Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք */
Զորքը շարժվեց առաջ: Բոլորն իջան ձիերից, երկար շղթայով ձիերի սանձերից բռնած անցան գետը և Հորնբուրգի դարպասներով մտան ամրոց: Ներսում նրանց դիմավորեցին համընդհանուր ուրախությամբ և նոր հույսով: Հիմա արդեն Հորնբուրգը բավականաչափ պաշտպաններ ուներ:
Էոմերն իր ջոկատներին արագ նախապատրաստեց մարտի: Թագավորն իր շքախմբի և հարյուրից ավելի Վեսթֆոլդցիների հետ մնաց պաշտպանելու Հորնբուրգը, իսկ մնացած բոլորին Էոմերը տեղակայեց պարսպի վրա և աշտարակի մոտ, որտեղ սպասվում էր գլխավոր հարվածը: Ձիերին տարան կիրճի խորքը, նրանց հսկելու համար թողնելով միայն մի քանի պահակ: Իջվածքը պաշտպանող պարիսպը քսան ֆուտ բարձրություն ուներ և այնքան լայն էր, որ չորս ռազմիկ ուս ուսի տված կարող էին հանգիստ տեղավորվել: Պարսպի ատամնավոր եզրապատը թաքցնում էր ռազմիկներին անցանկալի աչքերից, և միայն ամենաբարձրահասակները կարող էին նայել ատամների արանքից: Պարսպի վրա այստեղ-այնտեղ սևին էին տալիս հրակնատները, իսկ ներսի կողմից ամրոցի բակ իջնելու համար սանդուղք էր ամրացված: Երեք այդպիսի սանդուղքներ էլ ամրացված էին դրսի կողմից: Սակայն ամրոցի արտաքին պատը կատարելապես հարթ էր, և վիթխարի քարերը այնքան վարպետորեն էին միմյանց վրա դրված, որ նույնիսկ ամենաճարպիկ մարդը չէր կարող փոքրիկ ճեղք գտնել ոտքը դնելու համար: Եվ բացի այդ պարիսպը մի փոքր թեքությամբ կախվում էր կիրճի վրա , ինչպես ծովափնյա ժայռը, որի վրա բարձրանալ հնարավոր չէ:
Ջիմլին կանգնած էր հենված եզրապատին, իսկ Լեգոլասը նստել էր եզրապատի ատամների միջև և աղեղը ստուգելով նայում էր խավարին:
Ժամանակը դանդաղ էր անցնում: Ներքևում՝ հովտում, դեռ այրվում էին հրդեհված բնակավայրերը: Այժմ Իզենգարդյան զորքը անաղմուկ էր մոտենում, և միայն հովտում կրակե օձերի պես գալարվող ջահերի լույսն էր մատնում նրանց:
Հանկարծակի հողապատնեշի մոտից սահմռկեցուցիչ ոռնոց լսվեց, որին հաջորդեց ռոհանցիների կատաղի մարտական ճիչը: Անցումի մոտ մի պահ կուտակվեցին բոցավառվող ջահերը, բայց հաջորդ ակնթարթին ցրիվ եկան այս ու այն կողմ և չքացան: Լսվեցին գետափնյա մարգագետնով դեպի Հորնբուրգ սլացող հեծյալների ձայները. վերջապահ ջոկատը գրեթե առանց կորուստ կրելու նահանջեց դարպասից ներս:
Կեսգիշերն անցավ: Անթափանց խավար էր տիրում: Անշարժ, հեղձուկ օդը ամպրոպ էր կանխագուշակում: Հանկարծակի կուրացուցիչ բռնկումը լուսավորեց ամպերը, և արևելքում հսկայական ճյուղավորված կայծակը հարվածեց բլուրներին: Մի ակնթարթ տարածքը լուսավորվեց, և պարսպի վրա գտնվողները տեսան, որ պատնեշն ու մինչև պարիսպ ընկած տարածքը հեղեղված են սև զորքով, որոնց մի մասը կարճահասակ, լայնաթիկունք օրքեր են, մյուսները՝ բարձրահասակ, մռայլ տեսքով, ածուխի պես սև վահաններով և բարձր սաղավարտներով մարտիկներ: Պատնեշի վրա շարունակ նորերն էին հայտնվում և սև գետի պես հոսելով խրամուղու անցումով, հեղեղում էին կիրճը:
Լսվեց ամպրոպի որոտը, և սկսվեց տեղատարափ անձրևը: Մեկ այլ անձրև՝ այս անգամ արդեն նետերի, փլվեց պարիսպներին: Նետերը զրնգալով խփվելով քարերին անդրադառնում էին և կայծեր արձակում, բայց նրանցից մի քանիսը հասան իրենց նշանակետին: Այդպես սկսվեց Հելմյան Կիրճի գրոհը, բայց ամրոցը չընդունեց մարտահրավերը և պատասխան ոչ մի նետ չարձակեց: Հարձակվողները շփոթվելով պարիսպների և քարերի ահեղ լռությունից տատանվեցին: Բայց կայծակները իրար հետևից ճեղքում էին խավարի վարագույրը, և օրքերը առույգանալով ոռնացին, նիզակներն ու յաթաղաները թափահարեցին ու նետերի տարափ տեղացին պարսպի վրա կանգնած ռազմիկների վրա: Ռոհանցիները զարմացած նայում էին չարագույժ սև փոթորկից ալեկոծվող հովտին, որտեղ, ասես ցորենի արտում քամու պեռթկումից, տարուբերվում էին պողպատյա մահաբեր ցողունները: Հնչեցին պղնձե շեփորները, և օրքերն անցան հարձակման: Մի մասը հեղեղեցին պարիսպը, իսկ մյուսները՝ ամենաբարձրահասակները, Դունլենդի վայրի լեռնեցիների հետ նետվեցին դեպի Հորնբուրգի դարպասը: Փայլատակեց կայծակը, և նրանց սաղավարտներին ու վահաններին մի պահ երևաց մահացու գունատ ճերմակ ձեռքըՃերմակ Ձեռքը: Թշնամիներն արագորեն հաղթահարեցին թեքությունը և հասան դարպասին:
Այս անգամ ամրոցը պատասխանեց: Նետերի տարափ և քարերի կարկուտ տեղաց հարձակվողների գլխին: Թշնամիների շարքերը ցնցվեցին և ցաքուցրիվ եղան, բայց անմիջապես հավաքվելով նորից հարձակվեցին դարպասի վրա, հետո նորից ցրվեցին, նորից հարձակվեցին, և հարձակվողների սև ալիքը մակընթացության ալիքի պես ամեն անգամ համառորեն ավելի էր բարձրանում: Կրկին հնչեցին շեփորները, և դունլենդցիները վայրի մռնչյունով անցան հարձակման: Նրանք հսկայական վահանները գլխավերևում պահած, պաշտպանվելով նետերից ու քարերից, երկու երկաթապատ գերան էին քարշ տալիս դարպասի մոտ, իսկ օրք նետաձիգները թաքնվելով նրանց թիկունքում պարիսպների վրա նետերի անձրև էին տեղում: Այս անգամ թշնամու ջոկատը վստահորեն հասավ դարպասին, և բաբանները խլացուցիչ որոտով հարվածեցին դարպասաճաղերին: Եթե պարսպի գլխից նետված քարերը հասնում էին իրենց նշանակետին, և թշնամիներից ինչ-որ մեկն ընկնում էր, ապա նրա տեղն անմիջապես զբաղեցնում էին երկու նորերը և հզոր բաբանները կրկին թափ հավաքելով ավելի ուժեղ էին հարվածում դարպասին:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին պարսպի վրա: Թշնամիների ռազմատենչ բղավոցների և բաբանների խուլ հարվածների ձայնը հասնում էր նրանց ականջներին: Երբ հերթական կայծակը լուսավորեց տարածքը, նրանք հասկացան որ դարպասին մեծ վտանգ է սպառնում:
Նրանք նետվեցին աստիճաններով ներքև՝ ամրոցի բակը, ճանապարհին ևս մի քանի քաջարի ռազմիկ վերցնելով իրենց հետ: Պարսպի արևմտյան կողմում, այնտեղ, որտեղ պատը միանում էր լեռան ելուստին, գաղտնի դուռ էր բացվում դեպի կիրճ: Դռան մյուս կողմում, պարսպի երկայնքով անդունդի վրա կախված նեղ գոգավորություն էր սկսվում, որը տանում էր դեպի դարպասը: Էոմերն ու Արագորնը առաջինը անցան դռնով, իսկ մյուսները հետևեցին նրանց: Երկու մերկացած սրերը փայլատակեցին միասին:
Եվ նրանք մխրճվեցին թշնամու ջոկատի մեջ: Անդրիլը փայլատակում էր սպիտակ կրակով և սարսափազդու հարվածներ հասցնում:
Թշնամիները թիկունքից հարվածի չէին սպասում: Նրանք սարսափահար գցեցին բաբանները և սկսեցին պաշտպանվել, բայց շուտով վահանների սև պատը , ասես կայծակի հարվածից , ցրիվ եկավ, և թշնամիները խուճապահար փախուստի դիմեցին: Մի մասը հասցրեցին փախչել, մյուսները խոցված ընկան գետնին, իսկ երրորդներին նետեցին անդունդը: Օրք նետաձիգները հապշտապ, առանց նշան բռնելու արձակեցին իրենց վերջին նետերը և նույնպես փախուստի դիմեցին:
Էոմերն ու Արագորնը որոշ ժամանակ մնացին դարպասի մոտ: Ամպրոպը դեռ շարունակվում էր, և կայծակները առաջվա պես լուսավորում էին երկինքը, բայց նրանց որոտը արդեն հեռվից էր գալիս՝ հարավային լեռնագագաթների կողմից: Հյուսիսից կրկին սառը քամի փչեց: Գլխավերևում սլացող մթագնած ամպերից միայն ծվեններ մնացին, և երկնքում փայլեցին աստղերը: Շուտով արևմուտքում երևաց նաև դեղին լուսինը և լուսավորեց կիրճի լանջերը:
Նրանք սլացան հետ: Այդ ընթացքում երկու տասնյակ օրք, որոնք թաքնվել էին իրենց ցեղակիցների դիակների տակ, անաղմուկ ոտքի ելան և հետևեցին նրանց: Օրքերից երկուսը կախվեցին Էոմերի ոտքերից, տապալեցին գետնին և հաջորդ վարկյանին նստելով նրա վրա մերկացրեցին յաթաղանները: Բայց այդ պահին խավարից դուրս թռավ մինչ այդ ոչ մեկի կողմից չնկատված փոքրիկ, սև կերպարանքը, և հնչեց խռպոտ ճիչը. «Բարու՛կ Քազադ, Քազադ այ-մենու՛», և երկու անգամ փայլատակեց տապարը: Երկու գլխատված թշնամի փլվեցին գետնին, մնացածները փախան:
Դուռը փակեցին, դարպասը ներսի կողմից ամրացրեցին գերաններով և քարերով զմռսեցին: Վերջապես երբ գործն ավարտեցին, Էոմերը շրջվեց դեպի իր փրկիչը:
Երկինքն արագորեն մաքրվում էր: Մայր մտնող լուսինը վառ լուսավորում էր, բայց լույսը ռոհանցիներին հույս չպարգևեց: Թշնամիների հորդաները աչքերի առաջ բազմապատկվում էին, ջոկատը ջոկատի հետևից հեղեղելով կիրճը: Դարպասի մոտ դուրս գալը կարճ ժամանակով նրանց հետ շպրտեց, բայց շուտով թշնամիներն ավելի կատաղի գրոհի անցան: Իզենգարդյան ամբոխը պարիսպների տակ մռնչում ու ալեկոծվում էր ինչպես փոթորկոտ ծովը: Օրքերն ու վայրի լեռնեցիները մոլեգնած հարձակվում էին պարսպի ամբողջ երկարությամբ, կեռմաններով պարաններ նետում, որոնք կառչում էին եզրապատի ատամներից: Ռոհանցիները չէին հասցնում կտրատել դրանք: Շուտով պարիսպը ծածկվեց հարյուրավոր երկար սանդուղքներով, որոնց մեծամասնությունը անմիջապես էլ փլվեց ներքև և ջարդվեց քարերի վրա, բայց ընկածների փոխարեն անընդհատ նորերն էին բուսնում: Օրքերը մագլցում էին դրանց վրա, ինչպես հարավային անտառների կապիկները: Պարիսպների տակ, ինչպես անապատում փոթորկի ժամանակ, դիակների և վիրավորների նորանոր բլուրներ էին աճում: Սարսափելի ավազաբլուրները բարձրանում ու բարձրանում էին, բայց թշնամիների հրոսակները առաջվա պես անընդհատ ավելանում էին:
Ջիմլին ցած նետվեց պարսպի վրայից, ցնցելով ժայռերը կատաղի կանչով. «Քազադ, Քազադ», և վազելով կիրճի խորքը գործի դրեց իր տապարը:
Ծեր Գամլինգը, որը աշտարակից հետևում էր ճակատամարտին, ընդհանուր աղմուկի միջից լսեց թզուկի կանչը և հասկացավ, որ գործերը վատ են:
Գամլինգի ջոկատն այնպես կատաղի և անսպասելի հարձակվեց օրքերի վրա, որ նրանք չկարողացան դիմակայել: Շուտով նրանք թշնամիներին քշեցին դեպի ժայռերով շրջապատված անկյունը, և շատերն այնտեղ իրենց մահը գտան, իսկ ողջ մնացածները ոռնալով փախան Իջվածքի խորքը, որտեղ նրանց դիմավորեցին գաղտնի քարանձավները հսկող ռազմիկների սրերը:
Ջիմլիի խորհրդով վեսթֆոլդցի ռազմիկները ոչ մեծ գլաքարերով և ժայռաբեկորներով զմռսեցին խողովակը, ջրի համար թողնելով միայն մի փոքր ճեղք: Անձրևից հետո վարարած հոսանքը արագ կուտակվեց ելքի մոտ և ժայռերի միջև աստճանաբար լճակ գոյացավ:
Լեգոլասը Արագորնի և Էոմերի հետ կանգնած մաքրում էր իր երկար դաշույնը: Ճակատամարտը կարճ ժամանակով դադարել էր, անհաջող գրոհից հետո թշնամիները հետ էին քաշվել:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին հոգնած հենված սրերին: Ձախ կողմից՝ պարսպի տակից, ճչոցներ, որոտ ու շառաչյուն լսվեց և ճակատամարտը վերսկսվեց: Սակայն Հորնբուրգը, ինչպես ժայռը փոթորկվող ծովում, առաջվա պես անսասան կանգնած էր: Դարպասից մի կույտ երկաթի ջարդոն էր մնացել, բայց գերաններից և քարերից պատրաստված արգելապատնեշը դեռ ոչ մի օրք չէր հաղթահարել: