Changes
/* Գլուխ XXXIX */
Ընդհանուր կարծիք էր տիրում, որ մերոնք չպիտի փակվեին ամրոցում, այլ, ընդհակառակը, պիտի սպասեին արձակ դաշտում թշնամուն ափ իջեցնելուց խանգարելու համար։ Սակայն այդպես ասողները հեռվանց հեռու էին դատում և նման գործերում բավականին փորձառու չէին։ Գոլետայում և ամրոցում հազիվ յոթ հազար զինվոր կար․ ինչպե՞ս կարող էր այդքան սակավաթիվ մի խումբ, որքան էլ արի լիներ, դուրս գալ դաշտ և պաշտպանել ամրոցը թշնամու նման գերազանց ուժերի դեմ։ Եվ, ընդհանրապես, կարո՞ղ է արդյոք ամրոցը դիմանալ առանց դրսի օգնության, երբ որ բազմաթիվ, գազազած, իր սեփական հողի վրա գործող մի զորք է պաշարում։ Գալով ինձ և շատ ուրիշներին՝ թվում էր, թե ոչնչացումը չարի այդ օջախների, որ սպունգի պես ծծում և ցեցի պես ուտում են բազում միջոցներ, որ աննպատակ ծախսվում են, ― երկնքի մի առանձին շնորհ է և ողորմածություն Իսպանիայի նկատմամբ։ Որովհետև նրանք մեզ ոչ մի օգուտ չէին բերում, եթե հաշվելու չլինենք, որ պահպանում էին անհաղթ թագավոր Կառլոս Հինգերորդի նվաճման հիշատակը։ Սակայն առանց այդ քարերի էլ նրա հիշատակը հավերժական չէ՞ և չի՞ լինելու։ Ապա անձնատուր եղավ ամրությունը։ Բայց տաճիկները ստիպված էին գրավելու թիզ թիզի ետևից, որովհետև պաշտպանները այնպիսի արիությամբ ու կարողությամբ էին կռվում, որ քսաներկու գրոհների ընթացքում թշնամին քսանհինգ հազար սպանված կորցրեց։ Կենդանի մնացած երեք հարյուր մարդուց և ոչ մեկը առանց վերքի գերի չընկավ՝ ստույգ ու ակներև ապացույց նրանց արիության և խիզախության՝ նրանք բոլորն էլ քաջ պաշտպանվում էին և մինչև վերջը մնացին իրենց տեղերում։ Վերջապես ընկավ նաև փորքրիկ ամրությունը, ավելի ճիշտ՝ աշտարակը, որ լճի մեջտեղում էր կանգնած և գտնվում էր վալենսիացի կաբալյերո և փառավոր ռազմիկ դոն Խուան Սանո Դերայի հրամանատարության տակ։ Գերի ընկավ դոն Պեդրո Պուերտոկարրերոն, Գոլենայի պարետը։ Նա ամրոցի պաշտպանության համար արեց ամենը, ինչ որ ի վիճակի էր և այնքան էր տխրել հանձնումի պատճառով և դարդամահ եղավ Կոստանդնուպոլիսի ճամփին, որտեղ նրան տանում էին իբրև գերի։ Նմանապես գերի ընկավ ամրության պարետը, Գաբբիո Սերվելլոն անունով միլանցի մի ազնվական ճարտար ճարտարապետ և արի ռազմիկ։ Այդ երկու ամրոցներում շատ ականավոր մարդիկ կործանվեցին, ի թիվս որոնց ոմն Պագան դե Օրիա, Սան֊Խուանի ուխտի ասպետ, ազնիվ հոգու տեր մի մարդ, որ ապացուցեց այդ իր վեհանձն վերաբերմունքով դեպի իր եղբայր հռչակավոր Խուան Անդրեա դե Օրիան։ Նրա մահը առավել ևս ցավագին էր, որ նա ընկավ արաբների ձեռքից, որոնց վրա վստահացել էր, համոզվելով, որ կորած է վերջին հույսը ամրությունը փրկելու։ Նրանք առաջարկել էին տանել նրան, շորերը փոխած, մավրերի զգեստով, Տաբարկա, փոքրիկ մի նավահանգիստ, կամ ավելի ճիշտ՝ ծովափնյա մի ավան, որ պատկանում էր ջինովացիներին, որոնք այնտեղ մարջան հանելով են զբաղվում, ապա թե կտրեցին նրա գլուխը և տարան տաճիկ նավատորմիղի հրամանատարին։ Վերջինս նրանց հետ վարվեց ըստ մեր իսպանական առածի՝ «դավաճանությունը ձեռնտու է մեզ, բայց դավաճանը՝ ատելի»։ Ասում են, թե հրամանատարը իբրև պարգև իրեն բերածների համար հրամայեց նրանց կախել, որ թշնամուն կենդանի չեն բերել։
Ամրոցում գերված քրիստոնյաների մեջ կար ոմն Պեդրո դե Ադիլար, ծնված Անդալուզիայի չգիտեմ թե ինչ վայրում, որը ամրոցում դրոշակակիր էր, համարվում էր երևելի ռազմիկ և հազվագյուտ խելքի տեր մարդ։ Նա պոեզիա կոչվող արվեստի մեջ առանձին շնորհք ուներ։ Ես նրա համար եմ այդ պատմում, որ բախտը մեզ միացրեց միևնույն նավում և միևնույն նստարանի վրա, որովհետև նա էլ իմ տիրոջ ստրուկը դառավ։ Այդ նավահանգիստը թողնելուց առաջ նա տապանագրի նման երկու սոնետ հորինեց, մեկը՝ նվիրած նվիրված Գոլետային, մյուսը՝ ամրոցին։ Ես ուզում եմ արտասանած լինել ձեզ, որովհետև անգիր եմ հիշում և կարծում եմ, որ ավելի հաճելի կլինեն ձեզ, քան անհաճո։
Երբ որ գերին դոն Պեդրո դե Ագիլարի անունը տվեց, դոն Ֆերնանդոն նայեց իր ուղեկիցներին, նրանք բոլորն իրար ժպտացին, և այն վայրկյանին, երբ պատմողը ոտանավորներն ասելու վրա էր, կաբալյերոներից մեկն ասաց․