Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
— Այս կախարդի խոսքերում ամեն ինչ գլխիվայր է շրջված,— գոչեց նա, ամուր սեղմելով տապարի կոթը: — Այս օրթհանքյան խաբեբայի լեզվով փրկել՝ նշանակում է սպանել, իսկ օգնություն՝ նշանակում է դավաճանություն: Բոլորին ամեն ինչ պարզ է, միայն թե մենք այստեղ չենք եկել նրանից օգնություն և փրկություն խնդրելու:
— Հանգի՛ստ,— ասաց Սարումանը, և մի ակնթարթ նրա ձայնը կորցրեց իր հմայքը, իսկ աչքերը կայծկլտացին: Ես հիմա քեզ հետ չեմ խոսում, օ՛ Ջիմլի, որդի Գլոյնի: Քո տունը այստեղից շատ հեռու է, և այս երկրի խնդրները քեզ չեն վերաբերվում: Սակայն ես գիտեմ, որ դու քո կամքով չես ներքաշվել Ռոհանի գործերի մեջ և չեմ մեղադրում քեզ: Ի դեպ, չեմ կասկածում, որ դու կռվել ես քաջաբար: Բայց խնդրում եմ քեզ, թույլ տուր սկզբում խոսել իմ հարևան և երբեմնի ընկեր Ռոհանի թագավորի հետ: Ի՞նչ կասես, թագավոր Թեոդեն, ուզու՞մ ես խաղաղություն կնքել ինձ հետ: Ընդունե՞ս իմ օգնությունը, որ հիմնված է դարավոր իմաստության վրա: Կմիավորվե՞նք արդյոք մենք Սև Ստվերի դեմ, կօգնե՞նք արդյոք միմյանց շտկելու չարիքը, որ իր հետ բերեց պատերազմը: Մոռանա՛նք փոխադարձ վիրավորանքները, և թող մեր հողերը ծաղկեն առաջվանից ավելի փարթամ:
Թեոդենը լռում էր: Նայելով նրա դեմքին, ոչ ոք չէր կարող ասել, կասկածնե՞րն էին նրան տանջում, թե՞ զայրույթը: Էոմերը չդիմացավ:
— Լսի՛ր ինձ, տիրակա՛լ,— գոչեց նա,— ահա և վտանգը, որի մասին զգուշացնում էր Գենդալֆը: Մի՞թե մենք այդքան թանկ գնով հաղթանակ տարանք միայն դրա համար, որ բերաններս բաց լսենք երկճյուղ լեզվին մեղր քսած այս ծեր խաբեբայի զրույցները: Այսպես կխոսեր շներով շրջապատված գայլը, եթե հանկարծ խոսելու ունակություն ձեռք բերեր: Ախր ինչո՞վ կարող է նա քեզ օգնել: Ուղղակի ուզում է ամեն գնով խուսափել արժանի պատժից, ահա և ամենը: Մի՞թե դու բանակցությունների մեջ կմտնես այս դավաճանի և մարդասպանի հետ: Հիշի՛ր Թեոդրեդին, հիշի՛ր Գետանցումը, հիշի՛ր Համայի գերեզմանը, որ Հելմյան Իջվածքում է:
— Երկճուղ լեզվի՞ն: Արդյոք այդ դու՞ չես ուզում խայթել թիկունքից, օձի՛ ճուտ,— չկարողացավ չարությունը զսպել Սարումանը: — Սակայն արի չվիճենք Էոմե՛ր, որդի՛ Էոմունդի: — Սարումանի ձայնը կրկին փափկեց: