Changes
/* Գլուխ XI */
Սանչոն կատարեց հրամանը։ Իսկ այծարածներից մեկը, տենելով վերքն, ասաց որ անհանգստանալու տեղիք չկա, որ ինքը դեղ ունի, որից վերքն իսկույն կսաղանա։ Եվ շուրջը մեծ առատությամբ բսած կնդրուկի տերևներ քաղելով, նա ծամեց, աղ արեց և դրեց վերքի վրա։ Ապա թե խնամքով կապեց ականջը և հավատացրեց, որ ոչ մի ուրիշ դեղի կարիք չի լինի։ Այդպես էլ դուրս եկավ։
==Գլուխ XII==
Թե դոն Կիխոտի հետ եղած այծարածներից մեկն ինչ պատմեց
Այս միջոցին գյուղից վերադարձավ մի տղա, որ գնացած էր եղել պաշարեղենի ետևից, և ասաց․
― Ընկերներ, գիտե՞ք, ինչ է պատահել գյուղում։
― Որտեղի՞ց իմանանք, ― պատասխանեց հովիվներից մեկը։
― Դե՛ իմացած եղեք, ― շարունակեց եկածը, ― որ այսօր առավոտ վախճանվեց հռչակավոր հովիվ֊ուսանող Խրիզոստոմոն, և լուր կա, որ մեռել է այն սատանա Մարսելային սիրելուց, հարուստ Գիլերմոյի աղջկան, որ հովվի զգեստով թափառում է այս խուլ վայրերում։
― Մարսելայի՞ն, ― ասում ես, ― հարցրեց մեկը։
― Այո՛, Մարսելային, ― պատասխանեց այծարածը։
― Իսկ ամենից նշանավորն այն է, որ իր կտակում նա կարգադրել է, որ իրեն թաղեն մավրի պես, արձակ դաշտում, մի ժայռի տակ, որտեղ աղբյուրի վրա մի կաղնի է աճում, որովհետև համաձայն լուրերի (իբր թե նա ինքն է ասել), այդտե՛ղ է նա առաջին անգամ տեսել Մարսելային։ Նա զանազան ուրիշ ցանկություններ էլ է հայտնել, միայն թե այստեղի տերտերներն ասում են, որ պետք չէ դրանք կատարել, որովհետև նրանք հեթանոսականի պես են։ Իսկ դրան առարկում է հանգուցյալի ամենամտերիմ բարեկամ ուսանող Ամբրոսիոն, որ նրա պես հովվի զգեստ է հագել։ Նա ուզում է Խրիզոստոմոյի կտակը լրիվ կատարած լինել, ինչպես նա ինքն է կարգադրել, և այդ առիթով ողջ գյուղը հիմա հուզված է։ Դատելով խոսակցություններից՝ վերջ ի վերջո ամեն ինչ Ամբրոսիոյի և նրա այլ հովիվ֊բարեկամների ցանկությամբ է կատարվելու, և վաղը մեծ հանդիսականությամբ նրան կտանեն թաղելու այն իսկ տեղը, որ ես ասացի։ Ըստ իս, տեսնելու բան է լինելու։ Համենայն դեպս ես անպատճառ կերթամ այնտեղ, եթե վաղը դարձյալ ստիպված չլինեմ վերադառնալու գյուղ։
― Մենք բոլորս էլ կերթանք այնտեղ, ― պատասխանեցին հովիվները, և վիճակ կգցենք, թե ով մնա մեր այծերին պահպանելու։
― Ճիշտ է, Պեդրո, ― վրա բերեց նրանցից մեկը, ― միայն թե չարժի այդ միջոցին դիմել․ ձեր բոլորիդ փոխարեն ե՛ս կմնամ։ Եվ չկարծեք, թե ես այդ առաջակում եմ բարությունից կամ հետաքրքրության բացակայությունից, այլ անցյալ օրը ոտս փուշ է մտել և դժվարանում եմ ման գալ։
― Ինչ էլ լինի, մենք բոլորս էլ շնորհակալ կլինենք քեզնից, ― պատասխանեց Պեդրոն։
Դոն Կիխոտը խնդրեց, որ Պեդրոն պատմի, թե ո՞վ է մեռել և ո՞վ է հովվուհին։ Պեդրոն պատասխանեց, թե ինչքան իրեն հայտնի է, ննջեցյալը հարուստ հիդալգո է եղել, բնակիչ մի գյուղի, որ գտնվում է լեռներում, շատ տարիներ ուսել է Սալամանկայում և ապա դարձել իր ծննդավայրը և շատ գիտուն և կարդացած մարդու համբավ ուներ։ Ասում էին, թե նա առանձնապես տեղյակ է եղել աստղերի գիտությունից և գիտեր, թե երկնքում արևն ու լուսինն ինչ են անում։ «Նա ճշտությամբ նախազգուշացնում էր արևի և լուսնի խաբարումները»։
― Այդ կոչվում է խավարումներ, բարեկամս, և ոչ թե խաբարումները, երբ որ այդ երկու մեծ լուսատուները խավարում են, ― նկատեց դոն Կիխոտը։ Բայց Պեդրոն, առանց ուշ դարձնելու նման մանրուքի վրա, շարունակեց իր պատմությունը։
― Նմանապես նա գուշակում էր, թե տարին ինչպես կլինի՝ բերքառատ թե չբերք։
― Դուք ուզում եք անբերրի ասած լինեք, բարեկամս, ― նկատեց դոն Կիխոտը։
― Չբերք թե անբերրի, ― պատասխանեց Պեդրոն, ― մեկ հաշիվ է։ Մի խոսքով, նրա գուշակությունների շնորհիվ հայրն ու բարեկամները շատ հարստացան, որովհետև հավատ էին ընծայում նրան և բոլոր գործերում հետևում էին նրա խորհուրդներին, երբ որ նա ասում էր՝ «այս տարի գարի ցանեցեք և ոչ թե ցորեն, իսկ այս տարի սիսեռ ցանեցեք և գարի մի՛ք ցանի, գալ տարի առաջ զեյթունի յուղ կլինի, իսկ հետո երեք տարի իրար վրա ոչ մի կաթիլ չի լինի»։
― Այդ գիտությունը կոչվում է ասղագիտություն, ― ասաց դոն Կիխոտը։
― Չգիտեմ, թե ինչպես է կոչվում, ― պատասխանեց Պեդրոն, ― սակայն գիտեմ, որ նա այդ ամենը գիտեր և դեռ ավելին։ Վերջապես նրա՝ Սալամանկայից գալուց հազիվ մի քանի ամիս էր անցել, որ մի գեղեցիկ օր հանկարծ նա դեն գցեց իր երկարափեշ ուսանողական զգեստը և հանդես եկավ մեր մեջ հովվի հագուստով՝ ոչխարի մորթից և ցուպը ձեռքին, իսկ նրա հետ հովվի հագուստ էր հագել նաև նրա հավատարիմ բաեկամ Ամբրոսիոն՝ նրա դասընկերը։ Ես մոռացա ասեմ ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն լավ երգ հյուսող էր և հորինում էր ավետիսներ, որ երգվում էին ծննդյան գիշերը և սրբազան ներկայացումներ, որ մեր գյուղական երիտասարդությունը խաղում էր մարմնո և արյան օրին, և բոլորն ասում են, որ շատ գեղեցիկ էին։ Երբ որ այդ երկու ուսանողներն այդպես անսպասելի հովվի հագուստ հագան, բոլորը գյուղում զարմացած մնացին և այդքան անսովոր կերպարանափոխության պատճառը ոչ մի կերպ չէին կարողանում գուշակել։ Իսկ այդ միջոցին մեռավ մեր Խրիզոստոմոյի հայրը, և նա ժառանգեց մեծ կարողություն՝ շարժական և անշարժ, նմանապես մեծ քանակությամբ եղջյուրավոր և մանր անասուններ և փողի մի խոշոր գումար։ Այդ ամենը հասավ նրան և ճիշտն ասած, նա միանգամայն արժանի էր դրան, որովհետև լավ ընկեր էր, լավ մարդկանց բարեկամ և ղալամով քաշած գեղեցկության տեր։ Ապա իմացվեց, որ նա հագուստը փոխել և այս ամայի վայրերն է հեռացել հովվուհի Մարսելայի ետևից ընկնելու համար, որովհետև խեզճ հանգուցյալը՝ Խրիզոստոմը, սիրահարված էր նրա վրա։ Հիմա ես կպատմեմ ձեզ, որ դուք իմանաք, թե ով է այս աղջիկը։ Գուցե, թերևս առանց գուցեի, դուք ձեր օրում նման բան լսած չլինեք, անգամ եթե Սառնայից<ref>Սառնա ― անթարգմանելի բառախաղ․ սառնա նշանակում է քոս։</ref> ավելի տարիքավոր լինեք։
― Սառա կասեն, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը՝ չկարողանալով համբերել, որ հովիվը այդքան աղճատում է բառերը։
― Սառնան ավելի երկար է քաշում, ― առարկեց հովիվը։ ― Իսկ եթե դուք, սինյոր, իմ ամեն մի խոսքին բծախնդիր լինեք, ապա ես մի տարի չեմ վերջացնի։
― Ներեցեք, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես ձեզ ընդհատեցի, որովհետև սառնայի և Սառայի միջև մեծ տարբերություն կա։ Բայց դուք շատ լավ պատասխանեցիք ինձ, թե սառնան ավելի երկար է քաշում, քան Սառայի կյանքը։ Շարունակեցեք ձեր պատմությունը, ես այլևս ձեզ չեմ ընդհատի։
― Այն էի ասում, սիրելի սինյոր, ― ասաց հովիվը, ― ես շարունակում եմ։ Մեր գյուղում մի գյուղացի կար, Խրիզոստոմոյի հորից էլ հարուստ և նրան կոչում էին Գիլլյերմո, որին բացի բազում հարստությունից, Աստված մի աղջիկ էր տվել, որի մայրը, ― մեր ողջ շրջանում պատվելի մի կին, ― վաղճանվեց ծննդաբերության միջոցին։ Ոնց որ հիմա տեսնում եմ նրա դեմքը։ ― Մեկ կողմից լույս էր տալիս արևի պես, իսկ մյուս կողմից՝ լուսնի։ Իսկ գլխավորը՝ բարի տնտեսուհի էր և սիրում էր աղքատներին, այնպես որ ես կարծում եմ՝ հիմա նրա հոգին տեր Աստծո մոտ երանության մեջ է։ Այսքան բարի կնոջ մահից հետո նրա ամուսին Գիլլյերմոն դարդամահ եղավ, և մնաց նրա աղջիկը՝ դեռատի և հարուստ Մարսելան, իր հորեղբոր խնամքին, քահանայի, որ մեր գյուղում կալված ունի։ Աղջիկը մեծանում էր այնքան սիրուն, որ մենք բոլորս ակամա հիշում էինք նրա գեղեցկուհի մորը, իսկ ոմանք անգամ ենթադրում էին, որ ժամանակի ընթացքում աղջիկը կգերազանցի։ Ահա այսպես, երբ որ լրացավ նրա տանսչորս թե տասնհինգ տարին, չէր կարելի նրա վրա նայել առանց օրհնելու Աստծուն, որ նրան ասքան չքնաղ է ստեղծել, և մեր ջահելների մեծ մասը մահացու սիրահարված էր նրա վրա։ Իսկ հորեղբայրը նրան փականքի տակ էր պահում մեծ խստությամբ։ Այնուամենայնիվ, նրա մեծ գեղեցկության և խոշոր հարստության համբավը տարածվեց ոչ միայն մեր գյուղում, այլև շատ մղոն հեռու շուրջը և լավագույն փեսացուները ամեն կողմից գալիս էին խնդրելու, աղաչելու, պաղատելու հորեղբորից, որ նրան մարդու տա։ Սա էլ, իբրև իսկական բարի քրիստոնյա, թեև հակառակ չէր նրան մարդու տալու, երբ որ նա հասակն առավ, այնուամենայնիվ, չէր ուզում այդ՝ հակառակ նրա կամքի արած լինել, թեև, իհարկե, նրա համար չէր հետաձգում այդ ամուսնությունը, որ եկամուտ ու շահի մասին էր մտածում, որ նա քաղում էր աղջկա կարողությունից խնամակալության հետևանքով։ Հավատացեք ինձ, դրա մասին հաճախ խոսք էր լինում մեր քեֆերի ժամանակ, և գովում էինք բարի քահանային։ Իսկ պետք է ձեզ ասեմ, թափառական սինյոր, որ մեր գյուղորայքում ամենքի նկատմամբ սրտացավ են և ում ասես կարող են չարախոսել։ Եվ հավատացած եղեք, ինչպես հավատացած եմ ես, որ եթե ծխականները, մանավանդ գյուղի ծխականները, լավ են արտահայտվում որևէ հոգևոր անձի մասին, ապա դա կնշանակի, որ նա միանգամայն արժանի է դրան։
― Միանգամայն ճիշտ է, ― նկատեց դոն Կիխոտը, ― դե շարունակեցեք, ձեր պատմությունը շատ լավն է, և դուք, բարի Պեդրո, հիանալի պատմում եք։
― Միայն թե Աստծու կամքը լինի, դա է գլխավորը։ Էհ, հետո այսպես է եղել։ Թեև հորեղբայրը իր եղբոր աղջկան բազմաթիվ փեսացուներ է առաջարկած եղել, մանրամասն թվելով յուրաքանչյուրի արժանիքները, ով որ կամեցել է նրա հետ ամուսնանալ և խնդրելիս է եղել ընտրություն անել նրանցից ըստ իր ճաշակի, նա բոլոր առաջարկներին ի պատասխան ասելիս է եղել, որ առայժմ մարդու գնալու ցանկություն չունի, որ ինքը դեռ շատ երիտասարդ է և իրեն ընդունակ չի համարում ամուսնության ծանր լուծը կրելու։ Նրա առարկությունները ճիշտ էին թվում, և հորեղբայրը նրան հանգիստ թողեց, սպասելով, որ նա մեծանա և վերջապես ըստ իր ճաշակի ամուսին ընտրի, քանի որ ինքն էր հայտարարել, և միանգամայն արդարացի, որ ծնողները չպետք է իրենց զավակների բախտը տնօրինեն հակառակ նրանց կամքի։ Եվ հանկարծ, առանց որևէ պատճառի, հանկարծակի կերպով, քմահաճ Մարսելան, մի գեղեցիկ օր հովվուհի է դառնում։ Թեև նրա հորեղբայրը և բոլոր համագյուղացիները ետ էին պահում նրան, նա ականջ չդրեց և մեր գյուղի մյուս հովվուհիների հետ գնաց հանդը իր սեփական հոտը արածացնելու համար։ Իսկ երբ որ նա ներկայացավ բոլորի առջև, և բոլորն էլ վերջապես տեսան նրա գեղեցկությունը, բազմաթիվ հարուստ երիտասարդներ՝ հիդալգո և գյուղացի, Աստված վկա, չեմ էլ կարողանա նրանց բոլորի անունը տալ, Խրիզոստոմոյի պես հագնվեցին և գնացին թափառելու աղջկա հետ՝ ձգտելով ձեռք բերել նրա բարեհայեցողությունը։ Ես արդեն ասացի ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն էլ նրանցից մեկն էր, որի մասին պատմում են, թե նա ոչ թե սիրում էր աղջկան, այլ ուղղակի պաշտում։ Եվ չկարծեք, թե եթե Մարսելան ազատ և արձակ կյանք էր ընտրել, որ ոչ մի ճնշում չի ճանաչում, ապա դա նշանակում էր, որ նրա պատիվն ու առաքինությունը դրանից կարող էին տուժել։ Ընդհակառակը՝ նա այնքան արթուն պահպանում էր իր պատիվը, որ իրեն ծառայողներից և իր սերը հայցողներից և ոչ մեկը չէր կարող պարծենալ, ճիշտ ասած, երևի, երբեք էլ չի կարող պարծենալ, որ աղջիկը նրան գեթ ամենափոքր հույս է տվել, որ իր ցանկությունը կբավարարվի։ Մարսելան չի խուսափում հասարակությունից և հովիվների հետ խոսակցելուց, նրանց հետ սիրալիր և բարեկամաբար է վարվում, սակայն հենց որ նրանցից մեկն ու մեկը բաց է անում իր ցանկությունը ― լինի դա օրինական և սուրբ ցանկություն ամուսնանալու նրա հետ ― աղջիկն իսկույն վանում է նրան՝ ասես թնդանոթ արձակելով։ Եվ իր այդպիսի վարմունքով նա մեր կողմերում ավելի աղետ է բերում, քան ժանտախտը, որովհետև նրա սիրալիրությունն ու գեղեցկությունը բոլոր երիտասարդներին, որ նրան հանդիպում էին, հարկադրում էին նրան սիրել և ծառայել։ Իսկ նրա արհամարհանքն ու անզգայականությունը հուսակտուր է անում նրանց, և նրանք այլ կերպ չեն կոչում նրան, բայց եթե խստասիրտ, անշնորհակալ և այլ նման անուններով, որոնցով կարելի է դատել նրա բնավորության մասին։ Եվ եթե դուք, սինյոր, մի քանի օր այստեղ մնալու լինեիք, դուք կլսեիք, թե ինչպես մեր սար ու ձորերում մերժված սիրահարների գանգատներն են հնչում, որ նրա ետևից ընկած էին։ Այստեղից ոչ հեռու մի տեղ կա, որտեղ մի երկու տասնյակ հին հաճարի է բուսնում, և մեկը չկա, որի հարթ կեղևի վրա կտրած֊գրած չլինի Մարսելայի անունը, իսկ ծառերից մի քանիսի վրա նրա անվան վերևից թագ է կտրած, կարծես թե սիրահարը այդ նշանով կամեցել է ասած լինել, թե ողջ մարդկության գեղեցկության թագը Մարսելային է պատկանում։ Մի տեղ մեկ հովիվ է ախ քաշում, մյուս տեղ մի ուրիշն է գանգատվում, այստեղ սիրո երգ է հնչում, այնտեղ՝ ցավագին մրմունջ։ Մեկ սիրահար կաղնու կամ ժայռի տակ է ողջ գիշերն անց կացնում և հարբած ու հափշտակված անուրջներով՝ մինչև ցայգալույս չի փակում աչքերը։ ՄԻ ուրիշը՝ անընդհատ և առանց հանգստանալու ախ է քաշում և ամառային ամենաանտանելի ջեռ տոթին պառկած է մնում շիկացած ավազի վրա և առաքում է իր տրտունջը գթառատ երկնքին։ Իսկ չքնաղ Մարսելան ազատ և անհոգ հաղթանակում է մեկի՛ն էլ, մյուսի՛ն էլ, սրա՛նց էլ, նրա՛նց էլ։ Մենք բոլորս՝ նրան ճանաչողներս, սպասում ենք, թե երբ պիտի վերջանա նրա գոռոզությունը և ով է լինելու այն երջանիկը, որ կզսպի նրա սարսափելի բնավորությունը և կվայելի նրա արտասովոր գեղեցկությունը։ Իսկ որովհետև այն ամենը, որ ես ձեզ պատմեցի, զուտ ճշմարտություն է, ապա, թվում է ինձ, այն էլ է ճիշտ, ինչ մեր հովիվը հաղորդեց Խրիզոտոմոյի մահվան մասին։ Ուստի, խորհուրդ եմ տալիս ձեզ, սինյոր, անպատճառ վաղը եկեք թաղմանը՝ ճիշտ, արժի տեսնել, որովհետև Խրիզաստոմոն բազմաթիվ բարեկամներ ուներ։ Իսկ այն տեղը, որտեղ նա կտակել է, որ իրեն թաղեն, այստեղից հազիվ կես մղոն լինի։
― Իհարկե կերթամ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և շնորհակալ եմ ձեզնից այն բավականության համար, որ պատճառեցիք ինձ այդքան հետաքրքրական պատմությամբ։
― Օ՜, Մարսելայի սիրահարի հետ եղածի կեսն էլ ես չգիտեմ, ― պատասխանեց այծարածը։ ― Բայց գուցե վաղը ճամփին մենք հանդիպենք որևէ ուրիշ հովվի, և նա մեզ կպատմի մնացյալը։ Իսկ հիմա չէր խանգարի, որ դուք պառկեք վրանի տակ, որովհետև գիշերային զովը կարող է վնասել ձեր վերքին, թեև, ասենք, սպեղանին դրել ենք, և դուք կարող եք անախորժ բարդություններից չվախենալ։
Սանչո Պանսան, որ վաղուց արդեն սատանի մոտն էր ուղարկում հովվի շաղակրատությունը, նույնպես սկսեց խնդրել, որ դոն Կիխոտը պառկի Պեդրոյի վրանում։ Դոն Կիխոտը զիջեց և գիշերվա մնացորդը անց կացրեց մտքերով տիրուհի Դուլսինեայի մասին՝ ընդօրինակելով Մարսելայի սիրահարներին։ Իսկ Սանչո Պանսան, Ռոսինանտի և էշի մեջտեղը փռվեց ու քնեց ոչ որպես անհույս սիրահար, այլ մուշտակռվում կարգին ծեծ կերած մարդ։