Changes
/* X */
Եվ այսպես, ազատության խոսքը լսվեց պապենական երկրի բոլոր կողմերից։
===XI===
Ուլենշպիգելն ու Լամմեն հասան Բրյուգգե իրենց սայլակով, որը թողին մոտակա բակում, մտան Սուրբ Փրկչի եկեղեցին՝ փոխանակ գինետուն գնալու, որովհետև իրենց քսակում այլևս փողի ոչ մի ուրախ զրնգոց չկար։
Հայր Կոռնելիոսը խոսում էր Քրիստոսի չարաչարանքի մասին։ Երբ նա հասավ սուրբ ավետարանի այն հատվածին, ուր հրեաները Հիսուսի վերաբերյալ աղաղակում են Պիղատոսին․ «Ի խաչ հան դրան, ի խաչ հան դրան, չէ՞ որ մենք օրենք ունենք, և այդ օրենքի համաձայն էլ նա պետք է մեռնի», հայր Կոռնելուսը գոչեց․
«Հենց նոր դուք լսեցիք, բարի՛ մարդիկ, թե ինչպես տերն մեր Հիսուս Քրիստոս ենթարկվեց մի ահավոր ու ամոթաբեր մահվան, պատճառն այն է, որ հերետիկոսներին պատժելու համար միշտ էլ օրենք կա։ Նա դատապարտվեց հենց նրա համար, որ հնազանդ չէր եղել օրենքներին։ Հիմա էլ նրանք ուզում են բանի տեղ չդնել հրովարտակներն ու հրամանագրերը։ Ա՜խ, տե՜ր, Հիսուս, ի՞նչ անեծք ես ուզում թափել տալ այս երկրի վրա։ Պատվամեծար մա՛յր աստուծո, եթե Կառլոս կայսրը դեռ կենդանի լիներ և կարողանա՜ր տեսնել խայտառակությունը այդ ազնվական զինակիցների, որոնք համարձակվել են խնդրագիր ներկայացնել կառավարչուհուն՝ ընդդեմ ինկվիզիցիայի և հրովարտակների․ մինչդեռ այդ հրովարտակները այնպիսի բարի նպատակով են արված, այնքան հասունորեն են մտածված, հրամանագրված են այնքան երկար ու խոհեմ խարհրդածություններից հետո՝ բոլոր աղանդներն ու հերետիկոսությունները բնաջնջելու համար։ Իսկ նրանք կուզենայի՜ն առ ոչինչ դարձնել դրանք, որոնք հաց ու պանրից ավելի անհրաժեշտ բաներ են։ Ինչպիսի՜ գարշահոտ, նողկալի ու խայտառակ անդունդ, են ոզում գցել մեզ։ Լյութերը, այդ կեղտոտ Լյութերը, այդ կատաղած եզը հաղթանակում է Սաքսոնիայում, Բրաունշվեյգում, Լյունեբուրգում, Մեկլեմբուրգում։ Բրենտիոսը, Բրեյն<ref>Հաջող բառախաղ, bremeux ֆրանսերեն նշանակում է կղկղանքոտ մարդ։ Բրենտիոս անվանը տրված է գրեթե նույնահնչյուն մի ածական, ուստի և թողնում ենք նույնությամբ։</ref> Բրենտիոսը, որ ապրեց Գերմանիայում այնպիսի բալուտներով, որ խոզերն անգամ չէին ուտի, այդ Բրենտիոսը հաղթանակում է Վյուրթեմբերգում․ Սերվետ Լուսնոտը, երրորդապաշտ Սերվետը իշխում է Պոմերանիայում, Դանիայում ու Շվեդիայում, և այդտեղ էլ համարձակվում է նշանակել փառավոր, ամենազոր սուրբ երրորդությունը։ Այո։ Բայց ինձ ասացին, որ նա ողջ֊ողջ վառված է Կալվինի ձեռքով, մի մարդ, որի միակ լավ գործը այս է․ այո, գարշահոտ Կալվինի հրամանով, որից շարունակ թթվահոտ է գալիս, այո, ջրասամույրի պես երկար դնչով, պանրագույն երեսով, պարտիզպանի բահի նման երկար ատամներով այդ մարդու ձեռքով։ Այո, այդ գայլերն իրար միս են կրծում․ Լյութերը՝ այդ կատաղած եզը, Գերմանիայի իշխաններին զինեց անաբապտիստ Մյունցերի դեմ, որն ասում են, լավ մարդ էր և ապրում էր ըստ ավետարանի։ Եվ ամնողջ Գերմանիայում հնչեց այդ եզի բառաչը, այո՛։
Այո, և ի՞նչ ենք տեսնում Ֆլանդրիայում, Գելդերնում, Ֆրիսլանդիայում, Հոլանդիայում, Զելանդիայում։ Ադամականները<ref>Այդ դարերում, իրոք, եղել է հագուստի գործածությունը ժխտող և նախնական պարզակեցության վերադառնալու ձգտող մի աղանդ՝ ադամականները, որոնց անունը վերցված է Ադամ նախահորից։</ref> բոլորովին մերկ վազում են փողոցներում, այո, բարի՛ մարդիկ, բոլորովին մերկ են դուրս գալիս փողոց և առանց ամաչելու ցույց տալիս անցորդներին իրենց վտիտ միսը։ Կարող եք ասել, որ միայն մեկն է այդպես արել․ այո, թող այդպես լինի, բայց մեկն արժե հարյուր, հարյուրն արժե մեկ։ Եվ նրան վառեցին, կասեք դուք, ողջ֊ողջ վառեցին՝ կալվինիստների ու լյութերականների աղոթքների տակ։ Գայլերը գզվռտում են իրար հետ, ասում եմ ձեզ։
Այո, ուրեմն ի՞նչ ենք տեսնում Ֆլանդրիայում, Գելդերնում, Ֆրիսլանդիայում, Հոլանդիայում, Զելանդիայում։ Լիբերտինները<ref>Ռեֆորմացիայի շրջանում լիբերտին (անկաշկանդ ազատախոհ) անունն էին տալիս նրանց, ովքեր չէին ենթարկվում կրոնի կարգապահությանը։</ref> ուսուցանում են, որ ամեն մի ստրկություն հակասական է աստծու ասածին։ Խաբում եմ այդ գարշահոտ երետիկոսները․ պետք է ենթարկվել հռոմեական սուրբ եկեղեցուն։ Եվ այնտեղ, Անտվերպեն կոչեցյալ այդ անիծյալ քաղաքում՝ աշխարհի ամբողջ հերետիկոսության շնանոցում նրանք համարձակվել են քարոզել, թե մենք նշխարը շան ճրագուով ենք եփում։ Մի ուրիշն էլ, այն թշվառ մուրացկանը, որ փողոցի մի անկյունում նստում է միզամանի վրա, ասում է․ «Ոչ աստված կա, ոչ հավիտենական կյանք, ոչ մի մարմնի հարություն, ոչ էլ մշտնջենական դատապարտություն»։ «Կարելի է մկրտել, ― ասում է լացակումած ձայնով մի ուրիշը, ― առանց աղի, խոզաճարպի, լորձունքի, առանց երդվեցնելու ու մոմի»։ «Ոչ մի քավարան չկա», ― ասում է մի ուրիշը։ Լսո՞ւմ եք, բարի՛ մարդիկ, ոչ մի քավարան չկա» Վա՜խ, վա՜խ, ավելի լավ կլիներ, որ մեղք գործեիք ձեր մայրերի, ձեր քույրերի ու աղջիկների հետ, քան թե կասկածեիք քավարանի գոյության մասին։
Այո, և նրանք քիթը տնկում են ինկվիզիտորի՝ այդ սուրբ մարդու առաջ, այո։ Նրանք, մոտ չորս հազար կալվինիստ, եկել են Բելեմ, որ հեռու չէ այստեղից, զինված մարդկանց հետ, դրոշներով ու թմբուկներով։ Այո։ Եվ այստեղից զգում եք նրանց խոհանոցի ծխահոտը։ Նրանք տիրացել են սուրբ Կաթոլիկ եկեղեցուն՝ պղծելու, անարգելու համար այն իրենց նզովյալ քարոզություններով։
Այս ի՞նչ պիղծ ու խայտառակ հանդուրժողություն է։ Դժոխքի բաժին դառնաք, թուլամո՛րթ կաթոլիկներ, ինչո՞ւ համար դուք էլ զենք չեք վերցնում։ Դուք էլ, ինչպես այդ նզովյալ կալվինիստները, ունեք զրահ ու նիզակ, գեղարդ ու թուր, հրազեն ու դաշույն, մահակ ու տեգ, հրանետ ու ռմբանետ։
Նրանք, կարող եք ասել, խաղաղասեր մարդիկ են․ ուզում են կատարյալ ազատությամբ ու անդորրությամբ լսել աստծու խոսքերը։ Միևնույն է․ դո՛ւրս եկեք Բրյուգգեից, մի վրա տվեք, քշեցեք, սպանեցեք այդ բոլոր կալվինիստներին, վռնդեցեք եկեղեցուց։ Ի՜նչ, դեռ չե՞ք մեկնել, թո՜ւ, հավ եք, հավ, որ վախից դողում եք ձեր զիբիլի վրա։ Ես արդեն տեսնում եմ այն րոպեն, երբ այդ անիծյալ կալվինիստները թմբուկ կզարնեն ձեր կանանց ու աղջիկների փորի վրա, և դուք ձեռքը ծալած կթողնեք, որ անեն, քուրջ ու խմորից շինված մարդիկ։ Մի՛ գնաք այդտեղ, մի գնաք․․․ Ձեր ոտնամանները կկեղտոտվեն կռվի ժամանակ։ Թո՜ւ, բրյուգգեցիներ, ամոթ ձեզ պես կաթոլիկներին։ Համա թե ի՜նչ կաթոլիկներ եք, վախկոտ կատուներ։ Ամո՜թ ձեզ, բադե՛ր ու սագեր, հա՛վ ու հնդուներ, ա՛յ, թե ինչ եք դուք։
Մի՞թե պերճախոս քարոզիչներ չունեք դուք, որ բազմությամբ գնում եք լսելու նրանց զկռտած սուտերը, որ աղջիկները գիշերով գնում են լսելու գյոզորով ու գյուզուհիներով։ Այն օրը չորս հոգի, չորս խայտառակ անպիտան քարոզում էին եկեղեցու գերեզմանատանը։ Այդ անպիտաններից առաջինը՝ մի նիհար ու գունատ մարդ, այլանդակ մի ցռան՝ գլխին դրած էր մի կեղտոտ գլխարկ և այնքան էր քաշել ցած, որ ականջները չէին երևում։ Ո՞վ է ձեզանից տեսել այդ քարոզչի ականջները։ Նա անշապիկ էր, որովհետև մերկ բազուկները՝ առանց սպիտակեղենի, դուրս էին գալիս բաճկոնակի թևքերից։ Ես շատ լավ այդ տեսա, թեև նա ուզում էր ծածկվել մի փոքրիկ կեղտոտ թիկնոցով, շատ լավ տեսա նաև նրա սև, Անտվերպենի Աստվածածնի տաճարի զանգակատան պես լուսանցիկ, ծակոտկեն քաթանե վարտիքի մեջ բնական զանգակների ու զանգաձողի օրորվելը։ Մյուս անպիտանն էլ քարոզում էր բաճկոնակով և առանց ոտնամանի․ նրա ականջներն էլ ոչ ոք չտեսավ։ Եվ հանկարծ քարոզի միջոցին պապանձվեց մնաց, տղաներն ու աղջիկներն սկսեցին գոռգառալ ու ասել․ «Յո՜ւ, յո՜ւ, դասը չի՜ իմանում»։ Այդ խայտառակ անպիտաններից երրորդը դրել էր մի կեղտոտ գլխարկ, վրան էլ մի փոքրիկ փետուր տնկած։ Սրա ականջներն էլ չէին երևում։ Չորրորդ անպիտանը՝ Հերմանիուսը, որ մյուսներից ավելի լավ վրագլուխ ուներ, ըստ երևույթին երկու անգամ ցահճի ձեռքով խարանված էր ուսից, այո՛։
Դրանք բոլորն էլ իրենց գլխարկի տակ կրում են ճենճոտ գլխանոցներ, որոնք և ծածկում են նրանց ականջները։ Երբևիցե այդ քարոզիչների ականջները տեսե՞լ եք։ Այդ անպիտաններից ո՞րն է համարձակվել ցույց տալ իր ականջները։ Ականջնե՜րը, ինչպե՜ս չէ, ցույց տան ականջները․ կտրե՜լ են, կտրե՛լ։ Այո, դահիճը բոլորի ականջներն էլ կտրել է։
Եվ սակայն այդ խայտառակ անպիտանների, այդ դրամաշորթների, ձեռնածուների, իրենց գոգավոր նստարաններից փախած փինաչիների, այդ ցնցոտիավոր քարոզիչների շուրջն է ժողովուրդը հավաքվում ու գոչում․ «Կեցցեն գյոզոեըը», կարծես թե ամենքն էլ կատաղած, հարբած կամ գժված լինեն։
Ա՜խ, ա՜խ, մեզ՝ խեղճ կաթոլիկներիս ուրիշ ոչինչ չի մնում անել, եթե ոչ հեռանալ Նիդեռլանդիայից, քանի որ թույլ եք տալիս այստեղ բոռալ֊կանչել․ «Կեցցե՜ն գյոզերը, կեցցե՜ն գյոզերը»։ Անեծքի ինչպիսի՜ երկնաքար է, ուրեմն, ընկել այդ կախարդված ու տխմար ժողովրդի գլխին․ ա՜խ, Հիսո՜ւս Քրիստոս։ Ամենայն տեղ հարուստ ու աղքատ, ազնվական ու ռամիկ, ահել ու ջահել, տղամարդ ու կին, ամենքն էլ գոչում են․ «Կեցցե՜ն գյոզերը»։
Եվ ովքե՞ր են այդ բոլոր իշխան մարդիկ, այդ կաշվե շալվարավորները, որ Գերմանիայից են եկել մեզ մոտ։ Նրանց ամբողջ ունեցվածքը վատնվել է աղջիկների, մոլի խաղերի, լրբությունների, անառակությունների, շվայտությունների, անպիտան գործերի, խայտառակ նարդախաղի և պճնամոլության հաղթանակի վրա։ Նրանք մի ժանգոտ մեխ անգամ չունեն քերելու համար այն տեղը, ուր քորվում է։ Հիմա նրանց պետք է եկեղեցիների ու վանքերի ունեցվածքը։
Եվ այնտեղ, իրենց խրախճանքի ժամանակ, որ տեղի է ունեցել այդ անպիտան Կուլեմբուրգի տանը, մյուս անպիտանի՝ Բրեդերոդեի հետ, նրանք փայտե գավերով են խմել՝ հարհամարհանս տյար Բեռլեյմոնի և տիկին կառավարչուհու։ Այո՛, նրանք էլ գոչել են․ «Կեցցեն գյոզերը»։ Ա՜խ, եթե ես աստված լինեի, այնպես կանեի, որ նրանց խմիչքը՝ գարեջուր թե գինի, հեռու ձեզնից, դառնար կեղտոտ ու զզվելի լվացքաջուր, այո, մի գարշահոտ, խայտառակ կեղտաջուր, որի մեջ լվանային իրենց շապիկնեերն ու ապականված անկողնաշորերը։
Այո, զռացե՛ք, ավազակներ, զռացեք՝ «Կեցցե՜ն գյոզերը»։ Այո, ես մարգարե եմ։ Կտեսնեք, որ ամենայն անեծք, թշվառություն, տենդ, ժանտախտ, հրդեհ, ավերածություն, արհավիրք, վերք ու մահը, սև ցավ կթափվի Նիդեռլանդիայի վրա։ Այո, և այդպիսով աստված վրեժ կլուծի ձեր կեղտոտ «Կեցցե՜ն գյոզերը» զռոցի համար։ Եվ ձեր տներից քարը քարի վրա չի մնա, ոչ էլ մի կտոր ոսկոր ձեր անիծյալ ոտքերից, որոնք վազեցին այդ նզովյալ կալվինիստության ու քարոզչության հետևից։ Եվ այսպես եղիցի՛, եղիցի՛, եղիցի՛, ամե՛ն։
― Գնա՛նք, որդյակ, ― ասաց Ուլենշպիգելը Լամմեին։
― Իսկույն, ― վրա բերեց Լամմեն։
Նա քարոզը լսող դեռահասակ ու գեղեցիկ բարեպաշտուհիների մեջ որոնեց, բայց չգտավ իր կնոջը։
===XII===
Ուլենշպիգելը և Լամմեն հասան այն վայրը, որ կոչվում է Minnewater ― Սիրո ջուր․ բայց մեծ գիտնականներն ու ամենիմացները ասում են, որ Minnewater ― Մինորիտների ջուր պետք է լինի։ Ուլենշպիգելն ու Լամմեն նստեցին ջրի ափին և նայեցին, թե ինչպես սաղարթախիտ ծառերի տակով, որ նրանց վրա ասես ցածլիկ երկնակամար էին կազմում, անցնում են տղամարդիկ ու կանայք, ուղջիկներ և տղաներ՝ ձեռք֊ձեռքի տված, ծաղկեպսակ գլուխներին, քնքշանքով իրար աչքերի մեջ նայելով և իրենցից բացի աշխարհումս ոչինչ չտեսնելով։
Ուլենշպիգելի աչքը Նելեին՝ դիտում էր նրանց։ Այդ թախծոտ հուշերի մեջ նա ասաց․
― Գնանք խմենք։
Սակայն Լամմեն չլսեց Ուլենշպիգելի ասածը և շարունակեց դիտել սիրահար զույգերին։
Մի ժամանակ ես ու կինս նույնպես անցնում էինք ու սիրում իրար այն մարդկանց քթի առաջ, որոնք, ինչպես մենք ենք հիմա, անկնիկ, միայնակ պառկած փոսերի ջրեզրին, ― ասաց նա։
― Գնանք խմենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― մենք Յոթնյակը կգտնենք լիտրանոցի հատակում։
― Խմածի խոսք, ― պատասխանեց Լամմեն, ― դու գիտես, որ Յոթնյակը հսկաներ են ու սուրբ Փրկչի եկեղեցու բարձր առաստաղը նրանց համար ցածր կլինի։
Ուլենշպիգելը տխրագին մտածելով Նելեի մասին, ինչպես նաև խորհելով, որ թերևս որևէ հյուրանոցում կգտնի փափուկ անկողին, համեղ ընթրիք ըդառաջող տիրուհի, կրկնեց․
― Գնա՛նք խմենք։
Սակայն Լամմեն չէր լսում և նայելով Աստվածամոր տաճարի զանգակատանը՝ ասում էր․
― Ո՜վ սուրբ տիրամայր, օրինական սերերի պաշտպան կույս, շնորհ արա, որ մեկ էլ տեսնեմ նրա սպիտակ լանջը, իմ փափուկ բարձը։
― Գնանք խմենք, ― ասում էր Ուլենշպիգելը, ― կգտնես նրան որևէ գինետան մեջ՝ իր լանջը խմողներին ցույց տալիս։
― Ինչպե՞ս ես համարձակվում այդքան վատ կարծիք ունենալ մասին, ― առարկեց Լամմեն։
― Գնանք խմենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― նա անկասկած, որև է տեղ պանդոկապանուհի է։
― Ծարավ մարդու քարոզ, ― ասաց Լամմեն։
― Գուցե և խեղճ ճամփորդների համար հատկապես պահում է տավարի եփած միս, ոչ այնքան ճարպոտ, որի համեմունքները հաճելի բույր են տարածում օդում, փափլիկ, վարդի թերթիկների պես հյութալի, բարեկենդանի կիրակնավուր ձկների պես լող տալիս մեխակի, մշկընկույզի, աքլորակատարի, հորթի կրծքագեղձի և այլ երկնային համադամների միջև։
― Չարասի՛րտ, ― ասաց Լամմեն, ― անպայման ուզում ես ինձ մեռցնել։ Մի՞թե չգիտե՛ս, որ երկու օր է, ինչ ապրում ենք ցամաք հացով ու մի պուտ գարեջրով։
― Քաղցած մարդու քարոզ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Անոթությունից լաց ես լինում․ գնանք ուտենք ու խմենք։ Ես մի սիրուն կես ֆլորիննոց ունեմ, որով կվճարենք մեր կերուխումի արժեքը։
Լամմեն ծիծաղում էր։ Նրանք գնացին վերցնելու իրենց սայլակը և այդպես անցան ամբողջ քաղաքով՝ որոնելով լավագույն պանդոկը։ Տեսնելով խստադեմ պանդոկապանների և նվազ գթասիրտ պանդոկապանուհիների բազմաթիվ դնչեր՝ շարունակեցին առաջ գնալ, մտծելով, որ թթու կերպարանքը լավ խոհանոցի վատ ցուցանակ է։
Եվ այսպես հասան Շաբաթօրյա շուկան, մտան դե Blauwe Lanteern ― Կապույտ լապտեր կոչվող հյուրանոցը, որի տերը բարեմիտ տեսք ուներ։
Գլորեցին սայլակը ծածկի տակ, ավանակին թողնելով որպես ընկեր առվույտի մի լավ խուրձ։ Ապա բերել տվին ընթրիքը, կուշտ կերան խմեցին, մի լավ քնեցին և վեր կացան նորից ուտելու համար։ Լամմեն պայթում էր հաճույքից և ասում․
― Երկնային երաժշտություն եմ լսում իմ ստամոքսից։
Երբ եկավ վճարելու րոպեն՝ պանդոկապանը մոտեցավ Լամմեին և ասաց․
― Ընդամենը տասը պատար։
― Նրանից ստացեք, ― ասաց Լամմեն՝ ցույց տալով Ուլենշպիգելին, որ պատասխանեց․
― Չունեմ ոչ մի պատար։
― Հապա կես ֆլորիննո՞ցը։
― Չունեմ։
― Լա՜վ եք խոսում, ― ասաց պանդոկապանը, ― հիմա ես կհանեմ ձեր բաճկոնակներն ու շապիկը։
Հանկարծ Լամմեն կատարը տաքանալուց քաջացած գոչեց․
― Իսկ եթե ես ուտել֊խմել եմ ուզում, հը՞, խմել֊ուտել եմ ուզում, թեկուզ քսանյոթ ֆլորինի և է՛լ ավելի՝ կխմեմ, այո։ Չլինի՞ կարծում ես, որ քո փողը այս պատվական փորիցս ավելի արժի։ Փա՜ռք աստծու, մինչև օրս դրախտահավով է սնվել նա։ Այսպիսի փոր երբեք դու չես կրել քո ճենճոտ կաշե գոտու տակ, որովհետև որպես չնչին մարդ՝ քո ճրագուն բաճկոնակիդ օձիքի վրա ես կրում, և ոչ թե ինձ պես՝ երեք մատնաչափ համեղ ճարպ փորիս վրա։
Պանդոկապանը սաստիկ կատաղել էր։ Ի բնե թլվատ՝ ուզում էր արագ խոսել, բայց որքան ավելի էր շտապում, այնքան ավելի էր ջրից դուրս եկած շան նման փռշտում։ Ուլենշպիգելը հացի գնդիկներ էր խփում նրա քթին, իսկ Լամմեն է՛լ ավելի ոգևորվելով ասում էր․
― Այո, ես այնքան բան ունեմ, որ կարողանամ վճարել քո երեք լղարիկ հավերի, չորս քոսոտ վառեկների և այդ հիմար սիրամարգի համար, որ կեղտոտ պոչն առած ման է գալիս հավանոցում։ Եվ եթե քո մորթը պառավ աքլորի մաշկից ավելի չոր չլիներ, եթե ոսկորներդ փոշու պես չթափվեին կրծքիդ մեջ՝ ես կարողություն կունենայի ուտելու քեզ էլ, քո խլնքոտ ծառային էլ, միակնանի սպասուհուդ էլ, խոհարարիդ էլ, որը եթե քոս ունենար, թևերը խիստ կարճ կլինեին մարմինը քորելու համար։
― Մի սրան տես, ― շարունակում էր նա, ― այս սիրուն թռչնիկին տես․ կես ֆլորինի համար ուզում է մեր բաճկոնակն ու շապիկը հանել։ Մի ասա, տեսնեմ, քանի արժե քո հանդերձարանը, աներե՛ս քրչոտ․ ես երեք լիար կտամ դրան։
Բայց պանդոկապանը հետզհետե ավելի մոլեգնելով՝ ավելի սաստիկ էր փրփրում և փնչում։
Իսկ Ուլենշպիգելը հացի գնդիկներ էր խփում նրա դեմքին։
Լամմեն առյուծ կտրած՝ շարունակում էր․
― Ի՞նչ ես կարծում, չորացած դունչ, քանի՞ կարժենա գեղեցիկ էշը՝ նուրբ դնչիկով, երկար ականջներով, լայն կրծքով, երկաթի պես ամուր սրունքներով։ Ամենաքիչը տասնութ ֆլորին, այնպես չէ՞, կճուճների թագավոր։ Քանի՞ հատ փտած մեխ ունես սնդուկներիդ մեջ՝ այդպիսի մի գեղեցիկ անասունի գինը վճարելու համար։
Պանդոկապանն է՛լ ավելի էր փնչում, բայց չէ՛ր համարձակվում շարժվել։ Լամմեն շարունակում էր․
― Քո կարծիքով որքա՞ն կարժենա մի գեղեցիկ հացենուց շինված սայլակը՝ շիկակարմիր ներկված, Կուրտրեի կտավե ծածկույթը վրան՝ արևից ու տեղատարափներից պաշտպանվելու համար։ Ամենաքիչը քսանչորս ֆլորին, չէ՞։ Հիմա ասա՝ քսանչորս ու տասնութ ինչքա՞ն կանի։ Ասա՛, անգրագետ բորոտ։ Եվ քանի որ այսօր տոնավաճառի օր է և քո չնչին պանդոկում գյուղացիներ կան՝ հենց հիմա կգնամ ու կծախեմ նրանց։
Եվ այդպես էլ արավ, որովհետև ամենքն էլ ճանաչում էին Լամմեին։ Եվ իսկապես էլ, իր սայլակի ու էշի համար ստացավ քառասունչորս ֆլորին և տասը պատար։ Այնժամ ոսկիները զնգզնգացնելով պանդոկապանի քթի տակ՝ ասաց․
― Գալիք քեֆերի և կերուխումի հոտն առնո՞ւմ ես։
― Այո, ― պատասխանեց պանդոկապանը, ապա կամացուկ ավելացրեց, ― իսկ երբ մորթդ ծախես՝ մի լիարի կգնեմ ու նրանից թալիսման կշինեմ շռայլության դեմ։
Այդ միջոցին մի գողտրիկ, անուշիկ կին, որ մութ բակումն էր, մի քանի անգամ մոտեցել էր պատուհանին ու նայել Լամմեին, ամեն անգամ, երբ Լամմեն կարող էր տեսնել նրա սիրունիկ դնչիկը՝ նա տափ էր կենում։
Երեկոյան, սանդուղքի վրա, երբ Լամմեն մթության մեջ վեր էր բարձրանում և խմած գինու պատճառով օրորվում էր, զգաց, որ մի կին փաթաթվեց իրեն, համբուրեց այտերը, բերանը, նույնիսկ քիթը՝ անհագորեն, թրջելով նրա դեմքը սիրաբուխ արցունքներով, ապա անհետացավ։
Լամմեն, որ խմիչքի պատճառով թմրած էր, պառկեց և քնեց, իսկ հաջորդ օրը Ուլենշպիգելի հետ հասավ Գենտ։
===XIII===
Այդտեղ նա իր կնոջը փնտրեց բոլոր kaberdoesj-ներում, կազինոներում և գինետներում, իսկ երեկոյան գալիս էր Ուլենշպիգելին գտնելու in de Zigende Zwaan ― Երգեցիկ Կարապ պանդոկում։ Ուլենշպիգելը թափառում էր ամենուրեք՝ տագնապ սփռելու և ժողովրդին ոտքի հանելու հայրենի երկրի դահիճների դեմ։
Մի անգամ Ուրբաթօրյա շուկայում, Dulle Gret<ref>Խենթ Գրետա (ֆլամանդ․)</ref>֊ի՝ Մեծ թնդանոթի մոտ Ուլենշպիգելը երեսնիվայր պառկեց սալահատակի վրա։
Մի ածխավաճառ մոտեցավ նրան ու ասաց․
― Ի՞նչ ես անում այդտեղ։
― Քիթս եմ թրջում, որ իմանամ, թե ո՛րտեղից է փչում քամին, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Մոտեցավ մի կահագործ։
― Ի՜նչ է, սալահատակը ներքնակի տե՞ղ ես ընդունել։
― Կան այնպիսիսներ էլ, որ շուտով դա կընդունեն որպես վերմակ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Կանգ առավ մի վանական։
― Այդ ավանակն ի՞նչ է անում այդտեղ, ― հարցրեց նա։
― Բերանքսիվայր խնդրում է ձեր օրհնությունը, տե՛ր հայր, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Վանականն օրհնեց նրան ու գնաց։
Այնժամ Ուլենշպիգելը՝ ականջը գետնին պառկեց։ Մոտեցավ մի գյուղացի և հարցրեց․
― Աղմուկ լսո՞ւմ ես տակից։
― Այո, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― լսում եմ, թե ինչպես են աճում ծառերը, որոնց խռիվների վրա պիտի վառվեն խեղճ հերետիկոսները։
― Ուրիշ բան էլ չե՞ս լսում, ― հարցրեց համայնքի մի ոստիկան։
― Լսում եմ, ― ասաց Ուլենշպիգելը, ― Իսպանիայից եկող ժանդարմերիայի ոտնաձայնը․ եթե թաքցնելու որևէ բան ունես՝ թաղիր հողի տակ, որովհետև շուտով քաղաքները գողերի պատճառով այլևս ապահով չեն լինի։
― Գիժ է, ― ասաց համայնքի ոստիկանը։
― Գիժ է, ― կրկնեցին քաղաքացիները։
===XIV===
Սակայն Լամմեն այլևս բան չէր ուտում ու շարունակ մտածում էր Blauwe Lanteern֊նի սանդուղքի վրա պատահած քաղցր անուրջի մասին։ Նա ամբողջ սրտով ձգտում էր դեպի Բրյուգգե, բայց Ուլենշպիգելը բռնի նրան տարավ Անտվերպեն, ուր նա շարունակեց իր ապարդյուն որոնումները։
Ուլենշպիգելը նստում էր պանդոկներում՝ ռեֆորմացիան ընդունած բարի ֆլամանդցիների, նույնիսկ ազատության բարեկամ կաթոլիկների հետ և սկսում խոսել հրովարտակների մասին․ «Նրանք այստեղ էլ ինկվզիցիա են բերում՝ մեզ հերետիկոսությունից մաքրելու պատրվակով․ բայց այդ խավարծիլը<ref>Խավարծիլ կամ գարծիլ՝ թթու֊քաղցրահամ բույս, որի արմատներից լուծողական է պատրաստվում։</ref> մեր քսակները մաքրելուն է ծառայելու։ Մենք սիրում ենք բուժման ենթարկվել միայն այն ժամանակ, երբ այդ բուժումը հաճելի է մեզ․ մենք էլ կբարկանանք, կապստամբենք, զենքի կդիմենք։ Թագավորն այդ նախօրոք գիտե։ Տեսնելով, որ մենք խավարծիլ չենք ուզում՝ նա մեջտեղ կբերի գրեխիկներ,<ref>Գրեխիկ կամ հոգնա ― ստամոքսը մաքրելու հարմարանք։</ref> այսինքն մեծ ու փոքր թնդանոթները՝ հրահարներ և լայներախ ռմբանետներ։ Արքայակա՜ն փորամաքրում։ Այդ ձևով բուժված Ֆլանդրիայում այլևս ոչ մի հարուստ ֆլանդրիացի չի մնա։ Մեր երկրի աչքը լույս, որ այդպիսի արքայական բժիշկ ունի»։
Եվ քաղաքացիները ծիծաղում էին։
Իսկ Ուլենշպիգելն ասում էր․
― Այսօր ծիծաղեցեք, միայն թե փախեք կամ զինվեք այն օրը, երբ Աստվածածնի տաճարում մի որևէ բան ջարդեն։
===XV===
Օգոստոսի տասնհինգին, աստվածածնի վերափոխման և բերքի ու պտուղների օրհներգի տոնին, երբ առատ կուտից փքված հավերը խուլ են իրենց համար սիրականչ նվագող աքաղաղների շեփորին, մի խոշոր, քարե խաչելություն ջարդեց Անտվերպենի դարպասներից մեկում՝ կարդինալ Գրանվելլայի ծառայության մեջ գտնվող մի իտալացի, և եկեղեցական թափորը դուրս եկավ Աստվածամոր տաճարից՝ հետևը գցած ծաղրածու֊խեղկատակներ՝ կանաչ, դեղին, կարմիր<ref>Միջին դարերում Եվրոպայում կրոնական մի քանի տոներ, որ տեղի էին ունենում ծաղրածուների մասնակցությամբ, հաճախ կոչում էին «Գժերի տոն»։</ref> հագած։
Բայց ճանապարհին անծանոթ մարդիկ անարգեցին սուրբ կույսի արձանը, որն անմիջապես հետո տարան ու դրեցին եկեղեցու խորանը և փակեցին դրա վանդակադուռը։
Ուլենշպիգելն ու Լամմեն մտան աստվածածնի եկեղեցին։ Գջլոտ, ցնցոտիավոր պատանիներ, դրանց մեջ և մի քանի մարդ, որոնց ոչ ոք չէր ճանաչում, կանգնել էին ամբիոնի առաջ և իրար զանազան նշաններ ու ծամածռություններ էին անում, ձեռքերով ու ոտքերով ահագին աղմուկ բարձրացնում։ Նրանց ոչ ոք չէր տեսել Անտվերպենում, ոչ էլ հետո տեսավ։ Նրանցից մեկը, որի դեմքն ասես խորոված սոխ լիներ, հարցրեց, թե չլինի՞ Մարիամիկը, այսինքն աստվածամայրը, վախեցել էր, որ այդպես ափալ֊թափալ վերադարձավ եկեղեցի։
― Քեզնից չէ, որ վախեցել է, սև՛ սատանա, ― ասաց Ուլենշպիգելը։
Երիտասարդը, որին ասաց այդ խոսքը, շարժվեց դեպի Ուլենշպիգելը՝ ծեծելու մտադրությամբ, բայց Ուլենշպիգելը սեղմեց նրա ծոծրակն ու ասաց․
― Եթե խփես՝ այնպես կանեմ, որ լեզուդ դուրս գցես։
Ապա, դառնալով դեպի այդտեղ կանգնած անտվերպեցիները և ցույց տալով գջլոտ երիտասարդներին, ասաց․
― Պարոններ և տիկիններ, զգուշացեք․ սրանք կեղծ ֆլամանդացիներ, կաշառված դավաճաններ են՝ մեզ տանելու են դեպի աղետ, թշվառություն ու կործանում։
Ապա դառնալով այդ անհայտ մարդկանց՝ ավելացրեց․
― Հը, իշի մռութնե՛ր, անոթի, քաղցած թշվառներ, որտեղի՞ց է այդ փողը, որ այսօր զնգզնգում է ձեր քսակներում։ Հո առաջուց չե՞ք ծախել ձեր մորթը, որ դրանից թմբուկ շինեն։
Հետո միասին դիմելով աստվածածնին՝ սկսեցին աղաղակել։
― Ի՜նչ լավ շրջազգեստ ունի Մարիամիկը, ի՜նչ լավ թագ ունի Մարիամիկը։ Հաճությամբ կընծայեի դրանք իմ սիրեկանին։
Նրանք դուրս եկան․ բայց նրանցից մեկը բարձրացել էր բեմ և այդտեղից ափեղ֊ցփեղ բաներ էր ասում, ուստի խումբը նորից ներս եկավ գոռգոռալով․
― Իջի՛ր Մարիամի՛կ, իջի՛ր, քանի դեռ քեզ ցած չեն բերել։ Մի հրաշք կատարի՛ր, որ տեսնենք, Մարիամի՛կ, թե նույնքան լավ քայլո՞ւմ ես, որքան ուրիշի ուսերի վրա տարվում, ծույլ անպիտա՛ն։
Իզուր էր Ուլենշպիգելը գոռում՝ «Աստվածության վարպետնե՛ր, վե՛րջ տվեք այդ խայտառակ խոսքերին․ չարիքի պատճառ եք դառնում», նրանք չէին դադարում, ոմանք նույնիսկ պահանջում էին ջարդել խորանի վանդակադուռը և Մարիամիկին բեմից ցած իջեցնել։
Այդ բանը լսելով մի պառավ կին, որ եկեղեցում մոմ էր ծախում, իր ոտնաջեռուցիկից մոխիր վերցրեց ու շպրտեց նրանց դեմքերին, բայց նրան ծեծեցին ու գցեցին գետին։ Եվ ապա իրարանցումը ծայր առավ։
Մարկգրաֆն իր ոստիկանների հետ մտավ եկեղեցի։ Տեսնելով, որ ժողովուրդը խռնվել է՝ ստիպեց դուրս գալ, բայց այնքան մեղմ կերպով, որ մի քանիսը հազիվ կարողացան դուրս գալ, շատերն էլ ասում էին․
― Նախ և առաջ ուզում ենք, որ հոգևոր հայրերը եկեսցե երգեն ի պատիվ Մարիամիկի։
― Չի՛ երգվի, ― պատասխանեց Մարկգրաֆը։
― Ուրեմն մենք ինքներս կերգենք, ― վրա բերին գջլոտ անծանոթները։
Եվ սկսեցին երգել եկեղեցու ատյանում ու նախագավթում։ Ոմանք krieke steenen (կեռասի կորիզ) էին խաղում և ասում․ «Մարիամի՛կ, դրախտում դու երբեք չես խաղում ու ձանձրանում ես, եկ միասին խաղանք»։
Եվ անընդհատ անարգում էին արձանը, աղմկում, հույ֊հույ անում ու սուլում։
Մարկգրաֆը ձևացավ, թե վախենում է, ու գնաց։ Նրա հրամանով եկեղեցու բոլոր դռները փակեցին, բացի մեկից։
Անհայտ գջլոտներն ավելի լկտիացան և ավելի սաստիկ սկսեցին զազրախոսել, բայց ժողովուրդն ամենևին չէր խառնվում դրան։ Կամարները թնդում էին՝ ասես հարյուրավոր հրանոթների որոտից։
Այնժամ նրանցից մեկը, այն, որ խորոված սոխի կերպարանք և կարծես որոշ իշխանություն ուներ, բարձրացավ բեմ, ձեռքով նշան արավ և սկսեց քարոզ կարդալ․
― Յանուն հօր, և որդոյ, և հոգույն սրբոյ․ երրորդութիուն ի մի, և մինն ի երրորդութիուն։ Արքայության մեջ աստված մեզ կազատի թվաբանությունից․ այսօր՝ օգոստոսի քսանիննին, Մարիամիկը մեծագին և շքեղազարդ զգեստավորումներով դուրս եկավ, որպեսզի իր փայտե դեմքը ցույց տա Անտվերպենի տյարց և տիրուհյած։ Բայց թափորի ժամանակ Մարիամիկը հանդիպեց դև սատանային, և սատանան, ծաղրելով նրան, ասաց․ Ինչպե՜ս ես հպարտացել այդպես թագուհու պես զուգվելով, Մարիամի՛կ, և չորս տիկինների ուսերին տարվելով, որ չես ուզում անգամ նայել խեղճ սատանային, որ հետիոտն է ճամփա գնում»։ Իսկ Մարիամիկը պատասխանեց․ « Կորի՛ր, սատանա՛, ապա թե ոչ գլուխդ ավելի ուժգին կջարդեմ, զզվելի՛ օձ»։ «Մարիամի՛կ, ― ասաց սատանան, ― հազար հինգ հարյուր տարի է, որ գործիդ անունը այդ է, բայց փրկչի՝ քո տիրոջ հոգին ինձ ազատեց։ Ես քեզնից ավելի հզոր եմ, դու չես կարող գլուխս տրորել, իսկ ես հիմա քեզ պար կածեմ»։ Եվ սատանան վերցրեց մի մտրակ՝ խիստ շառաչուն, և սկսեց դրանով խփել Մարիամիկին, որ վախենալով իր ահը ցույց տալուց, չէր համարձակվում ճչալ։ Այն ժամանակ նա սկսեց արագաքայլ վազել՝ փութացնելով և՛ իրեն տանող տիկնանց, որ նրանք էլ վազ տան, որպեսզի իր ոսկե թագով ու զարդարանքներով չընկնի աղքատ ժողովրդի ձեռքը։ Եվ հիմա Մարիամիկը ահաբեկված ու ձայնը կտրած նստել է իր որմնախորշում և զննում է սատանային, որ նստած է այնտեղ, սյունի գլխին, փոքր գմբեթի տակ՝ բռնել է իր մտրակը ու տնազ է անում․ «Ես քո հոգին կհանեմ այն արյան և արցունքի համար, որ թափվում է քո անունից, Մարիամի՛կ, ինչպե՞ս է քո կուսական որպիսությունը։ Բնիցդ դուրս գալու ժամը հասել է։ Քեզ հիմա երկու կտոր կանեն, փայտե չնչին արձա՛ն, այն բոլոր միս ու ոսկորե կենդանի արձանների համար, որոնց անխիղճ կերպով վառել են, կախել, ողջ֊ողջ թաղել»։ Այսպես խոսեց սատանան և լավ խոսեց։ Եվ պետք է իջնես քո որմնախորշից, արյունարբո՛ւ Մարիամիկ, անխի՛ղճ Մարիամիկ, որ ամենևին որդուդ՝ Քրիստոսին նման չեղար։
Եվ չարահայտների ամբողջ ոհմակը աղմկում էր, մոլեգնում ու բարբաջում․
― Մարիամի՛կ, Մարիամի՛կ, դուրս գալուդ ժա՛մն է։ Չլինի՞ բնումդ նստած, ահից թրջել ես տակի շորերդ։ Հապա՛, Բրաբանտի բարի դքսի հպատակնե՛ր, մի այդ փայտե սրբերին տկլորացրեք, գցեք Շելդան՝ թող լողանան։ Փայտը ձկնից ավելի լավ է լող տալիս։
Ժողովուրդը լսում էր նրանց, բայց ծպտուն չէր հանում։
Իսկ Ուլենշպիգելը բարձրանալով բեմ՝ բռնի ստիպեց խոսողին սանդուղքից իջնել։
― Կապելու գժե՛ր, ― ասաց նա դիմելով ժողովրդին, ― ընկնավո՛ր գժեր, ցնդա՛ծ անպիտաններ, որ ձեր խլնքոտ քթից դենը ոչինչ չեք տեսնում․ միթե չե՞ք հասկանում, որ այս ամենը դավաճանների գործն է։ Նրանք ուզում են ձեզ ստիպել սրբապղծություն գործել և կողոպուտ անել, որպեսզի ապսատմբ հայտարարեն ձեզ, դատարկեն ձեր սնդուկները, կտոր֊կտոր անեն ձեզ ու ողջ֊ողջ վառեն։ Եվ ձեր ունեցվածքը կժառանգի թագավորը։ Տյա՛րք և տիկնա՛յք, ամենևին հավատք մի՛ ընծայեք չարագործության այս վարպետների խոսքերին․ թողե՛ք աստվածածնին իր խորշի մեջ, ապրեցե՛ք հաստատապես, աշխատեցեք զվարթագին՝ ծախսելով ձեր շահն ու վաստակը։ Ավերածության սև դևը աչքը տնկել է ձեզ վրա․ ավարառության ու կործանվելու համար է նա կանչելու թշնամու բանակը, որպեսզի հետո էլ ապստամբ հռչակի ձեզ և ձեր գլխին իշխան դնի Ալբայի դքսին՝ իր դիկտատուրայով, ինկվիզիցիայով, բռնագրավմամբ ու մահով։ Եվ ձեր ունեցվածքը ժառանգելու է նա՛։
― Ավա՜ղ, ― ասում էր Լամմեն, ― մի՛ կողոպտեք, տյա՛րք և տիկնա՛յք, թագավորն արդեն խիստ զայրացել է։ Ասեղնագործ պառավի աղջիկն է ասել իմ բարեկամ Ուլենշպիգելին։ Մի՛ կողոպտե՛ք, պարոնա՛յք։
Բայց ժողովուրդը չէր կարող լսել նրանց։
Չարահամբավները աղաղակում էին․
― Ավար ու ջա՛րդ։ Զարկ ու թալանի՛ր, Բրաբանտի ժողովուրդ։ Փայտե սրբերին ջո՛ւրը գցիր։ Ձկներից ավելի լավ են լողում նրանք։
Ուլենշպիգելը բեմում կանգնած եռանդագին գոչում էր․
― Տյա՛րք և տիկնա՛յք, կողոպուտի ո՛չ մի փորձ, դժբախտություն մի՛ բերեք քաղաքին։
Բայց նա այդտեղից ցած բերվեց՝ դեմքը, բաճկոնակը, շալվարը ամբողջովին պատառոտված, չնայած նրա՝ ձեռք ու ոտքով վրեժ լուծելուն։ Եվ բոլորովին արյունլվա՝ նա չէր դադարում գոչել․
― Կողոպուտի ո՛չ մի փորձ։
Բայց զուր անցան նրա ճիգերը։
Չարահամբավներն ու քաղաքի գջլոտները հարձակվեցին բեմի ճաղերի վրա ու մագլցեցին վրայից՝ գոչելով «Կեցցե՜ն գյոզերը»։
Եվ ամենքն էլ սկսեցին ջարդել, ավերել ու ավարի մատնել։ Կեսգիշերը չէր եղել դեռ, որ այդ հսկայական եկեղեցին, ուր յոթանասուն խորան կար, ամեն տեսակ գեղեցիկ նկարներ ու թանկարժեք իրեր, դատարկվեց ընկույզի պես։ Խորանները փշրվեցին, նկարները ցած գցվեցին և ամենայն փականք ջարդվեց։
Այդ ամենն անելուց հետո չարահամբավները ճանապարհ ընկան նույնն անելու Մինորիտների, Ֆրանցիսկյանների, Սուրբ Պետրոսի, քաղաքամիջի, Ֆավկենսի Սպիտակ քույրերի հետ, Գորշ քույրերի, Երրորդ կարգի, Քարոզչաց եկեղեցիներում ու քաղաքի բոլոր ժամերում ու մատուռներում։ Նրանք վերցրին այդտեղից աշտանակներն ու կերոնները և այդպես խուժեցին ամեն տեղ։
Նրանց մեջ ոչ կռիվ եղավ, ոչ վեճ, ոչ մեկը չվիրավորվեց քարի, փայտի ու շինանյութերի այդ վիթխարի ավերածության ժամանակ։
Նրանք հասան Հաագա, որպեսզի ձեռք զարկեն արձանների ու խորանների կործանման․ բայց ոչ այդտեղ, ոչ էլ այլուր ռեֆորմիստները չաջակցեցին նրանց։
Հաագայում քաղաքապետը հարցրեց նրանց, թե ո՛րտեղ են իրենց հրահանգողները։
― Այստեղ է, ― ասաց դրանցից մեկը՝ խփելով կրծքին։
― Նրանց հրահանգողները, լսո՞ւմ եք՝ տյա՛րք և տիկնա՛յք, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Ուրեմն կա մեկը, որ նրանց լիազորում է սրբապղծություններ գործել։ Ուրեմն եթե որևէ ավազակ գա իմ հյուղակը՝ ես էլ Հաագայի քաղաքապետի պես պիտի անեմ, գլխարկս հանեմ և ասեմ․ «Ազնիվ ավազակ, շնորհագե՛ղ անպիտան, պատվարժան տխմար, ցույց տուր տեսնեմ քո հրահանգչին»․ նա էլ ինձ կասի, որ այդ հրահանգիչը իմ ունեցվածքին ծարավի իր սրտի մեջն է։ Ես էլ ամեն ինչի բանալիները կտամ նրան։ Հասկացեք, հասկացեք, թե ո՛վ է օգտվում այս կողոպուտից։ Զգուշացե՛ք Կարմիր շնից։ Քարե խոշոր խաչելությունը ջարդված է։ Զգուշացե՛ք Կարմիր շնից։
Մալինի Գերիշխան խորհուրդը իր նախագահ Վիգլիուսի միջոցով հրահանգել էր ոչ մի արգելք չհարուցել պատկերները ջարդելուն։
― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը, ― հունձը հասել է իսպանական հնձվորների համար։ Դո՜ւքսը․ դուքսը մեզ վրա է գալիս։ Ֆլամանդացինե՛ր, ծովը բարձրանում է, վրիժառության ծովը։ Խե՜ղճ կանայք ու աղջիկներ, փախե՛ք, այլապես ձեզ կենդանի կթաղեն։ Խե՜ղճ մարդիկ, փախեք կախաղանից, կրակից սրից։ Ֆիլիպն ուզում է ավարտել Կառլոսի արյունոտ գործը։ Հայրը մահ ու աքսոր սերմանեց․ որդին երդվեց, որ ինքը կգերադասի թագավորել գերեզմանատան, քան թե մի հերետիկոս ժողովրդի վրա։ Փախե՛ք, դահիճն ու գերեզմանափորները մոտիկ են։
Ժողովուրդը ունկնդրում էր Ուլենշպիգելին, և հարյուրավոր ընտանիքներ հեռանում էին քաղաքներից․ ճանապարհները բռնված էին ինքնակամ աքսոր գնացողների կահույքով բարձված սայլերով։
Ուլենշպիգելը գնում էր ամեն տեղ՝ իր ցավը ողբալու և կորցրած սերը փնտրող Լամմեի ընկերակցությամբ։
Իսկ Դամմեում Նելեն լաց էր լինում խելացնոր Կատլինի մոտ։