Changes
/* XV */
Իսկ Դամմեում Նելեն լաց էր լինում խելացնոր Կատլինի մոտ։
===XVI===
Գարու ամսին, որ հոկտեմբերն է, Ուլենշպիգելը Գենտումն էր։ Նա տեսավ Էգմոնտին, որ վերադառնում էր Սեն֊Բավոնի աբբայի ազնիվ ընկերակցությամբ կատարած զվարթ կերուխումից։ Հիանալի տրամադրության մեջ նա երազկոտ գնում էր՝ հանձնված համընթաց քայլող ձիուն։ Հանկարծ նա նկատեց, որ իր կողքից գնում է մի մարդ՝ վառած լապտերը ձեռքին։
― Ի՞նչ ես ուզում, ― հարցրեց Էգմոնտը։
― Բարիք, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― լապտերի բարիքը, քանի որ վառված է։
― Հեռացիր և հանգիստ թող ինձ։
― Չե՛մ հեռանա։
― Ուրեմն մտրակի մի հարվա՞ծ ես ուզում։
― Կընդունեմ թեկուզ տասը, եթե միայն կարողանամ ձեր գլուխը մտցնել մի այսպիսի լապտեր, որպեսզի կարողանաք պարզ տեսնել այստեղից մինչև Էսկորիալ։
― Ոչ լապտերի պետք ունեմ, ոչ էլ Էսկորիալի, ― ասաց կոմսը։
― Իսկ ես, կո՛մս, այրվում եմ ձեզ մի լավ խորհուրդ տալու ցանկությունից, ― ասաց Ուլենշպիգելը և բռնելով կոմսի ձիու սանձը, որ ծառս էլ լինում ու առաջ նետվում, ավելացրեց․
― Տե՛ր իմ, մտածեցեք, որ հիմա շատ լավ եք պարում ձեր ձիու վրա, և որ ձեր գլուխն էլ շատ լավ է պարում ձեր ուսերի վրա․ սակայն արքան ուզում է, ասում են, ընդհատել այդ գեղեցիկ պարերը, ձեզ թողնել ձեր մարմինը և վերցնել ձեր գլուխը և նրան պարել տալ այնպիսի հեռու երկրներում, որ երբեք չկարողանաք հասնել նրան ու բռնել։ Մի ֆլորին տվեք, ազնվորեն վաստակեցի։
― Մտրակի հարված՝ եթե չցանվես, անպիտան խորհրդատու։
― Տե՛ր իմ, ես Ուլենշպիգելն եմ՝ որդին Կլաասի, որին ողջ֊ողջ այրեցին հավատի համար, և Սոոտկինի, որը կսկիծից մեռավ։ Սրտիս բախող աճյունն ասում է, որ Էգմոնտը՝ քաջ զորականը, կարող է իր հրամանատարության տակ գտնվող զորագնդի հետ հակադրել Ալբայի դքսին իր երիցս հաղթական զորքերը։
― Կորի՛ր այստեղից, ― ես դավաճան չեմ, ― ասաց Էգմոնտը։
― Փրկի՛ր երկիրը, միայն դու կարող ես այդ անել, ― ասաց Ուլենշպիգելը։
Կոմսն ուզեց մտրակել Ուլենշպիգելին, բայց սա չսպասելով դրան՝ փախավ և սկսեց գոռալ․
― Լապտե՜ր կուլ տվեք, լույսով սնվեք, պարո՛ն կոմս։ Փրկեցեք երկիրը։
Մի ուրիշ օր Էգմոնտը ծարաված լինելով՝ կանգնել էր in't Bondt Verkin ― «Խատուտիկ խոզ» պանդոկի առաջ, որը բանեցնում էր կուրտրեցի մի սիրունիկ կին՝ մականվանյալ Musekin (Մկնիկ)։
Կոմսը ուղղվելով ասպանդակների վրա, գոռաց․
― Խմելու բա՛ն։
Ուլենշպիգելը, որ ծառայում էր Մկնիկի մոտ, մոտեցավ կոմսին՝ մի ձեռքին անագե թասը, մյուս ձեռքին՝ կարմիր գինով լի շիշը։
Կոմսը նրան տեսնելուն պես ասաց․
― Այդ դո՜ւ ես, սև չարագուշա՛կ ագռավ։
― Տե՛ր իմ, եթե իմ գուշակությունը սև է, պատճառն այն է, որ լավ չի լվացված, բայց կարո՞ղ եք ասել, թե ո՛րն է ավելի կարմիր՝ գինի՞ն, որ լցվում է կոկորդը, թե արյունը, որ ժայթքում է վզից։ Այդ էր ահա հարցնում իմ լապտերը։
Կոմսը ոչինչ չպատասխանեց, խմեց, վճարեց ու մեկնեց։
===XVII===
Ուլենշպիգելն ու Լամմեն մի էշ հեծած, որ նրանց տվել էր Օրանժի իշխանի հավատարիմներից Սիմոն Սիմոնսենը, գնում էին ամեն տեղ, ազդարարում քաղաքացիներին արյունարբու արքայի սև մտադրությունները և շարունակ աչալուրջ հետևում էին՝ իմանալու Իսպանիայից եկող լուրերը։
Գեղջկական շորեր հագած՝ նրանք բանջարեղեն էին ծախում, շրջագայում բոլոր շուկաները։
Վերադառնալով Բրյուսելի շուկայից՝ նրանք Աղյուսների գետափում գտնվող մի քարե տան ներքնասրահում տեսան մի գեղեցիկ տիկին՝ ատլաս շորերով, կարմրադեմ, փարթամ լանջով և աշխույժ աչքերով։ Այդ տիկինն ասում էր դեռատի ու թարմ խոհարարուհուն․
― Այդ տապկոցի յուղն ավելացրու․ չեմ սիրում պղնձահամ սոուսը։
Ուլենշպիգելը քիթը լուսամուտից ներս մտցրեց։
― Ամեն տեսակն էլ սիրում եմ ես, ― ասաց նա, ― որովհետև քաղցած փորը համադամ խորտիկների նկատմամբ բծախնդիր չէ։
― Ո՞վ է այս մարդուկը, որ խառնվում է իմ կերակուրին, ― ասաց տիկինը դառնալով Ուլենշպիգելին։
― Ավա՜ղ, գեղանի տիկին, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― եթե դուք կամենայիք մի քիչ խոհարարություն անել ընկերակցությամբ, ես ձեզ կսովորեցնեի ճանապարհորդիս պատրաստած ռագուները, որոնք անծանոթ են ձեզ նման գեղեցիկ, նստակյաց կանանց։
Ապա լեզուն չլթացնելով՝ ավելացրեց․
― Ծարավ եմ։
― Ի՞նչ բանի։
― Քեզ։
― Սիրուն տղամարդ է, ― ասաց խոհարարուհին տիկնոջը։ ― Ներս կանչեցեք, թող արկածները պատմի։
― Բայց չէ՞ որ երկուսով են։
― Մեկին էլ ես կհոգամ, ― ասաց խոհարարուհին։
― Ճիշտ է, տիկի՛ն, ― վրա բերեց Ուլենշպիգելը, ― երկու հոգի ենք մենք՝ ես ու խեղճ Լամմեն, որ մեջքի վրա չի կարող հարյուր ֆունտ կրել, բայց հաճությամբ հինգ հարյուր ֆունտ կկրի ստամոքսի մեջ, մսով ու խմիչքով։
― Որդյա՛կս, ― ասաց Լամմեն, ― մի՛ ծիծաղիր դժբախտիս վրա, որին այնքան թանկ է նստում իր փորը լցնելու հոգսը։
― Սակայն այսօր ոչ մի գրոշ չի նստի, ― ասաց տիկինը։ ― Երկուսդ էլ ներս եկեք։
― Բայց, ― ասաց Լամմեն, ― կա նաև երկու ավանակ, որոնց վրա ենք մենք նստած։
― Վարսակի ոչ մի պակաս չկա կոմս Մեգեմի ախոռում, ― ասաց տիկինը։
Խոհարարուհին թողեց իր տապկոցը, ներս բերեց բակը Ուլենշպիգելին ու Լամմեին իրենց էշերի վրա, որոնք անմիջապես սկսեցին զռալ։
― Սա մոտալուտ սննդառության նվագն է։ Խե՜ղճ իշուկներ, իրենց հրճվանքն են շեփորում։
Երբ երկուսն էլ ավանակներից իջան՝ Ուլենշպիգելն ասաց խոհարարուհուն․
― Եթե դու իշուհի լինեիր՝ ինձ նման էշը սրտովդ կլիներ։
― Եթե ես կին լինեի, ― պատասխանեց խոհարարուհին, ― ուրախ դեմքով մի երիտասարդ սրտովս կլիներ։
Ուրեմն ի՞նչ ես դու, քանի որ ոչ կին ես, ոչ իշուհի, ― հարցրեց Լամմեն։
― Կույս եմ, ― ասաց նա, ― կույսը կին չէ, առավել ևս իշուհի չէ, հասկանո՞ւմ ես, հաստափո՛ր։
― Չհավատաս դրան, ― ասաց Ուլենշպիգելը, ― նրա կեսը աղջիկ է, այն էլ ի՜նչ աղջիկ, իսկ քառորդը՝ երկու սատանուհի։ Նրա մարմնական չարաճճիությունը արդեն դժոխքում մի տեղ ապահովել է նրան՝ մի ներքնակի վրա, որպեսզի այնտեղ գուրգուրի Բեհեղզեբուղին։
― Չարալեզո՛ւ ծաղրող, ― ասաց խոհարարուհին, ― եթե քո մազերը ձիու բաշ լինեին՝ լցված իմ ներքնակի մեջ, չէի ցանկանա նույնիսկ կոխել անցնել նրա վրայով։
― Իսկ ես կուզենայի ուտել քեզ քո մազերի հետ միասին, ― ասաց Ուլենշպիգելը։
― Շողոքո՜րթ, ― վրա բերեց տիկինը, ― բոլո՞ր կանանց կուզենայիր ունենալ։
― Ոչ, ― ասաց Ուլենշպիգելը, ― հազարն ինձ բավական կլիներ, եթե միայն ձուլված լինեին մի կնոջ մեջ՝ ինչպիսին դուք եք։
Տիկինն ասաց․
― Նախ և առաջ մի լիտր սև գարեջուր խմիր, մի կտոր խոզապուխտ կեր, այս ոչխարի ճուռն էլ փոքրացրու, այս կարկանդակն էլ քաշիր գլուխդ, այս սալաթն էլ ուղարկիր փորդ։
Ուլենշպիգելը ձեռքերը միացրեց և գոչեց․
― Խոզապուխտը լավ միս է, bruinbier'֊ը՝ երկնսյին գարեջուր, ոչխարի ճուռը՝ աստվածային մսեղեն, կարկանդակը երբ քաշում ես գլուխդ, հրճվանքից լեզուդ թրթռում է բերանիդ մեջ, ձեռքով օծված սալաթը իշխանական ուտելիք է։ Բայց օրհնյալ լինի նա, որին որպես ընթրիք կտաք ձեր գեղեցկությունը։
― Տեսեք ինչպե՜ս է ճլվլում, ― ասաց տիկինը։ ― Նախ և առաջ կե՛ր, անպիտա՛ն։
― «Գոհանամք զքէն»֊ից առաջ «Օրհնեալ եղերուք»<ref>Կաթոլիկ եկեղեցու այն աղոթքների սկզբի բառերը, որ ասվում են սեղան նստելուց, այսինքն ուտելուց առաջ և հետո։ Այստեղ երկիմաստ ակնարկով է գործածված։</ref> չե՞նք ասելու, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ոչ, ― ասաց կինը։
Այնժամ Լամմեն հառաչելով ասաց․
― Քաղցած եմ։
― Հիմա կուտես, ― ասաց գեղեցիկ տիկինը, ― քանի որ եփած մսից զատ այլ մտահոգություն չունես։
― Միաժամանակ թարմ, ինչպես որ իմ կինն էր, ― ասաց Լամմեն։
Խոհարարուհին քիթը կախեց այս խոսքի պատճառով։ Այնուամենայնիվ նրանք կուշտ կերան ու լիուլի խմեցին։ Տիկինն Ուլենշպիգելին այդ գիշերն էլ ընթրիք տվեց, ինչպես նաև հաջորդ օրը և հետևյալ օրերը։
Էշերն ստանում էին երկուական կոտ վարսակ, իսկ Լամմեն՝ կրկնակի ճաշաբաժին։ Մի ամբողջ շաբաթ նա խոհանոցից դուրս չեկավ․ կատակում էր կերակուրների, բայց ոչ խոհարարուհու հետ, որովհետև իր կնոջ մասին էր մտածում։
Այդ միջոցին Ուլենշպիգելն ու տիկինը ապրում էին բարեկամաբար։ Մի օր կինն ասաց․
― Թի՛լ, դու շատ հոռեբարո ես․ ո՞վ ես դու։
― Ես որդին եմ Երջանիկ Պատահականության և Հաճելի Արկածի, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Մի՛ չարախոսիր քո մասին, ― ասաց նա։
― Այդպես եմ անում, որ ուրիշներն ինձ չգովեն, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Պաշտպան կկանգնե՞ս արդյոք քո հալածվող եղբայրներին։
― Կլաասի աճյունը բախում է կրծքիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Որքա՜ն գեղեցիկ ես դու իմ աչքին հիմա։ Ո՞վ է այդ Կլաասը։
― Հայրս, որին հավատի համար վառեցին։
― Մեգեմի կոմսը ամենևին նման չէ քեզ, ― ասաց տիկինը, ― նա ուզում է արյուն հոսեցնել այն հայրենիքում, որ ես սիրում եմ, որովհետև ծնվել եմ պանծալի քաղաք Անտվերպենում։ Իմացիր, ուրեմն, որ նա համաձայնել է Բրաբանտի խորհրդական Շեյֆի հետ՝ Անտվերպեն մտցնելու հետևակի իր տասը գումարտակները։
― Ես այդ կհայտնեմ քաղաքացիներին, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Հենց հիմա էլ ուրվականի արագությամբ կգնամ կասեմ։
Ու գնաց, և հաջորդ օրը քաղաքացիները զինավառված էին։
Այնուամենայնիվ Ուլենշպիգելն ու Լամմեն իրենց էշերը տեղավորեցին Սիմոն Սիմոնսենի՝ ծանոթ մի գյուղացում մոտ և ստիպված էին թաքնվել, որովհետև կոմս Մեգեմը ամենուրեք փնտրել էր տալիս նրանց՝ կախել տալու համար, քանի որ նրան ասել էին, թե երկու հերետիկոս խմել էին նրա գինուց, կերել էին նրա խորովածից։
Նա խանդոտեց և այդ բանը հաղորդեց գեղեցիկ տիկնոջը, որն ատամները զայրույթից կրճտեց, լաց եղավ և տանսյո՛թ անգամ ուշաթափ եղավ։ Խոհարարուհին էլ նույնը, բայց ոչ այդքան հաճախակի, և հայտարարեց հանուն արքայության իր բաժնի և իր հոգու մշտնջենական փրկության, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ տիկինը ոչինչ չէին արել, եթե ոչ ճաշի մնացորդներն էին տվել երկու խեղճ թափառական ուխտավորի, որոնք իրենց լղար էշերը հեծած՝ կանգ էին առել խոհանոցի պատուհանի տակ։
Այդ օրն այնքան արցունք թափեցին, որ հատակը բոլորովին թրջվեց։ Եվ տյար Մեգեմն այդ բանը տեսնելով համոզվեց, որ կանայք չեն ստում։
Լամմեն այլևս չհամարձակվեց երևալ կոմս Մեգեմի տանը, որովհետև խոհարարուհին ամեն անգամ նրան անվանում էր «կնի՛կս, ա՜խ, կնիկս»։
Եվ նա չափազանց տխուր էր՝ մտածելով սնունդի մասին․ բայց Ուլենշպիգելն ամեն անգամ որևէ լավ բան էր բերում նրան, որովհետև Սուրբ Կատարինեի փողոցից մտնում էր տուն ու թաքնվում ձեղնահարկում։
Մյուս օրը, երեկոյան եկեսցեի ժամին կոմս Մեգեմը խոստովանեց սիրուն տիկնոջը, թե ինչպես ինքը որոշել է լուսաբացից առաջ Բուա֊լը֊Դյուք մտցնել իր հրամանատարության ներքո գտնվող ջոկատը։ Հետո պառկեց ու քնեց։ Սիրուն տիկինը ձեղնահարկ վազեց՝ ամեն ինչ Ուլենշպիգելին պատմելու։
===XVIII===
Ուլենշպիգելը ուխտավորի հագուստով, առանց ուտելիքի պաշարի ու փողի, անմիջապես մեկնեց Բուա֊լը֊Դյուք՝ քաղաքացիներին իմաց տալու համար։ Նա հույս ուներ ճանապարհին մի ձի վերցնել Սիմոնի եղբայր Երոն Պրաատից, որի համար նա նամակներ ուներ իշխանից և այդտեղից արագությամբ և ամենակարճ ճանապարհով հասնել Բուա֊լը֊Դյուք։
Խճուղով անցնելիս նա տեսավ գուգազների մի խումբ և նամակների պատճառով սաստիկ վախեցավ։
Բայց, որոշելով ժպտադեմ դիմավորել ձախորդությունը, հաստատամտորեն, անայլալ սպասեց գուգազներին և կանգ առնելով սկսեց աղոթքներ մրմնջալ։ Երբ գուգազներն անցան, նա էլ քայլեց նրանց հետ և իմացավ, որ Բուա֊լը֊Դյուք են գնում։
Զորասյունն սկսվում էր վալոնների մի գումարտակով, որի գլուխ կանգնած էր կապիտան Լամոտը՝ վեց գեղարդավորների թիկնապահ խմբով։ Ապա ըստ ստորադասության գալիս էր դրոշակակիրը՝ ավելի փոքրաթիվ պահակախմբով, ավագ սպան՝ իր գեղարդավորներով և երկու մարդորսներով, պահանորդապետը, գույքապահը, դահիճն ու նրա օգնականը, ապա շեփորահարներն ու թմբկահարները, որոնք մեծ ժխոր էին բարձրացնում։
Ֆլամանդացիներից հետո գալիս էր մի գումարտակ՝ իր կապիտանի և դրոշակակրի հետ․ գումարտակը բաժանված էր երկու հարյուրյակի՝ գլխավոր գուգազների՝ սերժանտների հրամանատարությամբ․ հարյուրյակները բաժանված էին տասնյակների՝ rotmeestr'֊ների հրամանատարությամբ։ Ավագ սպայի և stocknecht'-ների մահակի օգնականների առջևից նմանապես գնում էին թմբկահարող ու ծղրտացող փողհարներն ու թմբկահարները։
Նրանց հետևից քահ֊քահ ծիծաղելով, շիկահավերի պես ճռվողելով, սոխակների պես դայլայլելով, ուտելով, խմելով, պարելով, կանգնած, պառկած կամ ձիու վրա գալիս էին նրանց ընկերուհիները՝ սիրուն ու անպատկառ աղջիկներ՝ երկու բաց սայլի մեջ։
Նրանցից ոմանք հագնվել էին լանդսկնեխտների ձևով, բայց հագուստը սպիտակ, նրբահյուս կտորից էր կարված, բազուկների, ազդրերի, լանջի մոտ կտրվածքներով, որոնց բացվածքից երևում էր փափկասուն մարմինը․ գլուխներին դրել էին փափուկ բրդե, ոսկեթել երիզներով գդակներ՝ ծայրին՝ հովից փռփռացող ջայլամի գեղեցիկ փետուրներ։ Ոսկե ոլորաթելերով բանված կարմիր ատլասե գոտիներից կախված էին նրանց դաշյունների ոսկեճամուկ գործվածքե պատյանները։ Նրանց կոշիկները, գուլպաներն ու զստապանները, բաճկոնակները, ծոպազարդերն ու ճարմանդները ոսկե էին ու սպիտակ մետաքսե։
Մյուսներն էլ լանդսկնեխտի պես էին հագնված՝ բայց կանաչ, կապույտ, շիկակարմիր, երկնագույն, բոսոր զգեստներ, կտրատած, ասեղնագործած ու զինանշաններով՝ ըստ իրենց ֆանտազիայի։ Եվ ամենքն էլ բազուկի վրա կրում էին մի գունավոր բոլորաշերտ՝ նրանց արհեստի նշանը։
Մի hoerweyfel՝ նրանց սերժանտը ուզոմ էր նրանց լռեցնել, բայց աղջիկներն իրենց անուշիկ ծամածռություններով ու խոսքերով ստիպում էին նրան ծիծաղել ու չէին հնազանդվում։
Ուլենշպիգելը՝ թափառական ուխտավորի հագուստով, քայլում էր երկու գումարտակներին համընթաց, ինչպես մակույկը խոշոր նավի կողքին։ Եվ շարունակում էր մրմնջալ իր ողոթքները։
Հանկարծ Լամոտն ասաց նրան․
― Ո՞ւր ես գնում այդպես ուխտավո՛ր։
― Պարո՛ն կապիտան, ― պատասխանեց Ուլենշպիգելը, որ խիստ քաղցածացել էր, ― ժամանակով ես մի մեղք գործեցի ու դատապարտվեցի Աստվածամոր տաճարի ժողովրդի կողմից՝ ոտքով գնալ Հռոմ և թողություն հայցել սրբազան հորից, որը և շնորհեց ինձ։ Թողություն ստացած՝ ես եկա այս վայրերը, պայմանով՝ որ ճանապարհին քարոզեմ պատարագի խորհուրդը ամեն ոքի և հանդիպած բոլոր գուգազներին, որոնք իմ քարոզների փոխարեն պարտավոր են հաց ու միս տալ ինձ։ Եվ այսպես քարոզ կարդալով պահում եմ թշվառ գոյությունս։ Թույլ կտա՞ք ինձ, որ ուխտս հարգեմ հետևայլ հանգրվանում։
― Այո, ― ասաց տյար Լամոտը։
Ուլենշպիգելը եղբայրաբար խառնվելով վալոններին ու ֆլամանդացիներին՝ շոշափում էր բաճկոնակի տակի նամակները։
Աղջիկները կանչում էին նրան․
― Ուխտավո՛ր, սիրո՛ւն ուխտավո՛ր, ե՛կ այստեղ ու ցույց տուր քո քարոզների հզորությունը։
Ուլենշպիգելը մոտեցավ նրանց ու համեստորեն ասաց․
― Քո՛ւրյք իմ ի Քրիստոս, մի՛ ծաղրեք խեղճ ուխտավորին, որ սար ու ձոր ընկած սուրբ հավատքն է քարոզում գուգազներին։
Եվ աչքերով ուտում էր նրանց փոքրիկ հրապույրները։
Բայց խելահեղ աղջիկները սայլի ծածկույթներից իրենց շողշողուն դեմքը դուրս հանելով՝ գոչում էին․
― Շատ ջահել ես դու այդ գուգազներին քարող կարդալու համար։ Բարձրացիր մեր սայլը, և մենք քեզ կսովորեցնենք ավելի քաղցր խոսքեր։
Ուլենշպիգելը հաճույքով կհնազանդվեր, բայց նամակների պատճառով չէր կարողանում։ Աղջիկներից երկուսն արդեն իրենց կլորիկ ու ճերմակ բազուկները սայլակից դուրս հանելով ճգնում էին քաշել նրան իրենց մոտ, երբ hoerweyfel'֊ը խանդելով գոռաց Ուլենշպիգելի վրա․
― Եթե չհեռանաս այստեղից՝ երկու կտոր կանեմ քեզ։
Եվ Ուլենշպիգելը հեռացավ դրանցից ու սկսեց աննկատելիորեն դիտել արևից ոսկեշաղված թարմ աղջիկներին, որոնք շարժվում էին արևաշող ճանապարհով։
Հասան Բերխեմ։ Ֆիլիպ դը Լանուան՝ Բովուարի սեպուհ ու ֆլամանդացիների հրամանատարը, հրամանեց հանգրվանել։
Այդ վայրում միջակ բարձրությամբ մի կաղնի կար՝ զրկված իր ճյուղերից, բացի մի խոշորից, որը մեջտեղից կոտրված էր և որից անցած ամսին կախել էին մի հակամկրտչականի։
Գուգազները կանգ առան․ պարենավաճառներն իրենց սայլակները մոտեցրին և սկսեցին ծախել նրանց հաց, գինի, գարեջուր, ամեն տեսակ միս։ Գալով զվարճասեր աղջիկներին՝ ապա սրանց ծախեցին շաքարեղեն, շագանակ, նուշ, կարկանդակ։ Այդ բանը տեսնելով, Ուլենշպիգելը է՛լ ավելի քաղց զգաց։
Հանկարծ կապկի պես բարձրանալով ծառը՝ հեծավ խոշոր ճյուղին, որ գետնից յոթ ոտք բարձր էր․ այդտեղ սկսեց իրեն խարազանով ձաղկել, իսկ գուգազներն ու զվարճասեր աղջիկները շրջան կազմեցին նրա շուրջը։
― Հանուն հօր, և որդոյ, և հոգոյն սրբոյ, ամեն, ― ասաց նա։ ― Գրված է․ «Ով որ տալիս է աղքատներին՝ փոխ է տալիս աստծուն»․ գուգազնե՛ր և դուք, սիրո՛ւն տիկնայք, սիրո գողտրիկ ընկերուհիներ այս քաջարի զորականների, փոխ տվեք աստծուն, այսինքն տվեք ինձ հաց, միս, գինի, գարեջուր՝ թե ուզում եք, կարկանդակներ՝ եթե ձեզ անախորժ չէ, և աստված, որ հարուստ է, ձեզ կվերադարձնի դրախտահավի շեղջերով, մալվուայզյան գինու առվակներով, խորոված շաքարի լեռներով, rystpap`֊ով, որ դուք կուտեք դրախտում արծաթե գդալներով։
Ապա ողբաձայն ավելացրեց․
― Չե՞ք տեսնում միթե, թե ինչպիսի՜ դաժան չարչարնքներով եմ ուզում արժանանալ իմ մեղաց թողության։ Միթե չե՞ք ամոքելու այրող ցավն այս խարազանի, որ վիրավորում է կռնկաս և արյուն է հոսեցնում։
― Ո՞վ է այս խելառը, ― հարցրին գուգազները։
― Բարեկամնե՛րս, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― ես խելառ չեմ, այլ ապաշխարող ու քաղցած, որովհետև այն ժամանակ, երբ հոգիս ողբում է իր մեղքերը, խեղճ փորս ողբում է մսի բացակայությունը։ Աստվածահաճո գուգազնե՛ր և դուք, գեղանի տիկնայք, ես այդտեղ, ձեզ մոտ տեսնում եմ յուղալի խազապուխտ, խորոված սագ, երշիկներ, գինի, գարեջուր, կարկանդակներ։ Մի՞թե ոչ մի բան չեք տա ուխտավորին։
― Կտանք, կտանք, ― ասացին ֆլամանդացի գուգազները, ― լավ կերպարանք ունի ուխտավորը։
Եվ ամենքն էլ գնդակների պես սկսեցին ուտելլիքի կտորներ նետել նրան։ Ուլենշպիգելը շարունակում էր խոսել և ճյուղի վրա նստած մոլեգնորեն ուտում էր։
― Քաղցը, ― ասում էր նա, ― մարդուս դարձնում է խստասիրտ և աղոթելու անընդունակ, բայց խոզապուխտն անմիջապես փարատում է այդ վատ զգացողությունը։
― Զգո՜ւյշ, ցանցա՛ռ, ― ասաց մի զինվոր՝ կիսատ շիշը նրան շպրտելով։
Ուլենշպիգելը օդում բռնեց շիշը և փոքրիկ ումպերով խմելով ասաց․
― Եթե սուր, անտանելի քաղցը կործանարար է մարդու թշվառ մարմնի համար, ապա կա մի՛ ուրիշ ցավ, որ նույնքան կործանարար է․ դա այն անհանգստությունն է, որ խեղճ ուխտավորն ունենում է այն ժամանակ, երբ վեհանձն գուգազները տալիս են նրան ո՛րը մի շերտ խոզապուխտ , ո՛րը մի շիշ գարեջուր․ և որովհետև ուխտավորը սովորաբար սակավապետ է, ապա երբ նա խմում է՝ ստամոքսում ունենալով խիստ փոքրաքանակ սնունդ, անմիջապես հարբում է։
Երբ նա այսպես խոսում էր՝ նորից օդում բռնեց մի սագի ճուռ։
― Ուղղակի հրաշք բան է օդի մեջ մարգագետնի ձուկ որսալ։ Բայց ինքն էլ, իր ոսկորն էլ անհետացան։ Ի՛նչը կարող է չոր ավազից ավելի անհագ լինել ― չբեր կինը և քաղցած ստամոքսը, ― ասաց Ուլենշպիգելը։
Մեկ էլ նա զգաց, որ գեղարդի պողպատը խայթեց իր նստուկը։ Եվ նա լսեց, որ մի դրոշակակիր ասում է․
― Այս ի՞նչ է․ ուխտավորները հիմա սկսել են արհամարհե՞լ ոչխարի ճուռը։
Եվ Ուլենշպիգելը տեսավ գեղարդի ծայրին շամփրած ոչխարի ճուռի մի խոշոր կտոր, որը վերցրեց ու ասաց․
― Ճուռը ճուռի փոխարեն, ես գերադասում եմ սա իմ ատամների տակ, քան թե մյուսը իմ բաճկոնակին ղիմահարած։ Այս ճուռի ոսկորից մի մեղմաձայն սրինգ կշինեմ և գովեստներ կերգեմ քեզ, ո՜վ գթասիրտ գեղարդավոր։ Այնուամենայնիվ, ― ասում էր նա կրծելով ճուռը, ― ի՞նչ է պետք լավ ճաշը առանց անուշեղենի, ի՞նչ բան է ոչխարի ճուռը, ինչքան էլ հյութեղ լինի, եթե դրանից հետո ուխտավորը չի տեսնում որևէ կարկանդակի օրհնյալ երեսը։
Ասաց թե չէ՝ ձեռքը տարավ դեմքին, որովհետև զվարճասեր աղջիկների խմբից եկող երկու բանդակալի կարկանդակ ճապաղել էին մեկը աչքի վրա, մյուսը՝ երեսի։ Լսվեց աղջիկների քրքիջը և Ուլենշպիգելի պատասխանը․
― Շատ շնորհակալ եմ, անուշի՛կ աղջիկներ, որ անուշեղենի համբյուրներ եք տալիս ինձ։
Բայց կարկանդակներն ընկան գետին։
Հանկարծ թմբուկները թնդացին, փողերը հնչեցին, և գուգազները ճանապարհ ընկան։
Բովուարի սեպուհն ասաց Ուլենշպիգելին, որ ծառից իջնի և քայլի զորամասի կողքից, որից նա կուզենար հարյուր մղոն հեռու լինել, որովհետև մի քանի թթու կերպարանքով գուգազների խոսքերից կռահել էր, որ ինքը նրանց համար կասկածելի է, որ նրանք շուտով կբռնեն իրեն որպես լրտեսի, կխուզարկեն ու կկախեն՝ եթե գտնեն իր վրայի թղթերը։
Հետևաբար գլորվելով մի փոսի մեջ՝ գոչեց․
― Գթացե՛ք, պարո՛ն գուգազներ, ոտքս խախտվեց, այլևս չեմ կարող ճանապարհը շարունակել, թույլ տվեք նստեմ աղջիկների սայլը։
Բայց նա գիտեր, որ խանդոտ hoerweyfel'֊լը թույլ չի տալու։
― Իսկ աղջիկները կանչում էին իրենց սայլից․
― Դե շո՜ւտ, անուշի՛կ ուխտավոր, ե՛կ, շո՛ւտ։ Մենք քեզ կսիրենք, կգուրգուրենք, կհյուրասիրենք, մի օրվա մեջ կլավացնենք։
― Գիտեմ, գիտեմ, ― ասում էր նա, ― որ կանանց ձեռքերը աստվածային բալասան են ամեն մի վերքի համար։
Բայց hoerweyfel'ը խանդոտ ասում էր տյար դը Լամոտին․
― Տե՛ր իմ, ինձ թվում է, թե որ այս ուխտավորը ծաղրում է մեզ՝ իր խախտած ոտքը պատճառ բռնելով, որպեսզի նստի աղջիկների սայլը։ Հրամայեցեք, որ մնա իր տեղը։
― Հրամայում եմ, ― ասաց դը Լամոտը։
Եվ Ուլենշպիգելը մնաց փոսի մեջ։
Մի քանի գուգազ կարծելով, որ իրոք նրա ոտքը խախտվել է, խիստ բարկացան, որովհետև ուրախ֊զվարթ մարդ էր նա։ Ուստի երկու օրվա միս ու գինի թողեցին նրան։ Աղջիկները կուզենային օգնել նրան, բայց որովհետև չէին կարող՝ նրան գցեցին այն ամենը, ինչ մնացել էր անուշեղենից։
Երբ զորամասն արդեն հեռու էր՝ Ուլենշպիգելը, ուխտավորի իր հագուստով շտապեց փախչել․ մի ձի գնեց և ճանապարհներով ու կածաններով քամու արագությամբ հասավ Բուա֊լը֊Դյուք։
Պարոնայք Բովուարի և Լամոտի գալու լուրն առնելուն պես քաղաքի բնակիչները զինվեցին՝ ութ հարյուր հոգի, ընտրեցին հրամանատարներ և ածխավաճառի զգեստ հագած Ուլենշպիգելին ուղարկեցին Անտվերպեն՝ հերկուլեսյան խմող Բրեդերոդեից օգնություն ստանալու համար։
Եվ պարոնայք Բովուարի ու Լամոտի գուգազները չկարողացան մտնել Բուա֊լը֊Դյուք՝ աչալուրջ և քաջաբար դիմադրելու պատրաստ քաղաքը։
===XIX===
Հաջորդ ամսին դոկտոր Ագիլեուս Ուլենշպիգելին տվեց երկու ֆլորին և նամակներ, որոնցով նա պետք է գնար Սիմոն Պրաատի մոտ և նրանից իմանար իր անելիքը։
Ուլենշպիգելը Պրաատի մոտ գտավ ապրուստ և օթևան։ Անուշ էր նրա քունը, անուշիկ էր նաև երիտասարդությունից ծաղկած նրա կերպարանքը։ Պրաատն, ընդհակառակը, նիհար էր, արգահատելի տեսքով և կարծես շարունակ խորասուզված տխուր մտածմունքների մեջ։ Ուլենշպիգելը, երբ գիշերները պատահաբար արթնանում էր, խիստ զարմանում էր մուրճի հարվածներ լսելով։
Երբ այդ առավոտ նա վեր կացավ՝ Սիմոն Պրաատն իրենից առաջ վեր էր կացել և ավելի խղճալի տեսք ուներ, ավելի տխուր էին նրա աչքերը, որոնք փայլում էին մեռնելու կամ կռիվ գնալու պատրաստվող մարդու աչքերի նման։
Պրաատը հաճախակի հորանջում էր, ձեռքերը կցում աղոթելու համար և միշտ թվում էր ցասմամբ համակված։ Նրա ձեռքերը, ինչպես նաև շապիկը, սև էին ու ճարպոտ։
Ուլենշպիգելը որոշեց իմանալ, թե որտեղից էին գալիս մուրճի ձայները, Պրաատի ձեռքերի սևությունը և նրա մելամաղձությունը։ Մի երեկո Blauwe Gans` Կապույտ սագ գինետանը խմելուց հետո, ուր նա տարել էր նաև Սիմոնին՝ հակառակ նրա ցանկության, նա ձևացավ խմիչքներից այնքան գինովցած և գլուխն այնպես շշմած, որ իբր անմիջապես կարիք ունի անկողին մտնելու։
Եվ Պրաատը տխրությամբ նրան տարավ տուն։
Ուլենշպիգելը քնում էր ձեղնահարկում՝ կատուների մոտ, իսկ Սիմոնի անկողինը ներքևում էր՝ նկուղի մոտ։
Ուլենշպիգելը շարունակելով իր առերես գինովությունը՝ օրորվելով բարձրացավ սանդուղքը՝ ձևացնելով, թե ահա ուր որ է կգլորվի ցած և բռնելով պարանը։ Սիմոնը եղբոր պես օգնեց նրան՝ քնքշագին հոգատարությամբ։ Ապա նրան անկողին դրեց՝ ցավելով նրա հարբած վիճակի համար և աղոթելով աստծուն, որ ների․ ապա ցած իջավ։ Շատ չանցած Ուլենշպիգելը լսեց մուրճի նույն հարվածները, որոնցից քանի՜ անգամ արթնացել էր։
Անշշուկ վեր կենալով՝ նա բոբիկ ոտներով իջավ նեղ աստիճաններից․ յոթանասուներկուսից հետո նրա առաջ ցցվեց մի ցածլիկ դուռ, որի կիսաբացվածքից լույսի շողք էր դուրս ընկել։
Սիմոնը թռուցիկ թերթեր էր տպագրում Լաուրենս Կոստերի՝ տպագրության վսեմ արվեստի այդ խոշոր տարածողի ժամանակվա հին տառերով։
― Ի՞նչ ես անում այդտեղ, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Եթե դու սատանայի կողմից ես, ― պատասխանեց սարսափահար Սիմոնը, ― մատնի՛ր ինձ, թող ես մեռնեմ, իսկ եթե աստծու կողմից ես, ապա թող քո բերանը լինի լեզվիդ բանտը։
― Աստծու կողմից եմ, ― ասաց Ուլենշպիգելը, ― և ոչ մի չարիք չեմ ցանկանում քեզ։ Ի՞նչ ես անում այդտեղ։
― Աստվածաշունչ եմ տպում, ― պատասխանեց Սիմոնը։ ― Եվ որովհետև կնոջս ու երեխաներիս ապրեցնելու համար ցերեկը տպագրում եմ նորին վսեմության դաժան ու չարամիտ հրովարտակները, ապա գիշերը սերմանում եմ աստծու ճշմարիտ խոսքը և այդպիսով քավում եմ այն չարիքը, որ անում եմ ցերեկը։
― Արիասիրտ մարդ ես դու, ― ասաց Ուլենշպիգելը։
― Հավատացյալ եմ ես, ― վրա բերեց Սիմոնը։
Իրականում այս տպարանից էր, որ դուրս եկան ֆլամանդերեն աստվածաշունչերը և տարածվեցին Բրաբանտում, Ֆլանդրիայում, Հոլանդիայում, Զելանդիայում, Ուտրեխտում, Նորդ֊Բրաբանտում, Օվեր֊Իսելում, Գերլանդում՝ մինչև այն օրը, երբ Սիմոնը դատապարտվեց գլխատման՝ վերջացնելով այդպես իր կյանքը Քրիստոսի ու արդարության համար։