Changes
/* Գլուխ երրորդ. Ճանապարհ դեպի հարավ */
— Որտե՞ղ է արդարությունը,— զայրանում էր Փինը: — Այդ խաբեբային դահլիճից չեն վռնդել, անպատկառ ինքնակոչության համար շղթայակապ չեն արել, այլ մի բան էլ պարգևատրել են, և նա Ֆրոդոյի հետ կճանապարհվի:
— Պարգևատրե՜լ են,— տխուր ծիծաղեց Ֆրոդոն: — Ավելի լավ է ասես՝ ահավոր պատժի են դատապարտել: Մտածի՛ր, կարելի՞ է արդյոք Մորդոր գնալը, այն էլ Մատանիով հանդերձ, պարգև համարել: Իսկ ես հույս ունեի, թե Մատանին իմ ձեռքից կվերցնեն ու կհաջողվի հանգստանալ Ազատքում:
— Այո, հյուընկալվելն էլֆերի մոտ շատ ավելի հաճելի է, քան Մորդոր քարշ գալ,— համաձայնեց Մերին: — Բայց չէ՞ որ մենք նախանձում ենք ոչ թե քեզ, այլ Սամին: Քանի որ դու ձեռնամուխ ես եղել այդ գործին, մեզ համար սոսկալի պատիժ կլինի, եթե քեզ թույլ տանք մենակ գնալ այնտեղ: Ճանապարհի մի մասը միասին ենք անցել՝ հարկավոր է միասին էլ վերջացնել:
— Ես էլ եմ այդպես գտնում,— միջամտեց Փինը: — Մեզ՝ հոբիթներիս, իրարից բաժանվել չի կարելի: Եթե ինձ բանտում չփակեն, ես անպայման կգնամ Ֆրոդոյի հետ: Չէ՞ որ նա պետք է խելքը գլխին մի ուղեկից ունենա:
— Դրա համար դու բոլորովին հարմար չես,— խոսեց Գանդալֆը՝ պատուհանից դուրս նայելով (Բիլբոն առաջին հարկում էր ապրում): — Բայց դուք չափազանց վաղ սկսեցիք անհանգստանալ, քանի որ դեռևս ոչինչ որոշված չէ:
— Ոչինչ որոշվա՞ծ չէ,— հարցրեց Փինը,— հապա ի՞նչ էիք անում ձեր Խորհրդում:
— Խոսում էինք և լսում,— բացատրեց նրան Բիլբոն: — Յուրաքանչյուրը պատմում էր այն, ինչ գիտեր և իմանում այն, ինչ չգիտեր: Բոլորն իրար լսում էին բերանները բաց: Իմիջայլոց, նույնիսկ ամենագետ Գանդալֆն իր համար անսպասելի լուր լսեց՝ Գոլլումի փախուստի մասին, բայց ցույց չտվեց:
— Սխալվում ես,— առարկեց Գանդալֆը,— այդ նորությունն ինձ հայտնեց Քամիխեղդը: Եթե ուզում ես իմանալ, Խորհրդում բերանները բաց նստած էին Բիլբոն ու Ֆրոդոն, իսկ ես ոչ մի նորություն չլսեցի:
— Թող այդպես լինի,— համաձայնեց Բիլբոն՝ հասկանալով, որ Գանդալֆի հետ վիճելն անօգուտ է,— բայց Խորհրդում ամբողջ օրը խոսեցին ու լսեցին, իսկ որոշեցին միայն Ֆրոդոյի և Սամի մասին: Խեղճե՜ր, նրանց դաժան վիճակ ընկավ... Ի դեպ, նրանք իրենք այդ ընտրեցին: Ես կանխազգում էի, որ այդպես էլ պետք է լինի, եթե ինձ Մորդոր չթողնեն: Բայց կարող եմ որպես գաղտնիք ասել ձեզ, բարեկամներ, որ միայն նրանց չէ վիճակված այդ բախտը: Նրանց հետ մի մեծ խումբ է մեկնելու, հենց որ հետախույզները վերադառնան Ազատք: Նրանք արդեն գնացի՞ն հետախուզության, Գանդալֆ...
— Ոմանք գնացին,— պատասխանեց հրաշագործը: — Մի տասը պատրաստվում է և կմեկնի առավոտյան: Նրանց օգնելու պատրաստակամություն հայտնեցին հետքագետ հյուսիսցիները և հյուսիսային Չարքանտառից Թրանդուիլի էլֆերը: Դուք կուղևորվեք հետախույզների վերադառնալուց հետո, այնպես որ Ֆրոդոն կհասցնի հանգստանալ:
— Իհարկե, ու Մորդոր կհասնենք ձմռանը,— մռայլ ու դժգոհ փնթփնթաց Սամը:
— Ինչ արած,— նկատեց Բիլբոն,— չէ՞ որ այստեղ մասամբ Ֆրոդոն է մեղավոր. ինչու՞ էր սպասում իր ծննդյան օրվան: Իմիջայլոց, նա տարօրինակ ձևով է այն տոնել: Մի՞թե նա մտածում էր, թե ինձ կուրախացնի, երբ այդ օրը իմ տունը տվեց հիմար Քսակ Պարկինսներին: Բայց եղածը եղած է, իրավիճակը թույլ չի տալիս մինչև գարուն սպասել, իսկ մեկնել մինչև հետախույզների վերադառնալը՝ անմտություն է:
<poem>
Երբ աշնան պղտոր արցունքների մեջ
Ցուրտն է խտանում և օդն է սառում,
Ու երբ ձյունաշունչ գիշեր է անվերջ,
Վտանգավոր է ճամփան անտառում:
</poem>
Բայց չհետազոտված ճանապարհն ավելի վտանգավոր է:
— Վախենում եմ, որ Բիլբոն իրավացի է,— ասաց Գանդալֆը: — Մենք պետք է պարզենք, թե Հեծյալները հիմա որտե՞ղ են:
— Ուրեմն նրան ո՞ղջ են մնացել:
— Նրանց ոչնչացնել չես կարող,— պատասխանեց Գանդալֆը,— քանի դեռ նրանց տիրակալը ոչնչացված չէ: Հուսով եմ, նրանք ստիպված են եղել վերադառնալ իրենց տները. առանց ձիերի՝ նրանք մեր աշխարհում անզոր են, բայց դա անպայման պետք է ստուգել: Իսկ առայժմ մոռացիր քո սարսափները, Ֆրոդո: Ես արդեն չգիտեմ, ինձանից օգուտ կլինի՞ թե ոչ, սակայն մտածում եմ, որ քեզ հետ միասին կգամ Մորդոր, քանի որ, ինչպես այստեղ իրավացիորեն ասացին, քեզ խելամիտ ուղեկից է հարկավոր:
Ֆրոդոն չկարողացավ թաքցնել բուռն ուրախությունը, և գոհ Գանդալֆը հանեց գլխարկը, հանդիսավորությամբ խոնարհվեց, բայց միաժամանակ ավելացրեց.
— Նկատի ունեցիր, որ ես միայն մտածում եմ, թե կուղևորվեմ քեզ հետ: Վերջնականապես դեռ ոչինչ չենք որոշել: Հայտնի չէ, թե ինչ կասեն Էլրոնդն ու Արագորնը: Ի դեպ. պետք է Էլրոնդին տեսնեմ: — Գանդալֆը հագավ գլխարկն ու դուրս եկավ:
— Ի՞նչ ես կարծում,— Բիլբոյին հարցրեց Ֆրոդոն,— որքան ժամանակ պետք է սպասեմ:
— Չգիտեմ,— անկեղծորեն խոստովանեց Բիլբոն: — Այստեղ, ախր, ժամանակը համարյա չես զգում: Բայց հետախույզներին դժվար ճանապարհ է սպասում, այնպես որ հազիվ թե շուտ մեկնես: Մինչ այդ մենք կհասցնենք սրտներս ուզածին չափ զրուցել: Իսկ դու չե՞ս ուզում գրքի հարցում ինձ օգնել: Մենք այն կվերջացնենք և քոնը կսկսենք: Ասա, դեռ չե՞ս մտածել, թե քո գիրքն ինչպես պետք է ավարտվի:
— Մտածել եմ,— մռայլ պատասխանեց Ֆրոդոն: — Եվ ոչ մի լավ բան չեմ որոշել:
— Ի՜նչ ես ասում, բարեկամս... — բացականչեց Բիլբոն: — Գրքերը պարտավոր են լավ վերջանալ: Քեզ ինչպե՞ս է դուր գալիս ահա այսպիսի վերջը. դրանից հետո նրանք երբեք չեն բաժանվել և նրանցից երջանիկ աշխարհում ոչ ոք չկար:
— Այո, դա հրաշալի վերջ է,— համաձայնեց Ֆրոդոն: Եվ տխուր ավելացրեց. — Միայն թե ես արդեն դրան չեմ հավատում:
Հոբիթները քննարկեցին կայանալիք ճամփորդությունը ու փորձեցին կռահել, թե Մորդորի ճանապարհին Ֆրոդոյին ինչ փորձանքներ կհանդիպեն: Սակայն Ազատքի հոգեպարար անդորրը շուտով ցրեց նրանց տագնապալի մտքերը: Ապագան առաջվա պես նրանց մռայլ էր թվում և, այնուամենայնիվ, չէր մթագնում ներկան, իսկ կյանքի բերկրանքն ամրապնդում էր վտանգավոր արշավի երջանիկ ավարտի նկատմամբ հավատը: Հոբիթներն ուրախանում էին հյուրընկալ էլֆերի հետ անցկացրած յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր ճաշկերույթի և բուխարու շքեղ դահլիճում հնչող յուրաքանչյուր երգի համար:
Օրերն աննկատ գլորվում էին անցյալի գիրկը, և աշնանը փոխարինելու համար մոտենում էր ձմեռը: Մշուշապատ Լեռներից փչող քամին կամաց-կամաց լցվում էր պաղով, չոր շրշում էին թռչկոտող տերևները և դժգունում էր երկնքի արծաթափայլ լազուրը: Լիալուսնի ճերմակ շողերում գիշերները հազիվ նշմարելի առկայծում էին աստղերը, բայց հարավում, համարյա գետնին կպած, մինչև լուսաբաց փայլում էր Բոսոր աստղը, և լուսնի փայլը չէր կարողանում աղոտացնել այն: Բոսոր աստղը նայում էր Ֆրոդոյի սենյակին որպես մի արյունամած, ամենատես աչք:
Հոբիթները Ազատքում ապրեցին երկու ամիս: Նոյեմբերի վերջին, երբ աշունը վերջանում էր, հետախույզների խմբերն սկսեցին վերադառնալ: Նրանցից ոմանք հետազոտել էին հյուսիսային հողերը՝ Կատաղի գետի վերին հոսանքները, Թրոլյան սարահարթը և Անդուինի ակունքների մոտ գտնվող Մոխրագույն լեռները: Մյուսներն իջել էին Դիվոտ և Մոխրաջուր գետերով մինչև վաղուց ավերված Թարբադ ամրոցը՝ իմանալու համար Անտերունչ հարթավայրում տիրող վիճակը: Երրորդներն անցել էին Մշուշապատ Լեռնաշղթան, գնացել Անդուինի երկարությամբ մինչև Հիրիկների հարթավայրն ու վերադարձել Դիվոտ մի լեռնանցքով, որը կոչվում էր Սևգետյան Հեղեղ: Չորորդներն անցել էին Արևելյան Ուղիով և հետո, զգուշորեն դեպի հարավ շարժվելով, հետազոտել էին Չարքանտառի արևմտյան եզրերը ընդհուպ մինչև Դուլ Գուլդուրի Հմայաթավուտքը: Վերջինը վերադարձան Էլրոնդի որդիները՝ նրանք գնացել էին Անդուինից արևելք, եղել Խլուտում և Գորշ դաշտավայրում, բայց իրենց ճանապարհորդության մասին միայն հորը պատմեցին:
Հետախույզները ոչ մի տեղ Հեծյալներ չէին հայտնաբերել, նույնիսկ ոչինչ չէին լսել նրանց մասին: Հեծյալներին չէին տեսել և Մեծ արծիվները, Ռադագասթ Թուխի հզոր դաշնակիցները: Գոլլումը նույնպես անհետ կորել էր, իսկ հյուսիսում վարգում էին գայլդարձյակների ոհմակները: Դիվոտ գետում Գետանցումի մոտ գտնվել էին երեք խեղդված սև ձիեր, և ևս հինգը՝ քիչ ներքև, ծանծաղուտներում. նույն տեղում, ջրի մեջ, լողում էին քրքրված թիկնոցներ:
— Համենայն դեպս, Դիվոտը ութ Մատանեկիրներին հետյոտն է դարձրել,— դատում էր Գանդալֆը: — Կարելի է հույս ունենալ, որ Ուրվական սպասավորներն ինչ-որ ժամանակով իրենց ուժը կորցրել են ու վերադարձել Մորդոր, որպես անձև ուրվականներ, բայց ես լրիվ համոզված չեմ: Եթե դա իսկապես այդպես է, ապա նրանք մեր արշավին չեն խանգարի, որովհետև դեռևս շուտ չեն հայտնվի նորից: Հասկանալի է, Թշնամին սպասավորներ շատ ունի, բայց նրանք որպեսզի իմանան, թե մենք ուր ենք գնացել, ստիպված կլինեն ծածուկ հասնել Ռիվենդել, ծածուկ, որովհետև դունադանները քնած չեն, և այստեղ փնտրել մեր հետքերը, իսկ մենք կաշխատենք հետքեր չթողնել: Սակայն այլևս դանդաղել չի կարելի, ես գտնում եմ, որ հենց հիմա էլ հարկավոր է գործել:
Էլրոնդը հոբիթներին կանչեց իր մոտ:
— Ժամանակը եկել է,— հայտարարեց նա: — Մատանու Պահապանի գործելու ժամանակն է: Բայց այժմ նա պարտավոր է հիշել, որ ճանապարհին օգնություն չի ստանա՝ մենք շատ հեռու կլինենք նրանից: — Էլրոնդը ուշադիր նայեց Ֆրոդոյին և լուրջ հարցրեց.
— Դու միտքդ չե՞ս փոխել, քանզի ստիպելու իրավունք մենք չունենք:
— Ոչ,— ասաց Ֆրոդոն: — Ես կգնամ Սամի հետ:
— Ես նույնիսկ խորհուրդ չեմ կարող տալ քեզ,— քիչ լռելուց հետո ասաց Էլրոնդը: — Խավարի Վարագույրը օր օրի ծավալվում է, այն տարածվել է համարյա մինչև Մոխրաջուր գետը, իսկ Խավարամած հողերն ինձանից ծածկված են, ես անզոր եմ գուշակելու քո ապագա ուղին և չգիտեմ, թե դու ինչպես պետք է հասնես Մորդոր: Բազում թաքուն ու բացահայտ թշնամիներ կհանդիպեն քեզ ճանապարհին, բայց հիշիր. նույնիսկ Սաուրոնի տիրույթներում Մատանու Պահապանը կարող է բարեկամի հանդիպել: Մենք քո մասին լուր կուղարկենք Իմաստունների խորհրդի բոլոր դաշնակիցներին... Չնայած հայտնի չէ, կկարողանա՞ն անցնել սուրհանդակները այն երկրներով, որոնք պատերազմի մեջ են:
Մենք քեզ համար մի քանի հուսալի ուղեկից կգտնենք, բայց դրանց թիվը պետք է շատ փոքր լինի, քանզի քո արշավի հաջողությունը կախված է միայն արագությունից և գաղտնի լինելուց: Պահապաններն ընդամենը ինը կլինեն, ճիշտ այնքան, որքան Ուրվական-Նազգուլները: Բացի քո հավատարիմ Սամից, քեզ հետ կուղևորվեն Գանդալֆը և գուցե այդ դժվարագույն արշավում ավարտվեն նրա մեծագործությունները:
Մնացած ուղեկիցներին կներկայացնեն ազատ աշխարհի ազատ ժողովուրդները՝ էլֆերը, թզուկները և մարդիկ: Էլֆերից քեզ հետ գնալու ցանկություն է հայտնել Լեգոլասը, թզուկներից՝ Ջիմլին, իսկ մարդկանցից՝ Արագորնը:
— Պանդու՞խտը,— ուրախացած բացականչեց Ֆրոդոն:
— Նա ինքը,— ժպտալով արձագանքեց Արագորնը: — Չէ՞ որ դու իմ ընկերությունից չես հրաժարվի...
— Ես էլ մտածում էի,— որ դու գնում ես գոնդորցիներին օգնելու և չէի համարձակվում խնդրել մեզ հետ ուղևորվել:
— Գնում եմ,— հանգիստ հաստատեց Արագորնը: — Բայց մինչև հարավային հողեր հասնելը մեր ճանապարհը նույնն է, հարյուրավոր լիգեր կհաղթահարենք միասին: Բորոմիրն էլ է ուղևորվում մեզ հետ՝ նա փորձված ճանապարհորդ է և քաջ ռազմիկ:
— Հարկավոր են ևս երկուսը,— նկատեց Էլրոնդը: — Ռիվենդելում բավական ցանկացողներ կգտնվեն...
— Իսկ մե՞նք,— դառնացած բացականչեց Փինը: — Ուրեմն ստացվում է, որ մեզ չեն վերցնելու: Մենք էլ ենք ուզում Ֆրոդոյին ուղեկցել...
— Դուք չեք հասկանում,— պատասխանեց Էլրոնդը,— ուղղակի չեք պատկերացնում, թե ինչպիսի ահավոր վտանգներ են սպառնում Ֆրոդոյին Մորդորի ճանապարհին:
— Դե և Ֆրոդոն էլ ավելին չգիտե, քան նրանք,— անսպասելիորեն հոբիթներին պաշտպանեց Գանդալֆը: — Մեզանից ոչ ոք ինչպես հարկն է չգիտե: Պարզ է, որ եթե մեր համերաշխ հոբիթները հասկանային, թե իրենց ինչ փորձություններ են սպասում, չէին վճռի ճանապարհ ընկնել: Բայց դառնացած կանիծեին իրենց անվճռականությունը, քանզի նրանք Ֆրոդոյի հավատարիմ ընկերներն են: Իսկ այս արշավում նրանց անդավաճան նվիրվածությունը զորեղությունից ու իմաստնությունից կարևոր կլինի: Հուսով եմ, ինձանից լավ գիտես, որ նույնիսկ մեծ դյուցազն Գլորֆինդելը չի կարող մենամարտում հաղթել Թշնամուն կամ ուժով հասնել Օրոդրուին:
— Ճիշտ ես,— դժկամությամբ համաձայնեց Էլրոնդը: — Բայց Հոբիթստանին նույնպես վտանգ է սպառնում, և ահա ես կուզեի, որ մեր հոբիթներն այդ մասին զգուշացնեն իրենց հայրենակիցներին: Եվ բոլոր դեպքերում Փերեգրին Ճագարակը չափազանց երիտասարդ է այդ ճանապարհորդության համար: Ես չեմ կարող նրան թույլ տալ Մորդոր գնալ:
— Այդ դեպքում հրամայիր կալանավորել ինձ, այլապես կփախչեմ,— ասաց Փինը:
Էլրոնդը նայեց նրան ու հառաչեց:
— Ի՜նչ արած, ստիպված ենք քեզ էլ թույլ տալ,— տխուր ժպիտով ասաց նա: — Ուրեմն, Պահապանների ջոկատը լրիվ է: Յոթ օր հետո դուք ճանապարհ կընկնեք:
Էլֆ դարբինները նորից կոփեցին Նարսիլը և նրա սայրին խորհրդանշան դակեցին՝ կիսալուսնի և արևի միջև յոթ աստղ, քանզի Արագորնը՝ Արաթհորնի որդին, Նումենորի թագավորների անմիջական ժառանգը, ճանապարհվում էր պաշտպանելու Գոնդոր տերությունը: Ահեղ տեսք ուներ նորոգված թուրը. ցերեկը, սև պատյանից հանված, արևի տակ փայլատակում էր շիկացածի պես, իսկ լուսնի սառը լույսի տակ ցոլցլում էր մռայլ, սառցային փայլով: Արագորնը նրան նոր անուն տվեց. Անդրիլ, որը նշանակում է «Վերածնված կայծակ»:
Արագորնն ու Գանդալֆը արշավի պատրաստվելով, ուսումնասիրում էին Միջերկրի հին քարտեզները և Էլրոնդի դղյակում հնուց պահպանվող նախորդ Դարաշրջանների տարեգրությունները: Պատահում էր, Ֆրոդոն էլ էր միանում նրանց, բայց ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բիլբոյի հետ՝ վստահելով ուղեկիցների իմաստնությանը:
Երեկոները հոբիթները հավաքվում էին բոլորը միասին, նստում բուխարու հարմարավետ դահլիճում, ունկնդրում էլֆերի հին ավանդությունները, իսկ ցերեկը, քանի դեռ Մերին ու Փինը թափառում էին ձմեռային այգում, Ֆրոդոն ու Սամը նստում էին Բիլբոյի մոտ, ու նա կարդում էր իր բանաստեղծությունները կամ հատվածներ անավարտ գրքից:
Ճանապարհվելու նախորդ օրն առավոտյան Ֆրոդոն մենակ մտավ Բիլբոյի մոտ: Բիլբոն դուռը պինդ ծածկեց, մահճակալի տակից հանեց փայտե սնդուկը, կափարիչը բաց արեց և չափազանց ճմրթված կաշվե պատյանից մի թուր հանեց:
— Քո թուրը կոտրվել է,— ասաց ծեր հոբիթը,— ես պահել եմ, որ տամ նորից կոփելու, բայց ժամանակին չեմ տվել, իսկ հիմա արդեն ուշ է, մեկ օրում թուր չեն նորոգի նույնիսկ Ազատքի հմուտ դարբինները: Ուրեմն գուցե ա՞յս թուրը վերցնես... — Բիլբոն թուրը պատյանից դուրս քաշեց, և սրա ողորկ շեղբից սենյակը լուսավորվեց սառը փայլով: — Սա հաճախ է ինձ փրկել կործանումից, բայց այժմ քեզ ավելի է հարկավոր, քան ինձ:
Ֆրոդոն շնորհակալությամբ թուրն ընդունեց:
— Եվ ահա էլ ինչ եմ ուզում նվիրել քեզ: — Բիլբոն սնդուկից խնամքով հանեց ոչ մեծ, բայց ակնհայտորեն ծանր մի փաթեթ և, երբ նա քանդեց կապոցը, Ֆրոդոն տեսավ փայլատ արծաթե օղերից կռված զրահաշապիկը, բարակ, սակայն հոծ ու ամրապինդ, այն զարդարված էր թափանցիկ գունավոր քարերով, իսկ գոտին շողշողում էր մարգարիտներով:
— Գեղեցիկ է, չէ՞,— ասաց Բիլբոն՝ օղազրահը ձեռքին պատուհանին մոտենալով: — Եվ շատ օգտակար է, կարող ես չկասկածել: Դա ինձ մի ժամանակ Թորինն է նվիրել, դե հիմա հազիվ թե ինձ պետք գա՝ միայն որպես իմ ճանապարհորդության հիշատակ: Ձեռքումդ բավական ծանր է թվում, բայց որ հագնես՝ էլ կշիռը չես զգա:
— Բայց ախր ես... Իմ կարծիքով, դրա մեջ ես մի քիչ տարօրինակ տեսք կունենամ,— ասաց Ֆրոդոն:
— Ես էլ նույնը մտածեցի,— ասաց Բիլբոն,— երբ առաջին անգամ տեսա: Հագիր բաճկոնիդ տակից, և վերջ: Ոչ ոք մեզանից բացի՝ չի իմանա դրա մասին: Այո՛, այո՛ ոչ ոքի մի ասա... Հուսով եմ... — Բիլբոն շուրջը նայեց ու դեպի Ֆրոդոն թեքվելով շշնջաց,— որ այն ոչ մի զենքով խոցել չի լինի, նույնիսկ Սև Հեծյալի դաշույնով:
— Այդ դեպքում կվերցնեմ,— վճռեց Ֆրոդոն: Նա օղազրահը հագավ, ինչպես Բիլբոն խորհուրդ տվեց, բաճկոնի տակից, իսկ վրայից գցեց թիկնոցը, այնպես որ թուրն էլ չէր երևում:
— Ոչ ոք գլխի չի ընկնի,— նկատեց Բիլբոն,— որ դու հուսալի պաշտպանված ես և զինված: Մնում է քեզ բարի ճանապարհ մաղթել... — Նա կտրուկ շրջվեց, նայեց պատուհանից դուրս և ինչ-որ երգ երգեց: Բայց դրանով նա Ֆրոդոյին չխաբեց. Ֆրոդոն տեսավ, որ Բիլբոն խորապես վշտացած է իր հայրենակիցներից բաժանվելու համար:
— Չգիտեմ, քեզ ինչպես հայտնեմ շնորհակալությունս...
— Ա-ա՜, դատարկ բան է,— ասաց Բիլբոն և բարեհոգաբար թփթփացրեց նրա ուսին: — Այ թե ուսե՜ր են... — փնթփնթաց նա՝ օղազրահից ցաված ձեռքը թափահարելով: Փոքր ինչ լռելուց հետո լրջացած ավելացրեց. — Հոբիթները պետք է օգնեն միմյանց: Իսկ մենք նաև ազգականներ ենք: Այնպես որ ինձ շնորհակալություն հայտնելու հարկ չկա... Խոստացիր ինձ արշավի ժամանակ խելամիտ լինել և հիշել հեռավոր, օտար ժողովուրդների սովորությունները, իսկ ես կջանամ ավարտել գիրքը: Գուցեև իմ ժամանակը բավականացնի նաև քո արկածները նկարագրելու համար: — Նա նորից լռեց և մոտեցավ պատուհանին:
Դեկտեմբերյան օրը ցուրտ էր ու մռայլ: Այգու ծառերի մերկ ճյուղերը ճկվել էին արևելյան քամուց, իսկ հեռվում, դաշտավայրի հյուսիսային կողմում գտնվող լեռնալանջերին միալար աղմկում էր սոճու անտառը: Ցածր, գետնամած երկնքով հապշտապ սողում էին թանձր ամպերը:
Պահապանները պատրաստվում էին մեկնել առավոտյան, բայց Էլրոնդը խորհուրդ տվեց դուրս գալ երեկոյան և, գիշերային խավարով պաշտպանված, հեռանալ Ազատքից:
— Սաուրոնը,— ասաց նա,— շատ սպասավորներ ունի՝ չորքոտանի, երկոտանի և նույնիսկ թևավոր: Նազգուլները հաստատ արդեն վերադարձել են տիրոջ մոտ, այնպես որ նա գիտե իրենց պարտության մասին և հիմա կատաղությունից փրփրած իրեն ուտում է: Հյուսիս, իհարկե, լրտեսներ են ուղարկված: Թռչունները, ինչպես հայտնի է, արագ են թռչում, դրա համար էլ զգուշացեք պարզ երկնքից:
Պահապանները ճանապարհի համար միայն թեթև ռազմական հանդերձանք վերցրին՝ նրանց գլխավոր զենքը թաքնվելն էր: Արագորնի՝ սահմանամերձ Խլուտի թափառաշրջիկի կանաչավուն թիկնոցի տակ գոտուց կախված էր Անդրիլը, ուրիշ զենք նա չվերցրեց: Բորոմիրը Անդրիլի նման թուր ուներ, նույնպես Նումենորից, բայց ո՛չ այդքան փառաբանված, մի թեթև վահան ու փող՝ լանջափոկից կախված: Նա փողը փչեց, և հովտի անդորրում ալիք-ալիք տարածվեց թավշյա ուժգին արձագանքը՝ խլացնելով հեռավոր ջրվեժի դղրդյունը, զառիթափի գետի խոխոջյունը և մերկացած ճյուղերի մեջ քամու սուլոցը:
— Թո՛ղ ցրվեն անիծյալ Սաուրոնի դաշնակիցները,— բացականչեց գոնդորցին՝ փողն իջեցնելով:
— Իսկ հիմա եղջերափողդ պահիր, Բորոմիր, դեռ շուտ պետք չի գա քեզ,— ծանրակշիռ ասաց Էլրոնդը: — Հուսով եմ, ինքդ էլ ես հասկանում, թե ինչու: