Changes
/* Գլուխ 31 */
== Գլուխ 31 ==
Զարզանդ Ռեդլին ոտքերը քստքստացրեց և դանդաղ վեր կացավ, ընդունարանից ցայտող լույսը փայլատակեց նրա ճակատին։ Նա քայլում էր այնքան անվստահ, կարծես վախենում էր, թե ձեռքը կամ ոտքը չի դնի այնտեղ, ուր պետք է։ Նա դարձյալ սարսափելի և խռպոտ հազաց, այնպես որ ստիպված եղավ նստել։ Շոշափեց գրպանը, դուրս քաշեց թաշկինակը, հազաց թաշկինակի մեջ և հետո ճակատը սրբեց։
Ես այնքան վարժվել էի այն մտքին, որ նա ոչ մի տեղ չկա, այնինչ, ահա, ամբողջ ժամանակ նստած էր ինձ մոտ, որ նույնիսկ անհավատալի էր։ Եվ ոչ մի անգամ չշարժվեց։
Եվ ահա նա նորից ոտքի ելավ։ Դարձավ դեպի ինձ և գլխով արեց դռան կողմը։
— Դուք ցանկանում եք հրաժեշտ տալ Ջիմին, այո՞, միստեր Արթուր։ Գնանք։
Ես նրան նախասենյակով տարա։ Ջիմի անկողնու մոտ նստած էր Ալեքսանդրա հորաքույրը։
― Նե՛րս համեցեք, միստեր Արթուր,— ասաց նա։― Ջիմը դեռևս քնած է։ Բժիշկ Ռեյնոլդսը նրան մի խիստ քնաբեր դեղ է տվել։ Հայրդ ընդունարանո՞ւմ է, Ջին Լուիզա։
― Այո, մեմ։ Հավանաբար։
― Գնամ նրան երկու խոսք ասեմ։ Բժիշկ Ռեյնոլդսը բաներ է թողել ինչ֊որ․․․— նրա ձայնը մարեց նախասենյակում։
Զարզանդը դանդաղ գնաց անկյունը, կանգնեց այնտեղ, վիզը ձգեց և հեռվից աշխատում էր Ջիմին տեսնել։ Ես բռնեցի նրա ձեռքր, տարօրինակ է, այսպիսի մի սպիտակ ձեռք, և այդքան տաք։ Ես կամացուկ ձեռքից քաշեցի, նա չընդդիմացավ, և ես նրան տարա մահճակալի մոտ։
Բժիշկ Ռեյնոլդսը Ջիմի ձեռքի վրա ծածկի նման մի բան էր սարքել, երևի նրա համար, որ վերմակը չդիպչեր։ Զարզանդը խոնարհվեց և ծածկի վրայով նայեց։ Նրա դեմքը այնպես վախվորած էր և հետաքրքրությամբ առլեցուն, կարծես երբեք կենդանի տղա չէր տեսել։ Նա նույնիսկ բերանը քիչ բացեց և ոտքից գլուխ Ջիմին զննեց։ Ձեռքը բարձրացրեց և իսկույն իջեցրեց։
— Դուք կարող եք նրան շոյել, միստեր Արթուր, նա քնած է։ Բայց ա՛յ, եթե քնած չլիներ, ոչ մի կերպ թույլ չէր տա,— ինքս էլ չգիտեմ ինչու, բացատրեցի ես Զարզանդին։— Դուք մի վախեցեք։
Նրա ձեռքը կարկամած անշարժացավ Ջիմի գլխավերևում։
― Ոչինչ, սըր, մի վախեցեք, նա քնած է։
Զարզանդը կամացուկ շոյեց Ջիմի գլուխը։
Ես արդեն սկսում էի նրան հասկանալ առանց մի խոսքի։ Մյուս ձեռքով նա ամուր սեղմել էր իմը և գլխով էր անում, դա նշանակում էր, որ ուզում է գնալ։
Ես նրան դուրս բերեցի պատշգամբ, նա քայլում էր անհաստատ, իսկ այստեղ բոլորովին կանգ առավ։ Նա դեռ շարունակում էր բռնել իմ ձեռքը։
— Դու ինձ տուն կտանե՞ս։
Նա խոսում էր կամացուկ, համարյա շշնջալով, ինչպես մի փոքրիկ երեխա, որ վախենում է խավարից։
Ես ուզում էի արտասանդուղքից իջնել, բայց առաջին իսկ աստիճանին կանգ առա։ Մեր տանը որքան ասեք կարող էի նրա ձեռքից բռնած գնալ, բայց փողոցում․․․
― Միստեր Արթուր, ապա ծալեցեք ձեր թևը, ա՛յ այսպես։ Ահա, լավ է, սը՛ր։
Ես նրան թևանցուկ արեցի։
Նա ստիպված էր մի փոքր կռանալ, որպեսզի ինձ հարմար լիներ, բայց եթե միսս Ստիվենի Կրոուֆորդը պատուհանից նայի, թող տեսնի՝ Արթուր Ռեդլին ինձ տանում է ճանապարհով, ինչպես վայել է ջենտլմենին։
Մենք հասանք փողոցի անկյան լապտերին։ Քանի-քանի անգամ է Դիլլը կանգնել այստեղ, այս լապտերասյունը գրկած հսկել, սպասել, հուսացել։ Քանի֊քանի անգամ ենք ես և Ջիմը անցել այս ճանապարհով, բայց Ռեդլիների բակը փողոցի կողմից ես երկրորդ անգամ էի մտնում ամբողջ կյանքիս ընթացքում։ Ես և Զարզանդը բարձրացանք պատշգամբի աստիճաններով, նա շոշափեց շքամուտքի բռնակը։ Հանդարտ թողեց իմ ձեռքը, դուռը բացեց, ներս գնաց և իր ետևից փակեց։ Ես այլևս երբեք նրան չտեսա։
եթե ձեր տանը որևէ մեկը մահանում է, հարևանները ուտելիք են բերում, եթե որևէ մեկը հիվանդ է, բերում են ծաղիկներ և երբեմն էլ հենց այնպես որևէ բան են նվիրում։ Զարզանդը մեր հարևանն էր, նա մեզ նվիրեց օճառից սարքած երկու տիկնիկ, կոտրված ժամացույց շղթայով, երկու պեննի երջանկության համար և բացի այդ, նա մեզ շնորհեց կյանք, բայց հարևանի նվերին նվերով են պատասխանում։ Իսկ մենք միայն վերցնում էինք փչակից և այնտեղ երբեք որևէ բան չէինք դնում, մենք նրան ոչինչ չնվիրեցինք, և այդ շատ ցավալի է։
Ես շրջվեցի և ուզեցի գնալ տուն։ Մեր փողոցր ձգվում էր հեռու, դեպի քաղաքի կենտրոնը, և նրա երկարությամբ առկայծում էին լապտերները։ Առաջին անգամ ես տեսա մեր թաղամասը այդ կողմից։ Ահա միսս Մոդիի տունը, սա էլ միսս Ստիվենիի, ահա և մերը, ահա և պատշգամբի ճլորթին, իսկ պատշգամբի ետևից երևում է միսս Ռեյչելի տունը։ Ես նույնիսկ նշմարեցի միսիս Դյուբոզի տունը։
Ես շուրջս նայեցի։ Դռնից դեպի ձախ փակ փեղկերով պատուհանն էր։ Ես մոտեցա, կանգնեցի նրա առջև և նայեցի։ Ցերեկը այնտեղից, հավանաբար, երևում է փոստի անկյունը։
Ցերեկ է․․․ Ինձ պատկերացավ, որ շուրջբոլորս պայծառություն է։ Օրը լուսացել է, և բոլոր հարևաններն արդեն զբաղված են իրենց գործերով։ Միսս Ստիվենին ճանապարհով շտապում է միսս Ռեյչելի հետ քչփչալու ամենաթարմ նորությունները։ Միսս Մոդին կռացել է իր լեռնավարդերի վրա։ Ամառ է, և երկու երեխա ոստոստալովվա վազում են մայթով, իսկ հեռվից նրանց ընդառաջ է գալիս մի մարդ։ Նա ձեռքով է անում, և երեխաները իրար առաջ կտրելով, սլանում են դեպի նա։
Տակավին ամառ է, երկու երեխաների ամենասիրած ժամանակը։ Տղան գլուխը կախ, դանդաղ գնում է մայթով՝ ետևից քարշ տալով ձկան կարթը։ Իսկ հայրը կռացել և սպասում է։ Ամառ է, և երեխաները խաղում են իրենց ընկերների հետ նախապարտեզում, հորինում ու ներկայացնում ինչ-որ անհասկանալի մի պիես։
Աշուն է, երկու երեխաները իրար հետ կռվում են մայթի վրա՝ միսիս Դյուբոզի տան առջև։ Տղան օգնում է քրոջը գետնից բարձրանալու և նրանք գնում են տուն։ Աշուն է, և երկու երեխա շտապում են դպրոց, ծածկվում անկյունի ետևում, հետո տուն են վերադառնում, և նրանց դեմքերից հայտնի է՝ ուրա՞խ է անցել այդ օրը, թե տխուր։ Նրանք կանգ են առնում վիրգինյան կաղնիների առջև, նրանց դեմքերին հիացմունք է, զարմանք, ահ։
Ձմեռ է, և նրա երեխաները բակի դռան առաջ դողում են ցրտից, սև ստվերներ՝ հրդեհով բռնված տան ֆոնի վրա։ Ջմեռ է, և մարդը դուրս է ելնում, հասնում փողոցի մեջտեղը, ցած է գցում ակնոցը և կրակում շան վրա։
Նորից ամառ է, նա տեսնում է, որ իր զավակների սիրտը կտոր-կտոր է լինում։ Նորից աշուն, և նրա երեխաներին անհրաԺեշտ է Զարզանդի օգնությունը։
Ատտիկուսն իրավացի էր։ Մեկ անգամ նա ասաց՝ մարդուն իսկականից ճանաչում ես միայն այն ժամանակ, երբ մտնում ես նրա կաշվի մեջ։ Ես սոսկ կանգնած էի Զարզանդի պատուհանի տակ, և դա այնքան էլ քիչ բան չէր։
Բարակ անձրև է մաղում, փողոցի լապտերների լույսերը ճապաղում են և մշուշվում։ Ես գնում եմ տուն և զգում, որ շատ եմ պառավել, և հետո ես շլացնում եմ աչքերս ու նայում քթիս ծայրին, այնտեղ անձրևի մանրիկ կաթիլներ կան, հետո գլուխս սկսում է պտտվել, և ես շուտով դադարեցնում եմ աչքերս շլացնելը։ Ես գնում եմ տուն և մտածում՝ ինչե՜ր պիտի պատմեմ Ջիմին, օ՜խ, ոնց պիտի զայրանա, որ այդ բոլորը ձեռքից բաց թողեց, երևի մի ամբողջ շաբաթ հետս չխոսի։ Ես գնում եմ տուն և մտածում՝ ես և Ջիմը դեռ էլի կմեծանանք, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել, թերևս միայն հանրահաշվից։
Ես վազելով բարձրացա արտասանդուղքը և ներս գնացի։ Ալեքսանդրա հորաքույրն արդեն պառկել էր, և Ատտիկուսի մոտ էլ էր մութ։ Գուցե Ջիմը արդեն ուշքի է եկել։ Ջիմի անկողնու մոտ նստած էր Ատտիկուսը։ Նա ինչ֊որ գիրք էր կարդում։
― Ջիմը դեռ չի՞ արթնացել։
― Պինդ քնած է, նա չի արթնանա մինչև առավոտ։
― Հը՛մ։ Եվ դու պետք է նստես նրա կողքին։
― Ես մի ժամ էլ կնստեմ։ Գնա քնիր, Մեծաչքանի։ Այսօր քեզ համար շատ ծանր օր էր։
― Ես մի քիչ քեզ հետ կնստեմ։
― Շնորհ արա,— ասաց Ատտիկուսը։
Երևի արդեն կեսգիշերին մոտ էր, զարմանալի էր, այդ ինչպես հեշտությամբ նա համաձայնեց։ Ի միջի այլոց, նա միշտ էլ ինձնից ավելի շուտ էր գլխի ընկնում՝ հենց որ նստեցի հատակին, կոպերս սկսեցին ծանրանալ։
― Դու այդ ի՞նչ ես կարդում,— հարցրի ես։
Ատտիկուսը նայեց կազմին։
― Այս գիրքը Ջիմի գիրքն է և կոչվում է «Գորշ տեսիլք»։
Նինջս մի ակնթարթում փախավ։
― Իսկ ինչո՞ւ ես վերցրել։
― Ինքս էլ չգիտեմ, բարեկամս, պարզապես ձեռքս այս ընկավ։ Ինձ դեռ երբեք չէր վիճակվել այսպիսի բան կարդալ,— մանրամասն բացատրեց Ատտիկուսը։
― Խնդրում եմ բարձրաձայն կարդաս, շատ սարսափելի բան է դա։
— Պետք չէ,— ասաց Ատտիկուսը,— կրածդ սարսափներն էլ բավական են։ Դա չափից դուրս․․․
― Ատտիկո՛ւս, բայց ես չեմ վախեցել։
Նա հոնքերը բարձրացրեց։
― Այո, ճիշտ է, ես վախեցա, բայց միայն այն ժամանակ, երբ սկսեցի այդ ամենը պատմել միստեր Թեյթին։ Եվ Ջիմն էլ չի վախեցել։ Եթե հարցնես, նա ինքն էլ այդպես կասի։ Եվ հետո իսկական սարսափելին միայն գրքերում է լինում։
Ատտիկուսը ցանկացավ ինչ-որ բան ասել, բերանը բացեց ու փակեց։ Դարձավ նորից առաջին էջին։ Ես ավելի հպվեցի և գլուխս դրի նրա ծնկանը։
― Ը֊հըմ,— սկսեց Ատտիկուսը։— Սեքտեյթերի Հոուկինս։ «Գորշ տեսիլք»։ Գլուխ առաջին․․․
Ես ինձ թույլ չէի տա քնել, բայց անձրևը պատուհանի ետևում շշնջում էր այնքան կամացուկ, իսկ սենյակում այնպես տաք էր, և Ատտիկուսի ձայնը հնչում էր այնպես հանդարտ, նրա ծունկը այնքան հարմար էր, որ ես քնեցի։
Կարծեմ անցել էր մեկ րոպեից ոչ ավելի, որ նա կոշիկի ծայրով կողքս կամացուկ հրեց։ Բարձրացրեց ինձ, ոտքի կանգնեցրեց և տարավ իմ սենյակը։
― Ես ամեն ինչ լսել եմ,— քրթմնջացի ես։— Եվ իսկի էլ չեմ քնել․․․ Դա նավի մասին էր և Երեքմատնանի Ֆրեդի և այն տղայի՝ Սթոուների մասին․․․
Ատտիկուսը արձակեց կոմբինեզոնիս գոտին, ինձ սեղմեց իրեն և վրայիցս դուրս քաշեց կոմբինեզոնը։ Նա մի ձեռքով բռնել էր ինձ, մյուսը մեկնել դեպի իմ պիժաման։
― Այո֊ո՜, և նրանք բոլորը կարծում էին, թե այդ նա է ամեն ինչ տակնուվրա անում այնտեղ, նրանց ակումբում և թանաք թափում, և․․․
Նա ինձ տարավ դեպի մահճակալը և նստեցրեց։ Բարձրացրեց ոտքերս ու խրեց վերմակի տակ։
― Եվ ուզում էին նրան բռնել, բայց ոչ մի կերպ չկարողացան, որովհետև անտեղյակ էին, թե նա ինչպիսին է, իսկ գիտես ինչ, Ատտիկուս, վերջ ի վերջո նրանք ամեն ինչ հասկացան, և բանից պարզվում է, որ նա ոչ մի անգամ այդպիսի բաներ չի արել․․․ Ատտիկուս, այլ ընդհակառակը, նա շատ լավն է․․․
Նա ինձ ծածկեց, վերմակը քաշեց մինչև վիզս, ամեն կողմից հարդարեց ու մտցրեց տակս։
― Համարյա բոլոր մարդիկ էլ լավն են, Մեծաչքանի, երբ նրանց վերջ ի վերջո հասկանում ես։
Նա լույսը մարեց և գնաց Ջիմի մոտ։ Նա այնտեղ կնստի ամբողջ գիշեր և այնտեղ կլինի առավոտյան, երբ Ջիմն արթնանա։