Changes
/* Առաջին ամիսը */
Մեր բանտասենյակի մնացած մասը կազմված էր չորս հնածիսականներից՝ ծերունիներ և տիրացուներ, որոնց մեջ էր նաև Ստարոդուբյան ավաններից մի ծերուկ, երկու-երեք մալոռուս, խոժոռ մարդիկ էին ու մի ջահել տաժանապարտ, նուրբ դեմքով և նուրբ քթով, քսաներեք տարեկան, որն արդեն ութը հոգի սպանել էր, դրամանենգների մի խմբակից, որոնցից մեկը մեր ամբողջ բանտասենյակի զվարճացնողն էր, և վերջապես, մի քանի մռայլադեմ, խոժոռ, գլուխները խուզված ու այլանդակված, լուռ ու քինոտ, ատելությամբ հոնքերի տակից չորսդին նայող անձնավորություններից, որոնք մտադիր էին այդպես նայել, խոժոռվել, լռել եւ ատելությանը տրվել երկար-երկար տարիներ՝ իրենց տաժանակրության ամբողջ պատժաժամկետների ընթացքում։ Այդ ամենը սոսկ ցոլաց-անցավ իմ առջևով, իմ նոր կյանքի այդ առաջին, տխրամած երեկոյան, ցոլաց ծուխ ու մրի արանքից, ուշունցի և անպատմելի ցինիզմի միջով, գարշահոտության մեջ, կալանդների զնգոցի նզովքների և անամոթ քրքիջի արանքներում։ Պառկեցի մերկ թախտաշարին, գլխիս տակ դնելով հագուստս (բարձ դեռևս չունեի), ծածկվեցի քուրքով, բայց երկար ժամանակ քնել չէի կարողանում, թեև ամբողջապես տանջահար էի և կոտրված այդ առաջին օրվա հրեշավոր ու անսպասելի բոլոր տպավորություններից։ Սակայն իմ նոր կյանքը սոսկ սկսվում էր։ Դեռես շատ բան էր սպասվում առջևում, ինչի մասին երբեք չէի մտածում, ինչ չէի էլ կանխագուշակում...
=== V։ Առաջին ամիսը ===
Բանտ գալուց երեք օր անց ինձ կարգադրվեց գնալ աշխատանքի։ Շատ է հիշարժան աշխատանքի այդ առաջին օրը, թեև շարունակությանն ինձ հետ ոչ մի գերանսովոր բան չկատարվեց, համենայն դեպս, նկատի առնելով իմ վիճակում ամենայն ինչ՝ առանց այդ էլ անսովոր։ Սակայն դա նույնպես առաջին տպավորություններից մեկն էր, իսկ ես դեռ շարունակում եմ անհագաբար զննել ամեն բան։ Այդ առաջին երեք օրերն անցկացրի ամենածանր զգացումների մեջ։ «Ահա և իմ ոգևորության վերջը՝ ես բանտում եմ,— ինքս ինձ կրկնում էի րոպեն մեկ,— ահա իմ հանգրվանը երկարուձիգ տարիներ, իմ անկյունը, ուր մտնում եմ այնքան չվստահող, այնպես հիվանդագին զգացողությամբ... Իսկ ո՞վ գիտե... Գուցեե շատ տարիներ անց, կվիճակվի թողնել բանտը՝ դեռ կափսոսամ...»,— ավելացնում էի, ոչ առանց չարախինդ զգացողության խառնուրդի, որ երբեմն հասնում է վերքը դիտավորյալ քչփորելու պահանջմունքի, ճիշտ կարծես կամենալով սքանչանալ սեփական ցավով, ճիշտ կարծես դժբախտության համակ մեծության գիտակցման մեջ վայելում կա իսկապես։ ժամանակի ընթացքում այդ անկյունն ափսոսելու միտքն ինձ ապշեցնում էր սարսափելիությամբ, այնժամ արդեն կանխազգում էի, թե ինչ հրեշավոր աստիճանի է ընտելունակ մարդը։ Սակայն սա դեռևս առջևում էր, իսկ առայժմ չորսբոլորն ամեն ինչ թշնամական էր և ահավոր... թեև ոչ ամեն ինչ, բայց անշուշտ, այդպես էր ինձ թվում։ Այդ վայրի հետաքրքրասիրությունը, որով ինձ էին զննում իմ նոր ընկեր֊տաժանակիրները, նրանց սաստկացրած խստությունը նորեկի հանդեպ, որն ազնվականներից էր, հանկարծակի հայտնված իրենց դասի մեջ, խստությունը, որ երբեմն հասնում էր համարյա ատելության՝ այդ ամենն այնպես էր տանջել ինձ, որ ինքս էի կամենում շուտափույթ աշխատել, միայն որ ավելի շուտ գիտենամ և ճաշակեմ իմ ամբողջ աղետը միանգամից, որ սկսեմ ապրել ինչպես բոլոր նրանք, որպեսզի բոլորի հետ ավելի շուտ նույն հունը մտնեմ։ Հարկավ, այն ժամանակ շատ բան չէի նկատում ու չէի կասկածում, ինչ անմիթապես քթիս տակ էր. թշնամականի արանքներում դեռես չէի կռահում ուրախալին։ Իմիջիայլոց, բարեհամբույր, սիրալիր մի քանի դեմքեր, որոնց հանդիպեցի նույնիսկ այդ երեք օրերին, առայժմ շատ քաջալերեցին ինձ։ Բոլորից սիրալիրը և բարեհամբույրը Ակիմ Ակիմիչն էր։ Մնացյալ տաժանապարտների մռայլ և ատող դեմքերի մեջ չէի կարող չնկատել մի քանի բարի և զվարթ դեմքեր։ «Ամենուրեք կան վատ մարդիկ, իսկ վատերի մեջ՝ նաև լավերը,— ի ամփոփումն շտապեցի ինքս ինձ մտածել,— ո՞վ գիտե։ Այս մարդիկ գուցեև ամենեին այն աստիճան ավելի վատը չեն նրանցից՝ ''մնացյալից'', ովքեր մնացել են այնտեղ, բանտից դուրս»։ Մտածեցի և ինքս ինձ գլխով արեցի, այնինչ, Աստված իմ, եթե իմանայի սոսկ, թե ինչքան է ճիշտ այդ միտքը։