Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 52 538 բայտ, 16:33, 16 Հուլիսի 2015
/* XXXIX */
Ուլենշպիգելն ու Լամմեն հեռացան։ Գնչուն ծանրախոհ ու անխռով վերադարձավ իր ճամբարը։ Աղջիկը քահ֊քահ ծիծաղելով պարում էր բացատում։
 
 
===XL===
 
 
Բրյուգգեի ճանապարհին Ուլենշպիգելն ասաց Լամմեին․
 
― Մենք շատ խոշոր գումար ենք ծախսել գուգազներ վարձելու, մարդորսներին վճարելու, այդ գնչուհուն նվիրելու և այն անհաշիվ oliekoek֊ների համար, որ քեզ հաճելի էր ավելի շուտ անընդհատ ուտել, քան թե ծախել թեկուզ մեկ հատ։ Արդ, չնայած քո փորի ցանկության, ժամանակ է ավելի պարկեշտ ձևով ապրել։ Փողդ տուր ինձ․ ես կպահեմ ընդհանուր քսակը։
 
― Համաձայն եմ, ― ասաց Լամմեն՝ փողը հանձնելով նրան։ ― Միայն թե սովամահ չանես ինձ, որովհետև նկատի առ, որ ես գեր եմ ու հզոր, հետևաբար ինձ անհրաժեշտ է հիմնական ու առատ սնունդ։ Քեզ համար լավ է, նիհար ես ու վտիտ, կարող ես ապրել մի օր ուտելով, մյուս օրը ոչինչ չուտելով կամ ինչ որ պատահի, ինչպես նավամատույցների տախտակները, որ օդով ու անձրևով են ապրում։ Բայց ես, որին օդը դատարկում է և անձրևը քաղցածացնում, այլ կերուխումի կարիք ունեմ։
 
― Կունենաս՝ առաքինի կերուխում, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Ամենալիքը փորերն էլ չեն դիմանում դրան․ աստիճանաբար ուռուցքն իջեցնելով՝ ամենածանր մարդուն էլ թեթևացնում են։ Եվ շատ չանցած՝ ամենքը կտեսնեն, թե ինչպես բավականաչափ ճարպաթափված, գողտրիկ Լամմեն եղնիկի պես վազ է տալիս։
 
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― ի՞նչ կլինի հայսմհետև իմ նիհար վիճակը։ Քաղցած եմ, որդյա՛կ իմ, ուզում եմ ընթրել։
 
Իրիկունն իջնում էր։ Նրանք հասան Բրյուգգե՝ Գենտի դարպասը, ցույց տվին անցաթղթերը։ Պարտադիր վճարը անելուց հետո ― կես սու իրենց, երկու սու էշերի համար ― նրանք մտան քաղաք։ Լամմեն սրտամորմոք միտք էր անում Ուլենշպիգելի խոսքերի մասին։
 
― Շո՞ւտ ենք ընթրելու, ― հարցրեց նա։
 
― Այո։
 
Նրանք իջան in de Meermin («Սիրենա») պանդոկը, որի տանիքի աղավնատան վրա էլ հաստատված է մի ոսկեզօծ սիրանա։
 
Էշերը կապեցին ախոռը, և Ուլենշպիգելը իր ու Լամմեի համար ընթրիք պատվիրեց՝ հաց, պանիր, գարեջուր։
 
Պանդոկապանի դեմքի վրա արհամարհական ժպիտ էր խաղում այդ աղքատիկ ընթրիքը մատուցելիս։ Լամմեն ուտում էր առանց ոգևորության և հուսահատությամբ նայում Ուլենշպիգելին, որն այնպիսի ախորժակով էր ուտում խիստ հին հացն ու բոլորովին նոր պանիրը, ասես դրախտահավեր լինեին։ Լամմեն առանց հաճույքի էր խմում գարեջրի իր փոքրիկ բաժինը։ Ուլենշպիգելը ծիծաղում էր նրան այդպես վշտաբեկ տեսնելով։ Կար և մի ուրիշը, որ նույնպես ծիծաղում էր պանդոկի բակում և երբեմն գալիս էր լուսամուտից ցույց տալու իր դնչիկը։ Ուլնեշպիգելը նկատեց, որ կին է և դեմքը թաքցնում է։ Ենթադրելով, թե որևէ չարաճճի սպասուհի կլինի՝ այլևս չմտածեց դրա մասին և տեսնելով, որ Լամմեն գույնը գցել, տխրել է՝ խղճաց նրան ու մտածում էր ընկերոջ համար պատվիրել երշիկով ձվածեղ, բակլայով եզի միս և ամեն տեսակ այլ տաք կերակուրներ, երբ ներս մտավ պանդոկապանը և գլխարկը հանելով ասաց․
 
― Եթե պարոն ճանապարհորդները ցանկանում են ավելի լավ ընթրել՝ կարող են միայն ասել, թե ինչ են ուզում։
 
Լամմեն լայն բացեց աչքերը, է՛լ ավելի լայն՝ բերանը և անձկալի անհանգստությամբ նայեց Ուլենշպիգելին։
 
― Շրջագայող բանվորները երբեք հարուստ չեն լինում, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
― Պատահում է, սակայն, որ նրանք չեն իմանում, թե ի՛նչ ունեն, ― ասաց պանդոկապետը։ Եվ ցույց տալով Լամմեին՝ ավելացրեց․ ― Այս պատվական կզակը համարժեք է երկուսի։ Ի՞նչ կկամենային ձերդ ազնվություններն ուտել ու խմել․ չաղ խոզապուխտով ձվածե՞ղ, choesels (ռագու), որ հենց հիմա է եփվում, կռտած, չաղ աքլոր, որ հալչում է ատամի տակ, կասկարայի խորոված՝ չորս համեմունքով պատրաստված սոուսով հանդերձ, Անտվերպենի dobbelknol, Բրյուգգեի dobbelkuytm, Լյուվենի գինի՝ բուրգունդականի ձևով մշակված։ Եվ այդ բոլորն անվճար։
 
― Բոլորն էլ բերեք, ― գոչեց Լամմեն։
 
Քիչ հետո սեղանը զարդարվեց, և Ուլենշպիգելը հրճվանք զգաց՝ տեսնելով, թե ինչպես խեղճ Լամմեն, որ ավելի էր քաղցած, քան երբևէ, հարձակվում էր ձվածեղի, choesels֊ի, աքաղաղի, խոզապուխտի, խորովածների վրա, լիտրերով կոկորդն էր լցնում dobbelkuyt֊ը, բուրգունդական ձևով պատրաստված Լուվենի գինին։
 
Երբ այլևս չէր կարողանում ուտել, հաճույքից փնչաց կետի պես և նայեց սեղանի շուրջ բոլորը՝ տեսնելու, թե այլևս ոչինչ չկա՞ ատամի տակ դնելու համար։ Եվ սկսեց ուտել թխվածքների փշրանքները։
 
Ոչ Ուլենշպիգելը, ոչ էլ Լամմեն չէին տեսել այն սիրուն դնչիկը, որ ժպտալով նայում էր լուսամուտից, գնում գալիս էր բակում։ Պանդոկապանը կինամոնով ու շաքարով եփված մադերա բերեց, և նրանք շարունակեցին խմել։ Եվ երգեցին։
 
Լույսերը հանգցնելու ժամին նա հարցրեց, թե չե՞ն ուզում բարձրանալ ամեն մեկն իր ընդարձակ ու գեղեցիկ սենյակը։ Ուլենշպիգելը պատասխանեց, որ փոքրիկն էլ բավական է իրենց։ Պանդոկապանը պատասխանեց․
 
― Այդպիսին չունեմ․ ամեն մեկդ կունենաք մի իշխանական սենյակ, առանց վճարի։
 
Եվ իսկապես, առաջնորդեց նրանց կարասիներով ու գորգերով փարթամորեն կահավորված սենյակներ։ Լամմեի սենյակում մի մեծ մահճակալ կար։
 
Ուլենշպիգելը, որ լավ էր խմել ու սաստիկ քնել էր ուզում, թողեց, որ Լամմեն պառկի, ինքն էլ շտապեց նույնն անել։
 
Հաջորդ օրը, կեսօրին նա մտավ Լամմեի սենյակը և տեսավ նրան քնած ու խռմփալիս։ Նրա կողքին դրված էր դրամով լեցուն մի գեղեցիկ քսակ։ Նա բացեց ու տեսավ, որ ոսկե կառոլուսներ և արծաթ պատարներ են։
 
Նա թափահարեց Լամմեին արթնացնելու համար․ Լամմեն ուշքի եկավ, տրորեց աչքերը և նայելով շուրջը՝ անհանգիստ ասաց․
 
― Կի՜նս, ո՞ւր է կինս։
 
Եվ ցույց տալով դատարկ տեղը իր կողքին՝ անկողնում, ասաց․
 
― Հենց հիմա այստեղ էր։
 
Ապա ցատկելով անկողնից՝ դարձյալ նայեց ամեն կողմ, սկսեց որոնել սենյակի բոլոր ծակուծուկերը, անկողնախորշն ու դարակները և ոտքերը հատակին խփելով՝ գոչեց․
 
― Կի՜նս, ո՞ւր է կինս։
 
Պանդոկապանը աղմուկը լսելով վեր բարձրացավ։
 
― Անպիտա՛ն, ― ասաց Լամմեն՝ բռնելով նրա կոկորդը, ― ո՞ւր է իմ կինը։ Ի՞նչ ես արել իմ կինը։
 
― Անհամբեր արարա՛ծ, ― ասաց պանդոկապանը, ― ինչպես թե կինդ։ Ի՞նչ կին։ Դու մենակ ես եկել։ Ոչինչ չեմ իմանում։
 
― Պա՜հ, չես իմանո՜ւմ, ― ասաց Լամմեն՝ նորից բոլոր ծակուծուկերը նայելով։ ― Ավա՜ղ, նա այստեղ էր այս գիշեր, իմ անկողնում, ինչպես մեր ամենաջերմ սիրո օրերին։ Այո։ Ո՞ւր ես դու, անուշի՛կս։
 
Եվ քսակը խփելով գետնին՝ գոչեց․
 
― Քո փողը չէ, որ ինձ պետք է, դու ես ինձ պետք, քո քնքուշ մարմինը, քո բարի սիրտը, ո՜վ սիրեցյալ։ Ո՜վ երկնային հաճույքներ, այլևս չեք վերադառնալու։ Ես վարժվել էի այլևս քեզ չտեսնել, անսեր ապրել, իմ գողտրիկ գանձ։ Եվ ահա, նորից ընդունելուց հետո լքում ես հիմա։ Բայց ես ուզում եմ մեռնել։ Ա՜խ, կի՜նս, ո՞ւր է կինս։
 
Եվ աղեկտուր արցունք էր թափում հատակի վրա, ուր փռվել֊մնացել էր։ Ապա հանկարծ բացելով դուռը՝ սկսեց վազել ամբողջ պանդոկում և փողոցում, մի տակ շապկով, և գոռալ․
 
― Կի՜նս, ո՞ւր է կինս։
 
Բայց շուտով վերդարձավ․ որովհետև չար տղաները հայ֊հույ էին անում և քար շպրտում նրան։
 
Եվ Ուլենշպիգելը ստիպելով նրան, որ հագնվի, ասաց․
 
― Մի՛ վշտանա, կտեսնես նորից, քանի որ արդեն գտար։ Նա քեզ սիրում է դեռ, քանի որ վերադարձել է մոտդ, քանի որ, անկասկած, նա է վճարել մեր ընթրիքի ու իշխանական սենյակների համար և անկողնի վրա դրել է այս լեցուն քսակը։ Աճյունն ինձ ասում է, որ տեղի ունեցածը անհավատարիմ կնոջ դեպք չէ։ Մի՛ լաց լինի, և գնանք պաշտպանելու պապենական երկիրը։
 
― Մնանք դեռ Բրյուգգեում, ես ուզում եմ շրջել ամբողջ քաղաքը և կգտնեմ նրան։
 
― Երբեք էլ չես գտնի, քանի որ նա թաքնվում է քեզնից, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Լամմեն բացատրություն պահանջեց պանդոկապանից, բայց սա չուզեց որևէ բան ասել։
 
Եվ նրանք մեկնեցին դեպի Դամմե։
 
Ճանպարհին Ուլենշպիգելն ասաց Լամմեին․
 
― Ինչո՞ւ չես ասում, թե ինչպես այդ գիշերը դու նրան գտար կողքիդ և ինչպես նա քեզ թողեց։
 
― Որդյա՛կ իմ, ― պատասխանեց Լամմեն, ― ինչպես գիտես մսով, գարեջրով ու գինով խրախճանք էինք արել, և ես հազիվ էի շունչ քաշում, երբ մենք գնացինք քնելու։ Լուսավորելու համար բռնել էի մի մեղրամոմ, ասես իշխանազուն լինեի, և մոմակալը դրել էի սնդուկի վրա, որ քնեմ, դուռը կիսաբաց էր, սնդուկը խիստ մոտ։ Շորերս հանելիս նայում էի անկողնիս՝ քնելու մեծ սիրով ու ցանկությամբ․ մեկ էլ մեղրամոմը հանկարծակի հանգավ։ Սենյակումս լսեցի թեթև ոտնաձայն, բայց որովհետև շատ ավելի քնելու ցանկություն ունեի, քան թե վախի զգացմունք, ծանր֊ծանր պառկեցի։ Եվ երբ քունս տանելու վրա էր՝ մի ձայն, նրա ձայնը, ո՜վ կինս, խե՜ղճ կինս ինձ ասաց, «Լավ ընթրեցի՞ր Լամմե՛», և նրա ձայնն ինձ մոտ էր, նմանապես՝ նրա դեմքը, նրա քնքուշ մարմինը։
 
 
===XLI===
 
 
Այդ օրը Ֆիլիպ արքան հրուշակեղեն շատ կերած լինելով՝ սովորականից ավելի տխուր էր։ Նա նվագել էր իր կենդանի կլավեսինը, որ մի արկղ էր՝ մեջը դրված կատուներ, որոնց գլուխները դուրս էին ցցված կլոր ծակերից՝ ստեղների վերևը։ Ամեն անգամ, երբ արքան խփում էր մի ստեղնին, սա էլ իր հերթին սլաքով խփում էր կատվին՝ խեղճ անասունը ցավից մլավում էր ու տրտնջում։
 
Բայց Ֆիլիպը չէր ծիծաղում։
 
Շարունակ մտքում միջոցներ էր որոնում հաղթելու մեծ թագուհի Էլիզաբեթին, որպեսզի անգլիական գահը բարձրացնի Մարիա Ստյուարտին։ Այդ նպատակով նա նամակ էր գրել նեղության ու պարտքերի մեջ ընկած պապին․ պապը պատասխանել էր, թե այդ ձեռնարկության համար հաճությամբ կծախի տաճարների սրբազան անոթները և Վատիկանի գանձերը։
 
Բայց Ֆիլիպը չէր ծիծաղում։
 
Ռիդոլֆին՝ Մարիա Ստյուարտի սիրեկանը, որ հույս ուներ թագուհուն ազատելուց հետո ամուսնանալ նրա հետ ու դառնալ Անգլիայի թագավոր, եկավ Ֆիլիպի մոտ՝ նրա հետ միասին նյութելու Էլիզաբեթի սպանությունը։ Բայց նա այնքան «բերանբաց» էր, ինչպես արքան էր նրա մասին գրել, որ Անտվերպենի բորսայում բարձրաձայն խոսել էին նրա մտադրության մասին․ և սպանությունը տեղի չունեցավ։
 
Ավելի ուշ արյունարբու դուքսը թագավորի հրամանով երկու զույգ մարդասպաններ ուղարկեց Անգլիա։ Նրանք հաջողություն ունեցան այնքան, որ կախվեցին։
 
Եվ Ֆիլիպը չէր ծիծաղում։
 
Եվ այսպես, աստված ի դերև էր հանում այս ճիվաղի փառասիրությունը, որ հույս ուներ Մարիա Ստյուարտից խլել որդուն և նրա փոխարեն պապի հետ թագավորել Անգլիայի վրա։ Եվ ջարդարարը զայրանում էր՝ տեսնելով այդ ազնվական երկիրը մեծ ու հզոր։ Նա չէր դադարում նրա կողմը հառել իր անգույն աչքերը և միջոցներ որոնել ջախջախելու նրան, որպեսզի հետո իշխի աշխարհին, բնաջնջի ռեֆորմիստներին, հատկապես հարուստներին, և ժառանգի զոհերի ունեցվածքը։
 
Բայց նա չէր ծիծաղում։
 
Եվ նրան բերին մկներ ու առնետներ՝ երկաթե մի արկղի մեջ, որ բարձր կողքեր ուներ և մի կողմից բաց էր․ և արկղի ցածի մասը նա դնել տվեց թեժ կրակի վրա ու հրճվանք զգաց՝ տեսնելով ու լսելով խեղճ անասունների ոստոստելը, ծվծվալը, նվաղն ու սատկելը։
 
Բայց նա չէր ծիծաղում։
 
Ապա գունատ ու դողդոջուն ձեռքերով գնում էր նետվելու տիկին Էբոլիի գիրկը՝ այդտեղ թափելու համար վավաշոտության կրակը, որ վառել էր դաժանության ջահից։
 
Եվ նա չէր ծիծաղում։
 
Եվ տիկին Էբոլին ընդունում էր նրան վախից և ոչ թե սիրուց։
 
 
===XLII===
 
 
Օդը տաք էր, խաղաղ ծովից քամու ոչ մի հևք չէր գալիս։ Ծառերի տերևները հազիվ էին երերում Դամմեի ջրանցքի ափերին, ճպուռները սնում էին դաշտերում, մինդեռ դաշտ էին գալիս եկեղեցիների ու աբբայարանների մարդիկ՝ հավաքելու բերքի տասներեքերորդ բաժինը՝ քահանաների ու աբբաների համար։ Կապույտ, շիկացած երկնքից արևը ջերմություն էր թափում, և բնությունը նիրհում էր նրա շողերի տակ որպես մի գեղեցիկ ու մերկ աղջիկ՝ իր սիրեկանի գուրգուրանքներից նվաղած։ Ծածանները ոստոստում էին ջրանցքի ջրի երեսին՝ որսալու համար դզզացող ճանճերին, մինչդեռ երկարամարմին, լայնաթև ծիծեռնակները վիճարկում էին նրանց որսը։ Գետնից բարձրանում էր տաք և լույսից փայլուն ու վետվետուն գոլորշի։ Դամմեի ժամկոչը կաթսայի ձայն հանող ճաքած զանգակով աշտարակի կատարից ազդարարում էր, որ կեսօր է և խոտհունձի վրա աշխատող շինականների ճաշելու ժամն է։ Կանայք ձեռքերը ձագարաձև դրած բերանին՝ ճչում էին՝ կանչելով իրենց տղամարդկանց՝ եղբորը կամ ամուսնուն նրանց անուններով ― Հանս, Պետեր, Յոս։ Եվ ցանկապատերի վրայից երևում էին նրանց կարմիր գդակները։
 
Հեռվից Ուլենշպիգելն ու Լամմեն տեսան Աստվածածնի տաճարի բարձրադիր, քառակուսի ու մեծանիստ աշտարակը․ և Լամմեն ասաց․
 
