Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
— Չգիտեմ,— քնկոտ ձայնով ասաց Ֆրոդոն: Թվում էր, թե նա դեռ վերջնականապես չի սթափվել: — Ես էլ տեսա նրանց: Նրանք հայտնվեցին, երբ վառվեցին կրակները: Նրանք պառկած են ջրի սև խորքում և նայում են իրենց մեռած աչքերով: Չար, սարսափազդու դեմքեր, բայց կան նաև ուրիշներ՝ տխուր ու ազնվածին: Մեռելներից շատերը գեղեցիկ ու հպարտ դեմքեր ունեն, արծաթավուն մազեր, իսկ մազերի մեջ՝ ջրիմուռեր... Բայց նրանք բոլորը մեռած են, ամբողջությամբ փտած և անդրշիրիմյան լույս են արձակում: — Ֆրոդոն ձեռքերով փակեց աչքերը: — Չգիտեմ ովքեր են նրանք, բայց ինձ թվաց, թե տեսնում եմ մարդկանց ու էլֆերի: Եվ օրքերի նրանց կողքին:
— Այո, այո,— ասաց Գոլլումը: — Բոլորը մեռած են, բոլորը փտած են՝ էլֆերը, օրքերը, մարդիկ: Դրա համար էլ ճահճուտն անվանվում է Մեռյալ: Այստեղ մեծ ճակատամարտ է տեղի ունեցել, փոքրիկ Սմեագորլին այդ մասին պատել են, ինձ տատիկս է պատմել, երբ դեռ սքանչելին չէր գտնվել: Մե՛ծ ճակատամարտ է եղել: Բարձրահասակ մարդիկ մեծ սրերով, սարսափելի էլֆերն ու ոռնացող օրքերը կռվել են այս հարթավայրում շատ օրեր, շատ ամիսներ, Սև Դարպասների Դարպասի մոտ: Հետո հայտնվել են ճահիճները, մեծացել ու կուլ են տվել սպանված ռազմիկների մարմինները:
— Բայց այդ ճակատամարտը շատ դարեր առաջ է եղել,— կասկածեց Սեմը: — Այդ մեռելներից միայն ոսկորներ պետք է մնացած լինեին, իսկ մենք տեսանք նրանց դեմքերը: Դա ի՞նչ կարող է լինել: Չար կախարդա՞նք: