Changes

Սարյակ մի սպանիր․․․

Ավելացվել է 15 052 բայտ, 17:44, 16 Հուլիսի 2015
/* Գլուխ 25 */
== Գլուխ 25 ==
 
― Պետք չէ, Մեծաչքանի։ Դռնից դուրս տար։
 
― Ջիմ, դու ինչ է, գժվե՞լ ես։
 
― Քեզ ասացին՝ դռնից դուրս տար։
 
Ես հառաչեցի, թրթուրը հատակից վերցրի, տարա ետևի դուռը և վերադարձա իմ ծալովի մահճակալին։ Արդեն սեպտեմբեր ամիսն էր, բայց գիշերները դեռ տաք էին, և մենք առաջվա նման քնում էինք տան ետևի պատշգամբում։ Դեռ չէին անհետացել լուսատտիկները, ամեն տեսակի գիշերային բզեզներն ու թիթեռները, որոնք ամռան երեկոները զարնվում էին ապակիներին, ու տեղափոխվել մի ուրիշ տեղ, ինչպես այդ անում են ամեն աշուն։ Թրթուրը, երևի, սանդուղքներով էր վեր սողացել ու դռան տակով մտել ներս։ Ես նրան տեսա այն ժամանակ, երբ գիրքը դրի հատակին, ծալովի մահճակալիս մոտ։ Այդ թրթուրը մի մատնաչափ հազիվ լինի, բայց բավական է դիպչես, որ իսկույն կծկվի ու դառնա մի մոխրագույն պինդ կծիկ։ Ես փորիս վրա մեկնվեցի և մատով թրթուրին հրեցի։ Նա կծկվեց։ Հետո, հավանաբար, որոշելով, որ վտանգն անցել է։ Նորից բացվեց։ Նրա բոլոր հարյուր տոտիկները շարժվեցին, նա մի փոքր սողաց, ես նորից հրեցի։ Նա կծկվեց։ Ես ուզում էի քնել և որոշեցի նրան ոչնչացնել։ Արդեն ձեռքս մեկնել էի, որ Ջիմն ինձ արգելեց։
 
Նա զայրացկոտ նայեց։ Հավանական է այն պատճառով որ այդպես էր տրամադրված։ Նա ինքն ավելի շուտ կոչնչացներ։ Իհարկե, Ջիմը կենդանիներին երբեք չէր չարչարում, բայց ես գաղափար անգամ չունեի, որ նա միջատներին էլ է խղճում։
 
― Իսկ ինչո՞ւ չի կարելի նրան ճխլել,— հարցրի ես։
 
― Որովհետև նա քեզ չի խանգարում,— մթության մեջ պատասխանեց Ջիմը։ Նա իր լամպը արդեն հանգցրել էր։
 
― Նշանակում է, հիմա դու ոչ ճանճերին, ոչ էլ մոծակներին չե՞ս սպանում, նշանակում է, քեֆդ հիմա այդպես է ուզում,— ասացի ես։— Երբ տրամադրությունդ կփոխվի, ինձ ասա։ Միայն թե ես թույլ չեմ տա, որ մրջյուններն ինձ կծեն, այդպես էլ գիտցիր։
 
― Դե, ձայնդ կտրի՛ր— քնկոտ ձայնով պատասխանեց Ջիմը։
 
Ջիմն էր օրըստօրե նմանվում աղջկա, և ոչ թե ես։ Ես հարմար տեղավորվեցի անկողնում, մեջքիս վրա և պատրաստվեցի քնելու, իսկ առայժմ դեռ մտածում էի Դիլլի մասին։ Նա մեկնեց սեպտեմբերի մեկին և խոստացավ վերադառնալ նույն րոպեին, հենց որ արձակուրդները սկսվեն․ կարծես նրա ծնողները վերջապես հասկացել էին, որ նա սիրում է ամառն անցկացնել Մեյկոմբում։ Միսս Ռեյչելը մեզ ևս վերցրեց իր հետ, և մենք տաքսիով գնացինք կայարան, Դիլլը վագոնի լուսամուտից թափահարում էր ձեռքը, մինչև որ բոլորովին աչքիցս կորավ, բայց ոչ սրտիցս։ Ես նրան կարոտում էի։ Վերջին երկու օրվա ընթացքում Ջիմը նրան լողալ սովորեցրեց․․․
 
Լողալ սովորեցրեց։ Ես հիշեցի, թե այն ժամանակ ինչ պատմեց Դիլլը, և քունս փախավ։
 
Դեպի Գետախորշը կարելի էր գնալ գյուղամիջի ճանապարհով, որը քաղաքից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա բաժանվում էր Մերիդիանի խճուղուց։ Խճուղուն որ հասար, միշտ էլ մի բան կնստես, կամ բամբակ բարձած ֆուրգոն, կամ ուղեկից մեքենա, իսկ գյուղամիջյան ճանապարհով շատ ավելի մոտ է, բայց մթնշաղին վերադառնալիս երբ մեքենաներ համարյա չեն լինում, և ստիպված ես ամբողջ ճանապարհը ոտքով գնալ, այնքան էլ հաճելի չէ, և լողացողները աշխատում են ուշ չմնալ։
 
Դիլլը պատմում էր․ ինքն ու Ջիմը նոր են դուրս եկած լինում խճուղին, տեսնում են՝ դեմ-հանդիման մեքենայով գալիս է Ատտիկուսը։ Ատտիկուսը կարծես թե նրանց չի նկատում, և տղաները սկսում են ձեռքները թափահարել։ Այդ ժամանակ նա, վերջապես, մեքենան կանգնեցնում է։ Նրանք վազում են Ատտիկուսի մոտ։ Իսկ նա ասում է․
 
― Դուք ավելի լավ կանեք քաղաք գնացող մեկ ուրիշ մեքենայի սպասեք։ Ես շուտ չեմ վերադառնա։
 
Մեքենայի ետևում նստած էր Կելպուրնիան։
 
Ջիմը սկզբում վիճեց, հետո սկսեց խնդրել, և Ատտիկուսն ասաց.
 
― Լա՛վ, մեզ հետ եկեք, բայց մի պայմանով՝ մեքենայից դուրս չպիտի ելնեք։
 
Մինչև Թոմ Ռոբինսոնի տունը հասնելը, Ատտիկուսը պատմում է, թե ինչ էր տեղի ունեցել։
 
Խճուղուց թեքվում են և աղբանոցի կողքով, Յուելների տան մոտով դանդաղ գնում են նեգրական ավանը։ Թոմի տան բակում մի խումբ սևամորթ երեխաներ քարկտիկ են խաղալիս լինում։ Ատտիկուսը մեքենան կանգնեցնում է և իջնում։ Կելպուրնիան էլ ետևից մտնում է բակը։
 
Դիլլը լսում է, որ Ատտիկուսը մանչուկներից մեկին հարցնում է․
 
― Որտե՞ղ է մայրիկդ, Սեմ։
 
Եվ Սեմը պատասխանում է․
 
― Նա Ստիվենսների մոտ է, միստեր Ֆինչ։ Գնա՞մ նրան կանչեմ։
 
Ատտիկուսը, ըստ երևույթին, չգիտեր, թե ինչ անի, հետո ասաց՝ լավ, և Սեմը շնչակտուր վազեց։
 
― Խաղացե՛ք, խաղացեք, մանչուկներ,— ասաց Ատտիկուսը երեխաներին։
 
Տնից դուրս է գալիս մի շատ փոքրիկ աղջիկ և աչքերը հառում է Ատտիկուսին։ Բարակ հյուսերը ամեն կողմից իջնում էին նրա ուսերին, իսկ յուրաքանչյուրի վրա կար մի վառվռուն ժապավեն։ Նա ամբողջապես ժպիտ դարձած, տոտի֊տոտի է անում դեպի Ատտիկուսը, բայց նա շատ փոքրիկ էր, չէր կարողանում իջնել աստիճաններով։ Դիլլն ասաց՝ Ատտիկուսը մոտեցավ նրան, հանեց գլխարկը և մատը մեկնեց։ Նա բռնեց մատից, Ատտիկուսը նրան օգնեց և սանդուղքով իջեցրեց։ Հետո տարավ Կելպուրնիայի մոտ։
 
Այդ ժամանակ գալիս է Էլենը, իսկ նրա ետևից ցատկոտելով՝ Սեմը։ Էլենն ասում է.
 
― Բարի երեկո, միստեր Ֆինչ։ Չէի՞ք ցանկանա արդյոք նստել։
 
Եվ լռեց։ Ատտիկուսը նույնպես կանգնել էր ու չէր խոսում։
 
― Եվ հանկարծ Թոմի կինը ընկավ, Մեծաչքանի,— ասաց Դիլլը։― Ինչպես կանգնած էր, այնպես էլ ընկավ, կարծես մի ինչ֊որ հսկա նրան ոտքի տակ դրեց ու ճզմեց։ Ա՛յ այսպես՝ շրը՛մփ։— Դիլլը դոփեց ոտքով։— Ճիշտ ինչպես մի փոքրիկ բզեզի։
 
Կելպուրնիան և Ատտիկուսը բարձրացրին Էլենին, որ տանեն տուն, բայց նա չէր կարողանում ոտքերը փոխել։ Նրանք երկար ժամանակ այնտեղ էին, տանը, հետո դուրս եկավ միայն Ատտիկուսը։ Երբ ետ էին վերադառնում աղբակույտի մոտով, Յուելներից ինչ֊որ մեկը հետևներից բղավում է, բայց ի՛նչ, Դիլլը լավ չի լսում։ Թոմի մահվան մասին Մեյկոմբում երկու օր խոսում էին։ Երկու օրվա ընթացքում այդ դեպքի մասին կարողացավ իմանալ ամբողջ շրջանը։ «Լսե՞լ եք․․․ Ո՞չ․․․ ասում են, հենց այն պահին, երբ ամբողջ թափով սլանում էր․․․»։ Մեյկոմբի բնակիչներին Թոմի մահը բոլորովին չզարմացրեց։ Պարզ բան է, հիմարությունից փախչելու փորձ արեց։ Սևամորթները բոլորն էլ անուղեղ մարդիկ են, նրանք ի՞նչ կարող են մտածել, թե ի՛նչ կլինի, գլուխը կորցրած դիմեց փախուստի ու գնաց դեպի կործանում։ Ամենից ավելի ահա թե ինչն է ծիծաղելի, Ատտիկուս Ֆինչը, հավանաբար, կկարողանար նրան ազատել, բայց կարո՞ղ էր․․․ Ո՜նց չէ։ Նրանք բոլորն էլ այդպես են, այդ նեգրերը։ Ոչ մի դրական բան չկա նրանց մոտ։ Եվ չէ՞ որ հենց այդ Ռոբինսոնը օրենքով էր ամուսնացած, ասում են, իրեն շատ մաքուր էր պահում, եկեղեցի էր գնում, ամեն բան ինչպես կարգն է, այդպես էլ անում էր, բայց իրականում ճիշտ այդպես էլ ստացվեց, որ ամեն ինչ հենց միայն ձևի համար է արել։ Սևամորթը սևամորթ էլ կմնա։
 
Զրուցակիցը իր հերթին հաղորդեց ինչ֊որ մանրամասնություններ, իսկ հետո այլևս խոսելու ոչինչ չմնաց մինչև հինգշաբթի օրը, երբ լույս տեսավ «Մեյկոմբ տրիբյուն» թերթը։ Գունավորների կյանքին նվիրված սյունակում զետեղված էր կարճառոտ մահախոսական, բայց կար նաև առաջնորդող։
 
Միստեր Բ․ Անդերվուդը չէր խնայել սուր խոսքեր և ամենևին չէր վախեցել, որ դրանով կկորցնի բաժանորդներին և հայտարարությունները։ (Այնուամենայնիվ, Մեյկոմբի բնակիչներն այդպիսին չեն. միստեր Անդերվուդը կարող է կոկորդը պատռել որքան ցանկանա և գրել ամեն ինչ, թեկուզ ինչ քամի էլ որ խելքին փչի, բաժանորդները և հայտարարությունները նրանն էլ մնում են։ Ուզում ես քեզ և քո լրագիրը ծաղրի առարկա դարձնել, խնդրե՜մ)։ Միստեր Անդերվուդը դատողություններ չէր անում դատական սխալների մասին, նա գրում էր այնքան պարզ, որ երեխան անգամ կհասկանար։ Նա պարզապես բացատրում էր, որ հանցանք է հաշմանդամին սպանելը, միևնույն է, նա լինի կանգնած, նստած, թե փախչելիս։ Նա Թոմի մահը համեմատում էր երգող թռչունների անմիտ սպանության հետ, որոնց բնաջնջում են որսորդներն ու երեխաները։ Բանաստեղծական զեղումներ․․․ որոշեց Մեյկոմբը, հույս ունի, որ իր առաջնորդողը «Մոնտգոմերի էդվերթայզեր»֊ը կարտատպի։
 
Ինչպես թե, մտածում էի ես, կարդալով Անդերվուդի առաջնորդողը։ Անմիտ սպանությո՞ւն․․․ Թոմի գործը մինչև վերջին ժամն ընթանում էր օրենքով․ նրան դատեցին բաց դատարանավ, դատավճիռ կայացրին տասներկու լավ, ազնիվ մարդիկ, իմ հայրը պաշտպանեց նրան ինչպես կարողացավ։ Բայց հետո հասկացա, թե Անդերվուդն ինչ է ուզում ասել։ Ատտիկուսն իր ամբողջ ուժով ջանաց փրկել Թոմ Ռոբինսոնին, աշխատեց ապացուցել այդ մարդկանց, որ Թոմը մեղավոր չէ, բայց այդ ամենն ավելորդ էր, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր հոգում արդեն դատավճիռ կայացրել էր։ Թոմը դատապարտված էր հենց այն րոպեից, երբ Մեյելլա Յուելն աղմուկ էր բարձրացրել։
 
Յուելի հենց սոսկ անունից իմ սիրտը խառնում էր։ Անմիջապես ամբողջ Մեյկոմբին հայտնի դարձավ միստեր Յուելի կարծիքը Թոմի մահվան մասին, և այն ուղիով էլ, որով անխափան հաղորդվում էին բամբասանքները՝ Ստիվենի Կրոուֆորդի միջոցով, հասավ մինչև մեզ։ Ջիմի ներկայությամբ (անմտություն է, նա արդեն փոքր չէ, լսում է, թող լսի) միսս Ստիվենին պատմել է Ալեքսանդրա հորաքրոջը, թե միստեր Յուելն ասել է՝ մեկը պատրաստ է, երկուսն էլ դեռ կան։ Ջիմն ասաց, որ ես իզուր եմ վախենում, այդ Յուելը դատարկաբանի մեկն է։ Եվ հետո ասաց, եթե ես շատախոսություն անեմ և այդ բանը հայտնեմ Ատտիկուսին, եթե նույնիսկ մի որևէ կերպ հասկացնեմ նրան, որ ես այդ գիտեմ, ապա նա՝ Ջիմը, այլևս երբեք չի խոսի ինձ հետ։
== Գլուխ 26 ==
Վստահելի
83
edits