Changes
/* Գլուխ XXXIII */
Վերջապես Կամիլայի արժանիքներն ու գեղեցկությունը, միացած այն պատահմունքին, որ մի անխոհեմ ամուսին գցել է Կամիլային իր ձեռքը, հաղթանակեցին հավատարմության վրա Լոտարիոյի նկատմամբ։ Եվ, անսալով իր կրքին, երեք օր անընդհատ պայքարից հետո, նա սկսեց սիրաշահել Կամիլային այնպիսի հուզմունքով ու կիրքով, որ Կամիլան մնաց բոլորովին շփոթված և չկարողացավ այլ բան անել, քան եթե թողնել իր աթոռը և քաշվել իր սենյակը, առանց մի բառ արտասանելու։ Սակայն նրա արհամարհանքը չխլեց Լոտարիոյի հույսը, որ միշտ ծնվում է սիրո հետ միասին։ Ընդհակառակը՝ նա առավել ևս հրահրեց նրա սերը դեպի Կամիլան, որը անակնկալի գալով նրա վարմունքից, չգիտեր, թե ինչ աներ։ Եվ կարծելով որ վտանգավոր և անվայել կլիներ Լոտարիոյին հնարավորություն տալը դարձյալ իր հետ տեսակցելու, նա նույն գիշերը իր մարդկանցից մեկին ուղարկեց Անսելմոյի մոտ մի նամակով հետևյալ բովանդակությամբ։
==Գլուխ XXXIV==
Ուր շարունակվում է Անխոհեմ Հետաքրքիրի վեպը
<i>«Սովորաբար ասում են, որ վատ է, երբ զորքը մնում է առանց զորավարի և ամրոցը առանց պարետի, իսկ ես կասեմ, որ ավելի վատ է, երբ երիտասարդ կինը մնում է առանց ամուսնու, երբ արտաքո կարգի հանգամանքները չեն պահանջում այդ։ Ես այնքան վատ եմ առանց ձեզ և այնքան ծանր տառապում եմ ձեր բացակայությունից, որ եթե դուք շուտով վերադառնալու չլինեք, ես հարկադրված կլինեմ հորանցս տունը քաշվել և լքելու ձեր տունը՝ թողնելով այն անպահպան, որովհետև այն պահապանը, որին դուք թողել եք (եթե միայն դուք, իրոք, նրան տվել եք այդ կոչումը), թվում է, թե ավելի իր հաճույքի համար է հոգում, քան ձեր բարիքի։ Դուք խոհեմ եք, այս էլ բավական է ձեզ համար և ես չպետք է ավելին ասեմ։»</i>
Ստանալով այս նամակը, Անսելմոն նրանից եզրակացրեց, որ Լոտարիոն արդեն գործի է անցել և որ Կամիլան այնպես է պահում իրեն, ինչպես ինքը կկամենար և, սաստիկ ուրախացած այդ տեղեկությունից, հրամայեց, որ բերանացի ասեն Կամիլային, որ ոչ մի դեպքում իր տունը չթողնի, որովհետև ինքը շուտով վերադառնալու է։ Կամիլան սաստիկ զարմացած այս պատասխանից, չգիտեր, թե ինչ անի՝ մնալ բնակարանում՝ կնշանակեր վտանգի ենթարկել իր պատիվը, իսկ հորանց մոտ գնալ՝ ընդդիմանալ Անսելմոյի կամքին։ Այս երկուսից նա ընտրեց վատթարագույնը, այսինքն՝ մնաց, հաստատ մտադրությամբ այլևս չխուսափել Լոտարիոյից, որպեսզի ծառաներին ասեկոսների տեղիք տված չլինի։ Նա նույնիսկ զղջաց, որ ամուսնուն գրել է, վախենալով, որ միգուցե Անսելմոն երևակայի, թե Լոտարիոն իր վարքի մեջ որևէ անպարկեշտություն է նկատել և այդ պատճառով էլ խախտել է պատկառանքը իր նկատմամբ։ Սակայն վստահ լինելով իր առաքինության վրա, նա հույսը դրեց Աստծու և իր պատվազգացության վրա, որոնց օգնությամբ նա հույս ուներ դիմադրելու լռությամբ Լոտարիոյի բոլոր սիրաբանություններին, առանց տեղեկացնելու իր ամուսնուն, որպեսզի նրան անհանգստություն ու հոգս պատճառած չլինի։ Նա նույնիսկ միտք էր անում, թե ինչ միջոցով Լոտարիոյին արդարացնի Անսելմոյի աչքում, եթե ամուսինը հարցնելու լինի իր նամակի դրդապատճառների մասին։ Այսպիսի մտադրություններով, որ ավելի գովելի են, քան ապահով ու խոհեմ, Կամիլան հետևյալ օրը ունկնդրում էր Լոտարիոյին, որ նորից խոսում էր այնպիսի թափով, որ Կամիլայի հաստատակամությունը տատանվեց, և նա պետք է իր ողջ առաքինությունը օգնության կանչեր, որպեսզի Լոտարիոն իր աչքերում չկարդար քնքշագին կարեկցություն, որ առաջ էին բերել նրա սրտում Լոտարիոյի խոսքերն ու արցունքը։ Սակայն Լոտարիոն նկատեց ամեն ինչ և նրա կիրքը բորբոքվեց առավել սաստիկ։ Օգտվելով Անսելմոյի բացակայությունից, որ բարենպաստ էր նրա նպատակի համար, նա վճռեց սեղմել պաշարման օղակը և սկսեց ներգործել նրա սնափառության վրա, գովաբանելով նրա գեղեցկությունը, իմացած լինելով, որ սնափառ գեղեցկության ամրոցների տակը ամենից հեշտ նույն սնափառությամբ են փորում և գրավում նույն սնափառությամբ, որ դրված են լինում շողոքորթի ճառերի մեջ։ Եվ Լոտարիոն այնպիսի վարպետությամբ փորեց նրա ողջախոհության ժայռի տակը, որ եթե Կամիլան բրոնզից ձուլված լիներ, դարձյալ չէր դիմանա։ Նա հեկեկում էր, աղերսում, խոստանում, շողոքորթում, համոզում և զգացմունքի ու կրքի այնպիսի ձև տալիս, որ վերջապես Կամիլայի ազնվությունը չդիմացավ և նա տարավ հաղթանակը, որ նա այնքան փափագում էր և որի վրա այնքան քիչ հույս ուներ։
Կամիլան տեղի տվեց։ Կամիլան անձնատուր եղավ։ Սակայն ի՞նչ զարմանալու բան է՝ չէ՞ որ Լոտարիոյի բարեկամությունն էլ չդիմացավ։ Պարզ օրինակ, որ լոկ փախուստը կարող է հաղթահարել սերը, որ ոչ ոք չպիտի պայքար ձեռնարկի այսքան զորավոր մի թշնամու դեմ և որ ոչ մարդկային զորություն է պետք մարդկային թուլությունը հաղթելու համար։ Միայն Լեոնելան գիտեր իր տիրուհու պարտության մասին, երկու դավաճան֊բարեկամները, երկու նոր սիրահարները չկարողացան թաքնվել նրանից։ Սակայն Լոտարիոն որոշեց չպատմել Կամիլային Անսելմոյի մտադրությունների մասին, որ օգնեցին նրան ձեռք բերել նրա սերը։ Նա վախենում էր ընկնել Կամիլայի աչքում, որովհետև նա կարող էր մտածել, որ ինքը պատահմամբ է նվաճել նրա սիրտը և ոչ իր սեփական դրդմամբ։
Մի քանի օրից հետո վերադարձավ Անսելմոն և չնկատեց, որ կորցրել է այն, ինչ որ ամենից բարձր էր գնահատում և ամենից քիչ պահպանում։ Նա իսկույն գնաց Լոտարիոյի մոտ և նրան գտավ տանը։ Բարեկամները գրկախառնվեցին, և Անսելմոն հարցրեց՝ ինչ նորություն կա իր կենաց և մահվան խնդրի մասին։
― Նորությունը, Անսելմո բարեկամ, ― ասաց Լոտարիոն, ― որ ես կարող եմ հաղորդել քեզ այն է, որ քո կինը կարող է օրինակ և նմուշ լինել բոլոր հավատարիմ կանանց համար։ Իմ խոսքերը կորան օդում։ Իմ առաջարկները նա բանի տեղ չդրեց։ Իմ նվերները նա մերժեց։ Թափածս կեղծ արցունքները նա ծաղր ու ծանակ արավ։ Մի խոսքով ինչպես նա գեղեցկության տիպար է, նմանապես տաճար է ազնվության, խոհեմության, ամոթխածության և բոլոր առաքինությունների, որ կարող են ընձեռել մի պատվավոր և իմաստուն կնոջ համար երջանկություն ու փառք։ Ետ վերցրու քո փողը, գործածելու առիթ չունեցա ես՝ Կամիլան չափազանց ազնիվ հոգու տեր է, որպեսզի զիջի այսպիսի վատ բաների դիմաց, ինչպես նվերն ու խոստումներն են։ Բավարարված համարիր քեզ, Անսելմո, այլևս նոր ապացույցներ մի որոնիր։ Դու առանց ոտներդ թրջելու անցել ես կասկածի և տարակուսանքի ծովը, որ սովորաբար թափված է լինում կնոջ շուրջը, էլ մի փորձիր անխոհեմորեն մեկ էլ խորունկ օվկիանոսում նավ ելնել և մի՛ հանձնիր ուրիշ նավավարի միջոցով ստուգելու քո նավի հաստատությունը, որ բաշխել է քեզ երկինքը այս աշխարհի ծովն անցնելու համար։ Հաշվիր քեզ ապահով նավահանգիստ հասած, նետիր քո բարեկեցության խարիսխը և սպասիր, մինչև որ բախտը կգա պահանջելու քեզնից պարտքը, որ մենք՝ բոլոր մահկանացուներս, պարտավոր ենք նրան վճարելու։
Անսելմոն միանգամայն բավարարված էր Լոտարիոյի ճառով, որին նա այնքան հաստատ հավատաց, ասես պատգամախոսություն լիներ։ Այնուհանդերձ նա խնդրեց բարեկամից, որ բոլորովին չթողնի այդ ձեռնարկը, թեկուզ զվարճության և հետքրքրության համար։ Նա ավելացրեց, որ այլևս կարիք չկա առաջվա պես ճիգ ու ջանք թափելու և որ բավական է, եթե նա ոտանավոր ձոնի և երգի Կամիլային Քլորիդա անվան տակ, հարգելով նրա պարկեշտությունը։ Նա ավելացրեց, որ եթե Լոտարիոյի համար դժվար լինի՝ ինքը կհորինի այդ ոտանավորը։
― Ոչ, կարիք չկա, ― ասաց Լոտարին, ― մուսաներն ինձ այնքան էլ հակառակ չեն և ժամանակ առ ժամանակ այցելում են։ Նախազգուշացրու Կամիլային իմ սիրային կեղծության մասին և, թեև իմ ոտանավորի արժանիքը չի հավասարվի առարկային, ես կաշխատեմ կարյացս չափ լավ գրել։
Այսպես պայմանավորվեցին դյուրահավատ և անհավատարիմ բարեկամները։ Վերադառնալով տուն Անսելմոն հարցրեց Կամիլայից, թե ի՞նչը դրդեց նրան իրեն նամակ գրելու։ Կամիլան, որ վաղուց արդեն զարմանում էր, թե ինչու նա այդ մասին բան չի հարցնում, պատասխանեց, որ նրա բացակայության միջոցին Լոտարիոյի վարմունքը իրեն թվաց նվազ պատկառավոր, բայց հիմա ինքը այլևս այդ համոզմունքը չունի և կարծում է, թե այդպես է թվացել իրեն, որովհետև վաղուց է արդեն, որ Լոտարիոն խույս է տալիս իրենից և երբեք հետը մենակ չի մնում։ Անսելմոն խորհուրդ տվեց այլևս չկասկածել, որովհետև ինքը լավ գիտե, որ Լոտարիոն սիրահարված է մի ազնվազարմ օրիորդի վրա և երգում է նրան Քլորիդա անվան տակ։ Եթե անգամ այդպես էլ չլինի, ապա Կամիլան պիտի վստահի Լոտարիոյի ազնվությանը և իրենց մեծ մտերմությանը։ Եվ եթե Լոտարիոն նախազգուշացրած չլիներ Կամիլային, որ ինքն է պատմել իր կարծեցյալ սիրո մասին Քլորիդայի նկատմամբ, որպեսզի հնարավորություն ունենա իր ոտանավորներում երգելու Կամիլային, վերջինիս սիրտը, անտարակույս, ընկած կլիներ խանդի հուսակտուր ցանցի մեջ։ Սակայն նախազգուշացած լինելով, այդ լուրը նա ընդունեց առանց վշտի։
Մի օր, երբ որ նրանք երեքով ճաշից հետո նստած էին սեղանի շուրջը, Անսելմոն խնդրեց Լոտարիոյից, որ կարդա իր գրածը ի պատիվ իր սիրած Քլորիդայի։ Ասաց, որ նա կարող է չքաշվել, որովհետև մեկ է, Կամիլան նրան չգիտե։
― Անգամ եթե նա իմանալու լիներ, ― պատասխանեց Լոտարիոն, ― ես դարձյալ չէի ծածկի իմ ոտանավորները։ Որովհետև երբ որ սիրահարվածը գովաբանում է իր սիրածի գեղեցկությունը և նրան խստասիրտ է անվանում, դրանով նրա բարի անունը չի անպատվում։ Այսպես թե այնպես, ահա՛ սոնետը, որ ես երեկ գրեցի խստասիրտ Քլորիդայի պատվին։
:::::::Սոնետ
<poem>
Խորունկ լռության մեջ կես գիշերային,
Տեսնելով մարդկանց հանգիստը շնորհված՝
Ես իմ ահավոր տանջանքը սահմանված
Հանձնում եմ երկնքին և Քլորիդին։
Այնժամ տված իրեն գունեղ քղամիդին
Վարդյա արևն է ելնում զվարթացած,
Ես՝ հառաչանքով ու թոթովանքով լցված
Վերադառնում եմ հին վիրավորանքին։
Մինչ հավերժ արևը ոսկյա գահին է ցնծում,
Վառվում աշխարհստեղծման ճառագայթով,
Ես հեղում եմ լացըս, հուզումըս խորացնում։
Իջնում է գիշերը, ես էլ դառը բախտով,
Նորից ընկնում եմ իմ սիրո ցավում անդուլ,
Կամարն երկնքի խուլ է և Քլորիդան խուլ․․․
</poem>
Սոնետը Կամիլային դուր եկավ, բայց առավել ևս Անսելմոյին, որ գովեց Լոտարիոյին և ասաց, որ այդ տիկինը, երևի, անչափ խստասիրտ է, քանի որ չի պատասխանում այդքան անկեղծ զգացմունքին։ Կամիլան ասաց․
― Մի՞թե սիրահարված պոետների բոլոր ասածները ճիշտ են։
― Պոետների ասածները կարող են ճիշտ չլինել, ― պատասխանեց Լոտարիոն, ― սակայն սիրահարներինը ― մի՛շտ նույնքան պարկեշտ են լինում, որքան և անկեղծ։
― Անկասկած, ― հաստատեց Անսելմոն, կամենալով պաշտպանած լինել Լոտարիոյի կարծիքը Կամիլայի առջև, որ այնքան հափշտակված էր իր նոր սիրահարով, որ չնկատեց իր մարդու խորամանկությունը։ Այն ամենը ինչ բխում էր Լոտարիոյից Կամիլային հաճույք էր պատճառում և նրա համար ավելի հաճելի էր, որ Լոտարիոյի ցանկություններն ու ոտանավորները իրեն են ուղղված և որ ինքն է իսկական Քլորիդան։ Նա հարցրեց Լոտարիոյից՝ չունի՞ արդյոք ուրիշ սոնետ կամ այլ ոտանավոր։
― Մեկն էլ կա, ― պատասխանեց Լոտարիոն, ― միայն թե ինձ թվում է, որ այնքան էլ լավը չէ, ինչպես առաջինը, կամ, ավելի ճիշտ՝ ավելի վատն է։ Ասենք՝ ինքներդ դատեցեք․
:::::::Սոնետ
<poem>
Մեռնում եմ ես, և կասկածին հակառակ,
Իրական է թվում մահս առավել,
Ճիշտ է այն, որ ոտքերիդ կփարվեմ,
Քան կզղջամ, որ մատուցում եմ հարգանք։
Տեսնում եմ ես ինձ աշխարհում մոռացման,
Ուր չունեմ կյանք, խնդություն ու սփոփում,
Բայց ո՜վ չնաղ, սիրակարոտ իմ սրտում
Տեսնում եմ ես քո պատկե՜րը աննման։
Այդ պատկե՜րն է, մխիթարանքն իմ սրտի՝
Վերջի՜ն, վերջի՜ն ակնթարթում այն մարտի․
Որ մղում եմ քո խստության դեմ անհույս։
Վա՜յ լողորդին վայրի ծովում ալեհույզ,
Երբ խավարում խոլ ալիքներն են հևում,
Չկա փարոս, և ափը չի երևում։
</poem>
Անսելմոն գովեց երկրորդ սոնետը ոչ պակաս, քան առաջինը։ Այսպես, օղակ առ օղակ նա դարբնում էր շղթան, որ նա նետում ու կապում էր իր խայտառակությունը։ Որքան ավելի էր Լոտարիոն նրան անպատվում, այնքան ավելի պատվված էր զգում իրեն։ Եվ այն աստիճանները, որոնցով Կամիլան իջնում էր իր ամոթ ու խայտառակությանը, ցույց էր տալիս իր ամուսնուն որպես վերելք դեպի առաքինություն ու բարի համբավ։ Մի օր, Կամիլան, մնալով մենակ իր սպասուհու հետ, ասաց նրան․
― Ես սաստիկ զղջում եմ, սիրելի Լեոնելա, որ այսքան արագ անձնատուր եղա Լոտարիոյին, որ չստիպեցի նրան ավելի ուժգին դիմադրությամբ և տևական ծառայությամբ ձեռք բերել տիրությունը և իշխանությունը իմ կամքի վրա։ Ես երկյուղ եմ կրում, որ այսքան դյուրին վայելումի համար նա կարհամարհի ինձ, վերագրելով այն իմ թեթևամտրության, առանց մտաբերելու այն ճիգը, որ նա գործադրեց իմ դիմադրությունը հաղթահարելու համար։
― Հոգ մի տարեք, սինյորա, ― պատասխանեց Լեոնելան, ― ընծան իր արժեքը չի կորցնում նրանից, որ արագ է տրված եղել, միայն թե լավը լինի և գնահատության արժանի։ Նույնիսկ սովորաբար ասվում է՝ ով որ շուտ է տալիս՝ երկու անգամ է տալիս։
― Բայց կամ մեկ ուրիշ առած ևս, ― պատասխանեց Կամիլան, ― ինչ որ էժան է նստում, ավելի քիչ էլ գնահատվում է։
― Դա չի կարելի կիրարկել քո նկատմամբ, ― ասաց Լեոնելան, ― սերը, ըստ ավանդության, երբեմն թռչում է, երբեմն ոտով գնում, ոմանց հետ վազում է, ոմանց հետ քայլում։ Ոմանց սառեցնում է, ոմանց այրում, ոմանց վերք է հասցնում, ոմանց սպանում։ Սիրո փափագը ծնվում է վայրկյանապես և վայրկյանաբար բավարարվում։ Առավոտյան սերը պաշարում է բերդը, որ երեկոյան դեմ հարկադրված է լինում անձնատուր լինելու, որովհետև չկա այն ուժը, որ կարողանա դիմադրել նրան։ Ինչի՞ց ես դու զարմանում և ինչից վախենում, քանի որ միևնույն բանը պատահել է Լոտարիոյին, որին սերը ընտրած է եղել որպես ձեր անկման գործիք Անսելմոյի բացակայության միջոցին, որովհետև նա կարող էր վերադառնալ և այն ժամանակ սիրո գործը կմնար անկատար։ Սերը պատահմունքից ավելի լավ օգնական չունի և նա օգտվում է իր բոլոր գործերում, մանավանդ սկզբում։ Այդ ես լավ գիտեմ, ավելի փորփով, քան ուրիշների ասելով և երբևիցե կպատմեմ քեզ այդ ամենը։ Չէ՞ որ ես էլ, տիրուհի, միս ու արյուն եմ։ Ասենք, ես չէի ասի, սինյորա Կամիլա, որ դու շատ արագ հնազանդեցիր և անձնատուր եղար՝ չէ՞ որ նախապես նրա հայացքում, հառաչանքում, խոսքերում, խոստումներում և նվերներում դու տեսար նրա ողջ հոգին և համոզվեցիր, որ նրա բոլոր հատկությունները նրան արժանի են դարձնում սիրո։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ կարիք կա ունայն տարակուսանքների և դառնաշունչ խոհերի։ Նա գոհ ու երջանիկ է, որ կապված է քեզ հետ սիրո կապանքով և միամիտ մնա, որ նա քեզ նույնքան է գնահատում, որքան որ դու՝ նրան։ Նա ոչ միայն ունի չորս S֊ը, որ պետք է ունենա յուրաքանչյուր կատարյալ սիրահար, այլ մի ամբողջ այբուբեն։ Թե չես հավատում, ես իսկույն քեզ անգիր ասեմ։ Որքան որ ես հասկանում եմ, նա ինձ թվում է՝ agradecido, bueno, caballero, dadiuoso, enamprado, firme, gallardo, honrado, ilustre, leal, mozo, noble, onesto, principal, guantioso, rico (երախտագետ, բարի, ասպետ, առատաձեռն, սիրահարված, անփոփոխ, գեղեցիկ, պատկառելի, հռչակավոր, հավատարիմ, ջահել, ազնիվ, պատվով, ականավոր, պերճ, հարուստ)․ ապա գալիս են չորս T֊երը,<ref>Չորս Տ֊ը ― zelador (նախանձախնդիրը) ― Տ֊ով սկսվող չորս բառ (sabio, solo, solicito, secreto ― խելոք, ամուրի, անձնվեր, գաղտնապահ)։ Այնուհետև թվարկում է սիրահարի հատկությունները, որոնցից յուրաքանչյուրի անունը սկսվում է նույն տառով՝ այբենական կարգով (ս֊ով առանձին բառ չկա, որովհետև այդ տառն ունեցել է նույն գծագիրը, ինչ որ և v֊ն)։ X տառը կոչված է կոշտ, որովհետև Սերվանտեսի ժամանակներում այդ տառով նշվող հնչյունը արտասանվել է հայոց «շ»֊ի նման նման․ այդտեղ բերվող այբուբենի մեջ y սկսվող բառ չկա,որովհետև դրանով նշվող հնչյունը, որի զորությամբ էլ այդ երկու տառերը գործածության մեջ սովորաբար համընկել են իրար։ Նմանօրինակ «սիրային այբբենարաններ» այդ դարաշրջանում շատ տարածված են եղել Իսպանիայում։ </ref> որ արդեն ասացի, հետո՝ lacito (լռակյաց), verdadero (ճշմարտախոս)։ X֊ը կոպիտ տառ է, չի հաշվվում և y֊ը շաղկապ է, մնում է z֊ը՝ քո պատվի zelador (նախանձախնդիրը)։
Կամիլան շատ ծիծաղեց Լեոնելայի այբուբենի վրա և տեսավ, որ սիրային գործերում ավելի բան գիտե, քան ասում է։ Սպասուհին խոստովանեց, որ ինքը սիրային կապ ունի մի երիտասարդի հետ՝ լավ ընտանիքից, նույն քաղաքից։ Կամիլան, շփոթված այս խոստովանությունից, այն հետևանքից, որ դա կարող է ունենալ իր բարի համբավի նկատմամբ, կամեցավ առնվազն իմանալ, թե որտեղ են նրանք միասին լինում և նրանց միջև մաքուր սիրուց բացի չկա՞ արդյոք այլ բան։ Սակայն Լեոնելան սակավ ամոթխածությամբ և շատ լիրբ կերպով խոստովանեց, որ իր սիրահարը երջանիկ է։ Տիրուհիների մեղքերը զրկում են սպասուհիներին ամոթից։ Երբ որ նրանք տեսնում են, որ իրենց հրամայողները սխալ քայլ են անում, նրանք այլևս հոգ չեն տանում սայթաքելուց, ոչ էլ նրանից, որ կիմացվի։ Կամիլան ճարահատյալ խնդրեց Լեոնելայից, որ նրա գործերը չպատմի իր սիրահարին և իր սեփական գաղտնիքն էլ խստիվ պահպանի, որ չլինի թե որևէ կերպ Անսելմոն կամ Լոտարիոն իմանան։ Լեոնելան խոստացավ, սակայն այնքան վատ կատարեց իր խոստումը, որ իսկույն արդարացավ Կամիլայի երկյուղը՝ արատավորված տեսնելու իր բարի համբավը։
Անամոթ ու լիրբ սպասուհին հանդգնեց անգամ տիրուհու տունը բերել իր սիրահարին, վստահ լինելով, որ Կամիլան բան չի ասի, եթե նույնիսկ այդ մարդուն տեսնելու լինի։ Այս է լինում իրենց առաքինությունը կորցրած կանանց պատիժը՝ նրանք իրենց սպասուհիների գերին են դառնում և հարկադրված են լինում ծածկելու նրանց անպատվաբեր ու ստոր գործերը։ Այդպես էլ Կամիլայի հետ պատահեց։ Հաճախ նա վրա էր հասնում իր տան սենյակներից մեկում Լեոնելային իր սիրահարի հետ և ոչ միայն սիրտ չէր անում հանդիմանել նրան, այլ ինքն էլ օգնում էր նրա երկրպագուին թաքցնելու և հոգ տանում, որ Անսելմոն նրան չտեսնի։ Սակայն, չնայած նրա բոլոր ջանքերին, մի անգամ Լոտարիոն տեսավ, թե ինչպես լուսաբացին այդ մարդը դուրս եկավ տնից։ Չիմանալով նրա ով լինելը, Լոտարիոն նախ կարծեց, թե տեսիլ է, սակայն նկատելով, որ թաքուն֊թաքուն է գնում, ծածկված ու փաթաթված իր վերնարկով, նա թողեց իր միամիտ երնթադրությունը և այլ բան կասկածեց։ Այդ կասկածը նրանց բոլորին էլ կկործաներ, եթե Կամիլան օգնության հասած չլիներ։ Լոտարիոն միանգամայն մոռացել էր Լեոնելայի գոյության մասին, ուստի նրա գլխից չէր էլ անցնում, որ Կամիլայի տնից դուրս եկող անծանոթը Լեոնելայի մոտ է եղել։ Եվ նա վճռեց, որ Կամիլան նույնքան հեշտ ու թեթև է եղել ուրիշի համար, ինչպես իրեն համար եղավ։ Ահա թե ինչ հետևանքի է հասցնում անհավատարիմ կնոջ մեղանչանքը՝ նա, որ աղերսանքով և վստահացումներով գրավել է նրա սերը, այլևս չի հավատում նրա պատվին, համարելով, որ ավելի դյուրին նա կարող է անձնատուր լինել մի ուրիշին։ Ամեն կասկած հիմնավոր է թվում։ Այդ վայրկյանին խոհեմությունը լքեց Լոտարիոյին։ Նա մոռացության տվեց իր սեփական խոհեմությունը և ավելի խելացի և ուղիղ բան չգտավ, քան անել հետևյլաը՝ կասկածից կուրացած, չանսալով և ոչ մի մտքի, զգացմունքի, Լոտարիոն իսկույն վազեց Անսելմոյի մոտ, որ դեռ վեր չէր կացել, անհամբեր իրեն ճարակող խանդը հագեցնելու և վրեժ առնելու Կամիլայից, որ իրեն բնավ չէր վիրավորել։
― Ահա քանի օր է, ― ասաց նրան, ― բարեկամս, որ ես բռնություն եմ գործադրում ինքս ինձ վրա, որպեսզի չասեմ քեզ մի բան, որ ավելի երկար ծածկել չեմ կարող և չի կարելի։ Իմացած եղիր, որ գոռոզ Կամիլան վերջապես տեղի տվեց և ես կարող եմ անել՝ ինչ որ կամենամ։ Եթե ես իսկույն ևեթ քեզ չեմ բացել այս տխուր ճշմարտությունը, ապա նրանից է, որ կամեցել եմ համոզվել, թե նրա ասածը վայրկյենական քմահաճույք չէ՞ր արդյոք և նրա համար չէ՞, որպեսզի նա փորձի և ստուգի, թե որքան լուրջ է իմ սիրո բացատրությունը՝ արված քո թույլտվությամբ։ Ես համոզված եմ, որ եթե Կամիլան այնպիսի կին լիներ, ինչպես պետք է լինի և ինչպես մենք ենք նրան համարում, նա պետք է քեզ պատմած լիներ իմ հետապնդումների մասին։ Բայց որովհետև նա համառ լռություն է պահպանում, ես կարծում եմ, որ պետք է նրա խոստումները իրական համարեմ։ Հենց որ դու նորից տեղ գնաս, նա ինձ հետ կզվարճանա քո հանդերձատանը (իրոք, սա նրանց սովորական ժամադրավայրն էր)։ Սակայն ես կկամենայի ետ պահել քեզ վրեժխնդրությունից, որովհետև առայժմ մեղքը դեռ մտադրություն է և հնարավոր է, որ նախքան գործելը Կամիլան հետ կմտածի և կզղջա, որ այդպիսի մտադրություն է ունեցել։ Դու միշտ կամ գրեթե միշտ հետևել ես իմ խորհուրդներին, հետևի՛ր մի անգամ էլ, որպեսզի խելամուտ խորհրդածություններից հետո, առանց սխալվելուց երկյուղ կրելու, ընդունես ամենահարմար որոշումը։ Դու այնպես ցույց տուր, իբրև թե առաջվա պես պետք է մի երկու֊երեք օրով գնաս, իսկ ինքդ թաքնվիր հանդերձատանը։ Այնտեղ շատ կահ֊կարասի և գորգ կա, այնպես որ թաքնվելը դժվար չի լինի։ Եվ մենք մեր սեփական աչքերով այն ժամանակ կտեսնենք, թե Կամիլան մտքումը ինչ է դրել։ Եթե նա անհավատարիմ կին դուրս գա, տարաբախտաբար երկյուղ կա, որ այդպես լինի, դու թաքուն, խելացի և հանգիստ քո պատվի համար վրեժխնդիր կլինես։
Լոտարիոյի խոսքերը շշմեցրին, ապշեցրին ու զարմացրին Անսելմոյին, որովհետև միանգամայն անսպասելի էին։ Նա համոզված էր, որ Կամիլան Լոտարիոյի կեղծ պաշարումից հաղթական է դուրս եկել, և ինքը լցվում էր հպարտությամբ։ Եկրար նա լուռ ու անթարթ նայում էր ոտների տակը, ապա թե վերջապես ասաց․
― Լոտարիո, դու իսկական բարեկամի պես վարվեցիր։ Ես կհետևեմ քո բոլոր խորհուրդներին։ Արա, ինչ որ կուզես, միայն թե գաղտնապահ եղիր, ինչպես այդ պահանջում է նման անսպասելի դեպք։
Լոտարիոն խոստացավ, սակայն դուրս եկավ թե չէ, զղջաց իր անմիտ արարմունքի համար։ Չէ՞ որ նա ինքը կարող էր վրեժխնդիր լինել Կամիլայից և ոչ այդքան դաժան ու ամոթաբեր միջոցով։ Նա անիծում էր իր խելագարությունը, մեղադրում իրեն թեթևամտության համար և չգիտեր, թե ինչ աներ իր սխալն ուղղելու և որևէ խելացի ելք գտնելու համար։ Վերջ ի վերջո նա վճռեց ամեն ինչ խոստովանել Կամիլային և նույն օրը, առանց դժվարության, նրա հետ մենակ տեսակցելու հնար գտավ։ Հազիվ տեսնելով նրան, Կամիլան, համոզվելով, որ իրենց լսող չկա, ասաց․
― Սիրելի Լոտարիո, սրտիս վրա մեծ ծանրություն կա, որ սաստիկ ճնշում է ինձ, այնպես որ սիրտս պատրաստ է պատռվելու և զարմանալի կլինի, եթե այդ չպատահի։ Լեոնելայի անամոթությունը այն աստիճանի է հասել, որ ամեն գիշեր իմ տանը պահում է իր սիրահարին, որ մնում է հետը ողջ գիշերը։ Ախր եթե մեկն ու մեկը տեսնելու լինի, որ իմ տնից այնպիսի արտասովոր պահին տղամարդ է դուրս գալիս, կունենա իրավունք կասկածելու ինձ անպատվության մեջ։ Մանավանդ ինձ վշտացնում է, որ ես նրան ոչ հանդիմանել եմ կարող, ոչ պատժել, որովհետև նա գիտի մեր գաղտնիքը, և ես հարկադրված եմ լռել և աչքերս փակել, որ նրա վարքը չտեսնեմ։ Սակայն ես վախենում եմ, որ դրանից որևէ դժբախտություն ծագի։
Սկզբում, լսելով Կամիլայի խոսքերը, Լոտարիոն կարծեց, որ նա խորամանկություն է բանեցնում և ուզում է հավատացնել իրեն, որ անծանոթը նրա մոտ չի գալիս, այլ Լեոնելայի։ Սակայն տեսնելով, որ նա սաստիկ հուզված է, լալիս ու խնդրում է իր օգնությունը, հավատաց, որ այդ ամենը ճշմարիտ է։ Իսկ հավատալով, նա առավել ևս ամոթահար եղավ և զղջաց իր աարածի համար։ Այնուհանդերձ նա խնդրեց, որ Կամիլան չվշտանա և խոստացավ հնար գտնել Լեոնելայի լրբությունը զսպելու համար։ Ապա նա խոստովանեց, որ կատաղի խանդից կուրացած՝ նա ամեն բան պատմել է Անսելմոյին և որ նա, համաձայն պայմանի, թաքնվելու է հանդերձատանը, որպեսզի իր աչքերով տեսնի նրա անհավատարմությունը։ Նա աղաչեց, որ Կամիլան ների իր խելագարությունը և օգնի ամեն բան այնպես դասավորելու, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ այն անիծած լաբիրինթոսից, ուր նետել է իրեն իր անխոհեմությունը։
Կամիլան սկզբում զարմացավ Լոտարիոյի խոստովանությունից, ցասումով ու խելացի նախատեց ու կշտամբեց իր վրա ունեցած ստոր կարծիքի և հուսահատ ու անմիտ որոշումի համար։ Եվ, որովհետև կնոջ խելքը ավելի արագ է վճիռ կայացնում թե՛ բարի, թե՛ չար գործի նկատմամբ (փոխարենը անընդունակ լինելով ուղիղ և հանգիստ քննարկելու), ապա Կամիլան իսկույն ելք գտավ այդ, ըստ երևույթին, անելանելի դրությունից։ Նա Լոտարիոյին ասաց, որ այնպես անի, որ Անսելմոն հետևայլ օրը թաքնվի, որտեղ որ վճռել էր և որ իր կողմից ինքը մի հնար կգտնի թաքնվելու հնարավորություն ընձեռնելու Անսելմոյի համար։ Ապա, առանց Լոտարիոյին բանալու իր ծրագիրը, Կամիլան ավելացրեց, որ Անսելմոյի թաքնվելուց հետո, նա պետք է գա, հենց որ Լեոնելան նրան կանչի և այնպիսի պատասխաններ տա, ասես թե նա չի էլ կասկածում, որ մեկը կարող է ներկա լինել։ Լոտարիոն սկսեց պնդել, որ նա մինչև վերջ բանա իր ծրագիրը, որպեսզի ինքը ավելի վստահ ու հաստատ գործի։
― Իմացած եղիր, սիրելի Լոտարիո, որ դու պիտի միայն իմ տված հարցերին պատասխանես, ― պատասխանեց Կամիլան։
Սա չկամեցավ իր ծրագրի մանրամասների մեջ մտնել, վախենալով, որ միգուցե Լոտարիոն հավանություն չտա։ Նրան այդ ծրագիրը շատ լավն էր թվում, իսկ նա կարող էր պակաս հաջողի ետևից ընկնել։ Լոտարիոն գնաց այդ այդ որոշմամբ։ Հետևյալ օրը Անսելմոն մեկնեց այն պատրվակով, որ պիտի գյուղ գնա իր բարեկամի մոտ, ապա վերադարձավ ու թաքնվեց։ Նա դյուրությամբ կարողացավ այդ անել, որովհետև Կամիլան ու Լեոնելան նրան այդ բանում օգնեցին։ Կարելի է երևակայել, թե ինչ հուզմունքով թաքնվեց նա՝ չէ՞ որ նա սպասում էր, որ ահա՝ նրա աչքերի առջև իր պատիվը պիտի պատառբզիկ անեն, որ նա պիտի կորցնի այն, ինչ իր մեծագույն գանձն էր համարում՝ իր սիրելի Կամիլային։ Համոզվելով, որ Անսելմոն թաքնվել է, Կամիլան Լեոնելայի ուղեկցությամբ ներս մտավ սենյակը և հազիվ էր անցել շեմքից, որ խորունկ հառաչանքով ասաց․
― Ախ, սիրելի Լեոնելա, ավելի լավ չի՞ լինի, որ իմ մտադրությունը իրագործելու փոխարեն, որ ես չեմ բանա, որովհետև վախենում եմ, որ ինձ կկանգնեցնես։ Անսելմոյի դաշյունը, որ հրամայեցի քեզ բերես, դու մխրճես իմ անարժան սիրտը։ Ասենք՝ արդարացի չի լինի, որ ես պատժվեմ ուրիշի հանցանքի համար։ Ես նախապես ուզում եմ իմացած լինել, թե ինչ են տեսել Լոտարիոյի հանդուգն ու հանցավոր աչքերը մեջս, որ նրան սիրտ է տվել բանալ ինձ իր ամոթալի կիրքը՝ անպատվելով ինձ և խայտառակելով իր բարեկամին։ Մոտեցիր լուսամուտին, Լեոնելա և կանչիր նրան, ես վստահ եմ, որ նա, կանգնած փողոցում, սպասում է վայրկյանին, որ կատարի իր անբարի մտադրությունը, սակայն նախապես կկատարվի իմ դժնի, բայց պատվաբեր մտադրությունը։
― Ա՜խ, տիրուհի, ― պատասխանեց խելքը գլխին և նախապես սովորեցրած Լեոնելան, ― ինչի՞դ է պետք այդ դաշյունը։ Մի՞թե դու ուզում ես ինքնասպան լինել կամ Լոտարիոյին սպանել։ Այդ երկու գործն էլ կկործանի քո բարի անունն ու համբավը։ Ավելի լավ է, որ քողարկես քո վիրավորանքը և թույլ չտաս, որ այդ չար մարդը տուն մտնի, երբ որ մենք մենակ ենք։ Խորհի՜ր, տիրուհի, մենք թույլ կանայք ենք, իսկ նա ― վճռական տղամարդ։ Ի՞նչ կլինի, եթե նա, կուրացած իր վատթար կրքից, նախքան դու քո մտադրությունը կատար ածես, խլի քեզնից այն, ինչ որ քեզ համար կյանքից էլ թանկ է։ Թող Աստված պատժի սինյոր Անսելմոյին, որ հաճել է այդպիսի իշխանություն տալ այս տանը այդքան ցոփ մարդուն։ Սակայն եթե դու նրան սպանելու էլ լինես, տիրուհի, այդ է կարծեմ քո միտքը, ի՞նչ ենք անելու նրա դիակը։
― Ի՜նչ արած, սիրելիս, ― պատասխանեց Կամիլան, ― թող նրան թաղի Անսելմոն։ Արդարացի չի՞ լինի արդյոք այդ դժվարությունը նրան պարգևել ի տրիտուր այն դժվարության, որ ես եմ հանձն առել թաքցնելու նրա խայտառակությունը հողի ծոցում։ Շտապիր, շուտով կանչիր նրան։ Ինձ թվում է, թե այն ժամանակը, որ ես հապաղում եմ ինձ հասցրած անպատվության վրեժը լուծել, վիրավորանք է հավատարմությանը, որ ես պարտական եմ իմ ամուսնուն։
Այդ ամենը Անսելմոն լսում էր և Կամիլայի ասած յուրաքանչյուր խոսքը փոխում էր նրա միտքը։ Սակայն երբ նա լսեց, որ կինը վճռել է սպանել Լոտարիոյին, նա կամեցավ դուրս գալ և բացվել, որպեսզի խանգարած լինի, սակայն նա զսպեց իրեն, ցանկանալով տեսնել, թե այդ խիզախ և ազնիվ վճիռը ուր կտանի կնոջը, որ վերջին վայրկյանին դուրս գա և խանգարի։
Այդ վայրկյանին Կամիլան ուշագնաց լինելու ձև արեց և վայր ընկավ մահճակալի վրա, որ մոտ էր դրված, իսկ Լեոնելան սկսեց դառնագի՛ն լալ, ասելով․
― Վա՜յ ինձ, դժբախտիս։ Այդ էր մնում, որ տեսնեի, թե ինչպես իմ ձեռքերի վրա շունչը փչի աշխարհիս երեսին պատվարժանության ծաղիկը, առաքինի կանանց պսակը, ողջախոհության օրինակը։
Եվ հազար ու մի մակդիրներ էր շարում, որ լսողը կասեր, թե սպասուհին աշխարհիս երեսին ամենապատվավոր ու հավատարիմ աղջիկն է, իսկ տիրուհին նոր հալածական Պենելոպա։ Քիչ անց Կամիլան, ուշքի գալով, ասաց․
― Ինչո՞ւ չես գնում, Լեոնելա, կանչես այն բարեկամին, որից ավելի անհավատարիմը ոչ արևն է լուսավորել, ոչ գիշերը թաքցրել։ Շտապի՛ր, վազի՛ր, թռի՛ր, որ հապաղումից չհովանա իմ ցասումի կրակը և սպառնալիքների ու անեծքների մեջ չհագենա իմ արդարացի վրեժխնդրության ծարավը։
― Գնում եմ, գնում տիրուհի, ― պատասխանեց Լեոնելան, ― սակայն նախապես տուր ինձ այդ դաշյունը, որովհետև ես վախենում եմ, որ իմ բացակայության միջոցին դու կարող ես այնպիսի բան անել, որի համար բոլոր քեզ սիրողները ողջ կյանքը ողբան։
― Գնա, սիրելի Լեոնելա, ― պատասխանեց Կամիլան, ― մի՛ վախենար։ Թեև իմ խորհած վրեժխնդրությունը քո աչքում խիզախ ու պարզամիտ է երևում, այնուհանդերձ ես Լուկրեցիային չեմ հասնի, որ անմեղ տեղով ինքնասպան եղավ առանց նախապես սպանելու իր դժբախտության մեղապարտին։ Ես ուզում եմ մեռնել՝ դա անկասկած է, սակայն ոչ առաջ, քան ես վրեժ կառնեմ նրանից, ով հարկադրել է ինձ այստեղ ողբալու մի վիրավորանք, որի պատճառը ես չեմ եղել։
Լեոնելան իրեն երկար խնդրել տվեց, մինչև որ գնաց Լոտարիոյի ետևից։ Նրա բացակայության միջոցին Կամիլան կեղծ խոսում էր ինքն իր հետ, ասելով․
― Տեր աստված, ավելի լավ չէ՞ր լինի այս անգամ էլ Լոտարիոյին վռնդած լինեի, ինչպես հաճախ արել եմ, քան նրան առիթ տայի ինձ անպատիվ ու վատ կին համարելու, որքան էլ այդ մոլորությունը վաղանցուկ լինի։ Այո՛, իհարկե, այդպես ավելի լավ կլիներ։ Սակայն ես վրեժս հանած չէի լինի, ոչ էլ բավարարած ամուսնուս պատիվը, եթե նա ողջ ու առողջ գնալու լինի այստեղից, ուր նրան վատ ծրագիրն է բերել։ Այո, թող դավաճանը վճարի իր կյանքը իր անզգամ ծրագրի համար։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ Կամիլան ոչ միայն հավատարիմ մնաց իր ամուսնուն, այլև իր ձեռքով վրեժ լուծեց նրանից, ով որ խիզախեց իրեն վիրավորել։ Սակայն պետք չէ՞ր արդյոք տեղյակ կացուցանել Անսելմոյին։ Ես մի քանի անգամ խոսք բաց արի այն նամակից, որ ուղարկեցի նրան գյուղ, բայց նա չշտապեց վերադառնալ, որպեսզի օգնի ինձ սպառնացող վտանգի միջոցին՝ լինելով չափազանց բարի և դյուրահավատ, նա, երևի, չէր ուզում և չէր կարող հավատալ, որ այնքան փորձված բարեկամի կրծքում ծագել է որևէ մտադրություն իր պատվի դեմ։ Ես ինքս էլ երկար ժամանակ այդպես էի կարծում և կշարունակեի այդպես կարծել, եթե Լոտարիոյի հանդգնությունը ծայր աստիճանի չհասներ, չարտահայտվեր շքեղ ընծաներով, երկար ու բարակ հավատացումներով ու մշտական արցունքներով։ Սակայն ինչի՞ են պետք բոլոր այս խոսքերը։ Մի՞թե խիզախ վճիռը խորհուրդի է կարոտ։ Ոչ, իհարկե։ Զգույշ կաց, դավաճան, քեզ վրեժ է սպասում։ Թող հանդես գա դավաճանը, թող ներս մտնի, մոտենա, մեռնի և անհետանա, իսկ հիմա՝ ինչ լինում է, թող լինի։ Ես մաքուր եմ մտել տունը մի մարդու, որ երկնքից առաքված էր ինձ ամուսին և մաքուր էլ դուրս կգամ, անգամ եթե ստիպված լինեմ իմ անարատ արյունը խառնելու աշխարհիս ամենանենգ բարեկամի անմաքուր արյան հետ։
Այս խոսքերը նա արտասանում էր մերկ դաշյունը ձեռքին, սենյակում ետ ու առաջ գնալով, այնպիսի անկարգ ու սաստիկ շարժ ու ձևերով, որ կարծես թե կորցրել էր խելքը և քնքուշ կինը կատաղի ոճրագործ է դառել։
Անսելմոն այդ ամենը լսում էր վարագույրի ետևից, որտեղ թաքնվել էր, հիանում էր ու խորհում, որ այն ամենը, ինչի վկա եղավ ինքը, պետք է ցրի ամեն կասկած։ Նա նույնիսկ կկամենար, որ Լոտարիոն չգար, որովհետև վախենում էր, որ հանկարծ այս գործը վատ վերջավորության հանգի։ Նա պատրաստ էր դուրս գալու, ներկայանալու Կամիլային և գրկելով նրան, բանալու նրան ողջ ճշմարտությունը, սակայն հանկարծ տեսավ, որ Լեոնելան ներս է բերում Լոտարիոյին, բռնած նրա ձեռքից։ Տեսնելով նրան, Կամիլան դաշյունով հատակին գիծ քաշեց և ասաց․
― Լսիր, Լոտարիո, եթե դու հանդգնես այս գիծն անցնել կամ նույնիսկ մոտենալ նրան, ես նույն վայրկյանին կխրեմ այս դաշյունը, որ ձեռքիս է կրծքիդ մեջ։ Սակայն նախքան սրան պատասխանելը, լսիր, թե էլ ինչ կասեմ ես, ապա թե դու կպատասխանես ինձ, ինչ որ կամենաս։ Նախ և առաջ, ասա ինձ, Լոտարիո, ճանաչո՞ւմ ես դու իմ ամուսին Անսելմոյին և ի՞նչ կարծիքի ես դու նրա մասին, ապա, հարց եմ տալիս քեզ՝ ճանաչո՞ւմ ես դու ինձ։ Պատասխանեիր ինձ առանց քաշվելու և երկար ու բարակ խորհելու, որովհետև դժվար հարցեր չեմ տվել ես։
Լոտարիոն այնքան էլ պարզամիտ մեկը չէր, որ գլխի չընկներ Կամիլայի ուզածը առաջին իսկ խոսքից, մանավանդ որ գիտեր Անսելմոյի թաքնված լինելու մասին։ Ուստի նա այնքան ճարպիկ ու տեղին պատասխան տվեց, որ ամեն ոք ճշմարտություն կհամարեր այն առասպելը, որ նրանք երկուսով հերյուրում էին։
― Ես չէի կարծում, ― ասաց նա, ― չքնաղ Կամիլա, որ դու ինձ կանչել ես այստեղ, որպեսզի այնպիսի բաներից հարց ու փորձ անես, որ իմ գալու նպատակի հետ ոչ մի կապ չունեն։ Եթե դա մի հնար է ինձ խոստացածդ պարգևից խուսափելու համար, ապա ինչո՞ւ էիր ինձ առաջուց հուսադրում։ Չէ՞որ այնքան ավելի է հրապուրում մեզ նպատակը, որքան ավելի մոտ է լինում հասնելու վայրկյանը։ Սակայն որպեսզի դու չմեղադրես ինձ, թե ես չպատասխանեցի քո հարցերին, ես քեզ կասեմ, որ ճանաչում եմ քո ամուսին Անսելմոյին։ Մենք մանուկ հասակից մտերիմ ենք եղել։ Ես չեմ խոսի մեր բարեկամության մասին, որ քեզ բավականին հայտնի է, որովհետև ես ստիպված պիտի լինեի խոստովանելու, որ վիրավորել եմ այդ բարեկամությունը։ Պատճառը՝ ամենակարող սերն է, որ արդարացնում է մեծագույն ոճիրները։ Քեզ էլ եմ ճանաչում ես և դու ինձ համար պակաս թանկ չես, քան թե նրա համար։ Եթե քո արժանիքները չլինեին, ես իմ պատվի և ճշմարիտ բարեկամության օրենքների հակառակ չէի գնա։ Բայց սերը հզոր թշնամի է՝ նա ստիպում է խախտել և բռնաբարել այդ օրենքները։
― Այդ անարժան խոստովանանքից հետո, ― ասաց Կամիլան, ― պատասխանի՛ր ինձ, մահացու թշնամի այն ամենի, ինչ արժանի է սիրո, ինչպե՞ս ես համարձակվում դու ներկայանալ ինձ, իմանալով, որ ես ― հայելի եմ, որի մեջ նայում է նա, որին դու պետք է հիշեիր, որպեսզի հասկանայիր, թե որքան անտեղի վիրավորում ես նրան։ Սակայն վա՜յ ինձ, ես, կարծեմ, սկսում եմ հասկանալ, թե ինչն է ստիպել քեզ պատվի պարտքը մոռանալու՝ երևի թե դու իմ մեջ նկատել ես որոշ ներողամտություն, ես չեմ անվանի սանձարձակություն, որովհետև նրա մեջ որոշ մտադրություն չի եղել։ Որովհետև երբ որ մեզ՝ կանանցս, թվում է, թե զգուշանալու կարիք չկա, մենք հաճախ անզգույշ կերպով մեզ թույլ ենք տալիս որոշ ազատություն մեր վարվեցողության մեջ։ Եթե այդպես չէ, ապա ասա ինձ, դավաճան, քո բոլոր աղերսանքներին ես գեթ մեկ բառով պատասխանե՞լ եմ, գեթ մեկ նշանով, որ քո մեջ կարող լիներ հույսի ստվեր առաջ բերել, թե քո պախարակելի ցանկությունը կարող է իրագործվել։ Մի՞թե ես խստությամբ ու զայրույթով չեմ վանել քո խոստումները, լսելով քո սիրո բացատրությունները։ Մի՞թե ես հավատ եմ ընծայել քո առատ խոստումներին, մի՞թե ես ընդունել եմ քո առավել առատ նվերները։ Սակայն ես կարծում եմ, որ սիրո հուրը չի կարող այդքան երկար բոցավառվել, եթե նրան չի սնում հույսը և քո խելագարության համար ես ինքս ինձ եմ մեղադրում։ Անշուշտ, իմ անփութությունը ուժ է տվել քո կրքին և ահա՛, ես կամենում եմ ինքս ինձ պատժել, որին դու ես արժանի։ Հիմա դու կտեսնես, որ ես իմ նկատմամբ պակաս անսիրտ չեմ, քան քո նկատմամբ։ Ես քեզ կանչել եմ, որ դու զոհի վկա լինես, որ ես կամենում եմ մատուցանել իմ հարգելի ամուսնու անարգված պատվին։ Դու բոլոր ուժով աշխատել ես վիրավորել նրան, ես ևս վիրավորվել եմ, զգուշանալով քո հետապնդումներից և դրանով քո անմաքուր մտադրությունները ամրացնելով ու քաջալերելով։ Մեկ էլ կասեմ՝ այն միտքը, որ իմ անզգուշությունը քո մեջ այդքան խելահեղ ցանկություն է արթնացրել, ինձ ամենից շատ է տանջում և դրա համար ես իմ սեփական ձեռքերով ուզում եմ ինձ մահապատժի ենթարկել, որովհետև եթե այդ ուրիշ վիրժառու անելու լինի, ապա միգուցե, իմ հանցանքի լուրը տարածվի։ Սակայն մեռնելով ես կսպանեմ և քաշ կտամ ետևիցս նրան, որի մահը կհագեցնի իմ վրեժխնդրության ծարավը։ Թող արդար և անոխակալ դատաստանը պատժի նրան, ով որ ինձ հասցրել է հուսահատության այդ աստիճանին։
Այդ ասելով, նա, մերկ դաշյունը ձեռքին, հարձակվեց Լոտարիոյի վրա այնպիսի ուժգնությամբ ու արագությամբ, որ նա մտածեց՝ իսկ եթե հանկարծ դա կեղծ չէ և կինը, իրոք, մտադիր է իրեն սպանե՞լ։ Նրան պետք եղավ գործադրել իր ամբողջ ուժը և ճկունությունը, որպեսզի բռնի նրա ձեռքը, ― այդքան զարմանալի ճշմարտանման էր ստում ու կեղծում Կամիլան։ Որպսզի այդ պատկերը ավելի ևս համոզեցուցիչ դարձնի, նա վճռեց կնքել իր սեփական արյունով և դրա համար, համոզվելով (կամ ձևացնելով), որ չի կարող հարված հասցնել Լոտարիոյին, բացականչեց․
― Քանի որ բախտը մերժում է իմ արդարացի ցանկության կատարմանը ամբողջապես, որքան էլ նա ամենազոր լինի, նա չի կարող խանգարել ինձ գեթ մասամբ կատարելու։
Կամիլան ճիգ արեց և ազատեց իր ձեռքը, որ բռնել էր Լոտարիոն, և դաշյունի սուր ծայրը իրեն ուղղելով, սակայն, այն հաշվով, որ խորը չվիրավորի իրեն, խոցրց իր ձախ կողքը, մի քիչ ուսից ցածր և վայր ընկավ հատակի վրա, իբրև թե ուշագնաց եղավ։
Լոտարիոն էլ, Լեոնելան էլ, զարմացած ու ցնցված այս անցուդարձից, գլխի չէին ընկնում սա իրականությո՞ւն է, թե՞ խաղ։ Կամիլան պառկած էր նրանց աչքի առջև գետնին, արնաշաղախ։ Սարսափից շնչակտուր, Լոտարիոն հապճեպ նետվեց դեպի նա և պոկեց վերքի միջից դաշյունը, բայց տեսնելով, որ վերքն աննշան է, հանգստացավ և նորից զարմացավ չքնաղ Կամիլայի խորամանկությունից ու խելքից։ Որպեսզի իր դերից դուրս եկած չլինի, նա սկսեց վշտագին ու ձայնով ողբալ Կամիլային, իբրև ննջեցյալի, անեծք թափելով ոչ միայն իր վրա, այլև դժբախտության գլխավոր մեղապարտի։ Իմացած լինելով, որ բարեկամ Անսելմոն ամեն ինչ լսում է, նա այնպիսի բաներ էր ասում, որ նրան յուրաքանչյուր լսողը ավելի նրան կխճար, քան կործանված Կամիլային։ Լեոնելան իր տիրուհու ուսերից բռնած բարձրացրեց նրան և դրեց անկողնու վրա, աղաչելով, որ Լոտարիոն վազի բժշկի ետևից, որպեսզի ծածուկ բժշկի նրա վերքը։ Նա նույնպես խորհուրդ հարցրեց, թե ինչ ասի Անելմոյին, եթե պատահմամբ նա ավելի շուտ վերադառնալու լինի, քան թե Կամիլան առողջանա։ Լոտարիոն պատասխանեց, որ նա կարող է խելքին եկածն ասել և որ ինքը հիմա ի վիճալի չէ լավ խորհուրդ տալու։ Նա միայն խնդրեց, որ վերքից հոսող արյունը շուտով կանգնեցնի, ավելացնելով, որ ինքը հիմա պիտի մարդկանց աչքերից թաքնվի։ Այսպես գնաց նա, ձևացնելով իրեն դարդամահ եղած։ Հանելով այնպիսի տեղ, որտեղ ինքը մենակ էր և այլևս ոչ ոք նրան չէր կարող տեսնել, նա երկար ժամանակ երեսը խաչակնքում ու զարմանում էր, թե ինչ ճարտար կին է Կամիլան և ճարպիկը՝ Լեոնելան։ Նա միտք էր անում, թե հիմա որքան անսասան է Անսելմոյի համոզումը, որ իր կինը երկրորդ Պորցիան է։<ref>Նկատի է առնվում Բրուտոսի (Կեսարի հակառակորդի) կինը՝ բարոյական կայունության և անարատության նմուշ։</ref> Նա ուզում էր շուտով հանդիպել նրան և միասին տոնել այդ ձեռնարկի հաջողությունը։ Չէ՞ որ երբեք սուտը ճշմարտության վրա այսպիսի հաղթանակ տարած չի եղել աշխարհիս երեսին։ Լեոնելան, ինչպես ասվեց, կանգնեցրեց տիրուհու արյունը, ― իսկ արյունը ճիշտ այնքան էր դուրս եկել, որքան անհրաժեշտ է սարքովի բանը ճշմարտապատում երևեցնելու համար, ― ապա վերքը լվաց գինիով և կապեց, ինչպես կարողացավ, միաժամանակ այնքան ցավագին խոսելով, որ լոկ նրա խոսքերը, առանց նախընթացաբար տեղի ունեցածի, կարող էին Անսելմոյին համոզել, որ իր կինը՝ առաքինության մարմնացում է։ Վերջախես Կամիլան էլ խոսեց՝ նա ինքն իրեն թուլամորթ ու երկչոտ էր անվանում, գանգատվում էր, թե արիությունը լքեց իրեն վճռական վայրկյանին և թե չկարողացավ անջատվել ատելի կյանքից։ Նա խորհրուրդ էր անում Լեոնելայի հետ՝ պե՞տք է արդյոք պատահածի մասին պատմել սիրեցյալ ամուսնուն, սա էլ պատասխանում էր, որ լավ է չպատմել, թե չէ Անսելմոն հարկ կհամարի վրեժխնդիր լինել Լոտարիոյից, իսկ դա կնշանակի, որ նա իր կյանքը վտանգի տակ կդնի, իսկ բարի կինը չպիտի հրի իր ամուսնուն կռվի, այլ ընդհակառակը՝ պետք է նրան ետ պահի։ Կամիլան պատասխանեց, որ խորհուրդն իր սրտով է և ինքը կհետևի, սակայն, այնուհանդերձ պետք է խորհել, թե ինչպես բացատրել Անսելմոյին վերքի ծագումը, որ նա չի կարող չնկատել։ Դրան Լեոնելան պատասխանեց, որ ինքը անգամ հանաք֊հանաք չի կարող սուտ ասել։
― Ավա՜ղ, ես էլ, ― ասաց Կամիլան։ ― Ես սիրտ չեմ անի մի բան սարքել՝ կամ հնարել, անգամ եթե դրանից կախված լինի իմ կյանքը։ Իսկ քանի որ դրանից բան դուրս չի գա, ապա ավելի լավ չի՞ լինի, առանց խորամանկություն բանեցնելու, Անսելմոյին ասել զուտ ճշմարտությունը։
― Հոգ մի տանիր, տիրուհի, ― պատասխանեց Լեոնելան, ― ես մինչև էգուց մի բան կխորհեմ։ Ասենք՝ վերքդ էլ այնպիսի տեղում է, որ ով գիտե, գուցե հաջողվի թաքցնել ամուսնուցդ։ Աստված ողորմած է, նա կօգնի մեր ազնիվ և արդարացի մտադրությունն իրագործելու։ Իսկ հիմա հանգստացիր, տիրուհի, և աշխատիր հանդարտվել, որպեսզի Անսելմոն քեզ այդքան հուզված չտեսնի։ Մնացածը ինձ վրա դիր և Աստծու, որ միշտ օգնում է բարի մտադրություններն իրագործելու։
Ուշի ուշով լսում էր Անսելմոն և տեսնում իր պատվի եղերնագործության մահվան ներկայացումը, որի գործող անձինք այնպիսի հափշտակությամբ և այնքան բնական էին խաղում, որ ասես թե այն մարդիկն էին դառել, որոնց դերը կատարում էին։ Նա անհամբեր սպասում էր իրիկնաժամին, որպեսզի տնից դուրս գա, հանդիպի իր բարի բարեկամ Լոտարիոյին և նրա հետ տոնի այդ ուրախ անցքը՝ չէ՞ որ նա կասկածում էր իր կնոջ հավատարմությանը, իսկ դուրս եկավ, որ նա առաքինության գոհար է։ Կամիլան ու Լեոնելան նրան հարմար առիթ տվին հանդերձատնից դուրս գալու համար և նա իսկույն օգտագործեց այդ առիթն ու շտապեց Լոտարիոյի մոտ։ Դժվար է պատմել, թե ինչպես էր նա գրկում Լոտարիոյին, արտահայտում իր հիացումն ու գովաբանում Կամիլային։ Լոտարիոն լսում էր և չէր կարողանում ստիպել իրեն դեմքին ուրախ արտահայտություն տալու, որովհետև նա միտք էր անում, թե ի՜նչ սաստիկ խաբված է Անսելմոն և ինչ անարդարացի նա վիրավորել է իր բարեկամին, իսկ Անսելմոն, տեսնելով որ նա տխուր է, մտածեց, որ իր բարեկամին տանջում է Կամիլայի վերքի մասին միտքը և այն, որ ինքն է մեղավոր։ Ուստի նա ի միջի այլոց ասաց Լոտարիոյին, որ Կամիլայի վիճակը նրան չպիտի անհանգստացնի, որ վերքն, անկասկած, վտանգավոր չէ, քանի որ իրենք մտադիր են իրենից թաքցնել և որ հուզվելու կարիք չկա, ― հետևաբար Լոտարիոն կարող է իր հետ ուրախանալ ու ցնծալ՝ չէ՞ որ նրա օգնության և խորամանկության նրա բարեկամը հիմա երջանկության գագաթնակետին է հասել։ Մի բան է նրան մնացել անելու՝ ոտանավորներ ձոնել Կամիլային, որպեսզի անմահացնի նրա հիշատակը գալիք սերունդների համար։ Լոտարիոն գովեց նրա իմաստուն որոշումը և ասաց, որ կարյաց չափ կաջակցի այդ հոյակապ հուշարձանի կառուցմանը։
Աշխարհիս երեսին դեռ ոչ ոք այդքան զվարճալի խաբված չի եղել, ինչպես Անսելմոն։ Նա ինքը, ձեռքից բռնած, իր տունը մտցրեց նրան, որին նկատում էր իբրև իր փառքի գործիք և որ նրա բարի անվան կործանողը դարձավ։ Կամիլան նրան դիմավորեց քիթ ու մռութը կիտած, բայց ուրախ սրտով։ Այդ խաբեությունը միաժամանակ շարունակվեց, մինչև որ մի քանի ամիս անց, բախտը շուռ տվեց իր անիվը։ Եվ հանցագործությունը, որ մինչ այդ այնքան վարպետորեն թաքցված էր, աշխարհ դուրս եկավ, և Անսելմոն զրկվեց կյանքից իր անխոհեմ հետաքրքրության համար։