Changes
/* Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ */
=== Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ ===
Ֆրոդոն ու Սեմը վերադարձան իրենց անկյունը և պառկեցին հանգստանալու:Իսկ մարդիկ արդեն արթնանում էին. սկսվում էր հոգսերով հագեցած նոր օրը: Շուտով լվացվելու համար ջուր բերեցին, հետո հոբիթներին ուղեկցեցին երեք հոգու համար բացված սեղանի մոտ, որտեղ արդեն նստած էր Ֆարամիրը: Նա ամբողջ օրը չէր քնել, չէր հանգստացել մարտից հետո, բայց ասես բնավ էլ չէր հոգնել: Նախաճաշեցին և անմիջապես վեր կացան: — Սովը չի տանջի ձեզ ճանապարհին,— ասաց Ֆարամիրը: — Դուք այնքան էլ շատ սնունդ չունեք, ուստի ես կարգադրել եմ ձեր տոպրակներում լրացուցիչ պաշար դնել: Ծարավից չեք պապակվի՝ Իթիլիենը ջրով հարուստ է, բայց զգուշացեք Իմլադ Մորգուլից՝ Ապրող Մահվան հովտից հոսող առուներից ջուր խմելուց: Եվ մի բան էլ. իմ հետախույզները վրադարձել են, նույնիսկ նրանք, ովքեր հասել են մինչև Մորանոն: Եվ բոլորը զեկուցում են, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Տարացքը դատարկվել է, Ճանապարհներն ամայի են: Քայլերի ձայն չի լսվում, եղջերափող չի փչում, աղեղնալար չի ծնգում: Սև երկրի վրա, թող չհնչի նրա անունը, լռություն է իջել: Չգիտեմ, թե ինչ է նախագուշագում այդ լռությունը, բայց կարծում եմ հանգուցալուծումը չի ուշանա: Մեծ փոթորիկ է մոտենում: Շտապեք, քանի դեռ կարող եք: Եթե պատրաստ եք, գնանք, շուտով արևը դուրս կգա Մթամած լեռների հետվից: Հոբիթներին հանձնեցին ծանրացած տոպրակները և երկու ամուր, երկաթյա ծայրակալերով, փայլեցված փայտյա ցուպեր, որոնց քանդակված բռնակների միջով կաշվե օղակներ էին անցկացված: — Ավելի արժանի նվերներ չգտնվեցին,— ասաց Ֆարամիրը,— վերցրեք գոնե այս ցուպերը: Լեռներում ու անճանապարհ վայրերում սրանք անփոխարինելի են: Էրեդ Նիմրիսի լեռնեցիները սրանցից են օգտագործում՝ ճիշտ է ձեր ցուպերը սովորականից կարճ են, դրանք կտրվել են ձեր հասակին համապատասխան և նորից մետաղապատվել: Պատրաստված են լեբետրոնի ամուր փայտից. այդ փայտը սիրված է գոնդորցի ատաղձագործների կողմից և կա համոզմունք, իբր այդ փայտի մեջ կախարդական ուժ կա, որը օգնում է գտնել այն, ինչ փնտրում ես և բարհաջող վերադառնալ: Թո՛ղ որ պահպանվի այդ հրաշք ուժը նույնիսկ չարագույժ խավարի երկրում: Հոբիթները մինչև գետին խոնարհվեցին: Օ՜ հյուրընկալ տանտեր,— ասաց Ֆրոդոն,— Էլրոնդ Կիսաէլֆը կանխագուշակել էր ինձ, որ ճանապարհին ես բարեկամի կհանդիպեմ նույնիսկ ամենաանհավանական վայրում: Եվ իրոք ես հույս չունել հանդիպել նման հյուրընկալի և բարեկամի: Մեր հանդիպումը նույնիսկ չարիքն է վերածում մեծագույն բարիքի: Մեկնելու նախապատրաստումներն ավարտվեցին: Ինչ որ անկյունից կամ գաղտնի հորից բերեցին Գոլլումին. նա ինքնագոհ տեսք ուներ և խղճալի չէր, ինչպես երեկ, սակայն ջանում էր Ֆրոդոյից չհեռանալ և խուսափում էր Ֆարամիրի հայացքից: — Ձեր ուղկցի աչքերը մենք կփակենք,— ասաց Ֆարամիրը,— բայց դու և քո ծառա կարող եք այդպես գալ, եթե ցանկանում եք: Բայց երբ աչքակապը ձեռքին մոտեցան Գոլլումին, նա ծղրտաց, խույս տվեց և կառչեց Ֆրոդոյից: Վերջինս ասաց. — Երեքիս աչքերն էլ կապեք, և առաջինը՝ իմ. գուցե այդ ժամանակ նա հասկանա, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն նեղացնել: Այդպես էլ արեցին: Այնուհետև աստիճաններով և անցումներով հոբիթներին դուրս բերեցին Հեննեթ Աննունի քարանձավից, և շուտով նրանց դեմքերին փչեց առավոտյան անուշահոտ ու թարմ օդը: Մի որոշ ժամանակ ևս գնացին փակ աչքերով, իջան սարի ստորոտը, և վերջապես Ֆարամիրի ձայնը կարգադրեց հանել աչքակապերը: Նրանք կրկին կանգնած էին անտառի սաղարթի տակ և գլխավերևում շրշում էին տերևները: Ջրի աղմուկը դադարել էր. ջրվեժը և կիրճը, որտեղով վազում էր գետակը, թաքնվել էին սարի հարավային լանջի հետևում: Արևմտյան կողմում ծառերի բների արանքից լույս էր թափանցում, ասես հողն այդտեղ հանկարծակի ավարտվում էր ու սկսվում էր երկինքը: — Այստեղ մեր ուղիները բաժանվում են,— ասաց Ֆարամիրը: