Changes

Տոն, որը միշտ քեզ հետ է

Ավելացվել է 25 093 բայտ, 10:09, 21 Հունիսի 2015
Մոտովազքը բազմաթիվ ձեւեր ունի։ Անջատ֊անջատ ստարտով սովորական սպրինտը կամ մատչային վազքերը, երբ երկու վարորդներ իրենց մեքենաների վրա երկար վայրկյանների ընթացքում հավասարակշռվում են, ստիպելով, որ ախոյանը առաջինը սկսի վազքը, հետո մի քանի դանդաղ շրջապտույտ են կատարում եւ վերջապես մոլեգնորեն նետվում գլխապտույտ արագության մեջ։ Բացի այդ, կան նաեւ ցերեկային երկժամյա թիմային վազքեր որոնց դեպքում սպրինտ ձեւի մի քանի վազք է կատարվում՝ ժամանակը լրացնելու համար։ Կան նաեւ բացարձակ արագության անհատական մրցումներ, երբ վարորդը մի ժամ շարունակ մրցում է վայրկենացույցի սլաքի հետ։ Վերջապես, շատ վտանգավոր, բայց եւ շատ գեղեցիկ մրցումներ՝ հարյուր կիլոմետրի վրա փայտե թեք վազքուղով «Բուֆֆալո»֊յի հինգ հարյուր մետրանոց գոգավոր, բացօթյա ստադիոնում, որ գտնվում է Մոնրուժում, որտեղ վարորդները ընթանում էին ծանր մոտոցիկլերի ետեւից։ Մենք տեսանք Լինարին՝ բելգիացի նշանավոր չեմպիոնին, որին դեմքի պատճառով Սիու<ref>Սիու — հնդկական ցեղերից մեկը։</ref> էին անվանել, եւ որը, վազքի վերջում ավելացնելով առանց այն էլ կատաղի արագությունը, գլուխը թեքում էր եւ իր մայկայի տակ գտնվող ռետինե պարկին միացրած խողովակից կոնյակ ծծում։ Տեսանք նաեւ Ֆրանսիայի չեմպիոնատը՝ լիդերի ետեւից վազքերի գծով, որ տեղի ունեցավ Օթեյլի մոտ գտնվող Արքայազնի այգում վեց հարյուր վաթսուն մետրանոց բետոնե վազքուղու վրա, ամենախարդախ վազքուղին, որտեղ մեր աչքի առջեւ ջախջախվեց մեծ Գանեն, եւ մենք լսեցինք պաշտպանիչ սաղավարտի տակ ջարդվող գանգի ճքճքոցը, ասես զբոսախնջույքի ժամանակ ինչ֊որ մեկը պինդ եփած ձու է կոտրել՝ քարին խփելով։ Ես պետք է նկարագրեմ վեցօրյա մոտովազքերի արտասովոր աշխարհը եւ լեռներում տեղի ունեցած խճուղային զարմանալի վազքերը։ Ֆրանսերենը միակ լեզուն է, որ կարող է արտահայտել այդ ամենը, որովհետեւ բոլոր տերմինները ֆրանսերեն են։ Ահա թե ինչու այդքան դժվար է դրա մասին գրել։ Մայքը ճիշտ էր ասում։ Մոտովազքերը լավ են նաեւ առանց տոտալիզատորի։ Բայց դա արդեն վերաբերում է Փարիզում անցկացրած իմ կյանքի մյուս փուլին։
 
==Քաղցի դպրոցը==
 
Երբ Փարիզում կիսաքաղց կյանք ես վարում, հատկապես շատ ես ցանկանում ուտել, որովհետեւ բուլկեղենի բոլոր խանութների ցուցափեղկերում ամեն տեսակի համեղ բաներ կան, իսկ մարդիկ ճաշում են ուղղակի մայթի վրա դրած սեղանների շուրջը, եւ դու տեսնում ես ուտելիքները, շնչում նրանց բուրմունքը։ Եթե դու լրագրությունը թողել ես եւ գրում ես այնպիսի բաներ, որոնք Ամերիկայում ոչ ոք չի գնի, իսկ տանն էլ ասել ես, թե այսինչը քեզ ճաշի է հրավիրել, ապա ամենից լավն այն է, որ գնաս Լյուքսեմբուրգյան այգի, որտեղ Աստղադիտարանի հրապարակից մինչեւ Վոժիրար փողոցը տանող ամբողջ ճանապարհին քեզ չեն շփոթեցնի ուտելեղենի ո՛չ տեսքը, ո՛չ էլ հոտը։ Եվ կարելի է մտնել Լյուքսեմգուրյան թանգարանը, որտեղ կտավները ավելի պարզ, ավելի հուզիչ ու գեղեցիկ են երեւում, եթե սրտագդալիդ տակ բութ ցավ ես զգում եւ քաղցից փորդ սեղմվել է։
 
Քանի քաղցած էի, սովորեցի շատ ավելի լավ ընկալել Սեզանին եւ հասկանալ, թե նա ինչպես է ստեղծել իր բնանկարները։ Ես հաճախ հարցնում էի ինձ՝ նա սոված չի՞ եղել արդյոք, երբ աշխատում էր։ Բայց որոշեցի, որ նա հավանաբար ուղղակի մոռանում էր ճաշել։ Այսպիսի ոչ այնքան առողջ միտք֊հայտնագործությունները ծնվում են անքնությունից կամ թերսնվելուց։ Ավելի ուշ ես որոշեցի, որ Սեզանը այնուամենայնիվ քաղց զգացել է, բայց ուրիշ քաղց։
 
Լյուքսեմբուրգյան թանգարանից կարելի է Ֆերուի նեղ փողոցով գնալ Սեն֊Սյուլպիսի հրապարակը, որտեղ նույնպես ոչ մի ռեստորան չկա, այլ կա միայն մի խաղաղ պուրակ՝ նստարաններով ու ծառերով։ Եվ շատրվան կա այնտեղ առյուծաքանդակ, աղավնիներ կան, որ վխտում են փողոցում եւ նստում եպիսկոպոսների արձաններին։ Հրապարակի հյուսիսային մասում կա եկեղեցի եւ խանութներ կան, ուր եկեղեցական զանազան իրեր են վաճառում։
 
Եթե այստեղից գնաս դեպի գետը, անպայման ստիպված կը լինես անցնել հրուշակեղեն, մրգեղեն, բանջարեղեն ու գինի վաճառող խանութների կողքով։ Սակայն ճանապարհը մանրազնին ուսումնասիրելով, կարելի է առաջ թեքվել, շրջանցել ճերմակագորշ եկեղեցին եւ դուրս գալ Օդեոնի փողոցը, այնտեղից մի անգամ էլ թեքվել աջ, դեպի Սիլվիա Բիչի գրախանութը․ այդ ճանապարհին այնքան էլ շատ չեն ուտելեղեն վաճառով հիմնարկները։ Օդեոնի փողոցում չկան ո՛չ սրճարաններ, ո՛չ էլ խորտկարաններ մինչեւ հրապարակ, որտեղ գործում է միանգամից երեք ռեստորան։
 
Մինչեւ հասնում ես Օդեոնի փողոցի № 12 տունը, քաղցի զգացումդ բթանում է, փոխարենը կրկին սրվում են ընկալումներդ։ Լուսանկարները այլ են թվում, եւ դու տեսնում ես գրքեր, որոնք մինչ այդ երբեք չես նկատել։
 
— Հեմինգուեյ, դուք աչքիս մի տեսակ նիհարել եք,— ասաց Սիլվիան,— դուք կանոնավո՞ր եք սնվում։
 
— Իհարկե։
 
— Դուք ճաշին ի՞նչ եք կերել։
 
Քաղցիս սիրտս խառնեց, բայց ես պատասխանեցի․
 
— Ես հենց տուն եմ գնում ճաշելու։
 
— Ժամը երեքի՞ն։
 
— Ես չնկատեցի, որ այդքան ուշ է։
 
— Այս քանի օրը Անգրիենան ասաց, թե ցանկանում է ձեզ ու Հեդլիին ընթրիքի հրավիրել։ Մենք Ֆարգին էլ կհրավիրենք։ Նա, կարծեմ, ձեզ դո՞ւր է գալիս։ Կամ Լարբոյին։ Դե, նա ձեզ անշուշտ դուր է գալիս։ Ես գիտեմ, որ դուր է գալիս։ Կամ էլի որեւէ մեկին, որը ձեզ իրոք դուր է գալիս։ Խոսեցեք Հեդլիի հետ, լա՞վ։
 
— Ես հավատացած եմ, որ նա սիրով կգա։
 
— Ես նրան pneu<ref>Պնեվմատիկ փոստով ուղարկված նամակ։</ref> կուղարկեմ։ Եվ այդքան շատ մի աշխատեք, քանի որ վատ եք սնվում։
 
— Չեմ աշխատի։
 
— Դե լավ, տուն գնացեք, թե չէ ճաշից կուշանաք։
 
— Ոչինչ, ինձ համար կպահեն։
 
— Հետո, սառը ճաշ մի կերեք։ Լավ, տաք ճաշ՝ ահա թե ինչ է ձեզ պետք։
 
— Ես նամակ չունե՞մ։
 
— Կարծում եմ՝ ոչ։ Ինչեւէ, հիմա նայեմ։
 
Նա փնտրեց, գտավ մի երկտող, ուրախ ժպտաց ինձ եւ բացեց իր գրասեղանի գզրոցը։
 
Սա իմ բացակայության ժամանակ են բերել,— ասաց նա։
 
Ես վերցրի ծրարը, շոշափելով զգացի, որ այնտեղ փող կա։
 
— Վեդդերկոպից է,— ասաց Սիլվիան։
 
— Պետք է որ «Քվերշնիտտ»֊ից<ref>Գերմանական հանդես է։</ref> լինի։ Դուք տեսնվե՞լ եք Վեդդերկոպի հետ։
 
— Ոչ, Բայց նա Ջորջի հետ եկել էր այստեղ։ Նա ձեզ կհանդիպի, մի անհանգստացեք։ Երեւի նախ ցանկացել է վճարել ձեզ։
 
— Այստեղ վեց հարյուր ֆրանկ է։ Նա գրում է, թե էլի կուղարկի։
 
— Ի՛նչ լավ է, որ դուք ինձ հարցրիք նամակի մասին։ Որքա՜ն լավն է այդ պարոն Շատ Հաճելին։
 
— Շատ հետաքրքիր է, որ իմ գործերը գնում են միայն Գերմանիայում։ Նա եւ մեկ էլ «Ֆրանկֆուրտեր Ցայտունգը»։
 
— Ճիշտ որ զարմանալի է։ Բայց պետք չէ հուզվել։ Կարող եք ձեր պատմվածքները վաճառել Ֆորդին,— ծաղրանքով ասաց նա։
 
— Էջը երեսուն ֆրանկով։ Եթե երեք ամիսը մեկ մի պատմվածք տպվի «Տրանսատլանտիկ»֊ում, հինգ էջանոց պատմվածքի համար եռամսյակում վճարեն հարյուր հիսուն ֆրանկ, նշանակում է տարեկան կստանամ վեց հարյուր ֆրանկ։
 
— Լսեցեք, Հեմինգուեյ, մի՛ մտածեք, թե այժմ որքան են դրանց համար վճարում։ Կարեւորն այն է, որ դուք կարողացել եք դրանք գրել։
 
— Գիտեմ։ Ես կարողանում եմ պատմվածքներ գրել։ Բայց չէ որ դրանք ոչ ոք չի վերցնում։ Այն օրից, ինչ ես վերջ եմ տվել լրագրությանը, ոչինչ չեմ վաստակում։
 
— Մի հուզվեք, դրանք դեռ կգնեն։ Հետո տեսեք, դուք արդեն ստացել եք մեկի համար։
 
— Ներողություն, Սիլվիա։ Ներեցեք, որ ես սկսեցի խոսել այդ մասին։
 
— Ինչ կարիք կա ներողություն խնդրել։ Խոսեցեք, որքան ուզում եք ե՛ւ այդ մասին, ե՛ւ ինչի մասին որ ուզում եք։ Մի՞թե դուք չգիտեք, որ գրողները հենց մի գլուխ խոսում են իրենց ցավերից։ Բայց խոսք տվեք ինձ, որ այլեւս չեք հուզվի եւ կսնվեք ինչպես հարկն է։
 
