Changes

Տոն, որը միշտ քեզ հետ է

Ավելացվել է 20 481 բայտ, 10:59, 28 Հունիսի 2015
Իսկ այժմ միայն պահանջվում է՝ մինչեւ առավոտ պահպանել մտքի հստակությունը, երբ ես կրկին ձեռնամուխ կլինեմ գործի։
==Ֆորդ Ֆորս Մեդոքս Ֆորդը եւ Սատանայի աշակերտը== Երբ մենք բնակվում էինք սղոցարանի վերեւ, Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցի № 113 տանը, մերձավոր լավ սրճարանը «Կլոզերի դե Լիլան» էր՝ Փարիզի լավագույն սրճարաններից մեկը։ Ձմեռը այնտեղ տաք էր լինում, գարնանն ու աշնանը կլոր սեղանները դրվում էին մարշալ Նեյի արձանի մոտ, ծառերի շվաքի տակ, իսկ սովորական քառակուսի սեղանները դասավորում էին մայթի երկայնքով, մեծ ծածկի տակ, եւ այնտեղ հաճելի էր նստել։ Մատուցողներից երկուսը մեր լավ բարեկամներն էին։ «Կուպոլ»֊ի եւ «Ռոտոնդա»֊յի մշտական հաճախորդները երբեք չէին գալիս «Լիլա»։ Նրանք այստեղ ոչ ոքի չէին ճանաչում, եւ ոչ ոք նրանց չէր ճանաչի, եթե նրանք այնուամենայնիվ գային։ Այն օրերին շատերն էին հաճախում Մոնպառնասի եւ Ռասպայի բուլվարների խաչմերուկում գտնվող սրճարանները, որպեսզի երեւան մարդկանց, եւ այդ սրճարանները ինչ֊որ չափով նրանց նույնպիսի կարճատեւ անմահություն էին պարգեւում, ինչպես գրագրային խրոնիկայի սյունակները։ Մի ժամանակ «Կլոզերի դե Լիլա»֊յում շատ թե քիչ կանոնավոր հավաքվում էին պոետները եւ նրանցից վերջին հայտնի բանաստեղծը Պոլ Ֆորն էր, որից ես այդպես էլ ոչինչ չկարդացի։ Սակայն միակ պոետը, որին ես այնտեղ տեսա, Բլեզ Սանդրարն էր՝ բռնցքամարտիկի խեղված դեմքով եւ ուսից կախված դատարկ թեւքով մի մարդ։ Նա անվնաս ձեռքով սիգարեթ էր փաթաթում եւ լավ զրուցակից էր, քանի դեռ չէր հարբել։ Նրա սուտը շատ ավելի հետաքրքիր էր մյուսների ճշմարտացի պատմություններից։ Նա միայկ պոետն էր, որ այն օրերին հաճախում էր «Լիլա», բայց ես նրան այնտեղ միայն մեկ անգամ եմ տեսել։ Այցելուների մեծամասնությունը մաշված կոստյումով, մորուքավոր, հասակ առած մարդիկ էին, որ գալիս էին իրենց կանանց կամ սիրուհիների հետ։ Նրանցից ոմանք կոճականցքի վրա «Պատվո լեգիոնի» կարմիր նեղ ժապավեն ունեին, մյուսները չունեին։ Մենք վեհանձնորեն նրանց համարում էինք գիտնականներ՝ savants, եւ նրանք իրենց ապերիտիվների շուրջը գրեթե նույնքան երկար էին նստում, որքան եւ ավելի մաշված կոստյումով այն հաճախորդները, որ իրենց կանանց ու սիրուհիների հետ խմում էին café créme ու կոճականցքերում կրում էին Ֆրանսիական ակադեմիայի հետ ոչ մի առնչություն չունեցող ակադեմիական մանուշակագույն վարդակապ, որոնք, մեր կարծիքով, նշանակում էին, թե դրանց կրողները դասախոսներ են կամ ուսուցիչներ։ Այդ հաճախորդները սրճարանը դարձրել էին շատ հանգստավետ, քանի որ նրանք հետաքրքրվում էին սոսկ միմյանցով, իրենց ապերիտիվներով ու սրճով, ինչպես նաեւ փայտե ձողիկների արանքում ամրացված թերթերով ու ամսագրերով, եւ ոչ ոք այնտեղ չէր հանդիսանում զննման առարկա։ «Լիլա» էին գալիս նաեւ Լատինական թաղամասի բնակիչները, եւ նրանցից ոմանք կոճականցքերում կրում էին «Զինվորական խաչի» ժապավեն, ոմանք դրա հետ մեկտեղ նաեւ «Զինվորական մեդալի» դեղնա֊կանաչ ժապավեն, եւ ես դիտում էի, թե նրանք որքան ճարպկորեն են սովորել յոլա գնալ առանց կորցրած վերջնավորությունների, գնահատում էի նրանց արհեստական աչքերի որակը եւ այն վարպետությունը, որով վերականգնվել են նրանց դեմքերը։ Պլաստիկ լուրջ վիրահատությունը կաշվին հաղորդում է գրեթե ծիածանային փայլ,— այդպես փայլում է լավ տոփանած դահուկադաշտը,— եւ այդ հաճախորդներին մենք ավելի էինք հարգում, քան savants֊ներին կամ ուսուցիչներին, թեեւ վերջիններս, հնարավոր է, նույնպես եղել են պատերազմում, բայց խեղվածք չեն ստացել։ Այն օրերին մենք չէինք վստահում պատերազմում չեղած մարդկանց, իսկ մենք ոչ ոքի ընդհանրապես լիովին չէինք վստահում եւ շատերը գտնում էին, որ Սանդրարը կարող է ավելի քիչ ցուցադրել իր ձեռքի բացակայությունը։ Ես ուրախ էի, որ նա «Լիլա» էր մտել ցերեկը, երբ դեռեւս չէին հավաքվել ամենօրյա հաճախորդները։ Այն երեկո ես նստել էի սեղանի մոտ՝ «Լիլա»֊յի առջեւ եւ դիտում էի, թե ինչպես է փոխվում ծառերի ու տների լուսավորությունը եւ թե ինչպես են լծկան ձիերը բուլվարի այն կողմում դանդաղ ձգում սայլերը։ Սրճարանի դուռը ետեւից, իմ աջ կողմից բացվեց, եւ ինչ֊որ մեկը մոտեցավ իմ սեղանին։ — Ա՜, ահա թե դուք որտեղ եք,— ասաց նա։ Դա Ֆորդ Մեդոքս Ֆորդն էր, ինչպես նա այն ժամանակ իրեն անվանում էր։ Նա ծանր շնչում էր ներկած թավ բեղերի մեջ եւ կանգնել էր ուղիղ, ասես մոդայիկ կոստյում հագած, ուղղահայաց դրված գարեջրի շարժական տակառ լիներ։ — Թույլ կտա՞ք ձեզ հետ նստել,— նստելով հարցրեց նա եւ դժգույն կոպերի ու անգույն արտեւանունքների տակից ջրալի կապույտ աչքերով սկսեց դիտել բուլվարը։— Ես կյանքիս մի քանի տարիները ծախսել եմ, որպեսզի այդ յաբուներին հումանիստական ձեւով սպանեն,— ասաց նա։ — Դուք այդ արդեն ինձ ասել եք,— ասացի ես։ — Չեմ կարծում։ — Ես բացարձակ վստահ եմ։ — Զարմանալի է։ Ես ոչ ոքի երբեք այդ մասին չեմ ասել։ — Խմել ուզո՞ւմ եք։ Մատուցողը այդտեղ էր, եւ Ֆորդը նրան պատվիրեց «շամբերի» ու «կասսի» վերմուտ։ Բարձրահասակ, նիհար, դրագունական հնաոճ թավ բեղերով մատուցողը, որի մեծ ճաղատը խնամքով թաքցված