Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 26 243 բայտ, 13:52, 22 Մայիսի 2015
/* Գլուխ XLI */
Ահա և իմ ամբողջ պատմությունը, սինյորներ։ Ինքներդ դատեցեք, թե որքան երևելի ու հաճելի է։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ ես կկամենայի ձեզ ավելի կարճառոտ պատմած լինել, թեև ձեզ ձանձրացնելու երկյուղը առանց այն էլ ստիպեց ինձ մի քանի մանրամասներ դուրս գցելու։
 
 
==Գլուխ XLII==
 
Ուր պատմվում է, թե ինչ պատահեց իջևանում և շատ ուրիշ հիշարժան բաներ
 
 
Գերին լռեց, իսկ դոն Ֆերնանդոն ասաց․
 
― Ճշմարտապես, սինյոր կապիտան, ձեր զարմանալի արկածների պատմելու արվեստը հավասար է նրանց արտասավորության։ Ձեր պատմությունը՝ հազվագյուտ, արտասովոր, անակնկալներով լի, հիացնում ու հափշտակում է ունկնդիրներին։ Ձեր զրույցից ստացած մեր հաճույքը այնքան մեծ է, որ եթե անգամ մինչև արշալույս տևելու լիներ, այդ դեպքում էլ մենք պատրաստ կլինեինք լսել սկզբից մինչև վերջ։
 
Այս խոսքերից հետո դոն Ֆերնանդոն, Կարդենիոն և բոլոր մնացյալները սկսեցին առաջարկել գերուն իրենց ծառայությունը այնպիսի սրտագին ու անկեղծ արտահայտություններով, որ կապիտանը զգացվեց նրանց բարեկամական պատրաստակամությունից։ Մասնավորապես դոն Ֆերնանդոն առաջարկեց գերուն գնալ իր հետ, խոստանալով այնպես սարքել, որ իր եղբայր մարկիզը Զորաիդայի կնքահայրը լինի, իսկ ինքն իր հերթին ամեն անհրաժեշտ բան կանի, որպեսզի կապիտանը կարողանա վերադառնա իր կողմերը պատվով ու միջոցներով, ինչպես վայել է նրա կոչմանը։ Գերին սիրալիր շնորհակալություն հայտնեց այդ բոլոր վեհանձն առաջարկությունների համար, սակայն նրանցից ոչ մեկը չընդունեց։
 
Մինչ այս, մինչ այն, արդեն գիշերը վրա էր հասել և երբ բոլորովին մթնել էր, պանդոկի մոտ կանգ առավ մի կառք՝ շրջապատված մի քանի ձիավորներով։ Նրանք սենյակ պահանջեցին, իսկ պանդոկպանի տանտիկինը պատասխանեց, թե ողջ հյուրանոցում ոչ մի ազատ անկյուն չկա։
 
― Ինչ ուզում է լինի, ― հայտարարեց ձիավորներից մեկը, ― իսկ սինյոր աուդիտորի<ref>Աուդիտոր ― դատավորի վաղեմի կոչումը (անունը):</ref> համար, որին մենք ուղեկցում ենք, մի տեղ կգտնվի։
 
Այդ որ լսեց տանտիկինը, շփոթվեց և ասաց․
 
― Բանն այն է, սինյոր, որ մենք ոչ մի մահճակալ չունենք, բայց եթե նորին որղորմածություն սինյոր աուդիտորը, ինչպես ես ենթադրում եմ, հետը բերել է իր անկողինը, ապա խնդրում եմ՝ համեցեք։ Նորին ողորմածությանը հաճելի լինելու համար մենք՝ ամուսնուս հետ, կզիջենք նրան մեր սենյակը։
 
― Շատ բարի, ― ասաց ձիապանը։
 
Այդ միջոցին կառքից արդեն դուրս էր եկել մի մարդ, որի զգեստից կարելի էր իսկույն հետևցնել նրա աստիճանի և կոչումի մասին։ Նրա երկար քղամիդը և ծալքավոր թևերը ցույց էին տալիս, որ ծառան ճշմարիտ էր ասել և, որ նա, իրոք, աուդիտոր էր։ Նա բռնել էր մի տասնվեց տարեկան, ճամփորդական հագուստ հագին աղջկա ձեռքից՝ այնքան սիրունիկ, ազնիվ ու նրբին, որ նրա տեսքից բոլորը հիացած մնացին։ Եվ եթե նրանք նախքան այդ տեսած չլինեին Դորոթեային, Լյուսինդային և Զորաիդային, ապա, անշուշտ, կվճռեին, թե դրա պես մի ուրիշ գեղեցկուհի դժվվար թե գտնվի աշխարհիս երեսին։
 
Դոն Կիխոտը, որ դիտում էր աուդիտորի և աղջկա գալուստը, ասաց․
 
― Ձերդ ողորմածությունն աներկյուղ կարող է ներս մտնել և տեղավորվել այս դղյակում։ Ճիշտ է՝ նեղ ու անհարմար կլինի, բայց աշխարհիս երեսին չկա այնպիսի նեղվածություն ու անհարմարություն, որ չնահանջեին ռազմական արվեստի և գիտությանց դեմ, մանավանդ երբ ռազմական արվեստի և գիտությանց մունետիկը գեղեցկությունն է։ Ձերդ ողորմածության գիտնականությանը նախորդում է այդ աղջկա գեղեցկությունը, որի առջև ոչ միայն դղյակները պիտի բացվեն, այլ փլչեն ժայռերը, ճաքեն ու ճեղքվեն լեռները, որ նրան արժանավոր կերպով ընդունեն։ Դե, ներս մտեք այս դրախտը, ձերդ ողորմածություն, որտեղ դուք արև ու աստղեր կգտնեք, որոնք կզարդարեն երկինքը, որ դուք բերել եք հետներդ։ Այստեղ դուք կգտնեք ռազմական արվեստը իր ողջ փայլով և գեղեցկությունը՝ կատարելության մեջ։
 
Աուդիտորը, զարմացած դոն Կիխոտի ճառերից, սկսեց ուշի֊ուշով զննել նրան, և ասպետի արտաքինը նրան ոչ պակաս զարմացրեց, քան խոսքերը։ Սակայն նախքան նա պատասխանելու բան գտավ, նա կրկին զարմացած մնաց, երբ որ նրա առջև երևան եկան Լյուսինդան, Դորոթեան և Զորաիդան, որոնք, տեղեկանալով նոր հյուրերի գալստյան մասին և տանտիկնոջից լսելով չքնաղ անծանոթուհու մասին, դուրս էին եկել, որ դիմավորեն և տեսնեն նրան։ Նույն պահին դոն Ֆերնանդոն, Կարդենիոն ու քահանան նուրբ ձևերով ու քաղաքավարությամբ սկսեցին առաջարկել աուդիտորին իրենց ծառայությունը։ Վերջ ի վերջո սինյորը ներս մտավ, սաստիկ շփոթված տեսածից ու լսածից, և պանդոկում հավաքված գեղեցկուհիները ողջունեցին չքնաղ ճամփորդուհուն։ Աուդիտորն, իհարկե, չէր կարող չնկատել, որ նրան շրջապատող մարդիկ բոլորն էլ ազնվական ծագում ունեին։ Բայց դոն Կիխոտի արտաքինը, դեմքն ու շարժումները նրան տարակուսանքի մեջ էին գցում։ Բազմաթիվ սիրալիր առաջարկներ փոխանակելուց և շենքը նայելուց հետո մեր հասարակությունը մնաց իր նախկին որոշման վրա, այն է՝ բոլոր տիկինները պետք է գիշերեին արդեն հիշատակված սենյակում, իսկ տղամարդիկ մնային սրահում և նրանց անդորրը պահպանեին։ Աուդիտորը թույլ տվեց դեռատի աղջկան (որ իր դուստրն էր) տեղավորել մնացյալ տիկինների հետ, և աղջիկն ընդունեց այդ ամենայն սիրով։ Պանդոկպանի մահճակալն ու աուդիտորի անկողնի կեսն իրար կցելով՝ տիկինները գիշերելու ավելի հարմար տեղ գտան, քան ենթադրում էին։
 
Հենց որ գերին տեսավ աուդիտորին, նրա սիրտը բաբախեց, որովհետև նրան թվաց, որ նրա մեջ ճանաչեց իր եղբորը։ Նա հարցրեց ծառաներից մեկից, թե ինչպես է նրա տիրոջ անունը և չգիտի՞ նա արդյոք՝ որն է նրա ծննդավայրը։ Ծառան պատասխանեց, որ իր տերը լիցենցիատ Խուան Պե՛րես դե Վիեդման է և որ նրա ծննդավայրը, կարծյոք, ինչ֊որ փոքրիկ ավան է Լեոն լեռներում։ Այս տեղեկությունը սեփական աչքերով տեսածի հետ, վերջնականապես համոզեց նրան, թե աուդիտորը իր եղբայրն է, որ հետևել է հոր խորհուրդին և գնացել է գիտնականի ճամփով։ Հուզված և ուրախացած՝ գերին մի կողմ կանչեց դոն Ֆերնանդոյին, Կարդենիոյին և քահանային և հաղորդեց նրան պատահածի մասին՝ հավատացնելով նրանց, որ աուդիտորը իր հարազատ եղբայրն է։ Ծառան պատմեց նույնպես, որ աուդիտորը պաշտոն է ստացել Ամերիկայում, Մեքսիկայի գավառում, որ հետը ճամփորդող աղջիկը նրա դուստրն է, որը ծնվել է մոր կյանքի գնով։ Կինը մեծ օժիտ է բերած եղել հետը, և հիմա նա շատ հարուստ է։ Գերին բարեկամներից խորհուրդ խնդրեց, թե ինչպես բացվի եղբոր առջև, և ավելի լավ չէ՞ր լինի արդյոք նախապես իմանալ՝ կընդունի իրեն գրկաբա՞ց, թե՞, ընդհակառակը՝ կամաչի՝ տեսնելով եղբորը աղքատ վիճակում։
 
― Թողեք, որ ես անեմ այդ փորձը, ― ասաց քահանան, ― նամանավանդ, որ ես հեռու եմ այն մտքից, որ ձեր եղբայրը կարող է վատ ընդունել ձեզ։ Որովհետև նրա բոլոր վարվեցողության մեջ այնքան ազնվություն է երևում և խելամտություն, որ բնավ չի կարելի կասկածել նրան գոռոզության ու անսրտության մեջ՝ անշուշտ, նա ունակ կլինի ըմբռնելու բախտի փոփոխականությունը։
 
― Ես դարձյալ կկամենայի, ― առարկեց կապիտանը, ― ո՛չ թե անմիջապես բացվել, այլ զարտուղի ճանապարհով։
 
― Կրկնում եմ, ― պատասխանեց քահանան, ― ես այնպես կանեմ, որ մենք բոլորս էլ գոհ մնանք։
 
Մինչ այս, մինչ այն, ընթրիքը բերին և բոլորը բոլորեցին սեղանի շուրջը, բացի գերուց ու տիկիններից, որոնք առանձին էին ընթրում իրենց սենյակում։ Ընթրիքի միջոցին քահանան ասաց․
 
― Կոստանդնուպոլսում, որտեղ ես գերության մեջ եմ մնացել մի քանի տարի, մի բարեկամ ունեի, որ կոչվում էր այնպես, ինչպես և ձերդ ողորմածությունը, սինյոր աուդիտոր։ Իսպանական բովանդակ բանակում նա ամենաարի զինվորն ու կապիտանն էր, բայց նրա ուժն ու արիությունը հավասր էին նրա դժբախտություններին։
 
― Իսկ այդ կապիտանի անունն ի՞նչ էր, ― հարցրեց Աուդիտորը։
 
― Նրա անունը, ― պատասխանեց քահանան, ― Ռուի դե Վիեդմա էր, ծննդավայրը ինչ֊որ ավան Լեոնի լեռներում։ Նա ինձ արեց իր հոր ու երկու եղբայրների պատմությունը, այն տեսակ մի պատմություն, որ եթե հավատացած չլինեի բարեկամիս ճշմարտախոսության մեջ, ես հեքիաթ կհամարեի՝ օջախի շուրջը ձմեռ ժամանակ պառավ կանանց պատմածների պես։ Նրա հայրը բաժանած է եղել իր ամբողջ կարողությունը երեք որդիների միջև և Կատոնից առավել իմաստուն խորհուրդներ տվել։ Իմ բարեկամը ռազմական ուղի էր ընտրել և այնպես հաջողել, որ մի քանի տարվա ընթացքում, միմիայն իր արիության ու քաջության շնորհիվ, միմիայն իր արժանիքների օգնությամբ հետևակ զորքի կապիտանի աստիճանի էր հասել և նա գնդապետ կարգվելու ճիշտ ճամփի վրա էր։ Սակայն այն իսկ վայրկյանին, երբ նա հաջողության հույս ուներ, բախտը դավաճանեց նրան՝ նա կորցրեց բախտը, հետն էլ ազատությունը ա՛յն օրհնված օրը, երբ շատերը ձեռք բերին, խոսքս՝ Լեպանտոյի ճակատամարտի մասին է։ Ես գերի ընկա Գոլետայում և հետագայում, չարքաշ կյանքից հետո բախտը մեզ միացրեց Կոստանդնուպոլսում։ Այստեղից նա ընկավ Ալժիր, որտեղ պատահեց աշխարհիս երեսին տեղի ունեցած դեպքերից ամենաարտասովորը։
 
Շարունակելով իր պատմությունը՝ քահանան սեղմ ու կարճառոտ հաղորդեց աուդիտորին այն ամենը, ինչ պատահել էր նրա եղբոր ու Զորաիդայի միջև։ Աուդիտորը լսում էր այնպիսի ուշադրությամբ, որ կարծես թե երբեք աուդիտոր եղած չլիներ բառիս լիակատար իմաստով։<ref>Աուդիտոր իսպաներեն ասվում է oidor, բառացի՝ «ուշադրությամբ լսող»։</ref> Քահանան հասավ մինչև այն տեղը, երբ ֆրանսիացիք կողոպտեցին մեր փախստականներին նավակում և նկարագրեց, թե ինչ չքավորության և աղքատության մեջ մնացին նրա բարեկամն ու չքնաղ մավրիտանուհին։ Իսկ թե ինչ է եղել հետո ― հաջողվե՞լ է արդյոք նրանց հասնել Իսպանիա, թե՞ ֆրանսիացիք տարել են հետները Ֆրանսիա ― մնում է անհայտ։
 
Գերին, կանգնած մեկուսի, լսում էր քահանայի զրույցը և ուշադիր հետևում իր եղբոր շարժումներին։ Վերջինս, համբերելով մինչև պատմության վերջը, խոր հոգվոց քաշեց և արտասվաթոր աչքերով բացականչեց․
 
― Եթե դուք իմանայի՜ք, սինյոր, թե ի՜նչ կարևոր լուրեր հաղորդեցիք դուք ինձ և ինչ խորը զգացված եմ ես։ Տեսնում եք, չնայած իմ բոլոր ցանկության՝ զուսպ ու հանգիստ մնալու, արցունքը մատնում է հուզմունքս։ Այդ քաջ կապիտանը, որի մասին դուք պատմեցիք, իմ ավագ եղբայրն է, ավելի արի, քան ես և մյուս եղբայրս և առավել վեհ մտածողության մարդ։ Նա ընտրեց պատվավոր և փառավոր ռազմական արվեստը, ― մեր հոր առաջարկած երեք ասպարեզներից մեկը, ― ինչպես դուք տեղյակ եք ձեր բարեկամի (ձեր ասելով հեքիաթանման) պատմությունից։ Ես գնացի գիտական ուղիով, Աստծու օգնությմաբ և իմ ջանասիրության շնորհիվ հասա այն կոչմանը, որ ներկայիս ունեմ։ Իսկ իմ կրտսեր եղբայրը ապրում է Պերու, որտեղ նա այնքան հարստացել է, որ ինձ ու հորս նրա ուղարկած փողերով նա ոչ միայն հատուցեց մի ժամանակ ստացած բաժինը, այլ հորս հնարավորություն տվեց երևան բերելու իրեն հատուկ առատաձեռնությունը, իսկ ինձ՝ վայելուչ և առանց պակասություն ապրելու՝ զբաղված գիտություններով և հասնելու պաշտոնի, որ ներկայիս ես ունեմ։ Հայրս կենդանի է, բայց մեռած է իմանալու համար, թե ինչ եղավ իր առաջնեկը և անխոնջ աղոթք է առաքում Աստծուն, որ մահը միջոց տա, մինչև որ տեսնի իր աչքի լույս տղին և ապա փակի իր աչքերը։ Մեկ բան է միայն զարմացնում ինձ՝ ինչո՞ւ իմ եղբայրը, այնքան խոհեմ լինելով, ոչ մի անգամ հորս չգրեց իր հաջողությունների մասին և ո՛չ էլ տառապանքների։ Չէ՞ որ եթե հայրս կամ մեզնից մեկն ու մեկը իմանար նրա գերության մասին, կարիք չէր լինի, որ նա սպասեր հրաշք եղեգին՝ փրկանք ստանալու համար։ Իսկ հիմա ինձ տագնապի մեջ է գցում այն միտքը, թե ֆրանսիացիք բա՞ց են թողել նրան, թե՞ սպանել՝ կողոպուտը թաքցնելու համար։ Ահա թե ինչու ես անուրախ եմ շարունակելու ուղիս, խնդությամբ սկսեցի և վիշտ ու ցավով եմ շարունակելու։ Օ՜, իմ բարի եղբայր, եթե ես իմանայի, թե որտեղ ես դու հիմա, ես կգտնեի քեզ և կազատեի քո տառապանքից անգամ սեփական տառապանքների գնով։ Օ՜, եթե մեկն ու մեկը ծեր հորս լուր բերեր, թե դու կենդանի ես ― անգամ եթե դու Բերբերիայի ամենաթաքուն խորխորաթներում լինեիր, ― հորս հարստությունը և իմը քեզ դուրս կբերեին այնտեղից։ Օ՜, չքնաղագեղ և վեհանձն Զորաիդա, ո՜վ կվարձատրի քեզ՝ եղբորս մատուցած շնորհների համար։ Ի՜նչ երջանիկ կլինեինք մենք՝ ներկա լինելով քո հոգու վերածնությանը<ref>Այսինքն՝ «նրա մկրտության ժամանակ»։</ref> և քո հարսանիքին։
 
Երկար֊երկար աուդիտորը խոսեց այս եղանակով՝ տխրած եղբորից առած լուրերից, բոլորն ունկնդրում էին նրան առանց իրենց կարեկցության զգացմունքը զսպել կարենալու։ Վերջապես քահանան, տեսնելով, որ իր ծրագիրը միանգամայն հաջողել է և որ կապիտանի ցանկությունը կատարված է, վճռեց, որ ժամանակ է նրանց ընդհանուր վիշտն ընդհատելու։ Նա վեր կացավ տեղից և, մտնելով սենյակ, որտեղ գտնվում էր Զորաիդան, բռնեց նրա ձեռքից։ Լյուսինդան, Դորոթեան և աուդիտորի աղջիկը հետևեցին նրանց։ Կապիտանն սպասում էր, թե հետո ինչ է անելու քահանան։ Վերջինս նրա ձեռքից էլ բռնեց և նրանց երկուսին տարավ այն սենյակը, որտեղ նստած էր աուդիտորը մնացած տղամարդկանց հետ։
 
― Սինյոր աուդիտոր, ― ասաց նա, ― այլևս լաց միք լինի։ Ձեր ցանկությունը պսակվում է աշխարհիս ամենամեծ բարիքով՝ ահա ձեր եղբայրը և բարի հարսը։ Ահա՝ կապիտան Վիեդման, ահա և չքնաղագեղ մավրիտանուհին, որ նրան այնքան բարիք է արել։ Ֆրանսիացիք, որոնց մասին ես ձեզ պատմեցի, նրանց թողել են թշվառական վիճակում, և դուք հիմա կարող եք դրսևորել ձեր բարի սրտի վեհանձնույթյունը։
 
Կապիտանը նետվեց, որ գրկի եղբորը, իսկ սա մի քիչ հեռու կացավ, դնելով ձեռները նրա կրծքին, որպեսզի ավելի լավ տեսնի և, ճանաչելով, այնպես ամուր գրկեց և այնքան սրտաշարժ լավ եղավ ուրախությունից, որ ներկա գտնվողներից շատերը նրա հետ լացին։ Թե ինչ ասացին եղբայրներն իրար և ինչ զգացմուքներ արտահայտեցին ― թվում է, թե, ոչ թե նկարագրել, այլ երևակայել անգամ անհնար է։ Կարճառոտ խոսքերով նրանք պատմեցին իրար իրենց կյանքից և համոզվեցին իրենց եղբայրական սիրո անփոփոխության մեջ։ Ապա աուդիտորը գրկեց Զորաիդային և առաջարկեց նրան իր տանը տանտիկին լինել։ Ապա հրամայեց, որ իր դուստրն էլ գրկի նրան։ Ապա չքնաղ քրիստոնեուհին և չքնաղագույն մավրիտանուհին նորից ստիպեցին բոլորին արտասվել։ Իսկ դոն Կիխոտը ոչ մի բան չասելով, ուշի֊ուշով հետևում էր բոլոր այս արտասովոր անցքերին և մեկնում էր նրանց իր ասպետական ցնդաբանությունների ոգով։ Որոշվեց, որ կապիտանն ու Զորաիդան աուդիտորի հետ կմեկնեն Սևիլյա, այնտեղից կհաղորդեն հորը, թե որդին փախել է գերությունից և գտնվել է և կխնդրեն, որ, եթե հնարավոր է, գա Սևիլյա, Զորաիդայի մկրտության ու հարսանիքին ներկա լինելու համար, ― որովհետև աուդիտորի համար անկարելի էր ուշանալու ճամփին, քանի որ տեղեկություն էր ստացել, թե մեկ ամսից Սևիլյաից նավատորմիղ է մեկնելու Նոր Իսպանիա և բաց թողնել այդ առիթը նրա համար ծայր աստիճան անհարմար կլիներ։
 
Բոլորը ուրախ և գոհ մնացին, որ գերու պատմությունը այսքան երջանիկ վախճանի հանգեց։ Մինչդեռ գիշերվա երեք քառորդն արդեն անցել էր, և որոշվեց մնացած ժամերը քնել ու հանգստանալ։ Դոն Կիխոտը ցանկություն հայտնեց պահպանել դղյակը, զգուշանալով, թե միգուցե որևէ հսկա կամ չարանենգ ոճրագործ, որի ագահությունը կարող էին գրգռել դղյակում պահված գեղեցկության մեծամեծ գանձերը, հարձակում գործի։ Դոն Կիխոտին բոլոր ճանաչողները շնորհակալություն հայտնեցին նրան և պատմեցին նրա տարօրինակությունների մասին աուդիտորին, որին մեծ զվարճություն պատճառեցին։ Միայն Սանչո Պանսան էր հուսահատված, որ բոլորն այդքան ուշ չեն պառկում քնելու և մենակ նա է մյուսներից ավելի հարմար տեղավորվել՝ մեկնվելով իր էշի սարքի վրա (մի բան, որ թանկ նստեց նրա վրա, ինչպես իր ժամանակին այդ պատմված կլինի)։ Տիկինները քաշվեցին իրենց սենյակը, տղամարդիկ տեղավորվեցին, ինչպես յուրաքանչյուրը կարողացավ, իսկ դոն Կիխոտը դուրս եկավ ճամփան, որպեսզի պահպանի դղյակը՝ համաձայն իր խոստման։
 
Եվ ահա, քիչ էր մնացել մինչև լուսաբաց, տիկինների ականջին հասավ մի ձայն, այնքան անուշ, հնչալուր, որ նրանք բոլորն էլ ակամա սկսեցին ականջ դնել, մանավանդ՝ Դորոթեան, որ, անկարող լինելով քնել, պառկած էր օրիորդ Կլարա դե Վիդեմայի կողքին (այդպես էր կոչվում աուդիտորի աղջիկը)։ Ոչ ոք չէր կարող կռահել, թե ով է այդքան լավ երգում՝ ձայնը հնչում էր մենակ, առանց որևէ գործիքի նվագակցության։ Մեկ թվում էր, թե բակում են երգում, մեկ՝ գոմում։ Մինչդեռ զարմացած տիկինները ուշի֊ուշով ունկնդրում էին, նրանց դռանը մոտեցավ Կարդենիոն և ասաց․
 
― Եթե դուք քնած չեք, ապա լսեցեք՝ երգում է ջորեպանը և, իսկապես, թովիչ է երգում։
 
― Այո՛, մենք լսում ենք, սինյոր, ― պատասխանեց Դորոթեան։
 
Կարդենիոն հեռացավ, իսկ Դորոթեան, ամբողջապես լսողություն դառած, լսեց հետևյալ երգը։
Ադմին, Վստահելի
1876
edits