― Որդյա՛կ իմ, այդտեղ են քո վշտերը և քո սերը։
 
Բայց Ուլենշպիգելը չպատասխանեց։
 
― Շուտով կտեսնեմ իմ նախկին կացարանը և, գուցե, իմ կնոջը, ― ասաց Լամմեն։
 
Բայց Ուլենշպիգելը չպատասխանեց։
 
― Փայտե՛ մարդ, քարսի՛րտ, ― ասաց Լամմեն, ― ուրեմն ոչինչ չի կարող ազդել քեզ վրա, ո՛չ մոտակայությունն այն վայրերի, ուր դու անց ես կացրել քո մանկությունը, ո՛չ էլ խեղճ Կլաասի ու խեղճ Սոոտկինի՝ այդ երկու նահատակների թանկագին ստվերները։ Ի՜նչ․ դու ո՛չ տխուր ես, ո՛չ ուրախ, ո՞վ է, ուրեմն, այդպես չորացրել քո սիրտը։ Մի նայիր ինձ՝ տես, թե ինչպես եմ հուզված, անհանգիստ, տռզած փորս ինչպես է ցնցվում, նայիր ինձ․․․
 
Լամմեն նայեց Ուլենշպիգելին և տեսավ՝ գույնը գցած ու գլուխը խոնարհած, շրթները դողդոջուն, անխոս հեկեկալիս։
 
Եվ լռեց։
 
Եվ այդպես անխոս գնացին մինչև Դամմե և Արագիլի փողոցով մտան քաղաք, բայց շոգի պատճառով ոչ ոքի չտեսան։ Շները լեզուները դուրս գցած ու կողքի վրա պառկած՝ հորանջում էին դռների շեմքերի առաջ։ Լամմեն և Ուլենշպիգելը անցան ճիշտ համայնքի տան մոտից, որի առաջ վառել էին Կլաասին։ Ուլենշպիգելի շրթներն սկսեցին ավելի դողալ, բայց արցունքները չորացան։ Երբ հասավ Կլաասի տան առաջ, որն զբաղեցրել էր մի ածխավաճառ, նա ներս մտավ ու ասաց․
 
― Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ես ուզում եմ հանգստանալ այստեղ։
 
Ածխավաճառն ասաց․
 
― Ես քեզ ճանաչում եմ, դու զոհվածի որդին ես։ Այս տան մեջ ուր ուզես՝ կարող ես մտնել։
 
Ուլենշպիգելը գնաց խոհանոց, ապա Կլաասի և Սոոտկինի սենյակը և լաց եղավ այդտեղ։
 
Երբ իջավ այդտեղից՝ ածխավաճառն ասաց նրան․
 
― Ահավասիկ հաց, պանիր ու գարեջուր։ Եթե քաղցած ես՝ կեր, եթե ծարավ ես՝ խմիր։
 
Ուլենշպիգելը ձեռքով նշան արեց, թե ո՛չ քաղցած է, ո՛չ ծարավ։
 
Եվ այդպես գնաց Լամմեի հետ, որ նստած էր էշի վրա, մի ոտքն այս կողմը, մյուսն այն կողմը, իսկ Ուլենշպիգելն իր էշը քաշում էր կապից։
 
Նրանք հասան Կատլինի հյուղակը, կապեցին իրենց էշերը և ներս մտան։ Ճաշի ժամն էր։ Սեղանի վրա կար պատիճավոր լոբի՝ սպիտակ, խոշոր բակլայով խառն։ Կատլինն ուտում էր․ Նելեն կանգնած էր և պատրաստվում էր Կատլինի ափսեն լցնելու քացախով պատրաստված սոուս, որ նոր էր վերցրել կրակի վրայից։
 
Երբ Ուլենշպիգելը ներս մտավ՝ Նելեն այնպես շփոթվեց, որ ամանով ամբողջ սոուսը լցրեց Կատլինի ափսեն։ Կատլինը գլուխն օրորելով՝ գդալով հավաքում էր բակլաները սոուսի ամանի շուրջը և խփելով ճակատին՝ ասում էր․
 
― Վերցրե՛ք կրակը, գլուխս այրվո՜ւմ է։
 
Քացախի հոտը գրգռում էր Լամմեի քաղցը։
 
Ուլենշպիգելը մնացել էր կանգնած և իր ծանր տխրությամբ համակված նայում էր սիրուց ժպտացող Նելեին։
 
Եվ Նելեն առանց որևէ բան ասելու փաթաթվեց նրա վզին։ Նա էլ կարծես խելագար լիներ․ լալիս էր, ծիծաղում և մեծ ու քաղցր հրճվանքից կարմրած՝ կրկնում էր միայն՝ Թի՛լ, Թի՛լ։ Ուլենշպիգելը նայում էր նրան երջանիկ․ հետո Նելեն թողեց նրան, գնաց կանգնեց քիչ հեռու և ուրախ զննում էր նրան ու այդտեղից դարձյալ խոյնում նրա վրա, փաթաթվում վզին․ և այդպես շատ անգամ։ Ուլենշպիգելը երջանիկ՝ պահում էր նրան՝ չկարողանալով բաժանվել նրանից, մինչև որ նա ընկավ մի աթոռի վրա՝ նվաղուն ու կարծես անզգա։ Եվ առանց ամաչելու ասում էր․
 
― Թի՛լ, Թի՛լ, սիրելի՛ս, վերջապես վերադարձա՜ր։
 
Լամմեն կանգնած մնացել էր դռան մոտ։ Երբ Նելեն խաղաղվեց՝ մատնացույց անելով նրան ասաց․
 
― Ո՞ւր եմ ես տեսել այս խոշոր մարդուն։
 
― Իմ բարեկամն է, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Իմ ընկերակցությամբ փնտրում է իր կնոջը։
 
― Ես քեզ ճանաչում եմ, ― ասաց Նելեն՝ խոսքն ուղղելով Լամմեին, ― դու ապրում էիր ամենայն երկյուղածությամբ ու բարեպաշտությամբ։ Երբ հարցրի նրան, թե ինչու այդքան դաժանորեն փախավ իր մարդուց, նա պատասխանեց․ «Այդպես էր աստծու սուրբ կամքը և սուրբ ապաշխարության հրամանը, և ես այլևս չէի կարող ապրել նրա հետ»։
 
Լամմեն այս խոսքերից տխրեց և նայեց քացախած բակլային։ Եվ արտույտները ճռվողելով բարձրանում էին երկինք, իսկ նվաղուն բնությունը ընդունում էր արևի գգվանքը։ Եվ Կատլինը գդալով հավաքում էր ամանի կողերից ճերմակ բակլաները, կանաչ պատիճները ու սոուսը։
 
 
===XLIII===
 
 
Այդ օրերին տասնհինգամյա մի աղջիկ օրը ցերեկով ավազաբլուրների միջով Հեյստից գնում էր Կնոկկե։ Ոչ ոք չէր վախենում նրա համար, որովհետև գիտեին՝ մարդագելերը և դատապարտված չար ոգիները միայն գիշերներն են կծում։ Նրա մոտ կար մի փոքրիկ քսակ՝ մեջը քառասունութ արծաթ սու, որ հավասար է չորս ֆլորինի, և որ նրա մայրը՝ Հեյստում ապրող Տորիա Պետերսոնը, մի վաճառքի առթիվ պարտք էր Կնոկկեում ապրող իր հորեղբորը՝ Յան Ռապենին։ Աղջիկը, որ կոչվում էր Բետկին, հագել էր իր ամենալավ զգեստները և ուրախ֊զվարթ ճանապարհ էր ընկել։
 
Երեկոյան մայրն անհանգստացավ՝ տեսնելով, որ աղջիկը չի վերադառնում։ Այնուամենայնիվ մտածելով, որ գիշերած կլինի հորեղբոր մոտ՝ միամտվեց։
 
Հաջորդ առավոտ ձկնորսները վերադառնալով ծովից մի նավակ ձկնով՝ նավակը քաշեցին ափ և ձուկը դատարկեցին սայլակների մեջ՝ Հեյստի ձկնակայանում ամբողջ սայլակով, աճուրդով ծախելու համար։ Երբ նրանք բարձրանում էին խեցիներով ծածկված ճանապարհով, ավազաբլրի վրա գտան մի աղջիկ՝ ամբողջովին մերկացված, նույնիսկ շապիկը հանված, շուրջն էլ արյուն։ Մոտենալով նրան՝ տեսան խեղճի ջախջախված վզի վրա երկար ու սուր ատամների հետքերը։ Պառկած էր մեջքի վրա, աչքերը բաց, հառած երկնքին․ բաց էր նմանապես բերանը, կարծես մերձիմահ ճչալիս լիներ։
 
Ծածկելով աղջկա մարմինը թիկնոցով՝ վերցրին տարան Հեյստ, Համայնքի տունը։ Անմիջապես հավաքվեցին այդտեղ ատենակալներն ու վիրահատ֊սափրիչը, որը հայտարարեց, թե այդ երկար ատամները գայլի ատամներ չեն, ինչպես ստեղծում է բնությունը, այլ ինչ֊որ չարահոգի ու դժոխային weerwolfi֊ի՝ մարդագելի, և անհրաժեշտ է աղոթել աստծուն, որ Ֆլանդրիան ազատի դրանից։
 
Եվ ամբողջ կոմսության մեջ, առանձնապես Դամմեում, Հեյստում ու Կնոկկեում, հրամայվեց աղոթքներ ու մաղթանքներ անել։
 
Եվ ժողովուրդը եկեղեցում հավաքվելով հեծեծում էր։
 
Իսկ Հեյստի եկեղեցում, ուր ցուցադրված էր աղջկա մարմինը, տղամարդիկ ու կանայք լալիս էին՝ տեսնլով նրա արնաթաթավ ու պատառոտված վիզը։ Եվ մայրը հենց եկեղեցում գոռում էր․
 
― Ես կգնամ կգտնեմ weerwolf֊ին և իմ ատամներով կսպանեմ նրան։
 
Եվ կանայք լալով հրահրում էին նրան անելու այդ։ Իսկ ուրիշներ էլ ասում էին․
 
― Հետ չես գա։
 
Եվ իր մարդու ու երկու եղբայրների հետ, որոնք լավ զինված էին, նա գնաց փնտրելու գայլին ծովփի ավազաբլուրների վրա, հովիտների մեջ, բայց չգտավ։ Եվ մարդն ստիպված էր վերադարձնել նրան տուն, որովհետև գիշերվա ցրտից հիվանդացել էր տենդով։ Նրանք հսկում էին նրան և նորոգում ուռկանները մոտակա ձկնորսության համար։
 
Դամմեի դատավորը նկատի առնելով, որ weerwolf֊ը արյունով ապրող մի գազան է և մեռածներին չի թալանում, ասաց, որ նրան անկասկած հետևում են ավազաբլուրներում թափառող գողերը՝ իրենց չարանենգ օգուտի համար։ Ուստի հրամայեց, ահազանգ հնչեցնել և հայտարարեց ամենքին ու յուրաքանչյուրին, որ լավ զինված կամ մահակներ առած շտապեն ձերբակալելու բոլոր մուրացկաններին ու չնչին թափառաշրջիկներին և խուզարկեն նրանց՝ իմանալու համար, թե իրենց քսակներում ոսկի կառոլուսներ կամ զոհերի հագուստների որևէ կտոր չունե՞ն։ Եվ դրանից հետո առողջ մուրացկաններն ու թափառաշրջիկները տարվելու էին արքունի նավերը որպես թիապարտ։ Բաց էին թողնելու միայն ծերունիներին ու խեղանդամներին։
 
Բայց ոչինչ չգտան։
 
Ուլենշպիգելը գնաց դատավորի մոտ և ասաց․
 
― Ես ուզում եմ սպանել մարդագելին։
 
― Ո՞վ է քեզ վստահություն տալիս, ― հարցրեց դատավորը։
 
― Աճյունը բախում է սրտիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ Խնդրում եմ թույլ տաք ինձ աշխատելու համայնքի դարբնոցում։
 
― Կարող ես, ― ասաց դատավորը։
 
Ուլենշպիգելն առանց ոչ մի բառ ասելու իր ծրագրի մասին Դամմեի որևէ մարդու ու կնոջ՝ գնաց դարբնոցը, ուր և գաղտնի շինեց մի գեղեցիկ ու խոշոր մեքենա գազան բռնելու համար։
 
Հաջորդ օրը, որ շաբաթ էր և weerwolf֊ի նախասիրած օրը, Ուլենշպիգելը, վերցնելով Հեյստի ավագերեցին հասցեագրված մի նամակ, մեքենան թիկնոցի տակ դրած և զինված մի լավ աղեղով ու սուր սրած դաշույնով՝ ճանապարհ ընկավ, Դամմեի բնակիչներին ասելով․
 
― Գնում եմ ամար որսալու, իսկ նրանց փետուրից բարձեր կշինեմ դատավորի կնոջ համար։
 
Հեյստ գնալիս նա հասավ ծովափին, լսեց ու տեսավ, թե ինչպես ծովը փաթաթում ու արձակում է որոտի պես մռնչացող խոշոր ալիքներ։ Քամին գալիս էր Անգլիայից և բախվելով խրված նավերի պարաններին՝ ոռնոց էր առաջացնում։ Մի ձկնորս ասաց նրան․
 
― Քանդում է մեր տունը այս քամին։ Գիշերը ծովը խաղաղ էր, բայց արևը ծագելուց հետո հանկարծ կատաղեց։ Չենք կարող ձկնորսության գնալ։
 
Ուլենշպիգելն ուրախացավ՝ մտածելով, որ գիշերը կարիք լինելու դեպքում օգնական կունենա։
 
Հեյստ հասնելուն պես գնաց ավագերեցի մոտ, հանձնեց դատավորի տված նամակը։ Ավագերեցն ասաց․
 
― Դու քաջասիրտ մարդ ես․ այնուամենայնիվ իմացիր, ով էլ որ երեկոյան միայնակ անցնի ավազաբլուրների մոտով, մանավանդ շաբաթ օրը, նրան կծոտված ու անշնչացած գտնում են ավազի վրա։ Ամբարտակների վրա աշխատող բանվորները և մյուսները խումբ֊խումբ են միայն գնում այդտեղ։ Երեկոն իջնում է։ Լսո՞ւմ ես մարդագելի ոռնոցը հովտից։ Գուցե և գա, ինչպես անցած գիշեր, զարհուրիկ ոռնալու գերեզմանատանը մինչև լուսաբաց։ Աստված քեզ հետ, զավա՛կս, բայց մի՛ գնա այնտեղ։ Եվ քահանան խաչակնքեց երեսը։
 
― Աճյունը բախում է սրտիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
― Քանի որ այդքան քաջակորով ես՝ ուզում եմ օգնել քեզ, ― ասաց ավագերեցը։
 
― Պարոն ավագերեց, ― ասաց Ուլենշպիգելը, ― դուք մեծ բարիք արած կլինեք ինձ և մեր վշտակոծ, թշվառ երկրին՝ եթե գնայիք Տորիայի՝ աղջկա մոր մոտ, ինչպես նաև նրա երկու եղբայրների մոտ և նրանց ասեիք, որ գայլը մոտ տեղ է, որ ես ուզում եմ սպասել նրան ու սպանել։
 
― Եթե չգիտես, թե որ ճանապարհի վրա կենաս, ապա սպասիր նրան գերեզմանատուն տանող ճանապարհի վրա, որը ձգվում է երկշար փշացանկապատի միջև։ Երկու մարդ կողք֊կողքի չեն կարող անցնել այդտեղից։
 
― Այդտեղ էլ կսպասեմ, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Իս դուք, պարո՛ն արիասիրտ ավագերեց, ազատագրման աջակից, հրամայեցեք ու կարգադրեցեք աղջկա մորը, նրա ամուսնուն ու եղբայրներին, որ լինեն եկեղեցում, լավ զինված, լույսերը հանգցնելու ժամից առաջ։ Եթե լսեն, որ սուլում եմ ամարի պես, նշանակում է տեսել եմ մարդագելին։ Այնժամ նրանք պետք է Wacharm` ահազանգ տան և շտապեն ինձ օգնության։ Իսկ եթե կան մի քանի ուրիշ քաջասիրտ մարդիկ․․․
 
― Չկան, որդյա՛կ իմ, ― պատասխանեց ավագերեցը։ ― Ձկնորսները մարդագելից ավելի են վախենում, քան թե ժանտախտից ու մահ տարաժամից։ Բայց և այնպես մի՛ գնա։
 
― Աճյունը բախում է իմ սրտին, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Այնժամ ավագերեցն ասաց․
 
― Ինչպես ասում ես՝ այնպես էլ կանեմ․ օրհնյալ լինես։ Քաղցած կամ ծարավ չե՞ս։
 
― Ե՛վ մեկը, և՛ մյուսը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
Ավագերեցը տվեց գարեջուր, հաց ու պանիր։
 
Ուլենշպիգելը խմեց, կերավ ու գնաց։
 
Ճանապարհին նա բարձրացրեց աչքերը, տեսավ իր հորը՝ Կլաասին փառավորյալ, աստծու կողքին, երկնքում, ուր փայլում էր պայծառ լուսինը։ Նա նայում էր ծովին ու ամպերին և լսում էր Անգլիայից փչող փոթորկաշունչ քամին։
 
― Արագասահ սև ամպե՛ր, ― ասաց նա, ― դարձեք վրիժառություն մահաբերին հետապնդելիս։ Մռնչացո՛ղ ծով, երկի՛նք, որ դառնում ես դժոխքի երախի պես խավարչտին, հրափրփո՛ւր ալիքներ, որ վազում եք մթագնած ջրերի վայից՝ ցնցելով անհամար, անհամբեր, մոլեգնած հրեղեն կենդանիներին, եզներին, ոչխարներին, ձիերին, օձերին, թավալելով ալիքների վրա կամ ցրելով օդում՝ բոցավառ անձրև եք ժայթքում, սևախավա՛ր ծով, սգասև՛ երկինք, եկեք ինձ հետ մարտնչելու մարդագելի՝ փոքր աղջիկների ժանտ սպանողի դեմ։ Եվ դու, քամի՛, որ ողբագին մռնչում ես ավազաբլուրների տատասկների ու նավերի պարանների մեջ, դու ձայնն ես աստծուց վրեժխնդրություն հայցող զոհերի։ Աստվա՜ծ ինձ օգնական այս գործի մեջ։
 
Եվ նա իջավ հովիտը՝ օրորվելով իր բնական ցցերի վրա, կարծես թե խիստ գինով լիներ և կաղամբից ստամոքսի խանգարում ունենար։
 
Եվ սկսեց երգել՝ զկռտալով, զիգզագներ անելով, հորանջելով, թքելով ու կանգ առնելով, ձևացնելով, թե փսխում է, բայց իրականում լայն բացելով աչքը՝ ամեն բան իր շուրջը լավ զննելու համար, երբ հանկարծ մի սուր ոռնոց լսեց, կանգ առավ, շան պես ործկաց և պայծառափայլ լուսնի լույսով տեսավ դեպի գերեզմանատուն առաջացող մի գայլի երկար ստվերը։
 
Նորից օրորվելով նա մտավ փշացանկապատերի միջև ձգված արահետը և, ձևանալով, թե գլորվում է, թակարդը դրեց այն կողմը, որտեղից գալիս էր գայլը, նետ դրեց աղեղին և մի տասը քայլ հետ գնաց՝ կանգնած, բայց հարբածի դիրքով, շարունակ ձևանալով, թե օրորվում է, զկռտում, որկորն է մաքրում, սակայն իրականում աղեղի պես լարելով միտքը և աչքերն ու ականջները լայն բացած։
 
Եվ նա ոչինչ չէր տեսնում, եթե ոչ խելագարի պես վազող սև ամպեր և իր կողմը եկող մի լայն, տռզած ու կարճ պատկեր։ Նա ոչինչ չէր լսում, եթե ոչ ողբագին ոռնացող քամու, որոտի պես մռնչացող ծովի ձայնը և խեցապատ ճանապարհի խշրտոցը՝ ծանր ու ոստոստուն քայլվածքից։
 
Ձևանալով, թե ուզում է նստել՝ հարբածի պես ծանր֊ծանր ընկավ գետին։ Ապա թքեց։
 
Հետո իրենից մի երկու քայլ հեռու նա լսեց երկաթեղենի չխկոց, ապա փակվող թակարդի ձայն ու մարդկային մի ճիչ։
 
― Մարդագելի առաջի թաթերն ընկել են թակարդի մեջ։ Նա ոռնալով վեր է կենում, ցնցում մեքենան, ուզում է փախչել։ Բայց խույս տալ չի կարող, ― մտածեց նա։
 
― Եվ աղեղով մի նետ արձակեց, որ կպավ նրա ոտքին։
 
― Ահավասիկ վիրավոր ընկավ, ― ասաց նա և ամարի պես սուլեց։
 
Հանկարծ եկեղեցու զանգը ղողանջեց ահազանգ և պատանեկան մի սուր ձայն ճչաց գյուղում․
 
― Արթնացե՜ք, քնած մարդիկ, մարդագելը բռնված է։
 
― Փա՜ռք աստծո, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Տորիան՝ Բետկինի մայրը, Լանսամը՝ նրա մարդը, Յոսեն ու Միխելը՝ նրա եղբայրները լապտերներ առած եկան ամենից առաջ։
 
― Բռնվա՞ծ է, ― հարցրին նրանք։
 
― Նայեցեք ճանապարհի վրա, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Փա՜ռք աստծո, ― ասացին նրանք։
 
Եվ խաչակնքեցին իրենց երեսը։
 
― Ո՞վ է տալիս զանգերը, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Լանսաամը պատասխանեց․
 
― Իմ անդրանիկն է․ փոքրը վազում է գյուղում, բախում դռները ու գոռում, թե գայլը բռնված է։ Փա՜ռք քեզ։
 
― Աճյունը բախում է սրտիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
Հանկարծ մարդագելը խոսեց ու ասաց․
 
― Գթա՜ ինձ, Ուլենշպիգել, գթա՜ ինձ։
 
― Գայլը խոսում է, ― ասացին նրանք ու խաչ հանեցին երեսներին։ ― Սատանա է և արդեն գիտե Ուլենշպիգելի անունը։
 
― Գթա՜, գթա՜ ինձ, ― ասաց ձայնը, ― պահանջիր, որ զանգի ձայնը կտրեն։ Նա մեռելոց է ղողանջում, ողորմա՜ ինձ, ես գայլ չեմ։ Իմ ձեռքի թաթերը ծակված են թակարդից․ ես ծեր եմ և արյունաշաղախ․ գթացեք։ Այս ի՞նչ մանկական ձայն է, որ արթնացնում է գյուղը։ Գթացե՜ք։
 
― Ես քո ձայնից ճանաչեցի քեզ, ― գոչեց Ուլենշպիգելը։ ― Դու ձկնավաճառն ես՝ Կլաասին սպանողը, խեղճ աղջիկների արյուն ծծողը։ Հորեղբայրներ և հորաքույրնե՛ր, ամենևին մի՛ վախենաք։ Սա ձկնավաճառների համքարության պետն է, նա՛, որի ձեռքով Սոոտկինը վշտամեռ եղավ։
 
Եվ մի ձեռքով կզակի տակից բռնելով նրա վիզը՝ մյուս ձեռքով քաշեց դաշյունը։
 
Սակայն Տորիան՝ Բետկինի մայրը կասեցրեց նրան այդ դիրքով։
 
― Կենդանի բռնեցեք նրան, ―ասաց նա։
 
Եվ սկսեց փունջ֊փունջ պոկել նրա սպիտակ մազերը՝ եղունգներով պատառոտելով նրա դեմքը։
 
Մարդագելը ձեռքերը թակարդից բռնված և սաստիկ ցավից ոստոստելով արահետի վրա՝ կրկնում էր․
 
― Գթացե՜ք, խղճացե՜ք, հեռացրե՜ք այս կնոջը։ Երկու կառոլուս կտամ։ Ջարդեցեք այդ զանգերը։ Ո՞րտեղ են այդ ճչացող երեխաները։
 
― Կենդանի՜ պահեցեք դրան, ― գոռում էր Տորիան, ― կենդանի պահեցե՜ք․ թո՛ղ հատուցի։ Մեռելոց զանգ, մեռելոց զանգ քեզ համար, մարդասպանիդ համար։ Մարմանդ կրակով, շիկացած ակցաններով կմեռնես։ Կենդանի պահեցեք, թ՛ող հատուցի։
 
Տորիան արահետի վրա գտել ու վերցրել էր երկար կոթերով մի գոֆրիե։<ref>Gaufrier, վաֆլի ձևավորելու գործիք է։ Հայերեն բառը չկա, ուստի և թողնում ենք բնագրում գործածվածը։</ref> Ջահերի լույսի տակ զննելով այդ գործիքը՝ նա տեսավ բրաբանտյան ձևով խորաքանդակ շեղանկյուններ ունեցող երկու երկաթաթերթի միջև հաստատված սուր, երկար ատամները։ Երբ տուփը բաց արեց՝ ստացվեց քերծե շան երախի պես մի բան։
 
Այնժամ Տորիեն գոֆրիեն սկսելով բաց ու խուփ անել և զնգացնել երկաթե մասերը՝ կարծես խելագարվեց, բռնվեց կատաղության մոլուցքով, սկսեց կրճտացնել ատամները, հոգևարքի մեջ եղողի պես խորդալ, վրիժառության դառն ծարավի առաջացրած ցավից հեծեծալ և այդ գործիքի ատամներով կծեց գերվածի ձեռքերը, ոտքերը, ամբողջ մարմինը, ուզում էր կծել մանավանդ նրա վիզը, և ամեն անգամ, որ կծում էր՝ ասում էր․
 
― Այսպես է արել Բետկինին երկաթե ատամներով։ Հատուցո՜ւմ է այժմ։ Արյո՞ւն է ծորում, մարդակե՛ր։ Աստված արդարադատ է։ Մեռելոց զանգն է․ Բետկինն ինձ վրեժխնդրության է կոչում։ Զգո՞ւմ ես ատամների ծակոցը։ Աստծու երախն է սա։
 
Եվ կծում էր նրան անդադար, անողոքաբար՝ խփելով գոֆրիերով, երբ չէր կարողանում դրանով կծել։ Եվ վրեժխնդրության մեծ ծարավի պատճառով չէր սպանում նրան։
 
― Ողորմացե՜ք ինձ, ― գոռում էր կաշկանդվածը։ ― Ուլենշպիգել, դանակով խփի՛ր ինձ, ավելի շուտ կմեռնեմ։ Հեռացրո՛ւ այս կնոջը։ Կտրի՛ր մեռելոցի զանգը, սպանի՛ր այդ ճվճվացող երեխաներին։
 
Եվ Տորիան շարունակ կծում էր նրան, մինչև որ մի ծեր մարդ խղճահարվելով վերցրեց նրա ձեռքից գոֆրիեն։
 
Բայց Տորիան այնժամ թքեց մարդագելի երեսին և պոկելով նրա մազերն՝ ասաց․
 
― Կհատուցե՛ս, մարմանդ կրակի վրա, շիկացած աքցաններով․ աչքերդ եղունգներիս բաժին դառնա՜ն։
 
Մինչ այս, մինչ այդ՝ հավաքվել էին բոլոր ձկնորսները, Հեյստի գեղջուկներն ու կանայք, հենց որ լսել էին, թե մարդագելը ոչ թե դև է, այլ մարդ։ Շատերը բռնած ունեին լապտերներ ու վառված ջահեր։ Եվ ամենքն էլ գոռում էին․
 
― Գո՛ղ մարդասպան, որտե՞ղ ես պահում խեղճ զոհերից հափշտակված ոսկին։ Վերադարձրո՛ւ բոլորը։
 
― Չունեմ, ոչինչ չունեմ, ― ասում էր գերին, ― խղճացե՜ք ինձ։
 
Եվ կանայք քար ու ավազ էին նետում նրա վրա։
 
― Հատուցո՜ւմ, հատուցո՜ւմ, ― գոռում էր Տորիան։
 
― Գթացե՜ք, ― հեծեծում էր նա, ― ես շաղախված եմ ինձնից հոսող արյունով։ Գթացե՜ք։
 
― Քո արյո՜ւնը․ այնքան կմնա, որ հատուցես, ― ասում էր Տորիան։ ― Սպեղանի դրեք նրա վերքերին։ Նա հատուցելու է մարմանդ կրակի վրա, երբ ձեռքերը կտրվեն շիկացած աքցաններով։ Կհատուցի՜, կհատուցի՜։
 
Եվ ուզեց խփել նրան, բայց գիտակցությունը կորցրած՝ մեռելի պես փռվեց ավազի վրա․ և այդպես էլ թողնվեց, մինչև որ ուշքի եկավ։
 
Այդ միջոցին Ուլենշպիգելը թակարդից հանելով գերու ձեռքերը՝ տեսավ, որ աջ ձեռքից պակաս են երեք մատ։
 
Եվ պահանջեց պինդ կապեն նրան ու դնեն ձկնորսական լայն կողովի մեջ։ Այնժամ մարդ, կին, երեխա ճանապարհ ընկան՝ հերթով տանելով կողովը և շարժվելով դեպի Դամմե՝ արդարադատությանը հանձնելու համար։ Նրանք բռնել էին ջահեր ու լապտերներ՝ լուսավորելով ճանապարհը։
 
Եվ ձկնավաճառն անվերջ կրկնում էր․
 
― Փշրեցե՜ք զանգերը, սպանեցե՛ք այդ ճվճվացող երեխաներին։
 
― Իսկ Տորիան ասում էր․
 
― Թո՛ղ հատուցի, մարմանդ կրակի վրա, հրաշեկ աքցաններով․ թո՛ղ հատուցի։
 
Հետո երկուսն էլ լռեցին։ Եվ Ուլենշպիգելն այլևս ոչինչ չլսեց, եթե ոչ Տորիայի ընդհատ֊ընդհատ փնչոցը, մարդկանց ծանր ոտնաձայնը ավազի վրա և որոտի նմանվող ծովի մռնչոցը։
 
Տխուր սրտով նայում էր նա ամպերին, որ խելագարի պես վազում էին երկքում, ծովին, ուր տեսնում էր հրավառ ոչխարներ, իսկ ջահերի ու լապտերների լույսի տակ՝ գերու դեղնած դեմքը, որ դաժան հայացքով նայում էր իրեն։
 
Եվ աճյունը բախեց նրա սրտին․
 
Եվ չորս ժամ քայլելով հասան Դամմե, ուր խուռներամ հավաքվել էր ժողովուրդը, որ արդեն ամեն ինչ իմացել էր։ Ամենքն էլ ցանկանալով տեսնել կալանավորին՝ միացան ձկնորսների խմբին՝ աղաղակելով, երգելով, պարելով ու ասելով․
 
― Մարդագելը բռնվա՝ծ է, բռնվա՜ծ է մարդասպանը։ Օրհնյա՜լ լինի Ուլենշպիգելը։ Երկար կյա՜նք մեր եղբայր Ուլենշպիգելին՝ Lang leven onsen broeder Ulenspiegel:
 
Եվ դա ասես ժողովրդական ապստամբություն լիներ։
 
Երբ նրանք անցնում էին դատավորի տան առջևից, սա էլ աղմուկը լսելով դուրս եկավ և ասաց Ուլենշպիգելին։
 
― Հաղթական ես դու․ Փա՜ռք քեզ։
 
― Կլաասի աճյունը բախում է սրտիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
Այնժամ դատավորն ասաց․
 
― Կստանաս մարդասպանի ժառանգության կեսը։
 
― Տվեք զոհվածների ընտանիքներին, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Եկան Լամմեն ու Նելեն։ Նելեն հրճվանքից ծիծաղում էր, լալիս, համբուրում իր բարեկամ Ուլենշպիգելին։ Լամմեն ծանր֊ծանր թռչկոտելով խփում էր նրա փորին ու ասում․
 
― Օ՜, սա քաջ է, հավատարիմ ու անդավաճան․ իմ սիրեցյալ բարեկամն է․ դուք՝ հարթավայրի բնակիչներդ այսպիսին չունեք և ո՛չ մի հատ։
 
Եվ ձկնորսները ծիծաղում էին ու զվարճանում նրա հետ։
Ադմին, Վստահելի
1876
edits