Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5801 բայտ, 23:45, 17 Հունիսի 2015
/* Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը */
=== Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը ===
Ֆրոդոն արթնացավ և, տեսնելով իր վրա խոնարհված Ֆարամիրին, վախեցած նստեց ու հետ ընկրկեց: — Վախենալ պետք չէ,— ասաց Ֆարամիրը: — Իսկ ինչ է, արդեն առավո՞տ է,— հորանջելով, հարցրեց Ֆրոդոն: — Դեռ ոչ, բայց գիշերն արդեն մոտենում է իր ավարտին, և լուսինը շուտով մայր կմտնի: Չե՞ս ուզում տեսնել: Բացի դրանից, ես շտապ ուզում եմ քեզ հետ խորհրդակցել: Ներիր, որ ստիպված եղա արթնացնել քեզ, բայց դա կարևոր է: Կգա՞ս:  — Կգամ,— արձագանքեց Ֆրոդոն և, դուրս սողալով տաք ծածկոցի ու մորթիների տակից, ցրտից դողաց՝ քարե սրահում կրակ չէին վառել: Լռության մեջ ջրվեժը սովորականից ավելի բարձր էր աղմկում: Ֆրոդոն վրան գցեց թիկնոցը և հետևեց Ֆարամիրին: Սեմն իսկույն արթնացավ՝ ասես ինչ-որ վտանգի զգացումից դրդված, տեսավ տիրոջ դատարկ մահիճը և ոտքի ցատկեց: Կամարի աղոտ, սպիտակավուն լույսով ողողված բացվածքում երկու մութ կերպարանք երևացին՝ մեկը փոքրիկ, մյուսը բարձրահասակ: Նա շտապեց նրանց հետևից՝ անցնելով պատերի տակ գցված ներքնակների վրա քնած ռազմիկների կողքով, հասավ կամարին և տեսավ, որ ջրե վարագույրը դարձել է շողշողուն մետաքսե ծածկոց, դրվագված արծաթով, զարդարված մարգարիտներով և ներծծված լուսնի լույսով: Բայց Սեմը հիանալու ժամանակ չուներ. նա շրջվեց ու վազեց տիրոջ հետևից, որն անհետացավ կողմնային միջանցքի սև բացվածքում: Մութ միջանցքի մյուս կողմում թաց քարե աստիճաններ սկսվեցին. բարձրանալով աստիճաններով՝ Սեմը հայտնվեց մի փոքրիկ քարե սենյակում: Վերևից՝ նեղ, երկար ճեղքից լույս էր թափանցում. այնտեղ գունատ առկայծում էր երկինքը: Աստիճանները դարձան երկուսը. մեկը տանում էր ուղիղ, ըստ երևույթին դեպի գետի բարձրադիր ափը, մյուսը թեքվում էր ձախ: Այդ կողմ էլ թեքվեց Ֆարամիրը: Աստիճանները կտրուկ բարձրանում էին վեր: Վերջապես դուրս լողացին խավարից և հայտնվեցին մի ընդարձակ, անցանկապատ հարթակում: Աջ կողմում խլացուցիչ աղմուկով սանդղավանդից սանդղավանդ էր թափվում լեռնային գետակը և, գահավիժելով ներքև, փրփրուն շիթերով լցվում էր ողորկ պատերով ջրատարի մեջ: Այնուհետև խլթխլթալով սրընթաց սլանում էր հարթակի մոտով և, հասնելով ժայռի եզրին, գահավիժում էր անդունդը: Այնտեղ՝ անդունդի եզրին, ժամապահ էր կանգնած և անշարժ նայում էր ներքև: Ֆրոդոն մի կերպ հայացքը կտրեց ոտքերի մոտ եռացող փրփրուն ջրից և նայեց շուրջը: Սառած աշխարհը քարացել էր լուսաբացի սպասումով: Արևմուտքում դեպի հորիզոն էր սահում կլոր սպիտակ լուսինը: Ներքևում լայնարձակ հովիտը թաղվել էր մշուշի մեջ, որի խիտ ծածկոցի տակ ինչ-որ տեղ գլորվում էին Անդուինի մութ ջրերը: Գետի մյուս կողմում խավարի միջից վեր էին բարձրանում ուրվականային լույսով փայլող Էրեդ Նիմրիսի՝ Գոնդորի Սպիտակ Լեռների հավերժական ձյունով ծածկված սրածայր գագաթները: Որոշ ժամանակ Ֆրոդոն բարձր հարթակի վրա կանգնած նայում էր և հանկարծ սարսռաց՝ մտածելով անծայրածիր գիշերային տրածության մեջ կորած իր երբեմնի ուղեկիցների մասին: Որտե՞ղ են հիմա նրանք, քնա՞ծ են արդյոք, թե՞ քայլում են ինչ-որ անհայտ ճանապարհով՝ եթե միայն մշուշը չի պարուրում նրանց մեռած, փայտացած մարմինները... Ինչու՞ արթնացրին իրեն հաճելի մոռացումից, ինչի՞ համար բերեցին այստեղ: ի՜նչ լավ էր քնել ու ոչինչ չհիշել: Սեմը նույնպես չէր կարողանում պատասխանել այդ հարցին և, այլևս չկարողանալով իրեն զսպել, շշնջաց Ֆրոդոյի ականջին. — Հազվագյուտ տեսարան է, տեր իմ, խոսք չկա, մենակ թե սարսափելի ցուրտ է, մինչև ոսկորներս թափանցում է: Ի՞նչ է կատարվում: Բայց Ֆարամիրը լսեց նրա ասածը և պատասխանեց. — Լուսինն է իջնում Գոնդորի վրա: Չքնաղ Իթիլը, լքելով Միջերկիրը, վերջին հայացքն է նետում ալեհեր Մինդոլուինի վրա: Հանուն այսպիսի տեսարանի արժե և մի փոքր սառչել:    
Վստահելի
1342
edits