Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
— Վերադարձի՛ր, Սարումա՛ն,— տիրական ձայնով գոչեց Գենդալֆը:
Ի զարմանս բոլորի, Սարումանը դանդաղ, ասես իր կամքին հակառակ, շրջվեց և վերադարձավ պատշգամբ: Դժվարությամբ շունչը տեղը բերելով, նա հենվեց ճաղերին: Նրա աջ ձեռքը աքցանի պես ամուր սեղմում էր մեծ, սև գավազանը:
— Քեզ ոչ ոք թույլ չտվեց հեռանալ,— խստորեն ասաց Գենդալֆը: — Ես դեռ չեմ վերջացրել խոսքս: Տեսնում եմ առաջվա իմաստությունը այևս չունես: Ցավում եմ քեզ համար: Դու կարող էիր հաղթահարել չարությունդ, թողնել խելագար ծրագրերդ և բարի գործեր անել, բայց ընտրեցիր՝ մնալ աշտարակում և կրծել թակարդը, որը ինքդ ես լարել: Ի՜նչ արած, մնա այդտեղ, բայց զգուշացնում եմ. այդտեղից այլևս դուրս չես գա, եթե, իհարկե, արևելքից դեպի Օրթհանք չձգվի սև ձեռքը: Լսի՛ր, Սարումա՛ն,— գոչեց նա, և նրա ձայնը հնչեց բարձր ու տիրական,— լսի՛ր և ականջիդ օղ արա: Ես այլևս այն Գենդալֆ Մոխրագույնը չեմ, որին դու մի ժամանակ դավաճանեցիր: Ես Գենդալֆ Ճերմակն եմ. ես անցել եմ մահվան միջով և վերադարձել: Իսկ դու այսուհետ անգույն ես, և ես քեզ վտարում եմ իմաստունների Լուսավոր Խորհրդից: — Նա բարձրացրեց ձեռքը և բարձր ու խիստ ձայնով գոչեց. Սարումա՛ն, դու զրկվա՛ծ ես գավազանից:
Ճայթյուն լսվեց. գավազանը Սարումանի ձեռքում երկու մասի բաժանվեց: Գավազանի գլխիկն ընկավ Գենդալֆի ոտքերի տակ:
— Հիմա կարող ես գնա՛լ,— գոչեց Գենդալֆը:
Սարումանը ճչաց, օրօրվեց, ընկավ և սողալով չքացավ կիսախավարում: Նույն ակնթարթին վերևից նետված ինչ որ ծանր, փայլուն մի բան բախվեց պատշգամբի ճաղերին և անդրադառնալով, գրեթե Գենդալֆի գլխին դիպչելով, ընկավ աստիճանների վրա: Ճաղերը զրնգացին հարվածից և ծռվեցին, իսկ աստիճանը, կայծեր արձակելով, ճեղքվեց: Սակայն նետված առարկան անվնաս մնաց. այն գլորվեց աստիճաններով վար: Դա ինչ-որ բյուրեղապակյա գունդ էր՝ խորքում բոսորագույն կրակով: Փինը նետվեց առաջ և, մինչ այն կհայտնվեր ջրում, հասցրեց բռնել:
— Վախկոտ սրիկա՛,— ճչաց Էոմերը: