Changes
Ս
― Ձերդ ողորմածությունը խելք ու խրատ կսովորի, ― պատասխանեց Սանչոն, ― երբ որ ես թուրք դառած կլինեմ։ Բայց քանի որ դուք ասում եք, թե եթե ինձ հավատայիք, այդ աղետից խուսափած կլինեիք, ապա հավատացեք հիմա, և դուք վատթարագույնից կխուսափեք։ Որովհետև, կզեկուցեմ ձեզ, Սանտա Հերմանդադի դեմ ձեզ չի օգնի ձեր ասպետությունը։ Սանտա Հերմանդադը բոլոր թափառական ասպետներին կոտրված գրոշով չի գնի։ Գիտե՞ք ինչ, ինձ արդեն թվում է, թե նրա նետերը բզզում են հենց իմ ականջների կողքով։
― Դու բնականից վախկոտ ես, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Բայց որպեսզի դու ասած չլինես, թե ես համառ եմ և երբեք չեմ անում այն, ինչ որ դու ինձ խորհուրդ ես տալիս, այս անգամ ես կհետևեմ քո խորհրդին և կհեռանամ ցասումից, որից դու այնքան վախենում ես, բայց մի պայմանով միայն՝ դու երբեք, ո՛չ կենդանի, ո՛չ մահից հետո ոչ ոքի չես ասի, թե ես՝ երկյուղից խույս տվի և հեռացա այս վտանգից, որովհետև ես այդ միմիայն նրա համար եմ անում, որ անսում եմ քո աղաչանքներին։ Իսկ եթե դու որևէ այլ բան ասելու լինես, դու կստես, <ref>Հայտարարում, որ դու ստում ես ― երդման ավանդական ձև։</ref> և ես այսօրվանից մինչ ա՛յն օրը և ա՛յն օրից մինչև հիմա երեսովդ եմ տալիս քո սուտը և հայտարարում, որ դու ստում ես և կստես ամեն անգամ, երբ այդպես խորհելու կամ խոսելու լինես։ Եվ մի՛ առարկիր ինձ, որովհետև միայն այն միտքը, թե ես հեռանում ու խուսափում եմ վտանգից, որ, գուցե և կարող է ներշնչել երկյուղի ստվերը, կարող է ինձ պահել այստեղ և ես մեն֊մենակ կսպասեմ ոչ միայն սուրբ միաբանությանը, որի մասին դու սարսափով ես խոսում, այլև Իսրայելի տասներկու սերունդի եղբայրներին, Մակաբայեցի յոթ եղբայրներին, այլև Կաստորին և Պոլլուքսին և բոլոր եղբայրներին ու միաբանություններին, որ աշխարհիս երեսին գոյություն ունեն։
― Սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հեռանալ չի նշանակի փախչել, իսկ սպասել թշնամուն, երբ որ վտանգը գերազանցում է բոլոր ենթադրությունները, ― կատարյալ խելագարություն է։ Խոհեմությունը պահանջում է, որ մարդս իրեն պահպանի այսօր վաղվան համար և ամեն ինչ թղթի վրա վեր չգալ մեկ օրում։ Եվ իմացած եղեք, թեև ես տգետ եմ և գեղջուկ, այնուամենայիվ շատից֊քչից գլուխ եմ հանում, թե խելացի վարքը որն է, ուստի մի ափսոսա, որ լսեցիք իմ խորհուրդը՝ հեծեք Ռոսինանտը, եթե միայն ի վիճակի եք, իսկ եթե չեք կարող ապա ես ձեզ կօգնեմ և եկեք իմ հետևից, որովհետև իմ խելքն այնպես է կտրում, որ հիմա մեզ ոտները ձեռներից ավելի են հարկավոր։
Այնինչ դոն Կիխոտը հենց որ լեռներն ընկավ, իսկույն ցնծաց, որովհետև այդ տեղերը նրան թվացին շատ հարմարավոր արկածներ որոնելու համար։ Նրա միտքն էին գալիս հրաշալի եղելություններ, որ պատահել են թափառական ասպետներին նման ամայի և դժնի վայրերում։ Եվ նա այնպես էր հարբած ու հափշտակված իր այդ մտքերով, որ գնում էր՝ ամեն ինչ աշխարհիս երեսին մոռացած։ Իսկ Սանչոն, վերջապես իրեն անվտանգ զգալով, միայն այն էր խորհում, թե ինչպես հագեցնի իր ստամոքսը պաշարով, որ մնացել էր վանականների բեռներից։ Այսպես նա քարշ էր գալիս իր տիրոջ հետևից, շալակած այն ամենը, ինչ որ պիտի գորշ ավանակը տաներ և հա՛ հանում էր պարկից կտորներ և կոխում բերանը։ Նա ոչ մի գրոշ չէր տա որևէ արկածի համար, հենց այսպես թափառելը նրան ամենից հաճելի բանն էր թվում։
Հանկարծ նա աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իր տերը կանգ է առել և աշխատում է նիզակի ծայրով ինչ֊որ կապոց բարձրացնել, որ ընկած էր գետնին։ Նա արագ մոտեցավ, որպեսզի բան է, թե իր օգնությունը պետք լինի, օգնի և մոտենալով տեսավ, որ դոն Կիխոտը նիզակի ծայրով մի պայուսակ է բռնել, որին կապած էր մի ճամպրուկ։ Նրանք կիսով չափ փտել էին կամ, ավելի լավ կլինի ասել, բոլորովին փտել ու քրքրվել էին, բայց այնքան ծանր էին, որ Սանչոն վեր եկավ ավանակից,<ref>Այստեղ Սերվանտեսը թույլ է տալիս անհետևողականություն, նա կարծես թե մոռացել է, որ որ Սանչոյի էշը գողացել է Խինեսը։ Այս սխալը կրկնվում է քիչ ստորև՝ նույն գլխում, նաև XXV և XXVII գլխում։</ref> որ բարձրացնի։ Դոն Կիխոտը հրամայեց, որ նա նայի, թե ինչ կա ճամպրուկի մեջ։ Սանչոն կատարեց մեծ արագությամբ և թեև ճամպրուկը կապած էր շղթայով և կողպած կողպեքով, այնուամենայիվ Սանչոյին հաջողվեց տեսնել նրա բովանդակությունը ― այնքան նա փտած ու ջարդված էր։ Մեջը նուրբ հոլանդական կտավից չորս շապիկ կար և այլ շքեղ և բոլորովին մաքուր սպիտակեղեն, իսկ թաշկինակի մեջ փաթաթված բավական քանակությամբ ոսկի դրամ կար։ Տեսնելով դրամը՝ Սանչոն բացականչեց․
― Շնորհակալություն երկնքին, որ մեզ այսքան շահավետ արկած է ուղարկել։