— Խոստանում եմ։
 
— Որ այդպես է, տուն գնացեք եւ ճաշեցեք։
 
Դուրս գալով Օդեոնի փողոցը, ես իմ նկատմամբ գարշանք զգացի այդ բողոքների համար։ Այն, ինչ արել եմ, իմ բարի կամքով եմ արել, քեֆս ուզածին պես, բայց ինձ հիմարի պես պահեցի։ Պետք է մի մեծ կտոր հաց գնել եւ ուտել, քաղցած ման գալու փոխարեն։ Ես նույնիսկ զգացի կարմրած, ղրճղրճացող հացի համը։ Բայց պետք է նրա վրայից ինչ֊որ բան խմել։ «Էխ դու, նվնվացող սատանա, ցանկանում էիր սուրբ նահատակ ձեւանալ,— ասացի ինքս ինձ,— դու լրագրությունը թողեցիր քո բարի կամքով։ Դու վարկ ունես եւ Սիլվիան քեզ միշտ պարտք կտա։ Նա քեզ բազմիցս տվել է։ Այստեղ կասկածելու բան չկա։ Բայց դու միշտ ձգտում ես արդարացում գտնել քեզ համար։ Քաղցը օգտակար է առողջության համար, եւ նկարները սոված փորով իրոք ավելի լավ են դիտվում։ Բայց ուտելիքը նույնպես հրաշալի բան է, եւ դու գիտե՞ս արդյոք, թե այդմ որտեղ ես ճաշելու։
 
Լիպպի մոտ՝ ահա թե որտեղ ես ուտելու, նաեւ խմելու»։
 
Մինչեւ Լիպպը հեռու չէր, եւ ճանապարհի բոլոր այն տեղերը, որոնք իմ ստամոքսը նույնքան արագ էր նկատում, որքան եւ աչքերս ու քիթս, այժմ հատկապես հաճելի էին դարձնում ճանապարհը։ Brasseria֊ն<ref>Գարեջրատուն։</ref> դատարկ էր, եւ երբ ես մեջքովս դեպի հայելին նստեցի պատի տակ դրված սեղանի մոտ ու մատուցողն հարցրեց, թե գարեջուր բերի՞ ինձ, ես պատվիրեցի distingue՝ մեկ լիտր տարողությամբ ապակյա մի մեծ փարչ ու կարտոֆիլի սալաթ։
 
Գարեջուրը շատ սառն էր, եւ ես խմեցի մեծ հաճույքով։ Կարտոֆիլը չէր ճխլել, համեմված էր քացախով ու սեւ պղպեղով, իսկ ձիթապտղի յուղը հիանալի էր։ Ես սեւ պղպեղ ցանեցի սալաթի վրա եւ հացը թաթախեցի ձիթապտղի յուղի մեջ։ Գարեջրի առաջին տենչագին կումից հետո ես սկսեցի ուտել ու խմել անշտապ։ Երբ սալաթը վերջացրի, պատվիրեցի մի բաժին եւս, ինչպես նաեւ cervelas՝ երկայնքով երկու մասի բաժանած ու մանանեխի հատուկ սոուսով համեմված հաստ ու մեծ նրբերշիկ։
 
Ես հացով սրբեցի ամբողջ յուղն ու սոուսը եւ դանդաղ ծծեցի գարեջուրը, մինչեւ տաքացավ, հետո մինչեւ վերջ խմելով, պատվիրեցի demi՝ կես լիտրանոց մի գավաթ, հետեւելով, թե ինչպես է այն լցվում։ Գարեջուրն ինձ ավելի սառը թվաց, քան առաջ, եւ ես կեսը խմեցի։
 
Ամենեւին էլ չեմ հուզվում,— մտածեցի ես։ Գիտեի, որ իմ պատմվածքները լավն են, եւ վաղ թե ուշ որեւէ մեկը դրանք կտպագրի նաեւ իմ հայրենիքում։ Հրաժարվելով թերթի աշխատանքից, ես չէի կասկածում, որ պատմվածքներս կհրապարակվեն։ Բայց դրանք մեկը մյուսի հետեւից վերադարձնում էին ինձ։ Իմ վստահությունը բացատրվում էր նրանով, որ Էդվարդ օʼԲրայենը «Իմ ծերունին» պատմվածքը զետեղել էր «Տարվա լավագույն պատմվածքները» ժողովածուի մեջ եւ այդ ժողովածուն ինձ ձոնել։ Ես ծիծաղեցի ու մի կում գարեջուր խմեցի։ Այդ պատմվածքը չէր տպվել ոչ մի հանդեսում եւ օʼԲրայենը ժողովածուի մեջ մտցրել էր հակառակ իր բոլոր կանոնների։ Ես կրկին ծիծաղեցի, ու մատուցողը ինձ նայեց։ Ծիծաղելի էր, որ այդ բոլորով հանդերձ, նա իմ ազգանունը ճիշտ չէր գրել։ Դա մեկն էր այն երկու պատմվածքներից, որոնք ինձ մոտ մնացել էին այն բանից հետո, երբ իմ բոլոր գրածները Լիոնի կայարանում Հեդլիից գողացել էին ճամպրուկի հետ մեկտեղ, որի մեջ նա իմ ամբողջ ձեռագրերը, որպես անակնկալ նվեր, բերում էր Լոզաննա, որպեսզի ես հնարավորություն ունենայի լեռներում մեր հանգստի պահին աշխատել դրանց վրա։ Նա բնագրերն ու մեքենագրված նմուշները, բոլոր պատճենների հետ մեկտեղ, դրել էր թղթապանակների մեջ։ Այս պատմվածքը պահպանվել էր այն պատճառով, որ Լինկոլն Ստեֆենսը ուղարկել էր ինչ֊որ խմբագրի, իսկ վերջինս հետ էր տվել։ Երբ մնացած բոլորը գողացել էին, այս պատմվածքը գտնվում էր փոստում։ Երկրորդ պատմվածքը՝ «Մեզ մոտ՝ Միչիգանում» գրել էի նախքան միսս Ստայնի մեզ այցելելը։ Ես չէի մեքենագրել, որովհետեւ միսս Ստայնը այն հայտարարել էր inaccrochable։ Այդ պատմվածքը ընկած էր գզրոցներից մեկում։
 
Եվ ահա երբ մենք Լոզաննայից մեկնեցինք Իտալիա, ես ձիարշավի մասին այդ պատմվածքը ցույց տվեցի օʼԲրայենին։ Նա մեղմաբարո, ամոթխած մի մարդ էր, լուսավոր կապույտ աչքերով եւ հարթ մազերով, որ անձամբ ինքն էր խուզում։ Այն ժամանակ նա ապրում էր Ռապալլոյի լեռների մենաստանում։ Վատ ժամանակներ էին, եւ ես համոզված էի, որ այլեւս երբեք չեմ կարող գրել, եւ պատմվածքս նրան ցույց տվի որպես մի ինչ֊որ արտասովոր բան․ այդպիսի բութ դեմքով կարելի է ցույց տալ քեզ անհասկանալի պատճառներով խորտակված նավիդ կողմնացույցը կամ աղետից հետո անդամահատված սեփական ոտքդ՝ կոշիկի մեջ, ու կատակել այդ առթիվ։ Բայց երբ օʼԲրայենը կարդաց պատմվածքը, ես հասկացա, որ նա նույնիսկ ավելի շատ է ցավում, քան ես։ Ես կարծում էի, թե նման ցավ կարող է միայն մահը առաջացնել կամ ինչ֊որ անտանելի տառապանք, քանի դեռ չէի տեսել Հեդլիին, երբ նա պատմում էր իմ բոլոր ձեռագրերի կորստյան մասին։ Սկզբում նա միայն լացում էր եւ չէր համարձակվում ասել։ Ես նրան համոզեցի, որ ինչքան էլ տխուր բան պատահած լինի, չի կարող այդքան սարսափելի լինել, եւ ինչ էլ պատահած լինի, պետք չէ հուզվել, ամեն ինչ լավ կլինի։ Միայն դրանից հետո նա ինձ պատմեց։ Ես չէի ուզում հավատալ, թե նա իր հետ վերցրել էր նաեւ երկրորդ օրինակները։ Գտա մեկին, որը ժամանակավորապես ստանձնեց թղթակցի իմ պարտականությունները, գնացք նստեցի եւ իսկույն մեկնեցի Փարիզ։ Այն ժամանակ ես վատ չէի վաստակում լրագրությամբ։ Հեդլիի ասածը ճիշտ դուրս եկավ, եւ ես լավ հիշում եմ, թե ինչ արեցի այդ գիշեր, երբ մտել էի մեր սենյակը եւ համոզվել դրանում։ Բայց այժմ այդ ամենը անցած էր, եւ Չինկը ինձ սովորեցրել էր երբեք չխոսել կորցրածի մասին։ Ես օʼԲրայենին ասացի, որ դա իր սրտին այդքան մոտ չընդունի։ Գուցե հենց լավն էլ այն է, որ իմ վաղ շրջանի պատմվածքները կորել են, եւ ես սփոփում էի օʼԲրայենին, ինչպես զինվորներին են մխիթարում մարտից հետո։ Ես շուտով կրկին կսկսեմ պատմվածքներ գրել, ասացի, ձգտելով նրան մխիթարելու համար կեղծել, բայց իսկույն էլ հասկացա, որ ճշմարտությունն եմ ասում։
 
Եվ այժմ Լիպպի մոտ նստած, ես սկսեցի վերհիշել, թե երբ է ինձ հաջողվել գրել առաջին պատմվածքը, բոլորը կորցնելուց հետո։ Դա Կորտինա֊դʼԱմպեցցոյումն էր, երբ ես ժամանակավորապես դադարեցնելով գարնանային դահուկազբոսանքները, վերադարձել էի Հեդլիի մոտ, որպեսզի թերթի առաջադրանքով մեկնեմ Հռենոսի մարզ եւ Ռուր։ Դա շատ պարզամիտ մի պատմվածք էր, կոչվում էր «Ոչ սեզոնին», եւ ես բաց էի թողել նրա իսկական վերջաբանը, որտեղ ծերունին կախվում է։ Ես այդպես էի վարվել իմ նոր տեսության համաձայն՝ կարելի է բաց թողնել այն ամենը, ինչ ուզում ես, պայմանով, եթե դու գիտես, թե ինչն ես բաց թողնում․ այդ դեպքում դա միայն ամրապնդում է սյուժեն, եւ ընթերցողը զգում է, որ գրածիդ ետեւում կա դեռեւս չբացահայտված ինչ֊որ բան։
 
Լավ է, մտածում էի, այժմ ես սովորել եմ պատմվածքն այնպես գրել, որ այն չեն հասկանում։ Դա միանգամայն պարզ է։ Եվ միանգամայն անկասկած է նաեւ այն, որ այդ պատմվածքները պահանջարկ չեն վայելում։ Բայց դրանք կհասկացվեն, ինչպես նկարների հետ է պատահում։ Միայն ժամանակ է պետք եւ հավատ՝ սեփական անձիդ նկատմամբ։
 
Երբ հարկադրված ես տնտեսել սննդի հաշվին, պետք է կարողանաս քեզ հավաքել, որպեսզի շատ չմտածես քաղցի մասին։ Քաղցը մարդուն կարգապահ է դարձնում եւ շատ բան է սովորեցնում։ Եվ այնքան ժամանակ, մինչեւ ընթերցողները այդ բանը չեն հասկանում, դու նրանցից առաջ ես։ Է՜լ ինչ,— մտածեցի ես,— ներկայումս ես նրանցից այնքա՜ն առաջ եմ, որ նույնիսկ չեմ կարողանում ճաշել ամեն օր։ Վատ չէր լինի, եթե նրանք մի քիչ կրճատեին այդ խզումը։
 
Ես գիտեի, որ պետք է վեպ գրեմ, բայց այդ խնդիրը իմ ուժերից վեր էր թվում, քանի որ ինձ դժվար էին հաջողվում նույնիսկ այնպիսի պարբերությունները, որոնք սոսկ քամվածքն են հանդիսանում այն ամենի, ինչից պատրաստում են վեպը։ Մեծ տարածության վազքից առաջ կատարվող մարզումների նման, ես պետք է փորձեի գրել ավելի երկար պատմվածքներ։ Երբ գրում էի այն վեպը, որը Լիոնի կայարանում գողացել էին ճամպրուկիս հետ մեկտեղ, դեռ չէի կորցրել պատանեկության լիրիկական թեթեւությունը, որը նույնքան անկայուն ու խաբուսիկ է, որքան եւ ինքը՝ պատանեկությունը։ Ես հասկանում էի՝ գուցե հենց լավն այն է, որ այդ վեպը կորել է, բայց հասկանում էի մի այլ բան եւս՝ պետք է նորը գրել։ Բայց կսկսեմ միայն այն ժամանակ, երբ այլեւս չեմ կարողանա հետաձգել։ Թող անիծված լինեմ, եթե վեպ գրեմ միայն նրա համար, որպեսզի ամեն օր կարողանանք ճաշել։ Ես այն կսկսեմ, երբ այլեւս չեմ կարողանա զբաղվել ոչ մի այլ բանով եւ երբ ուրիշ ընտրություն չեմ ունենա։
 
Թող պահանջը ավելի ու ավելի հրամայական դառնա։ Իսկ մինչ այդ, ես երկար պատմվածք կգրեմ այն մասին, ինչ ամենից լավ գիտեմ։
 
Ես արդեն վճարել էի։ Դուրս եկա, շրջվելով դեպի աջ, կտրեցի Ռեննի փողոցը, որպեսզի խուսափեմ «Դյո Մագո» սրճարանը մտնելու գայթակղությունից եւ ամենակարճ ճանապարհով՝ Բոնապարտի փողոցով տուն գնացի։
 
Իմ չգրածներից ու չկորցրածներից ի՞նչն է, որ ամենից լավ գիտեմ։ Ի՞նչն է, որ ես ամենից ավելի ստույգ գիտեմ եւ ամենից շատ եմ սիրում։ Ես ընտրելու բան չունեի։ Ես միայն կարող էի ընտրել այն փողոցները, որոնք ինձ ամենից արագ կհասցնեն իմ գրասեղանին։ Բոնապարտի փողոցով ես հասա Գինեմեի փողոցը, հետո Ասսի փողոցը եւ Նոտր֊Դամ֊դե֊Շանով քայլեցի դեպի «Կլոզերի դե Լիլա» սրճարանը։
 
Ես նստեցի անկյունում այնպես, որ իմ ուսի վրայով ընկնեն երեկոյան արեւի շողերը, եւ սկսեցի գրել ծոցատետրումս։ Մատուցողը բերեց café créme, ես կես բաժակ խմեցի, երբ այն սառել էր, հետո բաժակը հեռացնելով, շարունակեցի գրել։ Երբ ես գրել վերջացրել էի, չէի ցանկանում բաժանվել գետից, բուծարանի իշխանաձկնից, ցցագերանների մոտ ուռչող ջրից։ Դա մի պատմվածք էր պատերազմից տուն վերադառնալու մասին, պատերազմը այնտեղ չէր հիշատակվում։
 
Բայց չէ որ գետը առավոտյան եւս այստեղ կլինի, եւ ես պետք է նկարագրեմ այն, նկարագրեմ ամբողջ շրջակայքը, եւ այն ամենը, ինչ տեղի կունենա։ Եվ ամեն օր, բազմաթիվ օրեր, ես պետք է այդ բանն անեմ։ Մնացածը նշանակություն չունի։ Իմ գրպանում փող կա, Գերմանիայից ստացված փողը, եւ կարելի է ոչ մի բանի մասին չմտածել։ Երբ այդ փողը վերջանա, ուրիշ տեղից կստանամ։
 
Իսկ այժմ միայն պահանջվում է՝ մինչեւ առավոտ պահպանել մտքի հստակությունը, երբ ես կրկին ձեռնամուխ կլինեմ գործի։
 
[[Category: Արձակ]]
Վստահելի
593
edits