Changes
/* Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները */
— Գուցե, գուցե... — մռայլ փնչացրեց Սեմը: — Լավ, անցումը դեռ դեռու է: Դեռ պետք է բարձրանալ ու բարձրանալ: Ու հետո նոր թունելը: Լավ կլիներ հանգստանայիք, տեր իմ: Չգիտեմ գիշեր է հիմա, թե ցերեկ, բայց արդեն շատ ժամեր մենք առանց դադարի քարշ ենք գալիս...
— Այո, հանգստանալ պետք է,— համաձայնեց Ֆրոդոն: — Եկեք միայն թաքնվենք քամուց: Հարկավոր է ուժ հավաքել վերջին անցումը հաղթահարելու անգամվա համար:
Ֆրոդոյին իսկապես թվում էր, որ ճանապարհը գրեթե ավարտված է: Լեռան մյուս կողմում սպասվող սարսափները, գործը, որ պետք է ավարտին հասցվեր՝ այդ ամենը դեռ շատ հեռու էր թվում և չէր անհանգստացնում նրան: Նա միայն մտածում էր, թե ինչպես խաբել պահակներին և հաղթահարել անառիկ անցումը: Գլխավորը՝ կատարել այդ անհնարին քայլը, իսկ այնտեղ մի բան կլինի, ինչ-որ կերպ ամեն ինչ կդասավորվի: Համենայն դեպս այդպես էր նրան թվում այդ մութ ժամին Քիրիթ Ունգոլի մոտակայքում, երբ նրանք, վերջնականապես սպառված, քարշ էին գալիս քարե ստվերների մեջ:
— Անցումին դեռ պետք է հասնել,— նկատեց Ֆրոդոն:
— Ճիշտ է չենք հասել, ու հենց դրա համար հիմա պետք է ավելի ուշադիր լինել: Հենց քնեցինք, Գարշելին հո էստեղ է ու էստեղ: Դե ես էդ իմ մասին եմ ասում, իսկ դուք, տեր իմ, կարող եք հանգիստ քնել, կուրախացնեք ինձ: Ես ձեզ կհսկեմ: Մենակ մոտ նստեք ու մի անհանգստացեք, հիմա ես ձեզ կգրկեմ՝ ու հապա թող մեկը առանձ ձեր հավատարիմ Սեմի իմացության համարձակվի ձեզ դիպչե՛լ:
— Քնել,— ասաց Ֆրոդոն ու հառաչեց, նման մի ճամփորդի, ով անապատում զովաշունչ կանաչ միրաժ է տեսնում: — Այո, թերևս, հաճույքով կքնեմ... Նույնիսկ այստեղ:
— Քնեք, տեր իմ, դրեք ձեր գլուխն իմ ծնկներին ու քնեք:
Այդպես էլ գտավ նրանց Գոլլումը, երբ մի քանի ժամ հետո վերադարձավ. նա դուրս սողաց առջևում խտացած խավարից ու սողեսող մոտեցավ քնածներն: Սեմը նստած էր, հենված ժայռին ու ծանր շնչում էր քնի մեջ, իսկ խորը քնած Ֆրոդոն պառկած էր գլուխը նրա ծնկներին դրած: Սեմի թուխ ձեռքը ծածկում էր Ֆրոդոյի գունատ ճակատը, մյուս ձեռքը նա դրել էր տիրոջ կրծքին: Երկուսի դեմքերն էլ խաղաղ էին ու անվրդով:
Գոլլումը նայեց նրանց, և հանկարծ նրա նիհար, սոված դեմքին տարօրինակ արտահայտություն հայտնվեց: Աչքերի գիշատիչ կրակը հանգավ. դրանք խամրեցին գունաթափվեցին և դարձան ծեր ու հոգնած: Հանկարծ նա ցնցվեց, ասես ցավից, ապա շրջվեց, նայեց անցումի կողմը և գլուխն օրորեց. թվում էր, նրա մտքում ինչ-որ ներքին վեճ է ընթանում: Հետո մոտեցավ ու դողացող ձեռքով նրբորեն դիպավ Ֆրոդոյի ծնկին՝ ավելի շուտ ոչ թե դիպավ այլ շոյեց: Եթե քնածներն այդ պահին նրան տեսնեին, կմտածեին, որ իրենց առջև զառամյալ, հյուծված, տարիքն անցած մի անծանոթ հոբիթ է, ով վաղուց կորցրել է իր հարազատներին ու ընկերներին, ընդմիշտ բաժանվել իր մանկության տարիների թարմ մարգագետիններից ու զրնգուն առվակներից և վերածվել սովահար, խղճալի ու թշվառ մի ծերունու...
Գոլլումի հպումներից Ֆրոդոն շարժվեց ու կամացուկ ճչաց քնի մեջ: Սեմը նույն վայրկյանին արթնացավ, տեսավ Գոլլումին ու մի բան հասկացավ՝ որ վերջինս «ձեռք է տալիս» տիրոջը:
— Հե՛յ, դու,— խստորեն ասաց նա,— էդ ի՞նչ ես անում:
— Ոչինչ, ոչինչ,— ցածր արձագնաքեց Գոլլումը: — Տերը բարի է:
— Բարին՝ բարի է, առանց քեզ էլ գիտեմ,— ասաց Սեմը: — Դու ավելի լավ է ասա տեսնեմ որտե՞ղ էիր քարշ գալիս, ի՞նչ նենգ պլան էիր մշակում, ստոր, ծե՛ր չարագործ:
Գոլլումն ընկրկեց. ծանր կոպերի տակ բռնկվեցին կանաչ կրակները: Այժմ նա արդեն սարդ էր հիշեցնում, ոչ թե ծեր հոբիթ՝ չորեքթաթ, ոտքերը չռած, գլուխը ներս քաշած, իսկ աչքերը գրեթե դուրս էին եկել ակնախնձորներից: Կարճատև ակնթնարթն անցավ, անվերադարձ հեռացավ:
— Նենգ, ստոր,— Ֆշշացրեց նա,— հոբիթներն այնքան քաղաքավարի են միշտ, այո-սսս: Լա՛վ հոբիթսներ: Սմեագորլը տանում է նրան գաղտնի արահետներով, որոնց մասին ոչ ոք, բացի նրանից, չգիտի: Նա հոգնած է, ծարավ, այո, ծարավ, բայց գնում է, փնտրում, ճամփան գտնում, իսկ հոբիթսները նրան նենգ ու ստոր են անվանում: Շատ լավ ընկերներ ունի նա, այո, իմ սքանչելի, շատ լավ:
Սեմը փոքր ինչ զղջաց ասածների համար, բայց նրա ասածներին չհավատաց:
— Դե լավ,— ասաց նա,— ներող եղիր: Ուղղակի դու ինձ արթնացրիր, հասկանու՞մ ես: Իսկ ես չպետք է քնեի, դրա համար էլ տաքացա մի քիչ: Պարոն Ֆրոդոն շատ է հոգնել: Համոզեցի նրան, որ քնի, ասացի, որ կհսկեմ, բայց տես թե ինչ ստացվեց: Ներիր: Իսկ դու ու՞ր էիր կորել:
— Քարշ էի գալիս ու ստոր պլան մշակում,— պատասխանեց Գոլլումը: Աչքերի կանաչ կրակը չմարեց:
— Դե, ինչպես կուզես,— ասաց Սեմը,— քո գործն է: Համենայն դեպս էնքան էլ հեռու չեմ ճշմարտությունից: Լավ, ժամանակն է երեքով գնանք քարշ գալու: Ժամը քանի՞սն է: Օրը փոխվե՞լ է, թե՞ դեռ ոչ:
— Փոխվել է,— նետեց Գոլլումը: — Երբ հոբիթները քնում էին, արդեն փոխվել էր: Այստեղ չի կարելի քնել, շատ վտանգավոր է, բայց հիմար հոբիթները քնել էին: Իսկ խեղճ Սմեագորլը հսկում էր նրանց ու ստոր պլան մշակում:
— Ի՞նչ ես կպել էդ բառից, հերի՛ք է, բեր մոռանանք,— բարկացավ Սեմը: — Ավելի լավ է ես տիրոջն արթնացնեմ:
Նա քնքշորեն Ֆրոդոյի ճակատին ընկած մազերը և, կռանալով, կամացուկ ասաց.
— Արթնացեք, տեր իմ, ժամանակն է:
Ֆրոդոն շարժվեց, բացեց աչքերը և, տեսնելով իր վրա կռացած Սեմի դեմքը, ժպտաց:
— Շուտ չե՞ս արթնացնում, Սեմ,— հարցրեց նա: — Դեռ մութ է ախր:
— Էստեղ միշտ էլ մութ է, տեր իմ,— ասաց Սեմը: — Գոլլումն է վերադարձել, ասում է արդեն օրը փոխվել է, գնալու ժամանակն է: Վերջին անգամն է:
Ֆրոդոն խորը շունչ քաշեց ու նստեց:
— Վերջին անգա՞մն է, ասում ես: Դե լավ: Բարև, Սմեագորլ: Ուտելու բան գտա՞ր քեզ համար: Հանգստացա՞ր:
— Սմեագորլը ժամանակ չունի ուտելիք փնտրելու, հանգստանալու,— պատասխանեց Գոլլումը: — Նա քարշ է գալիս ու ստորություն անում:
— Ինչու՞ ես ինքդ քեզ վիրավորում, Սմեագորլ,— զարմացավ Ֆրոդոն: — Եթե նույնիսկ արժանի ես, միևնույնն է, խելամիտ չէ:
— Սմեագորլն ինքն իրեն չի վիրավորում,— պատասխանեց Գոլլումը: — Այդ բարի պարոն Սեմն է նրան վիրավորում, նա խելացի հոբիթ է, ամեն ինչ գիտի:
Ֆրոդոն նայեց Սեմին:
— Այո, տեր իմ, եղել է նման բան,— խոստովանեց Սեմը: — Ճիշտն ասած լեզվիցս թռավ, բայց հասկանում եք, արթնանում եմ՝ իսկ նա ձեզ ձեռք է տալիս: Արդեն ներողություն եմ խնդրել, բայց, երևում է, իզուր:
— Ժամանակ եք գտել վիճելու,— հանդիմանեց Ֆրոդոն: — Եկեք հաշտվենք ու մոռանանք այդ մասին: Ահա թե ինչ, Սմեագորլ. կարծես թե ժամանակը եկել է, դու քո խոստումը կատարեցիր: Շարունակությունն ինքներս էլ կգնանք, ճի՞շտ է: Ուր գնալ, հասկանալի է, անցումն արդեն երևում է, և եթե ուրիշ ինչ-որ արտառոց բան չկա, նշանակում է, դու քո գործն արել ես: Կարող ես վերադառնալ և գնալ այնտեղ, որտեղ կարելի է ուտել ու հանգստանալ, որտեղ թշնամու սպասավորները քեզ չեն բռնի: Օրը կգա, և ես քեզ վարձահատույց կլինեմ՝ ես կամ մեկ ուրիշը, ով ինձ հիշում է:
— Ոչ, ոչ, ոչ, դեռ ոչ,— վախեցած ճչաց Գոլլումը: — Հոբիթները չեն կարող ճանապարհը գտնել, ոչ: Առջևում թունելն է, Սմեագորլը պետք է գնա նրանց հետ: Ոչ ուտել, ոչ քնել նրան դեռ չի կարելի, ոչ, դեռ ոչ:
=== Գլուխ իներորդ. Շելոբի որջը ===
Գուցե իսկապես ցերեկ էր, ինչպես հավատացնում էր Գոլլումը, բայց հոբիթների համար այն գրեթե չէր ոչնչով տարբերվում գիշերից. երևի միայն ծանր երկինքը գլխավերևում արդեն այնքան էլ անթափանց սև չէր թվում: