Changes
/* Գլուխ XII */
Սանչո Պանսան, որ վաղուց արդեն սատանի մոտն էր ուղարկում հովվի շաղակրատությունը, նույնպես սկսեց խնդրել, որ դոն Կիխոտը պառկի Պեդրոյի վրանում։ Դոն Կիխոտը զիջեց և գիշերվա մնացորդը անց կացրեց մտքերով տիրուհի Դուլսինեայի մասին՝ ընդօրինակելով Մարսելայի սիրահարներին։ Իսկ Սանչո Պանսան, Ռոսինանտի և էշի մեջտեղը փռվեց ու քնեց ոչ որպես անհույս սիրահար, այլ մուշտակռվում կարգին ծեծ կերած մարդ։
==Գլուխ XIII==
Որ պարունակում է Մարսելա հովվուհու պատմության վերջավորությունը և զանազան ուրիշ անցքեր
Հազիվ էր արևելքի պատշգամբներից օրը դուրս նայել, որ վեց հովիվներից հինգը վեր թռան և սկսեցին արթնացնել դոն Կիխոտին՝ հարցնելով նրանից՝ հո չի՞ փոխել իր մտադրությունը Խրիզոստոմոյի արտասովոր թաղմանը գնալու և ուզո՞ւմ է արդյոք միանալ իրենց խմբին։ Դոն Կիխոտը, որ հենց դրա մասին էր մտածում վեր կացավ և հրամայեց, որ Սանչոն իսկույն թամբի ձին և փալանի էշը, մի բան, որ Սանչոն կատարեց շատ արագ և նույնքան արագ նրանք բոլորը ճամփա ընկան։ Հազիվ քառորդ մղոն էին անցել նրանք, որ երկու խաչաձևող արահետի վրա վեց հովիվ տեսան, որ գալիս էին իրենց հանդեպ։ Նրանց հագին սև ոչխարի մորթի էր, իսկ գլուխներին նոճու և դափնեվարդի տերևներից հյուսած պսակ էր դրած։ Ամեն մեկի ձեռքին մի֊մի չիչխանի մեծ փայտ կար։ Նրանց կողքին հարուստ ճամբորդական հագուստով երկու ազնվական էր ձիով գալիս, որոնց հետիոտն ուղեկցում էին երեք ծառա։ Հանդիպելով իրար՝ հովիվները քաղաքավարի ողջունեցին իրար և հարցրին իրարից, թե ով ուր է ուղևորվում։ Պարզվեց, որ բոլորն էլ ուղևորվում են թաղման տեղը, ուստի նրանք միասին առաջ գնացին։ Ձիավորներից մեկը դառնալով մյուսին, ասաց․
― Սինյոր Վիվալդո, ինձ թվում է, թե ժամանակը, որ մեզնից կխլի այս տարօրինակ թաղման գնալը, կորած չի լինի, որովհետև անշուշտ նշանավոր բան է լինելու, եթե հավատալու լինենք այն զարմանալի բաներին, որ մեր ուղեկիցները պատմեցին մեզ թե հանգուցյալ հովվի, այնպես էլ մարդասպան հովվուհու մասին։
― Ես նույն կարծիքի եմ, ― պատասխանեց Վիվալդոն, ― և ոչ թե մեկ, այլ չորս օր եմ պատրաստ կորցնելու այդ բանը տեսնելու համար։
Դոն Կիխոտը հարցրեց նրանից, թե ինչ են լսել նրանք Մարսելայի և Խրիզոստոմոյի մասին։ Ձիավորը պատասխանեց, որ այսօր լուսաբացին նրանք հանդիպեցին այս հովիվներին և, տեսնելով նրանց սգանշանը, հարցրին, թե ինչի համար է այդ։ Նրանցից մեկը բացատրեց բանը, պատմեց Մարսելա անունով տարօրինակ և չքնաղ հովվուհու մասին, նրա բազմաթիվ երկրպագուների սիրո և Խրիզոստոմոյի մահվան մասին, որի թաղմանը նրանք գնում էին։ Մի խոսքով՝ նա դոն Կիխոտին պատմեց այն ամենը, որ սա գիտեր Պեդրոյի խոսքերից։
Նրանց միջև այս խոսակցությունը վերջացավ և մի ուրիշը սկսվեց, որովհետև ձիավորը, որին Վիվալդո էին կոչում, դոն Կիխոտից հարցրեց, թե ինչ առիթով է նա այսքան մի խաղաղ երկրում սպառազինված ման գալիս։ Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Իմ արհեստի հատկությունները, թույլ չեն տալիս ինձ և չեն արտոնում այլ կերպ ման գալու։ Հարմարությունները, ճոխությունն ու հանգիստը հնարված են մայրաքաղաքի մեղկ բնակիչների համար, իսկ աշխատանքը, տագնապը և ռազմի գործը հնարված ու ստեղծված են նրանց համար, որոնց աշխարհս անվանում է թափառական ասպետներ և որոնցից մեկը ես՝ անարժանս, համարում եմ ինձ ամենահետնյալը։
Լսելով այս խոսքերը՝ բոլորը որոշեցին, որ նա խելագար է։ Սակայն ստուգելու և հայտնաբերելու համար, թե ինչ տեսակ խելագարություն է, Վիվալդոն մեկ էլ խոսք վերցրեց և հարցրեց, թե ի՞նչ է թափառական ասպետը։
― Մի՞թե ձերդ ողորմածությունները, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― չեն կարդացել Անգլիայի ժամանակագրություններն ու պատմությունները, որոնց մեջ պատմված են Արթուր արքայի փառապանծ սխրագործությունները, որ մեր Կաստիլի բառբառով սովորաբար կոչվում է Արթուս։ Մեծ Բրիտանիայի բովանդակ թագավորության մեջ կա մի հին, շատ տարածված ավանդություն, թե այդ արքան չի մեռել, այլ դյութանքով ագռավ է դարձած եղել, և թե կգա ժամանակ, երբ նա նորից արքա կդառնա և հետ կբերի իր թագավորությունն ու գայիսոնը։ Այդ պատճառով չէ՞, որ դուք մի անգլիացի չեք գտնի, որ այն իսկ ժամանակից մինչև հիմա գեթ մի ագռավ սպանի։ Ահա այդ բարի արքայի օրոք հիմնվեց ասպետական ուխտ Ջինեվրա թագուհու վրա, միաժամանակ նրանց միջև բարեկամ ու միջնորդը եղել է ամենապատվելի տիրուհի Կինտանյոնան ― ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես պատմվում է դրա մասին։ Ահա թե որտեղից է ծագում հայտնի երգը, որ այնքան հաճախ երգվում է մեզանում, Իսպանիայում՝
<poem>
Երբեք այնքան քնքշորեն
Տիկինները չեն խնամել ասպետին,
Ինչպես արի Լանցելոտին,
Բրիտանիայից ժամանած․․․
</poem>
և այլն, որ հետո քաղցր ու քնքուշ երգվում է Լանցելոտի սիրային և ռազմական գործերի մասին։ Այն ժամանակից ի վեր ասպետական այդ ուխտը աստիճանաբար աճեց և տարածվեց աշխարհիս բազում և զանազան մասերում։ Նրա մեջ փառավոր ու հռչակավոր դարձան իրենց սխրագործություններով խիզախ Ամադիս Գաղղիացին իր բոլոր որդիներով ու թոռներով մինչև հինգերորդ պորտը, քաջարի Ֆելիսմարտե Հիրկանացին և ամեն գովասանքից բարձր Տիրանա Ճերմակը։ Իսկ անհաղթ և արի ասպետ դոն Բելյանիս Հունաստանցուն մենք գրեթե մեր օրերում տեսանք, շփվեցինք նրա հետ ու լսեցինք նրան։ Ահա՛, սինյորներ, ինչ է նշանակում թափառական ասպետ լինելը և ահա՛ թե ինչ է այդ ասպետական ուխտը։ Նրան, ինչպես արդեն ասացի, պատկանում եմ և ես՝ մեղավորս, և այն ամենը, որ դավանել են վերոհիշյալ ասպետները, դավանում եմ նաև ես։ Ուստի թափառում եմ այս մենավոր և ամայի վայրերում արկածախնդիր, թուր ու կրծքով բոլոր բախտի առաքած վտանգները դիմավորելու ու զուրկերին պաշտպանելու հաստատ վճռականությամբ։
Այս ճառից հետո դոն Կիխոտի ուղեկիցները վերջնականապես հասկացան և՛ այն, որ նա խելագար է, և՛ այն, թե ինչ տեսակ խելագարություն է պաշարել նրան։ Նրանք ապշած էին մնացել, ինչպես, ասենք, բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ հանդիպում էին մեր ասպետին։ Իսկ Վիվալդոն՝ սրամիտ և ուրախ մեկը, ճամփի մնացորդը անձանձիր անցկացնելու համար (հովիվների ասելով՝ այն տեղը լեռներում, որտեղ տեղի պիտի ունենար թաղումը, արդեն բոլորովին մոտ էր) վճռեց դոն Կիխոտին առիթ տա իր ցնդաբանությունը շարունակելու, ուստի և ասաց․
― Սինյոր թափառական ասպետ, ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունն ընտրել է աշխարհիս ամենադժվարին արհեստներից մեկը, և ես հավատացած եմ, որ կարտեզյան վանականների կյանքն անգամ այդչափ դժվարին չի եղել։
― Թերևս պակաս դժվարին չէ նրանց կյանքը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն պակաս անհրաժեշտ է մարդկության համար ― ձեռքս կտամ կտրեն, թե սա ճիշտ չլինի։ Որովհետև, եթե ճիշտ խոսելու լինենք, ապա զինվորը, որ կատարում է իր պետի հրամանը, պակաս կարևոր գործ չի կատարում, քան ինքը պետը, որ հրաման է արձակում։ Ես ուզում եմ ասած լինել, որ վանականները խաղաղ ու հանգիստ աղոթում են առ երկինք երկրի բարօրության համար, իսկ մենք՝ զինվոր ու ասպետներս, կատար ենք ածում այն, ինչի համար որ նրանք աղոթում են՝ մենք, մեր բազկի զորությամբ և մեր սրի սուր ծայրով պաշտպանում ենք երկիրը, այն էլ ոչ թե տանիքով ծածկված, այլ բաց երկնքի տակ՝ դառնալով թիրախ, որին ամառը արևի անտանելի ճառագայթներն են հարվածում, ձմեռը ծակծկող սառնամանիքը։ Ուստի մենք աշխարհիս երեսին Աստծո ծառաներն ենք, մենք այն ձեռներն ենք, որոնց միջոցով երկրի վրա իրականանում է արդարությունը։ Եվ որովհետև ռամզկան և հարակից այլ գործերով առանց մեծ լարվածության, քրտինքի և աշխատանքի չի կարելի պարապել, ուստի դրանից բխում է, որ այդ գործին նվիրածները, անտարակույս, աշխատում են ավելի, քան նրանք, ովքեր անխռով խաղաղության և հանգստի մեջ խնդրում են, որ Աստված ողորմի զրկանքներին։ Ես չեմ ուզում ասած լինել ― այդպիսի միտք գլխովս էլ չի կարող անցնել ― որ թափառական ասպետների գործը նույնքան սուրբ է, ինչպես փակ վանականների կյանքը։ Ես միայն այն զրկանքներից, որ պատահում է ինձ կրել, եզրափակում եմ, որ մեր գոյությունն ավելի ծանր է, աղքատիկ, մաշող, աղեքարշ, ավելի է ենթակա քաղցի, ծարավի, ոջլոտության, որովհետև անտարակույս է, որ բոլոր վաղեմի թափառական ասպետներին իրենց կյանքի ընթացքում պատահել է կրել բազմաթիվ տառապանքներ։ Իսկ եթե նրանցից մեկն ու մեկին աջողել է սեփական սրի զորությամբ կայսր դառնալ, ապա հավատացած եղեք, որ այդ քիչ քրտինք ու արյուն չի նստել։ Համ էլ, եթե այդ բարձր աստիճաններին հասնելու պահին նրանց օգնած չլինեին իմաստուններն ու կախարդները, ապա նրանք իրենց թե՛ ցանկություններում խաբված կմնային, թե՛ իրենց հույսերում հիասթափված։
― Միանգամայն համաձայնեմ ձեզ հետ, ― պատասխանեց ճամբորդը, ― սակայն թափառական ասպետների մասին բոլոր իմացածներիցս մեկ բան չեմ հավանում՝ երբ որ նրանք որևէ մեծ և վտանգավոր արկածի մեջ են նետվում, որի մեջ նրանց կյանքը ենթարկվում է ակներև վտանգի, այդ վճռական վայրկյանին նրանց գլխով երբեք չի անցնում հանձնել իրենց Աստծո ողորմածությանը, ինչպես նման վտանգի միջոցին պարտավոր է անել յուրաքանչյուր քրիստոնյա, ընդհակառակը՝ նրանք հանձնում են ինքներն իրենց տիկիններին, այն էլ այնպիսի ջերմությամբ ու ակնածությամբ, ասես թե այդ աղջիկները աստվածություն են։ Խոստովանում եմ, դրանից մի քիչ հեթանոսության հոտ է փչում։
― Այլ կերպ չի էլ կարող լինել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և եթե թափառական ասպետն այդ չաներ, նա ինքն իրեն խայտառակած կլիներ։ Որովհետև թափառական ասպետության մեջ կանոն և սովորույթ կա, որ թափառական ասպետը, պատրաստվելով մեծ մարտի մեջ մտնելու, սիրով ու քնքշությամբ հայացք գցի իր տիկնոջ վրա, եթե նա ներկա է, կարծես թե խնդրելով նրա օգնությունն ու պաշտպանությունը առաջիկա ծանր փորձության մեջ, և անգամ եթե ոչ ոք չի լսում, նա պետք է ատամների արանքից մի քանի խոսք շշնջա, ամբողջ սրտով կոչելով նրա ողորմածությունը։ Վեպերում դուք կգտնեք անթիվ օրինակներ այդ բանի։ Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, որ ասպետներն իրենց Աստծուն պահ չեն տալիս՝ դրա համար նրանք միշտ ժամանակ էլ կունենան, դեպք էլ՝ հենց մարտի ընթացքում։
― Այնուամենայնիվ, ― պատասխանեց ճամփորդը, ― իմ մեջ կասկած է մնում։ Շատ անգամ ես կարդացել եմ, որ երկու թափառական ասպետ վեճի են բռնվում, ապա աստիճանաբար վառվում ցասումով, շուռ են տալիս ձիերը և գնում մի կողմ, որ այնտեղից թափով քշեն գան, հարձակվեն իրար վրա, և սրընթաց արշավի պահին իրենց պահ են տալիս իրենց տիկիններին։ Իսկ կռիվը սովորաբար վերջանում է նրանով, որ նրանցից մեկն ու մեկը վայր է ընկնում ձիուց մեջքի վրա, խոցված հակառակորդի նիզակով, իսկ մյուսը պինդ բռնում է ձիու բաշից և միայն այդ պատճառով գետին չի գլորվում։ Եվ ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե սպանված ասպետը ինչպե՞ս կարող է այդքան արագընթաց մարտի միջոցին իրեն Աստծուն պահ տալու ժամանակ ունեցած լինել։ Նրա համար ավելի լավ կլիներ, եթե ձին քշելիս նա տիկնոջը կոչելու վրա ժամանակ կորցրած չլիներ, այլ՝ իր քրիստոնեական պարտք ու պարտավորության վրա, մանավանդ որ ― ես հավատացած եմ ― հո բոլոր թափառական ասպետները հնարավորություն չունեն իրենց պահ տալու իրենց տիկիններին, քանի որ բոլորն էլ հոր սիրահարված չե՛ն լինում։
― Այդ հնարավոր չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ես ուզում եմ ասած լինել, որ առանց տիկնոջ թափառական ասպետ լինել չի կարող, քանի որ նրանցից ամեն մեկին նույնքան հատուկ է սիրահարված լինել, ինչպես երկնքին՝ աստղեր ունենալ, և կարելի է հաստատ ասել, որ աշխարհիս երեսին այնպիսի վեպ չկա, որի մեջ թափառական ասպետն անսեր լինի՝ չէ՞ որ եթե այդպիսի անսեր ասպետ եղած լիներ, նա դրանով իսկ ապացուցած կլիներ, որ ինքը ապորինի ասպետ է, ասպետության խորթ զավակն է, որ նա ասպետության ամրոցը մտել է ոչ թե դարպասից, այլ թռել է պատի վրայով գող ավազակի պես։
― Այնուամենայնիվ, ― առարկեց ճամփորդը, ― ինձ թվում է, եթե միայն հիշողությունս ինձ չի դավաճանում, թե դոն Գալաորը՝ արի Ամադիս Գաղղիացու եղբայրը, երբեք ազնվազարմ տիկին չի ունեցել, որին կարողանար իրեն պահ տալ, և ոչ ոք նրան չի մեղադրել, որովհետև նա շատ արի և փառավոր ասպետ է եղել։
Դրան մեր դոն Կիխոտը պատասխանեց․
― Սինյոր, մեկ ծիծեռնակը գարուն չի բերում, բացի այդ՝ ինձ հայտնի է, որ այդ ասպետը գաղտնի սաստիկ սիրահարված է եղել։ Եվ եթե նա սիրաշահում էր բոլոր տիկիններին, որ նրան դուր էին գալիս, ապա այդ բնական հակումից մղված էր անում, որ չէր կարողանում զսպել։ Սակայն ինձ համար միանգամայն ակներև է, որ նա ունեցել է տիկին, որին նա իր սրտի տիրուհին էր դարձրել և որին նա միշտ և գաղտնի իրեն պահ էր տալիս, որովհետև ձգտում էր շատ գաղտնի ասպետ լինել։
― Քանի որ դուք պնդում եք, ― ասաց ճամփորդը, ― որ յուրաքանչյուր ասպետ ըստ իր էության պետք է սիրահարված լինի, ապա դրանից կարելի է հետևեցնել, որ ձեր ողորմածությունն էլ է սիրահարված, որովհետև դուք այդ ուխտին եք պատկանում։ Եվ եթե ձերդ ողորմածությունը չի ձգտում դոն Գալաորի չափ գաղտնապահ լինել, ապա ես շատ և շատ խնդրում եմ ձեզնից իմ և բոլոր հասարակության անունից՝ հայտնել ձեր չքնաղ տիկնոջ անունը, ծննդավայրը և տիտղոսը։ Որովհետև նա պետք է երջանիկ լինի, եթե ամբողջ աշխարհը իմանա, որ նրան սիրում ու ծառայում է այնքան ականավոր մի ասպետ, ինչպիսին ներկայանում է ինձ ձերդ ողորմածությունը։
Այստեղ դոն Կիխոտը խորը հոգվոց քաշեց և ասաց․
― Չեմ կարող պնդել, թե իմ քնքուշ թշնամուն ցանկալի է, որ արար աշխարհն իմանա՝ ինչպե՞ս եմ ես ծառայում նրան։ Ձեր այնքան քաղաքավարի հարցին ի պատասխան մի բան միայն կարող եմ ասել՝ նրան Դուլսինեա են կոչում, նրա ծննդավայրը Տոբոսն է Լամանչի մի շեն, նա առնվազն իշխանուհի է, քանի որ նա իմ տիրուհին ու թագուհին է։ Նրա գեղեցկությունը գերմարդկային է, որովհետև գեղեցկության բոլոր անհնարին և ցնորական հատկանիշները, որոնցով պոետները օժտում են իրենց տիկիններին, նրա մեջ իրականություն են։ Նրա մազերը ոսկին են, դեմքը՝ Ելիսեյան դաշտ, հոնքերը՝ երկնային ծիածան, աչքերը արևներ, այտերը՝ մարմար, ձեռները՝ փղոսկր, մորթի սպիտակությունը՝ ձյուն, իսկ մարմնի այն մասերը, որ ողջախոհությունը թաքցնում է մարդկային հայացքից, այն տեսակ են, որ իմ կարծիքով ու հասկացողությամբ, նրանցով կարելի է լոկ համեստաբար հիանալ, որովհետև ամեն համեմատությունից վեր են։
― Մենք կկամենայինք իմանալ նրա ծագումը, ցեղի պատմությունն ու ծննդաբանությունը, ― ասաց Վիվալդոն։
Դոն Կիխոտը պատասխանեց․
― Նա սերում է ո՛չ թե հին հռոմեական Կուրցիոսներից, Կայերից կամ Սցիպիսներից և ո՛չ այժմյան հռովմայեցիներից՝ Կոլոննա և Օբսինի, ո՛չ կատալոնցի Մոնկադաներից և Ռեկեսեններից, նմանապես ո՛չ վալենսական Ռեբելյաներից և Վիլյանովաներից, արագոնացի Ալադոններից, Ուրրեաներից, Ֆոսսերից և Հուրրեաներից, Կաստիլցի Սերդաներից, Մանրիկեներից, Մենդոսներից և Հուսմաններից, պորտուգալացի Ալենկաստրոներից, Պալյաներից և Մենեսներից։ Նա Տաբոս Լամանչեցիների ցեղից է, որ այնքան էլ հին չէ, բայց կարող է ազնիվ սկիզբ դնել ամենաազնվական սերունդների գալիք ժամանակներում։ Եվ եթե մեկն ու մեկի խելքին փչի առարկելու ինձ, ես նրա առջև կդնեմ նույն պայմանները, որ Զերբինոն դրեց Ռոլանդի ավարի ներքո՝
<poem>
․․․Նրանց ձեռք տալու նա՛ է լոկ արժան,
Ով ռազմիկ է քաջ Ռոլանդի նման։<ref>Արիոստո, «Կատաղի Ռոլանդ», երգ XXIV, 57:</ref>
</poem>
Թեև ես Լարեդցի Կաչոպինների<ref>Հանաքով տրված անուն ոչ ազնվատոհմ ծագում ունեցող, Ամերիկայում հարստացած մարդկանց։ Այդ մականունը մի քիչ փոխված ձևով (գապուչիններ) մինչև այժմ էլ գործ է ածվում Հարավային Ամերիկայում այն իսպանացիների նկատմամբ, որոնք այնտեղ են մեկնում հարստանալու նպատակով։</ref> ցեղից եմ սերում, ― պատասխանեց ճամփորդը, ― բայց չեմ հանդգնի նրան Տոբոս Լամանչեցիների ցեղին համեմատելու, թեև ճիշտն ասած, մինչև օրս ես եբեք այդպիսի անուն լսած չկամ։
― Դուք ասացիք, ես էլ հավատացի, որ չե՜ք լսել, ― բացականչեց դոն Կիխոտը։
Մեր զրուցակիցների ուղեկիցները մեծ ուշադրությամբ լսում էին նրանց խոսակցությունը, և հիմա հովիվներն անգամ գլխի ընկան, որ մեր դոն Կիխոտը վերջնականապես ցնդել է։ Մենակ Սանչո Պանսան էր հավատացած, որ իր տիրոջ բոլոր խոսքերը զուտ ճշմարտություն են, որովհետև նա լավ էր ճանաչում նրան և ծանոթ էր նրա ծննդյան օրից։ Մի բան միայն նրան կասկածելի էր թվում, ― դա չքնաղ Դուլսինեա Տոբոսցու գոյությունն էր, որովհետև թեև նա Տոբոսոյի մոտերքում էր ապրում, դեռ երբեք այդպիսի անուն և այդպիսի իշխանուհու մասին լսած չկար։ Այսպես զրուցելով, նրանք շարունակեցին ուղին, մինչև որ վերջապես երկու բարձր սարի միջև՝ կիրճում մի երկու տասնյակ հովիվներ տեսան, որ սև ոչխարի մորթ ունեին հագին և գլուխներին դրել էին պսակներ, որոնք, ինչպես շուտով պարզվեց, մասամբ նոճու, մասամբ կարմրածառի ճյուղերից էին հյուսված։ Վեց հոգի նրանցից տանում էին մի պատգարակ՝ ծածկված զանազան ծաղիկներով ու ճյուղերով։ Տեսնելով այդ՝ մեր հովիվներից մեկն ասաց․
― Ահա, տեսնում եմ Խրիզոստոմոյի դիակը։ Այս լեռան ստորոտում է նա հրամայել թաղել իրեն։
Մեր ճամփորդներն արագացրին քայլերը և մոտեցան հենց այն վայրկյանին, երբ պատգարակը դրված էր գետնի վրա, և պատգարակը կրողներից չորս հոգի սրածայր քլունքներով սկսել էին փորել գերեզմանը՝ լերկ ժայռից ոչ հեռու։
Երկու խումբը ողջույններ փոխանակեցին, և դոն Կիխոտն իր ուղեկիցների հետ իսկույն մոտեցավ պատգարակին, և նրանք տեսան վրան, ծաղիկների մեջ թաղված, հանգուցյալին, որ, տեսքին նայած, մոտ երեսուն տարեկան էր և ուներ հովվի հագուստ։ Նայելով մեռածին՝ չէր կարելի չհետևցնել, որ նա կենդանի ժամանակ գեղեցիկ դեմք և վայելուչ կազմվածք էր ունեցել։ Նրա շուրջը, պատգարակի վրա մի քանի գիրք ու ձեռագիր էր ընկած, որոնցից մի քանիսը բաց էր։ Ներկա եղողները՝ և՛ նրանք, որ նայում էին, և՛ նրանք, որ գերեզման էին փորում, և բոլոր մնացածները ― խորին լռություն էին պահպանում, մինչև որ պատգարակը բերողներից մեկն ասաց մյուսին․
― Մի լավ նայեք, Ամբրոսիո, այն տե՞ղն է սա, որի մասին ասում էր Խրիզոստոմոն, քանի որ դուք կամենում եք նրա կտակը ամենայն ճշտությամբ կատարած լինել։
― Այո, հենց այն է, որ կա, ― պատասխանեց Ամբրոսիոն, ― քանի՜֊քանի՜ անգամ, այստեղ նստած, իմ դժբախտ բարեկամը պատմել է իր ցավագին պատմությունը։ Այստեղ, նրա ասելով, նա առաջին անգամը տեսել է մարդկային ցեղի մահազդու այդ թշնամի Մարսելային, այստեղ նա առաջին անգամը նա բաց է արել իր ազնիվ և սիրահարված սիրտը, և այստեղ վերջին անգամը Մարսելան իր արհամարհանքով նրան հուսահատեցրեց, որից հետո նա վճռեց ավարտել իր չարաչար կյանքի ողբերգությունը։ Եվ ահա, ի հիշատակ այսքան աղետների, նա կամեցավ, որ հենց այստեղ նրան հավիտյան մոռացման ծոցն ընկղմեն։
Եվ դառնալով դոն Կիխոտին ու նրա ուղեկիցներին, նա շարունակեց․
― Այս մարմինը, սինյորներ, որին դուք նայում եք ցավակցությամբ, իր մեջ պահում էր մի հոգի, որին երկինքը շնորհել էր իր անհամար գանձերը։ Սա Խրիզոստոմոյի աճյունն է, որ առաջինն էր խելքով, միակը՝ քաղաքավարությամբ, աննմանը՝ ազնվությամբ, բարեկամության փյունիկը, անչափ մեծահոգին, արժանավորը առանց մեծամտության, ուրախը առանց սանձարձակության, մի խոսքով՝ առաջնագույնը բոլոր առաքինություններով, որ չունեցավ իրեն հավասարը իր դժբախտություններով։ Նա սիրում էր ― նրան ատում էին, նա աստվածացնում էր ― նրան մերժում էին։ Նա աղերսում էր գազանային սրտին, սեր հայցում մարմարե կուռքից, ընկել էր քամու ետևից, կանչում էր անապատում, ծառայում էր անսրտության մարմնացումին ― և ահա՛, ի պարգև այդ ամենի, նա մահվան ավար դարձավ ծաղիկ հասակում։ Նրան սպանեց հովվուհին, որին նա ձգտում էր անմահացնել, որպեսզի նա ապրի մարդկանց հիշողության մեջ, դրան ապացույց ձեռագրերը, որ ձեր աչքի առջև են, եթե նա հրամայած չլիներ հրին մատելու դրանք, իր մարմինը հողին հանձնելուց հետո։
― Եթե դուք այդ անելու լինեք, ― առարկեց Վիվալդոն, ― դուք ավելի դաժան ու խստասիրտ վարված կլինեք, քան ինքը տերը, որովհետև պետք չէ և կարիք չկա կատարել այն հրամանները, որ առողջ իմացականության հակառակ են։ Եվ անարդարացի կլիներ կայսր Օգոստոսը, եթե նրան թույլ տար կատարելու այն, ինչ կտակել էր աստվածային մանտուանեցին։<ref>Աստվածային մանտուանցին ― Վերգիլիոս (ծագումով Մանտուա նահանգից), ըստ ավանդության՝ կտակել է, որ այրեն իր «Էնեականի» ձեռագիրը։</ref> Ուստի, սինյոր Ամբրոսիո, հանձնեցեք հողին ձեր բարեկամի աճյունը, բայց մոռացության մի՛ք մատնի նրա գրությունները։ Որովհետև, եթե նա նեղացած հրամայել էլ է անել այդ, պետք չէ՛, որ դուք առանց դատողության կատարեք, ընդհակառակը՝ թող նրա գրություններն ապրեն և թող նրանց մեջ ապրի հավետ Մարսելայի դաժանությունը, և թող ապագայում դա բոլոր կենդանի մնացածների համար խրատ լինի, որպեսզի նման անդունդներ ընկնելուց զգուշանան և խուսափեն։ Ե՛ս էլ, իմ բոլոր ուղեկիցնե՛րն էլ գիտենք արդեն ձեր սիրահարված և հուսահատված բարեկամի պատմությունը, թե որքան խորը դուք նրան սիրելիս եք եղել և ինչպես է նա մահացել և ինչ է կտակել ձեզ մեռնելուց ։ Այս ողբալի վեպից կարելի է հետևեցնել, թե որքան մեծ է եղել Մարսելայի խստասրտությունը, Խրիզաստոմոյի սերն ու ձեր հավատարիմ բարեկամությունը։ Ահա՛ թե ի՜նչ նպատակի են սլանում աչքերը խուփ նրանք, որոնց ուղի է ցույց տալիս սերը։ Երեկ երեկոյան մենք տեղեկացանք Խրիզոստոմոյի վախճանի մասին և որ նրա թաղումը տեղի կունենա այստեղ։ Ափսոսանքն ու հետաքրքրությունը հարկադրեցին մեզ ծռել ուղիղ ճամփից, և մենք վճռեցինք մեր աչքերով տեսնել այն, ինչի պատմությունը մեզ այնքան խղճահարեց։ Եվ ահա՛, որպես վարձատրություն մեր ցավակցության և ցանկության՝ օգնելու ձեր ցավին, մենք խնդրում ենք քեզնից, որ այդ թղթերը չայրեք և գոնե մի քանիսը տաք ինձ։
Եվ, առանց հովվի պատասխանին սպասելու, նա մեկնեց ձեռքը և բռնեց ձեռագրերը, որ ավելի մոտ էին նրան։ Տեսնելով այդ՝ Ամբրոսիոն ասաց․
― Ձեզ սիրալիրություն անելու համար, սինյոր, ես համաձայն եմ ձեզ տալու այն թղթերը, որ դուք արդեն վերցրիք, բայց զուր կլիներ ձեր հույսը, որ մնացածը չի այրվի։
Վիվալդոն, որ կամենում էր ծանոթանալ ձեռագրերի բովանդակությանը, իսկույն նրանցից մեկը բաց արեց և կարդաց վերնագիրը՝ «Հուսահատության երգ»։ Ամբրոսիոն լսեց ու ասաց․
― Դա վերջին պոեմն է, որ գրել է իմ դժբախտ բարեկամը, և եթե դուք կամենում եք տեսնել, թե ինչ օրի հասցրին նրան դժբախտությունները, կարդացեք բարձր, որպեսզի ձեզ բոլորը լսեն՝ դուք ժամանակ կունենաք այդ անելու, մինչև հովիվները գերեզմանը փորեն պրծնեն։
― Սիրով կկարդամ, ― պատասխանեց Վիվալդոն։
Եվ որովհետև բոլոր ներկա եղողները կամենում էին լսել, նրանք խմբվեցին նրա շուրջը, և նա պարզ ձայնով սկսեց այսպես։