Changes
Մաշթոց էր անունն այն մարդու, որ հիշեցինք մեր խոսքի սկզբում, որի համար և մենք հոգ ենք տարել պատմելու։ նա Տարոն գավառից էր, Հացեկաց գյուղից, Վարդան անունով երանելի մարդու որդին։ Մանկական հասակում նա կրթվել էր հելլենական դպրությամբ, [ապա] եկել, հասել էր Մեծ Հայաստանի Արշակունի թագավորների դուռը, կացել էր արքունի դիվանատանը, դառնալով արքայի տված հրամանի ձառայողը՝ ոմն Առավանի՝ մեր Հայոց աշխարհի հազարապետության ժամանակ։ Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին։ Եվ այնտեղ հենց ջանալով ուշադրությամբ հետևում էր աստվածային գրքերի ընթերցանությանը, որով և շուտով լուսավորվեց ու թափանցեց, խորամուխ եղավ աստվածային հրամանների հանգամանքների մեջ, և ամեն պատրաստությամբ զարդարելով իրեն՝ իշխանների ծառայությունն էր կատարում։
== Դ ==
Եվ դրանից հետո նա՝ ըստ ավետարանական կանոնի, դարձավ մարդասեր աստծու ծառայությանը, այնուհետև մերկացավ [իրենից] իշխանական ցանկությունները և պարծանքի խաչն առնելով՝ դուրս եկավ ամենակեցույց խաչվածի հետևից։ Եվ [հավատքի] հրամաններին հավանելով՝ խառնվեց Քրիստոսի խաչակիր գնդին ու շուտով մտավ միայնակեցական կարգի մեջ։ Շատ և տեսակ֊տեսակ վշտակեցություններ կրեց ըստ Ավետարանին ամեն բանով. իրեն տալիս էր ամեն հոգևոր վարժությունների — միանձնության, լեռնակեցության, քաղցի ու ծարավի և բանջարաճաշակության, անլույս արգելարանների, խարազնազգեստ ու գետնատարած անկողինների։ Շատ անգամ էլ գիշերվա հեշտալի հանգիստն ու քնի հարկը ոտի վրա տքնությամբ վերջացնում էր մի ակնթարթում։ Եվ այս ամենն անում էր նա ոչ սակավ ժամանակ։ Եվ մի քանիսին ևս գտել, հարեցրել էր իրեն՝ աշակերտ դարձնելով նույն սովորական ավետարանությանը։
Եվ այսպես նա կամայական քաջությամբ տանելով բոլոր վրա հասած փորձությունները և պայծառանալով՝ ծանոթ և հաճելի էր դարձել աստծուն և մարդկանց։