էր սղալած մազերի տակ, կրկնեց պատվերը։ — Ոչ։ Fine à l’eau<ref>Ջրախառն կոնյակ (ֆրանս․)։</ref> բերեք,— ասաց Ֆորդը։— Պարոնի համար fine à l’eau,— կրկնեց մատուցողը։ Ես միշտ խուսափում էի նայել Ֆորդին եւ ձգտում էի շունչս պահել, եթե նրա հետ միեւնույն սենյակում էի գտնվում, բայց այժմ մենք նստած էինք բացօթյա, եւ քամին ընկած տերեւները ինձնից քշում էր նրա կողմը, այնպես որ ես ուշադիր տնտղեցի նրան, ափսոսացի դրա համար եւ սկսեցի նայել բուլվարի կողմը։ Լուսավորությունը արդեն փոխվել էր, բայց ես չէի հետեւել այդ փոփոխության ընթացքին։ Ես մի կում արեցի ստուգելու, թե Ֆորդի ներկայությունը չի՞ փչացրել արդյոք կոնյակի համը, բայց համոզվեցի, որ կոնյակը առաջվա նման լավն է։ — Դուք ինչ֊որ մռայլ եք երեւում,— ասաց նա։ — Ոչ։ — Մռայլ եք, մռայլ։ Դուք պետք է ավելի հաճախ օդափոխվեք։ Ես այստեղ եմ եկել ձեզ հրավիրելու մեր համեստ երեկոներին, որ կազմակերպում ենք կարդինալ Լեմուանի փողոցի, Կոնտրեսկարպ հրապարակի մոտ գտնվող այդ զվարճալի պարասրահում։ — Ես երկու տարի ապրել եմ այդ պարասրահի վերին հարկում, վերջին անգամ ձեր Փարիզ գալուց շատ առաջ։ — Տարօրինակ է։ Դուք համովզա՞ծ եք։ — Այո,— պատասխանեցի,— համոզված եմ։ Այդ հիմնարկի տերը տաքսի ուներ, եւ երբ ես շտապում էի ինքնաթիռին հասնել, նա ինձ օդանավակայան էր տանում, եւ մենք միշտ կանգ էինք առնում պարասրահի ցինկապատ վաճառասեղանի մոտ, մթության մեջ մեկական բաժակ գինի էինք խմում,, նախքան օդանավակայան մեկնելը։ — Ինքնաթիռ չեմ սիրում,— ասաց Ֆորդը,— շաբաթ երեկոյան ձեր կնոջ հետ եկեք պարասրահ։ Շատ ուրախ կլինի։ Ես ձեզ կգծեմ պլանը, որպեսզի հեշտ գտնեք այդ տեղը։ Ես այն միանգամայն պատահմամբ եմ գտել։ — Կարդինալ Լեմուանի փողոցի № 74 տան նկուղը,— ասացի,— ես ապրել եմ այդ տան չորրորդ հարկում։ — Այնտեղ համար չկա,— ասաց Ֆորդը,— բայց դուք հեշտությանմբ կգտնեք այդ տեղը, եթե կարողանաք ընկնել Կոնտրեսկարպի հրապարակ։ Ես մի մեծ կում էլ արեցի։ Մատուցողը բերեց Ֆորդի պատվերը, եւ Ֆորդը նրան դիտողություն արեց․ — Ես ոչ թե կոնյակ ու սոդայաջուր եմ խնդրել, այլ պատվիրել եմ վերուտ՝ «շամբերի» ու «կասսի»,— խրատական, բայց խիստ տոնով ասաց նա։ — Լավ, Ժան,— ասացի ես,— այդ կոնյակը ես կվերցնեմ, իսկ պարոնին բերեցեք այն, ինչ նա պատվիրեց։ — Ինչ ես պատվիրել էի առաջ,— ուղղեց Ֆորդը։ Այդ պահին մայթի վրայով, մեր կողքով անցավ թիկնոց հագած բավականին նիհար մի մարդ։ Նա մի բարձրահասակ կնոջ հետ էր եւ սահուն հայացք գցելով մեր սեղանին, մի կողմ նայեց ու շարունակեց ճանապարհը։ — Դուք նկատեցի՞ք, որ ես նրան չբարեւեցի,— հարցրեց Ֆորդը,— չէ, ասացեք, նկատեցի՞ք, որ չբարեւեցի։ — Ոչ։ Իսկ դուք ում չբարեւեցի՞ք։ — Վա՜հ, Բելլոկին,— ասաց Ֆորդը,— ի՜նչ փայլուն կերպով ես նրան չբարեւեցի։ — Չնկատեցի։ Իսկ ինչո՞ւ չբարեւեցիք։ — Դրա համար ես բազում հիմնավոր պատճառներ ունեմ,— պատասխանեց Ֆորդը,— ա՜յ թե փայլուն կերպով ես նրան չբարեւեցի։ Նա անսահման երջանիկ էր։ Ես գրեթե չէի նկատել Բելլոկին եւ կարծում եմ նա եւս չէր նկատել մեզ։ Նա մտախոհ էր, եւ նրա հայացքը ավտոմատ կերպով էր սահել մեր սեղանի վրայով։ Ինձ համար տհաճ էր, որ Ֆորդը կոպիտ էր նրա հետ․ որպես երիտասարդ, սկսնակ գրող, ես հարգանք էի տածում Բելլոկի՝ ավագ սերնդի այդ գրողի նկատմամբ։ Ներկայումս դա դժվար է հասկանալ, բայց այն օրերին այդպես հաճախ էր լինում։ Ես մտածեցի, որ վատ չէր լինի, եթե Բելլոկը կանգ առներ մեր սեղանի մոտ, եւ ես հնարավորություն ունենայի ծանոթանալու նրա հետ։ Ֆորդի հետ հանդիպումից երեկոս փչացել էր, բայց ես կարծում եմ, որ Բելլոկը դրությունը կշտկեր։ — Ինչո՞ւ եք կոնյակ խմում,— հարցրեց Ֆորդը,— մի՞թե չգիտեք, որ կոնյակը սպանում է երիտասարդ գրողներին։ — Ես շատ հազվադեպ եմ կոնյակ խմում,— պատասխանեցի։ Ես ճիգ գործադրեցի հիշելու, թե Էզրա Պաունդը ինձ ինչ է ասել Ֆորդի մասին․ այն, որ ես չպետք է նրան կոպտեմ եւ պետք է հիշեմ, որ Ֆորդը կեղծում է միայն այն ժամանակ, երբ շատ հոգնած է լինում, որ նա իրոք լավ գրող է եւ ընտանեկան մեծ անախորժություններ ունի։ Ես ամբողջ ուժով ձգտում էի հիշել այդ ամենը, բայց շատ դժվար էր, որովհետեւ իմ կողքին նստած էր ինքը՝ Ֆորդը, ծանրամարմին, քնկոտ, տհաճ մի մարդ։ Եվ այսուհանդերձ ես փորձեցի հիշել։ — Բացատրեցեք ինձ, ո՞ր դեպքերում է, որ մարդիկ իրար չեն բարեւում,— հարցրի ես։ Մինչ այդ ես կարծում էի, թե դա միայն Ույդայի վեպերումն է պատահում։ Ես երբեք չէի կարդացել Ույդայի վեպերը, նույնիսկ Շվեցարիայում՝ դահուկավազքի սեզոնում, երբ փչում էր հարավային խոնավ քամին եւ հետս վերցրած բոլոր գրքերն արդեն ընթերցել էի ու մնացել էին միայն Տաուխնիցի՝ պանսիոնում մոռացված մինչպատերազմյան հրատարակությունները։ Բայց ինչ֊որ վեցերորդ մի զգայարան ինձ հուշում էր, թե նրա վեպերում մարդիկ չեն բարեւում միմյանց։ — Ջենտլմենը,— բացատրեց Ֆորդը,— երբեք չի բարեւում սրիկային։ Ես արագորեն կուլ տվի կոնյակը։ — Իսկ գյադա՞յին,— հարցրի ես։ — Ջենտլմենը ծանոթ չի լինում գյադայի հետ։ — Ուրեմն, չեն բարեւում միայն ձեր շրջապատի մարդկանց։ — Ինքնըստինքյան հասկանալի է։ — Իսկ ինչպե՞ս է, որ ծանոթանում են սրիկայի հետ։ — Այդ պահին կարող է չիմանաս, որ նա սրիկա է, եւ բայց այդ, մարդը կարող է սրիկա դառնալ։ — Իսկ ի՞նչ բան է սրիկան,— հարցրի ես,— կարծեմ, դա նա է, ում քիթումռութին պետք է մի լավ հասցնել։ — Ամենեւին էլ պարտադիր չէ,— պատասխանեց Ֆորդը։ — Իսկ Էզրա Պաունդը ջենտլե՞ն է,— հարցրի ես։ — Իհարկե ոչ,— պատասխանեց Ֆորդը,— նա ամերիկացի է։ — Իսկ ամերիկացին չի՞ կարող ջենտլմեն լինել։ — Գուցե միայն Ջոն Կուինը,— ճշտեց Ֆորդը,— կամ ձեր դեսպաններից ոմանք։ — Մայրոն Թ․ Գերրի՞կը։ — Հնարավոր է։ — Իսկ Հենրի Ջեյմսը ջենտլե՞ն է։ — Գրեթե։ — Դե, իսկ դուք ջենտլմե՞ն եք։ — Դա հասկանալի է։ Ես ծառայել եմ Նորին Մեծությանը։ — Բարդ բան է,— ասացի ես,— իսկ ես ջենտլմե՞ն եմ։ — Իհարկե ոչ,— պատասխանեց Ֆորդը։ — Որ այդպես է, ինչո՞ւ եք ինձ հետ խմում։ — Ես խմում եմ ձեզ հետ որպես բազմախոստում երիտասարդ գրողի հետ։ Որպես գրչակից ընկերոջ հետ։ — Ձեր կողմից շատ սիրալիր է,— ասացի։ — Իտալիայում ձեզ, հավանաբար, ջենտլմեն կհամարեին,— մեծահոգաբար ասաց Ֆորդը։ — Բայց ես սրիկա չե՞մ։ — Իհարկե ոչ, սիրելիս։ Մի՞թե ես այդպիսի բան ասացի։ — Բայց կարող եմ սրիկա դառնալ,— տխրությամբ ասացի ես,— կոնյակ եմ խմում եւ ընդհանրապես… Տրոլլոպի մոտ հենց այդպես պատահեց լորդ Հարի Հոտսպերի հետ։ Ասացեք, իսկ Տրոլլոպը ջենտլե՞ն էր։ — Իհարկե ոչ։ — Դուք հավատացա՞ծ եք։ — Այստեղ կարող են տարբեր կարծիքներ լինել։ Իմ կարծիքով՝ ոչ։ — Իսկ Ֆիլդինգը՞։ Չէ որ նա դատավոր է եղել։ — Ձեւականորեն հնարավոր է։ — Մարլո՞ն։ — Իհարկե ոչ։ — Ջոն Դո՞ննը։ — Նա քահանա էր։ — Հետաքրքիր է,— ասացի։ — Ուրախ եմ, որ դա ձեզ համար հետաքրքիր է,— ասաց Ֆորդը,— նախքան ձեր գնալը ես ձեզ հետ կոնյակ կխմեմ։ Երբ Ֆորդը գնաց, արդեն միանգամայն մութ էր, եւ ես գնացի կրպակ, գնեցի «Պարի֊սպորտի» երեկոյան թողարկումը, որտեղ հրապարակված էին Օթեյլի ձիարշավի արդյունքներն ու հաջորդ օրը Էնգիենում կայանալիք ձիավազքի ծրագիրը։ Մատուցող Էմիլը, որ փոխարինել էր Ժանին, մոտեցավ ինձ՝ իմանալու Օթեյլում տեղի ունեցած վերջին ձիավազքի արդյունքը։ Իմ մոտիկ բարեկամը, որ հազվադեպ էր «Լիլա» մտնում, նստեց իմ սեղանի մոտ եւ այն պահին, երբ նա Էմիլին կոնյակ էր պատվիրում, մեր կողքի մայթով կրկին անցան թիկնոցավոր նիհար տղամարդն ու բարձրահասակ կինը։ Տղամարդը, իր հայացքը սահեցնելով մեր սեղանով, առաջ անցավ։ — Դա Իլեր Բելլոկն է,— ասացի բարեկամիս,— քիչ առաջ այստեղ էր Ֆորդը եւ չցանկացավ նրան բարեւել։ — Դատարկ բաներ մի՛ ասի,— պատասխանեց բարեկամս,— դա Ալիստեր Կրոուլին է, դեւին երկրպագողն ու սատանայապաշտը։ Նրան համարում են աշխարհի ամենաարատավոր մարդը։ — Ներողություն եմ խնդրում,— ասացի։
[[Category: Արձակ]]
Վստահելի
593
edits