Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 28 790 բայտ, 17:17, 10 Հունիսի 2015
/* LV */
Կինը ծիծաղեց, բայց Ուլենշպիգելը ստպիված էր մեկնել։
 
 
===LVI===
 
 
Այդ ժամանակներում էր, որ Լամմե Գուդզակը վերադարձավ Դամմե բնակվելու, որովհետև Լիեժը հերետիկոսների պատճառով անհանգիստ էր։ Կինը հաճությամբ հետևեց նրան, որովհետև լլիեժցիները, որ ի բնե հայտնի ծաղրաբան են, ծաղրում էին նրա ամուսնու բարեհոգությունը։
 
Լամմեն հաճախ էր գնում Կլաասի մոտ, որը ժառանգություն ստանալուց հետո դարձել էր Blauwe Torre<ref>«Երկնագույն աշտարակ» (ֆլամանդ)։</ref> գինետան հաճախորդը և այդտեղ ընտրել էր մի սեղան իր և իր ընկերների համար։ Կողքի սեղանին էր նստում և ժլատորեն իր կիսալտրանոցն էր խմում ձկնավաճառների գծուծ, կծծի, ագահ համքարապետ Յոսե Գրեյպսթյուվերը, որն ապրում էր ապխտած տառեխով և փողն ավելի էր սիրում, քան իր հոգու փրկությունը։ Կլաասն իր քսակում էր պահում մագաղաթի այն կտորը, որի վրա գրված էր տասհազարամյա մեղաց թողությունը։
 
Մի երեկո Լամմե Գուդզակի, Յան վան Ռոզեբեկեի, Մաթիս վան Ասշեի հետ Blauwe Torre֊ում նստած, կոզքի սեղանին էլ Յոսե Գրեյպսթյուվերը, Կլաասը անհաշիվ խմում էր, և Յան Ռոզենեկեն ասաց նրան։
 
― Այդքան շատ խմելը մեղք է։
 
― Կլաասը պատասխանեց․
 
― Ամեն մի ավելրոդ գավի համար միայն կես օր են մարդու վառում, իսկ ես տասը հազար տարվա մեղաց թուղթ ունեմ իմ քսակում։ Ո՞վ է ուզում մի հարյուր տարի տամ նրան, որ կարողանա աներկյուղ կերպով լողացնել իր ստամոքսը։
 
― Քանիսո՞վ կվաճառես, ― գոռացին ամենքը։
 
― Մեկ գավի, ― պատասխանեց Կլաասը, ― բայց հարյուր հիսունը կտամ մի muske convn֊ի՝ ճագարի մի բաժնին։
 
Մի քանի խմող Կլաասին հրամցրին ո՛րը մի գավ գարեջուր, ո՛րը խոզապուխտ, Կլաասը ամեն մեկին կտրեց տվեց մագաղաթի մի փոքրիկ կտոր։ Բայց մեղաց թողության գինը Կլաասը չէր, որ կերավ ու խմեց, այլ Լամմե Գուդզակը․ սա այնքան կերավ, որ սկսեց աչքի առաջ փքվել, մինչդեռ Կլաասը գնում֊գալիս էր պանդոկում ու սաղացնում իր ապրանքը։
 
Գրեյպսթյուվեը նրա կողմը դարձնելով իր թթված մռութը՝ ասաց․
 
― Տասը օրվա համար ունե՞ս։
 
― Ոչ, ― պատասխանեց Կլաասը, ― շատ դժվար է այդքան կտրել։
 
Ամենքը սկսեցին ծիծաղել, իսկ Գրեյպսթյուվերը՝ բարկությունից ուտում էր իրեն։
 
Դրանից հետո Կլաասը ճանապարհ ընկավ տուն՝ Լամմեի ընկերակցությամբ, որն այնպես էր քայլում՝ ասես ոտքերը բրդե լինեին։
 
 
===LVII===
 
 
Իր տարագրության երրորդ տարվա վերջերին Կատլինը վերադարձավ Դամմե՝ իր կացարանը։ Նա անդադար ու խելացնոր կերպով կրկնում էր․ «Գլուխս վառվում է, հոգիս՝ թակում․ մի ծակ բաց արեք, նա ուզում է դուրս գալ»։ Եվ հենց որ եզ կամ ոչխար էր տեսնում՝ անմիջապես փախչում էր։ Նա նստում էր իր հյուղակի հետևը գտնվող նստարանի վրա՝ լորիների տակ, գլուխն օրորում էր ու առանց ճանաչելու նայում Դամմեի բնակիչներին, որոնք նրա առջևից անցնելիս ասում էին․ «Դա գիժ է»։
 
Ուլենշպիգելն այդ ժամանակ ճամփաներում ու կածաններում թափառելիս մեծ ճանապարհի վրա տեսավ մի էշ՝ պղնձե գամերով զարդարված թամբ ու սանձով, գլուխը պճնված կարմիր բրդի ծոպերով ու փնջիկներով։
 
Մի քանի պառավ կին էին կանգանած էշի շուրջը և բոլորը միասին խոսում էին ու ասում․
 
― Ոչ ոք չի կարող զսպել դրան․ սա անվանի կախարդ՝ դը Ռեի անիծյալ էշն է։ Բարոն դը Ռեն ողջ֊ողջ խարույկ բարձրացվեց՝ ութ երեխա սատանային զոհելու համար։
 
― Ո՛վ կանա՛յք, էշը այնքան արագ փախավ, որ չկարողացան բռնել։ Սատանան նրա հետ է և պաշտպանում է։ Դրա համար էր, որ նա, թեև հոգնած էր ու կանգնած ճանապարհի վրա, այնուամենայնիվ, երբ համայնքի ոստիկանները եկան բռնելու նրան, նա այնքան սաստիկ էր զարկվում, քացի տալիս ու զռում, որ նրանք չհամաձայնվեցին մոտենալ։
 
― Եվ դա բնավ էլ իշու զռոց չէր, այլ սատանայի մռնչոց։
 
― Այդպես էլ թողին, որ նա կրծի ուղտափուշը՝ առանց համարձակվելու դատել նրան և որպես կախարդ ողջ֊ողջ այրել։ ― Այդ մարդիկ ամենևին սրտոտ չեն։
 
Չնայած այս սրտապնդող խոսքերին, հենց որ էշը տնկում էր ականջները և պոչով հարվածում իր կողերը՝ կանայք ճվճվալով փախչում էին, որպեսզի շաղակրատելով ու կչկչալով նորից հավաքվեն ու դարձյալ թողնեն փախչեն՝ էշի նվազագույն շարժումը տեսնելով։
 
Ուլենշպիգելին դուր էր գալիս այս բոլորը․ նա ծիծաղում էր։
 
― Ինչպիսի՜ անվախճան հետաքրքրասիրություն և հավիտենական զրուցասիրություն է գետի պես հորդում այս կանանց, մանավանդ պառավների բերանից, որովհետև ջահելների մոտ հորդումը նվազ հաճախակի է՝ նրանց սիրային զբաղմունքների պատճառով։
 
Ապա էշին նայելով ասաց․
 
― Այս կախարդ անասունը կայտառ է և անշուշտ ուսերը չի ցնցում, կարող եմ հեծնել նրան կամ ծախել։
 
Եվ առանց մի խոսք ասելու գնաց մի քիչ առվյուտ ճարեց, տվեց էշին ուտի, ապա արագ ցատկելով նրա վրա՝ ձգեց սանձը և դարձավ դեպի հյուսիս, դեպի արևելք ու արևմուտք՝ հեռվից օրհնելով պառավներին։ Սարսափից նվաղած պառավները չոքեցին։ Այդ օրը իրիկնապահին նրանք ասում էին, որ փասյանի փետուրով զարդարված գլխարկով մի հրեշտակ եկել, իրենց բոլորին էլ օրհնել էր և աստծու հատուկ շնորհքով տարել էր կախարդի էշը։
 
Իսկ Ուլենշպիգելը աշտանակելով իր էշը՝ գնում էր փարթամ մարգագետինների միջով, ուր ազատ֊անկաշկանդ ոստոստում էին ձիերը, իսկ արածելուց հետո կովերն ու երինջները ծուլորեն պառկած էին արևի տակ։ Եվ էշի անունը դրեց Եֆ։
 
Էշն էլ կանգ առավ և խիստ ուրախացած՝ սկսեց ուղտափուշ ուտել։ Սակայն երբեմն ամբողջ մարմնով ցնցվում էր և պոչը խփում կողերին, որպեսզի փախցնի անհագ բոռերին, որոնք նույնպես նրա պես ուզում էին ճաշել՝ միայն թե իր մսով։
 
Ուլենշպիգելը, որի ստամոքսը քաղցից աղաղակում էր, տխուր էր․
 
― Դու շատ երջանիկ կլինեիր, ― ասում էր նա, ― հարգո իշուկ, ճաշակելով, ինչպես հիմա ես անում, այս հյութալի ուղտափշերը՝ եթե ոչ ոք չգար խանգարելու քո անդորը և չհիշեցներ, որ դու մահկանացու ես, այսինքն ծնվել ես կրելու ամեն տեսակ դժնիություններ։
 
― Ինչպես որ դու, ― շարունակեց մենախոսել նա սրունքները սեղմելով, ― ինչպես որ դու՝ սրբազան մաշիկ հագնողն<ref>Հռոմի պապը։</ref> էլ ունի իր բոռը, պարոն Լյութերն է դա, և Նորին բարձր վսեմություն Կառլոսը ունի իրենը․ դա պարոն Ֆրանսուան է՝ անվամբ Առաջինը, խիստ երկար քթով և է՛լ ավելի երկար սրով թագավորը։ Ուրեմն ինձ էլ՝ հրեայի պես թափառող խեղճ միամտիս թույլ է տրված ունենալու իմ բոռը, հարգո՛ իշուկ։ Ավա՜ղ, այդպես է․ բոլոր գրպաններս ծակ են, և այդ ծակերից պատահականության գրկում թափառելով գնում են իմ բոլոր գեղեցիկ դուկատները, ֆլորինները և դիլդերները, ինչպես կատվի բերանի առջևից փախչող մկների լեգեոն։ Չեմ հասկանում, թե ինչո՛ւ փողը ինձ չի սիրում, ինձ, որ այնքան սիրում եմ փողը։ Ոչ, ինչքան էլ ուզում է ասեն, Բախտը կին չէ,<ref>Հին հույներն ու հռոմեացիները Բախտը (ֆորտունան) ներկայացնում էին կնոջ տեսքով՝ աչքերը կապածված։</ref> որովհետև միմիայն գծուծ ժլատներին է սիրում, որոնք այն պահում, կուտակում են, քսան բանալիով փակում և ամենևին թույլ չեն տալիս, որ սոսկ իր ոսկեզօծ քթի ծայրը դուրս հանի պատուհանից։ Ահա իմ բոռը, որ կրծում ու քորում է ինձ, երբեմն էլ խտուտ անում՝ առանց ինձ ծիծաղեցնելու։ Բայց դու ինձ չես լսում, հարգո՛ իշուկ, և միայն արածելու մասին ես մտածում։ Ա՜խ, փորդ լցնող փորասեր, քո երկար ականջները խուլ են դատարկ ստամոքսների ճիչին։ Դե լսի՛ր, հրամյում եմ։
 
Եվ սաստիկ մտրակեց էշին։ Էշն սկսեց զռալ։
 
― Քանի որ երգդ էլ վերջացրիր՝ դե՛, ճանապարհ ընկնենք, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Բայց էշը սահմանաքարից ավելի չէր շարժվում և կարծես թե ծրագրել էր ուտել ճանապարհի բոլոր ուղտափշերը՝ մինչև վերջինը․ իսկ դրանից ինչքան ասես կար։
 
Ուլենշպիգելը այդ բանը տեսնելով ցած իջավ, ուղտափշի մի փունջ կազմեց, հեծավ էշը և փունջը նրա երախի առաջ պահած՝ այդպես քթից քաշած տարավ հասցրեց Հեսենի լանդգրաֆության հողերը։
 
― Հարգո՛ իշուկս, ― ասում էր նա ճանապարհին, ― ահա վազում ես դու իմ փնջի հետևից, որ չնչին բան է, ու հետևիդ ես թողնում այս համեղ բույսով լեցուն գեղեցիկ ճանապարհը։ Մարդիկ էլ այդպես են անում, ոմանք հոտոտում են փառքի փունջը, որ Բախտը դնում է նրանց քթի առաջ, ոմանք էլ՝ վաստակի փունջը, ուրիշներն էլ՝ սիրո փունջը։ Ճանապարհի ծայրին նրանք, ինչպես որ դու, նկատում են, որ հետապնդել են քիչը, և իրենց ետևն են թողել այն, ինչ էլի մի բան է, այսինքն՝ առողջություն, աշխատանք, հանգիստ և ընտանեկան բարեկեցությունը։
 
Այսպես խորհրդածելով իր էշի հետ՝ Ուլենշպիգելը հասավ լանդգրաֆի ապարանքին։
 
Երկու հրացանակիր սպա նարդի էին խաղում սանդուղքի վրա։
 
Նրանցից մեկը, որ վիթխարի կազմվածքով շիկահեր մարդ էր, նկատեց համեստորեն Եֆը հեծած Ուլենշպիգելին և սկսեց զննել նրանց։
 
― Ի՞նչ ես ուզում, ― ասաց նա, ― քաղցած դեմքով ուխտավոր։
 
― Իրոք որ խիստ քաղցած եմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― և հակառակ իմ ցանկության՝ ուխտավորություն եմ անում։
 
― Եթե քաղցած ես, ― հարեց կապիտանը, ― վզովդ կե՛ր այն պարանը, որ ճոճվում է թափառաշրջիկների համար կանխորոշված մոտակա կախաղանից։
 
― Պարո՛ն կապիտան, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― եթե ինձ տայիք այդ գեղեցիկ ոսկեշղթան, որ կրում եք ձեր գլխարկի վրա, ես կերթայի ատամներովս կախվելու այն չաղ խոզի զիստից, որ ճոճվում է այնտեղ՝ խորոված անողի մոտ։
 
― Որտեղի՞ց ես գալիս, ― հարցրեց կապիտանը։
 
― Ֆլանդրիայից, ― պատասխանեց Ուլնեշպիգելը։
 
― Ի՞նչ ես ուզում։
 
― Ուզում եմ Նորին բարձրություն լանդգրաֆին ցույց տալ մի պատկե, որ ես եմ նկարել։
 
― Եթե դու նկարիչ ես և ֆլանդրիացի, ― ասաց կապիտանը, ― ներս գնալիս քեզ կտանեմ իմ տիրոջ մոտ։
 
Առաջնորդվելով լանդգրաֆի մոտ՝ Ուլենշպիգելը ողջունեց նրան երեք անգամ և նույնիսկ ավելի։
 
― Ձերդ բարձրության բարեհաճությունն եմ աղերսում, որ ների իմ հանդգնությունը, որով համարձակվել եմ գալ մատուցելու առ ոտս Նորին բարձրության մի նկար, որ արել եմ նրա համար, և որտեղ պատիվ ունեմ նկարած լինելու սուրբ Կույսին՝ շքեղ պճնանքով։ Այդ նկարը, ― շարունակեց նա, ― թերևս հավանի Նորին բարձրությունը, և այդ դեպքում ես բավական ինքնավստահ կլինեմ իմ հմտության վրա՝ հուսալով, որ իմ նստոցը կհասցնեմ այս գեղեցիկ, թավշե, կարմրափայլ բազկաթոռին, ուր իր կենդանության օրոք նստում էր Նորին վեհանձնության հավերժ ափսոսալի նկարիչը։
 
Տյար լանդգրաֆը զննելով նկարը, որ գեղեցիկ էր ասաց․
 
― Դու կլինես մեր նկարիչը, նստիր այնտեղ՝ բազկաթոռին։
 
Եվ զվարթությամբ համբուրեց նրա այտերը։ Ուլենշպիգելը նստեց։
 
― Շատ ես նիհարել, ― ասաց տյար լանգրաֆը՝ դիտելով նրան։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Ճիշտ որ, տե՛ր իմ․ Եֆը՝ այսինքն իմ էշը ուղտափուշ էր ճաշակում, իսկ ես ահա երեք օր է միյան թշվառությամբ եմ ապրում և լոկ հույսի ծխով եմ սնվում։
 
