Changes
/* Գլուխ 29 */
== Գլուխ 29 ==
Ալեքսանդրա հորաքույրը տեղից ելավ և կառչեց բուխարու դարակից։ Միստեր Թեյթը վեր կացավ, ուզեց նրան հանգստացնել, բայց հորաքույրը գլուխը տարուբերեց։ Ատտիկուսին առաջին անգամ կյանքում դավաճանեց նրա մշտական բարեկրթությունը։ Նա այնպես էլ նստած մնաց։
Չգիտեմ ինչու, մտքիցս երբեք չէր հեռանում, թե ինչպես էր միստեր Բոր Յուելը այն ժամանակ ասել՝ թող ժամանակը գա, Ատտիկուսի հետ էլ հաշիվ կտեսնի։ Նա քիչ էր մնացել Ատտիկուսի հետ էլ հաշիվ տեսնի, բայց այդտեղ վրա էր հասել նրա վերջը։
― Դուք հավատացա՞ծ եք,— խամրած ձայնով հարցրեց Աատիկուսը։
― Մեռած է մեռածի նման,— հաստատեց միստեր Թեյթը։— Վերջնական և անվերադարձ։ Այլևս նա ձեր երեխաներին ոչ մի վատ բան չի անի։
― Ես այդ մասին չեմ ասում․․․
Ատտիկուսը խոսում էր ինչպես երազում։ Արդեն երևում էր, թե նա ինչքան ծեր էր, հենց միայն դրանից միշտ կարելի էր իմանալ, թե որքան ալեկոծված էր նրա հոգին։ Համառ ծնոտը փափկել է, այտերի երկայնքով անցնող կնճիռները՝ խորացել, և արդեն այնքան աչքի չի ընկնում, թե նրա մազերը սև են ինչպես ձյութը, բայց դրա փոխարեն իսկույն նկատում ես, որ քունքերը արդեն ճերմակ են։
― Միգուցե գնանք ընդունարան,— ասաց վերջապես Ալեքսանդրա հորաքույրը։
― Ձեր թույլտվությամբ, ես կնախընտրեի մնալ այստեղ, եթե միայն դա Ջիմի համար վնաս չէ,— ասաց միստեր Թեյթը։― Ես կցանկանայի տեսնել նրա վերքը, իսկ մինչ այդ, Մեծաչքանին մեզ կպատմի․․․ թե այդ ամենը ինչպես կատարվեց։
― Դուք ինձ թույլ կտա՞ք գնալ,— հարցրեց Ալեքսանդրա հորաքույրը։— Հիմա ես այստեղ պետք չեմ։ Ատտիկուս, եթե հարկ լինի ինձ կանչել, ես իմ սենյակումն եմ։― Ալեքսանդրա հորաքույրը գնաց դեպի դուռը, բայց հանկարծ կանգ առավ և դարձավ մեզ։— Ես այսօր նախազգում էի դա, Ատտիկուս,— սկսեց նա։— Ես․․․ այդ բոլորը իմ մեղքով է։ Ես պետք է․․․
Միստեր Թեյթը ձեռքը բարձրացրեց․
― Գնացեք հանգստացեք, միսիս Ալեքսանդրա։ Ես հասկանում եմ, դուք սաստիկ հուզված եք։ Բայց դուք ձեզ մի տանջեք․․․ Եթե ամեն մի նախազգացում ուշադրության առնենք, տեղներիցս չպիտի շարժվենք, գիտե՛ք, հենց այն կատվի նման, որ բռնում է իր պոչը։ Միսս Մեծաչքանի, փորձիր ապա մեզ պատմել, թե այդ ամենը ինչպես կատարվեց, քանի դեռ չես մոռացել։ Այո՞։ Դուք տեսաք, որ նա գալիս է ձեր ետևից։
Ես գնացի Ատտիկուսի մոտ, և նա ինձ գրկեց։ Ես գլուխս հենեցի նրա ծնկներին։
— Մենք գալիս էինք տուն։ Ես ասացին Ջիմ, կոշիկներս մոռացել եմ։ Մենք ուզեցինք վերադառնալ, բայց հենց այդ րոպեին դպրոցում լույսերը մարեցին։ Ջիմն ասաց՝ կոշիկներդ վաղը կվերցնես․․․
― Գլուխդ բարձրացրու, Մեծաչքանի, թե չէ միստեր Թեյթը ոչինչ էլ չի լսում,— ասաց Ատտիկուսը։
Ես բարձրացա նրա ծնկներին։
― Հետո Ջիմն ասաց՝ մի րոպե լռիր։ Ես կարծեցի, թե նա ինչ֊որ բան է մտածում, նա չի սիրում, երբ մտածելու ժամանակ խանգարում են․․․ Հետո նա ասաց, թե ինչ֊որ ձայն է լսում։ Մենք կարծեցինք, որ այդ Սեսիլն է։
― Ի՞նչ Սեսիլ։
― Մեսիլ Ջեկոբսը։ Նա մեզ այսօր մեկ անգամ արդեն վախեցրել էր, մտածեցինք, որ դարձյալ նա է։ Նա այսօր կով էր։ Ում բեմական հագուստը, որ ամենից լավն էր, նա էլ մրցանակ ստացավ քառորդ դոլար։ Միայն թե չգիտեմ, ով ստացավ։
― Դուք որտե՞ղ էիք, երբ Ջիմի հետ մտածում էիք, թե այդ Սեսիլն է։
― Հենց դպրոցի մոտ։ Ես նրան բղավեցի․․․
― Ի՞նչ բղավեցիր։
— Սեսիլ Ջեյկոբս, ճարպակալած հավ, թե ինչ։ Նա ոչինչ չպատասխանեց․․․ Այդ ժամանակ Ջիմը գոչեց․ «էյ» կամ էլի ինչ֊որ բան, բայց բարձր, ամբողջ կոկորդով մեկ․․․
― Մի րոպե, Մեծաչքանի,— ասաց միստեր Թեյթը։— Դուք լսե՞լ եք, որ նրանք բղավել են, միստեր Ֆինչ։
Ատտիկուսն ասաց՝ ոչ։ Ռադիոն միացված է եղել։ Եվ Ալեքսանդրա հորաքրոջ սենյակում՝ նույնպես։ Նա այդ հիշում է, որովհետև հորաքույրը խնդրել է, որ նա իր սենյակում ռադիոյի ձայնը մի քիչ ցածրացնի, թե չէ, ոչինչ չի լսում։ Ատտիկուսը ժպտաց։
― Ես միշտ էլ ռադիոն միացնում եմ շատ բարձր։
― Հետաքրքիր է, իսկ հարևանները որևէ բան լսե՞լ են,— ասաց միստեր Թեյթը։
― Հազիվ թե, Հեկ։ Համարյա ամենքն էլ երեկոները կամ ռադիո են լսում, կամ հավերի հետ քուն մտնում։ Գուցե Մոդի Էտկինսոնը արթուն է եղել, բայց հազիվ թե։
― Պատմիր, Մեծաչքանի,— ասաց միստեր Թեյթը։
― Ուրեմն Ջիմը բղավեց, և մենք շարունակեցինք գնալ։ Միստեր Թեյթ, իմ գլուխը բեմական հագուստիս մեջ էր, բայց այդ Ժամանակ ես ինքս էլ լսեցի։ Ոտնաձայն լսեցի։ Մենք գնում ենք, և մեր ետևից ինչ֊որ մեկը գալիս է։ Մենք կանգ ենք առնում, նա էլ է կանգ առնում։ Ջիմն ասաց, որ ինձ տեսնում է, որովհետև միսիս Կրենշոն իմ հագուստը ներկել է փայլ տվող ներկով։ Ես ազդրամաս էի։
― Ինչպե՞ս թե,— զարմացավ միստեր Թեյթը։
Ատտիկուսը նրան բացատրեց, թե ես ինչ եմ ներկայացրել և թե ինչպես էր պատրաստված եղել իմ հագուստը։
― Երբ որ եկավ տուն, դուք հապա տեսնեիք այդ հագուստի վիճակը։ Բզիկ-բզիկ էր եղել։
Միստեր Թեյթը տրորեց կզակը։
— Բայց ես չեմ հասկանում, թե հագուստի վրա որտեղից են այդ նշանները։ Թևքերի վրա ամբողջովին մանր անցքեր։ Իսկ մի քանի տեղերում, այդ անցքերի տակ, թևերը ինչ֊որ ծակծկված են։ Ապա տվեք ես մի այդ տեսնեմ, սըր։
Ատտիկուսը բերեց իմ հագուստի խղճուկ մնացորդները։ Միստեր Թեյթը շուռումուռ տվեց և ուղղեց, հասկանալու համար, թե ինչպես էր եղել առաջ։
― Հավանաբար սա է փրկել նրա կյանքը,— ասաց միստեր Թեյթը։― Նայեք։— Երկար մատը նա ուղղեց իմ հագուստին։ Խավար երկաթալարի վրա վառ պսպղում էր քերծվածքը։
― Բոբ Յուելը գիտեր, թե ինչ է անում,— քրթմնջաց միստեր Թեյթը։
― Նրա խելքը գլխին չի եղել,— ասաց Ատտիկուսը։
― Դուք ինձ ներեցեք, Ֆինչ, բայց դուք խիստ սխալվում եք։ Նա բնավ էլ խելագար չի եղել, այլ պարզապես՝ սրիկաների սրիկան։ Սողացող իժ, որոշել է հարբած վիճակում քաջություն անել, երեխաներ սպանել։ Ձեզ հետ դեմ առ դեմ հանդիպելու քաջություն չի ունեցել։
Ատտիկուսը գլուխն օրորեց.
― Չեմ կարող պատկերացնել, որ մարդ այդ բանին ընդունակ լինի․․․
― Կան մարդիկ, միստեր Ֆինչ, որոնց պետք է առանց մի խոսքի վերջ տալ և նույնիսկ նրանց վրա արձակած գնդակն էլ է ափսոս։ Ահա Յուելն էլ էր այդպիսիներից։
― Ես կարծում էի, թե այն օրը, երբ ինձ սպառնաց սպանել, բարկությունը թափեց, ու ամեն ինչ վերջացավ։ Իսկ թե այդ էլ է նրան քիչ, ուրեմն հենց ինձ հետ հաշիվ կտեսնի։
― Ո՛չ, այդպես չէ։ Անպատվել թշվառ նեգրուհուն, այ դա նրա ձեռքից կգա, խնդրեմ, և դատավոր Թեյլորին նույնպես, երբ նա կարծում էր, թե դատավորը տանը չէ։ Բայց մի՞թե ձեր կարծիքով նա կհամարձակվեր ձեզ հետ հանդիպել երես առ երես, օրը ցերեկով։ Միստեր Թեյթը հառաչեց։— Շարունակի՛ր պատմել, Մեծաչքանի։ Ուրեմն դու լսեցիր, որ նա գալիս է ձեր ետևից․․․
― Այո, սըր։ Երբ մենք հասանք ծեր կաղնուն․․․
― Իսկ այդպիսի խավարում դու որտեղի՞ց իմացար, թե հասել եք ծեր կաղնուն։
― Ես բոբիկ էի, և Ջիմը ասաց, ծառի տակ միշտ էլ հողը խոնավ է լինում։
— Արժե նրան նշանակել շերիֆի օգնական։ Շարունակի՛ր։
― Այդ Ժամանակ ինչ-որ բան ինձ ճանկեց և սկսեց սեղմել իմ բեմական հագուստը․․․ Ինձ թվում է՝ ես նստեցի և ձեռքից դուրս պրծա․․․ Լսում եմ, որ կաղնու տակ կարծես թե ծեծկռտվում են․․․ Կարծես թե նրանք անվերջ թափով դիպչում էին ծառին։ Ջիմը ինձ գտավ և քարշ տվեց դեպի ճանապարհը։ Ինչ֊որ մեկը․․․ Հավանաբար միստեր Յուելը բռնեց նրան և տապալեց գետնին, նրանք դեռևս կռվում էին, հետո մի տարօրինակ խշրտոց լսվեց․․․ Ջիմը ճչաց․․․
Իմ լեզուն կապ ընկավ։ Ահա թե ինչ խշրտոց էր․․․ Ջիմի ձեռքն էր կոտրվել։
― Այդպես ուրեմն, Ջիմը ճչաց, և դրանից հետո նրա ձայնը այլևս չլսեցի, իսկ հետո միստեր Յուելը երևի ուզում էր ինձ ճզմելով մեռցնել․․․ Հետո ինչ֊որ մեկը նրան քաշեց ու ցած գցեց։ Ես մտածեցի, որ դա Ջիմն էր վրա հասել։ Էլ ոչինչ չգիտեմ։
― Իսկ հետո ի՞նչ եղավ։— Միստեր Թեյթը աչքերը հառեց ինձ։
― Ինչ֊որ մեկը քայլում էր այդտեղով, սայթաքում էր, անվերջ հևում և ուժեղ հազում․․․ Թոքերը ասես պատառպատառ էին լինում։ Սկզբում ես կարծեցի, թե Ջիմն է, միայն թե ձայնը նման չէր, և ես սկսեցի գետնի վրա Ջիմին որոնել։ Ես կարծում էի այդ Ատտիկուսն է եկել մեզ օգնության ու շատ է հոգնել․․․
― Բայց ո՞վ էր դա։
― Ահա նա, միստեր Թեյթ, թող նա ինքը ձեզ ասի, թե ինչպես են իրեն անվանում։
Եվ ես քիչ մնաց մատով ցույց տամ անկյունում կանգնած մարդուն, բայց շտապով ձեռքս իջեցրի, քանի Ատտիկուսը չէր զայրացել։ Չէ որ մատով ցույց տալը անքաղաքավարություն է։
Այդ մարդը շարունակ կանգնած էր անկյունում։ Ինչ ես ներս էի մտել, նա միշտ այդպես կանգնած էր՝ հենվել էր պատին և ձեռքերը խաչել կրծքին։ Երբ ես սկսեցի նրա մասին խոսել, նա ձեռքերն իջեցրեց և սկսեց պատը շոշափել։ Նրա ձեռքերը ճեպ֊ճերմակ էին, կարծես նա երբեք արևի տակ չէր եղել. Ջիմի սենյակում բավականին մութ էր, իսկ պատերը բաց դեղնավուն էին, և նույնիսկ զարմանալի էր, թե այդ պատի վրա ինչպես էին աչքի ընկնում նրա ճերմակ֊ճերմակ ձեռքերը։
Ձեռքերից հետո ես սկսեցի նայել նրա խաքի գույնի շալվարին, այն ամբողջովին ավազոտ էր, իսկ կոպիտ բամբակյա վերնաշապիկը պատառոտված էր։ Նա շատ նիհար էր, դեմքն էլ էր միանգամայն ճերմակ՝ ձեռքերի նման, միայն կզակը մի փոքր թուխ էր։ Վտիտ այտերը փոս էին գնացել, բերանը մեծ էր, քունքերը ներս էին ընկել, կարծես այնտեղ խոռոչներ կային, իսկ մոխրավուն աչքերը սպիտակին էին տալիս, ինձ նույնիսկ այնպես թվաց, թե նա կույր է։ Իսկ գագաթին ցանցառ, անգույն մազեր, ինչպես փետուրը։
Այն միջոցին, երբ ես ուզեցի նրան մատնացույց անել, նրա ձեռքերը շարժվում էին պատի վրայով, և այնտեղ հետքեր մնացին, որովհետև ափերը քրտնած էին, ու նա ձեռքերը իջեցրեց և բթամատերով կառչեց գոտուց։ Նա մի տեսակ ցնցվում էր, ասես դանակով ապակի էին քերում, իսկ ես բերանս բաց, անվերջ նայում էի նրան, և վերջապես նրա դեմքի քարացած արտահայտությունը փոխվեց։ Նա հանդարտ ժպտաց, և այդ ժամանակ չգիտեմ ինչու իմ աչքերը լցվեցին, մեր հարևանի դեմքը հանկարծ տարտամացավ։
― Ողջո՛ւյն, Զարզանդ,— ասացի ես։
== Գլուխ 30 ==
== Գլուխ 31 ==