Changes
/* Առաջին ամիսը */
Այո, բայց ինչպե՞ս անել դա։
=== VI։ Առաջին ամիսը ===
Բանտ մտնելիս, մի քիչ փող ունեի։ Ձեոքիս ունեցածը քիչ էր՝ վախից, որ կվերցնեն, բայց հարկավոր պահի համար թաքցրել էի, այսինքն սոսնձված էր Ավետարանի կազմի մեջ, որը կարելի էր բանտ մտցնել՝ մի քանի ռուբլի էր։ Այդ գիրքը՝ մեջը սոսնձած ռուբլիներով, ինձ էին նվիրել դեռևս Տոբոլսկում նրանք, ովքեր նույնպես տառապում էին աքսորում և ժամանակը հաշվում այլևս տասնամյակներով և ովքեր ամեն տառապյալի մեջ վաղուց վարժվել էին տեսնել եղբոր։ Սիբիրում կան ու համարյա երբեք չեն վերանա մի քանի անձինք, ովքեր իրենց կյանքի իմաստն են համարում կարծես եղբայրական հոգածությունը «տարաբախտների» հանդեպ, կարեկցանքն ու ցավակցումը, ճիշտ ինչպես հարազատ զավակներին, միանգամայն անշահախնդիր, սրբավարի։ Այստեղ չեմ կարող համառոտակի չհիշել մի հանդիպում։ Քաղաքում, ուր գտնվում էր մեր բանտը, մի տիկին էր ապրում Նաստասյա Իվանովնան, այրի էր։ Հարկավ, մեզնից ոչ ոք բանտում գտնվելով, չէր կարող անձամբ ծանոթանալ նրա հետ։ Կարծես իր կյանքի նշանակությունը նա ընտրել-դարձրել էր օգնությունն աքսորյալներին, բայց բոլորից ավելի հոգում էր մեր մասին։ Կա՞ր, արդյոք, նման որևիցե դժբախտություն կամ իր սրտին առանձնապես թանկ ու մոտիկ որևէ մեկը տուժե՞լ էր նմանօրինակ հանցանքի համար, միայն թե մի տեսակ հատուկ երջանկություն էր համարում մեզ համար անելն այն ամենն, ինչ կարող էր սոսկ։ Շատ բան, հարկավ, չէր կարող շատ էր չունևոր։ Սակայն մենք՝ բանտում նստածներս, զգում էինք, որ այնտեղ, բանտից անտի, հավատարմագույն բարեկամ ունենք։ Իմիջիայլոց, հաճախ նա մեզ լուրեր էր հայտնում, որոնց կարիքը շատ ունեինք։ Բանտից դուրս գալով և մի ուրիշ քաղաք ուղևորվելով, հասցրի լինել իր մոտ և անձամբ ծանոթանալ։ Ապրում էր ինչ-որ տեղ Ֆորշտադտում, իր մերձավոր ազգականներից մեկի տանը։ Ոչ տարիքն առած էր, ոչ ջահել, ոչ սիրունիկ և ոչ տգեղ, նույնիսկ չէր լինի իմանալ՝ խելացի՞ է, արդյոք, կրթվա՞ծ։ Միայն թե նրա մեջ ամեն քայլափոխին նկատվում էր անսահման բարություն, սիրաշահելու, թեթևացնելու, ձեզ համար անպայման մի հաճելի բան անելու անհաղթահարելի զգացում։ Այդ ամենն ուղղակի երևում էր նրա մեղմ, բարյացակամ հայացքում։ Բանտի իմ ընկերներից մեկի հետ ամբողջ մի երեկո անցկացրինք նրա տանը։ Նա աչքերը չէր կտրում մեր աչքերից, ծիծաղում էր, երբ մենք էինք ծիծաղում, շտապում համաձայնել ինչ էլ ասեինք, իրար էր անցել հյուրասիրելու մեզ ինչով միայն կարող էր։ Թեյ մատուցվեց, ակրատ, ինչ-որ քաղցրավենիք, և եթե հազարներ ունենար, կարծում եմ, միայն ուրախ կլիներ, որ կկարողանար ավելի սիրաշահել ու թեթևացնել բանտում մնացած մեր ընկերների վիճակը։ Հրաժեշտ տալիս, մեկական ծխատուփ նվիրեց, ի հիշատակ։ Ինքն էր սոսնձել դրանք մեզ համար ստվարաթղթից (Աստված գիտե, ինչպես էին սոսնձված), երեսպատել գունավոր թղթով, ճիշտ նույնպես, ինչպես կազմվում են թվաբանության համառոտ դասագրքերը մանկական դպրոցների համար (գուցեև, ծխատուփերի համար նույնպիսի գիրք էր օգտագործվել)։ Երկու տուփերն էլ, գեղեցկության համար, եզերված էին ոսկեթղթի բարակ շերտիկներով, ինչը գնելու համար նա հատկապես գնացել էր խանութ։ «Այ, գուք ծխում եք, գուցեև ձեզ պետք գա»,— ասաց նա, մի տեսակ կարծես ամաչելով իր նվերներից... Ասում են ոմանք (ես լսել ու կարդացել եմ), որ մերձավորի հանդեպ բարձրագույն սերը միաժամանակ նաև բարձրագույն եսապաշտություն է։ Թե ինչ կապ ունի այստեղ եսապաշտությունը, ոչ մի կերպ չեմ հասկանում։