Changes
/* Գլուխ XXXIX */
― Սիրով, ― պատասխանեց կաբալյերոն։ ― Ահա Գոլետային նվիրված սոնետը։
==Գլուխ XL==
Գերու պատմության շարունակությունը
<poem>
Սուրբ ոգիներ, որ է մարմնից ունայն,
Հրաժարեցված արդար գործի համար,
Հեռու Սահմանեզրից վեր բարձրացան՝
Դեպի երանավետ լույսը պայծառ։
Դուք, որ բարի խանդով մի սրբազան
Մրցեցիք մարմնի հետ զայրութավառ,
Ձեր արյունը ընդդեմ ոսոխ արյան՝
Թշնամյաց հասցըրեց մինչև ծովն հողմավար։
Կյանքը, և ո՛չ սակայն քաջությունը
Գոռ մարտիկի ձեռքը դավաճանեց,
Որ պարտությամբ շահեց հաղթությունը։
Եվ այդ գերեզմանը ձեր վշտահեծ
Պսակել է ձեզ փառքով, ամվամբ, ―
Երկրի և երկընքի անմահությամբ։
</poem>
― Սա հենց իմ իմացածս է, ― ասաց գերին։
― Եթե հիշողությունս չի դավաճանում, ահա՛ ռազմաճակատին նվիրված սոնետը։
<poem>
Այս ավեր երկրի աշտարակներից,
Փլված կրակի, ծխի մեջ՝ ավեր,
Երեք հազար քաջ ամբարձան ի վեր, ―
Դեպի դրախտի օթևանն անբիծ։
Իզուր է լարում նրանց ետևից
Հզորությունը համարձակ ձեռքեր,
Մինչ նրանք հոգնած դժնի մարտերից՝
Երկաթված կյանքով ― հանգեցին ի տեր։
Քիչ չէ ճաշակել հողը հնացած
Քիչ չէ ճաշակել ժամանակը արդ
Հիշողություններ ― տրտմությամբ պատած։
Բայց արդարության ձեռքը դեռ ժլատ
Այդչափ չընկճված մարմին և հոգի
Դեռ չի ուղարկել գիրկը երկընքի․․․
</poem>
Սոնետները դուր եկան, իսկ գերին, ուրախանալով իր ընկերոջ մասին ստացած լուրից, շարունակեց իր պատմությունը։
― Գրավելով Գոլետան ու ամրությունը, տաճիկները հրաման արձակեցին Գոլեան քանդել։ Գալով ամրությանը՝ նա այնպիսի վիճակի մեջ էր, որ քանդելու տեղ էլ չէր մնացել։ Եվ ահա՝ այդ աշխատանքը դյուրացնելու և արագացնելու համար, նրանք Գոլետայի տակը երեք կողմից ական դրին, սակայն նրանց չհաջողվեց քանդել այն, ինչ որ թվում էր ամենից քիչ ամուրը՝ հին պատերը։ Ֆրատինոյի<ref>Ֆրատինո ― իտալական ինժեներ Ջա՛կոմո Գալեացցո, որին Ֆրատինո (կուսակրոն) անունն են տվել, ծառայել է Կառլոս V֊ին և Փիլիպոս II֊ին։</ref> կառուցած նոր ամրություններից ինչ որ մնացել էր՝ իսկույն հոդս ցնդեց։ Վերջապես նավատորմիղը վերադարձավ Կոստանդնուպոլիս հաղթական ու հանդիսավոր կերպով, իսկ դրանից մի քանի ամիս հետո մեռավ իմ տեր Ուշալին, որի մականունը Ֆարտաքս էր, որ տաճկերեն կնշանակի՝ Քոսոտ հավատափոխ։ Իրոք, նա հենց այդ տեսակ մեկն էր։ Տաճիկների սովորությունն է մարդկանց մականուն տալ՝ քաղելով այն կամ նրա որևէ պակասությունից, կամ առաքինությունից։ Դա նրանից է, որ նրանք միմիայն չորս ազգանուն ունեն, որ ծագում են օտտոմանյան հարստությունից, իսկ բոլոր մնացածները ինչպես ես արդեն ասացի, կա՛մ ըստ մարմնական պակասության, կա՛մ ըստ հոգեկան հատկության։ Այդ Քոսոտը, մեծն սուլթանի ստրուկը լինելով, ամբողջ տասնչորս տարի թիավարելիս է եղել, և երբ որ նրա երեսունչորս տարին լրացել է, ուրացել է իր հավատը՝ դրդված ատելությունից մի տաճիկի դեմ, որ նրան նավի վրա ապտակ է տված եղել և ցանկությունից՝ նրանից վրեժ լուծել։ Եվ նրա արժանիքներն այնքան մեծ էին, որ նա ստիպված չեղավ անցնելու խայտառակ ուղիներով ու շավիղներով, որոնցով սովորաբար բարձրանում են սուլթանի ֆավորիտները, և նա շուտով Ալժիրի թագավոր նշանակվեց, ապա թե Ծովային Հրամանատար՝ տաճկական պետության մեջ, ըստ կարևորության, երրորդ պաշտոնը։ Նա ծնված է եղել Կալաբրիայում, բարի հոգու տեր էր և շատ մարդավարի վերաբերմունք ուներ դեպի իր ստրուկները։ Իսկ նրա ստրուկների թիվը հասնում էր երեք հազարի և, նրա մահից հետո, համաձայն նրա թողած կտակի, նրանց բաժանեցին մեծն սուլթանի (որ համարվում է իր յուրաքանչյուր հպատակի ժառանգը և ննջեցյալի որդիների հետ հավասար բաժին է ստանում) և նրա հավատափոխների միջև։ Ես բաժին ընկա մի վենետիկցի հավատափոխի, որ նախապես նավի վրա փոքրիկ ծառա էր եղել։ Գերի վարված լինելով Ուշալիից՝ նա այնպես գրավեց տիրոջ համակրությունը, որ շուտով դառավ նրա սիրեցյալներից մեկը, ապա թե հավատափոխ եղավ, այն էլ այնքան մոլեռանդ, որ դեռ աշխահս չէր տեսել։ Նրա անունը Հասան աղա էր։ Նա սաստիկ հարստացավ և նշանակվեց Ալժիրի թագավոր։ Նրա հետ էլ ես Կոստանդնուպոլսից այնտեղ գնացի, ուրախանալով, որ ավելի մոտ եմ լինելու Իսպանիային, ― ո՛չ թե նրա համար, որ միտք ունեի մեկն ու մեկին գրելու իմ աղետի մասին, ― ո՛չ, այլ ես հույս ունեի, որ Ալժիրում բախտն ավելի բարեհաճ կլինի դեպի ինձ։ Կոստանդնուպոլսում ես հազար ու մի հնարքով փորձեցի փախչել, սակայն ոչ մի անգամ բախտս չբերեց, որ հարմար դեպք գտնեմ։ Իսկ Ալժիրում ես հույս ունեի այլ եղանակներ գտնել և հասնել երազածիս, որովհետև ազատվելու հույսը ինձ երբեք չէր լքում և, երբ որ իմ խորհածի, նախապատրաստածի և կատար ածածի հաջողությունը չէր համապատասխանում մտադրությանս, ես չէի ընկճվում, իսկույն ևեթ խորհում ու գտնում էի նոր հույս, անգամ թույլ ու թշվառ, որ սակայն ինձ թև էր տալիս։ Ահա թե ինչ խոհերով էի սնում հոգիս՝ նստած բանտում, կամ, ինչպես ասում են տաճիկները, բանյոյում,<ref>Բանյո ― արաբական բառ, որ նշանակում է «բանտ֊պատժավայր» (այստեղից էլ ֆրանսերեն bagne ― «տաժանակիր աշխատանքի վայր»։</ref> որտեղ տեղակել էին քրիստոնյա գերիներին, ինչպես թագավորի և մի քանի մասնավոր անձանց, այնպես էլ ալմասեն<ref>Ալմասեն ― արաբական բառ, որ նշանակում է «պահեստ, խանութ»։</ref> կոչեցյալի, այլապես՝ քաղաքային խորհուրդի ստրուկները, որոնց աշխատեցնում են շինարարությունների և քաղաքային այլ գործերի վրա։ Այս վերջինների համար առանձնապես դժվար է ազատվել, որովհետև մասնավոր մարդու չեն պատկանում, այլ համայնքին, ուստի, եթե նրանք անգամ փրկանք գտնելու լինեն, չկա մեկը, որին առաջարկեն։ Այս բանտերում, ինչպես ես արդեն ասացի, քաղաքի մի քանի մասնավոր անձինք նույնպես պահում են իրենց ստուկներին, մանավանդ, եթե նրանցից փրկանք եմ ակնկալում։ Ստրուկներն ապրում են լավ պայմաններում և վստահելի հսկողության տակ, մինչև որ փրկանքը գա։ Թագավորի ստրուկներն էլ, որոնց համար փրկանք է սպասվում, աշխատանքի են ուղարկվում մնացյալ խմբի հետ այն դեպքում միայն, եթե փրկանքն ուշանում է և, նրանց հարկադրելու համար, որ ավելի համառ աշխատեն փրկանքը ստանալ, նրանց քշում են աշխատանքի, նույնիսկ փայտ կտրելու անտառում, իսկ դա թեթև աշխատանք չէ։
Ես էլ նրանց թվում էի, որոնց համար փրկանք էին սպասում, որովհետև թեպետ ես հայտարարել էի, թե ոչ մի կարողություն չունեմ, մավրերը, իմանալով, որ կապիտան եմ, ինձ չհավատացին և ազնվականների խմբին կցեցին և այն ստրուկների, որոնց համար փրկանք էին ակնկալում։ Շղթաները, որոնցով կաշկանդել էին ինձ, ոչ այնքան իմ ստրկության նշանն էր, որքան սպասվող փրկանքի։ Եվ այսպես ահա անցնում էին մեր օրերը՝ բանյոյի մեջ, ազնվականների և բազմաթիվ նշանավոր մարդկանց շրջանում, որոնց համար փրկանք էր սպասվում։ Հաճախ, ավելի ճիշտ՝ միշտ, մենք տառապում էինք սով ու զրկանքից, սակայն ոչինչ մեզ այնքան չէր տանջում, ինչպես մեր տիրոջ չտեսնված և չլսված խստասրտությունը քրիստոնյաների նկատմամբ՝ այդ մենք տեսնում էինք և ամեն քայլափոխում լսում դրա մասին։ Ամեն օր նա մեկին կախում էր, մյուսին ցից էր հանում, երրորդի ականջը կտրում, այն էլ ամենաաննշան պատճառից կամ առանց որևէ առիթի, այնպես որ տաճիկները իրենք էլ էին հասկանում, որ նա սեփական հաճույքի համար է այդպես վարվում, որովհետև բնությունը նրան ստեղծել է իբրև ճիվաղ մարդկային ցեղի։ Նա լավ էր վարվում միայն մի իսպանացի զինվորի հետ՝ անունը Սաավեդրա, որը ազատություն ձեռք բերելու համար այնպիսի բաներ էր անում, որ տաճիկները երկար ժամանակ չեն մոռանա։ Այնուամենայնիվ, Հասան աղան նրան ոչ մի անգամ չխփեց, ոչ մի անգամ չհրամայեց, որ նրան ծեծեն և երբեք նրան վատ խոսք չասաց, մինչդեռ մենք բոլորս ահ ու դողով խորհում էինք, որ նրան իր արարքների ամենաչնչին մասի համար ցից կհանեն, ասենք՝ ինքն էլ քանիցս երկյուղ էր կրում։ Եթե ժամանակն ինձ ների, ես ձեզ այդ զինվորի մի քանի սխրագոծությունները կպատմեի և ես հավատացած եմ, որ դուք ավելի կզարմանայիք ու կհետաքրքրվեիք, քան իմ պատմությամբ։
Վերադառնամ, սակայն, իմ պատմությանը։ Մի հարոուստ ու ազնվական մավրի տան լուսամուտները նայում էին մեր բակին։ Տեղական սովորության համեմատ նրանք ավելի ճեղքերի էին նմանում, քան լուսամուտների, համ էլ ծածկված էին եղեգնյա վարագույրներով։ Մի օր ես երեք ընկերներիս հետ կանգնած էի բանտի կտեր վրա և պարապությունից շղթայակապ ոտներով թռչկոտելու փորձ էինք անում։ Բացի մեզնից այնտեղ մարդ չկար, որովհետև մնացածները գնացել էին աշխատաքնի։ Հանկարծ աչքս բարձրացնելով նկատեցի, որ այդ ծածկած լուսամուտներից մի եղեգ է քաշ ընկել, ծայրին էլ թաշկինակ կապած։ Եղեգը շարժվում ու ոլորվում էր, ասես նշան էր անում, որ բռնեն։ Նայեցինք֊նայեցինք, վերջապես մեզնից մեկը գնաց լուսամուտի տակին կանգնեց, տեսնի՝ կգցեն այդ եղեգը թե չէ և ընդհանրապես, ինչ կլինի դրա վերջը։ Սակայն հազիվ էր հեռացել իր տեղից, որ եղեգը բռնող ձեռքը բարձրացրեց նրան և սկսեց թափահարել աջ ու ձախ, ասես թե գլուխն էր օրորում, կամենալով ասել՝ ո՛չ։ Երբ որ մեր ընկերը բոլորովին հեռացավ, եղեգը կրկին իջավ և սկսեց օրորվել առաջվա պես։ Գնաց երկրորդ ընկերս, նրա հետ ևս պատահաեց նույնը, ինչ որ առաջինի հետ։ Վերջապես գնաց երրորդը ― նրա հետ էլ կրկրնվեց նույնը, ինչ որ առաջին երկուսի հետ։ Տեսնելով այդ՝ ես էլ կամեցա փորձել բախտս, և հենց որ կանգնեցի լուսամուտի տակին, եղեգը վայր ընկավ բանտի բակը, ուղղակի իմ ոտների մոտ։ Ես իսկույն բաց արի թաշկինակը։ Թաշկինակի մեկ ծայրը կշկռած էր։ Բաց արի, տեսնեմ՝ տասը սիանի՝ մանր ոսկեդրամ, ոսկու սակավ խառնուրդով, որ շրջանառության մեջ էր մավրերի մոտ և որ արժե տասը ռեալ։ Թե ինչքան ուրախացա գյուտիս համար՝ ասելն ավելորդ է։ Ուրախ ու զարմացած միտք էի անում՝ որտեղի՞ց կարող էր մեր գլխին նման նվեր ընկնել, այն էլ հատկապես ինձ համար, որովհետև քանի որ եղեգը ուրիշներին չէր գցված, այլ լոկ ինձ, պարզ ապացուցում էր, որ նկատի ունեին ոչ այլ ոքի, այլ ինձ։ Ես փողս թաքցրի, եղեգը կոտրեցի, վերադարձա կտուրը, նայեցի լուսամուտին և տեսա, որ մի ձյունթույր ձեռք երևաց, որ արագ մի քիչ բաց արեց վարագույրը և նորից ծածկեց։ Դրանից մենք հասկացանք ու ըմբռնեցինք, որ այդ բարեգործությունը մեզ կին է արել, որ ապրում է այդ տանը և մեր շնորհակալությունը հայտնած լինելու համար մենք նրան սալամ տվինք մավրերի ձևով, այսինքն՝ խոնարհեցինք գլուխներս, մեջքներս ծռեցինք և ձեռներս ծալեցինք կրծքերիս։ Պահ մի անց լուսամուտից մի եղեգնյա խաչ հոնեցին և իսկույն ներս առան։ Այդ նշանը մեզ ներշնչեց այն միտքը, թե այս տանը մի գերի քրիստոնյա կին է ապրում և նա է մեզ օգնություն հասցնում։ Սակայն շուտով մենք այդ ենթադրությունից հրաժարվեցինք, նկատելով, որ ձեռքը շա՜տ է ճերմակ և վրան շատ ապարանջաններ կան։ Ուստի մենք վճռեցինք, որ այդ կինը թեև քրիստոնյա է, բայց հավատափոխ է։ Մավրերը, այդ տեսակ կանանց տերերը, հաճախ առնում են նրանց ի կնության, այն էլ բախտ են համարում, որովհետև նրանց շա՜տ ավելի են գնահատում, քան թե իրենց ժողովրդի կանանց։
Մեր բոլոր ենթադրությունները շատ հեռու էին ճշմարտությունից։ Այդ օրվանից մեր բան ու գործը լուսամուտին նայելն էր, ինչպես նավի ղեկավարն է հյուսիս նայում և սպասում էինք, թե ե՞րբ կերևա մեզ ուղեցույց աստղ եղեգնը։ Սակայն անցավ երկու շաբաթ, և մենք այդ ընթացքում ո՛չ եղեգ տեսանք, ո՛չ ձեռք, ո՛չ էլ որևէ այլ նշան։ Եվ թեև մենք սաստիկ ուզում էինք իմանալ, թե ով է ապրում այդ տանը և չկա՞ արդյոք նրա մեջ հավատափոխ քրիստոնյա կին ― ոչ ոք բան չկարողացավ ասել մեզ։ Հայտնի էր միայն, որ այնտեղ մի շատ հարուստ և բարձրաստիճան մավր է ապրում, Հաջի Մորատո անունով, որ մի ժամանակ լա Պատայի<ref>Լա Պատա կամ Լա Բատա ― բերդ՝ ընկնում է Օրանից երկու մղոն հեռավորության վրա։</ref> նահանգապետն էր եղել ― մի պաշտոն, որ մավրերը համարում են ամենապատվավորներից մեկը։ Եվ ահա, երբ որ մենք ամենից քիչ էինք սպասում, որ մեր վրա ոսկիների նոր անձրև կտեղա, հանկարծ նորից երևաց թաշկինակը ծայրից կապած եղեգը։ Թաշկինակի մի ծայրի վրա ավելի հաստ մի կշկիռ կար, քան առաջին անգամ։ Այդ պատահեց դարձյալ այն ժամին, երբ որ բանտում մեզնից բացի մարդ չկար։ Մենք կատարեցինք նույն փորձը, ինչ որ առաջ։ Առաջ, հերթով մոտեցան իմ երեք ընկերները, բայց եղեգը դարձյալ խուսափեց նրանցից և վայր ընկավ այն ժամանակ միայն, երբ որ ես մոտեցա։ Ես արձակեցի կշկիռն ու մեջը գտա քառասուն իսպանական ոսկի և մի արաբերեն գրած նամակ։ Նամակի վերջում մի մեծ խաչ էր գծած։ Ես համբուրեցի խաչը, թաքցրի ոսկիները, վերադարձա կտուրը, մենք դարձյալ սալամ տվինք, դարձյալ երևաց ձեռքը, ես նշան արի, թե նամակը մոտս է, և լուսամուտը փակվեց։ Մենք այդ անցքից զարմացած և ուրախացած էինք։ Մեզնից ոչ ոք արաբերեն չէր հասկանում, և մենք բոլորս սաստիկ փափագում էինք իմանալ, թե ինչ կա նամակում, սակայն գտնել մեկին, որ կարդար մեզ համար, շատ դժվար էր։ Վերջապես ես վճռեցի վստահել մի դավանափոխ՝ ծնված Մուրսիայում, որ հավատացնում էր, թե բարեկամ է ինձ և կապված ինձ հետ այնպիսի պարտավորություններով, որ չէր կարող, ինչպես թվում էր ինձ, չպահել նրան վստահված գաղտնիքը։ Բանն այն է, որ դավանափոխներից շատերը, մտադիր լինելով քրիստոնեական երկրներ վերադառնալու, վկայաթուղթ են վերցնում, ամենաականավոր գերիներց, որոնցով հաստատվում է, թե այսինչ դավանափոխը ազնիվ մարդ է, թե նա միշտ լավ է վերաբերվել դեպի քրիստոնյաները և մտադիր է առաջին իսկ պատեհ առիթին փախչելու։ Ոմանք այդ վկայականները բարի միտումներով են հանում, մյուսները՝ խորամանկությամբ և համենայն դեպս։ Պատահում է, որ քրիստոնեական երկիրներ թալանելիս նրանք շեղվում են ճամփից և գերի ընկնում և ահա, ներկայացնելով այդ թուղթը, նրանք ասում են, թե այդ փաստաթղթերից երևում է, թե ինչ նպատակներով են նրանք եկել, թե նրանք մտադիր են քրիստոնյաների մոտ մնալու և միմիայն այդ նպատակով են մասնակցել տաճիկների արշավանքին։ Այդ միջոցով նրանք զգուշանում էին առաջին հանդիպումի վտանգից, բարեհաջող կերպով հաշտվում եկեղեցու հետ, ապա թե, նպաստավոր դեպքում, նրանք վերադառնում էին Բերբերիա և շարունակում զբաղվել նրանով, ինչով որ առաջ։ Կան և այնպիսիները, որոնք այդ թղթերը հանում են և օգտագործում գովելի նպատակով՝ մնում են քրիստոնեական երկրներում։ Վերջիններիցն էր նաև իմ բարեկամը, և նա ուներ գրություններ գրեթե բոլոր մեր ընկերներից, լավագույն հանձնարարականներ։ Եթե մավրերը գտնելու լինեին այդ թղթերը՝ նրան ողջ֊ողջ կայրեին։ Ես գիտեի, որ նա շատ լավ տիրապետում է արաբերեն լեզվին և ոչ միայն խոսում է, այլև գրում արաբերեն։ Այնուամենայնիվ, նախքան նրան ամեն բան բաց անելը, ես պարզապես խնդրեցի նրանից, որ նա կարդա ինձ համար մի նամակ, որ ես, իբր թե, գտել եմ իմ խղճուկ սենյակի անկյունում։ Նա բաց արեց և բավական երկար զննում ու գիր էր կապում, ատամների արանքից ինչ֊որ մրթմրթալով։ Ես հարցրի՝ հասկանո՞ւմ է նա արդյոք, թե ինչ է գրած։ Նա պատասխանեց, թե շատ լավ հասկանում է և, եթե ես կամենամ, կթարգմանի բառ առ բառ, միայն թե ես պետք է բերեմ գրիչ ու թանաք, որովհետև գրավոր ավելի լավ կթարգմանի։ Մենք անհապաղ նրան տվինք և նա սկսեց թարգմանել և, ավարտելով գործն ասաց․
― Ահա արաբերեն գրածի բառացի թարգմանությունը իսպաներեն։ Նկատի առեք, որ «Լելա Մարիեն» ասածդ ամենուրեք նշանակում է՝ «տիրուհին մեր կույսն Մարիամ»։
― Ահա նամակի բովանդակությունը․
<i>«Երբ որ ես մանուկ էի, իմ հայրը մի ստրկուհի ուներ, որ ինձ մեր լեզվով մի քանի քրիստոնեական զալա՛<ref>Զալա՛ ― արաբերեն նշանակում է «աղոթք»։</ref> սովորեցրեց և շատ բաներ պատմեց Լելա Մարիենից։ Այդ քրիստոնյա կինը մեռավ, և ես գիտեմ, որ նա գեհենի կրակը չգնաց, այլ Ալլահի մոտ, որովհետև հետագայում ես նրան երկու անգամ տեսա և նա ինձ հրամայեց, որ ես գնամ քրիստոնյաների երկիրը՝ Լելա Մարինեին տեսնելու համար, որը ինձ շատ սիրում է։ Ես չգիտեմ, թե ինչպես հասնեմ նրանց երկիրը։ Իմ լուսամուտից ես շատ քրիստոնյաներ եմ տեսել, բայց դու միակն ես, որ իմ աչքին արժանավոր ազնվական է երևում։ Ես աղջիկ եմ, շատ գեղեցիկ եմ և կարող եմ հետս շատ փող վերցնել։ Մտածի՛ր, չե՞ս կարող դու արդյոք այնպես սարքել, որ հետս գնաս, և այնտեղ, եթե կամենաս, դու իմ ամուսինը կդառնաս, իսկ եթե ոչ՝ փույթ չէ, Լելա Մաիրենը ինձ համար մի ուրիշ փեսացու կգտնի։ Ես այս գրեցի, իսկ դու կարդալ տուր միմիայն վստահելի մարդու և հավատ մի՛ ընծայիր մավրերին, որովհետև նրանք բոլորն էլ խաբեբա են։ Ես շատ անհանգիստ եմ և կկամենայի, որ դու ոչ ոքի չբացվես, որովհետև եթե իմ հայրն այդ իմանա, ինձ կգցի ջրհորի մեջ և վրաս քար կլցնի։ Ես եղեգի ծայրին թել կկապեմ, պատասխանը կապիր թելից, իսկ եթե արաբերեն գրելու համար մարդ չունենաս, ապա նշաններով հասկացրու ինձ՝ Լելա Մարիենը կօգնի, որ քեզ հասկանամ։ Թող նա և ալլահը և այս խաչը, որ ես շատ֊շատ համբուրում եմ, ինչպես ինձ խրատել է ստրկուհին, պահեն և պահպանեն քեզ»։</i>
Ինքներդ դատեցեք, սինյորներ, թե ինչպե՜ս պիտի զարմացներ և ուրախացներ մեզ այդ նամակի բովանդակությունը։ Դժվար էր թաքցնել մեր ուրախությունը, և դավանափոխը կռահեց, որ նամակը պատահմամբ չէր գտնված, այլ, իրոք, գրված է մեզնից մեկն ու մեկի վրա։ Ուստի նա մեզնից խնդրեց, որ, եթե իր կռահումն արդարացի է, լիովին հավատ ընծայել իրեն և ամեն բան պատմել, որովհետև նա մեր ազատության համար պատրաստ է վտանգի ենթարկել իր կյանքը։ Այդ ասելու միջոցին նա ծոցից հանեց մի մետաղե խաչ և արցունքն աչքերին երդվեց վրայի պատկերով, որին այդ չարագործն ու մեղավորը ամուր ու անկեղծ հավատում էր, ― որ նա մեզ չի դավաճանի և կպահի գաղտնիքը, որ մենք նրան բաց կանենք։ Նա ենթադրում և գրեթե հավատացած էր, որ նամակը գրողի օգնությամբ մենք բոլորս ազատություն կստանանք, իսկ ինքը վերջապես կհասնի իր կետ նպատակին՝ վերադառնալ իր սուրբ մոր՝ եկեղեցու ծոցը, որից անգիտակցությամբ և մեղք գործելով նա կտրվեց և պոկվեց, ինչպես կտրում են մարմնի փտող անդամը։ Այդ ամենը նա ասում էր արտասվաթոր և այնպիսի անկեղծ զղջման ձև անելով, որ մենք բոլորս միաձայն վճռեցինք բաց անել նրան ողջ ճշմարտությունը և առանց ամենաչնչին բան թաքցնելու ամեն ինչ ասել նրան։ Մենք ցույց տվինք նրան լուսամուտը, որտեղից իջնում էր եղեգը և նա նիշեց այդ տունը և խոստացավ ամեն ջանք գործադրել, որպեսզի իմանա, թե ով է նրա մեջ ապրում։ Ապա թե մենք որոշեցինք, թե պետք է մավրուհու նամակին պատասխանել և, քանի որ հիմա մեր միջև կա արաբերեն իմացող մեկը, պատասխանը իսկույն ևեթ կազմեցինք։ Ես բառ առ բառ հիշում եմ դավանափոխին թելադրածիս բովանդակությունը, որովհետև այդ անցքի ոչ մի էական մանրամասնություն չի ջնջվել իմ հիշողությունից և, հավանական է, չի ջնջվի ցմահ։ Ահա թե ես ինչ պատասխանեցի․
<i>«Ճշմարիտ ալլահը թող պահպանի քեզ, տիրուհիդ իմ, նրա հետ էլ օրհնյալ Մարիենը, տիրոջ ճշմարիտ մայրը, որը քո սրտի մեջ քրիստոնյաների երկիրը գնալու փափագ է դրել, որովհետև քեզ շատ է սիրում։ Աղոթիր, որ նա քեզ հասկացնի տեղ հասնելու միջոցները՝ նա այնքան բարի է, որ կանի ։ Իմ կողմից ես հետս եղած բոլոր քրիստոնյաների անունից խոստանում եմ անել քեզ համար ամենը, ինչ որ մեր ուժը պատի, անգամ եթե հարկ լինի մեռնել քեզ համար։ Գրիր ինձ և հաղորդիր, թե ինչ ես մտադիր անելու, և ես քեզ իսկույն կպատասխանեմ, որովհետև մեծն Ալլահը մեզ մի գերի է ուղարկել, որ գիտե քո լեզվով խոսել և գրել, ինչպես որ դու կարող ես համոզվել այս նամակից։ Այսպիսով, դու աներկյուղ կարող ես հաղորդել մեզ, ինչ որ կամենաս։ Գալով քո խոսքերին, թե քրիստոնեական երկիրը հասնելուն պես կուզենայիր իմ կինը լինել, ապա խոստանում եմ այդ քեզ, իբրև բարի քրիստոնյա և, իմացած եղիր, որ քրիստոնյաները ավելի լավ են կատարում իրենց խոստումը, քան մավրերը։ Թող պահպանի քեզ Ալլահն ու Մարիենը, նրա մայրը»։</i>
Նամակը գրելուց և ներփակելուց հետո ես երկու օր սպասեցի, մինչև որ բանյոն դատարկվեց, ապա թե կանգնեցի կտերը սովարական տեղում, սպասելով եղեգի երևալուն, որ և չհապաղեց երևան գալու։ Թեև ես չէի կարողանում նշմարել, թե ով է կանգնած վարագույրի ետևը, բայց, տեսնելով եղեգը, ես ցույց տվի նամակը, դրանով հասկանալ տալով, որ խնդրում եմ թելն իջեցներ։ Թելն արդեն կապած էր եղեգին, և ես նրանով կապեցի նամակը։ Պահ մի անց, մեր աստղ եղեգը դարձյալ երևաց, և նրա ծայրին թաշկինակ էր կապած՝ որպես խաղաղության ճերմակ դրոշ։ Վայր ընկավ թե չէ, ես բարձրացրի և թաշկինակի մեջ գտա ավելի քան հիսուն էսկուդո այլևայլ ոսկի և արծաթ դրամներով։ Դա հիսուն անգամ բազմապատկեց մեր ուրախությունն ու ամրապնդեց ազատվելու հույսը։ Նույն գիշերը վերադարձավ մեր դավանափոխը և ասաց մեզ, թե իր տեղեկությունների համեմատ այդ տանն, իրոք, ապրում է այն իսկ մավրը, Հաջի Մորատո անունով, որի մասին մեզ ասել էին, թե չափազանց հարուստ է և թե մի հատիկ աղջիկ ունի՝ իր ողջ կարողության ժառանգորդուհին։ Ողջ քաղաքը միաբերան հավատացնում է, որ նա բովանդակ Բերբերիայում ամենագեղեցիկ աղջիկն է։ Շատ փոխարքաներ եկել էին հարսնախոսության, բայց նա համառ կերպով հրաժարվել է մարդու գնալուց։ Դավանափոխն այլև իմացել էր, որ նա քրիստոնյա ստրկուհի է ունեցել, որը մի քանի տարի առաջ վախճանվել է։ Բոլոր այդ տեղեկությունները համապատասխանում էին մեր իմացածին նամակից։
Մենք խորհրդակցեցինք դավանափոխի հետ, թե ինչպես փախցնենք մավրուհուն և նրա հետ քրիստոնեական հողը փախչենք և, ի վերջո վճռեցինք սպասել Զորաիդայից երկրորդ լուրի։ Այդպես էր նրա անունը, որ այժմս կամենում է կոչվել Մարիամ։ Մեզ համար պարզ էր, որ միմիայն նա կարող է օգնել մեզ՝ գտնելու ելք մեր դժվարություններից և ուրիշ ոչ ոք։ Այստեղ էլ մենք կանգ առանք, և դավանափոխն սկսեց հավատացնել մեզ, որ ինքը պատրաստ է կործանվելու, միայն թե ազատի մեզ։ Չորս օր բանյոն լիքն էր մարդկանցով, այդ պատճառով էլ չորս օրվա ընթացքում եղեգը չէր երևում։ Վերջապես, երբ որ բանյոն դարձյալ դատարկվեց, եղեգը կրկին երևաց։
Այս անգամ կշկիռը այնքան հաստափոր էր, որ կարծես ավետում էր, թե շատ հաճելի կազատվի ծանրությունից։ Բացի նամակը ես գտա հարյուր էսկուդո ոսկեդրամ։ Դավանափոխը հետս էր։ Մենք քաշվեցինք մեր բնակարանն ու կարդալ տվինք նամակը, որ նա թարգմանեց այսպես․
<i>Ես չգիտեմ, տեր իմ, ինչ անենք, որ փախչենք Իսպանիա, ազատվենք, Լելա Մարիենն էլ ինձ բան չասաց, թեև նրանից հարցրել եմ։ Բայց ահա թե ինչ կարող ենք անել՝ ես լուսամուտից կհանձնեմ ձեզ շատ֊շատ ոսկի, իսկ դուք վճարեցեք ձեզ և ձեր բարեկամների համար փրկանք և ազատվեցեք։ Թող ձեզնից մեկն ու մեկը գնա քրիստոնեական երկիրը, գնի այնտեղ մի թեթև նավ և վերադառնա մնացյալների ետևից։<ref>Բոլորովին նույնպիսի մի ծրագիր փորձել է իրականացնել Սերվանտեսը 1572 թվին՝ մավրերի մոտ գերի եղած ժամանակ, բայց անհաջող։ Նրա եղբայր Ռոդրիգոն, փրկանքով ազատվելով, պետք է նեղանավակով (ֆելյուգա) վերադառնար իր ընկերների մոտ։</ref> Իսկ ինձ դուք կգտնեք քաղաքից դուրս, Բաբոզոնյան դարպասի մոտ՝ հորս տանը, որ հեռու չէ ծովափից։ Այնտեղ եմ անցկացնելու ամառը հորս և ծառաներիս հետ։ Այնտեղից դուք հեշտությամբ կարող եք փախցնել ինձ և նավով հետներդ տանել։ Չմոռանաս, որ դու պիտի ամուսնանաս ինձ հետ, իսկ եթե չանես այդ, ես կխնդրեմ Մարիենից, որ քեզ պատժի։ Եթե նավի գնումը դու ոչ ոքի չես կարող վստահել, ապա փրկանք տուր և ազատվիր և ինքդ գնա։ Ես գիտեմ որ դու կվերադառնաս ավելի հաստատ, քան որևէ ուրիշը, որովհետև դու ազնվական և քրիստոնյա ես։ Աշխատիր մեր այգու տեղն իմանալ։ Երբ որ դու բակում անց ու դարձ անելու լինես, ես գլխի կընկնեմ, որ ուրեմն բանյոյում մարդ չկա և քեզ շատ փող կտամ։ Թող ալլահը պահպանի քեզ, տեր իմ»։</i>
Ահա թե ինչն էր բովանդակությունն ու ինչպես էր հնչում երկրորդ նամակը։ Հենց որ ընկերներս ծանոթացան, ամեն մեկն սկսեց թախանձել, որ իրեն ազատենք՝ խոսատանալով գնալ և ճիշտ ժամանակին վերադառնալ։ Նույնն առաջարկեցի նաև ես։ Սակայն դավանափոխը հակառակեց, ասելով թե ոչ մի դեպքում թույլ չի տա, որ մեկն ու մեկը մյուսներից առաջ ազատվի, թե նա փորձով գիտե, որ ազատվողները վատ են կատարում գերության մեջ տված խոստումները։ Քանի՜֊քանի՜ անգամ ազնվական գերիները դիմել են այդ միջոցին՝ ազատելով մեկին և նրան փող տալով ուղարկել են Վալենսիա կամ Մայորկա, որպեսզի նա այնտեղ նավակ դրստի և նրանով գա մնացյալների ետևից, և գնացածները երբեք չեն վերադարձել, որովհետև ազատություն ձեռք բերելու ուրախությունը և կրկին կորցնելու երկյուղը ստիպում են նրանց մոռացության տալ աշխարհիս բոլոր պարտականությունները։ Եվ, ի հաստատություն իր խոսքերի, նա կարճառոտ պատմեց մեզ մի դեպք, որ շատ նոր էր պատահել մի քրիստոնյա կաբալյերոյի։ Եվ թեև այդ երկրում ամեն քայլափոխում պատահում են սարսափելի և զարմանալի անցք ու դեպքեր, այնուհանդերձ այստեղ էլ այդ դեպքը արտասովոր թվաց։<ref>Ակնարկ է Սերվանտեսի փախստյան անհաջող փորձի պատմության։</ref> Ի վերջո նա ասաց, որ կարելի և կարևոր է անել հետևյալը՝ մեզնից մեկն ու մեկի համար հատկացված փրկանքը տանք իրեն, հենց այստեղ, Ալժիրում նավակ գնելու համար, իբրև թե Տետուանի և բոլոր առափնյա վայրերի հետ առևտուր անելու նպատակով։ Լինելով այդ նավակի տերը՝ նա հեշտությամբ կարող է մեզ բոլորիս դուրս բերել բանտից և նստեցնել մեջը։ Մանավանդ, եթե մավրուհին իր խոսքի տեր լինի և փող տա, որ բոլորիս ազատի։ Դուրս գալով բանտից մենք կարող կլինենք նավակ նստել՝ անգամ օրը ցերեկով։ Դժվարությունն այն է, որ մավրերը թույլ չեն տալիս դավանափոխներին ո՛չ գնել, ո՛չ էլ ունենալ որևէ նավ, բացի մեծ նավերից, որովհետև նրանք երկյուղ են կրում, որ նավակ ձեռք բերողը, մանավանդ եթե իսպանացի է, մտքումը դրած կլինի քրիստոնեական երկիր փախչելու։ Սակայն դավանափոխը հույս ուներ այդ դժվարությունն էլ հաղթահարելու՝ մի մավր֊տագարինի<ref>Տագարիններ (արաբերեն տեգրի բառից, նշանակում է «սահմանապահ») կոչվում էին այն մավրերը, որոնք1492 թվից հետո մնացել էին Իսպանիայում և խառնվել տեղական ազգաբնակչության հետ։ Ստորև, (հաջորդ գլխի սկզբում) Սերվանտեսը նվազ ստույգ է տալիս այդ տերմինի բացատրությունը։</ref> հետ կիսով գնելով և տալով նրան առևտրական շահի կեսը։ Այդ պատրվակով նա կդառնա նավի տերը, ապա թե ամեն ինչ ինքն իրեն կընթանա։
Ինձ և իմ ընկերներին ավելի խոհեմ էր թվում մեկն ու մեկին Մայորկա ուղարկել նավակ գնելու համար, ինչպես մավրուհին էր խորհուրդ տալիս, սակայն մենք սիրտ չարինք հակառակել դավանափոխին, վախենալով, որ եթե մենք նրա ցանկությունը կատարելու չլինենք, նա մեզ կմատնի և բաց կանի մեր համաձայնությունը Զորաիդայի հետ։ Այն ժամանակ մենք էլ կկործանվենք և կկործանենք նրան, որի համար պատրաստ ենք մեռնելու։ Այսպիսով, մենք վճռեցինք ապավինել Աստծուն ու դավանափոխին։ Իսկույն ևեթ մենք հաղորդեցինք Զորաիդային, որ կկատարենք նրա բոլոր պատվիրանները, որովհետև այնքան բանական են նրանք, որ թվում է, թե ինքը Լելա Մաիենն է ներշնչել և նրանից է կախված՝ հետաձգե՞լ այդ գործը, թե՞ անհապաղ ձեռնամուխ լինել։ Ի վերջո ես կրկին առաջարկեցի նրան իմ կինը դառնալ։ Եվ ահա, հետևյալ օրը, երբ որ բանյոն պատահաբար դարձյալ դատարկ էր, նա մի քանի նվագ եղեգի և թաշկինակի օգնությամբ մեզ հանձնեց երկու հազար ոսկի էսկուդո, հետն էլ նամակ, որի մեջ ասված էր, որ առաջիկա Ջումա օրը, այսինքն՝ ուրբաթ, նա տեղափոխվում է հոր տունը՝ քաղաքից դուրս և որ մինչև գնալը նա մեզ էլի փող կտա, իսկ եթե այդ գումարները հերիք չտան, բավական է, որ մենք իրեն իմաց անենք և նա մեզ համար կճարի՝ որքան մենք կամենանք, որովհետև նրա հայրը այնքան շատ փող ունի, որ կորուստը չի էլ նկատի, մանավանդ, որ բոլոր բանալիները իր ձեռքին են։
Մենք իսկույն տվինք դավանափոխին հինգ հարյուր էսկուդո, որ նավակ առնի։ Ութ հարյուր ես հանձնեցի մի վալենսիացի վաճառականի, որ այն միջոցում Ալժիրում էր, և նա ազատեց ինձ, խոստանալով թագավորին փրկանքը վճարել, հենց որ նավ գա Վալենսիայից։ Միանգամից վճարել նա սիրտ չարեց, որովհետև թագավորը կարող էր կասկածել, որ իմ փրկանքը վաղուց հետև իր մոտ պահված է եղել և նա լռել է այդ մասին՝ կամենալով շահվել դրանից։ Մի խոսքով, իմ տերն այնքան կասկածկոտ էր, որ ես ոչ մի դեպքում չէի կարող փրկանքը վճարել նրան անմիջապես։ Ուրբաթ օրը Զորաիդան պետք է գնար քաղաքից դուրս գտնվող տունը, իսկ հինգշաբթի նա մեզ մեկ հազար էսկուդո ևս հանձնեց և հաղորդեց իր մեկնելու մասին, խնդրելով, որ ես ծանոթանամ այն տան տեղադրությանը, հենց որ փրկանքը մուծեմ և հնար գտնեմ նրա հետ տեսակցելու։ Ես նրան կարճ պատասխանեցի, որ նրա ցանկությունը կկատարեմ և խնդրում եմ դիմել Լելա Մարիենին այն բոլոր աղոթքներով, որ նրան սովորեցրել է ստրկուհին։ Այնուհետև ես փրկանք վճարել տվի մեր բոլոր երեք ընկերների համար, որպեսզի բանյոյից մեր դուրս գալը դյուրանա և որպեսզի նրանք չհուզվեն։ Որովհետև, տեսնելով, որ ինձ համար փրկանքը վճարված է, իսկ նրանց համար ոչ, թեև փողը դրա համար բավական էր, ― նրանք կարող էին ենթարկվել դիվային գայթակղության և որևէ կերպ վնասել Զորաիդային։ Ճիշտ է, ես նրանց շատ լավ էի ճանաչում, որպեսզի երկյուղ կրեի դրանից, այնուհանդեձ ես չէի կամենում վտանգի ենթարկել մեր գործը։ Ուստի ես նրանց համար փրկանքը մուծեցի նույն ձևով, ինչ որ ինձ համար։ Փողը հանձնեցի վաճառականին, որ կատարյալ վստահությամբ և միանգամայն անվատանգ երաշխավորվեց։ Սակայն մենք մեր գաղտնի ծրագիրը բաց չարինք նրան, որովհետև այդ վտանգավոր էինք համարում։