Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Երդվու՞մ ես,— հարցրեց Ֆրոդոն:
— Սմեագորլը երդվում է,— հանկարծ պարզ ձայնով ասաց Գոլլումն ու տարօրինիակ, փայլող աչքերով նայեց Ֆրոդոյին: — Սմեագորլը երդվում է սքանչելիովսքանչելիի վրա:
Ֆրոդոն ուղղվեց, և նրա խոսքերն ու խիստ ձայնը կրկին զարմացրին Սեմին:
— Սքանչելիո՞վՍքանչելիի վրա՞,— ասաց նա,— և դու դեռ համարձակվու՞մ ես: Լա՛վ մտածիր:
''Իսկ այս մեկը՝ Ամենազորը, կտիրի մյուսներին''
— Դու հասկանու՞մ ես, թե ինչ է քեզ սպառնում, Սմեագորլ: Իմացած եղիր, այդ երդումը քեզ ամուր կկապի: Բայց սքանչելին քեզանից նենգ է: Այն կարող է դավաճանել քեզ: Զգուշացի՛ր:
Գոլլումը կծկվեց և փակեց ականջները:
— Սքանչելիի վրա՛, սքանչելիի վրա՛,— կրկնեց նա:
— Երդվում ես, որ ի՞նչ կանես,— հարցրեց Ֆրոդոն:
— Որ լսող կլինեմ, Սեմագորլը լսող կլինի ու խելոք,— հայտարարեց Գոլլումը:
Նա սողաց Ֆրոդոյի ոտքերի մոտ և դողդողալով, ասես սեփական խոսքերից մահացու վախենալով, խռպոտ շշնջաց.
— Սմեագորլը երդվում է, որ երբեք, երբեք չի տա այն Նրան: Նա չի ստանա այն, երբե՛ք: Սմեագորլը կփրկի սքանչելիին, միայն թե թողեք, որ նա երդվի սքանչելիի վրա:
— Ոչ, չեմ թողնի,— կտրեց Ֆրոդոն՝ խղճահարությամբ բայց խստորեն նայելով Գոլլումին: — Դու հույս ունես տեսնել և շոշափել ''Այն'', թեև գերազանց գիտես, որ միայն ''Դրա'' տեսքից կկորցնես քեզ: Երդվիր ''Դրանով'', այլ ոչ թե ''Դրա'' վրա, եթե իրոք որոշել ես երդվել: Քանզի դու գիտես, թե որտեղ է ''Այն'': Այո, Սմեագորլ, լավ գիտես: ''Այն''՝ քո առջև է:
Մի ակնթարթ Սեմին թվաց, թե տերը աճեց, իսկ Գոլլումը փոքրացավ ու ավելի խղճալի դարձավ. ահեղ մի ստվեր հզոր տիրակալի, որը թաքցնում էր իր կուրացուցիչ փայլը մոխրագույն հանդերձանքի տակ, և նրա ոտքերի տակ՝ ինչ-որ խղճուկ շնիկ: Սակայն այդ երկուսը ինչ-որ իմաստով ազգականներ լինեին ասես և առանց բառերի հասկանում էին միմյանց: Հանկարծ Գոլլումը վեր թռավ և շան պես սկսեց ցատկոտել Ֆրոդոյի շուրջը, գրկել ոտքերը:
— Վե՛րջ տուր,— հրամայեց Ֆրոդոն: — Երդվի՛ր:
— Մենք երդվում ենք, այո, այո, ես երդվու՛մ եմ,— արձագանքեց Գոլլումը: — Երդվում եմ հավատարիմ լինել սքանչելիի տիրոջը: Տերը լավն է, Սմեագորլը խելոք կլինի, գո՛լլում, գո՛լլում: — Եվ նա հանկարծ կրկին լաց եղավ և ձգվեց դեպի պարանը՝ փորձելով կրծել այն:
— Արձակիր պարանը, Սեմ,— կարգադրեց Ֆրոդոն:
Սեմը դժկամությամբ հնազանդվեց: Գոլլումը անմիջապես վեր թռավ և սկսեց ցատկոտել նրանց շուրջը, նման ծեծված մի շան, որին տերը ներել էր և շոյել գլուխը: Այդ պահից սկսած Գոլլումի մեջ փոփոխություն սկսվեց: Նա գրեթե դադարեց ֆշշացնել ու նվնվալ, դադարեց դիմել միայն ինքն իրեն ու իր սքանչելիին և այդ պատվին արժանացրեց նաև հոբիթներին: Նա կծկվում էր ու ցնցվում նրանց անսպասելի շարժումներից, վախենում էր մոտ գնալ և մահու չափ վախենում էր դիպչել էլֆական թիկնոցներին, բայց ընդհանուր առմամբ իրեն բարեկամաբար էր պահում: Նա կաշվից դուրս էր գալիս, որ ինչ-որ բանում ծառայի տիրոջը և քծնում էր նրան: Երբ տերը ինչ-որ կատակ էր անում՝ նա ծիծաղից ցնցվում էր, երբ բարի խոսք էր ասում՝ ցատկոտում էր ու ցնծում, իսկ երբ կշտամբում էր նրան՝ սկսում էր լաց լինել ու նվնվալ: Սեմը գեթե չէր խոսում նրա հետ և ոչ մի բանում նրան չէր վստահում. նոր Գոլլումը՝ Գոլլում-Սմեագորլը, նրան ավելի քիչ էր դուր գալիս և ավելի կասկածելի էր, քան հինը:
— Լավ Գոլլում, կամ ինչ է այժմ քո անունը,— ասաց նա: — Գնա՛նք: Լուսինը թաքնվել է, գիշերն արդեն ավարտվում է: Ժամանակն է ճանապարհ ընկնել:
— Այո, այո,— անմիջապես համաձայնեց Գոլլումը: — Ճահիճների միջով միայն մի ճանապարհ կա, և այդ ե՛ս եմ այն գտել: Օրքերն այնտեղ չեն գնում, նրանք չգիտեն այդ ճանապարհը: Օրքերը վախենում են ճահիճներից, նրանց շրջանցում են դրանք շատ-շատ հեռվից: Ձեր բախտը բերել է, շատ է բերել, որ դուք այստեղ եք ընկել: Եվ լավ է, որ հանդիպել եք Սմեագորլին, այո: Սմեագորլը ձեզ կուղեկցի, հետևեք Սմեագորլին:
Նա վազեց առաջ և շրջվեց՝ հարցական նայելով հոբիթներին, ինչպես շունը, որը կանչում է տերերին զբոսնելու:
— Սպասի՛ր,— բղավեց Սեմը,— շատ հեռու մի գնա, հասկացա՞ր: Ես քո հետևից կրնկակող գալիս եմ և եթե ինչ՝ պարանը ձեռքիս է:
— Ոչ, ոչ,— վախեցավ Գոլլումը,— Սմեագորլը չի փախչի, Սմեագորլը երդում է տվել:
Խոր գիշեր էր, երբ նրանք աստղերի պայծառ լույսի ներքո ճանապարհ ընկան: Գոլլումը տարավ նրանց հետ՝ դեպի հյուսիս, բայց շուտով կտրուկ թեքվեց աջ և, հետևում թողնելով Էմին Մուիլի ուղղաձիգ պատերը, քարակույտերի միջով իջավ ներքև՝ ուղիղ դեպի մեծ ճահճուտը: Երեք ստվերները արագ և անաղմուկ չքացան գիշերվա խավարում: Մորդորի դարպասների արջև փռված հսկայական ճահճային անապատում թագավորում էր մռայլ լռությունը:
=== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ===
Գոլլումն ընթանում էր հավասարաչափ արագ և երկու ոտքով, և չորեքթաթ, վիզն առաջ պարզած ու գլուխը տնկած: Ֆրոդոն ու Սեմը հազիվ էին հասնում նրա հետևից, բայց նա, երևում է, միտքը փոխել էր և ծլկել չէր ուզում: Երբ նրանք հետ էին մնում, նա կանգ էր առնում, շրջվում ու սպասում հոբիթներին: