Changes
Տիրակալը
,Նրան կարելի է միայն մի բանում մեղադրել՝ Հուլիոսին եկեղեցու, ղեկավար ընտրելու հարցում։ Այստեղ նրա հաշվարկները սխալ դուրս եկան, որովհետև, եթե նա չկարողացավ անցկացնել իր ցանկալի մարդուն, ապա կարողացավ, ինչպես արդեն ասվել է, բացարկել անցանկալիին։ Իսկ եթե այդպես է, ապա ոչ մի դեպքում պետք չէր պապական իշխանությանը մոտ թողնել այն արքեպիսկոպոսներին, ովքեր նրանից նախկինում կամ վիրավորված էին, կամ էլ, ընտրվելու դեպքում, կարող էին նրանից ապագայում վախենալ։ Քանզի մարդիկ վրեժ են լուծում կամ վախից կամ ատելությունից դրդված։ Նրանից վիրավորվածների թվում էին Սան Պյետրո ին Վինկուլան, Կոլոննան, Սան Ջորջոն, Ասկանիոն, իսկ մյուսները գահ բարձրանալով կունենային նրանից վախենալու պատճառներ։ Բացառություն էին կազմում իսպանացիներն ու Ռուանի արքեպիսկոպոսը, առաջինները ազգակցական կապերի ու պարտավորությունների, իսկ երկրորդը՝ իր թիկունքին կանգնած ֆրանսիական թագավորության հզորության պատճառով։ Ուստի, նախ անհրաժեշտ էր հոգ տանել, որ ընտրվի իսպանացիներից որևէ մեկը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Ռուանի արքեպիսկոպոսը, և ոչ մի դեպքում Սան Պյետրո ին Վինկուլան։ Մոլորության մեջ է նա, ով կարծում է, թե նոր լավությունները կարող են այս աշխարհի հզորներին ստիպել մոռանալ հին վիրավորանքները։ Այնպես որ, դուքսը սխալ թույլ տվեց, ինչն էլ ի վերի նրան կործանեց։
== Գլուխ VIII։ Նրանց մասին, ովքեր իշխանության են հասնում ոճրագործությամբ ==
Կա տիրակալ դառնալու ևս երկու միից, որոնք կապ չունեն ոչ ճակատագրի բարեհաճության, ոչ էլ քաջության հետ։ Դրանց մասին լռելը, կարծում եմ, ճիշտ չի լինի, թեև դրանցից մեկին տեղին կլիներ անդրադառնալ այնտեղ, որտեղ խոսվելու է հանրապետությունների մասին։ Ես նկատի ունեմ այն դեպքերը, երբ սովորական մարդը գերագույն իշխանության է հասնում հանցագործության ճանապարհով կամ իր հանդեպ համաքաղաքացիների բարեհաճության շնորհիվ։ Խոսելով առաջին միջոցի մասին, կվկայակոչեմ երկու դեպք․ մեկն՝ անցյալից, մյուսը՝ ժամանակակից կյանքից և դրանով կսահմանափակվեմ, քանզի ենթադրում եմ, որ այդ երկուսը բավական են օրինակներ փնտրողների համար։
Սիցիլիացի Աղաթոկլեսը դարձավ Սիրակուզայի արքա, թեև ուներ ոչ միայն հասարակ, այլև ստորակարգ ու արհամարհելի կոչում։ Նա ծնվել էր բրուտի ընտանիքում, վարում էր անազնիվ կյանք, բայց պատանեկությունից աչքի էր ընկնում հոգեկան ու մարմնական այնպիսի ուժով ու քաջությամբ, որ մտնելով զինվորական ծառայության, ժամանակի ընթացքում հասավ Սիրակուզայի պրետորի աստիճանին։ Այդ պաշտոնում հաստատվելով, նա որոշեց դառնալ Սիրակուզայի տիրակալ, և, այդպիսով, սեփականել այն, ինչը հոժարակամ վսաահվել էր նրան։ Այդ մտադրության մասին տեղյակ պահելով Համիլկար Կարթագենցուն, որն այդ ժամանակ գտնվում էր Սիցիլիայում, նա մի առավոտ Սիրակուզայի ժողովրդին ու սենատը հրավիրեց, քննարկելու իբր հանրապետությանը վերաբերող գործեր և, երբ բոլորր հավաքվեցին, նրա զինվորները պայմանավորված նշանի համաձայն կոտորեցին բոլոր սենատորներին ու ժողովրդի ամենահարուստ ներկայացուցիչներին։ Նման հաշվեհարդարից հետո Աղաթոկլեսն սկսեց իշխել՝ քաղաքացիների կողմից չհանդիպելով անգամ նվազագույն դիմադրության։ Ու թեև նա երկու անգամ պարտվեց կարթագենցիներից և նույնիսկ պաշարված էր նրանց զորքերով, այնուամենայնիվ, ոչ միայն չհանձնեց քաղաքը, այլև մարդկանց մի մասին թողնելով այն պաշտպանելու, մյուս մասի հետ ներխուժեց Աֆրիկա և կարճ ժամանակում Սիրակուզան պաշարումից ազատելով՝ կարթագենցիներին ստիպեց գնալ ծայրահեղ քայլի՝ պայմանագիր կնքել, համաձայն որի, նրանք սահմանափակվելով Աֆրիկայում ունեցած տիրույթներով, Սիցիլիան զիջում էին նրան։
Եթե խորը մտածենք, Աղաթոկլեսի կյանքում ու գործերում ոչինչ կամ գրեթե ոչինչ չենք գտնի, որը նրան բաժին ընկած լիներ ճակատագրի բարեհաճությամբ, քանի որ, ինչպես արդեն ասվել է, նա իշխանության հասավ ոչ թե ինչ-որ մեկի հովանավորությամբ, այլ զինվորական ծառայության շնորհիվ, ինչը կապված է բազում վտանգների ու զրկանքների հետ։ Նա իշխանությունն իր ձեռքում պահեց համարձակ գործողություններով, դրսևորելով վճռականություն ու խիզախություն։ Եվ, այնուամենայնիվ, քաջություն էլ չի կարելի անվանել համաքաղաքացիների սպանությունը, դավաճանությունը, ուխտադրժությունը, դաժանությունն ու անմարդկայնությունը։ Այդ ամենով կարելի է իչխանության հասնել, բայց փառքի երբեք։ Այնպես որ, եթե նրա մասին դատենք ըստ այն քաջության, որով նա ելնում էր վտանգի դեմ հանդիման, ըստ հոգեկան կորովի, որի շնորհիվ նա դիմակայում էր դժվարություններին, ապա նա հազիվ թե զիջի ցանկացած փառապանծ զորապետի, բայց հիշելով նրա դաժանությունն ու անմարդկայնությունը և նրա բոլոր ոճրագործությունները, մենք չենք կարող նրան հավասարեցնել մեծագործ մարդկանց։ Այսպիսով, չի կարելի ճակատագրի բարեհաճությանը կամ քաջությանը վերագրել այն, ինչը ձեռք է բերվել առանց մեկի կամ մյուսի։
Արդեն մեր ժամանակներում, Ալեքսանդր պապի օրոք տեղի ունեցավ մի ուրիշ դեպք։ Օլիվերոտտոն, որը ծնվել էր Ֆերմոյում, մանուկ հասակում որբանալով, մեծացավ քեռու՝ Ջովաննի Ֆոլյանիի տանը։ Տակավին պատանի, նա զինվորական ծառայության մտավ Պաոլո Վիտելիի մոտ, այն հույսով, որ զինվորական գործը յուրացնելով, զորքերում կզբաղեցնի մի պատվավոր տեղ։ Պաոլոյի մահից հետո նա տեղափոխվեց նրա եղբոր՝ Վիտելոցոյի մոտ, և շատ շուտով, խելացի, ուժեղ և քաջ մարդ լինելով, բանակում դարձավ առաջին դեմքը։ Սակայն, գտնելով, որ ուրիշներին ենթարկվելն իր համար նվաստացուցիչ է, որոշեց Վիտելիի համաձայնությամբ և համաքաղաքացիներից մի քանիսի օժանդակությամբ տիրանալ Ֆերմոյին։ Այդ մարդիկ հայրենիքի ստրկությունը գերադասում էին նրա ազատությունից Ջովաննի Ֆոլյանիին հղած նամակում նա գրում է, որ բազմամյա բացակայությունից հետո կուզենար այցել քեռուն ու հարազատ վայրերը և միաժամանակ պարզել ժառանգության չափերը։ Իր գործերում նա փառքից բացի այլ բանի մասին չի մտածել և ցանկանալով համաքաղաքացիներին ապացուցել, որ ժամանակն իզուր չի վատնել, խնդրում է, որ հարյուր ձիավորից բաղկացած շքախմբով, իր ընկերներին ու ծառաներին թույլ տան քաղաք մտնել պատվավոր ձևով։ Ֆերմոյի բնակիչները իրենց հերթին թող չմերժեն նրան պատվավոր ընդունելություն ցույց տալ, ինչը հաճելի կլիներ ոչ միայն իրեն, այլև իր հորը փոխարինած քեռուն։ Ջովաննի Ֆոլյանին կատարեց ազգականի խնդրանքն ու հոգ տարավ, որ քաղաքացիները նրան ընդունեն հարգ ու պատվով։
Տեղավորվելով իր տանը, նա սպասեց մի քանի օր, մինչև որ կավարտվեին ծրագրված չարագործության նախապատրաստությունները, և ճոխ խնճույք կազմակերպեց հրավիրելով Ջովաննի Ֆոլյանիին ու Ֆերմոյի բոլոր անվանի մարդկանց։ Երբ խրախճանքն ավարտվեց, Օլիվերոտտոն դիտավորյալ վտանգավոր խոսակցություն բացեց Ալեքսանդր պապի և նրա որդու Չեզարեի գործերի ու նրանց մեծության մասին։ Բայց, երբ Ջովաննին և մյուսները սկսեցին նրան պատասխանել, նա հանկարծ տեղից ելնելով հայտարարեց, թե նման խոսակցություններն ավելի լավ կլինի թաքուն տեղում շարունակել և ուղղվեց դեպի խորքի սենյակները, ուր նրա հետևից գնացին քեռին ու մյուս անվանի մարդիկ։ Սակայն, նրանք դեռ չէին հասցրել նստել, երբ դուրս վազեցին դարանակալած զինվորներն ու կոտորեցին բոլոր ներկաներին։ Այդ կոտորածից հետո ձիավոր Օլիվերոտտոն սլացավ ամբողջ քաղաքով մեկ և պալատում պաշարեց բարձրագույն մագիստրատը, որն էլ վախենալով, հնազանդվեց ու հիմնեց նոր կառավարություն. Օլիվերոտտոն հռչակվեց քաղաքի տիրակալ։
Ոչնչացնելով նրանց, ովքեր դժգոհության պատճառով կարող էին իրեն վնասել, Օլիվերոտտոն իր իշխանությունն ամրապնդեց ռազմական ու քաղաքացիական նորամուծություններով և այդ ժամանակից ի վեր ոչ միայն Ֆերմոյում անվտանգություն ձեռք բերեց, այլև պատուհաս դարձավ բոլոր հարևանների համար։ Նրան քաղաքից դուրս բերելը նույնքան դժվար էր, որքան և Աղաթոկլեսին, եթե նրան խորամանկությամբ չգերազանցեր Չեզարե Բորջան, որը Սինիգալիայում, ինչպես արդեն ասվել է, ծուղակը գցեց Օրսինիի ու Վիտելիի զորախմբերի պետերին։ Օլիվերոտտոն այնտեղ գնաց քաջության ու ոճրագործության հարցերում իր ուսուցիչ Վիտելոցոյի հետ. այնտեղ էլ նրա հետ միասին խեղդամահ եղավ, ինչը տեղի ունեցավ նկարագրված հայրասպանությունից մեկ տարի հետո։
Ոմանք կարող են չհասկանալ, թե ինչու է Աղաթոկլեսին ու նրա նմաններին հաջողվել դաժանությամբ ու դավաճանությամբ իրենց համար ուղի հարթելով, երկար տարիներ բարեհաջող կյանք վարել հայրենիքում, իրենց պաշտպանել արտաքին թշնամիներից, չդառնալ համաքաղաքացիների նյութած դավադրության զոհ, մինչդեռ չատ ուրիշների չի հաջողվել իչխանությունը դաժանության միջոցով պահպանել նույնիսկ խաղաղ, էլ չենք ասում պատերազմական խառը ժամանակներում։ Անշուշտ, դաժանություն էլ կա, դաժանություն էլ։ Դաժանությունը լավ է իրագործվում այն դեպքերում, եթե թույլատրելի է վատը լավ անվանել, երբ այն դրսևորում են միանգամից ու անվտանգության նկատառումներով՝ չկորցնելով չափի զգացումը։ Եվ ըստ հնարավորին այն ծառայեցնում են հպատակների օգտին։ Իսկ վատ է իրագործվում այն դեպքերում, երբ հաշվեհարդարները սկզբում հազվադեպ են պատահում, բայց ժամանակի ընթացքում պակասելու փոխարեն ավելի հաճախակի են դառնում։ Առաջին եղանակով գործելու դեպքում Աղաթոկլեսի նման աստծո ու մարդկանց օգնությամբ կարելի է պահպանել իշխանությունը, գործելով երկրորդ եղանակով՝ անտարակույս ոչ։
Սրանից հետևում է, որ նա, ով պետություն է նվաճում, պետք է նախապատրաստի բոլոր չարագործություններն ու միանգամից գլուխ բերի՝ այլևս դրանց չվերադառնալու համար և ոչ թե ամեն օր շարունակի անել նույն բանը։ Այդժամ մարդիկ կամաց-կամաց կհանդարտվեն, իսկ տիրակալը կկարողանա բարիք գործելով, աստիճանաբար նվաճել նրանց համակրանքը։ Ով որ այլ կերպ վարվի անվճռականության կամ անմտության պատճառով, նա արդեն էլ երբեք սուրը պատյանը չի դնի ու էլ երբեք չի կարողանա ակնկալել իր հպատակների աջակցությունը, որոնց հանգիստը խաթարվել է նոր ու անվերջ փորձություններով։ Այնպես որ, մարդկանց ցավ պետք է պատճառել միանգամից. որքան հազվադեպ է դա համտեսվում, այնքան քիչ է դրանից սպասվող վտանգը, իսկ բարեգործությունները պետք է անել չնչին չափաբաժիններով, որպեսզի ավելի լավ համտեսվեն։ Իսկ ամենմակարևորը տիրակալի համար այն է, որ նա պետք է հպատակների հետ այնպես վարվի, որ ոչ մի իրադարձություն՝ վատ, թե լավ, նրան չստիպի իր վերաբերմունքը փոխել նրանց նկատմամբ, քանի որ, եթե վրա հասնեն դժվար ժամանակներ, չարիք գործելն արդեն ուշ է, իսկ բարիք գործելն անօգուտ, որովհետև կհամարեն, որ դա հարկադրյալ է արվում և երախտագիտությամբ չեն հատուցի։