Changes
Ոչ մի կասկած չկա — և հենց այս իրողությունը միանգամայն սխալ հայացքներ առաջացրեց — որ 16 ու 17-րդ դարերի այն մեծ ռևոլուցիաները, որոնք աշխարհագրական հայտնագործությունների հետևանքով տեղի ունեցան առևտրի մեջ և արագորեն առաջ մղեցին վաճառականական կապիտալի զարգացումը, այն գլխավոր մոմենտներից մեկն են կազմում, որոնք զարկ տվին արտադրության ֆեոդալական եղանակից կապիտալիստականին անցնելու գործին։ Համաշխարհային շուկայի հանկարծակի ընդարձակումը, շրջանառու ապրանքների բազմապատկվելը, ասիական արդյունքներին ու ամերիկյան գանձերին տիրանալու նպատակով եվրոպական ազգերի միջև տեղի ունեցած մրցակցությունը, գաղութային սիստեմն էապես նպաստում էին արտադրության, ֆեոդալական պատնեշները խորտակելուն։ Սակայն արտադրության արդի եղանակն իր գոյության առաջին շրջանում, մանուֆակտուրային շրջանում, լոկ այնտեղ էր զարգանում, որտեղ սրա համար պայմաններն ստեղծվել էին միջնադարում։ Համեմատեցեք, օրինակ, Հոլանդիան Փորթուգալիայի հետ<ref>Թե Հոլանդիայի զարգացման համար, մյուս հանգամանքները մի կողմ թողած, որքան գերակշռող նշանակություն ուներ ձկնորսության, մանուֆակտուրայի ու երկրագործության մեջ դրված պատվանդանը, այս արդեն լուսաբանել են 18-րդ դարի հեղինակները։ Տես, օրինակ, Մեսսիի մոտ։ Ի հակադրություն նախկին հայացքի, որը թերագնահատում էր ասիական, անտիկ ու միջնադարյան առևտուրը, հիմա մոդա է դարձել այն արտակարգորեն գերագնահատելը։ Այս պատկերացումից ազատագրվելու լավագույն միջոցն է՝ քննության առնել 18-րդ դարի սկիզբների անգլիական արտահանությունն ու ներմուծումը և այն առադրել այսօրվանի հետ։ Եվ այնուամենայնիվ այդ առևտուրն անհամեմատ ավելի մեծ էր, քան նախկին որևէ առետրային ժողովրդի մոտ։ (Տե՛ս A. Anderson: „History of Commerce” [London, 1754, հատ. II, էջ 261 և հաջ.])։</ref>։ Իսկ եթե 16 ու մասամբ էլ դեռ 17-րդ դարերում առևտրի հանկարծակի ընդարձակումն ու համաշխարհային նոր շուկայի ստեղծումը գերակշռող ազդեցություն ունեցան հնի տապալման վրա ու արտադրության կապիտալիստական եղանակի վերելքի վրա, ապա այս տեղի էր ունենում, ընդհակառակը, արտադրության արդեն ստեղծված կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա։ Համաշխարհային շուկան ինքն արտադրության այս եղանակի պատվանդանն է կազմում։ Մյուս կողմից՝ միշտ ավելի մեծ մասշտաբով արտադրելու անհրաժեշտությունը, որ ներհատուկ է արտադրության կապիտալիստական եղանակին, մղում է դեպի համաշխարհային շուկայի մշտական ընդարձակումը, այնպես որ այստեղ ոչ թե առևտուրն է ռևոլուցիոնականացնում արդյունաբերությունը, այլ միշտ արդյունաբերությունն է ռևոլուցիոնականացնում առևտուրը։ Եվ առևտրի տիրապետությունը հիմա արդեն շաղկապված է խոշոր արդյունաբերության գոյության պայմանների ավելի մեծ կամ թե ավելի փոքր գերակշռության հետ։ Համեմատեցեք, օրինակ, Անգլիան ու Հոլանդիան։ Հոլանդիայի, իբրև տիրապետող առևտրական ազգի, անկման պատմությունը պատմություն է այն մասին, թե ինչպես առևտրական կապիտալն արդյունաբերական կապիտալին ենթարկվեց։ Այն արգելքները, որ արտադրության մինչկապիտալիստական ազգային եղանակների ներքին ամրությունն ու կազմությունը դնում են առևտրի քայքայիչ ներգործության հանդեպ, ակնբախ երևան են գալիս Հնդկաստանի ու Չինաստանի հետ անգլիացիների ունեցած հարաբերության մեջ։ Արտադրության եղանակի լայն պատվանդանն այստեղ գոյացել է մանր հողագործության ու տնային արդյունաբերության միասնության հետևանքով, ընդորում Հնդկաստանում սրան դեռ ավելանում է հողի համայնական սեփականության վրա հիմնված գյուղական համայնքների ձևը, որը, սակայն, Չինասատնում էլ սկզբնական ձևն է եղել։ Հնդկաստանում անգլիացիներն իսկույն ևեթ իրենց անմիջական քաղաքական ու տնտեսական զորությունը, իբրև իշխողներ ու հողային ռենտայի տերեր կիրառվեցին այն նպատակով, որ այս մանր տնտեսական համայնքները կործանեն<ref>Եթե կա մի ժողովուրդ, որի պատմությունն անհաջող ու իսկապես անհեթեթ (գործնականում ամոթալի) տնտեսական փորձառքների մի պատմություն է ներկայացնում, ապա այս անգլիացիների Հնդկաստանում վարած տնտեսության պատմությունն է։ Բենգալիայում նրանք ստեղծեցին անգլիական խոշոր հողատիրության մի ծաղրանկար, հարավ-արևելյան Հնդկաստանում՝ հողաճոթային [պարցելային] սեփականության մի ծաղրանկար, հյուսիս-արևմուտքում, որչափով այս կախված էր նրանցից, նրանք հողի համայնական սեփականություն ունեցող հնդկական տնտեսական համայնքը հենց սրա մի ծաղրանկարը դարձրին։</ref>։ Այստեղ նրանց առևտուրն արտադրության եղանակի վրա ռևոլուցիոն ձևով է ներգործում այնչափով միայն, որչափով որ նրանք իրենց ապրանքների ցած գների միջոցով ոչնչացնում են մանածագործությունն ու ջուլհակությունը, որ արդյունաբերական-հողագործական արտադրության այս միասնության հնամենի ինտեգրալ [անքակտորեն կապված] մասն է կազմում, և այսպիսով պայթեցնում են համայնքը։ Բայց նույնիսկ այստեղ քայքայման այս գործը նրանց միմիայն շատ դանդաղ է հաջողվում։ Այս ավելի քիչ է հաջողվում Չինաստանում, որտեղ անմիջական քաղաքական իշխանությունը նրանց օգնության չի գալիս։ Այն մեծ տնտեսումն ու ժամանակի խնայողությունը, որոնք առաջ են գալիս հողագործության ու մանուֆակտուրայի անմիջական շաղկապումից, այստեղ ամենահամառ դիմադրություն են ցույց տալիս խոշոր արդյունաբերության արդյունքներին, որոնց գնի մեջ մտնում են ամենուրեք նրանց հետ շուլալվող շրջանառության պրոցեսի faux frais-ները [անարտադրողական ծախքերը]։ Անգլիական առևտրի նկատմամբ հակադրություն կազմելով, ռուսական առևտուրը, ընդհակառակը, կանգուն է թողնում ասիական արտադրության տնտեսական հիմքը<ref>Այս էլ է սկսում փոխվել այն ժամանակվանից դեսը, երբ Ռուսաստանը ջղաձգական ջանքեր է անում զարգացնելու սեփական կապիտալիստական մի արտադրություն, որը նախանշված է բացառապես ներքին ու սահմանամերձ ասիական շուկայի համար։— Ֆ. Է.։</ref>։
Արտադրության, ֆեոդալական եղանակից դեպի նորը կատարվող անցումը տեղի է ունենում երկակի ձևով։ Հողագործական նատուրալ տնտեսության նկատմամբ ու միջնադարյան քաղաքային արդյունաբերության համքարապես կաշկանդված արհեստի նկատմամբ հակադրություն կազմելով՝ արտադրողը վաճառական ու կապիտալիստ է դառնում։ Այս իրոք ռևոլուցիոնականացնող Ճանապարհ է։ Կամ թե վաճառականն անմիջաբար իրեն է ենթարկում արտադրությունը։ Վերջին ճանապարհը, իբրև անցման մի փուլ, պատմականորեն որքան էլ ուժեղ է ներգործում — ինչպես, օրինակ, 17-րդ դարի անգլիական Clothier-ը [մահուդագործը], որն իր վերահսկողությանն է ենթարկում ջուլհակներին, որոնք, սակայն, շարունակում են պահպանել իրենց ինքնուրույնությունը, բուրդ է ծախում նրանց և գնում է նրանց ամբողջ մահուդը,— այնուամենայնիվ ինքնըստինքյան նա չի հասցնում արտադրության հին եղանակի հեղաշրջման, եղանակի, որ նա ավելի շուտ պահածույում է և պահում իբրև իր նախադրյալ։ Այսպես, օրինակ, դեռ մինչև 19-րդ դարի կեսերը ֆրանսիական մետաքսի արդյունաբերության, անգլիական գուլպայեղենի արդյունաբերության ու ժանյակի արդյունաբերության մեջ գործարանատերը մեծ մասամբ լոկ անունով էր գործարանատեր, իրականում սոսկ վաճառական էր, որը ջուլհակներին թողնում էր, որ հին բաժան-բաժան եղանակով բանեն, և նրանց վրա իշխում էր լոկ որպես վաճառական, որի համար նրանք փաստորեն աշխատում էին<ref>Միևնույնը վերաբերում էր Հռենոսյան ժապավենագործությանն ու տրեզագործությանը և մետաքսագործությանը։ Կրեֆելդի մոտ նույնիսկ մի հատուկ երկաթուղի էր կառուցվել, որ այս գյուղական ձեռագործ ջուլհակները հաղորդակցություն ունենան քաղաքի «գործարանատերերի» հետ, բայց հետագայում մեքենական մանածագարծությունը ձեռագործ ջուլհակների հետ հիշյալ երկաթուղին էլ պարապության մատնեց։— Ֆ. Է.։</ref>։ Իրերի այս դրությունն ամենուրեք խոչընդոտ է հանդիսանում արտադրության իսկական կապիտալիստական եղանակի ճանապարհին և կործանվում է նրա զարգացման հետ զուգընթաց։ Արտադրության եղանակը չհեղաշրջելով՝ նա լոկ վատացնում է անմիջական արտադրողների դրությունը, նրանց դարձնում է սոսկական վարձու բանվորներ ու պրոլետարներ ավելի վատ պայմաններում, քան ուղղակի կապիտալին ստորադրվածների պայմաններն են, և նրանց հավելյալ աշխատանքը յուրացնում է այնպիսի մեթոդներով, որոնք արտադրության հին եղանակի պատվանդանի հետ են կապված։ Մի քիչ կերպափոխված՝ միևնույն հարաբերությունը գոյություն ունի Լոնդոնում, իբրև արհեստ վարվող կահագործության մի մասի մեջ։ Հատկապես Թաուեր Հեմլետս-ում այս կահագործությունը վարվում է շատ լայնածավալ չափերով։ Ամբողջ արտադրությունը բաժանված է բազմաթիվ ու միմյանցից անկախ ձեռնարկաճյուղերի։ Մի ձեռնարկությունը լոկ աթոռներ է պատրաստում, մյուսը՝ սոսկ սեղաններ, երրորդը՝ միմիայն պահարաններ, և այլն։ Բայց իրենք այս ձեռնարկություններն ավելի կամ պակաս չափով արհեստային եղանակով են վարվում, մի մանր վարպետի ձեռքով՝ փոքրաթիվ ենթավարպետների գործակցությամբ։ Սակայն արտադրությունն այնքան լայն ծավալ ունի, որ անմիջաբար մասնավորների համար աշխատելը բացառվում է։ Այստեղ արդյունքի գնորդները կահավաճառանոցների տերերն են։ Շաբաթ օրը վարպետը գնում է նրանց մոտ և ծախում է իր արդյունքը, ընդորում գնի մասին երկար ծնոտ են թափում ճիշտ այնպես, ինչպես լոմբարդում՝ այս կամ այն իրի համար տրվելիք կանխավճարի մասին։ Այս վարպետները շաբաթական վաճառքի կարիք ունեն հենց արդեն նրա համար, որ կարողանան հաջորդ շաբաթվա համար դարձյալ հումք գնել ու աշխատավարձ վճարել։ Այս հանգամանքներում նրանք իսկապես լոկ միջնորդ են վաճառականի ու իրենց սեփական բանվորների միջև։ Իսկական կապիտալիստը վաճառականն է, որն իր գրպանն, է դնում հավելյալ արժեքի մեծագույն մասը<ref>Այս սիստեմը 1865 թվականից հետո զարգացել է է՛լ ավելի մեծ չափերով։ Սրա վերաբերմամբ մանրամասնությունները տես հետևյալ հրատարակության մեջ. „First Report of the select Committee of the House of Lords on the Swearing System”, London, 1888։— Ֆ.Է.։</ref>։ Նման երևույթի ենք հանդիպում մանուֆակտուրային այն ճյուղերից անցնելու ժամանակ, որոնք առաջ վարվում էին արհեստային եղանակով կամ թե իբրև գյուղական արդյունաբերության օժանդակ ճյուղեր։ Նայած այն տեխնիկական զարգացմանը, որ ունի այս ինքնուրույն մանր արտադրությունը — որտեղ մինչև անգամ մեքենաներ են կիրառվում, որոնք գործադրելի են արհեստային արտադրության մեջ — պատահում են խոշոր արդյունաբերությանն անցնելու դեպքեր էլ. մեքենան շարժման մեջ է դրվում ձեռքի փոխարեն շոգիով, ինչպես վերջին ժամանակներս այս տեղի է ունենում, օրինակ, Անգլիայում, գուլպաղեղենի գուլպայեղենի արտադրության մեջ։
Այսպիսով ուրեմն, անցումը կատարվում է երեք ձևով. '''առաջին'''՝ վաճառականն ուղղակի դառնում է արդյունաբերող. այս պատահում է առևտրի վրա հիմնված արհեստի ճյուղերում, հատկապես պերճանքի իրեր արտադրող ճյուղերում, որոնք վաճառականների կողմից ներմուծվում են արտասահմանից հումքի ու բանվորների հետ միասին, ինչպես տասնհինգերորդ դարում Կոստանդնուպոլսից Իտալիա։ '''Երկրորդ'''՝ վաճառականը մանր վարպետներին դարձնում է իր միջնորդները (middlemen) կամ թե ապրանքը գնում է հենց ուղղակի ինքնուրույն արտադրողից. նա սրան անվանապես ինքնուրույն է թողնում և արտադրության սրա եղանակն էլ թողնում է անփոփոխ։ '''Երրորդ'''՝ արդյունաբերողը դառնում է վաճառական և խոշոր չափերով արտադրում է ուղղակի առևտրի համար։