Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
Իզենգարդն իսկապես անառիկ ամրոց էր, բայց մի ժամանակ այն նաև գեղեցիկ էր: Այնտեղ առաջներում ապրում էին Գոնդորի արևմտյան սահմանները պահպանող ազնվազարմ իշխաններն ու տիրակալները, և իմաստունները, որոնք ուսումնասիրում էին աստղերը: Սակայն Սարումանը կամաց-կամաց վերափոխեց աշտարակը՝ հարմարեցնելով իր փոփոխական պլաններին, և ինչպես նրան թվում էր, բավականին կատարելագործեց՝ անդադար կահավորելով նորանոր սարքերով, և անկեղծորեն մտածում էր, որ աշտարակի կառուցման փառքը պատկանում է միայն և միայն իրեն: Բայց նա սխալվում էր. բոլոր խելացի մտահղացումներըը և բազմաթիվ գյուտերը, հանուն որոնց նա թողել էր իր երբեմնի իմաստությունը, սկզբից միչև վերջ գալիս էին Մորդորից: Սարումանը հասել էր միայն մի բանի՝ ստեղծել էր փոքրացված պատճեն, ստրկական շողոքորթույամբ կրկնելով հսկայական Բարադ-դուրր՝ Սև Ամրոցը, իր վիթխարի պատնեշներով, զինանոցներով, բանտախցերով և հրեշավոր հրե ընդերքով, որի Սև տիրակալը՝ պաշտպանված աներևակայելի քանակության զորքով և անառիկ պարսպներով, իր հզորության գագաթնակետին, միայն չարամտորեն ծիծաղում էր իր մրցակցի շողոքորթության վրա և սպասում իր ժամին:
Այդպես էին նկարագրում խոսակցությունները Սարումանի ամրոցը: Խոսակցությունները, որովհետև վերջին սերնդի ռոհանցիներից ոչ մեկը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրանցից ինչ-որ մեկը թափանցել ամրոցի դարպասներից դարպասից ներս, բացառությամբ երևի Օձալեզվի ու նրա նման մի քանիսի: Բայց այդպիսինները Իզենգարդ էին թափանցում գաղտնի և իրենց տեսածի մասին ոչինչ չէին խոսում:
Գենդալֆն առաջինը անցավ Սպիտակ ձեռքով քարե սյան կողքով: Միայն այդ ժամանակ հեծյալները մեծ զարմանքով նկատեցին, որ ձեռքը, ինչպես թվում էր սկզբում, ամբողջությամբ սպիտակ չէ, այլ ասես ծածկված լինի չորացած արյան բծերով, իսկ ավելի ուշադիր նայելով հասկացան, որ եղունգները ներկված են կարմիր գույնով: Սակայն Գենդալֆը առաջվա պես հանգիստ շարժվեց առաջ, և վերջապես մյուսները վախը սրտներում հետևեցին նրան: Բոլորը սկսեցին ակամա կասկածել, որ հովտում ջրհեղեղ է տեղի ունեցել. տարածքն ամբողջությամբ ծածկված էր պղտոր ջրափոսերով, իսկ քարերի մեջ խոխոջում էին առվակները: