Changes

Պատմություն եւ ճշմարտություն

Ավելացվել է 26 բայտ, 22:34, 2 Հունիսի 2015
Չմոռանանք, որ մեր հոգսը մեր պետությունն է` մեր ամեն ինչի միակ գրավականը։ Եվ եթե վախենում ենք գաղափարական ոլորտում ստի տարածումից, ապա այն պատճառով, որ սուտն ի զորու է խարխլել ցանկացած ամուր պետության հիմքերը։ ԽՍՀՄ֊ը դարձավ աշխարհի հզորագույն տերությունը, բայց ընդամենը 70 տարի գոյատևեց` ինքն իրեն փլուզվեց, որովհետև ստի վրա էր կառուցված (հիշենք Ձմեռային պալատի գրավումից մինչև ԽՍՀՄ֊ի ամենամարդասիրական պետություն լինելու մասին առասպելները)։ Առանց ճշմարտության երկիրն ապագա չունի։ Մեզ հարկավոր է ճիշտ կառուցել ապագա տանող ճանապարհը, համալրել այն ճշմարտության ուղենշաններով, որպեսզի խուսափենք կրկին փակուղի մտնելուց։ Այդպիսի ուղենշան են ծառայում ազգային գաղափարը, ազգային երազանքը, ազգային ծրագիրը, ազգային նպատակը։ Տեղին չենք համարում ստորև մանրամասնել բոլոր այս հասկացություններն առանձին֊առանձին, որովհետև մեր խնդիրն այլ է` հիշեցնել պարզապես, որ դրանք կառուցելիս ճշմարտությունը պետք է յուրաքանչյուրի համար որպես անկյունաքար գործածել։ Ընդ որում, նկատի ունենալով, որ ձևավորված ազգային նպատակը իմաստավորում է նաև անհատ մարդու կյանքը։ Սա չափազանց կարևոր հանգամանք է։ Կյանքի իմաստը ազգային նպատակն իրականացնելու մեջ տեսնող մարդը, քաղաքացին չի թողնի իր երկիրը, չի մտածի զուտ անձնական շահի մասին։ Կյանքը ինքնահոս ընթացքից կփոխակերպվի գիտակցաբար ընտրված գաղափարով առաջնորդվող ոլորտ, հասարակության զարգացումը կընթանա ոչ թե տարերային ջղաձգումներով, այլ կայուն վերընթացով։ Մարդը կարող է երջանիկ զգալ այն գիտակցությունից, որ իր «կյանքը նպաստում է համաշխարհային կամ ազգային զարգացման ընթացքին։ Այդ զգացմունքը և այդ երջանիկ ապրումը կարող է ծագել միայն այն դեպքում, երբ մենք գիտենք զարգացման ուղղությունը և համոզված ենք, որ մեր կյանքն էլ հարմարվում է այդ ուղղությանը»<ref>Հովհաննիսյան Է., Պետություն և իշխանություն, Երևան, 2002, էջ 13</ref>։
Հայ իրականության մեջ փորձ է արվում մարդկային կյանքը զուտ հայրենասիրական ոգորումների օրինակով համապատասխանեցնել ազգային զարգացման ընթացքին և ուղղությանը։ Սակայն հայրենասիրությունը զգացմունք է, որն անպայման պետք է գաղափարով սնված ու զինված լինի։ Իսկ գաղափարի բաղադրիչներից մեկն էլ պատմությունն է։ Թե՛ գաղափարը, թե՛ պատմությունը կյանքի համար են, և եթե գաղափարը կյանքի ուղենիշ է հանդիսանում, ապա պատմությունը կյանքին կենարար ուժ է հաղորդում։ Գերմանացի փիլիսոփա Դիլթայի եզրակացությամբ, «կյանքը, ըստ էության, նույնական է պատմության հետ, իսկ պատմությունն ընդամենը կյանք է` դիտարկված համամարդկային տեսանկյունից»<ref>Նիկողոսյան Մ., Վիլհելմ Դիլթայի «Ոգու մասին գիտությունների» համակարգի մեթոդաբանական արժեքը, «Վէմ» հանդես, թիվ 1, 2012, էջ 14</ref>։ Ըստ այսմ, քանի որ մարդկային գործունեությունը նպատակաուղղված է կյանքը կազմակերպելուն և բարելավելուն, ապա ճշմարտության որոնումները նույնպես, գիտակցաբար թե անգիտակցաբար, միտված են կյանքը կարգավորելուն։ Նա, ով ձգտում է ճշմարտության` բոլորովին ուրիշ կյանքով է ապրում, քան նա, ով ապրում է առանց ճշմարտության մասին մտածելու։ Ավետարանական խոսք է` «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»<ref>?Հովհաննես, 8, 32։</ref>։ Ներկա պահին, սակայն, մեզ հետաքրքրում է ոչ թե պատվիրանի կրոնական կամ փիլիսոփայական իմաստը, այլ որ` եթե որևէ տեղ ճշմարտություն գոյություն ունի, ապՀովհաննես, 8, 32ա նշանակում է, որ այն գոյություն ունի ընդհանրապես։ Հետևապես` պատմության մեջ մենք իրավունք չունենք կասկածի տակ առնելու նրա լինելությունը, այլ աներկբայորեն պիտի ընդունենք, որ ճշմարտությունը չափելի ու կշռելի է նաև պատմության մեջ և ամենևին էլ վերացական հասկացություն չէ։ Ճշմարտությունը մեզ կազատի անորոշությունից և կոնկրետություն կհաղորդի մեր կյանքին։ Ահա թե ինչու չի կարելի պատմությունը կեղծել` տուրք տալով անցյալի փառաբանությանը, և այդկերպ լցնել ներկա ժամանակի գաղափարական դատարկությունը։ Հարկավոր է պարզապես լինել սթափամիտ, բայց ոչ սառնասիրտ, ասել հասու ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, և ասել սիրելով հարազատ ժողովրդին, հայրենիքը, պետությունը։ Նկատի ունենանք, որ եթե «առավելապես ճշմարտության հեղինակությամբ է հնարավոր դառնում մարդկային հանրությունը միավորելու գործը, միավորելու որպես ներքնապես միասնական տեսակային միավոր»<ref>Շաքարյան Հ., Փիլիսոփայություն, Երևան, 2005, էջ 157</ref>, ապա տվյալ դեպքում սնամեջ պաթետիկան ուղղակիորեն կարող է դուռ բացել ազգային սնապարծության համար, որից այն կողմ, սակայն, լոկ տեսանելի ու անտեսանելի որոգայթներ են։
Անժխտելի է, որ ազգի համար նոր զանգ է հարկավոր ձուլել, բայց և հաստատ է, որ այն պետք է ձուլել համապատասխան մետաղից, որպեսզի նրա ղողանջը հնչի մեր հոգում։ Ապագա առաջնորդող ազգային գաղափարը պետք է հագեցած լինի միայն և միայն պատմական ճշմարտությամբ…