Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2899 բայտ, 20:49, 24 Հուլիսի 2015
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
Բռնկվելով ասես Սեմի անկոտրում ոգուց՝ անոթը ջահի պես բոցավառվեց նրա ձեռքում, շողշողաց ինչպես ընկնող աստղը՝ ցրելով խավարը իր կուրացուցիչ ճառագայթներուվ: Շելոբն այդպիսի ահեղ երկնային կրակ երբեք չէր տեսել: Ճառագայթներն այրում էին վիրավոր աչքը և անտանելի ցավ պատճառում, մյուս աչքը, թվում էր նրան՝ կուրացել է: Նա նահանջեց, նստեց հետևի ոտքերի վրա և սկսեց անօգնական թափահարել արջևի ոտքերը՝ փորձելով պաշտպանվել այրող լույսից: Սարդի աչքերը բզկտում էին ներքին կայծակները, միտքը հոգևարքի մեջ էր: Թաքցնելով հաշմված գլուխը՝ նա շրջվեց ու դանդաղ, ճիրաններով կառչելով քարերից, սողաց դեպի թունելի սև անցքը:
Սեմը հետևեց նրան: Նա հարբածի պես օրորվում էր, բայց շարունակում էր գնալ:Պարտված Շելոբը վախից դողալով շտապ հեռանում էր՝ աշխատելով որքան հնարավոր է արագ ազատվել թշնամուց: Վերջապես նա հասավ որջի բերանին և, քարերի վրա դեղնակարմիր լորձի հետք թողնելով, ծանր մարմինը խցկեց ներս: Սեմը հասցրեց ևս մեկ անգամ թրով հարվածել նրա հետևի ոտքերին: Եվ անզգայացած ընկավ: Շելոբն անհետացավ: Թե ինչ պատահեց նրան հետագայում, քանի տարի պառկեց իր որջում՝ բուժելով վերքերը փրկարար խավարով, աճեցին արդյոք նորից նրա աչք-ողկույզները, ե՞րբ սովը դուրս քշեց նրան որջից և ստիպեց կրկին սարդոստայններ հյուսել Մթամած Լեռների կիրճերում ու ձորերում՝ այդ մասին տարեգրությունները լռում են:  Սեմը մնաց մենակ: Մթնշաղն արդեն խտանում էր անիծյալ երկրում, երբ նա ուշքի եկավ ու հոգնած ոտքերը քարշ տալով վերջապես հասավ այնտեղ, որտեղ անշարժ պառկած էր տերը: — Տեր իմ, սիրելի տեր իմ,— կանչեց նա, բայց տերը չպատասխանեց:  Երբ Ֆրոդոն սլանում էր առաջ, ուրախանալով ազատությամբ, Շելոբը հսկայական ցատկերով հասել էր նրա հետևից և մեկ արագ հարվածով խայթել նրա պարանոցը: Այժմ նա պառկած էր անշարժ, անզգա, մահացու գունատ, ոչինչ չէր տեսնում ու չէր լսում:  — Տե՛ր իմ, սիրելի՛ տեր իմ,— կրկին կանչեց Սեմը և երկար-երկար սպասեց պատասխանի: Պատասխան չկար: Նա արագ կտրատեց Ֆրոդոյի մարմինը պարուրած սարդոստայնը, ականջը դրեց տիրոջ կրծքին, հետո բերանին, բայց կենդանության ոչ մի նշան չհայտնաբերեց. Ֆրոդոյի սիրտը չէր բաբախում, շուրթերը քարացել էին: Սեմը սկսեց շփել տիրոջ սառած ձեռքերն ու ոտքերը, ապա ձեռքը դրեց նրա ճակատին: — Ֆրոդո, պարո՛ն Ֆրոդո, տեր իմ,— թախանձեց նա,— մենակ մի՛ թողեք ինձ: Այդ ես եմ, ձեր Սեմը, պատասխանեք, մի՛ գնացեք առանց ինձ էնտեղ, ուր ես չեմ կարող գալ ձեզ հետ: Արթնացեք, թանկագին տեր իմ, պարոն Ֆրոդո, արթնացեք, խնդրու՛մ եմ:  
Վստահելի
1342
edits