի լավ կշտացրեց, նա մի բուռ կաղին վերցրեց և, ուշի֊ուշով զննելով սկսեց հետևյալ խոսքը․
 
― Երջանիկ է եղել այն ժամանակը և բախտավոր այն դարը, որ հնում կոչելիս են եղել ոսկեդար, այն էլ ոչ թե նրա համար, որ ոսկին, այնքան գնահատելի մեր եկաթե դարում, որ երանելի ժամանակ ձեռք էր բերվում առանց որևէ աշխատանքի, այլ նրա համար, որ այն ժամանակ ապրող մարդիկ չգիտեին երկու բառ՝ «իմը» և «քոնը»։ Այդ սրբազան ժամանակներում ամեն ինչ ընդհանուր էր։ Իրենց օրվա պարենն ստանալու համար մարդուն մնում էր միայն ձեռքը բարձրացնել զորավոր կաղնու ճյուղերին, որ առատությամբ քաղցր ու համեղ պտուղներ էր տալիս։ Վճիտ աղբյուրներն ու արագահոս վտակները առատորեն առաջարկում էին իրենց զով ու առողջարար ջրերը։ Ժայռերի ճեղքերում ու ծառերի փչակներում համեստ ու ժրաջան մեղուները հիմնում էին իրենց թագավորությունները, և յուրաքանչյուր ձեռք կարող էր ձրի տիրանալ նրանց անուշ աշխատանքի առատ բերքին։ Խցանային հզոր կաղնիները, առանց որևէ հարկադրանքի, առատաձեռն սիրալիրությունից դրդված՝ հանելիս են եղել իրենց արձակ ու թեթև կեղևը և մարդիկ նրանով ծածկելիս են եղել իրենց տնակները՝ կառուցած անտաշ սյուների վրա, միմիայն փոփոխական եղանակից պատշտպանվելու համար։ Այն ժամանակ ամենուրեք խաղաղություն, բարեկամություն, համաձայնություն էր տիրում։ Ծուռ գութանի ծանր խոփը դեռևս չէր խիզախում կտրել ու բանալ մեր նախամոր ողորմած որովայնը, որովհետև առանց հարկադրանքի նա իր բերրի և լայնարձակ ծոցի ամբողջ տարածության վրա տալիս էր, ինչ որ կարող է կշտանցել, հագեցնել և ուրախացնել մանուկներին, որ այն միջոցին տիրում էին նրան։ Այն պահին, երբ պարզամիտ և չքնաղ հովվուհիները զբոսնում էին հովտից հովիտ և բլուրից բլուր, արձակ մազերով կամ ծամերը հյուսած, և նրանց վրա մի քող կար միայն, որ ողջմամտորեն ծածկում էր այն տեղերը, որ պատշաճությունը միշտ պահանջել և պահանջում է ծածկել։ Եվ նրանք զգեստներ չունեին, որ ընդունված են մեր ժամանակ՝ Տիր ծիրանիով կամ հազար ծվեն արած մետաքսով զարդարված, այլ կանաչ տերևների հյուսած պսակներ։ Եվ այդ արդուզարդով նրանք, թերևս, պակաս շքեղ և պճնված չեն եղել, քան մեր ոստանիք կանայք իրենց արտասովոր հնարքներով, որ սովորեցրել է նրանց տարակամ պարապությունը։ Այն ժամանակ հոգու սիրային տենչը նույնքան պարզ ու անկեղծ էին արտահայտվում, ինչպես և ծագում էին հոգում, առանց ինքնազարդարության համար խոսքի ճարպիկ հյուսվածքի ետևից ընկնելու։ Ստությունը, նենգությունն ու խորամանկությունը չէին խառնվում ճշմարտության և անկեղծության։ Արդարադատությունը իշխում էր լիակատար կերպով, և ո՛չ շահամոլությունը, ո՛չ կողմնապահությունը, որ հիմա այնքան ստորացնում ու հալածում են նրան, չէին հանդգնում ո՛չ վիրավորել նրան, ո՛չ շփոթել։ Անձնական կամայականության օրենքը դատավորների գլխից չէր անցնում, որովհետև դատելու համար ո՛չ մարդ կար, ո՛չ մեղք։ Ինչպես արդեն ասացի ես, ողջամիտ աղջիկները ման էին գալիս, որտեղ խելքներին փչում էր, մեն֊մենակ, առանց վախենալու, որ օտարի հանդգնությունը կամ ցանկամոլությունը կարող է նրանց վիրավորել, իսկ եթե կորցնում էլ էին պատիվը, ապա այդ պատահում էր իրենց սեփական հակումից և բարի կամքից։ Իսկ հիմա, մեր ատելի ժամանակում, նրանցից և ոչ մեկը ապահով չէ, անգամ եթե թաքցրած լինի և փակված որևէ անտեսանելի լաբիրինթոսում, ինչպիսին կա Կրետե կղզու վրա, որովհետև հիմա, այդ անիծյալ քաղաքավարության հետ միասին, բոլոր ծակոտիներից նրանց վրա օդից փչում է սիրային վարակը, իսկ նրա հետ՝ մնա՜ս բարով ամեն զսպվածություն։ Քանի շատ էր ժամանակն անցնում, այնքան ավելի էր աճում այդ չարիքը, մինչև որ աղջիկների ապահովության համար հիմնվեց թափառական ասպետների ուխտը, որ իր նպատակը դրել է պաշտպանել կույսերին, հովանավորել այրիներին, օգնել որբերին և աղքատներին։ Ես էլ եմ պատկանում այդ ուխտին, հովիվ եղբայրներ, և ես շնորհակալ եմ բարի ընդունելության և հյուրասիրության համար, որ դուք ցույց տվիք ինձ և իմ զինակրին։ Թեև բնական օրենքով աշխարհի բոլոր շունչ֊կենդանիները պարտավոր են աջակցելու թափառական ասպետներին, այնուհանդերձ ես գիտեմ, որ դուք այդ պարտականությանը անգիտակ ընդունեցիք մեզ և հյուրասիրեցիք, ուստի ես պարտավոր եմ սրտանց շնորհակալ լինելու ձեր բարեսրտության համար։
 
Այս ամբողջ երկար ճառը (որ նա շատ լավ կարող էր արտասանած չլինել) մեր ասպետն արտասանեց միմիայն նրա համար, որ իրեն առաջարկած կաղինը նրա միտքը գցեց ոսկեդարը, և նրա խելքին փչեց ապարդյուն դուրս տալու հովիվների առջև, որոնք, առանց մի բառ արտասանելու, լսում էին նրան մտամոլոր ու շփոթված։ Սանչոն էլ էր լուռ, նա կրծում էր կաղինը և շուտ֊շուտ մոտենում երկրորդ տկին, որ գինին սառը պահելու նպատակով, կախված էր կաղնուց։
 
Ընթրիքն արդեն ավարտված էր, իսկ դոն Կիխոտը տակավին խոսում էր, մինչև որ վերջապես հովիվներից մեկը դիմեց նրան հետևյալ խոսքերով․
 
― Որպեսզի ձերդ ողորմածությունը, սինյոր թափառական ասպետ, ունենա ավելի հիմք՝ հավատալու մեր ընդունելության անկեղծ բարեսրտությանը, մենք ուզում ենք զվարճացնել և ուրախացնել ձեզ մեր ընկերներից մեկի երգով, որ իսկույն պիտի գա այստեղ։ Նա էլ է հովիվ, խելքը գլխին տղա, սաստիկ սիրահարված, իսկ գլխավորը՝ գիտե կարդալ֊գրել և ռաբելե<ref>Ռաբելե ― լյուտնյայի տիպի երաժշտական գործիք, ինչ֊որ եռալար, պրիմիտիվ ջութակի նման։</ref> է ածում այնպես, որ ավելի լավ կամենալ անկարելի է։
 
Հազիվ հովիվն ասաց այս խոսքերը, որ նրանց ականջին հասավ ռաբլեի ձայնը, իսկ շուտով ինքը երաժիշտն էլ երևան եկավ, մոտ քսաներկու տարեկան մի երիտասարդ՝ շատ դուրեկան արտաքինով։ Նրանից հարցրին՝ ընթրե՞լ է նա, թե՞ ոչ, երբ նա դրական պատասխան տվեց, այն հովիվը, որ նրան գովաբանում էր ասաց․
 
― Դե որ այդպես է, Անտոնիո, մեր խաթեր համար մի բան երգիր։ Թող սինյորը, որ այսօր մեր հյուրն է, տեսնի, թե լեռներում էլ, անտառներում էլ պատահում են մարդիկ, որոնց խելքը երաժշտությունից բան է կտրում։ Մենք նրան արդեն քո ընդունակությունների մասին հաղորդել ենք, դե՛ հայտաբերի՛ր և համոզիր նրան, որ մենք ճիշտ ենք ասել։ Ուստի, քո որևը, խնդրում եմ նստես և քո սիրուհու պատվին երգ ասես, որ քո քահանա հորեղբայրն է հորինել, և որ մեր գյուղում բոլորին այնքան դուր եկավ։
 
 
<poem>
Սիրում ես ինձ, ես այդ գիտեմ,
Թեև երբեք ինձ այդ մասին
Չես ակնարկել գեթ հայացքով՝
Սիրո քաղցր լեզվով լռին։
 
Սիրում ես ինձ, և իմ հոգին
Էլ չեն մաշում վիշտ ու հառաչ։
Օ, ի՜նչ հրճվանք, երբ սիրտն արդեն
Բաց է սիրող սրտի առաջ։
 
Իմ Օլայլա, հաճախ դու ինձ
Ցույց ես տվել, որ հոգիդ կույս
Բրոնզ է սառն ու անզգա,
Շուշան֊կուրծքդ քար է անհույզ։
 
Բայց երբեմն էլ քամահրանքի,
Հպարտության բարձրությունից,
Հույսն է գաղտնի իր հանդերձի
Լույս քղանցքը ցույց տվել ինձ։
 
Ես քո գիրկն եմ տենչում նետվել
Ինչպես ձուկն է խայծին ձգտում,
Ո՛չ թոշնում եմ մերժումներից,
Ո՛չ ստանում սիրո խոստում։
 
Եթե իղձը պարկեշտ է միշտ,
Պարկեշտությունդ ասում է ինձ,
Որ պսակը իմ հույսերի
Կլինի քո սերը անբիծ։
 
Եթե ազնիվ պաշտամունքը
Շնորհների է արժանի,
Ե՜ս էլ նույնը պիտի հուսամ,
Ի՜մ Օլալյա, ի՜մ աղավնի։
 
Թե նկատել կամենայիր,
Կտեսնեիր այնքա՜ն, այնքա՜ն,
Որ ամեն օր եմ ես կրում
Իմ զգեստները տոնական։
 
Եվ քանի որ նույնն է ուղին
Թե՛ զգեստի և թե՛ սիրո,
Կամեցել եմ ես միշտ քեզ մոտ
Փայլել շքեղ հանդերձներով։
 
Չեմ հիշեցնում պարերն աշխույժ,
Սերենադները սրտահույզ,
Որ օրորո՜ւմ էին անուշ
Վերջալույսից մինչև արշալույս։
 
Չեմ հիշեցնում և գովքը այն,
Որ թովչանքիդ եմ ես ձոնել,
Որով միայն շատ շատերից
Լոկ նախատինք եմ վաստակել։
 
Իսկ Թերեսան Բերոկալցի
Ծաղրով ասաց․ «Աղջիկներ կան,
Որ հրեշտակ են պատմելով,
Իսկ մոտիկից կապիկ միայն։
 
Ի՞նչ մեծ բան է հիմա մեզ մոտ
Հիմարացնել և ամուրին
Ոսկեգանգուր կեղծամներով,
Փերիներով խանությային»։
 
Ես պատասխան տվի նրան,
Նա ինձանից վիրավորվեց,
Հետո եկավ քեռու տղան,
Սկսվեցին կռիվ ու վեճ։
 
Տենչում եմ քեզ սիրատոչոր
Ու երազում կարոտագին
Ոչ թե մարմինդ նրբագեղ,
Այլ քո մաքուր, անբիծ հոգին։
 
Օ, կհյուսի եկեղեցին,
Մետաքս օղակն ամուսնական,
Ե՛կ, միասին կրենք, ի՛մ սեր,
Կապանքները այդ սրբազան։
 
Իսկ թե մերժես, երդվում եմ քեզ
Սուրբ անունով սրբոց դասի,
Որ աշխարհից կհեռանամ
Ու կճգնեմ խցում վանքի։
</poem>
 
Այս խոսքերով հովիվն ավարտեց իր երգը, և դոն Կիխոտը խնդրեց, որ նա մի բան էլ երգի, սակայն Սանչո Պանսան առարկեց, թե ավելի քնել կուզենար, քան երգ լսել և ասաց իր տիրոջը․
 
― Ժամանակ է արդեն, որ ձերդ ողորմածությունը մի տեղ պատրաստի պառկելու համար, չէ՞ որ այս բարի մարդիկ ամբողջ օրն աշխատում են և չեն կարող գիշերը մինչև լույս երգով անց կացնել։
 
― Հասկանալի է, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― պարզ է, որ տկին արածդ հաճախ այցելությունները ավելի քնով պիտի վարձատրվեն, քան երաժշտությամբ։
 
― Այն ով է, որ գինի չի սիրում, փառք քեզ Աստված, ― բացականչեց Սանչոն։
 
― Ես այդ չեմ ժխտում, ― ասաց դոն Կիխոտը։ ― Դե՛, պառկիր, որտեղ կուզենաս, իսկ իմ արհեստի մարդկանց ավելի վայել է զարթուն մնալը, քան քնելը։ Համ էլ վատ չէր լինի, Սանչո, եթե դու նորից կապեիր ականջս, որովհետև ավելի սաստիկ է ցավում, քան պետք էր։
 
Սանչոն կատարեց հրամանը։ Իսկ այծարածներից մեկը, տենելով վերքն, ասաց որ անհանգստանալու տեղիք չկա, որ ինքը դեղ ունի, որից վերքն իսկույն կսաղանա։ Եվ շուրջը մեծ առատությամբ բսած կնդրուկի տերևներ քաղելով, նա ծամեց, աղ արեց և դրեց վերքի վրա։ Ապա թե խնամքով կապեց ականջը և հավատացրեց, որ ոչ մի ուրիշ դեղի կարիք չի լինի։ Այդպես էլ դուրս եկավ։
Ադմին, Վստահելի
1876
edits