― Շուտով լավագույն մսով ընթրիք կանես, ― ասաց լանդգրաֆը, ― բայց ո՞ւր է էշդ։
 
― Թողել եմ մեծ հրապարակում, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― Ձեր բարեսրտության ապարանքի դիմաց։ Չափազանց գոհ կլինեի, եթե Եֆը ունենար գիշերվա օթևան, անկողին և արոտ։
 
Տյար Լանգրաֆն անմիջապես իր մանկլավիկներից մեկին կանչել տվեց ու ասաց, որ Ուլենշպիգելի էշին նայեն այնպես, ինչպես իր սեփականներին։
 
Շուտով հասավ ընթրիքի ժամը, որ դարձավ իսկական հարսանիք ու տոնախմբություն։ Մսերից բարձրանում էր անուշահամ գոլորի, գինիներն անձրևում էին կոկորդի մեջ։
 
Երբ Ուլենշպիգելն ու լանդգրաֆը անթեղի պես կարմրել էին, Ուլենշպիգելն սկսեց զվարթանալ, սակայն լանգրաֆը ասում էր մտախոհ։
 
― Նկարի՛չ, ― ասաց նա հանկարծ, ― ես պետք է նկարվեմ, որովհետև որևէ մահկանացու իշխանի համար մեծ բավականություն է իր դեմքի հիշատակը կտակել հետնորդներին։
 
― Տեր իմ Լանգրաֆ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― ձեր ցանկությունը հենց իմ ուզածն է․ բայց ինձ՝ տգետիս թվում է, թե Ձերդ բարձրությունը առանձին նկարվելով՝ մեծ հրճվանք չի ունենա գալիք դարերում։ Նրան պետք է ընկերակցի նրա ազնվազարմ կինը՝ տիկին լանդգրաֆուհին, նրա պալատական տիկիններն ու իշխանները, ամենառազմագետ զորապետներն ու սպաները, որոնց կենտրոնում պարոն լանդգրաֆն ու տիկինը կշողշողան որպես երկու արև լապտերների մեջ։
 
― Ճշմարիտ է, նկարի՛չ, ― պատասխանեց լանդգրաֆը, ― իսկ ի՞նչ պետք է վճարել այդ մեծ աշխատանքի համար։
 
― Հարյուր ֆլորին կանխավճար կամ այլ կերպ ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
― Ստացեք նախօրոք, ―ասաց տյար լանդգրաֆը։
 
― Կարեկի՛ց իշխան, ― հարեց Ուլենշպիգելը, ― դուք ձեթ եք լցնում իմ ճրագի մեջ․ նա կվառվի ի պատիվ ձեզ։
 
Հաջորդ օրը նա խնդրեց Լանդգրաֆին, որ հերթով անցեն այն բոլոր անձերը, որոնց նկարվելու պատիվ էր վերապահված։
 
Այդ ժամանակ եկավ Լյունեբուրգի դուքսը՝ լանգրաֆի ծառայության մեջ գտնվող լանդսկեխտների հրամանատարը։ Մի խոշոր մարդ էր դա և մեծ դժվարությամբ էր կրում մսով լցված իր փորը։ Նա մոտեցավ Ուլենշպիգելին և հետևյալ բառերը շշնջաց նրա ականջին․
 
― Եթե ինձ նկարելիս չհանես ճարպիս կեսը՝ ես քեզ կախել կտամ իմ գուգազների ձեռքով։
 
Եվ դուքսը հեռացավ։
 
Ապա եկավ մի բարձրահասակ տիկին, որի կռնակին կուզ կար, իսկ լանջը տափակ էր արդարադատության սրի շեղբի պես։
 
― Պարո՛ն նկարիչ, ― ասաց նա, ― եթե դու ինձ երկու կուզ չդնես մեկի փոխարեն, որը պետք է ջնջես, և եթե այդ երկուսը չդնես առջևից՝ ես քեզ քառահերձել կտամ որպես մարդ թունավորող։
 
Եվ տիկինը հեռացավ։
 
Հետո եկավ մի դեռատի պալատական օրիորդ՝ խարտյաշ, թարմ ու սիրուն, բայց նրա երեք ատամը պակաս էր վերին շրթունքի տակ։
 
― Պարո՛ն նկարիչ, ― ասաց նա, ― եթե ինձ խնդուն չնկարես և երեսուն երկու ատամներս ցույց չտաս՝ ես քեզ կտոր֊կտոր անել կտամ իմ երկրպագուի ձեռքով։
 
Եվ ցույց տալով հրացանակիրների այն կապիտանին, որն անցած օրը նարդի էր խաղում պալատի սանդուղքների վրա՝ օրիորդն էլ հեռացավ։
 
Թափորը շարունակվեց․ Ուլենշպիգելը մենակ մնաց տյար լանդգրաֆի հետ։
 
― Եթե, ― ասաց լանգրաֆը, ― դու դժբախտություն ունենաս կեղծելու թեկուզ մեկ գիծ այս բոլոր կերպարանքներից՝ նրանց նկարելիս, ես գլուխդ թռցնել կտամ վառյակի պես։
 
― Գլուխս թռցնեն, ― մտածեց Ուլենշպիգելը, ― քառահերձեն, կտոր֊կտոր անեն կամ առնվազն կախեն․ ավելի լավ չէ՞ ոչ մի բան էլ չնկարեմ։ Մտածեմ տեսնեմ։
 
― Որտե՞ղ է այն սրահը, ― հարցրեց նա լանգրաֆին, ― որ ես պետք է զարդարեմ այս բոլորի նկարներով։
 
― Հետևիր ինձ, ― ասաց լանգրաֆը։
 
Եվ ցույց տալով բոլորովին մերկ պատերով մի սենյակ՝ ասաց․
 
― Ահա սրահը։
 
― Ես շատ գոհ կլինեմ, եթե այս պատերից մեծ վարագույրներ կախեն, որպեսզի իմ նկարները ապահովված լինեն ճանճերի ու փոշու թշնամանքից։
 
― Այդ կլինի, ― ասաց լանդգրաֆը։
 
Երբ վարագույրները կախեցին, Ուլենշպիգելը երեք օգնական աշակերտ պահանջեց, որպեսզի նրանց պատրաստել տա իր ներկերը։
 
Երեսուն օր Ո ւլենշպիգելն ու աշակերտները միայն կերուխումով և ուրախությամբ զբաղվեցին, չխնայելով ոչ անուշահամ կերակուրներ, և ոչ էլ հին գինիներ։ Լանգրաֆը հոգում էր ամեն բան։
 
― Սակայն երեսունմեկերորդ օրը նա եկավ ու քիթը ներս կոխեց այն սենյակը, որի համար Ուլենշպիգելը պատվիրել է, որ ոչ ոք չմտնի։
 
Հը՛, Թի՛լ, ո՞ւր են նկարները, ― ասաց նա։
 
― Դեռ հեռու են ավարտելուց, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
― Կարելի չէ՞ տեսնել։
 
― Դեռ ոչ։
 
― Երեսուն վեցերորդ օրը նա դարձյալ քիթը մոտեցրեց դռանը։
 
― Հը՛, Թի՛լ, ― հարցրեց նա։
 
― Տյար լանդգրաֆ, ավարտման ճանապարհն են բռնել։
 
Վաթսուներորդ օրը լանդգրաֆը բարկացավ և ներս մտելով ասաց․
 
― Այս րոպեիս նկարները պետք է ցույց տաս ինձ։
 
― Այո, զարհուրի՛կ իշխան, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― բայց բարեհաճեցեք բաց չանել այս վարագույրը, մինչև որ չհրամայեք ներս գան պարոն զորապետները և ձեր արքունիքի տիկինները։
 
― Համաձայն եմ, ― ասաց լանդգրաֆը։
 
Եվ նրա հրամանով ամենքն էլ եկան։
 
Ուլենշպիգելը կանգնած էր պինդ փակված վարագույրի առաջ։
 
― Տյար լանդգրաֆ, ― ասաց նա, ― և դուք՝ տիկի՛ն լանդգրաֆուհի, և դուք՝ Լյունեբուրգի տե՛ր, և դուք բոլորդ, գեղանի տիկնայք և քաջարի զորավարներ, ես նկարել եմ այս վարագույրի հետև, ինչքան կարողացել եմ, ձեր գողտրիկ կամ ռազմիկ դեմքերը։ Ամեն մեկը ձեզանից առանց դժվարության կճանաչի իրեն։ Դուք շտապում եք ձեզ տեսնել, բնական է դա և արդարացի, բայց համբերելու շնորհ արեք և թույլ տվեք, որ ձեզ ասեմ մեկ կամ վեց բառ։ Գեղեցի՛կ տիկնայք և քաջարի զորապետներ, որ բոլորեքյան ազնվազարմ եք, կարող եք տեսնել իմ նկարը և հիանալ․ բայց եթե ձեր մեջ կա որևէ ռամիկ՝ նա ճերմակ պատից բացի ուրիշ բան չի տեսնի։ Իսկ հիմա շնորհ արեք բանալու ձեր ազնվածին աչքերը։
 
Եվ Ուլենշպիգելը քաշեց վարագույրը։
 
― Ազնվական մարդիկ են միայն տեսնում նկարը, ազնվազարմ տիկինայքն են միայն տեսնում այն, և շատ չանցած մարդիկ այսպես կասեն՝ «Նկարչության մեջ ռամիկի պես կույր է կամ ազնվականի պես հստակատես»։
 
Ամենքն էլ մեծ֊մեծ բացել էին աչքերը՝ ձևացնելով, թե նայում են նկարին, ցույց էին տալիս իրար, ճանաչում, մատնացույց անում, բայց իրականում միայն մերկ պատն էին տեսնում, ուստի և քթները խիստ կախել էին։
 
Հանկարծ ծաղրածուն, որ այդտեղ էր, երեք ոտնաչափ վեր ցատկեց՝ զնգզնգացնելով իր բոժոժիկները, և ասաց․
 
― Թող ասեն, որ ես ռամիկ եմ, ռամկային և ռամկածնունդ ռամիկ, բայց ես կասեմ և շեփորներով և փողերով կաղաղակեմ, որ այդտեղ տեսնում եմ միայն մերկ պատ, սպիտակ, դատարկ պատ։ Աստված ու նրա սուրբերն ինձ օգնակա՜ն։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Երբ խենթերը խառնվում են խոսքի՝ ժամանակն է, որ խելոքները հեռանան։
 
Եվ նա պալատից դուրս գալու վրա էր՝ երբ լանդգրաֆը կանգնեցրեց նրան։
 
― Ծո՛ւռ ծռան, ― ասաց նա, ― դո՛ւ, որ շրջում ես աշխարհում ու գովաբանում լավ ու գեղեցիկ բաները և լիաբերան ծաղրաբանում հիմարությունը, դո՛ւ որ համարձակվեցիր այսքան ազնվազարմ տիկնանց և բարձրաստիճան իշխանների դեմհանդիման հրապարակավ ծաղրել իշխանական ու տոհմային հպարտությունը, մի օր կախաղան կհանվես ազատ խոսելուդ համար։
 
― Եթե պարանը ոսկուց է՝ ինձ տեսնելուն պես վախից կկտրվի, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
― Ահա քեզ նրա առաջին ծայրը, ― ասաց լանդգրաֆը՝ տասնհինգ ֆլորին տալով։
 
― Շատ շնորհակալ եմ, տե՛ր իմ, ― ասաց Ուլենշպիգելը, ― ճանապարհի յուրաքանչյուր պանդոկ կստանա դրա մի թելը, մի իսկական ոսկեթել, որ այդ ավազակ պանդոկապաններին Կրեսոսներ է դարձնում։
 
Եվ գդակը ծուռ դրած, փետուրը քամուն տված՝ Ուլենշպիգելը ցատկեց էշի վրա և ուրախ֊զվարթ ճանապարհ ընկավ։
Ադմին, Վստահելի
1876
edits