Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
— Վախկոտ սրիկա՛,— ճչաց Էոմերը:
— Դա Սարումանը չէր,— գլուխն օրորեց Գենդալֆը: — Գունդն ընկավ վերևի պատուհանից: Երևում է, դա Օձալեզուն էր մեզ հրաժեշտ տալիս, բայց՝ անհաջող:
— Անհաջող, որովհետև չկարողացավ որոշել, թե ում է ավելի շատ ատում՝ քեզ, թե Սարումանին,— ենթադրեց Արագորնը:
— Հնարավոր է,— համաձայնվեց Գենդալֆը: — Այդ երկուսը դժվար թե միմյանց համար դժբախտության մխիթարանք դառնան: Վախենում եմ, որ իրար կոկորդ կկրծեն: Թեպետ, արդար պատիժ է: Եթե Օձալեզուն կենդանի դուրս պրծնի Օրթհանքից, նրա բախտը կբերի, թեև նա արժանի չէ դրան... Սպասիր, բարեկամս, ապա ինձ տուր այդ գունդը, ո՞վ քեզ թույլ տվեց ձեռք տալ դրան,— բացականչեց նա՝ կտրուկ շրջվելով և տեսնելով Փինին, որը դանդաղ բարձրանում էր աստիճաններով՝ ձեռքին ինչ-որ մի ծանր բան: Նա վազեց Փինին ընդառաջ և, հոբիթի ձեռքից վերցնելով մուգ գունդը, փաթաթեց իր թիկնոցի մեջ: — Ես ինքս հոգ կտանեմ սրա մասին,— ասաց նա: — Հըմ, այո, թերևս, Սարումանը մեկ այլ բան կնախընտրեր ինձ վրա նետել:
— Նրա մոտ առանց դրա էլ նետելու հարմար ինչ-որ մի բան կգտնվի,— նկատեց Ջիմլին: — Ավելի լավ է հեռանանք այստեղից, եթե խոսակցությունն ավարտված է:
— Խոսակցությունն ավարտված է,— ասաց Գենդալֆը: — Գնա՛նք:
Նրանք շրջվեցին և իջան աստիճաններով: Ռոհանցիները ցնծագին ողջունեցին թագավորին և Գենդալֆին: Սարումանի կախարդանքը ցրվել էր. բոլորը տեսել էին, թե ինչպես Գենդալֆի կարգադրությամբ Սարումանը վերադարձավ պատշգամբ, ապա խայտառակված, սողալով հեռացավ:
— Ահա և վերջ,— ասաց Գենդալֆը: — Այժմ հարկավոր է տեսնել Ծառմորուսին և պատմել նրան մեր զրույցի մասին:
— Իսկ ինչ է, կարծում ես նա չգիտի՞ այդ մասին,— զարմացավ Մերին: — Մի՞թե դու այլ բան էիր սպասում:
— Թերևս, չէի սպասում,— համաձայնվեց հրաշագործը: — Չնայած, մի պահ քիչ էր մնում համաձայնվեր... Ես ստպված էի գնալ դրան՝ մասամբ խղճահարությունից դրդված, մասամբ էլ... Հարկավոր էր ցույց տալ Սարումանին, որ նրա ձայնը կորցրել է նախկին ուժը: Չի կարելի միաժամանակ լինել համ խորհրդական, համ բռնակալ: Եթե գաղտնիքը բացահայտվում է, այն այլևս հնարավոր չէ ստերով թաքցնել: Սարումանը ծուղակն ընկավ. նա փորձեց առանձին-առանձին գայթակղել իր զոհերին միմյանց ներկայությամբ: Իսկ հետո նրան ընտրության հնարավորություն տրվեց, և դա արդար ընտրություն էր: Ես առաջարկեցի նրան հրաժարվել Մորդորի հետ համագործակցությունից, հրաժարվել նախկին ծրագրերից և ուղղվել, շտկել իր կատարածը: Նա բոլորից լավ գիտի, թե ինչի կարիք ունենք մենք, և կարող էր մեզ լավ օգնություն ցուցաբերել, սակայն նախընտրեց իր անզոր չարությունը և Օրթհանքի հուսալի պատերը: Չի ցանկանում օգնել, ուզում է միայն հրամայե՛լ: Նրա գլխին արդեն կախվել է Մորդորի սարսափելի ստվերը, իսկ նա դեռ հույս ունի կասեցնել փոթորիկը: Դժբա՛խտ հիմար: Եթե Մորդորից ուժեր ուղարկվեն այստեղ, Իզենգարդը մի ակնթարթում հողին կհավասարվի: Այդ մենք չենք կարողանում քանդել Օրթհանքը, բայց Սաուրոնը... Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է նա անել:
— Իսկ եթե Սաուրոնը պարտություն կրի, այն ժամանակ ի՞նչ ես պատրաստվում անել Սարումանի հետ,— հարցրեց Փինը:
— Ե՞ս: Ոչինչ էլ չեմ պատրաստվում անել,— պատասխանեց Գենդալֆը: — Ինձ նրա նկատմամբ իշխանություն պետք չէ: Իսկ թե ինչ կկատարվի նրա հետ, դա ես չեմ կարող ասել: Իհարկե, ցավալի է, որ անցյալում բարի և զորեղ ուժը հիմա խեղդվում է այդ աշտարակում... Իսկ այ մեր գործերը վատ չեն ընթանում:Երբեք չես կարող գուշակել, թե ճակատագիրը ինչ անակնկալ կմատուցի. ատելությունը ինքն իրեն է վնաս: Նույնիսկ եթե կարողանաինք թափանցել Օրթհանք, երևի ավելի մեծ գանձ չէինք գտնի, քան գունդը, որ մեզ վրա նետեց Օձալեզուն:
Այդ պահին աշտարակի պատուհանից հուսահատ ճիչ լսվեց և կտրուկ կտրվեց:
— Երևում է, Սարումանն ինձ հետ համաձայն է,— եզրակացրեց Գենդալֆը:
Նրանք շարժվեցին դեպի ավերված դարպասը և հազիվ էին դուրս եկել կամարի տակից, երբ քարերի հետևից հայտնվեց Ծառմորուսը, իսկ նրա հետևից՝ ևս երկու տասնյակ էնտ: Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին զարմացած նայում էին նրանց:
— Իմիջայլոց, ահա և իմ երեք բարեկամները, Ծառմորուս,— ասաց Գենդալֆը: — Ես քեզ պատմել եմ նրանց մասին, հիշու՞մ ես:
Եվ նա հերթով ներկայացրեց նրանց: Ծեր էնտը երկար և ուշադիր զննեց նրանց, ապա հերթով ողջունեց: Լեգոլասին նա հատուկ վերաբերմունք ցույց տվեց:
— Իմ բարեկամ էլֆ, ասում են, դու հեռվի՞ց ես եկել, Չարքանտառի թավուտների՞ց: Մի ժամանակ դա շատ մեծ անտառ էր:
— Այն հիմա էլ է մեծ,— պատասխանեց Լեգոլասը: