Changes
/* Գլուխ XXVII */
Դալլաքը հավանեց քահանայի ծրագիրը և նրանք իսկույն սկսեցին կատար ածել։ Նրանք իջևանի կնոջից մի շրջազգեստ և գլուխ կապելու շոր խնդրեցին՝ թողնելով իբրև գրավ քահանայի կապան։ Դալլաքը եզան շեկ թե գորշ կարմրավուն պոչի մազից, որի վրա իջևանի տերը սովորություն ուներ պահելու իր սանրը, իրեն համար միրուք շինեց։ Տիրոջ կինը հարցրեց, թե նրանց ինչի՞ն են պետք այդ զուգսերը։ Քահանան կարճառոտ պատմեց նրան դոն Կիխոտի խելագարության մասին և ավելացրեց, որ նրանք պետք է շորերը փոխեն, որպեսզի նրան դուրս բերեն լեռնակիրճերից, որտեղ հիմա նա գտնվում է։ Տերն էլ, նրա կինն էլ իսկույն գլխի ընկան, որ դա հենց այն խելագարն է, որ իրենց մոտ բալասան պատրաստեց և որ նրա զինակիրն էր, որ վերմակի վրա վեր֊վեր թռցրին։ Եվ նրանք քահանային պատմեցին այն ամենը, որ պատահել էր իրենց պանդոկում, առանց ծածկելու այն, ինչ որ այնպիսի խնամքով թաքցնում էր Սանչոն։ Վերջապես պանդոկապանի կինը քահանային այնպես լավ զուգեց, որ ավելի լավ անհնարին էր։ Հագցրեց մահուդե շրջազգեստ, որի վրա սև բեհեզից շերտեր էին կարված ափի լայնությամբ, կորսաժը՝ կանաչ բեհեզից՝ սպիտակ ատլասե երիզներով զարդարված (նման ջրջազգեստ ու կորսաժներ էին հագնում, երևի, Վամբա արքայի օրորք)։ <ref>Գոթական թագավոր, որ կառավարել է Իսպանիան672֊ից մինչև 680 թվականը։ «Վամբա թագավորի ժամանակներում» ասելով հասկացվում է այն առածը, որի իմաստն է «Նոյի տարին»։</ref> Քահանան կանացի գլխաշոր չուզեց՝ նա դրեց իր կտավե կարած գլխարկը, որ հագնում էր սովորաբար քնելիս և ճակատը կապեց մետաքսե փայլուն սև ժապավենով, իսկ մի ուրիշ ժապավենից նա դիմակի պես բան պատրաստեց, որ շատ լավ ծածկում էր նրա դեմքն ու միրուքը։ Վերևից նա դրեց գլխին մի գլխարկ, այնքան մեծ, որ կարող էր ծառայել որպես հովանոց և վերնարկը գցելով վրան ու փաթաթվելով մեջը, կնոջ պես նստեց ջորու վրա, իսկ մյուս ջորու վրա միրուքավոր դալլաքը նստեց։ Միրուքը հասնում էր մինչև նրա գոտին և չէր հասկացվում ճերմա՞կ էր, թե՞ շեկ, որովհետև ինչպես մենք արդեն ասացինք, եզան աղտոտ պոչից էր շինած։
Նրանք բոլորին մնաս բարով ասացին, ի թիվս որոնց բարի Մարիտորնեսին, որ խոստացավ իր տերողորմյայի ամեն հատիկի վրա աղոթք ասել՝ գուցե Աստված լսի նրան՝ մեղավորին, և հաջողություն առաքի նրանց հղացած դժվարին և ճշմարիտ քրիստոնեական գործում։ Սակայն հազիվ մի քիչ հեռացել էին նրանք իջևանից, որ քահանայի մտքովն անցավ, թե նրանք վատ են անում այդպիսի շորերով ման գալով, որովհետև հոգևոր անձին վայել չէ կնկա շոր հագնելը, անգամ ամենալավ միտումներով։ Նա այդ ասաց դալլաքին և խնդրեց, որ նրանք իրենց շորերը փոխեն, ― որովհետև շատ ավելի վայելուչ է, որ զրկված աղջիկ լինի դալլաքը, իսկ զինակիրը ― քահանան։ Այսպիսով, գոնե, նա պակաս կստորացնի իր աստիճանը։ Եվ նա ավելացրեց, որ եթե նա մերժելու լինի, նա այս միտքը կթողնի և թող դոն Կիխոտը սատանի մոտ գնա։ Այդ վայրկայնին մոտեցավ Սանչոն և, տեսնելով նրանց այդպես զգեստափոխված, չկարողացավ իր ծիծաղը զսպել։ Դալլաքը համաձայնեց քահանայի ցանկությունը կատարել և սա, շարադրելով նոր ծրագիրը, սկսեց խրատել, թե ինչպես պետք է իրեն պահի և ինչ խոսքեր ասի, որպեսզի դոն Կիխոտին մղեն և հարկադրեն հետևել իրենց և լքել որջը, որ նա ընտրել էր իր ապարդյուն ապաշխարանքի համար։ Դալլաքը պատասխանեց, որ առանց նրա դասերի էլ կանի այն ամենը, ինչ որ պետք է։ Սակայն հայտարարեց, որ շորերը չի փոխի, մինչև որ չհասնի այն տեղը, որտեղ գտնվում է դոն Կիխոտը։ Ուստի նա ծալեց իր զուգսերը, իսկ քահանան կպցրեց միրուքը և նրանք գնացին Սանչո պանսայի առաջնորդությամբ։ Ճամփին Սանչոն պատմեց նրանց, թե ինչ պատահեց նրանց, երբ որ լեռներում պատահեցին խելագարին, սակայն լռության մատնեց ճամպրուկի գյուտը և նրա հարուստ բովանդակությունը, որովհետև մեր տղան թեև հասարակ մարդ էր, բայց փողը սաստիկ սիրում էր։