Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2548 բայտ, 18:45, 21 Մայիսի 2015
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
— Կարծես թե այո,— ասաց Ֆրոդոն,— բայց փոխարենը ձիերն էին լավ տեսնում: Իսկ այս թևավոր արարածները, հավանական է, ցանկացած գիշակեր թռչունից էլ լավ են տեսնում: Իրականում հենց գիշակերի էլ նման են, միայն թե շատ մեծ են: Նրանք ինչ-որ բան են փնտրում: Թշնամին զգոնացել է:
 
Սարսափի զգացողությունը չքացավ, բայց և լռության գմբեթն էլ ասես չէր էլ եղել. քիչ առաջ հոբիթները կտրված էին ամբողջ աշխարհից, ասես թաքնված լինեին անտեսանելի, ապահով կղզյակում, իկ հիմա զգում էին, որ կրկին խոցելի են բոլոր կողմերից: Անհանգստության զգացումը վերադարձել էր, իսկ Ֆրոդոն դեռևս ոչինչ չէր որոշել: Նրա աչքերը փակ էին. նա կամ ննջում էր, կամ խորհրդակցում ինքն իր հետ՝ սպասելով խորհրդի սրտից կամ հիշողությունից: Վերջապես նա շարժվեց ու ոտքի կանգնեց. թվում էր, թե պատրաստվում է հայտարարել իր որոշումը: Բայց նա ասաց.
 
— Լսու՞մ եք: Այս ի՞նչ է:
 
Վախենալու առիթ կար, նոր փորձանք էր սպասվում: Հստակ երգեցողություն և խռպոտ ճիչեր էին լսվում՝ սկզբում հեռվից, ապա ավելի ու ավելի մոտիկ: Բոլորի գլխում նույն միտքը փայլատակեց. Սև Թևերը նկատել են իրենց և զինված մարտիկներ ուղարկել: Թեպետ նրանք շատ արագ հայտնվեցին, բայց դա ոչ ոքի չզարմացրեց. Սաուրոնի սարսափելի սպասավորների համար, թվում էր, անկարելի ոչինչ չկա: Հոբիթներն ու Գոլլումը կպան գետնին ու ականջ դրեցին: Զենքերի շաչունն ու ձայներն արդեն լսվում էին շատ մոտիկից: Ֆրոդոն ու Սեմը ձեռքները տարան սրերին. նահանջելու տեղ չկար:
 
Գոլլումը սարդի պես սողաց դեպի խոռոչի եզրը, առանց գլուխը դուրս հանելու զգուշությամբ դուրս նայեց երկու քարերի արանքից և քարացավ՝ անշարժ, անձայն: Այդ ընթացքում ձայները սկսեցին հեռանալ, թուլանալ և վերջապես լռեցին: Մորանոնի պարսպի վրայից լսվեց եղջերափողի ձայնը: Գոլլումն անձայն վերադարձավ:
 
— Նորից մարդիկ են Մորդոր գնում,— ցածրաձայն ասաց նա:
 
 
Վստահելի
1342
edits